Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Тип
Инкорпорация (30.06.1993-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԱԳՆՊՏ 2002.06.12/1(1)
Принят
Թուրքմենստանի Հանրապետություն
Дата принятия
30.06.1993
Дата подписания
30.06.1993
Дата вступления в силу
30.06.1993

 

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՔՍԱՏԱՆ ՄԻՋԵՎ ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության մաքսային վարչություն և Թուրքմենստանի պետական մաքսատունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր, մաքսանենգության և թմրամիջոցների ու հոգեներգործող նյութերի անօրինական առևտրի կանխման, քննության և կասեցման գործողությունների ակտիվացման նպատակով, ձգտելով զարգացնել համագործակցությունը այդ բնագավառում, պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Պայմանավորվող կողմերը կձեռնարկեն բոլոր միջոցները` ուղղված ուղևորային և բեռնային հաղորդակցությունում և փոստային փոխանակման մեջ մաքսային ստուգման արագացմանը, ինչպես նաև տրանսպորտային միջոցների, բեռների, ուղեբեռի, փոստային առաքումների, տարադրամի, այլ վճարամիջոցների և տարադրամային արժեքների ապօրինի ներմուծման, արտահանման և տարանցման կանխմանը` սույն Համաձայնագրի Կողմերի տնտեսական և այլ շահերի հնարավոր վնասից խուսափելու նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Պայմանավորվող կողմերը իրենց պետություններում գործող օրենքները և կանոնները պահպանելու պայմանով, սույն Համաձայնագրի շրջանակներում կհամագործակցեն մաքսանենգությունը և մաքսային կանոնների խախտումները, ինչպես նաև թմրամիջոցների և հոգեներգործող նյութերի ապօրինի առևտուրը կանխելու, քննելու և կասեցնելու նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Պայմանավորվող կողմերը սույն Համաձայնագրի հիման վրա համագործակցում են միմյանց հետ իրենց իրավասության սահմաններում և ներքին օրենսդրությունը պահպանելու պայմանով կփոխանակեն.

ա) տեղեկություն գործող մաքսային օրենսդրության մասին.

բ) տեղեկություն մաքսանենգության և մաքսային կանոնների խախտումների դեմ պայքարի, ինչպես նաև մաքսանենգության և թմրամիջոցների ու հոգեներգործող նյութերի անօրինական առևտրի կանխման, քննության և կասեցման գործողությունների ակտիվացման մեթոդների մասին.

գ) ստուգման տեխնիկական միջոցների, հատուկ վարժեցված շների օգտագործման փորձ.

դ) մասնագետներ` թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի մեթոդների ուսուցման նպատակով.

ե) մաքսանենգության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերով գիտական հրապարակումներ և ուսումնական դասընթացներ;

զ) տեղեկություն թմրամիջոցների և հոգեներգործող նյութերի նոր տեսակների և արտադրության վայրերի, դրանց անօրինական տեղափոխման երթուղիների և թաքցնելու եղանակների մասին.

է) տեղեկություն թմրամիջոցների և հոգեներգործող նյութերի նույնականացման և լաբորատոր ստուգման բնագավառում.

ը) տեղեկություն տարբեր երկրներում և տարածաշրջաններում թմրամիջոցների գների փոփոխության մասին.

թ) տեղեկություն թմրամիջոցների ստացման համար օգտագործվող ելակետային քիմիկատների մասին.

ժ) ինչպես բուսական, այնպես էլ սինթետիկ ծագման թմրամիջոցների իսկական նմուշներ:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Պայմանավորվող կողմերը սեփական նախաձեռնությամբ կամ հարցմամբ կարող են միմյանց տրամադրել օպերատիվ տվյալներ.

ա) այն անձանց մասին, որոնց վերաբերյալ հայտնի է, որ նրանք զբաղվում են մաքսանենգությամբ կամ թմրամիջոցների անօրինական առևտրով, կամ որոնք կասկածվում են դրանում.

բ) տրանսպորտային միջոցների, բեռների և փոստային առաքումների մասին, որոնք օգտագործվում են մաքսանենգ ապրանքների տեղափոխման համար.

գ) մաքսանենգ առարկաների հայտնաբերման և մի Կողմի տարածքից մյուս Կողմի տարածք թմրամիջոցների անօրինական տեղափոխման փաստերի մասին:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Պայմանավորվող կողմերի տրամադրած ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր տեղեկությունները կհամարվեն գաղտնի և կօգտագործվեն միայն սույն Համաձայնագրի կատարման նպատակով: Պայմանավորվող կողմերը սույն Համաձայնագրին համապատասխան ստացված տեղեկությունները չեն տրամադրում այլ գերատեսչություններին և զանգվածային լրատվության միջոցներին` առանց մյուս Պայմանավորվող կողմի համաձայնության, եթե դրանց տարածումը կարող է վնաս հասցնել մյուս Կողմի շահերին կամ Կողմերի համատեղ գործողությունների շահերին:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Եթե, 3-րդ և 4-րդ հոդվածներին համապատասխան աջակցություն ցուցաբերելու մասին հարցումով դիմելը կարող է վնասել հարցվող Կողմի ինքիշխանությանը, անվտանգությանը, իրականացվող քաղաքականությանը կամ այլ կենսականորեն կարևոր շահերին, ապա դիմումը կարող է մերժվել` հիմքերի ու շարժառիթների նշումով:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Ներքին օրենսդրության հիման վրա Պայմանավորվող կողմերը, անհրաժեշտության դեպքում, կիրականացնեն թմրամիջոցների և հոգեներգործող նյութերի հսկվող մատակարարումների մեթոդը` դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Պայմանավորվող կողմերը, ներքին օրենսդրության պահպանման պայմանով, սույն Համաձայնագրի շրջանակներում կհամագործակցեն սահմաններով մշակութային արժեքների ապօրինի տեղափոխման դեմ պայքարի ուժեղացման բնագավառում և կամրապնդեն համագործակցությունը այդ բնագավառում:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Պայմանավորվող կողմերի օրենսդրությամբ նախատեսված դեպքերում մշակութային արժեքները կարող են այդ պետություններից արտահանվել արտահանման թույլտվությամբ, որը տրվում է արտահանման պետության դրա համար լիազորված մարմնի կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Եթե Պայմանավորվող կողմերից մեկը շահագրգռված է մյուս Պայմանավորվող կողմի մաքսային մարմնի պաշտոնատար անձի` մաքսանենգության կամ մաքսային կանոնների խախտման փաստի կապակցությամբ որպես վկա կամ փորձագետ մասնակցության հարցում, ապա նա իրավունք ունի դիմել մյուս Պայմանավորվող կողմին` համապատասխան հարցումով:

Նման հարցման բավարարումը կանոնակարգվում է սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածով: Պայմանավորվող կողմերի պաշտոնատար անձինք սույն Համաձայնագրի մյուս Կողմի տարածքում գտնվելու ընթացքում պետք է ունենան իրենց պաշտոնական լիազորությունները հաստատող փաստաթուղթ:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Սույն Համաձայնագրի մեկնաբանման և կատարման հետ կապված բոլոր վիճելի հարցերը լուծվում են Կողմերի միջև բանակցությունների միջոցով:

Համաձայնագիրը կարող է փոփոխվել և լրացվել Կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

Կողմերի միջև նամակագրությունը կիրականացվի ռուսերեն:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Բոլոր կատարված փոփոխություններն ու լրացումները ընդունված կհամարվեն, եթե հաղորդելու օրվանից երեք ամսվա ընթացքում Պայմանավորվող կողմերից ոչ մեկը չի հայտնել իր առարկությունը:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Կողմերը հրաժարվում են սույն Համաձայնագրի կատարման հետ կապված ծախսերը հատուցելու պահանջներից, բացառությամբ մասնագետների այցելությունների հետ կապված ծախսերի:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և կգործի մինչև 1993 թվականի դեկտեմբերի 31-ը, որից հետո այն ինքնաբերաբար կերկարաձգվի մեկ տարի ժամկետով, եթե ժամկետի ավարտից վեց ամիս առաջ Կողմերից ոչ մեկը գրավոր չհայտարարի Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին: Կատարված է Աշխաբադ քաղաքում 1993 թվականի հունիսի 30-ին, երկու օրինակով, հայերեն, թուրքմեներեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են: Կողմերից յուրաքանչյուրը երաշխավորում է բնօրինակին համապատասխան հայերեն և թուրքմեներեն թարգմանությունները:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1993 թվականի հունիսի 30-ից: