Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ, ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՎԵՃԵՐ ԼՈՒԾՈՂ ԱՅԼ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները (այսուհետ` Կողմեր)
հիմնվելով Անկախ Պետությունների Համագործակցության 1993 թվականի հունվարի 22-ի Կանոնադրության, Տնտեսական միության ստեղծման մասին 1993 թվականի սեպտեմբերի 24-ի Համաձայնագրի և Տնտեսական գործունեության հետ կապված վեճերի լուծման կարգի մասին 1992 թվականի մարտի 20-ի Համաձայնագրի վրա.
ձգտելով միջպետական համագործակցության հետագա զարգացմանը և Կողմերի տնտեսվարող սուբյեկտների միջև տնտեսական վեճերով փոխադարձ իրավական օգնության ընդլայնմանը, որպես Համագործակցության շրջանակներում ազատ առևտրի գոտու գործելու և տնտեսական կապերի ամրապնդման անհրաժեշտ պայման,
ելնելով մի պետության դատարանների որոշումների` մյուսի տարածքում կատարման ապահովման և տնտեսական վեճերի քննության ընթացքում տնտեսական օրենսդրության և դատավարական նորմերի կիրառման փորձի փոխանակման մեջ ջանքերի միավորման օբյեկտիվ պահանջից,
մեծ նշանակություն տալով տնտեսական օրենսդրության ներդաշնակեցման և դրա կիրառման գծով դատական պրակտիկայի հարցերի լուծման գործում համաձայնեցված մոտեցումներ մշակելու նպատակով համատեղ պարբերական հանդիպումների և դատարանների խորհրդակցությունների անցկացմանը.
գիտակցելով համագործակցության կազմակերպման ամրագրման կարևորությունը դրա կայուն զարգացման ապահովման համար,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Կողմերը կազմավորում են բարձրագույն արբիտրաժային, տնտեսական և տնտեսության ոլորտում վեճեր լուծող այլ դատարանների նախագահների խորհուրդ (այսուհետ խորհուրդ):
Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է Կանոնադրության հիման վրա, որը հանդիսանում է սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:
Հոդված 2
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրող Կողմերի` Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցումն ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:
Անհրաժեշտ ընթացակարգերն ուշ կատարած Կողմերի համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում համապատասխան փաստաթղթերն ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:
Հոդված 3
Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից` այդ մասին ավանդապահին գրավոր ծանուցում ուղարկելով ոչ ուշ, քան երեք ամիս առաջ:
Հոդված 4
Կողմերի ընդհանուր համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ` առանձին արձանագրություններով ձևակերպված, որոնք ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածով նախատեսված կարգով:
Հոդված 5
Սույն Համաձայնագիրը բաց է այլ պետությունների միանալու համար և նրանց համար համարվում է ուժի մեջ մտած միանալու մասին համապատասխան ծանուցումն ավանդապահին փոխանցելու օրվանից:
Կատարված է Քիշնև քաղաքում 2002թ. հոկտեմբերի 7-ին մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագրը ստորագրած յուրաքանչյուր պետություն կուղարկի դրա հաստատած պատճենը:
Համաձայնագիրը ստորագրել են Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը, Մոլդովայի Հանրապետությունը (վերապահումով), Ռուսաստանի Դաշնությունը, Տաջիկստանի Հանրապետությունը, Ուկրաինան:
Հավելված | |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Բարձրագույն արբիտրաժային, տնտեսական և տնտեսական ոլորտում |
Հոդված 1
Բարձրագույն արբիտրաժային, տնտեսական և տնտեսության ոլորտում վեճեր լուծող այլ դատարանների խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ) կազմավորվում է արբիտրաժային, տնտեսական և տնտեսության ոլորտում վեճեր լուծող այլ դատարանների (այսուհետ` դատարաններ) միջև համագործակցության կազմակերպական ապահովման համար, որոնց իրավասությունների մեջ է մտնում տնտեսական գործունեության իրականացման հետ կապված վեճերի լուծումը:
Հոդված 2
Խորհրդի հիմնական գործառույթներն են տնտեսական վեճերի լուծման և տնտեսական օրենսդրության կիրառման բնագավառում իրավական տեղեկատվության ակտիվ փոխանակման ապահովումը, այդ ոլորտում համաձայնեցված մոտեցումների և դիրքորոշումների մշակման նպատակով փոխադարձ խորհրդատվությունների անցկացումը` հետևյալ հարցերով.
քաղաքացիական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին միջպետական պայմանագրերի կիրառման.
մի պետության դատարանների որոշումների` մյուս պետության տարածքում կատարման,
պայմանավորվող պետությունների տնտեսական և դատավարական օրենսդրության ներդաշնակեցման և այդ օրենսդրության կիրառման փորձի փոխանակման.
դատարանների գործունեության կազմակերպման և փոխգործունեության կատարելագործման, համապատասխան միջազգային պայմանագրերի և համաձայնագրերի մշակման:
Խորհուրդը անհրաժեշտության դեպքում Պետությունների ղեկավարների խորհրդին, Կառավարությունների ղեկավարների խորհրդին, Միջխորհրդարանական վեհաժողովին, ԱՊՀ այլ մարմիններին ներկայացնում է առաջարկություններ միջպետական համագործակցության վերաբերյալ և տեղեկտվություն դատարանների փոխգործողության և դրա կատարելագործման միջոցների մասին: Եթե տնտեսական օրենսդրության կիրառման խնդիրների քննարկման ընթացքում հարց է առաջանում դրա կատարելագործման և մերձեցման անհրաժեշտության վերաբերյալ, ապա Խորհուրդը համապատասխան նյութերն ուղարկում է Համագործակցության մասնակից պետությունների Իրավական խորհրդատվական խորհրդի քննարկմանը:
Հոդված 3
Խորհուրդը տարին մեկ անգամ հերթական նիստեր է անցկացնում` հետևյալ նպատակներով.
նշված ոլորտում հրատապ իրավական խնդիրներով տեղեկատվության և խորհրդատվությունների փոխանակման.
փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող իրավական հարցերով համաձայնեցված դիրքորոշումների մշակման.
իրավական հարցերով հանձնարարականների պատրաստման և քննարկման.
դատարանների փոխգործողության կատարելագործմանն առնչվող առաջարկությունների, համաձայնագրերի և այլ փաստաթղթերի նախագծերի քննարկման:
Խորհրդի արտահերթ նիստեր կարող են գումարվել Խորհրդի մեկ կամ մի քանի անդամների նախաձեռնությամբ` Խորհրդի ընդհանուր կազմի ոչ պակաս, քան կեսի համաձայնությամբ: Յուրաքանչյուր այդպիսի նիստ, որպես կանոն անցկացվում է դրա անցկացումը նախաձեռնող պետությունում:
Եթե արտահերթ նիստի վերաբերյալ առաջարկությունը մտցվել է Խորհրդի մի քանի անդամների կողմից, ապա նրանք միմյանց միջև համաձայնեցնում են դրա անցկացման տեղի վերաբերյալ հարցը, որի մասին նշվում է նրանց առաջարկության մեջ:
Հոդված 4
Խորհրդի անդամներ են համարվում Բարձրագույն արբիտրաժային, տնտեսական և տնտեսության ոլորտում վեճեր քննող այլ դատարանների նախագահների խորհուրդ կազմավորելու մասին համաձայնագրի (այսուհետ` Համաձայնագիր) մասնակից պետությունների դատարանների նախագահները կամ նրանց պարտականությունները կատարող անձինք: Խորհրդի անդամը, որը չի կարող ներկայանալ Խորհրդի նիստին, իրավունք ունի այդ նիստին ուղարկել իր ներկայացուցչին` նրան օժտելով համապատասխան լիազորություններով:
Համաձայնագրի մասնակիցներ չհամարվող Համագործակցության մասնակից պետությունների դատարանների նախագահները Խորհրդի անդամների համաձայնությամբ Խորհրդի նիստերին կարող են մասնակցել խորհրդակցական ձայնի իրավունքով:
Հոդված 5
Պետությունների ղեկավարների Խորհրդի` Անկախ Պետությունների Համագործակցության մարմիններում նախագահության կարգի մասին 1999թ. ապրիլի 2-ի որոշմանը համապատասխան` Խորհրդի նախագահն ընտրվում է Համաձայնագրի մասնակից պետությունների դատարանների նախագահների կողմից` Խորհրդի անդամների թվից` ռոտացիայի սկզբունքի հիման վրա, մեկ տարուց ոչ ավելի ժամանակով: Խորհրդի նախորդ և հաջորդ նախագահները համարվում են Խորհրդի համանախագահներ: Խորհրդի նախագահի ժամանակավոր բացակայության դեպքում նրա պարտականությունները դրվում են նրա համանախագահներից մեկի վրա:
Խորհրդի նախագահը կազմակերպում է Խորհրդի աշխատանքը, Խորհրդի մյուս անդամների համաձայնությամբ սահմանում է նիստի անցկացման ժամը, կազմում է նիստի օրակարգի նախագիծը, կազմում է նիստի օրակարգը, վարում է Խորհրդի նիստը, համակարգում է նյութերի հերթական նիստին նախապատրաստելը, անհրաժեշտության դեպքում ձևավորում է գործադիր խումբ և ժամանակավոր հանձնաժողովներ և ղեկավարում դրանց աշխատանքը:
Նրա ղեկավարությամբ ընթացիկ աշխատանքը կատարում է Խորհրդի քարտուղարը, որին Նախագահը ներկայացնում է Խորհրդի հաստատման համար:
Խորհրդի նիստերը, որպես կանոն, անցկացվում են այն պետության տարածքում, որի դատարանի նախագահը ընտրվել է Խորհրդի Նախագահ: Խորհրդի նիստի նյութերը նրա անդամներին են ուղարկում ոչ ուշ, քան նիստից 30 օր առաջ: Խորհրդի անդամները փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները ներկայացնում են ոչ ուշ, քան նիստի բացումից 10 օր առաջ:
Հոդված 6
Խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է ԱՊՀ տնտեսական դատարանի նախագահը և կարող են ներկա լինել ԱՊՀ տնտեսական դատարանի անդամները, Համագործակցության այլ մարմինների ղեկավարները և ներկայացուցիչները, ինչպես նաև, Խորհրդի անդամների համաձայնությամբ, Համաձայնագրի մասնակիցներ չհամարվող պետությունների դատաիրավական մարմինների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:
Հոդված 7
Քննարկվող հարցերի վերաբերյալ որոշումները, որպես կանոն, ընդունվում են միաձայնության հիման վրա և կրում են խորհրդատվական բնույթ: Խորհրդի յուրաքանչյուր անդամ իրավասու է հայտնելու այս կամ այն հարցի շուրջ շահագրգռված չլինելու մասին, որը չի կարող դիտվել իբրև արգելք որոշման ընդունման համար, ինչպես նաև տվյալ որոշմանը հետագայում նրա միանալու համար:
Ընթացակարգային հարցերի վերաբերյալ որոշումները ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ:
Հոդված 8
Որպես ամփոփող փաստաթղթեր` իր իրավասության մեջ մտնող հարցերով Խորհուրդն ընդունում է որոշումներ, հաղորդագրություններ (կոմյունիկե), հայտարարություններ, դիմումներ և հանձնարարականներ, ինչպես նաև հաստատում է Խորհրդի աշխատակարգը:
Խորհրդի ընդունած փաստաթղթերը ստորագրվում են նիստին մասնակցած Խորհրդի անդամների կողմից, կամ, Խորհրդի հանձնարարությամբ, նրա Նախագահի կողմից, իսկ յուրաքանչյուր նիստի արդյունքում կազմված արձանագրությունները` Խորհրդի Նախագահի կողմից:
Նիստից հետո` 30 օրվա ընթացքում, նիստի նյութերը ուղարկվում են Խորհրդի անդամներին:
Հոդված 9
Խորհրդի անդամների գործուղման ծախսերը կրում է ուղարկող Կողմը:
Խորհրդի նիստի անցկացման հետ կապված կազմակերպչական-տեխնիկական ծախսերը կրում է այն պետությունը, որի տարածքում կազմակերպվում է նիստը:
Հոդված 10
Խորհրդի աշխատանքային լեզու համարվում է ռուսերենը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել Բելառուսի Հանրապետության համար` 21.08.2003թ., Ռուսաստանի Դաշնության համար` 21.08.2003թ., Ղրղզստանի Հանրապետության համար` 21.08.2003թ., Ղազախստանի Հանրապետության համար` 21.08.2003թ., Տաջիկստանի Հանրապետության համար` 11.11.2004թ., Ուկրաինայի համար` 1.05.2004թ., Հայաստանի Հանրապետության համար` 8.12.2004թ.:
