ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
29 հունիսի 2001 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, կազմով` սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Հ. Երիցյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 21(1) և 56 հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողներ` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամներ Ռ. Պապայանի և Ֆ. Թոխյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Հ. Երիցյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Սույն համաձայնագիրն ստորագրվել է 2000 թվականի դեկտեմբերի 5-ին Նյու Դելիում` Կողմերի միջև կանոնավոր օդային հաղորդակցության հաստատման և իրականացման նպատակով:
Համաձայնագրով Կողմերը փոխադարձ պարտավորություններ են ստանձնում` կապված ավիաընկերությունների նշանակման և լիազորման, ավիացիոն անվտանգության ապահովման, մաքսային տուրքերից և այլ գանձումներից ազատման, եկամուտների փոխանցման հետ:
Համաձայնագրում նշվում են փոխադարձ իրավունքների շրջանակները` Կողմերի տարածքով առանց վայրէջքի թռիչքներ իրականացնելու, ինչպես նաև կանգառի իրավունք տվող պայմաններն ու նպատակները:
Համաձայնագրով նախատեսվում է նաև տարաձայնությունների կարգավորման, համաձայնագրում փոփոխությունների կատարման և դրա գործողության դադարեցման կարգը:
Համաձայնագիրը պարունակում է դրույթներ, որոնք վերաբերում են տեղեկությունների տրամադրմանը, նշանակված ավիաընկերությունների կողմից կիրառվող սակագներին, Կողմերի տարածքներում նրանց ավիաընկերությունների ներկայացուցչություններին և դրանց առևտրային գործունեության կարգավորմանը:
Համաձայնագրով նախատեսվում է Կողմերի միջև խորհրդակցությունների անցկացում և համագործակցության ապահովում:
Համաձայնագիրն ունի հավելված, որում սահմանվում են Կողմերի նշանակած ավիաընկերությունների կողմից շահագործվող երթուղիները և այն իրավունքները, որոնցից օգտվում են այդ ավիաընկերությունները` միջանկյալ և միմյանց տարածքներից դուրս գտնվող վայրերում:
Համաձայնագրի դրույթները համահունչ են բազմակողմ միջազգային կոնվենցիաներին, որոնց Հայաստանի Հանրապետությունը միացել է 1994-1996 թթ. ընթացքում: Նմանատիպ երկկողմ համաձայնագրեր հետագայում Հայաստանի Հանրապետության կողմից կնքվել են մի շարք երկրների հետ:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին 2000 թվականի դեկտեմբերի 5-ին Նյու Դելիում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Հովհաննիսյան |
|