ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի մարտի 25-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2013 թվականի դեկտեմբերի 5-ի Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 12-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-2.6-րդ մասերով.
«2.1. Վարչական դատարանում գործի քննությունը, իսկ վերաքննիչ դատարանում բողոքի քննությունն անցկացվում են դատարանի անփոփոխ կազմով, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Վարչական դատարանի կազմը փոխվելու կամ կազմում փոփոխության դեպքում, իսկ վերաքննիչ դատարանի կազմում նախագահող դատավորի փոփոխության դեպքում կայացվում է գործը վարույթ ընդունելու մասին որոշում:
2.2. Վարչական դատարանի կազմը փոխվելու կամ դատական կազմում փոփոխության դեպքում, իսկ վերաքննիչ դատարանում դատական կազմի նախագահող դատավորի փոփոխության դեպքում գործը (վերաքննիչ բողոքը) վարույթ ընդունելու հետ միաժամանակ դատարանը որոշում է կայացնում գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն ընդհատման պահից շարունակելու, իսկ դատաքննությունն ավարտված լինելու դեպքում` դատաքննությունը վերսկսելու մասին, բացառությամբ այն դեպքի, երբ առկա է գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն սկզբից սկսելու անհրաժեշտություն: Վարչական դատարանը կարող է փոփոխել իր որոշումը, եթե դատավարության մասնակիցը վարչական դատարանի որոշման կայացումից հետո՝ երկշաբաթյա ժամկետում, ներկայացնում է այդ մասին պատճառաբանված միջնորդություն։
2.3. Եթե սույն հոդվածով նախատեսված կարգով գործի (վերաքննիչ բողոքի) քննությունը շարունակվում է ընդհատման պահից, սակայն գործի (վերաքննիչ բողոքի) քննության համար սույն օրենսգրքով սահմանված և մնացած ժամկետը պակաս է մեկ ամսից, ապա այդ ժամկետը երկարաձգվում է մեկ ամսով, իսկ եթե տվյալ գործի (վերաքննիչ բողոքի) քննության համար սույն օրենսգրքով նախատեսված ժամկետը մեկ ամիս է կամ պակաս է մեկ ամսից, ապա տվյալ գործի (վերաքննիչ բողոքի) քննության համար՝ սույն օրենսգրքով նախատեսված ժամկետով:
2.4. Գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն ընդհատման պահից շարունակվելու դեպքում գործի (վերաքննիչ բողոքի) քննությունը շարունակվում է գործի (վերաքննիչ բողոքի) քննության ընդհատման՝ դատարանի կազմը փոխվելու կամ դատական կազմում փոփոխության պահից:
2.5. Գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն ընդհատման պահից շարունակվելու դեպքում մինչև գործի (վերաքննիչ բողոքի) քննության ընդհատման պահն ավարտված դատավարական ժամկետները չեն վերսկսվում, իսկ դատավարության մասնակիցները չեն կարող կատարել այնպիսի գործողություններ, որոնց կատարման ժամկետը լրացել է մինչև գործի (վերաքննիչ բողոքի) քննության ընդհատման պահը:
2.6. Գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն ընդհատման պահից շարունակվելու դեպքում մինչև գործի (վերաքննիչ բողոքի) քննության ընդհատման պահը կատարված գործողությունները կամ ընդունված որոշումները պարտադիր են և ունեն իրավական ուժ այնպես, ինչպես դատարանի կազմի կամ դատական կազմում փոփոխություն տեղի չունենալու դեպքում:»:
Հոդված 2. Օրենսգրքի 84-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «Գործը դատաքննության նախապատրաստելը և բուն դատաքննությունը պետք է իրականացվեն ողջամիտ ժամկետներում,» բառերը փոխարինել «Վարչական դատարանում գործերը քննվում և լուծվում են հայցադիմումը (դիմումը) վարույթ ընդունվելու պահից ողջամիտ ժամկետում, բայց ոչ ավելի, քան վեց ամսվա ընթացքում,» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Վարչական դատարանը կարող է պատճառաբանված որոշմամբ ոչ ավելի, քան երկու անգամ երկարաձգել սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետը՝ յուրաքանչյուր դեպքում առավելագույնը վեց ամիս ժամկետով:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետում չեն ներառվում գործի վարույթի կասեցման ժամանակահատվածը, հաշտության համար վարչական դատարանի նշանակած ժամկետը և դատական հանձնարարության կատարման ժամանակահատվածը:»:
Հոդված 3. Օրենսգրքի 94-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Գործի վարույթը կասեցնելու մասին որոշում կայացնելու օրվանից կասեցվում է նաև գործի քննության՝ սույն օրենսգրքի 84-րդ հոդվածով սահմանված կամ վարչական դատարանի որոշմամբ երկարաձգված ժամկետը:»:
Հոդված 4. Օրենսգրքի 95-րդ հոդվածը՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Գործի վարույթը վերսկսելու մասին որոշում կայացնելու օրվանից շարունակվում է գործի քննության՝ սույն օրենսգրքի 84-րդ հոդվածով սահմանված կամ վարչական դատարանի որոշմամբ երկարաձգված ժամկետի ընթացքը:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Գործի վարույթը կասեցնելու մասին վարչական դատարանի որոշումը վերացվելու դեպքում գործի քննության՝ սույն օրենսգրքի 84-րդ հոդվածով սահմանված կամ վարչական դատարանի որոշմամբ երկարաձգված ժամկետի ընթացքը շարունակվում է համապատասխան վերադաս դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից:»:
Հոդված 5. Օրենսգրքի 112-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Դատաքննության փուլում վարչական դատարանի կազմը փոխվելու կամ վարչական դատարանի կազմը փոխվելու հիմքով դատաքննությունը վերսկսվելու դեպքում վարչական դատարանը դատավարության մասնակիցների համաձայնությամբ կարող է որոշում կայացնել նախքան վարչական դատարանի կազմի փոփոխությունը հետազոտված ապացույցները դատական նիստում հետազոտված համարելու վերաբերյալ՝ առանց դրանք անմիջականորեն հետազոտելու:»:
Հոդված 6. Օրենսգրքի 114-րդ հոդվածի 5-րդ մասը «հետազոտված» բառից հետո լրացնել «կամ սույն օրենսգրքի 112-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով դատական նիստում հետազոտված համարված» բառերով:
Հոդված 7. Օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 8. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 1-ին, 5-րդ և 6-րդ հոդվածների, որոնք տարածվում են նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը վարույթ ընդունված հայցադիմումներով գործերի քննության վրա:
2. Սույն օրենքը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված հայցադիմումների (դիմումների) հիման վրա հարուցված գործերի վրա:
3. Նախքան սույն օրենքն ուժի մեջ մտնելը հարուցված գործերը ենթակա են լուծման սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ տասներկու ամսվա ընթացքում, և կարող են վարչական դատարանի պատճառաբանված որոշմամբ երկարաձգվել երեք անգամ՝ յուրաքանչյուր դեպքում ոչ ավելի, քան երեք ամսով:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. ապրիլի 15 Երևան ՀՕ-109-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 ապրիլի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|