Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԻՋԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՎ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼՈՒ ԵՎ ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը և Տաջիկստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային կոմիտեն, այսուհետ` Կողմեր,
նկատի ունենալով, որ մշակութային արժեքները հանդիսանում են ժողովուրդների քաղաքակրթության և մշակույթի զարգացման բաղկացուցիչ մասերից մեկը,
ընդունելով, որ մշակութային արժեքների ապօրինի արտահանումը, տարանցումը և ներմուծումը վնաս են հասցնում ժողովուրդների մշակութային սեփականությանը, որի պահպանմանը պետք է աջակցեն պետությունների մաքսային և իրավասու այլ մարմինները,
ձգտելով ուժեղացնելու պայքարը պետական սահմաններով մշակութային արժեքների ապօրինի փոխադրման դեմ և ամրապնդել մաքսային համագործակցությունը այդ բնագավառում,
պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1
Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նշված պետություններից մշակութային արժեքները կարող են արտահանվել արտահանման թույլտվության առկայությամբ:
Սույն Համաձայնագրով մշակութային արժեքներ հասկացությունը որոշվում է Կողմերից յուրաքանչյուրի ներքին օրենսդրության համաձայն:
ՀՈԴՎԱԾ 2
Արտահանող պետության լիազորված մարմինները տալիս են արտահանման թույլտվություններ: Արտահանման թույլտվությունները ուղեկցում են արտահանվող մշակութային արժեքները:
Կողմերի մաքսային ծառայությունները փոխանակում են միմյանց հետ անհրաժեշտ քանակության թույլտվությունների ձևաթղթերի օրինակները և թույլտվությունների վավերացման կնիքների դրոշմվածքները:
ՀՈԴՎԱԾ 3
Մշակութային արժեքներ փոխադրող ֆիզիկական անձինք կամ իրավաբանական անձանց ներկայացուցիչները պարտավոր են Կողմերի մաքսային ծառայություններին հայտարարել իրենց մոտ առկա արժեքների մասին և դրանք արտահանման թույլտվության հետ միասին ներկայացնել մաքսային ծառայություններին` վերահսկողության իրականացման համար:
Մշակութային արժեքների արտահանման թույլտվության բացակայության դեպքում վերջիններիս արտահանումը կանխվում է և այդ մասին անհապաղ տեղեկացվում է Կողմերից մեկը, որի տարածքից այդ արժեքները արտահանվել են: Նման դեպքերում մշակութային արժեքների արտահանման թույլտվության ներկայացման համար հատկացվում է ժամանակ, որը չպետք է անցնի երկու ամսից:
ՀՈԴՎԱԾ 4
Կողմերը համաձայնեցին ապահովել.
արտահանման թույլտվություններով չուղեկցվող հայտնաբերված մշակութային արժեքների հետ վերադարձնելը արտահանման պետությանը,
մշակութային արժեքների ապօրինի փոխադրման հանցանքի մեջ բռնված անձանց պատասխանատվության ենթարկելու դեպքում արժեքների հետ վերադարձման գործը արտահանման պետություն կատարվում է այդ անձանց նկատմամբ պատասխանատվության մասին որոշումը օրինական ուժի մեջ մտնելուց հետո,
նշանակել իրենց կողմից լիազորված ներկայացուցիչներ հետ վերադարձման ենթակա մշակութային արժեքների հանձնման և ընդունման համար,
մշակութային արժեքների վերաբերյալ տեղեկությունների փոխադարձ փոխանակում, որոնք, ըստ Կողմերի օրենսդրության, կարող են արտահանվել արտահանման թույլտվության համաձայն, ինչպես նաև այն արժեքների նկատմամբ, որոնք արտահանման ենթակա չեն:
ՀՈԴՎԱԾ 5
Կողմերի մաքսային ծառայությունների կողմից առգրավված մշակութային արժեքները հետ են վերադարձվում դրա համար անմիջականորեն լիազորված ներկայացուցիչներին` սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, և մշակութային արժեքների հետ վերադարձման հետ կապված բոլոր պահանջները քննարկվում են արտահանած պետության կողմից:
ՀՈԴՎԱԾ 6
1. Կողմերը սույն Համաձայնագրի կիրառման համար միմյանց նկատմամբ կցուցաբերեն փոխադարձ անհատույց օգնություն, բացառությամբ մասնագետների այցելությունների (եթե Կողմերից մեկը այդ անհրաժեշտ է համարում), առգրավված մշակութային արժեքների պահպանման կամ ներմուծման պետությունից արտահանված պետություն փոխադրման հետ կապված ծախսերի: Նշված ծախսերը հատուցվում են այդ արժեքները արտահանած պետության մաքսային ծառայությունների կողմից:
2. Սույն Համաձայնագրին համապատասխան` մշակութային արժեքները, որոնք պետք է հետ վերադարձվեն, ոչ մի մաքսային կամ այլ վճարումների չեն ենթարկվում:
ՀՈԴՎԱԾ 7
Սույն Համաձայնագրի իրականացման շրջանակներում Կողմերը համագործակցության հարցերով պարբերաբար խորհրդակցություններ կանցկացնեն և կիրականացնեն փորձի փոխանակում:
ՀՈԴՎԱԾ 8
Սույն Համաձայնագրի դրույթները չեն շոշափում Կողմերի` այլ Համաձայնագրերով ստանձնած պարտավորությունները:
ՀՈԴՎԱԾ 9
Սույն Համաձայնագրի իրականացման և մեկնաբանման հետ կապված բոլոր վիճելի հարցերը կլուծվեն բանակցությունների միջոցով:
Համաձայնագիրը կարող է փոփոխվել և լրացվել Կողմերի փոխադարձ համաձայնությամբ:
Կողմերի միջև գրագրությունը կիրականացվի ռուսերեն:
ՀՈԴՎԱԾ 10
Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում Կողմերը կկատարեն մշակութային արժեքների շրջանառության հարցերին առնչվող իրենց պետություններում գործող օրենսդրական ակտերի և մաքսային կանոնների տեքստերի փոխանակում և հետագայում, հնարավոր ավելի կարճ ժամանակամիջոցում, պարբերաբար տեղեկություններ կհաղորդեն այդ օրենքներում և կանոնների փոփոխությունների վերաբերյալ:
ՀՈԴՎԱԾ 11
Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում այն ստորագրելու օրվանից և կգործի 5 տարի ժամկետով, որից հետո ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ 5 տարիների համար, եթե Կողմերից ոչ մեկը վերջնական ժամկետը լրանալուց 6 ամիս առաջ գրավոր չի տեղեկացնի Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Կատարված է Մոսկվա քաղաքում 1995 թվականի հունիսի 8-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, տաջիկերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:
Հայերեն և տաջիկերեն տեքստերի մեկնաբանման ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում որպես հիմք է ընդունվում ռուսերեն տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1995 թվականի հունիսի 8-ից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|