Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Тип
Инкорпорация (31.05.1994-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԱԳՆՊՏ 2002.06.12/1(1)
Принят
Հայաստանի Հանրապետություն
Дата принятия
31.05.1994
Дата подписания
31.05.1994
Дата вступления в силу
31.05.1994

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵՂՐՈՒ ՇՐՋԱՆԻ ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԱՆԴԻ ԳԱՎԱՌԻ ՄԻՋԵՎ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կողմից Մեղրու շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահը և Իրանի Իսլամական Հանրապետության կողմից Մարանդի գավառապետը Ագարակ-Նորդուզ շրջաններում ընդհանուր շուկա հիմնելու և երկու երկրների սահմանամերձ շրջաններում առևտրական համագործակցության, ապրանքափոխանակության և ապրանքների առուծախի վերաբերյալ համաձայնության եկան հետևյալի շուրջ.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Հայաստանի Հանրապետության Մեղրու շրջանի և Իրանի Իսլամական Հանրապետության Մարանդի գավառի միջև կազմակերպել սահմանամերձ առևտուր: Սահմանամերձ առևտուրը իրականացվելու է ՀՀ Մեղրու և Իրանի Իսլամական Հանրապետության Մարանդի գավառի` այդ նպատակի համար առանձնացված տարածքներում (այսուհետ` շուկա):

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Սույն Համաձայնագրով նախատեսված սահմանամերձ առևտրին թույլատրվում են բոլոր այն ապրանքները, որոնք, համաձայն Կողմերի գործող օրենսդրության, չունեն արգելքներ և սահմանափակումներ, դրանք սահմանում են ներմուծելու և արտահանելու համար:

Կողմերը պայմանավորվեցին տեղեկացնել միմյանց իրենց կառավարությունների կողմից արտահանման համար չթույլատրված ապրանքների ցանկի և դրա փոփոխությունների մասին:

Սահմանամերձ առևտրին ներկայացվող ապրանքների ծավալները չեն սահմանափակվում:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Սահմանամերձ առևտրի տարածքում ներկայացվող ապրանքները, ինչպես նաև նրանց նմուշները ազատվում են Կողմերի օրենսդրությամբ նախատեսված մաքսային տուրքերից:

Սահմանամերձ առևտրի տարածքում առևտրական գործարքները իրագործվելու են Կողմերի ֆիզիկական անձանց միջև` Կողմերի ներքին օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Կողմերը համաձայնեցին մի շուկայից մյուս շուկան առևտրական գործարքներ իրականացնող անձանց և ապրանքների շարժման հետևյալ կանոնակարգին`

Կողմերը լիազորում են սահմանամերձ շուկաների տնօրեններին գրանցել 40-ական առևտրական գործարք իրականացնող անձ, որոնց թույլատրվում է իրենց պետությունների տարածքներում գործող շուկայում ունենալ առևտրի կետեր և անարգելք այցելել միմյանց շուկաների տարածքը:

Այդ նպատակով առևտրական գործարքներ իրականացնող անձինք, շուկաների սպասարկող անձնակազմը և շուկաների տնօրինությունների ներկայացուցիչները ստանում են երկու Կողմերի իշխանությունների հետ համաձայնեցված անցագիր, որի ձևը կցվում է սույն Համաձայնագրին: Անցագրի արտաքին տեսքը տարբեր խմբերի համար տարբեր է:

Անցագիր ստացող, առևտրական գործարքներ իրականացնող անձանց ցուցակները փոխանակվում են շուկաների ղեկավարների միջև: Անցագրերը ստորագրվում են շուկաների տնօրինությունների ղեկավարների համար` տեղական իշխանությունների կողմից, առևտրական գործարքներ իրականացնող անձանց և շուկաների սպասարկող անձնակազմի համար` շուկայի ղեկավարների կողմից:

Հիշյալ անցագիրը ստացած` առևտրական գործարքներ իրականացնող անձը ձեռք է բերում շուկայի աշխատանքային օրերին անխափան անցուդարձ կատարելու իրավունք երկու շուկաների միջև:

Կողմերը պարտավորվում են`

- մաքսային և սահմանապահ ծառայությունները որևէ խոչընդոտ չեն ստեղծի առևտրական գործարքներ իրականացնող անձանց անցուդարձի և ապրանքների փոխադրումների համար,

- միմյանց առևտրական գործարքներ իրականացնող անձանց ազատել որևէ պարտադիր վճարումներից:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Սահմանամերձ առևտրի գոտում առևտուրը իրականացնում են ապրանքների վաճառքի, ինչպես նաև փոխանակման ձևով:

Սահմանամերձ առևտրի գոտում առևտուրը կարող է կատարվել, Կողմերի փոխադարձ պայմանավորվածությամբ, Կողմերի ազգային դրամով կամ տարադրամով:

 

 ՀՈԴՎԱԾ 6

 

Առևտրի գոտին աշխատում է շաբաթվա հինգ օրերը` ժամը 9-ից մինչև 16-ը, բացի երեքշաբթի և չորեքշաբթի օրերից:

Հասարակական կարգի և օրինականության ապահովումը սահմանամերձ առևտրի տարածքում և նրա շուրջը իրականացնում են Կողմերի լիազորված մարմինները: Բացառիկ դեպքերում` համաճարակի, տարերային աղետների և այլն, Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կարող է ժամանակավորապես սահմանափակել մուտքը իր տարածք` նախապես` 24 ժամ առաջ, տեղեկացնելով մյուս Կողմին: Կողմերը պայմանավորվեցին ազգային և այլ տոն օրերի և այլ ոչ աշխատանքային օրերի մասին 7 օր առաջ տեղեկացնել միմյանց:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Կողմերը պարտավորվում են սահմանամերձ առևտրի տարածքում ստեղծել առևտուրն իրականացնելու անհրաժեշտ պայմաններ:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է այնքան ժամանակ, քանի դեռ Կողմերից մեկը ոչ ուշ, քան 3 ամիս առաջ մյուս Կողմին գրավոր չի ծանուցել Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

Կատարված է 1994 թվականի մայիսի 31-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և պարսկերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1994 թվականի մայիսի 31-ից: