Basic information
Number
N 77-Ն
Type
Հրաման
Act type
Исходный акт (25.07.2025-по сей день)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2025.07.21-2025.08.03 Պաշտոնական հրապարակման օրը 24.07.2025
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
18.07.2025
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
18.07.2025
Effective date
25.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

18 հուլիս 2025 թ.

N 77-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՍՐՏԱՅԻՆ ՎԻՐԱԲՈՒՅԺԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետը և 31-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը.

 

Հրամայում եմ`

 

 1. Հաստատել սրտային վիրաբույժի մասնագիտական բնութագիրը՝ համաձայն հավելվածի:

 2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

18.07.2025

Ա. ԱվանեսՅԱՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարարի

2025 թվականի հուլիս «18»-ի

թիվ 77 -Ն հրամանի

 

ՍՐՏԱՅԻՆ ՎԻՐԱԲՈՒՅԺԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1. Սրտային վիրաբույժն իրականացնում է իր մասնագիտական գործունեությունը ստացիոնար պայմաններում՝ մասնագիտացված բաժանմունքներում կամ ընդհանուր վիրաբուժության բաժանմունքների սրտային վիրաբուժության ծառայության շրջանակներում։

2. Սրտային վիրաբույժ կարող է համարվել այն անձը, ով ունի բարձրագույն բժշկական կրթություն և բժշկի որակավորում բուժական գործ կամ ընդհանուր պրակտիկայի բժիշկ մասնագիտությամբ և հետդիպլոմային կրթություն կամ նեղ մասնագիտացում սրտային վիրաբուժություն մասնագիտությամբ (կլինիկական օրդինատուրա կամ ռեզիդենտուրա), կամ մինչև 2019 թվականը կլինիկական օրդինատուրա սրտային վիրաբուժություն մասնագիտությամբ և ում կրթական փաստաթղթերը ճանաչվում են Հայաստանի Հանրապետության կողմից։

3. Սրտային վիրաբույժը կարող է անցնել նեղ մասնագիտացում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի փետրվարի 17-ի թիվ 23-Ն հրամանի։

 

2. Պաշտոնական գործառույթների իրականացման հնարավորություններ

 

4. Սրտային վիրաբույժն առողջապահության բնագավառում կարող է ստանձնել հետևյալ պաշտոնները.

1) Հիվանդանոցային բժշկական հաստատության սրտային վիրաբույժ.

2) Սրտային վիրաբուժության բաժանմունքի վարիչ.

3) Սրտային վիրաբուժության բաժանմունքի բժիշկ-օրդինատոր.

4) Սրտային վիրաբուժության ծառայության ղեկավար.

5) Բժշկական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար (տնօրեն)։

 

3. Մասնագիտական գիտելիքներ, ունակություններ և հմտություններ

 

5. Բժշկական գիտելիքներ.

1) Սրտի անատոմիա և ֆիզիոլոգիա, սաղմնաբանություն, դեղաբանություն, ախտաբանություն և միկրոկենսաբանություն.

2) Արյան արհեստական շրջանառություն, հիպոթերմիա.

3) Միոկարդի պրոտեկցիա.

4) Ախտորոշման և վարման համար կիրառվող գործիքային հետազոտություններ.

Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ), Էխոսրտագրութան հիմունքներ, սիրտ-անոթային մագնիսա-ռեզոնանսային շերտագրություն (ՄՌՇ), համակարգչային շերտագրություն (ՀՇ).

5) Պացիենտների նախավիրահատական, վիրահատական և հետվիրահատական վարում.

6) Սրտի իշեմիկ հիվանդության և վերջինիս բարդությունների վիրաբուժական վարում.

7) Սրտի փականային (աորտալ, թոքային, միտրալ, եռփեղկ) հիվանդությունների վիրաբուժական վարում.

8) Աորտայի հիվանդությունների (սուր աորտալ համախտանիշ, աորտայի անևրիզմա, աորտայի սուր տրավմատիկ վնասում) վիրաբուժական վարում.

9) Ինֆեկցիոն էնդոկարդիտի վիրաբուժական վարում.

10) Առիթմիաների վիրաբուժական վարում.

11) Սրտի վնասվածքների վիրաբուժական վարում.

12) Սրտի բարորակ (միքսոմա, լիպոմա և այլն) և չարորակ (անգիոսարկոմա, ռաբդոմիոսարկոմա, մեզոթելիոմա, ֆիբրոսարկոմա, չարորակ լիմֆոմա, էքստրասկելետային օստեոսարկոմա և այլն) ուռուցքների մորֆոլոգիայի, կլինիկական նշանների, ախտորոշման չափանիշների, վիրահատության ցուցումների ու հակացուցումների և վիրաբուժական վարում.

13) Կարդիոմիոպաթիաների վիրաբուժական վարում.

14) Սրտային անբավարարության վիրաբուժական վարում` սիրտ-թոքային փոխարինման կարճատև և երկարատև գործիքների կիրառմամբ.

15) Սրտի փոխպատվաստում.

16) Պերիկարդի հիվանդությունների վիրաբուժական վարում.

17) Թոքային զարկերակի հիվանդությունների վիրաբուժական վարում.

18) Մեծահասակների մոտ բնածին արատների վիրաբուժական վարում.

19) Մանկական և բնածին սրտային արատներով հիվանդների ինտենսիվ վարում.

20) Նորածնային բնածին արատներով հիվանդների վիրաբուժական վարում.

21) Էքստրակորպորալ թաղանթային օքսիգենացիայի վարում.

22) Հիվանդությունների համաճարակաբանության հիմունքների տիրապետում.

 6. Բժշկական հատուկ գիտելիքներ. սրտային վիրաբույժը պետք է.

1) Ունենա գիտելիքներ՝ սրտի սաղմնաբանության, անատոմիայի, ֆիզիոլոգիայի և էլեկտրոֆիզիոլոգիայի վերաբերյալ.

2) Կարողանա տարբերակել սրտի հիվանդությունների կլինիկական դրսևորումները.

3) Ունենա գիտելիքներ սրտի իշեմիկ հիվանդության, առաջացման էթիոպաթոգենեզի, վիրաբուժության ցուցումների և բարդությունների վերաբերյալ.

4) Ունենա գիտելիքներ սրտի փականային հիվանդությունների առաջացման էթիոպաթոգենեզի, վիրաբուժության ցուցումների և բարդությունների վերաբերյալ.

5) Ունենա գիտելիքներ սուր աորտալ համախտանիշի առաջացման էթիոպաթոգենեզի, վիրաբուժության ցուցումների և բարդությունների վերաբերյալ.

6) Ունենա գիտելիքներ սրտի բնածին արատների էմբրիոլոգիայի խանգարումների, առաջացման էթիոպաթոգենեզի, վիրաբուժության ցուցումների և բարդությունների վերաբերյալ.

7) Ունենա գիտելիքներ սրտի ռիթմի խանգարումների, ինֆեկցիոն էնդոկարդիտի, պերիկարդի հիվանդությունների, սրտի ուռուցքների, միջնորմաբորբերի առաջացման էթիոպաթոգենեզի, վիրաբուժության ցուցումների և բարդությունների վերաբերյալ.

8) Ունենա մանրամասն գիտելիքներ սրտի իշեմիկ հիվանդության(ՍԻՀ), սրտի փականային հիվանդության (ՍՓՀ), սուր աորտալ համախտանիշի (ՍԱՀ), սրտի բնածին արատների (ՍԲԱ), կարդիոմիոպաթիաների (ԿՄՊ), ձախ փորոքի անևրիզմաների (կեղծ և իսկական) և հետինֆարկտային փորոքային միջնապատի արատների (որպես ՍԻՀ բարդություններ) պաթոգենեզի վերաբերյալ, իմանա դրանց դասակարգումը, առաջացման պատմությունը և տիրապետի վիրաբուժական բուժման արդիական մեթոդներին.

9) Իմանա հիվանդության տարածվածության աստիճանի, հիվանդության ակտիվության, արտասրտային դրսևորումների, բարդությունների, բուժման համար կիրառվող տարբեր դեղամիջոցների մասին։

10) Իմանա բուժման հասանելի տարբերակների մասին՝ հաշվի առնելով հիվանդության ֆենոտիպային բնութագիրը, տարածվածությունը և ընթացքը, ակտիվությունը, նախկին բուժման պատմությունը և բարդությունները.

