Գլխավոր տեղեկություն
Номер
N 1816-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.01.2026-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.12.08-2025.12.21 Պաշտոնական հրապարակման օրը 12.12.2025
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.12.2025
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
12.12.2025
Дата вступления в силу
01.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 դեկտեմբերի 2025 թվականի N 1816-Ն

 

ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍԻ ՀՈՒՆԸ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԱՂԲԻՑ, ՋՐԱԲԵՐՈՒԿՆԵՐԻՑ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՀՈՍՔԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ԱՅԼ ՕԲՅԵԿՏՆԵՐԻՑ ՄԱՔՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 32-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ջրային ռեսուրսի հունը կենցաղային աղբից, ջրաբերուկներից և բնական հոսքը խոչընդոտող այլ օբյեկտներից մաքրման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Ջրային ռեսուրսի հունի մաքրման աշխատանքների համակարգման լիազոր մարմին նշանակել շրջակա միջավայրի բնագավառի լիազոր մարմնին (այսուհետ՝ լիազոր մարմին)։

3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարներին, քաղաքաշինության և կադաստրի կոմիտեների նախագահներին, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին՝ միջգերատեսչական համագործակցության շրջանակներում գետերի հուների մաքրման աշխատանքների իրականացման գործընթացում լիազոր մարմնին ցուցաբերել գործնական, տեղեկատվական և մեթոդական աջակցություն։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

12.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

դեկտեմբերի 11-ի N 1816-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍԻ ՀՈՒՆԸ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԱՂԲԻՑ, ՋՐԱԲԵՐՈՒԿՆԵՐԻՑ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՀՈՍՔԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ԱՅԼ ՕԲՅԵԿՏՆԵՐԻՑ ՄԱՔՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է ջրային ռեսուրսի հունը կենցաղային աղբից, ջրաբերուկներից և բնական հոսքը խոչընդոտող այլ օբյեկտներից մաքրման ընթացակարգը։

2. Ջրային ռեսուրսի հունի (այսուհետ՝ հուն) մաքրման, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, դրա ափերի ամրացման աշխատանքներն իրականացվում են ջրային էկոհամակարգերի պահպանության, հեղեղումների և մարդու առողջությանը, անվտանգությանը սպառնացող վտանգների կանխարգելման, ափերը էրոզիայից և փլուզումից պաշտպանելու նպատակով։

3. Հունի մաքրումը հունի մեխանիկական կամ հիդրոմեխանիկական մաքրումն է ջրաբերուկներից, տիղմից, կուտակված աղբից և բնական հոսքը խոչընդոտող այլ օբյեկտներից:

4. Հունը այն բնական ուղին է, որով գետի ջրերը մշտապես հոսում են՝ սկսած ակունքից մինչև գետաբերան:

5. Հունի մաքրման աշխատանքների իրականացման նպատակով լիազոր մարմինը ներդնում և վարում է Հայաստանի Հանրապետության տարածքով հոսող բոլոր գետերի հուների ռեեստր (այսուհետ՝ ռեեստր)՝ յուրաքանչյուր գետի հունի թվային եռաչափ մոդելավորված նկարագրով։ Առաջնահերթ մոդելավորվում են խոշոր և հեղեղումների առաջացման վտանգի ենթակա գետերի հուները։ Լիազոր մարմինն ապահովում է ռեեստրի կապն ազգային գեոպորտալի հետ։

6. Ռեեստրը պարունակում է գետի պաշտոնական անվան, ընդհանուր երկարության, ակունքի ու գետաբերանի, հոսքի, ջերմաստիճանի, աղտոտվածության, հունի երկայնական ու լայնական կտրվածքի, խորության, ափերի դիրքի, աշխարհագրական կոորդինատների, հունի փոփոխության դինամիկայի վերաբերյալ և այլ տվյալներ։

7. Ռեեստրը պարբերաբար թարմացվում է գետերին և դրանց հուներին վերաբերելի տվյալների տիրապետող մարմինների կողմից լիազոր մարմին ներկայացված տեղեկատվության հիման վրա։

8. Յուրաքանչյուր տարի մինչև մայիսի 15-ը լիազոր մարմնի կողմից մշակվում է ջրային ռեսուրսի հունը կենցաղային աղբից, ջրաբերուկներից և բնական հոսքը խոչընդոտող այլ օբյեկտներից մաքրման առաջնահերթ աշխատանքների տարեկան պլան, որի մշակման հիմք են հանդիսանում ռեեստրում առկա տեղեկատվությունը, շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի գետերի գարնանային վարարումների տարրերի տվյալ տարվա հիդրոօդերևութաբանական կանխատեսումները, ներքին գործերի նախարարության՝ հնարավոր գարնանային վարարումների և սելավների ռիսկերից Հայաստանի Հանրապետության բնակավայրերի, տնտեսական արժեք ներկայացնող տարածքների, գյուղատնտեսական հողատեսքերն ու բնակչության գույքը պաշտպանելու նպատակով անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումների իրականացման վերաբերյալ առաջարկությունները և լիազոր մարմին ներկայացված այլ վերաբերելի տվյալները։

9. Գետերի հոսքի ռեժիմի և հունի մորֆոլոգիական փոփոխությունների մոնիթորինգի իրականացման նպատակով արդիականացվում են գործող հիդրոլոգիական դիտակետերը՝ տեղադրելով ավտոմատ ռադարային մակարդակաչափեր, հիմնանորոգելով հիդրոմետրիական աշխատանքների համար նախատեսված հիդրոտեխնիկական կառուցվածքները, դիտակետերն ապահովելով ժամանակակից ջրաչափական պտուտաններով ու այլ անհրաժեշտ պարագաներով և հիմնվում են նոր հիդրոլոգիական դիտակետեր՝ դաշտային և հեռահար ուսումնասիրությունների տվյալների հիման վրա հստակ որոշված տեղադիրքերում։

10. Ջրային ռեսուրսի հունը կենցաղային աղբից, ջրաբերուկներից և բնական հոսքը խոչընդոտող այլ օբյեկտներից մաքրման նպատակով լիազոր մարմնի կողմից ընտրված կապալառու կազմակերպությունն իրականացնում է՝

1) դաշտային աշխատանքներ՝ աղտոտված հատվածների գույքագրման, մաքրման ենթակա տարածքների գնահատման (մակերես (հա), աղբի քանակ) համար.

2) նախատեսված աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում.

3) հունի աղտոտված հատվածներում կուտակված կենցաղային աղբի, ջրաբերուկների և բնական հոսքը խոչընդոտող այլ օբյեկտների հավաքում, ըստ անհրաժեշտության նաև եղեգների և տիղմի հավաքման և ափերի ամրացման աշխատանքներ.

4) հավաքված աղբի ու ջրաբերուկների կուտակման և բարձման համար հարթակի ստեղծում.

5) օրենքով սահմանված կարգով աղբի ու ջրաբերուկների տեղափոխման կազմակերպում դեպի տեղական ինքնակառավարման մարմնի կողմից դրանց համար հատուկ հատկացված տեղեր.

6) հունի մաքրման և ափերի ամրացման աշխատանքների վերահսկման նպատակով ողողահունից բարձր տեղամասերում տեղադրվում են հատուկ նշաններ՝ հունի մաքրված տեղամասի և ամրացված ափերի ճշգրիտ սահմանները նշելու համար։ Համապատասխան նշումներ կատարվում են նաև ռեեստրում։

11. Հունի աղտոտումը կանխելու և հետագայում պարբերական մաքրման աշխատանքներն արդյունավետ իրականացնելու նպատակով, կապալառու կազմակերպության կողմից նախապես տեղորոշված գետահատվածներում նախագծվում և կառուցվում են աղբի և ջրաբերուկների կուտակիչ համակարգեր (այսուհետ՝ կուտակիչ համակարգ)։

12. Կուտակիչ համակարգը պետք է՝

1) արդյունավետ գործի գետում ջրի ելքերի խիստ տատանումների դեպքում (հաշվարկային և դրանցից մեծ ելքեր).

2) ապահովի գետի հունով դեպի վեր և վար ձկների անարգել տեղաշարժը.

3) կառուցվի այնպիսի նյութերից, որոնք չեն քայքայվի և չեն առաջացնի ջրի աղտոտում.

4) կուտակված աղբի և ջրաբերուկների հեռացումը չպետք է խոչընդոտի կուտակիչի աշխատանքին։

13. Կուտակված աղբի և ջրաբերուկների պարբերաբար հավաքման, հունից դրանց հեռացման և կուտակիչ համակարգերի սպասարկման գործընթացներն իրականացվում են «Գնումների մասին» օրենքի համաձայն ընտրված կապալառու կազմակերպության կողմից՝ առնվազն երեք տարի ժամկետով։

14. Եթե հուների պարբերաբար մաքրումից բացի, ներքին գործերի նախարարության կողմից ներկայացված գետերի հուների հեղեղավտանգ տեղամասերում անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ առաջարկությունների և այլ տվյալների հիման վրա, առաջանում է հունի արտահերթ մաքրման անհրաժեշտություն, լիազոր մարմինը միջոցներ է ձեռք առնում արտահերթ մաքրման աշխատանքներն իրականացնելու ուղղությամբ։

15. Եթե իրականացվող աշխատանքներն առաջացնելու են ջրային ռեսուրսի հունի, հատակի, հոսքի կամ ափերի փոփոխություններ, ապա դրանք դիտարկվում են որպես ջրօգտագործում և պահանջում են ջրօգտագործման թույլտվություն՝ համաձայն Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի։

16. Այն դեպքերում, երբ հունի մաքրումն իրականացվում է բացառապես հակահեղեղային նպատակով, համարվում է ազատ ջրօգտագործում և չի պահանջում ջրօգտագործման թույլտվություն։

17. Սահմանային գետերի հուների մաքրման աշխատանքներն իրականացվում են միջպետական համաձայնագրերի, միջկառավարական հանձնաժողովների որոշումների կամ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

12.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 դեկտեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան