ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(գանգատ թիվ 69931/10)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
21 դեկտեմբերի 2021 թ.
Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
Հայրապետյանն ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝
Յոլիեն Շուկինգ [Jolien Schukking]՝ Նախագահ,
Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],
Անա Մարիա Գուերա Մարտինս [Ana Maria Guerra Martins]` դատավորներ, և Իլզե Ֆրայվըրթ [Ilse Freiwirth]` Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,
հաշվի առնելով՝
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն 1963 թվականին ծնված և Երևանում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի պրն Գևորգ Հայրապետյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2010 թվականի նոյեմբերի 18-ին Դատարան ներկայացված գանգատը, որին ներկայացրել են համապատասխանաբար Լոնդոնում և Երևանում գործող իրավաբաններ պրն Վ. Բոուրինգը և տկն Ս. Սաֆարյանը,
արդարացի և հրապարակային դատաքննության իրավունքի և հաղորդակցության գաղտնիության իրավունքի ենթադրյալ խախտումների վերաբերյալ բողոքների մասին Հայաստանի Հանրապետության կառավարությանը (Կառավարություն), որը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանը, ծանուցելու և գանգատը մնացած մասով անընդունելի հայտարարելու մասին որոշումը,
կողմերի դիտարկումները,
2021 թվականի նոյեմբերի 30-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ԳՈՐԾԻ ԱՌԱՐԿԱՆ
1. Գանգատը վերաբերում է դիմումատուի դեմ պետական դավաճանության համար հարուցված քրեական գործով վարույթին։ Նա բողոքներ է ներկայացրել՝ համաձայն Կոնվենցիայի 6-րդ և 8-րդ հոդվածների։
2. Դիմումատուի բնակարանի խուզարկությամբ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցները հայտնաբերել են տարբեր տեսակի զենք և զինամթերք, անձնական նշումներ, սեղմասկավառակներ, զինվորական քարտեզներ և զինվորական հաշվառման գրքույկներ։ Որոշ նյութեր ակնհայտորեն պարունակել են տարբեր զինվորական գործողությունների, զինվորական հրամանների և դրանց կատարման, մարտական հերթապահությունների և տեխնիկայի վերաբերյալ գաղտնի տեղեկատվություն, ինչպես նաև ռազմական նշանակության այլ տեղեկություններ։
3. 2009 թվականի սեպտեմբերին ԱԱԾ-ն դիմումատուին մեղադրանք է առաջադրել պետական դավաճանության, Ադրբեջանի հատուկ ծառայությունների օգտին լրտեսելու և ապօրինի կերպով հրազեն պահելու հիմքով։ Դիմումատուի նկատմամբ կիրառվել է արգելանք։ ԱԱԾ-ն այնուհետև դիմումատուին արգելել է քրեակատարողական հիմնարկում տեսակցություններ ունենալ (բացառությամբ նրա փաստաբանի) և անել ու ստանալ հեռախոսային զանգեր։
4. Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (գործը քննող դատարան) դիմումատուի գործով դատաքննությունն անցկացվել է դռնփակ։ Գործը քննող դատարանը 2010 թվականի հունվարի 22-ի որոշմամբ բավարարել է մեղադրանքի կողմի՝ դատաքննությունը դռնփակ անցկացնելու միջնորդությունն այն հիմքով, որ վերջինս պարունակում է պետական և ծառայողական գաղտնիքներ։
5. Դատաքննության ընթացքում դիմումատուն բողոքել է, որ քրեական գործի որոշ նյութեր, մասնավորապես՝ իր նախաքննական ցուցմունքները և վկաների հայտարարությունները եղել են անընթեռնելի, քանի որ դրանք գրված են եղել քննիչի կողմից։ Գործը քննող դատարանը մեղադրանքի կողմին հանձնարարել է այդ նյութերը ներկայացնել ընթեռնելի տարբերակով: Մեղադրանքի կողմը ներկայացրել է այդ փաստաթղթերի տպագիր տարբերակները։
6. 2010 թվականի մայիսի 13-ին գործը քննող դատարանը վերացրել է դիմումատուի հետ տեսակցությունների արգելքը։
7. Գործը քննող դատարանը 2010 թվականի հոկտեմբերի 25-ի դատավճռով, որն ամբողջությամբ անփոփոխ է թողնվել վերաքննիչ դատարանի կողմից, դիմումատուին մեղավոր է ճանաչել մեղսագրվող արարքում և դատապարտել տասներկու տարի ժամկետով ազատազրկման։ Այն հիմնվել է նախաքննության ընթացքում ձեռք բերված և դատարանում հաստատված վկաների ցուցմունքների, դիմումատուի գաղտնալսված հաղորդակցությունների և տարբեր իրեղեն ապացույցների վրա, ինչպիսիք են մարտական դիրքերի լուսանկարները, զինվորական քարտեզները, գրքույկները, տեխնիկայի լուսանկարները, ինչպես նաև «հույժ գաղտի» նշումով ռազմական բնույթի այլ նյութեր։ Ինչ վերաբերում է դիմումատուի կողմից որպես անընթեռնելի մատնանշված քրեական գործի ձեռագիր նյութերին, ապա գործը քննող դատարանը եզրակացրել է, որ նրա իրավունքները չեն խախտվել, քանի որ նա քննիչի կողմից հարցաքննվել է իր փաստաբանի ներկայությամբ, իրեն և իր փաստաբանին ներկայացվել են քրեական գործի նյութերը, և նրանցից որևէ մեկն այդ փուլում չի բողոքել այդ նյութերի անընթեռնելի լինելու հանգամանքից։
8. Նույն օրը գործը քննող դատարանը նաև վերացրել է քրեակատարողական հիմնարկում դիմումատուի կողմից հեռախոսազանգեր կատարելու և ստանալու արգելքը։
9. Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դիմումատուն բողոք է ներկայացրել առ այն, որ ներպետական դատարանների՝ դատական վարույթն ամբողջությամբ դռնփակ անցկացնելու որոշումը հանգեցրել է նրան, որ իր դատաքննությունը եղել է անարդար։ Նույն դրույթի համաձայն՝ նա նաև բողոքել է, որ ներպետական դատարանները հիմնվել են իր դեմ որպես ապացույց բերված անընթեռնելի ձեռագրով գրված նյութերի վրա։ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի համաձայն՝ դիմումատուն նաև բողոքել է, որ քննության և դատաքննության ժամանակ իր հեռախոսային խոսակցությունների սահմանափակման մասով միջամտել են հաղորդակցության գաղտնիության իրավունքին։
ԴԱՏԱՐԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
Հրապարակային դատաքննության իրավունքի բացակայության մասով ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
10. Դատարանը նշում է, որ այս բողոքը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով ակնհայտ անհիմն չէ, կամ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի:
11. Դատական վարույթի հրապարակային լինելուն վերաբերող ընդհանուր սկզբունքները և այդ սկզբունքից շեղումներն ամփոփվել են Բելաշևն ընդդեմ Ռուսաստանի [Belashev v. Russia ] (թիվ 28617/03, §§ 79-80, 2008 թվականի դեկտեմբերի 4), Վելկեն և Բիալեկն ընդդեմ Լեհաստանի [Welke and Białek v. Poland] (թիվ 15924/05, §§ 73-74, 2011 թվականի մարտի 1) և Յեմն ընդդեմ Միացյալ Թագավորության [Yam v. the United Kingdom] (թիվ 31295/11, §§ 52-57, 2020 թվականի հունվարի 16) գործերում: Մասնավորապես Դատարանը հրապարակային դատաքննության իրավունքը մեկնաբանելիս կիրառել է խիստ անհրաժեշտության չափանիշը՝ անկախ այն հանգամանքից, թե հրապարակայնության բացակայության ինչպիսի հիմնավորում է ներկայացվում իրավազորության շրջանակներում։ Ուստի հանրության ներկայությունը քրեական գործով դատաքննությանը չթույլատրելուց առաջ ներպետական դատարանը պետք է հստակ եզրահանգում անի, որ դռնփակ դատաքննությունն անհրաժեշտ է պետության գերակա շահի պաշտպանության տեսակետից, և գաղտնիությունը պետք է պահվի այնքանով, որքանով անհրաժեշտ է այդպիսի շահը պաշտպանելու համար (տե՛ս վերևում հիշատակված՝ Յեմի գործը, § 54, հաջորդող հղումների հետ միասին):
12. Գործը քննող դատարանը մեղադրանքի կողմի պահանջով 2010 թվականի հունվարի 22-ին որոշել է դիմումատուի ամբողջ դատավարությունն անցկացնել դռնփակ՝ համարելով, որ հրապարակային դատաքննությամբ կարող են բացահայտվել պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններ (տե՛ս վերևում՝ 4-րդ պարբերությունը): Այն չի նշել, թե կոնկրետ ինչ հանգամանքներով է հիմնավորված ամբողջ դատավարությունը դռնփակ անցկացնելու իր որոշումը:
13. Թեև Դատարանն ընդունում է, որ դիտարկվող որոշումը պայմանավորված է եղել ազգային անվտանգության նկատառումներով՝ հաշվի առնելով, որ դիմումատուի դեմ հարուցված գործն առնչվում է հնարավոր պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող ապացույցների քննությանը, այն վերահաստատում է, որ գործի նյութերում գաղտնազերծված տեղեկատվության առկայությունը ինքնաբերաբար չի ենթադրում դատավարությունը հանրության համար փակ անցկացնելու անհրաժեշտություն՝ առանց հավասարակշռելու ազգային անվտանգության խնդիրները դռնբաց դատական նիստի հետ (տե՛ս վերևում հիշատակված՝ Բելեշևի գործը, § 83)։
14. Գործը քննող դատարանը չի պարզաբանել դիմումատուի գործով ամբողջ դատավարությունը դռնփակ անցկացնելու պատճառները՝ ի հակադրություն դրա միայն որոշ հատվածները դռնփակ անցկացնելու: Այն նաև որևէ միջոց չի ձեռնարկել հավասարակշռելու համար Պետության՝ իր գաղտնիքները պահպանելու շահը և արդարադատության պատշաճ իրականացման գործում հանրության վստահության վրա դիմումատուի դատավարությունը դռնփակ դատական նիստում անցկացնելու մասին որոշման բացասական ազդեցությունը (նույն տեղում, § 84): Եվ վերջապես, ոչինչ չի վկայում այն մասին, որ գործը քննող դատարանը դիտարկել է այլընտրանքային տարբերակներ, ինչպիսիք են դռնփակ նիստերի անցկացումը՝ գաղտնի նյութերի ուսումնասիրության մասով, սակայն նախընտրել է դռնփակ անցկացնել ամբողջ դատավարությունը հանրության համար: Ընդհանուր առմամբ չի ապացուցվել, որ ամբողջ դատավարությունը դռնփակ անցկացնելը համապատասխանում է խիստ անհրաժեշտության չափանիշին։
15. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում։
ՄՆԱՑԱԾ ԲՈՂՈՔՆԵՐԸ
16. Դիմումատուն նաև բողոքել է իր դեմ որպես ապացույց բերված անընթեռնելի ձեռագրով գրված ցուցմունքները հիմք ընդունելուց և նախնական կալանքի տակ գտնվելու ընթացքում իր հեռախոսազանգերը սահմանափակելուց:
17. Այնուամենայնիվ, հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած բոլոր նյութերը և այնքանով, որքանով այդ բողոքները գտնվում են իր իրավասության շրջանակներում, Դատարանը գտնում է, որ դրանցով չի բացահայտվում Կոնվենցիայով կամ դրան կից արձանագրություններով սահմանված իրավունքների և ազատությունների խախտման որևէ դեպք։
Հետևաբար գանգատի այս մասն ակնհայտորեն անհիմն է և պետք է մերժվի՝ համաձայն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի և 4-րդ կետի։
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ
18. Դիմումատուն նյութական վնասի առնչությամբ որևէ պահանջ չի ներկայացրել: Նա ոչ նյութական վնասի մասով փոխհատուցման հարցը թողել է Դատարանի հայեցողությանը: Նա ծախսերի և ծախքերի դիմաց պահանջել է 8 500 եվրո:
19. Կառավարությունը վիճարկել է այս փաստարկները:
20. Դատարանը դիմումատուին շնորհում է 3 600 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ։
21. Հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը և Դատարանի նախադեպային իրավունքը՝ Դատարանը մերժում է ծախսերի և ծախքերի մասով պահանջը` համապատասխան փաստաթղթերի բացակայության պատճառով:
22. Դատարանը այնուհետև գտնում է, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Հայտարարում է, որ հրապարակային դատաքննության բացակայության վերաբերյալ բողոքն ընդունելի է, իսկ գանգատի մնացած մասը՝ անընդունելի.
2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտում՝ հրապարակային դատաքննության բացակայության մասով.
3. Վճռում է, որ՝
ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում ոչ նյութական վնասի դիմաց պետք է դիմումատուին վճարի 3 600 եվրո (երեք հազար վեց հարյուր եվրո), որը պետք է փոխարկվի պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ.
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.
4. Մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2021 թվականի դեկտեմբերի 21-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։
Իլզե Ֆրայվըրթ՝ |
Յոլիեն Շուկինգ՝ |
Բաժանմունքի քարտուղարի տեղակալ |
Նախագահ |
