Գլխավոր տեղեկություն
Տիպ
Միջազգային պայմանագիր
Тип
Инкорпорация (24.05.1989-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
Միավորված Ազգերի Կազմակերպություն (ՄԱԿ)
Дата принятия
24.05.1989

 

Ոչ պաշտոնական թարգմանություն

 

ՂԵԿԱՎԱՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ

ԻՐԱՎԱԿԱՐԳԸ ՊԱՇՏՊԱՆՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻ ԿԱՆՈՆԱԳՐՔԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

 

ՀԱՍՏԱՏՎԵԼ ԵՆ ՄԱԿ-Ի ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈՒ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 1989 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի ԲԱՆԱՁԵՎՈՎ

 

Տնտեսական և սոցիալական խորհուրդը` վկայակոչելով Գլխավոր ասամբլեայի 1979 թ. դեկտեմբերի 17-ի բանաձևը, որով Ասամբլեան ընդունել է իրավակարգը պաշտպանող պաշտոնատար անձանց վարվելակերպի կանոնագիրքը,

վկայակոչելով նաև Հանցագործությունների կանխմանը և իրավախախտների հետ վարվեցողությանը նվիրված Միավորված ազգերի կազմակերպության յոթերորդ կոնգրեսի 14 բանաձևը, որի մեջ Կոնգրեսը, ի թիվս այլ հանգամանքների, ուշադրություն է դարձրել Իրավակարգը պաշտպանող պաշտոնատար անձանց վարվելակերպի կանոնագրքի առավել արդյունավետ իրականացման ղեկավար սկզբունքներին, որոնք միջտարածաշրջանային նախապատրաստական խորհրդակցությունում մշակվել էին «Միավորված ազգերի կազմակերպության քրեական արդարադատության բնագավառի ստանդարտների և նորմերի մշակումն ու կիրառումը» թեմայով յոթերորդ կոնգրեսի համար, որն անցկացվել է 1984 թվականին, Վարենայում (Իտալիա),

քննարկելով Հանցագործությունների կանխման և դրանց դեմ պայքարի կոմիտեի զեկուցագիրը նրա տասներորդ նստաշրջանի աշխատանքի մասին, առաջնորդվելով Իրավակարգը պաշտպանող պաշտոնատար անձանց վարվելակերպի կանոնագրքի իրականացմանը նպաստելու ձգտումով,

1. հաստատում է Իրավակարգը պաշտպանող պաշտոնատար անձանց վարվելակերպի կանոնագրքի արդյունավետ իրականացման ղեկավար սկզբունքները, որոնք առաջարկվել էին Հանցագործությունների կանխման և դրանց դեմ պայքարի կոմիտեի կողմից և որոնք բովանդակում է սույն բանաձևի հավելվածը.

2. Հանցագործությունների կանխմանը և իրավախախտների հետ վարվեցողությանը նվիրված Միավորված ազգերի կազմակերպության ութերորդ կոնգրեսին և նրա նախապատրաստական խորհրդակցություններին առաջարկում է ուսումնասիրել սույն ղեկավար սկզբունքների կիրառմանն օժանդակելու ուղիներն ու միջոցները:

 

15-րդ լիագումար նիստ,
24 մայիսի 1989 թվականի

 

                                                                                                                                  Հ ա վ ե լ վ ա ծ

 

Ղեկավար սկզբունքներ
իրավակարգը պաշտպանող պաշտոնատար անձանց վարվելակերպի կանոնագրքի արդյունավետ իրականացման համար


I. ԿԱՆՈՆԱԳՐՔԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

Ա. Ընդհանուր սկզբունքներ

1. Կանոնագրքի բովանդակած սկզբունքներն արտացոլվում են ազգային օրենսդրության մեջ և կիրառվում գործնականում:

2. Կանոնագրքի 1 հոդվածում և նրա մեկնաբանություններում շարադրված նպատակներին ու խնդիրներին հասնելու համար հնարավորին չափ լայն մեկնաբանություն է տրվում «իրավակարգը պաշտպանող պաշտոնատար անձ» ձևակերպմանը:

3. Կանոնագիրքը կիրառվում է իրավակարգը պաշտպանող բոլոր պաշտոնատար անձանց նկատմամբ` անկախ նրանց գերատեսչական ենթակայությունից:

4. Կառավարություններն անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում հիմնական ուսուցման ընթացքում և վերապատրաստման ու որակավորման բարձրացման հետագա բոլոր դասընթացներում իրավակարգը պաշտպանող պաշտոնատար անձանց ծանոթացնելու ազգային օրենսդրության այն դրույթներին, որոնք կապված են Կանոնագրքի հետ, ինչպես նաև մարդու իրավունքների հարցի վերաբերյալ մյուս հիմնարար փաստաթղթերին:

Բ. Մասնագիտական հարցեր

1. Ընտրություն, ուսուցում և պատրաստում: Առաջնահերթ նշանակություն է տրվում իրավակարգը պաշտպանող անձանց ընտրությանը, ուսուցմանն ու պատրաստմանը: Կառավարությունները օժանդակում են նաև ուսուցմանն ու պատրաստմանը տարածաշրջանային մակարդակներով փորձի արդյունավետ փոխանակման միջոցով:

2. Ռոճիկը և աշխատապայմանները: Իրավակարգը պաշտպանող բոլոր պաշտոնատար անձինք պատշաճ վարձատրություն են ստանում և ապահովվում պատշաճ աշխատապայմաններով:

3. Կարգապահություն և հսկողություն: Արդյունավետ մեխանիզմներ են ստեղծվում ներքին կարգապահության և արտաքին վերահսկողության ապահովման, ինչպես նաև իրավակարգը պաշտպանող պաշտոնատար անձանց նկատմամբ հսկողության համար:

4. Հասարակության ներկայացուցիչների գանգատներ: Վերը 3 կետում հիշատակված մեխանիզմների շրջանակներում հատուկ դրույթներ են նախատեսվում իրավակարգը պաշտպանող պաշտոնատար անձանց հասցեին հասարակայնության ներկայացուցիչներից գանգատներ ընդունելու և քննարկելու համար, իսկ հասարակայնությունը իրազեկ է պահվում նման դրույթների գոյության մասին:

 

II. ԿԱՆՈՆԱԳՐՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

Ա. Ազգային մակարդակով

1. Իրավակարգը պաշտպանող բոլոր պաշտոնատար անձինք և համապատասխան իրավասու իշխանությունները պետք է Կանոնագիրքն ունենան իրենց մայրենի լեզվով:

2. Կառավարությունները տարածում են Կանոնագիրքը և այն ուժի մեջ մտցնող բոլոր ներքին օրենքները, որպեսզի ապահովվի լայն հասարակայնությանը նրա բովանդակած սկզբունքներին ու կանոններին ծանոթացնելը:

3. Կանոնագրքի կիրառմանն օժանդակելու միջոցները քննարկելիս կառավարությունները գիտաժողովներ են կազմակերպում մարդու իրավունքների պաշտպանության և հանցագործությունների կանխման գործում իրավակարգը պաշտպանող պաշտոնատար անձանց ունեցած դերի և գործառույթների մասին:

Բ. Միջազգային մակարդակով

1. Կառավարությունները, համապատասխան ժամանակամիջոց անց, բայց ոչ ուշ, քան հինգ տարին մեկ, Գլխավոր քարտուղարին իրազեկ են պահում, թե որքանով է իրականացվում Կանոնագիրքը:

2. Գլխավոր քարտուղարը պարբերաբար զեկուցագրեր է պատրաստում Կանոնագրքի իրականացման գործում ձեռք բերված առաջընթացի մասին, հաշվի առնելով նաև Տնտեսական և սոցիալական խորհրդին առընթեր խորհրդակցական կարգավիճակ ունեցող մասնագիտացված հիմնարկների, համապատասխան միջկառավարական կազմակերպությունների դիտողություններն ու համագործակցությունը:

3. Որպես վերը նշված զեկուցագրերի մաս` կառավարությունները Գլխավոր քարտուղարին են ուղարկում Կանոնագրքի կիրառմանը վերաբերող օրենքներից, որոշումներից ու վարչական հրահանգներից արված քաղվածքների օրինակներ, ցանկացած այլ հաղորդում նրա իրականացման վերաբերյալ, ինչպես նաև տեղեկություններ նրա կիրառման հնարավոր դժվարությունների մասին:

4. Գլխավոր քարտուղարը վերոհիշյալ զեկուցագրերը ներկայացնում է Հանցագործությունների կանխման և դրանց դեմ պայքարի կոմիտեին` քննարկման և, անհրաժեշտության դեպքում, հետագա միջոցների ձեռնարկման համար:

5. Գլխավոր քարտուղարը Կանոնագիրքը և սույն Ղեկավար սկզբունքները տարածում է բոլոր պետությունների և համապատասխան միջկառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների շրջանում, Միավորված ազգերի կազմակերպության բոլոր պաշտոնական լեզուներով:

6. Իր խորհրդատվական ծառայությունների, տեխնիկական համագործակցության ու զարգացման ծրագրերի շրջանակներում Միավորված ազգերի կազմակերպությունը

ա) կառավարությունների խնդրանքով նրանց տրամադրում է փորձագետների, տարածաշրջանային ու միջտարածաշրջանային խորհրդատուների ծառայություններ` Կանոնագրքի դրույթների իրականացման խնդրում օգնություն ցույց տալու նպատակով.

բ) օժանդակում է ազգային և տարածաշրջանային ուսումնական սեմինարների և այլ խորհրդակցությունների կազմակերպմանն ու անցկացմանը այն հարցերի շուրջ, որոնք վերաբերում են Կանոնագրքին, ինչպես նաև իրավակարգը պաշտպանող պաշտոնատար անձանց դերին ու գործառույթներին մարդու իրավունքների պաշտպանության և հանցագործությունների կանխման խնդրում:

7. Միավորված ազգերի կազմակերպության տարածաշրջանային կազմակերպություններին հանձնարարվում է սեմինարներ և դասընթացներ կազմակերպել Կանոնագրքի վերաբերյալ, ինչպես նաև ուսումնասիրություններ անցկացնել տարածաշրջանի երկրներում Կանոնագրքի իրականացման աստիճանի, ինչպես նաև այդ առնչությամբ ծագող դժվարությունների մասին:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան