ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հոկտեմբերի 1992 թ. N 540
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում մաքսային գործի կատարելագործման, մաքսային համակարգի նյութատեխնիկական բազայի ստեղծման, մաքսային մարմինների աշխատողների աշխատանքի վարձատրման ու նյութական խրախուսման, սոցիալական ոլորտի զարգացման նպատակով և մինչև մաքսային գործի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենսդրական ակտերի ընդունումը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության առաջարկությունը մաքսային վարչության պահուստային ֆոնդ ստեղծելու մասին:
2. Սահմանել, որ պահուստային ֆոնդի կազմավորման աղբյուրերն են` մաքսային մարմինների վրա դրված պարտականությունների կատարման համար գանձվող վճարներն ամբողջությամբ, բռնագրավված նյութական արժեքների իրացումից գոյացած միջոցների 50 տոկոսը և այլ մաքսային ծառայություններից ստացվող եկամուտները (այդ թվում` վալյուտայով), որոնք ուղղվում են մաքսային վարչության պահուստային ֆոնդ:
3. Ելնելով հանրապետության արտաքին տնտեսական և շուկայական հարաբերություններից, թույլատրել Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ, սահմանել մաքսային ծառայությունների համար վճարների չափ, այդ թվում` վալյուտայով:
Մաքսային ծառայությունների համար վճարները (ապրանքների և առարկաների մաքսային ձևակերպումների համար` դրանց իրականացման վայրերից դուրս կամ մաքսատան համար սահմանված աշխատաժամանակից դուրս, վճարները և այլն) թողնել Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության տնօրինությանը` մաքսային վարչության պահուստային ֆոնդը համալրելու նպատակով:
4. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համատեղ, 15-օրյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության պահուստային ֆոնդի կանոնադրությունը:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Խ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |