Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-492
Տիպ
Որոշում
Тип
Инкорпорация (07.05.2004-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՍԴՏ 2004/4
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
07.05.2004
Подписан
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Дата подписания
07.05.2004
Дата вступления в силу
07.05.2004

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

1957 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-ԻՆ ՆԻՑՑԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՆՇԱՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԻՑՑԱՅԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

7 մայիսի 2004 թ.


Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարար Կ. Ճշմարիտյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «1957 թվականի հունիսի 15-ին Նիցցայում ստորագրված` Նշանների գրանցման նպատակներով ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգման վերաբերյալ Նիցցայի համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.


1. Նշանների գրանցման նպատակներով ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգման վերաբերյալ համաձայնագիրն ստորագրվել է Նիցցայում` 1957 թ. հունիսի 15-ին: Այն վերանայվել է 1967 թ. հուլիսի 14-ին` Ստոկհոլմում, 1977 թ. մայիսի 13-ին` Ժնևում և փոփոխվել է 1979 թ. սեպտեմբերի 28-ին: Համաձայնագրի նպատակն է ապրանքների և ծառայությունների ընդհանուր դասակարգման ընդունումը:

2. Համաձայնագրով Պայմանավորվող կողմերը հիմնում են Հատուկ միություն և նշանների գրանցման նպատակներով ընդունում ապրանքների և ծառայությունների ընդհանուր դասակարգում, որը բաղկացած է դասերի ցանկից և ապրանքների ու ծառայությունների այբբենական ցանկից: Հատուկ միության երկրներին իրավունք է վերապահվում այդ դասակարգումն օգտագործել որպես հիմնական կամ լրացուցիչ համակարգ:

Համաձայնագիրը ճշգրտում է ապրանքների և ծառայությունների դասակարգման բովանդակությունը և դրա կազմման լեզուները:

3. Համաձայնագրով հիմնադրվում է Փորձագետների կոմիտե, որում ներկայացված է Հատուկ միության յուրաքանչյուր պետություն: Համաձայնագիրը սահմանում է Փորձագետների կոմիտեի գործառույթները, դասակարգման մեջ փոփոխություններ կատարելու ընթացակարգը:

Հատուկ միությունն ունի Ասամբլեա, որի անդամ է համաձայնագիրը վավերացրած կամ դրան միացած յուրաքանչյուր պետություն:

Համաձայնագիրը սահմանում է Հատուկ միության բյուջեի ֆինանսավորման աղբյուրները:

4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է ֆինանսական պարտավորություններ` կապված Հատուկ միության Ասամբլեայում ՀՀ կառավարությունը ներկայացնող պատվիրակության ծախսերը հոգալու, Հատուկ միության բյուջե տարեկան վճար մուծելու և Հատուկ միության շրջանառու միջոցների հիմնադրամին միանվագ վճար տրամադրելու հետ:


Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.


1. 1957 թ. հունիսի 15-ին Նիցցայում ստորագրված` Նշանների գրանցման նպատակներով ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգման վերաբերյալ Նիցցայի համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:


Նախագահող

Գ. Հարությունյան


7 մայիսի 2004 թվականի
ՍԴՈ-492

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան