Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-493
Տիպ
Որոշում
Тип
Инкорпорация (14.05.2004-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՍԴՏ 2004/4
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
14.05.2004
Подписан
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Дата подписания
14.05.2004
Дата вступления в силу
14.05.2004

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

1977 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-ԻՆ ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻԿՐՈՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ԱՎԱՆԴԱԴՐՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ ԲՈՒԴԱՊԵՇՏԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

14 մայիսի 2004 թ.


Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարար Կ. Ճշմարիտյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «1977 թվականի ապրիլի 28-ին Բուդապեշտում ստորագրված` Արտոնագրային գործընթացի նպատակով միկրոօրգանիզմների ավանդադրման միջազգային ճանաչման մասին Բուդապեշտի պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով պայմանագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.


1. Պայմանագիրն Արդյունաբերական սեփականության պահպանության միջազգային միության մասնակից պետությունների կողմից ստորագրվել է 1977 թ. ապրիլի 28-ին (1980 թ. սեպտեմբերի 26-ի փոփոխություններով) Բուդապեշտում` արտոնագրային գործընթացի կապակցությամբ միկրոօրգանիզմների ավանդադրման միջազգային ճանաչման միություն ստեղծելու նպատակով:

Պայմանագիրն ուժի մեջ է մտել 1980 թ. օգոստոսի 19-ից:

2. Պայմանագրով Պայմանավորվող կողմերը ստեղծում են միկրոօրգանիզմների ավանդադրման միջազգային ճանաչման միություն:

Պայմանագիրը սահմանում է կրկնակի ավանդադրման կարգը, միջազգային ավանդադրման մարմնի կարգավիճակը, այդ կարգավիճակի ձեռքբերման և դադարեցման կարգը:

3. Պայմանագրի հիման վրա ստեղծվող միությունն ունի Ասամբլեա, որում յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ներկայացված է իր պատվիրակության միջոցով:

Պայմանագրով սահմանված են Ասամբլեայի գործառույթները, գործունեության կազմակերպաիրավական ձևերն ու ընթացակարգերը:

4. Պայմանագրի կատարման գործընթացում կարևոր մանրամասների, վարչական պահանջների, հարցերի և ընթացակարգերի կարգավորումը կատարվում է պայմանագրում վկայակոչված Կանոնակարգով: Քննության առարկա պայմանագրի հետ միաժամանակ ընդունված Կանոնակարգը հանդիսանում է պայմանագրի հավելվածը: Պայմանագրի և Կանոնակարգի դրույթների միջև հակասության դեպքում գերակայում են պայմանագրի դրույթները:

5. Պայմանագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է ճանաչել միկրոօրգանիզմների ավանդադրումը ցանկացած միջազգային ավանդադրման մարմնում, չպահանջել այլ կամ լրացուցիչ պահանջների համապատասխանություն` բացի պայմանագրով և Կանոնակարգով սահմանվածներից:

Հայաստանի Հանրապետությունը կարող է միկրոօրգանիզմների որոշ տեսակների ներմուծման կամ արտահանման նկատմամբ սահմանափակումներ կիրառել միայն այն դեպքում, եթե դրանք անհրաժեշտ են ազգային անվտանգության կամ առողջապահության և շրջակա միջավայրի պահպանության նպատակով:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.


1. 1977 թ. ապրիլի 28-ին Բուդապեշտում ստորագրված` Արտոնագրային գործընթացի նպատակով միկրոօրգանիզմների ավանդադրման միջազգային ճանաչման մասին Բուդապեշտի պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:


Նախագահող

Գ. Հարությունյան


14 մայիսի 2004 թվականի
ՍԴՈ-493