Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-80
Տիպ
Որոշում
Тип
Инкорпорация (27.01.1998-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՍԴՏ 1998/2
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
27.01.1998
Подписан
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Дата подписания
27.01.1998
Дата вступления в силу
27.01.1998

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ-ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-ԻՆ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

27 հունվարի 1998 թ.


Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Ա. Դարբինյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56 և 67 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Ամերիկայի Միացյալ Նահանգների արտահանման-ներմուծման բանկի միջև 1997 թվականի հուլիսի 21-ին Վաշինգտոնում ստորագրված ծրագրերի աջակցման հիմնական համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան` նշված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ:

Ծանոթանալով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի գրավոր հաղորդմանը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ա. Դարբինյանի գրավոր բացատրությանը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Ամերիկայի Միացյալ Նահանգների արտահանման-ներմուծման բանկի միջև ծրագրերի աջակցման հիմնական համաձայնագիրն ստորագրվել է 1997 թվականի հուլիսի 21-ին` Վաշինգտոնում:

Համաձայնագրի նպատակն է ԱՄՆ-ի արտահանման-ներմուծման բանկի ֆինանսական աջակցությունը նպատակաուղղել Հայաստանի Հանրապետության տնտեսության բոլոր բնագավառներում իրականացվող վճարունակ ծրագրերի իրականացմանը, որոնցով նախատեսվում է ԱՄՆ-ում արտադրված կամ վերջնական ծագում ունեցող արտադրության ապրանքների և ծառայությունների արտահանումը և Հայաստանի Հանրապետությունում դրանց իրացումը:

Համաձայնագրով ԱՄՆ-ի արտահանման-ներմուծման բանկը պարտավորվում է իր կողմից սահմանված և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը ներկայացված բոլոր ծրագրերն ապահովել համապատասխան երաշխիքներով և վարկերով, ինչպես նաև որոշել ծրագրերի իրականացման պայմանները:

Հայաստանի Հանրապետության կառավարությունն ու Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը համաձայնել են, որ արտահանման-ներմուծման բանկի և ցանկացած այլ ներգրավված փոխառուի հանդեպ պետք է ցուցաբերվի ոչ պակաս նպաստավոր վերաբերմունք, ինչպես Հայաստանի Հանրապետության օրենքների սահմաններում դա կարվեր այլ երրորդ երկրների ներկայացուցիչների դեպքում, որոնք ծրագրերի ֆինանսավորման գործում հանդես կգան որպես փոխատու:

Համաձայնագիրը նախատեսում է, որ արտահանման-ներմուծման բանկի պահանջով պայմանավորվող մյուս Կողմը պետք է ներկայացնի բնապահպանության ստանդարտների վերաբերյալ զեկույց, որում ներկայացված կլինեն բնապահպանության տեսակետից ծրագրի թե դրական և թե բացասական ազդեցությունները:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավորվում է ծրագրերի ֆինանսավորումը հեշտացնելու և երաշխավորելու նպատակով ձեռնարկել կազմակերպական իրավական բնույթի մի շարք քայլեր:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածով «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Ամերիկայի Միացյալ Նահանգների արտահանման-ներմուծման բանկի միջև 1997 թվականի հուլիսի 21-ին Վաշինգտոնում ստորագրված ծրագրերի աջակցման հիմնական համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
սահմանադրական դատարանի
նախագահ

Գ. Հարությունյան


27 հունվարի 1998 թվականի
ՍԴՈ-80