Գլխավոր տեղեկություն
Номер
N 789-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (01.01.2026-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.11.24-2025.12.07 Պաշտոնական հրապարակման օրը 05.12.2025
Принят
Արդարադատության նախարար
Дата принятия
03.12.2025
Подписан
Արդարադատության նախարար
Дата подписания
03.12.2025
Дата вступления в силу
01.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«03» դեկտԵՄԲԵՐԻ 2025 թ.
քաղ. Երևան

N 789-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒՍԱՆԿԱՐԵԼՈՒ, ՁԱՅՆԱԳՐԱՌԵԼՈՒ ԵՎ ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԻՐԱՌՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ, ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒՍԱՆԿԱՐԵԼՈՒ, ՁԱՅՆԱԳՐԱՌԵԼՈՒ ԵՎ ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կատարողական վարույթի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել՝

1) Կատարողական գործողությունները լուսանկարելու, ձայնագրառելու և տեսանկարահանելու նպատակով կիրառվող տեխնիկական միջոցների բնութագիրը և չափանիշները՝ համաձայն N 1 Հավելվածի,

2) Կատարողական գործողությունները լուսանկարելու, ձայնագրառելու և տեսանկարահանելու կարգը` համաձայն N 2 Հավելվածի:

2. Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը (այսուհետ` Ծառայություն)` սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում.

1) ապահովել սույն հրամանի N 1 Հավելվածով սահմանված տեխնիկական միջոցների ձեռքբերումը` այն հաշվարկով, որ լուսանկարահանում, ձայնագրառում և տեսանկարահանում ենթադրող կատարողական գործողություններ իրականացնող բոլոր հարկադիր կատարողներն ունենան հասանելիություն կատարողական գործողությունները լուսանկարելու, ձայնագրառելու և տեսանկարահանելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներին (այսուհետ` Տեխնիկական միջոցներ).

2) ապահովել Ծառայության կատարողական վարույթների իրականացման էլեկտրոնային համակարգում կատարողական գործողությունների լուսանկարների, ձայնագրությունների և տեսաձայնագրությունների տեղադրման, համապատասխան վարույթի նյութերում արտացոլման և պահպանության հնարավորությունը` բացառելով էլեկտրոնային համակարգում դրանց հասանելիությունը տվյալ վարույթը կամ դրա շրջանակում առանձին կատարողական գործողությունն իրականացնող հարկադիր կատարողից, հարկադիր կատարողի վերադասից և հարկադիր կատարողի գործողությունների, անգործությունների կամ որոշումների իրավաչափությունը քննող հանրային ծառայողներից զատ Ծառայության որևէ այլ աշխատակցի.

3) ապահովել Գլխավոր հարկադիր կատարողի` կատարողական գործողությունների լուսանկարները, տեսաձայնագրությունները և ձայնագրություններն էլեկտրոնային համակարգում ներբեռնելու, դրանք պահպանելու, արխիվացնելու և ոչնչացնելու կարգը սահմանող ներքին իրավական ակտի ընդունումը.

4) ապահովել Ծառայության բոլոր հարկադիր կատարողների` «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով իրականացվող վերապատրաստումների ծրագրերում կատարողական գործողությունները տեսանկարահանելու, լուսանկարելու և ձայնագրելու կարգի և այդ նպատակով օգտագործվող տեխնիկական միջոցների օգտագործման կարգի, ինչպես նաև նշված տեխնիկական միջոցների գործադրման ընթացքում անձնական տվյալների պաշտպանության և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությանն առնչվող այլ պահանջների վերաբերյալ դասընթացների ներառումը.

5) ապահովել կատարողական գործողությունները լուսանկարելու, ձայնագրառելու և տեսանկարահանելու կարգի, կատարողական գործողությունների տեսանկարահանման, ձայնագրառման կամ լուսանկարման առնչությամբ այդ գործողությունների մասնակիցների իրավունքների վերաբերյալ հանրային լայն իրազեկումը` այդ նպատակով ապահովելով իրազեկող առնվազն երկու հոլովակի և հանրության համար հասանելի ուղեցույցի մշակումը և հրապարակումը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Կատարողական վարույթի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրը։

 

Ս. ԳԱԼՅԱՆ

 

Հավելված N 1

Արդարադատության նախարարի

2025 թվականի դեկտեմբերի 3-ի

N 789-Ն հրամանի

 

ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒՍԱՆԿԱՐԵԼՈՒ, ՁԱՅՆԱԳՐԱՌԵԼՈՒ ԵՎ ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԻՐԱՌՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն հավելվածով սահմանվում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում (այսուհետ՝ Ծառայություն) հարուցված կատարողական վարույթների շրջանակում իրականացվող կատարողական գործողությունները լուսանկարելու, ձայնագրառելու և տեսանկարահանելու նպատակով կիրառվող տեխնիկական միջոցների (այսուհետ` Տեխնիկական միջոցներ) բնութագիրը և չափանիշները:

 

2. Տեխնիկական միջոցներին ներկայացվող ընդհանուր պահանջները

 

2. Տեխնիկական միջոցները պետք է լինեն դյուրակիր, թեթև և հեշտ կիրառելի, որպեսզի հնարավորություն տան ապահովել տարբեր միջավայրերում, ներառյալ փակ և բաց տարածքներում, իրականացվող կատարողական գործողությունների արձանագրումը:

3. Տեխնիկական միջոցները պետք է լինեն բավարար չափով ամուր և դիմացկուն՝ փոփոխվող լուսավորության, եղանակային պայմանների, շրջակա միջավայրի տարբեր գործոնների, ինչպես նաև հնարավոր ֆիզիկական ազդեցությունների պայմաններում անխափան և կայուն աշխատանք ապահովելու նպատակով։

4. Տեսանկարահանված, ձայնագրառված կամ լուսանկարված նյութերը պետք է պահպանվեն ապահով կերպով, էլեկտրոնային այնպիսի գործիքակազմի կիրառմամբ, որը բացառում է դրանց երրորդ անձանց չարտոնված հասանելիությունը կամ միջամտությունը։

 

3. Տեխնիկական միջոցների բնութագիրը և չափանիշները

 

5. Տեխնիկական միջոցների տեսակը, քանակը և կետայնությունը (resolution) պետք է համապատասխանեն տեխնիկական միջոցի կիրառման նպատակին, վայրի, տարածքի ընդհանուր մակերեսին, սենյակի կառուցվածքին և այլ պայմանների:

6. Տեսաձայնագրող կամ լուսանկարող տեխնիկական միջոցը պետք է համապատասխանի առնվազն հետևյալ չափանիշներին՝

1) բաժանաչափություն` առնվազն Full HD (1080p), ցանկալի է՝ 4K որակով տեսանկարահանում.

2) մատրիցայի կետայնություն՝ 18MP.

3) լուսազգայնություն՝ ISO 100-3200.

4) լուսաուժ՝ 3.5-5.6.

5) էկրանի անկյունագիծ՝ 2.0.

6) տեսանկարահանման որակ՝ 1920x1080 պիքսել.

7) շարժման հստակություն` առնվազն 30 կադր վայրկյանում (fps).

8) ձայնագրման հնարավորություն` բարձր զգայունության խոսափողեր՝ աղմուկի չեզոքացման հնարավորությամբ.

9) հիշողություն` ներքին հիշողություն կամ SD քարտ՝ առնվազն 8 ժամ անընդմեջ տեսանկարահանման հնարավորությամբ.

10) մարտկոցի տևողություն` առնվազն 6 ժամ անընդմեջ նկարահանման հնարավորություն՝ լիցքավորման հնարավորությամբ:

7. Ձայնագրառում իրականացնող տեխնիկական միջոցը պետք է համապատասխանի առնվազն հետևյալ չափանիշներին.

1) խոսափողի որակ` բարձր զգայունության, ուղղորդված խոսափողեր՝ աղմկոտ միջավայրում հստակ ձայնագրություն ապահովելու համար.

2) հիշողություն` առնվազն 8 ժամ անընդմեջ ձայնագրություն իրականացնելու հնարավորությամբ.

3) շարժունակություն` փոքր չափերի, թեթև և դյուրակիր սարքեր՝ հարկադիր կատարման գործողությունների ընթացքում օգտագործման հարմարավետությունն ապահովելու նպատակով։

8. Տեսաձայնագրումը և լուսանկարահանումն իրականացվում են գունավոր եղանակով` համապատասխանաբար տեսաձայնագրման և լուսանկարահանման հնարավորություն ունեցող թվային սարքով:

9. Տեխնիկական միջոցում ամրագրված տեսանկարահանման, լուսանկարման կամ ձայնագրառման ամսաթիվը և ժամը պետք է համապատասխանեն կատարողական գործողության իրականացման իրական ամսաթվին և ժամին, ընդ որում` Տեխնիկական միջոցները պետք է ապահովեն տեսանկարահանման, լուսանկարման կամ ձայնագրառման ամսաթիվը և ժամի ինքնաշխատ կերպով ամրագրումը տեսանկարահանումը, ձայնագրառումը կամ լուսանկարահանումն իրականացնելիս: Տեխնիկական միջոցում առկա` տեսանկարահանման, լուսանկարման կամ ձայնագրառման ֆայլից պետք է հնարավոր լինի պարզել դրա իրականացման ժամը և օրը:

 

4. Տեխնիկական միջոցների տեխնիկական սպասարկումը, ստուգումը և կալիբրացիան

 

10. Բոլոր տեխնիկական միջոցները պետք է պարբերաբար, ոչ պակաս, քան տարվա մեջ երկու անգամ, ենթարկվեն կալիբրացիայի և տեխնիկական վիճակի փորձարկման՝ դրանց անխափան գործարկման և հուսալիության ապահովման նպատակով։

11. Հարկադիր կատարողը պարտավոր է ստուգել Տեխնիկական միջոցի սարքինությունը` իր ծառայության վայրից կատարողական յուրաքանչյուր գործողության իրականացման վայր մեկնելուց առաջ և կատարողական գործողությունը սկսելուց անմիջապես առաջ:

12. Տեխնիկական միջոցները պետք է պարբերաբար փոխարինվեն կամ արդիականացվեն՝ ձայնի և պատկերի որակի պահանջներին համապատասխանությունը պահպանելու համար` հիմք ընդունելով յուրաքանչյուր Տեխնիկական միջոցի շահագործման համար պիտանիության` արտադրողի կողմից սահմանված ժամկետը և դրա` օգտագործման համար բավարարության աստիճանը:

 

Հավելված N 2

Արդարադատության նախարարի

2025 թվականի դեկտեմբերի 3-ի

N 789-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒՍԱՆԿԱՐԵԼՈՒ, ՁԱՅՆԱԳՐԱՌԵԼՈՒ ԵՎ ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆԵԼՈՒ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով սահմանվում է կատարողական գործողությունները լուսանկարելու, ձայնագրառելու և տեսանկարահանելու կարգը (այսուհետ` Կարգ):

2. Կարգի նպատակներն են ապահովել կատարողական գործողությունների թափանցիկությունը, հաշվետվողականությունը, կատարողական վարույթի մասնակիցների և այլ շահագրգիռ անձանց իրավունքների ու օրինական շահերի, մարդու իրավունքների պաշտպանության կիրառելի պահանջների, մասնավորապես` մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ կիրառելի պահանջների պահպանումն ու երաշխավորումը:

 

2. Կատարողական գործողությունները լուսանկարելու, ձայնագրառելու և տեսանկարահանելու գործընթացում անձնական տվյալների պաշտպանությունը

 

3. Կատարողական գործողությունները լուսանկարելու, ձայնագրառելու և տեսանկարահանելու արդյունքում ստացված նյութերը (այսուհետ՝ Նյութեր) կարող են օգտագործվել միայն կատարողական գործողություններն արձանագրելու, հարկադիր կատարողի գործունեության հաշվետվողականության, կատարողական վարույթի մասնակիցների և շահագրգիռ այլ անձանց իրավունքների պաշտպանության կամ դատական, վարչական, քրեական կամ կարգապահական վարույթներում ապացուցման նպատակներով։

4. Կարգի 3-րդ կետում չնշված նպատակներով Նյութերի հավաքագրումն ու օգտագործումն արգելվում է։

5. Կատարողական գործողությունների ընթացքում պետք է հավաքագրվեն միայն այնպիսի Նյութեր, որոնք ուղղակիորեն անհրաժեշտ են Կարգի 3-րդ կետում նշված նպատակներով։

6. Նյութերը պետք է պահպանվեն կատարողական վարույթի նյութերում՝ էլեկտրոնային եղանակով։ Նյութերն էլեկտրոնային համակարգում ներբեռնելու, դրանք պահպանելու, արխիվացնելու և ոչնչացնելու կարգը սահմանում է Գլխավոր հարկադիր կատարողը։

7. Նյութերին հասանելիություն պետք է ունենան միայն Ծառայության այն աշխատակիցները, ում տվյալ Նյութն ուղղակիորեն անհրաժեշտ է իր ծառայողական պարտականությունների կատարման համար։ Մասնավորապես, այդպիսի հասանելիություն պետք է ունենան միայն կատարողական վարույթը կամ դրա շրջանակում առանձին կատարողական գործողությունն իրականացնող հարկադիր կատարողը, հարկադիր կատարողի վերադասը և հարկադիր կատարողի գործողությունների, անգործության կամ որոշումների իրավաչափությունը քննող պաշտոնատար անձը։ Սույն կետում նշված Նյութերին ստացված փաստացի հասանելիություն ստանալը, դրանց դիտումները և դրանց հետ կատարված գործողություններն էլեկտրոնային համակարգում պետք է արձանագրվեն այդ համակարգի կողմից։

8. Պետք է առկա լինի Նյութերում երևացող՝ կատարողական վարույթի մասնակից չհանդիսացող անձանց, ինչպես նաև կատարողական գործողությանը ներկա գտնվող երեխաների դեմքի պատկերը լղոզելու/խլացնելու հնարավորություն։

9. Նյութերը պետք է անվտանգ և երրորդ անձանց չարտոնված հասանելիությունից հուսալիորեն պաշտպանված լինեն կոդավորված թվային ձևաչափերով՝ ապահովելով դրանց երկարաժամկետ պահպանումը և Կարգի 7-րդ կետում նշված անձանց համար հասանելիությունը։

 

3. Լուսանկարման, տեսանկարահանման և ձայնագրառման ընթացակարգը և իրավական երաշխիքները

 

10. Ծառայությունը պետք է առավելագույնս ապահովի պարտապանին, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ այլ անձանց պատկանող անշարժ գույք, շենքեր կամ շինություններ մուտք գործել ենթադրող, ֆիզիկական ուժի, հրազենի կամ հատուկ միջոցների գործադրում ենթադրող, անչափահասների, հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությամբ իրականացվող գործողությունների, գույքագրման, վտարման, առգրավման և քանդման կատարողական գործողությունների տեսանկարահանումը և լուսանկարումը։

11. Կատարողական գործողությունների լուսանկարումը, տեսանկարահանումը և ձայնագրառումն իրականացնում է կատարողական վարույթը, դրա շրջանակներում առանձին կատարողական գործողությունն իրականացնող հարկադիր կատարողը կամ կատարողական վարույթին օժանդակող անձը։

12. Հարկադիր կատարողը պարտավոր է կատարողական վարույթը հարուցելու որոշումը վարույթի մասնակիցներին ծանուցելու հետ միաժամանակ վերջիններիս ծանուցել կատարողական գործողությունները՝ հարկադիր կատարողի գործունեության հաշվետվողականության, կատարողական վարույթի մասնակիցների և շահագրգիռ այլ անձանց իրավունքների պաշտպանության կամ դատական, վարչական, քրեական կամ կարգապահական վարույթներում ապացուցման նպատակներով, տեսանկարահանման, ձայնագրառման և լուսանկարման ենթակա լինելու վերաբերյալ։

13. Հարկադիր կատարողը և Ծառայության այլ աշխատակիցն իրավունք չունեն իրենց ծառայողական կամ աշխատանքային պարտականությունները կատարելու նպատակով իրենց վստահված Նյութերը և դրանցում պարունակվող անձնական տվյալներն օգտագործել ծառայողական կամ աշխատանքային՝ սույն կարգի 3-րդ կետում նշված նպատակների հետ չկապված այլ, այդ թվում՝ անձնական նպատակներով:

14. Եթե հարկադիր կատարողին կամ կատարողական գործողությունները լուսանկարելու, տեսանկարահանելու և ձայնագրառելու իրավունք ունեցող այլ ծառայողին Նյութերն օգտագործելիս անհրաժեշտ է օգտվել անձնական (ոչ ծառայողական) տեխնիկական միջոցներից (այդ թվում՝ հեռախոս, համակարգիչ և այլն), ապա Նյութերն օգտագործող ծառայողը պարտավոր է անձնական տեխնիկական միջոցների համար ապահովել այն նույն պաշտպանվածությունը, ինչ Կարգի համաձայն ապահովված է ծառայողական տեխնիկական միջոցների համար: Սույն կետում նշված պայմանը չապահովվելու դեպքում անձնական տեխնիկական միջոցներով ծառայողական կամ աշխատանքային պարտականությունների համար անհրաժեշտ անձնական տվյալների մշակումն արգելվում է:

15. Կատարողական գործողության ձայնագրառումը և տեսանկարահանումը պետք է սկսվի մինչև համապատասխան կատարողական գործողությունը սկսվելը և շարունակվի կատարողական գործողության ողջ ընթացքում: Կատարողական գործողության ձայնագրությունը և տեսագրությունը պետք է ներառեն կատարողական գործողության ողջ ընթացքը` երաշխավորելով կատարված բոլոր քայլերի արձանագրումը:

16. Տեսաձայնագրությունը և լուսանկարումը պետք է կատարվեն այնպես, որ ապահովվի կատարողական գործողության ողջ վայրի, ներառյալ` գործողությանը ներկա գտնվող անձանց, բռնագանձման, առգրավման, գույքագրման, քանդման, վտարման ենթակա կամ կատարողական այլ գործողության առարկա հանդիսացող գույքի արտացոլումը համապատասխան լուսանկարներում կամ տեսաձայնագրություններում:

17. Կատարողական գործողությունների լուսանկարումը, տեսանկարահանումն ու ձայնագրառումը պետք է կատարվեն կատարողական գործողության մասնակիցների անձնական կյանքին նվազագույն միջամտության ապահովման սկզբունքով` հնարավորության դեպքում բացառելով անձանց անձնական, տվյալ կատարողական գործողության համար ուղղակիորեն ոչ անհրաժեշտ իրերի արձանագրումը:

18. Կատարողական գործողությունը տեսանկարահանելուց, ձայնագրառելուց կամ լուսանկարելուց առաջ հարկադիր կատարողը պարտավոր է այդ մասին նախազգուշացնել կատարողական վարույթի կողմերին և կատարողական գործողությանը ներկա գտնվող այլ անձանց, ինչի մասին պարտադիր կերպով նշում է կատարվում համապատասխան կատարողական գործողության արձանագրությունում:

19. Ծառայությունը պարտավոր է երաշխավորել Նյութերի պաշտպանությունը և բացառել առանց օրենքով կամ Կարգով սահմանված հիմքերի առկայության որևէ անձի` տվյալ Նյութին հասանելիություն ստանալը:

20. Անձնական տվյալների սուբյեկտը, այն է` այն ֆիզիկական անձինք, որոնց վերաբերում են Նյութերում պարունակող անձնական տվյալները (այսուհետ` Տվյալների սուբյեկտ) իրավունք ունի գրավոր դիմել Ծառայությանը`

1) տեսաձայնագրության, ձայնագրության կամ լուսանկարների` իր անձնական տվյալներ ներառող հատվածի պատճենը ստանալու նպատակով,

2) խնդրելով ապահովել իր անձնական տվյալների կամ երրորդ անձանց վերաբերող տվյալների ապանձնավորումը, եթե ապանձնավորումը չի վնասի անձնական տվյալների հավաքագրման` Կարգի 3-րդ կետով սահմանված նպատակներին,

3) վիճարկելով իրեն վերաբերող անձնական տվյալների հավաքագրումը:

21. Տվյալների սուբյեկտի և այլ շահագրգիռ անձանց` կատարողական գործողությունները լուսանկարելու, տեսանկարահանելու կամ ձայնագրառելու կամ Նյութերի պահպանման առնչությամբ իր անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ հարցումների և այլ գրությունների պատասխանները Ծառայությունն իրավունք ունի ներկայացնել անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի կարծիքին:

22. Տվյալների սուբյեկտները սույն կարգով սահմանված գործողությունների կատարման և Նյութերի պահպանման առնչությամբ իրենց անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ բողոք կարող են ներկայացնել նաև անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնին` «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով սահմանված կարգով:

23. Տվյալների սուբյեկտն իրավունք ունի ստանալու տեղեկություններ իր անձնական տվյալների, տվյալները մշակելու, մշակելու հիմքերի և նպատակների, տվյալները մշակողի, նրա գտնվելու վայրի մասին, ինչպես նաև այն անձանց շրջանակի մասին, որոնց կարող են փոխանցվել անձնական տվյալները:

24. Տվյալների սուբյեկտն իրավունք ունի ծանոթանալու իր անձնական տվյալներին, մշակողից պահանջելու ուղղել, ուղեփակել կամ ոչնչացնել իր անձնական տվյալները, եթե անձնական տվյալներն ամբողջական կամ ճշգրիտ չեն կամ հնացած են կամ ձեռք են բերվել անօրինական ճանապարհով կամ անհրաժեշտ չեն մշակելու նպատակներին հասնելու համար:

25. Տեսաձայնագրում և լուսանկարահանում իրականացնելու ընթացքում կիրառված տեխնիկական միջոցների, էլեկտրոնային և այլ սարքավորումների վերաբերյալ տվյալները (տեսակ, մակնիշ և մոդել) արտացոլվում են համապատասխան կատարողական գործողության վերաբերյալ կազմված արձանագրությունում։

 

4. Կարգի կիրառման նկատմամբ վերահսկողությունը և հաշվետվողականությունը

 

26. Ծառայությունը պարտավոր է հաշվառել տեխնիկական միջոցների ոչ իրավաչափ գործադրման առնչությամբ կատարողական վարույթի մասնակիցների և այլ շահագրգիռ անձանց կողմից ներկայացված բողոքները և ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները` արձանագրված խախտումները հետագայում բացառելու նպատակով:

27. Նյութերը կարող են օգտագործվել տեսչական, վերահսկողական ստուգումների, հարկադիր կատարողի նկատմամբ հարուցված ծառայողական քննության, քաղաքացիական, վարչական, քրեական, հակակոռուպցիոն և այլ վարույթների շրջանակում` որպես ապացույց` հիմնավորելու նպատակով իրականացված կատարողական գործողության իրավաչափությունը կամ ոչ իրավաչափությունը:

28. Կարգի պահանջների խախտումը համարվում է կարգապահական խախտում և կարող է հիմք հանդիսանալ հարկադիր կատարողին կարգապահական տույժի ենթարկելու համար:

29. Ծառայությունը պետք է ապահովի բոլոր հարկադիր կատարողների շարունակական վերապատրաստումը` տեսանկարահանման, ձայնագրառման և լուսանկարման գործընթացում մարդու իրավունքների և անձնական տվյալների պաշտպանության պահանջների և սկզբունքների վերաբերյալ:

 

5. Առանձին կատարողական գործողությունների լուսանկարման, տեսանկարահանման և ձայնագրառման առանձնահատկությունները

 

30. Քանդման և վտարման կատարողական գործողությունների դեպքում.

1) տեսանկարահանումը, լուսանկարումը և ձայնագրառումը պարտադիր է` բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց իրականացումն օբյեկտիվորեն անհնարին է.

2) կատարողական գործողությունները տեսանկարահանելիս, լուսանկարելիս կամ ձայնագրառելիս առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձվի տվյալ կատարողական գործողության արդյունքում ազդեցություն կրող անձանց արժանապատվության և անձնական տվյալների պաշտպանությանը` բացառելով այս անձանց ոչ անհրաժեշտ սթրեսի ենթարկելը և նրանց մասնավոր կյանքին միջամտությունը, եթե դա անպայմանորեն անհրաժեշտ չէ կատարողական գործողության արձանագրման համար: Առանձնահատուկ ուշադրություն պետք է հատկացվի անչափահասների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև այնպիսի անձանց իրավունքների պաշտպանությանը, որոնք, թեպետ պարտապանի հետ բնակվում են միևնույն տարածքում, բազմաբնակարան շենքում կամ հանրակացարանում, բայց կատարողական տվյալ գործողության մասնակից չեն.

3) այդ կատարողական գործողություններն արձանագրող Նյութերը պետք է արտացոլեն անշարժ գույքի վիճակը կատարողական գործողությունը սկսելուց առաջ, դրա ընթացքում և դրանից հետո, և պետք է հստակորեն արտահայտեն պարտապանին և այլ շահագրգիռ անձանց հարկադիր կատարողի կողմից տրված զգուշացումներն ու ծանուցումները.

4) Նյութերում պետք է մանրամասն արտացոլվեն վտարվող կամ քանդվող անշարժ գույքում առկա շարժական գույքերը` կատարողական գործողությունը սկսելուց առաջ, դրա ընթացքում և կատարողական գործողության ավարտից հետո:

31. Երեխայի տեսակցության և երեխային պահանջատիրոջ խնամքին հանձնելու կատարողական գործողությունները լուսանկարելիս, տեսանկարահանելիս և ձայնագրառելիս հարկադիր կատարողը պետք է ձեռնարկի հնարավոր բոլոր միջոցները Նյութերում երեխայի դեմքը խամրած ռեժիմով արտացոլելու, երեխայի մասնավոր կյանքի անձեռնմխելիությունն ու լավագույն շահերի պաշտպանությունն ապահովելու համար:

32. Գույքագրման և գույքի առգրավման կատարողական գործողություններն իրականացնելիս.

1) այդ կատարողական գործողությունների վերաբերյալ ստացված Նյութերը պետք է ամբողջությամբ արտացոլեն գույքագրման կամ առգրավման վայրում առկա բոլոր գույքերը, այդ թվում` բռնագանձման կամ առգրավման ոչ ենթակա գույքերը, տվյալ կատարողական գործողությանը ներկա պարտապանի կամ այլ անձանց ներկայությունը և պնդումները, հարկադիր կատարողի կողմից տրամադրված փաստաթղթերը, կիրառված կապարակնիքները.

2) Նյութերը պետք է ամբողջությամբ արտացոլեն գույքագրված և առգրավված գույքի վիճակը կատարողական գործողությունը սկսելուց առաջ, դրա ընթացքում և հետո, գույքագրման կամ գույքի առգրավման վայրի ընդհանուր պատկերը, ներառյալ այնտեղ առկա բոլոր գույքերը կատարողական գործողությունը սկսելուց առաջ, դրա ընթացքում և հետո:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 դեկտեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան