Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 1
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Тип
Исходный акт (-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.10.27-2025.11.09 Պաշտոնական հրապարակման օրը 31.10.2025
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
21.10.2025
Подписан
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Дата подписания
21.10.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

21 հոկտեմբերի 2025 թվականի

թիվ 1

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Իրավակիրառ պրակտիկայում առաջացել է խնդիր՝ արժեթղթերի հավատարմագրային կառավարման շրջանակում, արժեթղթերի փաթեթի կառավարման լիցենզիա չունեցող հավատարմագրային կառավարչի կողմից բաժնետիրոջ փոխարեն բաժնետերերի ժողովում հանդես գալու և քվեարկելու իրավունքի հետ կապված: Խնդրի ուսումնասիրության շրջանակում Կենտրոնական բանկն իր նախաձեռնությամբ որոշել է անդրադառնալ այն հարցադրմանը, թե արդյո՞ք բաժնետոմսերի կամ դրանցով հավաստվող իրավունքների հավատարմագրային կառավարման շրջանակում՝ հավատարմագրային կառավարչի կողմից բաժնետիրոջ փոխարեն բաժնետերերի ժողովում հանդես գալը և քվեարկելը կարող է որակվել որպես արժեթղթերի փաթեթի կառավարում, որի համար անհրաժեշտ է ձեռք բերել ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիա:

Քանի որ հարցի վերաբերյալ առկա օրենսդրական նորմերը բավարար որոշակիությամբ չեն տարանջատում արժեթղթերի հավատարմագրային կառավարումն արժեթղթերի փաթեթի կառավարումից՝ «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 25-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված «արժեթղթերի փաթեթի կառավարում» տեսակի ներդրումային ծառայությունը որոշակի մեկնաբանության դեպքում երբեմն կարող է նույնանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 52-րդ գլխով սահմանված հավատարմագրային կառավարման հետ:

Հաշվի առնելով, որ արժեթղթերի շուկայի բնականոն գործունեության և զարգացման համար կարևոր է, որ շուկայի մասնակիցների նկատմամբ կիրառելի կանոնները լինեն որոշակի, հստակ և կանխատեսելի՝ Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է պարզաբանում տալ վերոգրյալ հարցի վերաբերյալ` անդրադառնալով Օրենքի 3-րդ հոդվածի 30-րդ կետով, 25-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և 33-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթների բովանդակությանը:

Օրենքի 3-րդ հոդվածի 30-րդ կետը սահմանում է «Արժեթղթերի փաթեթի կառավարում» հասկացությունը որպես «կառավարչի կողմից իր տիրապետմանը հանձնված հաճախորդին պատկանող և նրա օգտին կամ նրա կողմից նշված երրորդ անձանց օգտին (շահառու) կառավարչի անունից արժեթղթերի, արժեթղթերում ներդրում կատարելու համար նախատեսված դրամական միջոցների, հավատարմագրային կառավարման հետևանքով ստացված արժեթղթերի և դրամական միջոցների կառավարումը՝ հաճախորդի կողմից տրված ցուցումների համաձայն.»: Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ արժեթղթերի փաթեթի կառավարումը համարվում է ներդրումային ծառայություն, իսկ Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արգելվում է ներդրումային ծառայությունների մատուցումն առանց սույն օրենքով (…) սահմանված կարգով տրված լիցենզիայի, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը կարևոր է համարում անդրադառնալ այն հարցին, թե տվյալ իրավիճակում ի՞նչ իրավասություններ են տրվում հավատարմագրային կառավարչին հավատարմագրային կառավարման պայմանագրով, և, ըստ այդմ, ի՞նչ գործողություններ է կատարում հավատարմագրային կառավարիչը գործնականում: Եթե կազմակերպության բաժնետերը կազմակերպության բաժնետոմսերը հանձնում է հավատարմագրային կառավարման, որի նպատակն ընդամենը կառավարչի կողմից բաժնետիրոջ փոխարեն բաժնետերերի ժողովում որպես բաժնետիրոջ ներկայացուցիչ հանդես գալը և քվեարկելն է, ապա նման դեպքերը չպետք է դառնան Օրենքի՝ արժեթղթերի փաթեթի կառավարմանը վերաբերող դրույթների կարգավորման առարկա, քանի որ տվյալ իրավիճակը ենթադրում է մասնավոր իրավահարաբերություններ՝ հավատարմագրային կառավարչի և հիմնադրի միջև, և հավատարմագրային կառավարչի կողմից հայեցողության կիրառումը հանրային շահի հետ չի առնչվում: Հետևաբար, փաստացի բացակայում են այն ռիսկերը, որոնց հասցեագրմանն ուղղված են Օրենքի պահանջները:

Հաշվի առնելով վերոգրյալը և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 20-րդ հոդվածի «իէ» կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Պաշտոնապես պարզաբանում է.

 

Արժեթղթերի կամ դրանցով հավաստվող իրավունքների՝ առանց սեփականության իրավունքի փոխանցման հավատարմագրային կառավարման հանձնումն «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի իմաստով չի համարվում արժեթղթերի փաթեթի կառավարում, եթե հավատարմագրային կառավարիչը իրավասու է միայն հանդես գալ և քվեարկել հավատարմագրային հիմնադրի փոխարեն՝ բաժնետերերի ժողովում:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահի

տեղակալ`

 

 Երևան

Հ. Խաչատրյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 հոկտեմբերի 2025 թվական: