Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Тип
Инкорпорация (14.12.1995-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԱԳՆՊՏ 2002.06.12/1(1)
Принят
Հնդկաստանի Հանրապետություն
Дата принятия
14.12.1995
Дата подписания
14.12.1995
Дата вступления в силу
14.12.1995

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԱՐՎԵՍՏԻ, ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ, ՍՊՈՐՏԻ ԵՎ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Հնդկաստանի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

ղեկավարվելով պատմական և ավանդական բարեկամությամբ,

հռչակելով իրենց ձգտումը` զարգացնել և ամրապնդել բարեկամությունն ու համագործակցությունը երկու երկրների միջև մշակույթի, արվեստի, կրթության, տուրիզմի, սպորտի և զանգվածային լրատվության միջոցների բնագավառներում,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հոդված 1

 

Կողմերը հռչակում են իրենց ձգտումը` պահպանել և ամրապնդել համագործակցությունը մշակույթի, արվեստի, կրթության, տուրիզմի, սպորտի և զանգվածային լրատվության միջոցների բնագավառներում:

 

Հոդված 2

 

Կողմերը ցանկություն են հայտնում զարգացնել փոխադարձ մշակութային փոխանակումները, խթանել համագործակցությունը և նպաստել երկու Կողմերի կրթական, գիտական, մշակութային, սպորտային և հետազոտական հաստատությունների միջև հարաբերությունների զարգացմանը:

 

Հոդված 3

 

Կողմերից յուրաքանչյուրը, իր սեփական պահանջների և հնարավորությունների սահմաններում, կընդունի մյուս Կողմի երաշխավորած քաղաքացիներին` կրթական, մշակութային, գիտական, տեխնիկական հաստատություններում ուսման, վերապատրաստման, հետազոտական աշխատանքների իրականացման և մասնագիտացման նպատակներով:

 

Հոդված 4

 

Կողմերից յուրաքանչյուրը, ելնելով սույն Համաձայնագրի նպատակներից, համաձայն իր երկրի օրենսդրության և կանոնակարգերի, մյուս երկրի քաղաքացիներին հնարավորություններ կընձեռի գիտական, ուսումնական և գիտահետազոտական աշխատանքների համար օգտվելու գրադարաններից, պատկերասրահներից, արխիվներից և այլ մշակութային հաստատություններից:

 

Հոդված 5

 

Կողմերը սույն Համաձայնագրի նպատակների համար, ըստ յուրաքանչյուր երկրի օրենսդրության, կքննարկեն իրենց երկրում մշակութային հաստատությունների ստեղծման հնարավորությունը:

 

Հոդված 6

 

Կողմերը կաշխատեն դյուրացնել երկու երկրների համալսարանների և կրթական այլ օջախների գիտական աստիճանների, վկայագրերի և վկայականների ճանաչումը:

 

Հոդված 7

 

Կողմերը կնպաստեն երկու երկրների միջև համագործակցությանը կինեմատոգրաֆիայի, հեռուստատեսության և ռադիոյի միջոցով:

 

Հոդված 8

 

Կողմերը հնարավորության սահմաններում կաջակցեն սպորտի բնագավառում երկու երկրների համագործակցությանը:

 

Հոդված 9

 

Կողմերը հնարավորության սահմաններում կաջակցեն զբոսաշրջության բնագավառում երկու երկրների համագործակցությանը:

 

Հոդված 10

 

Կողմերը կձեռնարկեն և կապահովեն հնարավոր բոլոր միջոցները սույն Համաձայնագրի կատարումը դյուրացնելու համար:

 

Հոդված 11

 

Սույն Համաձայնագրի դրույթների իրականացման նպատակով Կողմերը համաձայնեցին ստեղծել յուրաքանչյուր Կողմից հավասար քանակությամբ ներկայացուցիչներից բաղկացած խումբ: Խմբի նպատակները կլինեն`

ա) մշակել փոխանակումների մանրամասն ծրագիր, և

բ) պարբերաբար միմյանց տեղեկացնել Համաձայնագրի կատարման նկատմամբ հսկողության մասին: Խումբը կհանդիպի ըստ անհրաժեշտության:

 

Հոդված 12

 

Սույն Համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կարող են կատարվել Կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

 

Հոդված 13

 

Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից, ուժի մեջ կմնա 5 տարի ժամկետով և ինքնաբերաբար ամեն անգամ կերկարաձգվի հաջորդ 5 տարվա համար, եթե Կողմերից մեկը սույն Համաձայնագրի ժամկետի ավարտից վեց ամիս առաջ գրավոր չտեղեկացնի մյուս Կողմին նրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

Համաձայնագրի դադարեցումը չի ազդի իրականացված կամ ընթացքի մեջ գտնվող ծրագրերի վրա` մինչև նրանց ավարտը:

 

Կնքված է Նյու Դելի քաղաքում 1995 թվականի դեկտեմբերի 14-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, հնդկերեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Կասկածի դեպքում անգլերեն տեքստը գերակայում է:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1995 թվականի դեկտեմբերի 14-ից: