Գլխավոր տեղեկություն
Տիպ
Վճիռ
Тип
Инкорпорация (09.06.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Дата принятия
09.03.2010
Подписан
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Дата подписания
09.03.2010
Дата вступления в силу
09.06.2010

Ներմուծեք նկարագրությունը_15382

ԵՐԿՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

Ռ. Ս.-Ն ԸՆԴԴԵՄ ՇՎԵԴԻԱՅԻ ԳՈՐԾՈՎ

  

Վ Ճ Ի Ռ

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

9 մարտի 2010թ.

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Պալատը (Երկրորդ բաժին)` հետևյալ կազմով.

 

Ջոզեֆ Կասադեվալ, նախագահ,

Էլիզաբեթ Ֆուրա,

Բոշթյան Մ. Զուփանչիչ,

Ալվինա Գյուլումյան,

Ինետա Զիմել,

Լուիս Լոպեզ Գիերա,

Էն Փոուեր, դատավորներ,

և Սթենլի Նայսմիթ բաժնի քարտուղար

2010թ. փետրվարի 9-ի դռնփակ խորհրդակցության արդյունքում կայացրել են հետևյալ վճիռը, որն ընդունվել է նույն օրը:

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

1. Գործը հարուցվել է ընդդեմ Շվեդիայի Թագավորության` Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայի («Կոնվենցիա») 34-րդ հոդվածի համաձայն, 2007թ. սեպտեմբերի 23-ին` Իրանի քաղաքացի` պրն Ռ. Ս.-ի («դիմող») կողմից ներկայացված գանգատի (թիվ 41827/07) հիման վրա: Պալատի նախագահը ընդունել է դիմողի` նրա անունը չհրապարակելու վերաբերյալ խնդրանքը (Դատարանի Կանոնակարգի Կանոն 47, կետ 3):

2. Դիմողի շահերը ներկայացրել է Սքիլիֆտիում փաստաբան հանդիսացող պրն Ուիքլանդը: Շվեդիայի կառավարությանը («Կառավարություն») ներկայացրել է իր գործակալը` տկն Ա. Էրմանը:

3. Դիմողը պնդում է, որ Շվեդիայից Իրան արտաքսվելու դեպքում նա կկանգնի ձերբակալվելու և Կոնվենցիայի 3-րդ հոդվածին հակասող անմարդկային վերաբերմունքի և խոշտանգումների ենթարկվելու իրական վտանգի առջև:

4. 2007թ. նոյեմբերի 8-ին Պալատի նախագահը որոշեց կիրառել Դատարանի Կանոնակարգի 39-րդ կանոնը` նշելով, որ վարույթի պատշաճ անցկացման համար և կողմերի շահերից է դիմողին չարտաքսել մինչև հետագա ծանուցում ստանալը: Գործին շնորհվել է Դատարանի Կանոնագրքի 41-րդ կանոնի առաջնահերթություն:

5. 2008թ. սեպտեմբերի 23-ի որոշմամբ Դատարանը գանգատը հայտարարել է ընդունելի:

6. Դիմողը և Կառավարությունը գրավոր առարկություններ են ներկայացրել (Կանոն 59, կետ 1):

 

ՓԱՍՏԵՐ

 

I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

 

7. Դիմողը ծնվել է 1965թ. և ներկայումս գտնվում է Շվեդիայում:

A. Շվեդական դատարաններում ընթացող վարույթները

8. 2003թ. հոկտեմբերի 18-ին դիմողը ժամանել է Շվեդիա և երեք օր անց խնդրել Միգրացիոն խորհրդին (Migrationsverket) իրեն ապաստան և Շվեդիայում կացության թույլտվություն շնորհել:

9. Խորհուրդն անցկացրել է առաջին հարցազրույցը դիմողի հետ 2004թ. մայիսի 27-ին, որի ընթացքում նա հայտարարել է, որ նա եղել է շիա մահմեդական և եկել է Իրանի հարավում գտնվող քաղաքից, որտեղ մնացել են նրա կինը և երկու անչափահաս որդիները: Մաքսանենգը կազմակերպել է իր ճանապարհորդությունը դեպի Շվեդիա և ճամփորդել է բեռնատար մեքենայի մեջ թաքնված: Նա հայտարարել է, որ ինքը քննադատել է Իրանի իշխանություններին մի քանի անգամ, և, որ վերջին անգամ նա մասնակցել է ուսանողական ցույցի ընթացքում, որտեղ նա ձերբակալվել է: Նա անցկացրել է յոթ ամիս Սեփահի բանտում, իսկ հետո տեղափոխվել իր հայրենի քաղաքում գտնվող բանտ, որտեղ նա անցկացրել է ևս տասնյոթ ամիս: Նա երբեք պաշտոնապես չի հարցաքննվել դատարանում, սակայն ամեն երրորդ ամիս տեղի է ունեցել այսպես կոչված կրոնական դատավարություն, որտեղ նա կանգնել է մի քահանայի առջև, ով որոշել էր իր ազատազրկման շարունակությունը: Բանտում գտնվելու ընթացքում նա ենթարկվել է խոշտանգումների և դեռ այդ պատճառով ունեցել գլխացավ: Նա ճանաչել է այլոց, ովքեր մասնակցել են ցույցին, և ովքեր շարունակում էին բանտարկված մնալ առանց դատավարության:

10. Ապաստանի ամբողջական քննությունն անցկացվել է Միգրացիոն խորհրդի կողմից 2004թ. հունիսի 4-ին, որի ընթացքում դիմողը հաստատել է իր նախնական հայտարարությունները և մասնավորապես ավելացրել հետևյալը. 1993թ. նա ազատվել է իր աշխատանքից և վերադարձել է իր գյուղ` աշխատելով որպես հողագործ: Նա քննարկել է այլ գյուղացիների հետ Իրանում մարդու իրավունքների և ազատության բացակայության խնդիրները: Մի գիշեր Բասիջը («ժողովրդական զինյալ», Գերագույն առաջնորդի հավատարիմ անձ) եկել է և ոչնչացրել իր դաշտերը տրակտորի օգնությամբ: Երբ նա հայտնել է միջադեպի մասին ոստիկանությանը, իրեն խորհուրդ են տվել հայտարարություն չտալ, քանի որ դա որևէ արդյունքի չի հանգեցնի: Նա նաև հայտնել է իր կարծիքը Կառավարության վերաբերյալ հասարակական վայրերում հեռուստացույց դիտելիս: Բասիջը հետագայում վնասել է իր մեքենան, քարկոծվել իր տունը և ուղարկել հաղորդագրություններ առ այն, որ նա պետք է դադարեցնի իր գործունեությունը և «տեղեկատվական ելույթները»: Նա սպառնալիքներ է ստացել իր կնոջ ազգականների միջոցով, ովքեր ռեժիմի աշխատողներ են: Սպառնալիքները սկսել են 1997թ., սակայն դարձել են ավելի լուրջ, երբ նա մասնակցել է առաջին ցույցին 2000 թվականին: Դա ուսանողական ցույց էր և ոստիկանության կողմից միջամտություն կատարելուց հետո նա փախել էր: 2001թ. հուլիսի 9-ին նա մասնակցել է երկրորդ ուսանողական ցույցին, որտեղ նա ձերբակալվել է, քանի որ ոստիկանները փակել էին բոլոր ելքերը և տեսանկարել են ցուցարարներին որպես ապացույց: Բազմաթիվ այլ անձինք նույնպես ձերբակալվել են: Ցույցի ընթացքում նրանք բղավել են նախագահի և կառավարության դեմ ուղղված կարգախոսներ և պահանջել են ազատ արձակել ուսանող բանտարկյալներին: Սիփահի բանտում նա ենթարկվել է խոշտանգումների: Նա դանակահարվել է երկու անգամ իր ազդրից, նրա կրծքավանդակի վրա եռացող ջուր են լցրել և նրան հարվածել են բռունցքներով: Այնուամենայնիվ, 2002թ. փետրվարի 11-ին նա տեղափոխվել է իր բնակավայրի մերձակայքում գտնվող բանտ: Նա գրեթե իր ինը ամիսների ընթացքում ծրագրել է իր փախուստը` բանտի պահակների վստահությունը վաստակելով: Կրոնական դատավարությունները տեղի են ունեցել բանտից դուրս դատարանում և դիմողը խոսել է իր երեք ընկերների հետ, ովքեր այցելել են նրան բանտում և օգնել նրան: 2003թ. հուլիսի 19-ին նա տեղափոխվել է դատարան, և նրա ընկերները եղել են այնտեղ: Նա իր բանտային հանդերձանքի տակից կրել է նորմալ հագուստ և նրա ձեռքերի վրա չեն եղել ձեռնաշղթաներ, քանի որ պահակները վստահել են նրան: Նա ասել է պահակին, որ պետք է գնա զուգարան, որտեղ նա հանել է իր բանտային հանդերձանքը: Իսկ այդ ընթացքում իր ընկերներից մեկը գնացել է մեքենայի շարժիչը միացնելու համար և մեկ այլ ընկերը խոսել է պահակի հետ` շեղելով իր ուշադրությունը դիմողից: Դիմողը քայլելով դուրս է եկել դատարանից, նստել մեքենայի մեջ և իրենք շարժվել են: Դա հեղափոխական դատարանն էր ​​և այնտեղ եղել են բազմաթիվ մարդիկ: Նա այնուհետև թաքնվել է իր ընկերոջ տանը մոտ երկու ամիս, իսկ նրա ընկերը միջոց է գտել նրան երկրից դուրս բերելու համար: Մինչ նա թաքնված է եղել, նրա կինը երկու անգամ տեղափոխվել է ոստիկանություն նրա գտնվելու վայրի մասին հարցաքննության նպատակով: Նրա հայրը նույնպես հարցաքննվել է: Դիմողը նշել է, որ ինքը երբեք չի եղել որևէ քաղաքական կուսակցության կամ որևէ կազմակերպության անդամ, և որ նա երբեք պաշտոնապես չի դատապարտվել որևէ հանցագործության համար: Նա դատապարտվել էր և վճիռն ի կատար կածվեր, եթե նա վերադառնար Իրան, քանի որ նա փախել էր բանտից, և քանի որ նա կարող է մեղադրվել նաև հակաիսլամիստական խմբավորումների հետ համագործակցելու համար:

11. Դիմողն այնուհետև նշել է, որ ինքն անընդհատ տառապել է գլխացավից և անքնությունից և խնդիրներ է ունեցել իր ոտքերի հետ կապված: Նա ներկայացրել է բժշկական տեղեկանք` տրված 2005թ. փետրվարի 4-ին տեղական առողջապահության կենտրոնի բժիշկ Մարկշթորմի կողմից: Տեղեկանքում նշվում է, որ դիմողն ունեցել է սպիներ երկու կոճերի երկայնքով, վերքեր երկու ծնկապանակների վրա և երկու կողային սպիներ ձախ ոտքի ազդրի վրա: Նրա վզից ներքև կրծքավանդակի երկայնքով ձգվում էր կարմրավուն գիծ և երբ նա հորանջում էր, արձակվում էր բարձր ձայն նրա ծնոտի ձախ կողմից: Ըստ բժշկի եզրակացության` այդ վնասվածքները կարող էին առաջանալ խոշտանգումների արդյունքում, որոնց ըստ դիմողի պնդման նա ենթարկվել է Իրանում. այն է, որ նրան շղթայել են իր կոճերից մի քանի ժամվա ընթացքում, որ նրա կրծքի վրա եռացող ջուր են լցրել, որ նա ստացել է հարվածներ իր գլխի, ծնոտի, որովայնի ու ոտքերի հատվածում, և որ նրան երկու անգամ դանակահարել են ձախ ազդրի շրջանում սվինով:

12. 2005թ. մայիսի 27-ին Միգրացիոն խորհուրդը մերժել է խնդրանքը: Սկզբում նշվել է, որ դիմողը չի պնդել, որ նա հանդիսանում է կազմակերպության կամ քաղաքական կուսակցության անդամ կամ առաջատար դեր է կատարել ցույցերի կազմակերպման գործում: Ավելին, գործի վարույթը Հեղափոխական դատարաններում ընդհանուր առմամբ բաց չէր հանրության համար: Խորհուրդը գտնում է, որ դիմողը չի հիմնավորել իր պատմությունը որևէ կերպ, և որ դրանով նրան չի հաջողվել ցույց տալ, որ ինքը եղել է, կամ կարող է լինել իրանական իշխանությունների հետաքրքրության կենտրոնում: Այն, հետևաբար, գտնում է, որ դիմողը չէր լինի Իրանի իշխանությունների հատուկ ուշադրության կենտրոնում իր հայրենի երկիր վերադառնալու դեպքում: Ինչ վերաբերում է վատ վերաբերմունքին և խոշտանգումներին, որոնց,ըստ իր պնդման, ենթարկվել է դիմողը, Խորհուրդը գտնում է, որ բժշկական եզրակացությունը չի ապացուցել, որ նա ենթարկվել է խոշտանգումների, նույնիսկ, եթե փաստագրված վնասվածքները կարող էին առաջանալ նկարագրված խոշտանգումների արդյունքում: Իր կարծիքով, չկար ոչ մի պատճառ հավատալու, որ դիմողն Իրան վերադառնալուց հետո պետք է ենթարկվի վատ վերաբերմունքի կամ խոշտանգումների: Այսպիսով, այն եզրակացրել է, որ դիմողին չի կարող տրամադրվել ապաստան և կացության թույլտվություն Շվեդիայում մարդասիրական հիմունքների հիման վրա:

13. Դիմողը բողոք է ներկայացրել Օտարերկրացիների բողոքարկման խորհուրդ (UtlՊnningsnՊmnden)` պահպանելով իր պահանջները և ավելացնելով, որ իր հայրենի քաղաքի բնակիչների մոտ կեսը ճանաչում են նրան, քանի որ նա եղել է ֆուտբոլիստ: Ավելին, նա եղել է 2001թ. անցկացված ցույցի տասից տասներկու կազմակերպիչներից մեկը: Նրանք պատրաստել են վահանակներ և որոշել որ կարգախոսներն օգտագործեն: Այլ կազմակերպիչները, ովքեր ուսանողներ էին և նախկինում բանտարկված են եղել ռեժիմը քննադատելու համար, նույնպես պատժվել են: Իր փախուստից հետո, նրա կինը հարցաքննվել է նրա գտնվելու վայրի կապակցությամբ յոթ անգամ և կալանավորվել երեք անգամ: Նրա հայրը հարցաքննել է երկու անգամ և նրանց տունը երկու անգամ ենթարկվել է խուզարկության: Դիմողն այնուհետև պնդել է, որ իրեն պահել են մեկուսարանում իր կալանքի առաջին երկու ամիսների ընթացքում: Բացի դրանից, հեղափոխական դատարանների լսումները եղել են հրապարակային և փախչելը հարաբերականորեն հեշտ է եղել նրա համար, քանի որ նրա ընկերները շեղել են պահակների ուշադրությունը և ինքն այդպիսով կարողացել է լքել շենքը: Վերջապես, ներկայացնելով չորս բժշկական եզրակացությունները, դիմողը վկայակոչել է իր առողջության վատթարացումը, քանի որ նա տառապել է, inter alia, դեպրեսիայից ու խուճապային հարձակումներից:

14. 2006թ. մարտին դիմողը տեղեկացվել է, որ իր գործը փոխանցվել է Միգրացիոն դատարան (Migrationsdomstolen) հետագա քննության նպատակով, նոր Օտարերկրացիների ակտի ուժի մեջ մտնելուց հետո (տե՛ս ստորև` համապատասխան ներպետական իրավունք):

15. 2007թ. հունիսի 18-ին Միգրացիոն դատարանում տեղի են ունեցել բանավոր լսումներ: Ի պատասխան իր փաստաբանի հարցերի` դիմողը նշել է, inter alia, որ ինքը մասնակցել է ռեժիմի դեմ քննադատական ցույցերին մինչև 1988թ. և, որ 1997թ.-ին կամ 1998թ. նա սկսել է նկատել, որ իր քննադատությունը չի գնահատվել: Նա մասնակցել է ամենամյա ցույցերին, ինչպես, օրինակ, կանանց օրը և աշխատանքային օրը: Հիմնականում նա մասնակցել է տարբեր տարածքների հավաքներին: Իր կնոջ ազգականը հետախուզական գործակալության պաշտոնյա էր և, այդպիսով, նա համոզված էր, որ իր հետ ոչ մի բան չի պատահի: Նա եղել է 2001թ. ցույցի 4-5,000 մասնակիցներից մեկը և չի ունեցել հատուկ դերակատարում, սակայն դա վերահսկվել է իշխանությունների կողմից: Նա ձերբակալվել է և մեղադրվել իսլամի և ռեժիմի դեմ լինելու համար: Սեպահի բանտում նրա կնոջ այցելության կապակցությամբ նա ձերբակալվել է երեք օրով և հարցաքննվել իր ամուսնու վերաբերյալ: Այնուամենայնիվ, ոչ մի այլ հարազատ բերման չի ենթարկվել և չի հարցաքննվել իշխանությունների կողմից: Նա դիմել է փախուստի, երբ նրա ընկերները եկել էին հեղափոխական դատարան իր լսումներին մասնակցելու նպատակով և ձևացրել, թե վիճում են միմյանց հետ, որպեսզի նա կարողանա գնալ զուգարան հագուստը փոխելու նպատակով: Նրանից տասնհինգ վայրկյան է պահանջվել շենքը լքելու համար, քանի որ ելքը չէր վերահսկվում: Ի պատասխան Միգրացիոն խորհրդի հարցերի` դիմողը պնդել է, որ նա կազմակերպել է ցույցեր, և որ ինքը եղել է 2001թ. ցույցի առաջատարներից: Նա ձերբակալվել է, քանի որ եղել է առջևի շարքում և բղավել կարգախոսներ:

16. 2007թ. հուլիսի 9-ի վճռով Միգրացիոն դատարանը երեք ձայնով ընդդեմ մեկի մերժել է բողոքը: Այն սկզբում նշել է, որ դիմողը գերազանցել է ապաստան հայցելու համար որպես հիմք` պնդելով, որ նա ոչ թե պարզապես մասնակցել է ցույցերին, այլև ներգրավված է եղել կազմակերպչական գործընթացներում: Սակայն, քանի որ նա ռեժիմը քննադատող կուսակցության կամ կազմակերպության անդամ չէր հանդիսանում, դատարանը գտել է, որ քիչ հավանական է, որ նա որևէ հետաքրքրություն առաջացնի իր հայրենի երկրի իշխանությունների մոտ վերադառնալու դեպքում: Այն նաև գտել է, որ դիմողի պնդումներն առ այն, թե ինչպես է ինքը փախել Հեղափոխական դատարանից, արժանահավատ չեն` հաշվի առնելով, inter alia, միջազգային աղբյուրները, որոնցում նշված է, որ Հեղափոխական դատարանների մուտք գործելու հնարավորությունը շատ սահմանափակ է: Դատարանը նաև նշել է, որ երկիրը լքելուց առաջ իր փախուստից հետո նա շուրջ երկու ամիս մնացել է Իրանում: Ավելին, այն գտել է, որ դիմողն ապացույցներ չի ներկայացրել, որ Իրանում նա ենթարկվել է խոշտանգումների: Այսպիսով, հաշվի առնելով գործի բոլոր հանգամանքները, դատարանը եզրակացրել է, որ դիմողը չունի պաշտպանության կարիք Շվեդիայում և, որ նրա առողջական խնդիրները նման լուրջ բնույթ չեն կրում, որպեսզի նրան մարդասիրական հիմունքներով տրվի կացության իրավունք:

17. Ներպետական դատավորներից մեկն առարկել է, քանի որ նա գտել էր, որ դիմողը պատշաճորեն ներկայացրել է դեպքերը և, որ նրան որպես փախստականի Շվեդիայում պետք է տրվի ապաստան:

18. 2007թ. հուլիսի 17-ին դիմողը դիմել է Միգրացիոն Վերաքննիչ դատարան (MigrationsՓverdomstolen)` պահպանելով իր պնդումները, և հայտարարելով, որ նա պատմում է միայն ճշմարտությունը: Նա նաև կարծում է, որ Միգրացիոն դատարանը հաշվի չի առել բժշկական եզրակացությունը, որը վկայում է նրա խոշտանգումներից առաջացած վնասվածքների մասին: Նա նաև խնդրել է որոշակի լրացուցիչ ժամանակ, որպեսզի ներկայացնի որոշակի փաստաթղթեր, որոնք իր ընտանիքը ուղարկել է նրան Իրանից: Դատարանը երկարացրել է 2007թ. օգոստոսի 7-ի ժամկետը. դիմողը, ի թիվս այլ փաստաթղթերի, նաև ներկայացրել է երկու ծանուցագիր` մեկը` իր կնոջ և մյուսը` իր հոր անվամբ:

19. 2007թ. սեպտեմբերի 4-ին Միգրացիոն վերաքննիչ դատարանը մերժել է բողոքները:

20. Դիմողը հրավիրվել է Միգրացիոն խորհուրդ 2007թ. նոյեմբերի 9-ին:

21. 2007թ. նոյեմբերի 8-ին դիմողի խնդրանքով Պալատի նախագահը, ում մակագրվել էր գործը, Դատարանի Կանոնակարգի 39-րդ կանոնի ներքո հայտնել է Շվեդիայի կառավարությանը, որ կողմերի շահերից և վարույթի պատշաճ անցկացման նպատակով ցանկալի կլինի, որպեսզի դիմողը չարտաքսվի Իրան:

22. Հետևելով դատարանի պահանջին՝ 2007թ. նոյեմբերի 9-ին Միգրացիոն խորհուրդը կանգնեցրեց արտաքսման կարգի կիրարկումը մինչև հետագա ծանուցումը:

B. 2008թ. նոյեմբերի 14-ի դատաբժշկական զեկույց

23. Դատարանի պահանջի համաձայն դիմողը ներկայացրել է 2008թ. նոյեմբերի 14-ի դատաբժշկական զեկույցը, որը տրվել է բժիշկ Է. Էդսթոնի կողմից, ով Դանդերիդ հիվանդանոցի ճգնաժամի և վնասվածքների կենտրոնի դատաբժշկական մասնագետ է: Զեկույցը կազմվել է Միգրացիոն խորհրդի դիմողի կողմից տրված հարցազրույցների արձանագրությունների հիման վրա, որը կատարվել է բժիշկ Մարքշթորմի կողմից: Զեկույցում առկա էին սպիների լուսանկարներ դրանց գրավոր արձանագրության հետ մեկտեղ, ինչպես նաև բժշկական եզրակացությունը և բժիշկ Էդիսոնի կարծիքը:

24. Զեկույցում նշվում է, որ դիմողը պնդել է, որ բանտում նա ենթարկվել է խոշտանգումների 2001թ. և որ խոշտանգումներն եղել են բռունցքներով ծեծելու, իր ծնկներին և հետնամասին հարվածելու, երկու անգամ իր ազդրի մեջ սվին խրելու, ինչպես նաև ծեծի, և տաք ջուրը նրա վրա լցնելու բնույթի: Նա նաև նշել է, որ, խոշտանգումների արդյունքում, նա տառապել է խրոնիկ գլխացավից, նվազել է իր աջ ազդրի զգայականությունը, նվազել է իր ծնոտի շարժողականությունը, աչքի տեսողությունը, առաջացել է խոց, քայլելու ընթացքում իր ծնկները ցավում էին, ինչպես նաև խնդիրներ էին առաջացել իր վահանաձև գեղձի և շաքարախտի հետ: Բժիշկ Էդսթոնը զննել է դիմողին և հայտնաբերել բազմաթիվ սպիներ նրա մարմնի վրա:

25. Բժիշկ Էդսթոնի կարծիքով դիմողի կողմից նշված վնասվածքները կարող էին առաջանալ 2001թ., քանի որ նրա մարմնի վրա առկա սպիները առաջացման ժամանակահատվածը համապատասխանում է իր հայտարարություններին, թե ինչպես են դրանք հայտնվել: Օրինակ, նրա ծնկների սպիները կարող էին համապատասխանել հրացանի կոթերով հարվածներին, նրա սրունքի նշանները ստացվել են կոշիկներով հարվածներից, իր պարանոցի պիգմենտացիան համապատասխանում է այրվածքից առաջացած վնասվածքին: Եզրափակելով բժիշկ Էդսթոնը նշել է, որ նմանատիպ դեպքերում սպիների առաջացման այլընտրանքային տարբերակը նույնպես չի կարող լիովին բացառվել, սակայն ինչպես ցույց է տվել փորձը, ինքնուրույն հասցված և պատահարների արդյունքում առաջացած վնասվածքները սովորաբար ունեցել են այլ տեսք, քան նկատվել է դիմողի մոտ: Սույն գործով նյութերը բերել են այն եզրակացության, որ դիմողի վնասվածքներն ամբողջությամբ կամ մեծ չափով պատճառվել են այլ անձանց կողմից ու նրա կողմից նկարագրված եղանակով: Այսպիսով, եզրակացության մեջ խիստ նշված է, որ դիմողը ենթարկվել է խոշտանգումների:

 

II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

26. Սույն գործում կիրառելի օտարերկրացիների կողմից Շվեդիա մուտք գործելու և այնտեղ գտնվելու հիմնական դրույթներն ամրագրված են 2005թ. Օտարերկրյացիների ակտում (UtlՊnningslagen, 2005 716 – այսուհետ` «2005թ. Ակտ), որը փոխարինվել է 2006թ. մարտի 31-ին հին Օտարերկրյացիների ակտով (UtlՊnningslagen, 1989: 529): Երկուսն էլ` հին Օտարերկրյացիների ակտը և 2005թ. Ակտը սահմանում են այն պայմանները, որոնց ներքո օտարերկրացին կարող է վտարվել կամ արտաքսվել երկրից, ինչպես նաև այն ընթացակարգերը, որոնք վերաբերում են այդպիսի որոշումների կիրառմանը:

27. 2005թ. Ակտի 5-րդ Գլխի 1-ին Բաժնում ամրագրված է, որ օտարերկրացին, ով համարվում է փախստական, ունի պաշտպանության կարիք, որոշ բացառություններով ունի Շվեդիայում կացության թույլտվության իրավունք: Ըստ Ակտի 4-րդ Գլխի 1-ին Բաժնի` «փախստական» եզրույթը վերաբերում է օտարերկրացուն, ով գտնվում է իր հայրենի երկրից դուրս` ունենալով հիմնավոր վախ առ այն, որ նա կարող է հետապնդվել ռասայի, ազգության, կրոնական կամ քաղաքական համոզմունքների, սեռի, սեռական կողմնորոշման կամ սոցիալական խմբի անդամ լինելու հիմքով և եթե նա անկարող է կամ նման վախի պատճառով չի ցանկանում օգտվել այդ երկրի պաշտպանությունից: Սա վերաբերում է անկախ այն հանգամանքից, որ հետապնդումն իրականացվում է երկրի իշխանությունների կողմից կամ, եթե իշխանությունները չեն կարող մասնավոր անձանց առաջարկել հալածանքների դեմ պաշտպանություն: «Օտարերկրացին ունի պաշտպանության կարիք» եզրույթը նշանակում է, inter alia, անձը, ով լքել է իր հայրենի երկիրն ըստ հիմնավոր վախի առ այն, որ նա կարող է ցմահ դատապարտվել կամ մարմնական պատժի ենթարկվել կամ ենթարկվել խոշտանգումների կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի (2005թ. Ակտի 4-րդ Գլուխ, 2-րդ Բաժին):

28. Ինչ վերաբերում է արտաքսման կիրառմանը, պետք է հաշվի առնվի մահապատժի կամ խոշտանգումների և այլ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի ենթարկվելու վտանգը: Ըստ հատուկ դրույթի` օտարերկրացին չպետք է ուղարկվի մի երկիր, որտեղ կան բավարար հիմքեր ենթադրելու, որ նա կարող է ենթարկվել հոգեկան կամ մարմնական պատժի կամ խոշտանգումների կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի (Գլուխ 12, Բաժին 1-ին 2005 թ. Ակտ). Բացի այդ, օտարերկրացին, սկզբունքորեն չպետք է ուղարկվի մի երկիր, որտեղ նրա հանդեպ հետապնդման ռիսկեր կան (2005թ. Ակտի 12-րդ Գլխի, 2-րդ Բաժին):

29. Որոշակի պայմաններում օտարերկրացուն կարող է տրվել կացության թույլտվություն, նույնիսկ եթե արտաքսման կամ վտարման հրամանն իրավաբանական ուժ է ստացել: Համաձայն 2005թ. Ակտի 12-րդ Գլխի 18-րդ Բաժնի, եթե ի հայտ են եկել հանգամանքներ, ըստ որոնց կան հիմքեր ենթադրելու, inter alia, որ այդ հրամանի կիրառումը կարող է օտարերկրացու համար առաջացնել հոգեկան կամ մարմնական պատժի կամ խոշտանգումների կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի վտանգ կամ առկա են բժշկական կամ այլ հատուկ պատճառներ, թե ինչու հրամանը չպետք է կատարվի: Եթե ​​բնակության թույլտվություն չի կարող տրամադրվել սույն դրույթի ներքո` Միգրացիոն խորհուրդը կարող է կրկին քննել այդ հարցը: Նման վերաքննությունն իրականացվում է, եթե դիմողի կողմից ներկայացվում են նոր հանգամանքներ: Եթե ​​նման հանգամանքներ ի հայտ չեն գալիս,Միգրացիոն խորհուրդը որոշում է չնշանակել կրկնակի քննություն (2005թ. Ակտի 19-րդ Գլխի, 2-րդ Բաժին):

30. Համաձայն 2005թ. Ակտի` Շվեդիա մուտք գործելու և այնտեղ մնալու օտարերկրացիների իրավունքի վերաբերյալ հարցերը որոշվում են երեք ատյաններում. Միգրացիոն խորհուրդը, Միգրացիոն դատարանը և Միգրացիայի գործերով վերաքննիչ դատարանը (2005թ. Ակտի 14-րդ Գլխի, 3-րդ Բաժին և 16-րդ Գլխի, 9-րդ Բաժին): Հետևաբար, 2006թ. մարտի 31-ին 2005թ. Ակտի ուժի մեջ մտնելուց հետո Օտարերկրացիների բողոքարկման խորհուրդը դադարել է գոյություն ունենալ:

 

III. ԻՐԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

31. 2009թ. հունիսի 25-ին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովն (ԵԽԽՎ) ընդունել է բանաձև Իրանում իրավիճակի վերաբերյալ, որում կոչ է արել Իրանի իշխանություններին զերծ մնալ ուժի կիրառումից և բռնություններից խաղաղ ցուցարարների նկատմամբ և ազատ արձակել ավելի քան 400 ցուցարարներին, որոնք ձերբակալվել են 2009թ. հունիսի 12-ի ընտրություններից հետո, որոնց թվում էին նաև ավելի քան 170 քաղաքական գործիչներ, նրանց ընտանիքների անդամները ու լրագրողները: 2009թ. հոկտեմբերի 1-ին Ստրասբուրգում իր հերթական նիստի ընթացքում ԵԽԽՎ-ի Քաղաքական հարցերով հանձնաժողովն ընդունել է հայտարարություն, որում այն գտնում է, որ իրանական իշխանությունների բռնի գործողությունները խաղաղ ցույցերի մասնակիցների նկատմամբ հանդիսանում են Իրանի քաղաքացիների մարդու իրավունքների լուրջ խախտում: Այն նաև կոչ է արել այլ երկրների կառավարություններին չարտաքսել Իրանի քաղաքացիներին Իրան:

32. Իրանի Իսլամական Հանրապետությունում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի 2009թ. սեպտեմբերի 23-ին թվագրված զեկույցում (A/64/357), որը ներկայացվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանում, նշվել է, որ 2009թ. ավելացել են մարդու իրավունքների խախտումները `ուղղված կանանց, ուսանողների, ուսուցիչների, ակտիվիստական խմբերի անդամների դեմ, մասնավորապես, 2009թ. հունիսին կայացած ընտրություններից հետո: Ուստի, 2009թ. հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին ՄԱԿ-ի որոշ անկախ փորձագետներ լուրջ մտահոգություն են հայտնել ոստիկանական ուժի ավելորդ օգտագործման, կամայական ձերբակալությունների, սպանությունների, կալանավորների նկատմամբ վատ վերաբերմունքի և խոստովանություն ստանալու նպատակով խոշտանգումների կիրառման վերաբերյալ: Ավելին, մի շարք դեպքերում չի տրամադրվել փաստաբանների պատշաճ մատչելիություն և չեն պահպանվել ձերբակալվածների իրավունքները, ներառյալ այն փաստը, որ կալանավորվածները պահվում էին առանց մեղադրանք առաջադրելու և պահվում էին «մեկուսացման» մեջ: Նշվել է, որ 2005թ-ից չի եղել որևէ այցելություն:

33. 2009թ. իր համաշխարհային զեկույցում Human Rights Watch-ը նշել է, որ Իրանում մարդու հիմնարար իրավունքների նկատմամբ հարգանքը շարունակում է վատանալ, և, որ Կառավարությունը ցույց չի տվել հանդուրժողականություն խաղաղ ցույցերի կամ հանրահավաքների նկատմամբ` պարբերաբար ձերբակալելով դրանց մասնակիցներին և նրանց նկատմամբ խոշտանգումներ կիրառելով: Դատական ​​համակարգը և Հետախուզության նախարարությունը շատ լուրջ պատասխանատու են մարդու իրավունքների խախտումների համար: Amnesty International-ը իր 2009թ. զեկույցում ներկայացրել է միևնույն եզրակացությունը, ինչպես նաև նշել, որ ցույցերը հանգեցրել են զանգվածային ձերբակալությունների և անարդար դատավարությունների: Ոմանք նույնպես առանց դատավարության տևական ժամանակահատվածով ձերբակալվել են: Amnesty International-ը բազմիցս նկատել է, որ Հեղափոխական դատարաններում ընթացող դատավարությունները հրապարակային չեն: Օրինակ, 2009թ. օգոստոսի 4-ի իր «Ավելի քան 100 իրանցիների նկատմամբ կոպտորեն կիրառվել է անարդար դատավարություն» հոդվածում Amnesty International-ը նշել է, որ ավելի քան 100 մարդ Թեհրանում մեղադրվել է լայնածավալ քաղաքացիական բողոքի ակցիաներ կազմակերպելու համար: Դատավարությունը տեղի է ունեցել Թեհրանի Հեղափոխական դատարանում և այն փակ է եղել հանրության և նույնիսկ ամբաստանյալների փաստաբանների համար:

34. Ըստ Բրիտանիայի Թագավորության գլխավոր գրասենյակի Իրանի վերաբերյալ 2009թ. օգոստոսի տեղեկատվական զեկույցի 3.28 և 3.31-րդ բաժինների` Իրանում ժողովրդավարական բարեփոխումների ճնշումը կտրուկ փոխվել է 1999թ. հուլիսին Թեհրանի համալսարանում ուսանողական բողոքներից հետո: Ամեն տարի 1999թ. տարելիցի միջոցառման ընթացքում ուսանողները հավաքվում են Թեհարնի համալսարանում և ամբողջ երկրի այլ խոշոր մասնաճյուղերում և այդ ամսաթիվը հիշվել է որպես բռնության և լարվածության խորհրդանիշ (Բաժին 3.27): Այսպիսով, 2003թ. հազարավոր իրանցիներ դուրս են եկել փողոց և մոտ 4000 մարդ ձերբակալվել է բողոքի ակցիաներից հետո: Չնայած նրան, որ շատերն ազատ են արձակվել, սակայն բազմաթիվ ուսանողներ շարունակում էին մնալ ճաղերի հետևում: Նրանցից ոմանք մնացել են բանտում, քանի որ նրանք ձերբակալվել են 1999թ., 2000թ. և 2001թ. նմանատիպ անկարգությունների պատճառով:

35. Միացյալ Թագավորության զեկույցի Բաժին 27.14-ում նշվում է «Իրանում տիրող իրավիճակի գնահատման 2008թ. օգոստոսի տեղեկատվական զեկույցը, որը պատրաստվել է Դուրհամի համալսարանի Իրանագիտության կենտրոնի դոկտոր Ռեզա Մոլավիի և դոկտոր Մոհամմադ Մ. Հեդայաթի-Կախկիի կողմից 2008թ. սեպտեմբերի 23-ին, որում ասվում է, որ, եթե իրանցին ժամանել է առանց անձնագրի կամ վավեր ճամփորդական փաստաթղթերի, ապա նա պետք է ձերբակալվի և տեղափոխվի Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանում հատուկ դատարան` պարզելու համար երկիրն ապօրինի լքելու պատճառները, նրանց կապը ցանկացած կազմակերպությունների կամ խմբերի հետ և գնահատի ցանկացած այլ հանգամանքներ: Այս գործընթացը կիրառելի է նաև այն անձանց նկատմամբ, ովքեր անձնագրում ելքի թույլտվություն չունենալու դեպքում արտաքսվել են Իրան: Այս դեպքում Իրանի դեսպանություն կտրամադրի իրենց ազգությունը հաստատող փաստաթուղթ: Անօրինական մեկնումը հաճախ հետապնդվում է այլ հանցագործությունների հետ մեկտեղ, քանի որ ապօրինի մեկնման փաստերը կարող են հանգեցնել այլ հանցագործություն հայտնաբերելուն:

36. Դանիայի Ներգաղթի ծառայության Փոքրամասնությունների մարդու իրավունքների իրավիճակի, Կանանց և նորադարձների, Մուտքի և ելքի թույլտվություն ստանալու ընթացակարգերի, ID քարտերի, Հրավերների և հաշվետվությունների և այլնի վերաբերյալ 2009թ. ապրիլի զեկույցը ըստ 2008թ. օգոստոսի 24-ից մինչ սեպտեմբերի 2-ը Իրանում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ հավաքված փաստերի` հայտարարել է, որ որոշ աղբյուրների պնդմամբ իրանական դեսպանատան կողմից ճամփորդական փաստաթղթերի տրամադրումը չի նշանակում, որ անհատը չի ունենա խնդիրներ իրանական իշխանությունների կողմից Իրան վերադառնալուց հետո: Թեհրանի Իմամ Հոմեյնիի անվան միջազգային օդանավակայանում (նորակառույց օդանավակայան, որը փոխարինել է Մեհրեբադի օդանավակայանը) անձնագրային սահմանային հսկողության համար պատասխանատու անձը պարզաբանել է, որ ամենայն հավանականությամբ, Իրան ժամանելուն պես անձը պետք է հարցաքննվի, թե ինչպես է նա կորցրել նախորդ անձնագիրը: Սակայն, եթե անձը ժամանում է Իրան դեսպանատան իրանական ներկայացուցչության կողմից տրամադրված ճամփորդական փաստաթղթով, ապա օդանավակայանի աշխատակիցները չեն ստուգում իր ինքնությունը: Օդանավակայանի անձնակազմը, այնուամենայնիվ, կհարցնի անձին, թե ինչպես է նա լքել Իրանը, քանի որ ելքի կնիքը բացակայում է իր նոր ճամփորդական փաստաթղթում: Իրանի աղբյուրները պնդում են, որ եթե անձը մեկնել է Իրանից ապօրինաբար` նա չի գրանցվել համակարգչային համակարգում, քանի որ հեռացել է Իրանից և, հետևաբար, չի հարցաքննվել վերադառնալուց հետո: Այն հավելել է, որ անձը, ով լքել է երկիրն ապօրինի կերպով, կարող է նաև ձերբակալվել, եթե նա կատարել է ապօրինի արարք Իրանից մեկնելուց առաջ: Այն հետագայում նկատել է, որ երկիրը լքած անձը, ում արտերկրի իրանական ներկայացուցչության կողմից տրվել է փաստաթուղթ, կարող է տուգանվել ապօրինի ելքի համար կամ ենթարկվել մի քանի ժամվա հարցաքննության:

 

ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՐՑԵՐ

 

I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ

 

37. Դիմողը պնդել է, որ իրեն Իրան վերադարձնելու դեպքում նա կկանգնի ձերբակալվելու, խոշտանգումների և գուցե նույնիսկ մահապատժի ենթարկելու իրական վտանգի առջև, ինչը խախտում է իր` Կոնվենցիայի 3-րդ հոդվածով երաշխավորվող իրավունքները, որով նախատեսվում է.

«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:

A. Կողմերի պնդումները

1. Դիմողը

38. Դիմողը պնդել է, որ իրեն Իրան արտաքսելը կառաջացնի իրական վտանգ, որ նա կարող է ձերբակալվել, ենթարկվել խոշտանգումների և գուցե նույնիսկ մահապատժի, ինչը խախտում է իր Կոնվենցիայի 3-րդ հոդվածով երաշխավորվող իրավունքները: Դիմողը պնդել է, որ իրեն Իրան վերադարձնելու դեպքում նա կկանգնի ձերբակալվելու, խոշտանգումների և գուցե նույնիսկ մահապատժի ենթարկելու իրական վտանգի առջև ավելի վաղ իր` որպես Իրանի ռեժիմի քննադատ գործունեության պատճառով, որի համար նա նախկինում բանտարկվել է և խոշտանգվել: Նա նաև պնդել է, որ այն փաստը, որ նա փախել է բանտից և ապօրինաբար լքել երկիրը, լրացուցիչ վտանգի տակ է դնում նրա անվտանգությունը:

39. Նա հայտարարել է, որ բժիշկ Էդսթոնի դատաբժշկական զեկույցն ապացուցել է, որ ինքը ենթարկվել է խոշտանգումների Իրանի բանտում: Ավելին, նա համոզված էր, որ Իրանի իշխանությունները դեռ հատուկ հետաքրքրություն ունեն իր անձի նկատմամբ ռեժիմի բաց քննադատ լինելու պատճառով: Նա հայտնել է իր դժգոհությունը ռեժիմի նկատմամբ անձանց հետ իր շփումների ու քննարկումների ընթացքում և մասնակցել է որոշ ցույցերին: Նա եղել է 2001թ. հուլիսի ցույցի կազմակերպիչներից մեկը որոշ ուսանողների և նախկինում բանտարկված քննադատների հետ միասին, ընդհանուր` տասից տասներկու անձանցից: Նրանք տարբեր ոլորտներում կազմել են տարբեր ցուցարարների խմբեր, պատրաստել պաստառներ և հանձնարարել ցույցի ընթացքում օգտագործել կարգախոսներ, ինչպիսիք են «հանրաքվե» կամ «դադարեցնել ոտնձգությունը»: Մյուս կազմակերպիչների հետ միասին, նա կազմակերպել է երթ և տվել հրահանգներ, առ այն, թե երբ փախչել ոստիկանությունից և դեն նետել պաստառները: Մյուս կազմակերպիչները նույնպես ձերբակալվել և պատժվել են իշխանությունների կողմից: Այսպիսով, Իրանի կառավարության դեմ քննադատություն տարածվելով` նա կատարել է հանցավոր արարք:

40. Դիմողն այնուհետև պնդել է, որ նա հետապնդվել է իշխանությունների կողմից, քանի որ նա փախել էր բանտից: Փաստացի նա դեռ պետք է լիներ բանտում, և, հետևաբար, իշխանությունները դեռևս փնտրում էին նրան: Նա նաև տրամադրել է դատական ծանուցագրերը, որոնք ուղարկվել են իր կնոջ և հոր անվամբ: Բացի դրանից, դատարանից փախչելն անհնարին չի եղել երկրում լայնածավալ կոռուպցիայի շնորհիվ: Բացի այդ, քանի որ նա մի շարք տարիների ընթացքում մնացել է Իրանում, այդ պատճառով նա պետք է նաև հետաքրքրություն առաջացնի Իրանի կառավարության համար: Քանի որ Իրանի ընդդիմությունը հիմնականում ակտիվ է երկրի սահմաններից դուրս` դիմողը համարվել է որպես վտարանդի ընդդիմության դաշնակից: Այս համատեքստում, դիմողը ավելացրել է, որ 2008թ. մարտին, նրա երեխաները հանդիպել են իր նախկին ընկերոջը, ով այժմ հանդիսանում է Իրանի անվտանգության ծառայության գեներալ և ով ասել է նրանց, որ իրենց հայրը կմեռնի չվերադառնալու դեպքում:

41. Հաշվի առնելով գործի բոլոր հանգամանքները` դիմողը գտնում է, որ նա ցույց է տվել, որ դեռ հետապնդվում է իրանական իշխանությունների կողմից, և որ նրանք ունեն հատուկ հետաքրքրություն իր անձի նկատմամբ: Հետևաբար, եթե նա վերադառնա Իրան, ապա առնվազն կենթարկվի խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի, ինչպես նախկինում է եղել:

2. Կառավարությունը

42. Կառավարությունը գտնում է, որ դիմումի մեջ չի պարունակվում Կոնվենցիայի 3-րդ հոդվածի որևէ խախտում:

43. Այն պնդել է, որ, թեև իրավիճակն Իրանում խնդրահարույց է, դա ինքնին բավարար չէ հաստատելու համար, որ դիմողի ստիպողական վերադարձը կլինի Իրանի կառավարության պատասխանատվության ներքո Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն: Կառավարությունը պնդում է, որ խախտում արձանագրելու համար անհրաժեշտ են լուրջ հիմքեր հաստատելու համար, որ դիմողը Իրան վերադառնալուն պես կանգնած կլինի 3-րդ հոդվածին հակառակ վերաբերմունքի ենթարկվելու իրական, և կոնկրետ վտանգի առջև:

44. Այս առումով Կառավարությունն ընդգծել է, որ դիմողի վստահելիությունը կենսական նշանակություն ունի գործի քննության համար և, որ մեծ նշանակություն պետք է տրվի ազգային իշխանությունների կարծիքին, քանի որ նրանք հանդիպել են դիմողի անձամբ, միգրացիոն խորհուրդը երկու հարցազրույց է անցկացրել դիմողի հետ և Միգրացիոն դատարանը բանավոր լսումներ է անցկացրել, որտեղ հարցաքննվել է դիմողը: Կառավարության տեսանկյունից կային լուրջ հիմքեր դիմողի վստահելիությունը կասկածի տակ առնելու համար, քանի որ նա տվել էր հակասական հայտարարություններ և ներկայացրել նոր ապացույցներ վարույթի հետագա փուլում: Օրինակ, Կառավարությունը խիստ կասկածի տակ է առել դիմողի պատմությունն առ այն, թե ինչպես են իր ընկերները օգնել նրան փախչել Հեղափոխական դատարանից` հաշվի առնելով միջազգային աղբյուրներն առ այն, որ այնտեղ հասարակական վերահսկողություն էր իրականացվում և, որ վարույթը միայն բաց էր կողմերի համար և, բացառապես, ընտանիքի որոշ անդամների համար, և, որ մարդիկ, ովքեր մտնում և դուրս էին գալիս դատարանի շենքը, ուշադիր ստուգվել են: Այն, որ փախուստը երկրում տիրող լայնածավալ կոռուպցիայի հետևանքն էր, ըստ դատարանում դիմողի պնդումների` չունի որևէ ընդհանրություն նրա` իր փախուստի վերաբերյալ ավելի վաղ կատարած հայտարարությունների հետ: Կառավարությունն ընդգծել է, որ դիմողը տվել էր հակասական տեղեկություններ 2001թ. ցույցի ընթացքում իր դերակատարման վերաբերյալ ազգային վարույթի և Միգրացիոն դատարանում բանավոր լսումների ժամանակ: Նրանք նաև նկատել են, որ դիմողը երբեք չի նշել, որ ինքը բանտում ենթարկվել է խոշտանգումների նախքան 2008թ. նոյեմբերի բժշկական փորձաքննությունը: Նույնը կարելի է ասել իր հայտարարության վերաբերյալ, որոնք իր ծնկներին հարվածել են հրացանի կոթերով: Նախկինում նա միայն ասել է, որ պարզապես հարվածներ է ստացել իր ծնկներին:

45. Անդրադառնալով 2008թ. նոյեմբերի 14-ի դատաբժշկական զեկույցին` Կառավարությունը գտնում է, որ դիմողը պետք է նախաձեռներ նման բուժզննում կատարել և դրա եզրակացությունը ներկայացներ ազգային վարույթի ընթացքում, եթե նա գտներ, որ այն կարևոր է իր գործով` նշելով, որ Միգրացիոն խորհուրդը նախնական բժշկական վկայականը գտել է խոշտանգումների հետևանքով ստացված վնասվածքների բավարար ապացույց: Ամեն դեպքում, Կառավարությունը պնդել է, որ բժշկական զեկույցի եզրակացությունները պետք է ուշադիր գնահատվեն, մասնավորապես` նշված վնասվածքների առաջացման հարցում: Դրա հիմնական պատճառը եղել է, որ բուժզննումն իրականացվել է ենթադրյալ խոշտանգումներից ավելի քան յոթ տարի անց, և որ դիմողը չի տեղեկացրել բժշկին որոշ վնասվածքների այլ հնարավոր պատճառների մասին: Հետևաբար, իր կարծիքով, չի կարելի բացառել, որ դիմողի ծնոտի, ատամների, ծնկների և կոնքերի վերաբերյալ եզրակացությունը կարող է նաև արդյունք հանդիսանալ դիմողի` ավելի վաղ որպես ֆուտբոլիստ Իրանում գործունեությանը:

46. ​​Այնուամենայնիվ, եթե նույնիսկ ենթադրենք, որ դիմողի պատմությունը ինչ-որ չափով ճշմարիտ է, Կառավարությունը միևնույնն է պնդում է, որ ինքը չի կարող ենթարկվել Կոնվենցիայի 3-րդ հոդվածին հակասող վերաբերմունքի: Ըստ նրա, դիմողի ենթադրյալ քաղաքական գործունեությունն արդեն սահմանափակվել է, այն տեղի է ունեցել մի քանի տարի առաջ, և դիմողը նույնիսկ չի պնդում, որ Իրանից հեռանալուց հետո նա եղել է քաղաքականապես ակտիվ: Ավելին, նա չի ներկայացրել որևէ պաշտոնական փաստաթուղթ կամ այլ ապացույցներ, նշելով, որ ինքը ներկայումս կարող է հետաքրքրել իրանական իշխանություններին: Ինչ վերաբերում է դատական​​ ծանուցագրերին, Կառավարությունն անդրադարձել է դրանց ընդունելիության վրա իր դիտարկումներին, ըստ որի` այն կասկածի տակ է առնում դատական ​​ծանուցագրերի իսկությունը: Հարցումը ցույց չի տվել, որ ծանուցագրերը վավերական են: Այսպիսով, Կառավարության համար մնում է անհասկանալի այն, թե ինչու և ինչ կերպ Իրանի իշխանությունները կցուցաբերեն առանձնակի հետաքրքրություն դիմողի նկատմամբ, եթե նա վերադարձվի հայրենի երկիր: Բացի այդ, այն նշել է, որ Թեհրանում Շվեդիայի դեսպանատունը վերջին զեկույցում հայտարարել է, որ այն անձը, ով ապօրինաբար հեռացել է Իրանից, վերադառնալուց հետո կարող է պատժի ենթարկվել տուգանք վճարելով:

47. Կառավարությունը, հետևաբար, եզրակացրել է, որ որևէ հիմք չկա դիմողի պնդումները հաստատելու համար առ այն, որ նա Իրան վերադարձվելու դեպքում կկանգնի Կոնվենցիայի 3-րդ հոդվածին հակասող վերաբերմունքի ենթարկվելու վտանգի առջև:

B. Դատարանի գնահատականը

48. Դատարանը նշում է, որ Պայմանավորվող պետությունները միջազգային իրավունքի և իրենց պայմանագրային պարտավորությունների շրջանակներում իրավունք ունեն վերահսկել օտարերկրացիների մուտքը, բնակությունը և արտաքսումը (տե՛ս Նner v. the Netherlands [GC], թիվ 46410/99, կետ 54, ՄԻԵԴ 2006թ.-XII): Այնուամենայնիվ Պայմանավորվող պետության կողմից արտաքսումը կարող է խնդիր առաջացնել 3-րդ հոդվածի ներքո, և, հետևաբար, այդ պետությանը ենթարկել պատասխանատվության Կոնվենցիայի ներքո, եթե առկա են հիմքեր, որ տվյալ անձն արտաքսվելու դեպքում կանգնած կլինի 3-րդ հոդվածին հակասող վերաբերմունքի ենթարկվելու իրական վտանգի առջև: Նման դեպքում, 3-րդ հոդվածը ենթադրում է պարտավորություն չարտաքսել անձին այդ երկիր (տե՛ս Saadi v. Italy [GC], թիվ 37201/06, կետ 125, ՄԻԵԴ 2008թ.):

49. Մինչդեռ քաջատեղյակ լինելով Իրանում մարդու իրավունքների լուրջ խախտումների վերաբերյալ զեկույցների մասին, ինչպես նշված է վերը, Դատարանը չի գտել, որ դրանք ինքնին կրում են այնպիսի բնույթ, որ համարվի Կոնվենցիայի խախտում, եթե դիմողը վերադառնա այդ երկիր: Դատարանը պետք է հաստատի, թե արդյոք դիմողի անձնական իրավիճակն այնպիսին է, որ նրա վերադարձը Իրան կարող է հակասել Կոնվենցիայի 3-րդ հոդվածին:

50. Դատարանը նշում է, որ, հաշվի առնելով հատուկ իրավիճակը, որում գտնվում են ապաստան հայցողները, հաճախ անհրաժեշտ է տալ նրանց անմեղության կանխավարկած, երբ խոսքը վերաբերում է իրենց հայտարարությունների և ներկայացված փաստաթղթերի հավաստիությունը հօգուտ իրենց գնահատելուն: Այնուամենայնիվ, երբ ներկայացվում է տեղեկատվություն, որը լուրջ հիմքեր է տալիս կասկածի տակ առնելու համար ապաստան հայցողի ճշմարտացիությունը, անհատը պետք է ապահովի բավարար բացատրություն ենթադրյալ անհամապատասխանության վերաբերյալ (տե՛ս Collins and Akasiebie v. Sweden (Dec) թիվ 23944/05, 2007թ. մարտի 8, և Matsiukhina and Matsiukhin v. Sweden (Dec.), թիվ 31260/04, 2005թ. հունիսի 21): Սկզբունքորեն, դիմողը պետք է ներկայացնի փաստեր, որոնք կարող են ապացուցել, որ կան լուրջ հիմքեր ենթադրելու,որ միջոցառներն իրականացնելու դեպքում նա կարող է ենթարկվել 3-րդ հոդվածին հակասող վերաբերմունքի (տե՛ս N. v. Finland, թիվ 38885/02, կետ 167, 2005թ. հուլիսի 26 և NA. v. the United Kingdom, թիվ 25904/07, կետ 111, 2008թ. հուլիսի 17): Եթե նման ապացույցներ ներկայացվում են, ապա դրա վերաբերյալ կասկածները պետք է ցրի Կառավարությունը:

51. Որոշելու համար, թե արդյոք կա վատ վերաբերմունքի վտանգ, Դատարանը պետք է ուսումնասիրի դիմողին Իրան ուղարկելու կանխատեսելի հետևանքները` հաշվի առնելով ընդհանուր իրավիճակը և նրա անձնական հանգամանքները (տե՛ս Vilvarajah and Others v. the United Kingdom, 1991թ. հոկտեմբերի 30-ի վճիռը, Սերիա A, թիվ 215, կետ 108):

52. Դատարանն ի սկզբանե նշում է, որ սույն գործում փաստերի կապակցությամբ կողմերի միջև կա վեճ, և որ Կառավարությունը կասկածի տակ է առել դիմողի վստահելիությունը և նշել որոշակի անհամապատասխանություններ իր պատմություն մեջ: Դատարանն ընդունում է, որ հաճախ դժվար է հաստատել գործի փաստերը, ինչպես սույն գործում է: Այն ընդունում է, որ, որպես ընդհանուր սկզբունք, ազգային իշխանությունները հնարավորինս լավ կարող են գնահատել ոչ միայն փաստերը, այլ նաև վկաների վստահելիությունը, քանի որ նրանք հնարավորություն ունեն տեսնելու, լսելու և գնահատելու անհատի վարքը: Այնուամենայնիվ, սույն գործի հանգամանքներում Դատարանը չի կիսում Կառավարության եզրակացությունն առ այն, որ դիմողի կողմից տրամադրված տեղեկատվությունը խաթարել է նրա ընդհանուր վստահելիությունը, և նշում է, որ Միգրացիոն դատարանի դատավորներից մեկը գտել է, որ դիմողը տրամադրել է հավաստի տեղեկատվություն դեպքերի կապակցությամբ և, որ նրան պետք է տրվեր ապաստան: Դատարանը նաև նշում է, որ դիմողը երբեք չի հայտարարել, որ ինքը եղել է քաղաքական կուսակցության կամ որևէ կազմակերպության անդամ: Նա հետևողականորեն նշել է միայն, որ մասնակցել է ցույցերին, արտահայտվել իրանական գործող ռեժիմի դեմ և որ, 2001թ. հուլիսի ցույցից հետո նա ձերբակալվել է և խոշտանգվել իրանական իշխանությունների կողմից: Դատարանը գտնում է, որ դիմողի հիմնական պատմությունը հետևողական է եղել ամբողջ վարույթի ընթացքում և, որ չնայած որոշ անորոշ գործոնների, ինչպիսիք են այն, թե ինչպես է նա փախել բանտից, նման անորոշությունները չեն խաթարել իր պատմության հանդեպ ընդհանուր վստահելիությունը:

53. Նախ Դատարանը նշում է, որ դիմողն ի սկզբանե Միգրացիոն խորհրդին արտադրել է բժշկական եզրակացությունն որպես ենթարկված խոշտանգումների ապացույց (տե՛ս կետ 11): Չնայած նրան, որ եզրակացությունը չի գրվել խոշտանգման վնասվածքներով մասնագիտացած փորձագետի կողմից, Դատարանը գտնում է, որ այն, այնուամենայնիվ, բավականին ծանրակշիռ եզրակացություն է պարունակել առ այն, որ դիմողի սպիները և վնասվածքները կարող էին հասցվել վատ վերաբերմունքի կամ խոշտանգումների արդյունքում: Նման հանգամանքներում Միգրացիոն խորհուրդը պետք է ցրեր կասկածները սպիների առաջացման կապակցությամբ (տե՛ս 50-րդ կետի վերջին նախադասությունը): Դատարանի կարծիքով Միգրացիոն խորհուրդը պետք է նկատի ունենար, որ փորձագիտական կարծիքը վերաբերել է դիմողի սպիների առաջացման հավանական հանգամանքներին: Այդպես չեն վարվել նաև Վերաքննիչ դատարանները: Թեև ապացուցման բեռը սկզբունքորեն դրված է դիմողի վրա, Դատարանը համաձայն չէ Կառավարության այն տեսակետի հետ, որ նա պարտավոր է եղել տրամադրել այդպիսի փորձագիտական կարծիք: Այնպիսի գործերում, ինչպիսիք սույն գործն է, պետությունը պարտավոր է պարզել բոլոր համապատասխան փաստերը, մասնավորապես, այնպիսի հանգամանքները, երբ կան ծանրակշիռ նշաններ, որ դիմողի վնասվածքները կարող են պայմանավորված լինել խոշտանգումներով: Դատարանը նշում է, որ ներկայացված դատաբժշկական զեկույցում արձանագրվել են բազմաթիվ սպիներ դիմողի մարմնի վրա: Չնայած նրան, որ դրանցից որոշները կարող են պայմանավորված լինել այլ հանգամանքներով, Դատարանը ընդունում է ընդհանուր եզրակացության զեկույցը, որ դիմողի վնասվածքների մեծամասնությունը հասցվել են այլ անձանց կողմից նրա կողմից նկարագրված կերպով` դրանով իսկ հաստատելով, որ նա եղել է խոշտանգումների զոհ: Բժշկական ապացույցը, այսպիսով, հաստատում է դիմողի պատմությունը:

54. Երկրորդ, Իրանի վերաբերյալ առկա տեղեկատվությունից (ինչպես նշվել է վերը) ակնհայտ է դառնում, որ, Իրանի իշխանությունները հաճախ են բերման ենթարկել և վատ վարվել անձանց հետ, ովքեր մասնակցել են խաղաղ ցույցերին: Դատարանը նշում է, որ ոչ միայն քաղաքական կազմակերպությունների առաջնորդները կամ այլ բարձրաստիճան անձինք, այլև ցանկացած ոք, ով ցույցի է մասնակցել կամ որևէ կերպ հակադրվել է ներկայիս ռեժիմին, կանգնած է վատ վերաբերմունքի կամ խոշտանգումների ենթարկվելու վտանգի առջև: Դատարանը նշում է, որ դիմողն ապացուցել է ներպետական իշխանություններին և Դատարանին, որ նա ձերբակալվել էր այլոց հետ մեկտեղ 2001թ. հուլիսին ռեժիմի դեմ ընթացող ցույցերին և, որ իր ձերբակալման ամիսների ընթացքում ենթարկվել է խոշտանգումների: Նրա վկայությունը, հետևաբար, համապատասխանում է Իրանի վերաբերյալ անկախ աղբյուրներից առկա տեղեկատվությանը:

55. Հաշվի առնելով վերոնշյալը` Դատարանը գտնում է, որ դիմողը հիմնավորել է իր բողոքն առ այն, որ նա ձերբակալվել է և խոշտանգվել իրանական իշխանությունները կողմից 2001թ. հուլիսի ցույցից հետո: Քանի որ 3-րդ հոդվածին հակասող վերաբերմունքի արգելքը բացարձակ է, այդ դրույթը պարտադրում է չվտարել ցանկացած անձի, ով ընդունող երկրում կանգնած է նման վերաբերմունքի ենթարկվելու իրական վտանգի առջև (տե՛ս վերը` Saadi-ի գործը, կետ 138): Որոշվելիք հարցը, հետևաբար, պետք է լինի այն, թե արդյոք դիմողն Իրան վերադարձվելու դեպքում կարող է ենթարկվել այդպիսի վերաբերմունքի: Հաշվի առնելով, որ դիմողը կատարել է իր ապացուցման բեռը, որ նա արդեն ենթարկվել է խոշտանգումների, Դատարանը գտնում է, որ բեռը դրվում է պետության վրա` ցրելու համար ցանկացած կասկած, որ արտաքսվելու դեպքում նա կրկին կարող է ենթարկվել 3-րդ հոդվածին հակասող վերաբերմունքի:

56. Նման վտանգը գնահատելիս, առաջին հերթին, պետք է հաշվի առնել ներկայիս իրավիճակը, որը գերիշխում է Իրանում և այդ երկրում տիրող շատ լարված իրավիճակը, որտեղ մարդու հիմնարար իրավունքների նկատմամբ հարգանքը զգալիորեն վատացել է 2009թ. հունիսի ընտրություններից հետո (տե՛ս կետեր 31-34): Բացի այդ, պետք է հաշվի առնվի հայրենիք վերադարձող իրանցիներին սպառնացող կոնկրետ վտանգը, եթե նրանք չեն կարող ապացույցներ տրամադրել, որ երկիրը լքել են օրինական եղանակով: Դատարանը նշում է, որ, ըստ անկախ միջազգային աղբյուրներից առկա տեղեկությունների (տե՛ս վերը` կետեր 35 և 36), նման իրանցիների դեպքերը, ամենայն հավանականությամբ, պետք է մանրակրկտորեն ուսումնասիրվեն, մասնավորապես` Իրանից մեկնելու օրինականության հարցը: Դատարանը նշում է, որ դիմողը պնդում է, որ ինքը հեռացել է Իրանից ապօրինի կերպով, և որ նրա պահանջն այս առումով չի հերքվել Կառավարության կողմից: Հետևաբար, առկա տեղեկությունների լույսի ներքո, Դատարանը հավանական է գտնում, որ դիմողն առանց ելքի վավերական փաստաթղթերի կգրավի իրանական իշխանությունների ուշադրությունը և իր անցյալը, ամենայն հավանականությամբ, կբացահայտվի: Վերը նշված գործոնների կուտակային ազդեցությունն ավելացնում է դիմողին սպառնացող վտանգը (տե՛ս, mutatis mutandis, NA. v. the United Kingdom,, թիվ 25904/07, կետեր 134-136, 2008թ. հուլիսի 17):

57. Հաշվի առնելով վերը նշվածը` Դատարանը եզրակացնում է, որ կան լուրջ հիմքեր ենթադրելու, որ ներկայիս հանգամանքներում դիմողը կարող է ձերբակալվել և ենթարկվել Կոնվենցիայի 3-րդ հոդվածին հակասող վերաբերմունքի Իրան արտաքսվելու դեպքում: Հետևաբար, Դատարանը գտնում է, որ դիմողին արտաքսելու հրամանի կիրառումը կառաջացնի Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում:

 

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

 

58. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը սահմանում է.

 Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել:

 

A. Վնասը

 

59. Դիմողը չի ներկայացրել նյութական և ոչ նյութական վնասների պահանջ և Կառավարությունը, հետևաբար, նույնպես չի կատարել որևէ դիտարկում սույն գլխի ներքո:

 

B. Ծախսեր և ծախքեր

 

60. Դիմողը պահանջել է ընդհանուր 32112 SEK (մոտավորապես 3177 եվրո) ներառյալ ԱԱՀ` որպես Դատարանի իրավական ծախսերի և ծախքերի փոխհատուցում, ավելի քիչ 7916 SEK (850 եվրո) նա արդեն ստացել է որպես իրավաբանական օգնություն Եվրոպայի խորհրդի կողմից: Նրա պահանջը ներառում է իր փաստաբանի ծախսերը (23750 SEK), թարգմանչի ծախսերը (1544 SEK) և դատարանի կողմից հայցվող բժշկական եզրակացության արժեքի (6818 SEK):

61. Կառավարությունը գտնում է, որ գումարն ընդունելի է, սակայն նշել է, որ եթե դիմողը կրկին ստանա հետագա իրավական օգնություն Եվրոպայի խորհրդի կողմից, դա պետք է հանվի ընդհանուր ծախսերի գումարից Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն:

62. Դատարանը գտնում է, որ պահանջվող գումարն արդարացված է: Սակայն նշում է, որ դիմողին Եվրոպայի խորհրդի կողմից տրամադրվել է հետագա իրավական օգնություն 622 եվրոյի չափով` բժշկական եզրակացության ծախսերը հոգալու նպատակով: Դատարանը, հետևաբար, որոշում է դիմողին տրամադրել 3177 եվրո` ներառյալ ԱԱՀ, ավելի քիչ` 1472 եվրո, Եվրոպայի խորհրդի կողմից արդեն տրամադրված իրավական օգնության համար, որից 1705 եվրոն վճարվում է Կառավարության կողմից:

C. Տուգանային տոկոսներ

63. Դատարանը նպատակահարմար է գտնում, որպեսզի տուգանային տոկոսը գանձվի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության սահմանային տոկոսադրույքի հիման վրա՝ հավելած երեք տոկոս:

 

ՎԵՐՈԳՐՅԱԼԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԴԱՏԱՐԱՆԸ

1. Վճռում է վեց ձայնով ընդդեմ մեկի, որ դիմողի արտաքսումն Իրան Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում է:

2. Վճռում է վեց ձայնով ընդդեմ մեկի,

(a) որ պատասխանող պետությունը պետք է դիմողին երեք ամսվա ընթացքում վճարի 1,705 (մեկ հազար յոթ հարյուր հինգ) եվրո` որպես ոչ ծախսերի և ծախքերի փոխհատուցում` գումարած ցանկացած հարկ, որը կարող է գանձվել, որը պետք է փոխակերպվի շվեդական կրոնի չափով տվյալ ամսաթվի տոկոսադրույքով,

(b) որ վճարումը վերոհիշյալ եռամսյա ժամկետի ավարտից հետո կատարելու դեպքում չվճարված գումարի մասով պետք է հաշվարկվի տուգանային տոկոս, ինչը հավասար է չկատարված պարտավորության ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության սահմանային տոկոսադրույքին` հավելած երեք տոկոս:

Կատարված է անգլերենով, գրավոր հրապարակվել է 2010թ. մարտի 9-ին ` Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն:

 

Սթենլի Նայսմիթ
Քարտուղար

Ջոզեֆ Կասադեվալ
Նախագահ

 

Կոնվենցիայի 45-րդ հոդվածի 2-րդ կետի և Դատարանի Կանոնակարգի 74-րդ կանոնի 2-րդ կետի համաձայն դատավոր Ֆուրեյսի առանձին կարծիքը կցված է սույն վճռին:

J.C.M.

S.H.N.

 

ԴԱՏԱՎՈՐ ՖՈՒՐԱՅԻ ՉՀԱՄԸՆԿՆՈՂ ԿԱՐԾԻՔԸ

 

1. Ես չեմ կիսում մեծամասնության տեսակետն առ այն, որ դիմողի արտաքսումն Իրան կհանդիսանա Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում: Ահա իմ պատճառները`

2. Ինչպես Կառավարությունը, այնպես էլ ես գտնում եմ, որ դիմողը չի կարողացել հիմնավորել, որ Իրան արտաքսվելու դեպքում նա կարող է ձերբակալվել և ենթարկվել 3-րդ հոդվածին հակասող վերաբերմունքի:

3. Ցանկացած անձի համար, ով հայտարարում է Կոնվենցիայի խախտման մասին, մեկնակետը պետք է լինի այդ պնդումը հիմնավորելը: Սույն բեռը դիմողի համար կարող է բարդ լինել, սակայն դա պետք է այնուամենայնիվ կատարվի, նույնիսկ նմանատիպ դեպքերում: Սկզբունքորեն, դիմողը պետք է ներկայացներ ապացույցներ, որոնք կհիմնավորեին, որ կան լուրջ հիմքեր ենթադրելու, որ, եթե արտաքսումն իրականացվեր, նա կանգնած կլիներ 3-րդ հոդվածին հակասող վերաբերմունքին ենթարկվելու իրական վտանգի առջև (տե՛ս, N. v. Finland, թիվ 3885/02, 2005թ. հուլիսի 26, կետ 167, և NA. v. the United Kingdom, թիվ 25904/07, 2008թ. հուլիսի 17, կետ 111):

4. Ես համոզված չեմ, որ դիմողը ներկայացրել է prima facie գործը, և որ տրամադրվել են անհրաժեշտ ապացույցներ` նույնիսկ հաշվի առնելով 2008թ. նոյեմբերի լրացուցիչ բժշկական եզրակացությունը:

5. Ներպետական իշխանությունները քննելով գործը պետք է գնահատեն փաստերը, որոնք ներկայացվել են կողմերի կողմից: Այս առումով իշխանությունները կարող են բախվել դժվարությունների, եթե փաստերը լինեն վիճահարույց: Ներկայացրած ապացույցները պետք է գնահատվեն: Ներպետական ​​դատարանները, սովորաբար, ավելի լավ են կատարում գնահատումը, քան միջազգային դատարանները, քանի որ նրանք կողմերին տեսնելու և լսելու հնարավորություն ունեն:

6. Սույն գործում դիմողի գործը քննվել է մի քանի ատյաններում: 2004թ. 38 տարեկանում Շվեդիա ժամանելուց հետո նա խնդրել է ապաստան տրամադրել իրեն, նրան ի սկզբանե օգնել է իրավաբանն ամբողջ վարույթի, այդ թվում` Դատարանի վարույթի ընթացքում: Նա տեղեկացրել է իշխանություններին, որ ինքն Իրանում պահվել է կալանքի տակ և խոշտանգվել, սակայն, որ նա հասցրել է փախչել 2003թ., նա Միգրացիոն խորհրդին ներկայացրել է բժշկական եզրակացություն:

7. Նշված եզրակացությունը պատրաստվել է ընդհանուր գործնական բաժնի բժշկի կողմից, որը վկայում է, որ դիմողի վնասվածքները կարող էին հասցվել վատ վերաբերմունքի կամ խոշտանգումների արդյունքում: Իշխանությունները ունեին կասկածներ այդ առումով, սակայն նրանք պետք է համաձայնվեին մեծամասնության կարծիքին (տե՛ս կետ 53), որ փորձագիտական կարծիքը ներկայացրել է դիմողի սպիների առաջացման հավանական պատճառը:

8. Հետագա փուլում դիմողն ավելացրել է, որ ինքը զբաղվել է ցույցերի կազմակերպմամբ` առանց որևէ մանրամասնությունների, թե ինչպես և որտեղ են դրանք տեղի ունեցել կամ դրանց բովանդակության վերաբերյալ: Նաև անհասկանալի է դիմողի կողմից իրանական ռեժիմի քննադատության բնույթը` չնայած որ դիմողին խնդրել են մանրամասներ հաղորդել այդ մասին:

9. Դատաբժշկական եզրակացությունը ներկայացվել է 2008թ. նոյեմբերին այն բանից հետո, երբ ներպետական իշխանություններն ավարտել են գործի քննությունը և եզրակացրել, որ դիմողը 2001թ. ենթարկվել է խոշտանգումների:

10. Մեծամասնության կարծիքով, այս դատաբժշկական եզրակացությունը բավական ապացույց է իր պատմության անհամապատասխանությունները չեղարկելու առումով (տե՛ս կետեր 52 և 53): Ես համաձայն չեմ: Ինձ համար բոլոր ապացույցները պետք է միասին քննվեն և գնահատվեն որպես մեկ ամբողջություն, և ես չեմ կարող տեսնել, որ Շվեդիայի իշխանությունները չեն իրականացնել այս խնդիրը:

11. Դիմողն ինքնուրույն չի հայտարարել, որ առկա է վտանգ, որ նա հատուկ կարող է ստուգվել սահմանակետում: Նման եզրահանգման է եկել մեծամասնությունն Իրանում ընդհանուր պայմանների և պրակտիկայի վերաբերյալ միջազգային զեկույցներից:

12. Դիմողը պնդել է, որ, քանի որ նա եղել է ակտիվ ցույցերի կազմակերպման գործում, ձերբակալվել է և խոշտանգվել, երկար ժամանակ եղել է արտասահմանում և ստացել ծանուցագրեր` նա պետք է հետաքրքրություն առաջացնի իրանական իշխանությունների մոտ Իրան վերադարձվելուց հետո, 7 տարի անց, և, որպես հետևանք, կանգնած կլինի Կոնվենցիայի 3-րդ հոդվածին հակասող վերաբերմունքի ենթարկվելու իրական վտանգի առջև:

13. Այն փաստը, որ դիմողը, ամենայն հավանականությամբ, Իրանում ենթարկվել է խոշտանգումների, բավարար չէ ինքնին հիմնավորելու համար, որ վերադարձվելուց հետո նա հետագայում նույնպես կանգնած է խոշտանգումների ենթարկվելու վտանգի առջև: Այստեղ իմ տեսակետները տարբերվում են մեծամասնության կարծիքից (տե՛ս կետ 55): Մեծամասնության կարծիքն է, որ բեռը դրվում է պետության վրա, որպեսզի այն ցրի բոլոր կասկածները դիմողի 3-րդ հոդվածին հակասող վերաբերմունքի ենթարկվելու վտանգի, եթե նրա արտաքսումը չընթանա Դատարանի սահմանված նախադեպային իրավունքի համաձայն (տե’ս Saadi-ի գործը):

14. Բոլոր այս պատճառներով, ես չեմ կարող անտեսել շվեդական իշխանությունների կողմից գնահատումը, և ես չեմ տեսնում, որ դիմողը հիմնավորել է իր պնդումները: