Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Тип
Инкорпорация (24.07.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԱԳՆՊՏ 2008.02.11/9(17)
Принят
Հայաստանի Հանրապետություն
Дата принятия
20.08.2005
Дата подписания
20.08.2005
Дата вступления в силу
24.07.2006

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի եվ Բելառուսի Հանրապետության ազգային բանկի միջեվ հաշվարկների կազմակերպման մասին

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը (այսուհետ` Հայաստանի բանկ) և Բելառուսի Հանրապետության ազգային բանկը (այսուհետ` Բելառուսի բանկ), այսուհետ` Կողմեր,

ցուցաբերելով փոխադարձ հետաքրքրություն վճարահաշվարկային հարաբերությունների կատարելագործման և բանկային գործունեության կարգավորման հարցերով փոխշահավետ համագործակցության զարգացմանը,

 

պայմանավորվեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

1. Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության օրենսդրության համապատասխան` քաղաքացիական իրավահարաբերությունների մասնակիցների հանդիսացող անձանց (այսուհետ` քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակիցներ) միջև հաշվարկները և վճարումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության ազգային արժույթներով, ԱՊՀ մասնակից հանդիսացող այլ պետությունների արժույթներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան այլ արժույթներով:

2. Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիական իրավահարաբերությունների մասնակիցների միջև գործարքներ կնքելիս այդ գործարքների վճարման արժույթը սահմանվում է` հաշվի առնելով 1-ին կետի պահանջները:

3. Քաղաքացիական իրավահարաբերությունների մասնակիցների կողմից իրականացվող արժույթի առքի, վաճառքի և փոխարկման գործառնությունները կատարվում են առանց արժույթի տեսակների սահմանափակումների` տվյալ գործառնությունները կարգավորող` Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության օրենսդրության պահանջներին հետևելու պայմանով:

4. Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության ֆիզիկական անձինք կարող են իրականացնել փոխադարձ բանկային փոխանցումներ, որոնք կապված չեն ձեռնարկատիրական գործունեության հետ, ինչպես Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության բանկերում հաշիվներ բացելով, այնպես էլ առանց հաշիներ բացելու` սույն հոդվածի 1-ին կետում նշված արժույթներով, ինչպես նաև ցանկացած այլ արժույթով, որի ազգային արժույթի նկատմամբ պաշտոնական փախարժեքը սահմանում է ինչպես Հայաստանի բանկը, այնպես էլ Բելառուսի բանկը` հաշվի առնելով փոխանցման գումարի սահմանափակումները, որոնք սահմանված են այն պետության օրենսդրությամբ, որի տարածքից իրականացվում է բանկային փոխանցում, և այդ օրենսդրության պահանջները պահպանելու պայմանով:

 

Հոդված 2

 

1. 1-ին հոդվածում նշված հաշվարկները և վճարումները իրականացվում են Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության լիազորված բանկերի թղթակցային հաշիվներով, որոնք բացվում են միմյանց մոտ կամ երրորդ երկրների բանկերում` հաշվի առնելով սույն հոդվածի 3-րդ կետը: Ընդ որում, վճարումներն իրականացվում են քաղաքացիական իրավահարաբերությունների սուբյեկտների կողմից Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության բանկերում համապատասխանաբար բացված հաշիվներով (հաշիվներից), բացառությամբ 1-ին հոդվածի 4-րդ կետում նշված դեպքերի, երբ վճարումն իրականացվում է առանց հաշիվ բացելու:

2. 1-ին հոդվածում նշված հաշվարկներն ու վճարումները կարող են իրականացվել նաև այն հաշիվների միջոցով, որոնք քաղաքացիական իրավահարաբերությունների մասնակիցները (բացի լիազորված բանկերից) ունեն արտասահմանյան բանկերում համապատասխան Կողմի նկատմամբ` Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Նշված հաշիվներով հաշվարկները քաղաքացիական իրավահարաբերությունների սուբյեկտներն իրականացնում են` ելնելով Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության օրենսդրության պահանջներից:

3. Սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված հաշվարկներն ու վճարումները կատարելու համար Կողմերը կարող են թղթակցային և այլ հաշիվներ բացել միմյանց մոտ, ինչպես նաև համապատասխանաբար` Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության լիազորված բանկերում և լիազորված բանկերի անունով: Վերը նշված հաշիվներով վճարումների և հաշվարկների իրականացման կարգն ու պայմանները սահմանվում են Կողմերի միջև կնքվող առանձին համաձայնագրերով` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության օրենսդրության պահանջները:

4. Կողմերը պատասխանատվություն չեն կրում Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության լիազորված բանկերի փոխադարձ պարտավորությունների կարգավորման հարցում:

 

Հոդված 3

 

1. Բելառուսի Հանրապետության լիազորված բանկեր են համարվում Բելառուսի բանկից Ընդհանուր լիցենզիա ստացված բանկերը:

2. Հայաստանի Հանրապետության լիազորված բանկեր են համարվում բանկային գործունեություն իրականացնելու համար Հայաստանի բանկից լիցենզիա ստացած բանկերը:

3. Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության լիազորված բանկերը միմյանց մոտ կամ միակողմանի կարգով հաշիվներ են բացում իրենց միջև կնքված համաձայնագրերի հիման վրա, որոնցում սահմանված են վճարումների իրականացման կարգն ու պայմանները` ելնելով Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության օրենսդրության պահանջներից:

4. Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության լիազորված բանկերն այդ համաձայնագրերի շրջանակներում կարող են իրականացնել Կողմերի պետությունների ազգային արժույթների առք ու վաճառք, փոխադարձ վարկավորում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ գործողություններ:

5. Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության լիազորված բանկերի թղթակցային հաշիվներում առկա` Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության ազգային արժույթներով միջոցները ընթացիկ վճարումների իրականացման համար կարող են օգտագործվել ինչպես Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության քաղաքացիական իրավահարաբերությունների սուբյեկտների օգտին` Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 4

 

1. Բելառուսի Հանրապետության լիազորված բանկերը Հայաստանի Հանրապետության ներքին արժութային շուկայում գործառնություններ կատարում են Հայաստանի Հանրապետության լիազորված բանկերի միջոցով, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:

2. Հայաստանի Հանրապետության լիազորված բանկերը Բելառուսի Հանրապետության ներքին արժութային շուկայում գործառնություններ կատարում են Բելառուսի Հանրապետության լիազորված բանկերի միջոցով, եթե Բելառուսի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:

 

Հոդված 5

 

1. Հայաստանի Հանրապետության իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի հաշիվների բացումը և վարումը Բելառուսի Հանրապետության բանկերում իրականացվում են Բելառուսի Հանրապետության օրենսդրության համաձայն, Հայաստանի բանկի համապատասխան թույլտվության առկայության դեպքում, եթե նման թույլտվություն ստանալը նախատեսված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

2. Բելառուսի Հանրապետության իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի հաշիվների բացումը և վարումը Հայաստանի Հանրապետության բանկերում իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, Բելառուսի բանկի համապատասխան թույլտվության առկայության դեպքում, եթե նման թույլտվություն ստանալը նախատեսված է Բելառուսի Հանրապետության օրենսդրությամբ:

 

Հոդված 6

 

1. Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահից մեկ ամսվա ընթացքում Կողմերը պարտավորվում են միմյանց գրավոր տեղեկացնել Կողմերի երկրների օրենսդրությամբ սահմանված` սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածում նշված հաշիվների բացման կարգի մասին: Հետագայում` վերը նշված կարգի փոփոխման դեպքում, Կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է վերը նշված կարգը սահմանող օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու պահից մեկ ամսվա ընթացքում կատարված փոփոխությունների մասին գրավոր տեղեկացնել մյուս Կողմին:

2. Կողմերը պարտավորվում են վերը նշված տեղեկությունները ներկայացնել որպես ի գիտություն Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության բանկերին:

 

Հոդված 7

 

1. Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահից կորցրած է համարվում 1996 թվականի օգոստոսի 9-ի` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Բելառուսի Հանրապետության ազգային բանկի միջև հաշվարկների կազմակերպման մասին համաձայնագիրը և 1996 թվականի սեպտեմբերի 20-ի` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Բելառուսի Հանրապետության ազգային բանկի միջև հաշվարկների կազմակերպման մասին լրացուցիչ համաձայնագիրը:

2. Սույն Համաձայնագրի իրականացման ընթացքում առաջացող բոլոր վեճերն ու տարաձայնությունները Կողմերը լուծում են բանակցությունների միջոցով:

3. Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագիրը կարող է փոփոխվել և լրացվել` Կողմերի կողմից Համաձայնագրի անբաժանելի մաս հանդիսացող արձանագրություններ ստորագրվելու միջոցով:

 

Հոդված 8

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին ծանուցագիրը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից:

Համաձայնագիրը գործում է մինչև Կողմերի կողմից հաշվարկների կազմակերպման մասին նոր համաձայնագրի ստորագրումը կամ ուժը կորցնում է սույն Համաձայնագրի Կողմերից որևէ մեկի կողմից մյուս Կողմին դրա դադարեցման մասին գրավոր ծանուցելուց 1 ամիս հետո:

 

Ստորագրված է Երևանում, 2005 թվականի օգոստոսի 20-ին և Մինսկում, 2005 թվականի սեպտեմբերի 20-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն: Բոլոր տեքստերն ունեն միևնույն իրավաբանական ուժը: Վեճեր և տարաձայնություններ առաջանալու դեպքում կգերակայի ռուսերեն տեքստը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2006 թվականի հուլիսի 24-ին: