Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-8
Տիպ
Որոշում
Тип
Инкорпорация (16.04.1996-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՍԴՏ 1997/1
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
16.04.1996
Подписан
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Дата подписания
16.04.1996
Дата вступления в силу
16.04.1996

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՎԹԱՐՆԵՐԻ ՄԻՋՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

16 ապրիլի 1996 թվականի

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Ստեփանյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` սահմանադրական դատարան դիմում ներկայացրած Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Է. Զուլոյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց 1992 թվականի մարտի 17-ին Հելսինկիում ստորագրված «Արտադրական վթարների միջսահմանային ներգործության մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան` 1992 թվականի մարտի 17-ին Հելսինկիում ստորագրված Արտադրական վթարների միջսահմանային ներգործության մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ:

Լսելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ա. Գյուլումյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Է. Զուլոյանի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

Արտադրական վթարների միջսահմանային ներգործության մասին կոնվենցիան ստորագրվել է Հելսինկիում` 1992 թվականի մարտի 17-ին:

Կոնվենցիան բաց է և դրան կարող են միանալ Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի անդամ պետությունները, այդ պետությունների կողմից ստեղծված տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպություններ:

Կոնվենցիան ուժի մեջ է մտնում վավերացման, ընդունման, հաստատման կամ միացման մասին 16-րդ պետության կողմից ընդունված փաստաթուղթը ավանդապահին հանձնելուց հետո` 90-րդ օրը:

Կոնվենցիան ունի 13 հավելված: Հավելվածները կոնվենցիայի անբաժանելի մասն են:

Կոնվենցիային միանալու նպատակն է համագործակցել այլ պետությունների հետ միջսահմանային ներգործություն ունեցող արտադրական վթարների կանխման, դրանց պատրաստ լինելու և հետևանքների վերացման գործում:

Կոնվենցիան Կողմերին պարտավորեցնում է համատեղ խորհրդատվությունների ու հետազոտությունների միջոցով մշակել և իրականացնել վթարների ռիսկի իջեցման քաղաքականություն ու ռազմավարություն, վթարի մասին անմիջապես տեղեկացնել շահագրգիռ պետություններին և հասարակայնությանը, ցուցաբերել փոխադարձ օգնություն: Կոնվենցիայի դրույթների իրագործման համար Կողմերը պարտավորվում են ընդունել համապատասխան օրենսդրական ակտեր, իրականացնել վարչական և ֆինանսական բնույթի միջոցառումներ:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 1992 թվականի մարտի 17-ին Հելսինկիում ստորագրված Արտադրական վթարների միջսահմանային ներգործության մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Հայաստանի Հանրապետության
սահմանադրական դատարանի
նախագահ

Գ. Հարությունյան

 

16 ապրիլի 1996 թվականի

ՍԴՈ-8