Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԻՋԵՎ ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը և Տաջիկստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային կոմիտեն, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,
նպատակ ունենալով ակտիվացնելու գործունեությունը մաքսանենգության, զենքի ու զինամթերքի, պայթուցիկ նյութերի, թմրամիջոցների ու հոգեներգործող նյութերի ապօրինի առևտրի և շրջանառության կանխարգելման, հետաքննման և կասեցման գործում,
ձգտելով այդ բնագավառում զարգացնել համագործակցությունը,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1
Պայմանավորվող կողմերը սույն Համաձայնագրի անդամ պետությունների տնտեսական և այլ շահերը հնարավոր վնասներից զերծ պահելու նպատակով կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները, որոնք ուղղված են արագացնելու մաքսային վերահսկողությունը բեռնափոխադրումների, ուղևորափոխադրումների և փոստային առաքումների նկատմամբ, ինչպես նաև` տրանսպորտային միջոցների, ուղևորաբեռների, փոստային առաքումների, արտարժույթի, վճարման այլ միջոցների և արտարժութային արժեքների ապօրինի ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման կանխարգելմանը:
ՀՈԴՎԱԾ 2
Պայմանավորվող կողմերը իրենց պետություններում գործող օրենսդրությունը և կանոնները պահպանելու պայմանով և սույն Համաձայնագրի սահմաններում կհամագործակցեն մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման, ինչպես նաև զենքի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի, թմրանյութերի և հոգեներգործող նյութերի ապօրինի առևտրի կանխարգելման, հետաքննման և կասեցման նպատակով:
ՀՈԴՎԱԾ 3
Պայմանավորվող կողմերը սույն Համաձայնագրի հիման վրա կհամագործակցեն իրենց իրավասությունների շրջանակներում և, պահպանելով ներպետական օրենսդրությունը, կփոխանակեն.
ա) տեղեկություն գործող մաքսային օրենսդրության մասին,
բ) տեղեկություն մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեմ պայքարի մեթոդների վերաբերյալ, ինչպես նաև, մաքսանենգության և զենքի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի, թմրամիջոցների ու հոգեներգործող նյութերի ապօրինի առևտրի կանխարգելման, հետաքննման և կասեցման նպատակով գործունեության ակտիվացման վերաբերյալ,
գ) վերահսկողության տեխնիկական միջոցների, հատուկ վարժեցրած շների օգտագործման փորձը,
դ) մասնագետներ` զենքի ու թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի մեթոդների ուսուցանման նպատակով,
ե) մաքսանենգության և զենքի ու թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերի վերաբերյալ գիտական հրապարակումներ և ուսումնական ձեռնարկներ,
զ) տեղեկություն թմրամիջոցների և հոգեներգործող նյութերի արտադրության նոր տեսակների և տեղերի, դրանց ապօրինի տեղափոխման երթուղիների ու դրանք թաքցնելու միջոցների մասին,
է) տեղեկություն թմրամիջոցների և հոգեներգործող նյութերի նույնացման և լաբորատոր հետազոտության բնագավառում,
ը) տեղեկություն տարբեր երկրներում և տարածաշրջաններում զենքի և թմրամիջոցների գների փոփոխման վերաբերյալ,
թ) տեղեկություն թմրամիջոցների սինթեզման համար օգտագործվող ելակետային քիմիկատների վերաբերյալ,
ժ) ինչպես բուսական, այնպես էլ սինթետիկ ծագում ունեցող թմրամիջոցների բնօրինակներ,
ժա) տեղեկություն զենքի, զինամթերքի և պայթուցիկ նյութերի ապօրինի տեղափոխման երթուղիների և դրանց թաքցնելու միջոցների վերաբերյալ:
ՀՈԴՎԱԾ 4
Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը, իր սեփական նախաձեռնությամբ կամ մյուս Պայմանավորվող կողմի հարցմամբ, ներկայացնում է օպերատիվ տվյալներ.
ա) մաքսանենգության կամ զենքի և թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հայտնի կամ այդ գործում կասկածվող անձանց վերաբերյալ,
բ) փոխադրամիջոցների, բեռների և փոստային առաքումների վերաբերյալ, որոնք օգտագործվում են մաքսանենգ ապրանքների տեղափոխման համար,
գ) Կողմերից մեկի տարածքից մյուսի տարածք մաքսանենգ ապրանքների և թմրամիջոցների ապօրինի տեղափոխման հայտնաբերման փաստերի մասին:
ՀՈԴՎԱԾ 5
Պայմանավորվող կողմերին ներկայացվող ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր տեղեկությունը կհամարվի գաղտնի և կօգտագործվի միայն սույն Համաձայնագրի իրագործման նպատակով:
Պայմանավորվող կողմերը առանց մյուս Կողմի համաձայնության այլ գերատեսչություններին և զանգվածային լրատվության միջոցներին չեն տրամադրում տեղեկություններ, որոնք ստացվել են սույն Համաձայնագրի պայմանների համաձայն, եթե դրանց տարածումը կարող է վնաս հասցնել մյուս Պայմանավորվող կողմի կամ Կողմերի համատեղ գործունեության շահերին:
ՀՈԴՎԱԾ 6
Եթե, համաձայն 3-րդ և 4-րդ հոդվածների, համագործակցության վերաբերյալ հարցումը կարող է վնաս հասցնել հայցվող Կողմի ինքնիշխանությանը, անվտանգությանը, իրականացվող քաղաքականությանը կամ կենսական նշանակություն ունեցող այլ բնագավառներին, ապա հարցումը կարող է մերժվել` նշելով մերժման հիմքերն ու շարժառիթները:
ՀՈԴՎԱԾ 7
Պայմանավորվող կողմերը, իրենց ներպետական օրենսդրության համաձայն, անհրաժեշտության դեպքում կկիրառեն զենքի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի, թմրամիջոցների և հոգեներգործող նյութերի վերահսկվող առաքման մեթոդը` նպատակ ունենալով ավելի արդյունավետ պայքարել դրանց ապօրինի շրջանառության դեմ:
ՀՈԴՎԱԾ 8
Եթե Պայմանավորվող կողմերից մեկը շահագրգռված է մյուս Պայմանավորվող կողմի մաքսային մարմինների պաշտոնատար անձի` մաքսանենգության կամ մաքսային օրենսդրության խախտման փաստով որպես վկայի կամ փորձագետի մասնակցությամբ, ապա նա իրավունք ունի համապատասխան հարցումով դիմելու մյուս Կողմին:
Այդպիսի հարցման բավարարումը կկարգավորվի սույն Համաձայնագրի 3-րդ և 4-րդ հոդվածների համաձայն:
Պայմանավորվող կողմի պաշտոնատար անձինք մյուս Պայմանավորվող կողմի տարածքում գտնվելու ընթացքում պետք է ունենան իրենց պաշտոնական լիազորությունները հաստատող փաստաթուղթ:
ՀՈԴՎԱԾ 9
Սույն Համաձայնագրի կիրառման և մեկնաբանման հետ կապված բոլոր վիճելի հարցերը Պայմանավորվող կողմերի միջև կլուծվեն բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:
ՀՈԴՎԱԾ 10
Սույն Համաձայնագիրը կարող է փոփոխվել և լրացվել Պայմանավորվող կողմերի երկուստեք համաձայնությամբ և նախաձեռնությամբ: Գրագրությունը Կողմերի միջև կիրականացվի ռուսերենով:
ՀՈԴՎԱԾ 11
Սույն Համաձայնագրում կատարված բոլոր փոփոխությունները և լրացումները կհամարվեն ընդունված, եթե հայտնելու օրվանից երեք ամսվա ընթացքում Կողմերից որևէ մեկը առարկություն չներկայացնի դրա վերաբերյալ:
ՀՈԴՎԱԾ 12
Պայմանավորվող կողմերը հրաժարվում են սույն Համաձայնագրի իրականացման հետ կապված ծախսերի փոխհատուցման պահանջից, բացառությամբ մասնագետների այցելությունների ծախսերի:
ՀՈԴՎԱԾ 13
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից և կգործի հինգ տարի ժամկետով, որից հետո այն ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հնգամյա ժամկետով, եթե Պայմանավորվող կողմերից ոչ մեկը վերջնական ժամկետը լրանալուց առնվազն վեց ամիս առաջ գրավոր չտեղեկացնի մյուս Կողմին Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Կատարված է Մոսկվա քաղաքում 1995 թվականի հունիսի 8-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, տաջիկերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:
Հայերեն և տաջիկերեն տեքստերի մեկնաբանման ժամանակ տարաձայնությունների դեպքում հիմք է ընդունվում ռուսերեն տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1995 թվականի հունիսի 8-ից: