ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՆԱՎԹԻ ԵՎ ԳԱԶԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՈՎԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Վավերացնել 1999 թվականի հուլիսի 22-ին Կիև քաղաքում ստորագրված «Նավթի և գազի տեղափոխման միջպետական համակարգերի ստեղծման ինստիտուցիոնալ հիմունքների մասին» Հովանոցային համաձայնագիրը՝ Ադրբեջանի Հանրապետության վերապահման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության առարկությամբ (կցվում է)։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Բաղդասարյան |
|
Հայաստանի Հանրապետության առարկությունը
Նավթի և գազի տեղափոխման միջպետական համակարգերի ստեղծման ինստիտուցիոնալ հիմունքների մասին Հովանոցային համաձայնագրի դրույթներին Ադրբեջանի Հանրապետության կողմից կատարված վերապահման վերաբերյալ
Հայաստանի Հանրապետությունն առարկում է Ադրբեջանի Հանրապետության կողմից Նավթի և գազի տեղափոխման միջպետական համակարգերի ստեղծման ինստիտուցիոնալ հիմունքների մասին Հովանոցային համաձայնագրի նկատմամբ կատարված վերապահման դեմ։
Ադրբեջանի Հանրապետության կողմից կատարված վերապահումը, լինելով ընդհանուր բնույթի և անորոշ, չունենալով կիրառման հստակ սահմաններ և պայմաններ, անհնարին է դարձրել նշված Համաձայնագրի՝ ոչ միայն Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև կիրառումը, այլև ընդհանրապես Հայաստանի Հանրապետության համար համաձայնագիրը դարձրել է անիրագործելի։ Համաձայնագրի նպատակներից մեկն է նավթի և գազի տեղափոխման միջպետական համակարգի արդյունավետ շահագործումն ապահովող միասնական կանոնների և մեխանիզմների սահմանումը, նավթի և գազի տեղափոխման ճյուղի զարգացմանն ուղղված պատշաճ քայլերի ձեռնարկումը, որոնք արդեն իսկ խախտվում են Ադրբեջանի Հանրապետության կողմից կատարված վերապահմամբ։
Ադրբեջանի Հանրապետությունը վերապահում է կատարում նաև համաձայնագրի՝ հետագայում ներկայացվելիք արձանագրությունների դեմ։ Այլ խոսքերով՝ վերապահում է կատարվում այնպիսի դրույթների նկատմամբ, որոնք դեռևս գոյություն չունեն։
Հայաստանի Հանրապետությունը գտնում է, որ Ադրբեջանի Հանրապետության կողմից Նավթի և գազի տեղափոխման միջպետական համակարգերի ստեղծման ինստիտուցիոնալ հիմունքների մասին Հովանոցային համաձայնագրի նկատմամբ կատարված վերապահումը հակասում է համաձայնագրի առարկային և նպատակին, ինչն անթույլատրելի է միջազգային իրավունքի տեսանկյունից։
Հայաստանի Հանրապետությունը ընդգծում է նաև, որ Ադրբեջանի Հանրապետության կողմից կատարված վերապահումը չի համապատասխանում 1969 թ. Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին կոնվենցիայի՝ վերապահումներին ներկայացվող պահանջներին, հետևաբար հակասում է Կոնվենցիայի դրույթներին։ Մասնավորապես, համաձայն այդ Կոնվենցիայի, պետությունը վերապահմամբ կարող է բացառել կամ փոփոխել պայմանագրի որոշակի դրույթների իրավական ուժը դրանք իր նկատմամբ կիրառելիս։ Սակայն Ադրբեջանի Հանրապետությունը, ինչպես երևում է վերապահման տեքստից, չի նշում որևէ որոշակի դրույթ, որի գործողությունը կցանկանար բացառել կամ փոփոխել դրա իրավական ուժը, ուստի, կատարելով նման վերապահում, խախտում է Վիեննայի Կոնվենցիայի դրույթները։
Հայաստանի Հանրապետությունը ցանկանում է համաձայնագրի կողմ հանդիսացող բոլոր պետությունների ուշադրությունը հրավիրել վերը նշված հանգամանքների վրա և առաջարկում է համաձայնագրի Ավանդապահին հորդորել Ադրբեջանի Հանրապետությանը վերանայել իր՝ Նավթի և գազի տեղափոխման միջպետական համակարգերի ստեղծման ինստիտուցիոնալ հիմունքների մասին Հովանոցային համաձայնագրի նկատմամբ կատարած վերապահումը:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|