11) Իմանա սքրինինգային թեստերը, որոնք անհրաժեշտ են որևէ բուժում սկսելուց առաջ, դրանք ենթադրում են ախտանիշների վրա հիմնված գնահատման համակարգեր և հիվանդության ակտիվության վերաբերյալ թեստեր.

12) Կարողանա բիոպսիայի արդյունքները մեկնաբանել հիստոպաթոլոգների հետ միասին.

13) Ունենա գիտելիքներ սրտային հիվանդություններով պացիենտների ախտորոշման և վարման համար կիրառվող պատկերավորման եղանակների մասին (ՄՌՇ, ՀՇ սկանավորում, տրանսթորակալ և տրանսէզոֆագոդրաֆիկ Էխոսրտագրության վերաբերյալ).

14) Կարողանա իրականացնել սրտի իշեմիկ հիվանդության ախտորոշում, մանրամասն գիտելիքներ ունենա ՍԻՀ –ի մասին՝ վիրահատական բուժման համար.

15) Կարողանա մեկնաբանել ախտորոշիչ հետազոտությունների՝ ԷԿԳ, ԷԽՍԳ, կորոնագրաֆիայի արդյունքները.

16) Կարողանա ախտորոշել և բուժել փականային հիվանդությունները` աորտալ փականի ստենոզ, աորտալ փականի անբավարարություն և խառը՝ անբավարարություն և ստենոզ, միտրալ փականի ստենոզ, միտրալ փականի անբավարարություն, և խառը՝ անբավարարություն և ստենոզ: Եռփեղկ փականի անբավարարություն, ինչպես նաև համակցված փականային հիվանդությունները.

17) Տիրապետի վիրաբուժական վարման ցուցումներին, տարբերակներին, դրանց բարդություններին.

18) Ունենա մանրամասն գիտելիքներ վերջին ուղեցույցների մասին.

19) Ունենա հմտություններ տեխնիկապես իրականացնելու փականների պրոթեզավորման և պլաստիկայի վիրահատություններ.

20) Կարողանա ախտորոշել և բուժել սուր աորտալ համախտանիշը.

21) Տիրապետի վիրաբուժական վարման ցուցումներին, տարբերակներին, դրանց բարդություններին.

22) Ունենա հմտություններ տեխնիկապես իրականացնելու աորտայի արմատի` աորտայի և աորտայի աղեղի պրոթեզավորման վիրահատություններ.

23) Կարողանա վիրահատել սրտի բնածին արատները` բաց զարկերակային ծորան, միջնախասրտային միջնապատի արատներ, միջփորոքային միջնապատի արատներ, Ֆալլոյի տետրադա, մագիստրալ անոթների տրանսպոզիցիա, աորտայի կոարկտացիա, միափորոք սիրտ և այն.

24) Տիրապետի վիրաբուժական և ոչ վիրաբուժական վարման ցուցումներին, տարբերակներին, դրանց բարդություններին.

25) Սրտային վիրաբույժը պետք է կարողանա իրականացնել.

ա. ինֆեկցիոն էնդոկարդիտի վիրաբուժական վարում.

բ. առիթմիաների վիրաբուժական վարում.

գ. սրտի վնասվածքների վիրաբուժական վարում.

դ. սրտի ուռուցքների վիրաբուժական վարում.

ե. կարդիոմիոպաթիաների վիրաբուժական վարում.

զ. սրտային անբավարարության վիրաբուժական վարում, սիրտ-թոքային փոխարինման կարճատև և երկարատև գործիքներ.

է. սրտի փոխպատվաստում.

ը. պերիկարդի հիվանդությունների վիրաբուժական վարում.

թ. թոքային զարկերակի հիվանդությունների վիրաբուժական վարում.

ժ. մեծահասակ բնածին արատների վիրաբուժական վարում.

ժա. մանկական և բնածին սրտային հիվանդություններով հիվանդների ինտենսիվ վարում.

ժբ. էքստրակորպորալ թաղանթային օքսիգենացիայի վարում.

ժգ. հիվանդության դասակարգումը՝ ըստ ՀՄԴ-ի:

 

4. Այլ հմտություններ

 

7. Սրտային վիրաբույժը պետք է ունենա.

1) հաղորդակցման հմտություններ.

2) վեճերի լուծման հմտություններ.

3) բժշկական օգնության ու սպասարկման ոլորտի օրենսդրության իմացություն:

 

5. Ընդհանուր ունակություններ

 

8. Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններ. սրտային վիրաբույժը պետք է տիրապետի բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի թիվ 182-Ն որոշման։

9. Տեխնիկական հմտություններ. սրտային վիրաբույժը պետք է կարողանա.

1) պահպանել տեղեկատվական անվտանգության կանոնները․

2) իրականացնել բժշկական վիճակագրական տեղեկատվության վերլուծություն․

3) վարել համապատասխան բժշկական փաստաթղթեր․

4) տիրապետել թվային առողջապահության հիմունքներին․

5) տիրապետել տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հիմունքներին` իր մասնագիտական գործունեությունում այն օգտագործելու նպատակով.

6) աշխատել բժշկական սարքավորումների հետ:

 

6. Միջդիսցիպլինար համագործակցություն, թիմային աշխատանքի հմտություններ և առաջնորդություն

 

10. Սրտային վիրաբույժնը պետք է կարողանա.

1) իրականացնել թիմային աշխատանք և առաջնորդություն․

2) համագործակցել ոլորտի այլ մասնագետների հետ։

 

7․ Սրտային վիրաբույժի իրավունքները և պարտականությունները

 

11. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով սահմանված բուժաշխատողների իրավունքները և պարտականությունները տարածվում են սրտային վիրաբույժի վրա։

8. Կոմպետենտությունների մակարդակները սրտային վիրաբուժություն մասնագիտությամբ հետբուհական ուսումնառության (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) ընթացքում

12. Մասնագիտական ուսումնառության (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) ընթացքում ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակները ցույց են տալիս ուսումնառողի ժամանակի կառավարման, խնդիրների լուծման և առանց մշտական հսկողության կամ առաջնորդության ինքնուրույն մասնագիտական գործունեություն իրականացնելու պատրաստակամությունն ու կարողությունը` ըստ Աղյուսակի:

13. Ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակներն են.

1) Մակարդակ 1. Օպտիմալ ախտորոշման կամ բուժական մեթոդի ընտրության և դրա արդյունքների ճիշտ մեկնաբանման կամ հետազոտության և բուժման հետագա մարտավարությունը որոշելու փորձ: Այս մակարդակը չի ենթադրում միջամտության ինքնուրույն կատարում, սակայն ընթացակարգին մասնակցելը կարող է օգտակար լինել:

2) Մակարդակ 2. Բացի 1-ին մակարդակից նաև, գործնական հմտություններ են պահանջվում (բայց ոչ որպես անկախ մասնագետ): Ղեկավարի հսկողության և ղեկավարության ներքո հատուկ ընթացակարգերին աջակցելու փորձը պարտադիր է: Այս մակարդակը ենթադրում է նաև որոշ միջամտություններ ինքնուրույն կատարելու ունակություն, բայց ստանդարտ ցուցումների համար և ոչ բարդ իրավիճակներում:

3) Մակարդակ 3. Բացի 2-րդ մակարդակից, անհրաժեշտ է ինքնուրույն որոշել ցուցումները, կատարել ընթացակարգը, մեկնաբանել դրա արդյունքները և կառավարել հնարավոր բարդությունները (իր ղեկավար՝ բժիշկ մասնագետի հսկողությամբ):

 

Աղյուսակ

Բժշկական

միջամտություն

Կոմպետենտության

աստիճան

Կոմպետենտության մակարդակ

1․ Իրականացվող բոլոր բժշկական միջամտությունների դիտորդ կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ

Դիտորդ

1

2․ Իրականացվող բոլոր բժշկական միջամտություններին հսկողության ներքո մասնակից կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ

Ոչ լիարժեք կամ մասնակի կոմպետենտություն

2

3․ Իրականացվող բոլոր բժշկական միջամտությունները հսկողության ներքո ինքնուրույն կատարող կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ

Լիարժեք

կոմպետենտություն

3

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հուլիսի 2025 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation