Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Тип
Инкорпорация (24.09.1992-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԱԳՆՊՏ 2002.06.12/1(1)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.09.1992
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
12.10.1992
Дата вступления в силу
24.09.1992

 

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԿՈՐՊՈՒՍԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը, գիտակցելով երկկողմ փոխշահավետ հարաբերությունների և իրենց ազգերի միջև համագործակցության զարգացման կարևորությունը,

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Միացյալ Նահանգների կառավարությունը Հայաստանի Հանրապետության կառավարության խնդրանքով կտրամադրի Խաղաղության կորպուսի կամավորներ, որոնք կհաստատվեն Միացյալ Նահանգների կառավարության կողմից Հայաստանում համատեղ համաձայնեցված խնդիրներ կատարելու համար:

Հայաստանում կամավորները կաշխատեն երկու կառավարությունների կողմից նշանակված կառավարական և մասնավոր կազմակերպությունների անմիջական վերահսկողության ներքո: Խնդիրները առավելապես արդյունավետ ձևով կատարելու համար Միացյալ Նահանգների կառավարությունը կապահովի ուսուցմամբ` կամավորներին հնարավորություն տալով իրենց խնդիրները առավելապես արդյունավետ ձևով կատարելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը անաչառ վերաբերմունք կցուցաբերի կամավորների և Խաղաղության կորպուսի հետ պայմանագրի համաձայն գործող անձնակազմի և նրանց սեփականության հանդեպ, կտրամադրի ոչ պակաս լիակատար աջակցություն և հովանավորություն, քան ընդհանրապես դրսևորվում է Հայաստանում բնակվող ամերիկյան քաղաքացիների նկատմամբ, և Միացյալ Նահանգների կառավարության ներկայացուցիչներին տեղյակ կպահի, կխորհրդակցի և կհամագործակցի նրանց հետ կամավորներին վերաբերող բոլոր հարցերի շուրջ:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը կամավորներին և Խաղաղության կորպուսի պայմանագրի համաձայն գործող անձնակազմին կազատի իրենց ապրուստի ծախսերը հոգալու համար ստացվող գումարների և Խաղաղության կորպուսում նրանց աշխատանքից և Հայաստանից դուրս աղբյուրներից ստացվող եկամտի վրա դրվող բոլոր տեսակի հարկերից, ինչպես նաև նրանց անձնական օգտագործման համար Հայաստան մտնող նախատեսված իրերից գանձվող մաքսատուրքերից և այլ գանձումներից (ներառյալ ներգաղթի վճարումները), բացառությամբ արտոնագրային հարկերի:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Միացյալ Նահանգների կառավարությունը կամավորներին կապահովի սարքավորումների և պաշարների այնպիսի սահմանափակ քանակությամբ, որը անհրաժեշտ կհամարեն երկու կառավարությունները` կամավորներին հնարավորություն տալու իրենց խնդիրները արդյունավետ կատարելու համար: Հայաստանի Հանրապետության կառավարությունը կազատի բոլոր մաքսատուրքերից, հարկերից և այլ գանձումներից այն բոլոր սարքավորումները և պաշարները, որոնք կներմուծվեն Հայաստան կամ ձեռք կբերվեն Հայաստանում Միացյալ Նահանգների կառավարության կամ նրա կողմից ֆինանսավորվող այլ կազմակերպության կողմից` տեղում օգտագործելու նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Միացյալ Նահանգների կառավարության` սույն Համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները իրագործելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը կընդունի ներկայացուցչին, ներկայացուցչության աշխատակիցներին և նրանց ընտանիքների անմիջական անդամներին, որոնք ընդունելի կլինեն Հայաստանի Հանրապետության կառավարության համար: Հայաստանի Հանրապետության կառավարությունը այն անձանց, ովքեր Հայաստանի քաղաքացիներ կամ մշտական բնակիչներ չեն, կազատի այն եկամուտներից գանձվող հարկերից, որոնք ստացվում են Խաղաղության կորպուսի գործունեությունից կամ Հայաստանից դուրս գտնվող այլ աղբյուրներից, կազատի նաև նրանց անձնական օգտագործման համար Հայաստան ներմուծված անձնական գույքի վրա սահմանված այլ մաքսատուրքերից, հարկերից կամ այլ վճարումներից (ներառյալ ներգաղթի վճարումները), բացառությամբ արտոնագրային վճարումների: Բացի այդ, այս անձինք ու նրանց ընտանիքների անմիջական անդամները պետք է ստանան այնպիսի կարգավիճակ, որը հավասարազոր է Միացյալ Նահանգների դիվանագիտական առաքելության վարչական և տեխնիկական անձնակազմի կարգավիճակին, բացառությամբ անձեռնմխելիության:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը Միացյալ Նահանգների կառավարության կամ նրա կողմից ֆինանսավորվող կազմակերպությունների կողմից տեղում օգտագործվելու համար Հայաստան մուտք գործող բոլոր դրամական ֆոնդերը կազատի ավանդային պահանջներից և տարադրամային վերահսկողությունից: Այս ֆոնդերը կփոխարկվեն Հայաստանի տարադրամի Հայաստանի Հանրապետության ամենաբարձր պաշտոնական դրույքաչափով:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Երկու կառավարությունների համապատասխան ներկայացուցիչները կարող են ժամանակ առ ժամանակ համաձայնության գալ Խաղաղության կորպուսի կամավորներին և Հայաստանում Խաղաղության կորպուսի ծրագրերին վերաբերող այն հարցերում, որոնք անհրաժեշտ կամ ցանկալի կլինեն սույն Համաձայնագրի նպատակների իրագործման համար:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Սույն Համաձայնագրից բխող յուրաքանչյուր կառավարության նախաձեռնությունները կախված են ֆոնդերի մատչելիությունից: Սույն Համաձայնագրի սահմաններում ծագած ցանկացած վեճ երկու կառավարությունների կողմից պետք է լուծվի բարեկամաբար:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Սույն Համաձայնագիրը կարող է ժամանակ առ ժամանակ վերանայվել երկու կառավարությունների փոխադարձ համաձայնությամբ: Սույն Համաձայնագրի և համագործակցությանն օժանդակելու վերաբերյալ ապագա համաձայնագրի միջև տարաձայնության դեպքում Խաղաղության կորպուսի ծրագրին վերաբերող սույն Համաձայնագիրը կգերակայի:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի ստորագրման օրվանից և ուժի մեջ կմնա ևս 90 օր` հաշված այն օրվանից, երբ որևէ կառավարություն մյուս կառավարությանը գրավոր կծանուցի Համաձայնագիրը չեղյալ համարելու իր ցանկության մասին:

Կատարված է Վաշինգտոն քաղաքում 1992 թվականի սեպտեմբերի 24-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և անգլերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1992 թվականի սեպտեմբերի 24-ից: