Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 70665/11
Տիպ
Վճիռ ընդդեմ Հայաստանի
Тип
Исходный акт (25.07.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում 19.06.2023
Принят
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Дата принятия
25.04.2023
Подписан
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Дата подписания
25.04.2023
Дата вступления в силу
25.07.2023

Ներմուծեք նկարագրությունը_15382

ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

ՕՀԱՆՋԱՆՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

 

(գանգատ թիվ 70665/11)

 

Վ Ճ Ի Ռ

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

25 ապրիլի 2023 թ.

 

Հոդված 2 (դատավարական և նյութաիրավական)  Դիմումատուի որդու՝ պարտադիր զինվորական ծառայության ընթացքում մահվան փաստով ոչ արդյունավետ քննությունը  Նրա մահվան համար արժանահավատ բացատրություն տրամադրելու պարտավորությունը չկատարելը

 

 

Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում։ Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), հանդես գալով Պալատի հետևյալ կազմով՝

Գաբրիել Կուչկո-Ստադլմայեր [Gabriele Kucsko-Stadlmayer]՝ Նախագահ,

Թիմ Այքը [Tim Eicke],

Ֆարիս Վեհաբովիչ [Faris Vehabović],

Բրանկո Լուբարդա [Branko Lubarda],

Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],

Անյա Սիբերտ Ֆուա [Anja Seibert-Fohr],

Անա Մարիա Գեռա Մարտինս [Ana Maria Guerra Martins]` դատավորներ,

և Անդրեա Տամիետտի [Andrea Tamietti]՝ Բաժանմունքի քարտուղար,

հաշվի առնելով՝

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի պրն Սուրեն Օհանջանյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2011 թվականի նոյեմբերի 8-ին Դատարան ներկայացված գանգատը (թիվ 70665/11),

գանգատի վերաբերյալ Հայաստանի կառավարությանը (Կառավարություն) ծանուցելու մասին որոշումը,

կողմերի դիտարկումները,

դիմումատուի այրու գրությունը, որով Դատարանին տեղեկացրել է դիմումատուի մահվան և նրա կողմից ներկայացված գանգատով վարույթն իր կողմից շարունակելու ցանկության մասին,

2023 թվականի ապրիլի 4-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն, կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Գործը վերաբերում է դիմումատուի որդու՝ պարտադիր զինվորական ծառայության ընթացքում տեղի ունեցած ենթադրյալ դեպքի հետևանքով մահվանը և Կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն բարձրացված հարցերին։

 

ՓԱՍՏԵՐԸ

 

2. Դիմումատուն ծնվել է 1953 թվականին և մինչև իր մահը, որը տեղի է ունեցել 2017 թվականի օգոստոսի 26-ին, բնակվել է Երևանում։ Դիմումատուին ներկայացրել է Երևանում գործող իրավաբան պրն Մ. Շուշանյանը։

3. Կառավարությունը ներկայացրել է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանը։

4. Գործով փաստերը կարելի է ամփոփ շարադրել հետևյալ կերպ:

 

I. Գործի նախապատմությունը

 

5. 2006 թվականի նոյեմբերին դիմումատուի որդին՝ Տ. Օհանջանյանը, զորակոչվել է Հայաստանի Հանրապետության բանակ: 2007 թվականի մայիսին նա տեղափոխվել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում տեղակայված թիվ 28418 զորամաս (զորամաս)։

6. Դեպքերի վերաբերյալ պաշտոնական վարկածի համաձայն, որը վիճարկվել է դիմումատուի կողմից, 2007 թվականի օգոստոսի 30-ին՝ երեկոյան ժամը 22։30-ին՝ երեկոյան անվանականչից հետո, Տ. Օհանջանյանը դուրս է եկել զինանոցից՝ մոտակայքում գտնվող թիվ 28233 զորամասի պահեստային անցակետ գնալու համար։ Ճանապարհին նրա պարանոցն ու ձախ դաստակը պատահաբար դիպել են թիվ 28233 զորամասի R-419 ռադիոռելեային կայանի ալեհավաքի կայմի ձգալարերին. նա հոսանքահարվել է և տեղում մահացել։ Կրտսեր սերժանտ Ա.Գ.-ն, որը հերթապահում էր անցակետում, լսել է թիվ 28233 զորամասի կապի մասնաշենքի կողմից եկող տարօրինակ ձայներ և քայլել այդ ձայների ուղղությամբ։ Հասնելով կապի մասնաշենքի մոտակա տարածք՝ Ա.Գ.-ն գտել է Տ. Օհանջանյանին R-419 ռադիոռելեային կայանի ալեհավաքի կայմի ձգալարերի տակ՝ գետնին ընկած։ Կարծելով, որ Օհանջանյանն իրեն վատ է զգում, Ա.Գ.-ն կանչել է օգնության։ Եկել են մի քանի զինծառայողներ, այդ թվում՝ նաև զորամասի ֆելդշերը, որը փորձել է ցուցաբերել առաջին օգնություն։ Հաստատելով, որ Տ. Օհանջանյանը մահացել է, ֆելդշերը կազմակերպել է նրա մարմնի տեղափոխումը հոսպիտալ։ Ժամը 23։35-ին դին բերվել է Վարդենիսի կայազորի զինվորական հոսպիտալ։ Մահն արձանագրելուց հետո դին տեղափոխվել է Երևան՝ դիահերձման։

 

II. ԴԻՄՈՒՄԱՏՈՒԻ ՈՐԴՈՒ ՄԱՀՎԱՆ ՓԱՍՏՈՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Ա. Նախնական քննությունը

 

7. Նույն օրը Վարդենիսի զինվորական ոստիկանության ծառայողներն այցելել են դեպքի վայր։ Քանի որ արդեն գիշեր էր, նրանք չեն իրականացրել դեպքի վայրի զննություն, սակայն ստուգել են R-419 ռադիոռելեային կայանի հեռադիտակային կայմի ձգալարերի էլեկտրական հոսանքը, և կազմվել է արձանագրություն, որում նշվել է, որ R-419 ռադիոռելեային կայանի միացված ժամանակ հեռադիտակային կայմի ձգալարերում գրանցվել է 180 վոլտ էլեկտրական հոսանք։

8. 2007 թվականի օգոստոսի 31-ին Սևանի կայազորի զինվորական դատախազությունը հարուցել է քրեական վարույթ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար՝ Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասի (տե՛ս ստորև՝ 100-րդ պարբերությունը) համաձայն։ Որոշման մեջ մասնավորապես նշվել է հետևյալը.

 

«... 2007 թվականի օգոստոսի 30-ին մոտավորապես 23։20-ին [Տ. Օհանջանյանի] դին տարվել է Վարդենիսի կայազորի հոսպիտալ։

Մարմնի զննության արդյունքում պարանոցի աջ մասում հայտնաբերվել են 15 և 4 սանտիմետր երկարությամբ կլորավուն, քերծվածքների նման վնասվածքներ: [Տ. Օհանջանյանի] ձախ ձեռքի ցուցամատի արտաքին մակերեսի վրա հայտնաբերվել է մոտ 0,2 սանտիմետր տրամագծով ևս մեկ վնասվածք:

...»:

 

9. Նույն օրը Սևանի կայազորի զինվորական դատախազը Պաշտպանության նախարարությունից պահանջել է իրականացնել դեպքի վայրի զննություն՝ պարզելու ալեհավաքի ձգալարերում էլեկտրական հոսանքի առկայության պատճառը։

10. Նույն օրը Սևանի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ Գ.Մ.-ն ստանձնել է գործի քննությունը։

11. Նույն օրը Գ.Մ.-ն Վարդենիսի կայազորի զինվորական հոսպիտալում ընթերակաների և զորամասի ֆելդշերի ներկայությամբ կատարել է Տ.Օհանջանյանի մարմնի զննություն։ Արձանագրվել է հետևյալը.

 

«… տաբատի ձախ ազդրի հատվածում առկա է փսխման նյութ … Պարանոցի աջ հատվածում առկա են միմյանց զուգահեռ երկու կլորավուն քերծվածքներ … վերևի քերծվածքի երկարությունը 11,5 [սանտիմետր] է: Մյուսի [երկարությունը] 4 [սանտիմետր է]։ Ձախ ձեռքի [երկրորդ] մատի վրա առկա է քերծվածք … նույն տեղում առկա է նաև շրջանաձև քերծվածք՝ անհավասար եզրերով… Այլ մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել»:

 

12. Նույն օրը Պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետը Վարդենիսի ռազմական ոստիկանությունից ստացել է հեռախոսային հաղորդագրություն հետևյալ բովանդակությամբ.

 

«… Տ. Օհանջանյանի ձախ ձեռքի արտաքին մասում առկա են փոքր քերծվածք և կապտուկ, պարանոցի աջ կողմում՝ երկու քերծվածքներ, որոնցից մեկը 15 սմ, իսկ մյուսը՝ 3 սմ երկարությամբ ... որոնք նման են այրման հետևանքով առաջացած քերծվածքների … [Տ. Օհանջանյանը] կարող էր ենթարկվել էլեկտրաշոկի անվանականչից անմիջապես հետո՝ պատահաբար դիպչելով ... հարևան թիվ 28233 զորամասի կապի մասնաշենքի ալեհավաքի մետաղական լարերին: [Տ. Օհանջանյանի] մարմինն անգիտակից վիճակում հայտնաբերել է … Ա.Գ.-ն, որն անմիջապես տեղեկացրել է [հերթապահ սպային]։ Ա.Գ.-ն աջ ափով մեխանիկորեն դիպել է ամրացման լարին, ինչի հետևանքով ենթարկվել է էլեկտրաշոկի և ընկել է, սակայն որևէ վնասվածք չի ստացել: Ըստ նախնական տեղեկությունների՝ [Տ. Օհանջանյանը], հավանաբար, մահացել է էլեկտրաշոկի հետևանքով …»:

 

13. Նույն ամսաթվի որոշմամբ Գ.Մ.-ն նշանակել է դատաբժշկական փորձաքննություն, այդ թվում՝ նաև դիահերձում՝ պարզելու համար, ի թիվս այլնի, Տ. Օհանջանյանի մահվան պատճառը, նրա մարմնի վրա որևէ վնասվածքի առկայությունը, և թե արդյո՞ք վնասվածքներն ստանալուց հետո նա կկարողանար կատարել գործողություններ, ինչպես օրինակ՝ շարժվել, գոռալ և այլն: Դիմումատուն ներկա է եղել դիահերձմանը և նախքան բժշկի կողմից գործողությունն սկսելը լուսանկարել է մարմինը:

14. Նույն օրը ավագ լեյտենանտ Կ.Կ.-ն զորամասում ռազմական ոստիկանության ծառայողին ներկայացրել է զինվորական համազգեստը, գլխարկը և ճարմանդով գոտին և հայտնել, որ այդ իրերը պատկանել են Տ. Օհանջանյանին: Կազմվել է արձանագրություն, որի համաձայն՝ մասնավորապես արտաքին հագուստի ձախ և աջ թևատակերը եղել են պատռված, օձիքի և կրծքավանդակի վրա նկատվել են փսխման հետքեր, իսկ զինանշանը պատռված է եղել թևի արտաքին գրպանից:

15. Նույն օրը հարցաքննվել է ավագ սերժանտ Ա.Գ.-ն (տե՛ս վերևում՝ 6-րդ պարբերությունը)։ Ի թիվս այլնի՝ նա նշել է հետևյալը.

 

«... Ես նշանակվել եմ թիվ 28233 զորամաս … [2007 թվականի օգոստոսի 30-ին] ժամը [22։00-ից] մինչև 01։00-ն եղել եմ հերթապահ ... [Երեկոյան ժամը 23։00-ի սահմաններում] ... թիվ 28233 զորամասի կապի մասնաշենքի ուղղությամբ թփերում ինչ-որ ձայն լսեցի ... սակայն քանի որ այդ ժամանակ քամի չկար, ես մտածեցի, որ ծառից ինչ-որ բան է ընկել, և հենց այդ պահին ես լսեցի սաստիկ ցավից մարդկային տարօրինակ հառաչանք, այն ավելի շատ նման էր կենդանու ձայնի, մի պահ ինձ թվաց, որ ձայնը գալիս է անտառից, իսկ ձայնը մի քանի անգամ կարճ ընդմիջումներով դադարում էր։ Ես քայլեցի ձայնի ուղղությամբ՝ պարզելու, թե որտեղից է այն գալիս:.. Ես գնացի կապի մասնաշենքի կողմը, և ձայնը դադարեց, ես շրջվեցի, որ վերադառնամ, բայց նորից լսեցի նույն ձայնը և հասկացա, թե որտեղից է այն գալիս ... Ես տեսա զինվորական համազգեստով մեջքի վրա պառկած մեկին … Մոտեցա նրան և ճանաչեցի մեր զորամասի զինծառայողներից մեկին ... նրա բերանից դեղնավուն նյութ էր թափվել, նա չէր շարժվում և ոչ մի ձայն չէր հանում, ես նրան ձեռք չտվեցի … Երբ վերադառնում էի, ինձ հետաքրքիր էր, թե [թփերի մեջ ինչ ձայն էի լսել մինչև այդ], և զննում էի տարածքը ... զինվորներն ինձ խնդրում էին վերադառնալ, չմիջամտել ... վերադարձի ճանապարհին ես նկատեցի պողպատե մետաղալարեր, որոնց միջոցով ամրացված էին կապի մասնաշենքի ալեհավաքը, որը կպած էր գետնին, աջ ափով դիպա պողպատե մետաղալարին, ենթարկվեցի էլեկտրաշոկի և ընկա ... Ինձ օգնեցին կանգնել …

Հարց. Անգիտակից վիճակում հայտնաբերված զինծառայողը [Տ. Օհանջանյան] է, որը ծառայում էր թիվ 28418 զորամասում, ճանաչո՞ւմ եք նրան: … ի՞նչ պատճառով էր նա այդ ժամին այդ տարածքում գտնվում։

Պատասխան. Ես նրան ճանաչել եմ 2007 թվականի հունիս-հուլիս ամիսներից … Ես երբեք չեմ շփվել նրա հետ, չեմ իմացել նրա անունը, նրան ճանաչել եմ միայն դեմքով ... Ես չգիտեմ, թե ինչ պատճառով էր նա գտնվում այդ տարածքում …»:

 

16. Նույն оրը Գ.Մ.-ն նշանակել է Ա.Գ.-ի դատաբժշկական փորձաքննություն (տե՛ս վերևում՝ 10-րդ պարբերությունը)՝ պարզելու համար նրա վնասվածքների բնույթը և դրանք ստանալու եղանակները:

17. Նույն օրը հարցաքննվել է զինծառայող Գ.Ա.-ն, որը Տ. Օհանջանյանի ընկերն էր։ Ի թիվս այլնի՝ նա հայտնել է, որ դեպքի օրը Տ. Օհանջանյանը մասնակցել է երեկոյան անվանականչին, սակայն տեղյակ չէր, թե նա ուր էր գնացել դրանից հետո, և թե ինչ պատճառով էր հայտնաբերվել կապի մասնաշենքի մոտակայքում։

18. 2007 թվականի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի տարբեր ստորաբաժանումների զինծառայողներ իրականացրել են Տ.Օհանջանյանի մահվան հանգամանքների շուրջ ներքին քննություն:

19. 2007 թվականի սեպտեմբերի 1-ին Գ.Ա.-ն լրացուցիչ հարցաքննվել է և մասնավորապես հայտնել, որ երեկոյան անվանականչից հետո Տ. Օհանջանյանն իրեն խնդրել է գնալ պահեստային անցակետ՝ իր սպորտային կոշիկների հետևից: Նա հրաժարվել է, քանի որ արդեն փոխել էր իր կոշիկները, իսկ Տ. Օհանջանյանը դուրս է եկել՝ ասելով, որ գնում է պահեստային անցակետ: Երբ նրան խնդրել են պարզաբանել այս տեղեկության և նրա նախնական ցուցմունքի միջև անհամապատասխանության պատճառը, Գ.Ա.-ն ասել է, որ չի կարող վստահորեն բացատրել, թե ինչու նախորդ հարցաքննության ժամանակ չի նշել նշված փաստը:

20. Նույն օրն ստացվել է բժշկական փորձագետի եզրակացությունը Ա.Գ.-ի վերաբերյալ (տե՛ս վերևում՝ 16-րդ պարբերությունը): Դրանում մասնավորապես նշվել է, որ Ա.Գ.-ի աջ ձեռքի վնասվածքները, ըստ երևույթին, էլեկտրական հոսանքից առաջացած վերքեր են, և նրա առողջությանը հասցրել են թեթև վնաս:

21. 2007 թվականի սեպտեմբերի 2-ին հարցաքննվել է Տ. Օհանջանյանի մտերիմ ընկեր՝ զինծառայող Դ.Հ.- ն: Նա, ի թիվս այլնի, նշել է, որ դեպքի օրն ավելի վաղ Տ. Օհանջանյանի հետ միասին գնացել են նրա մորաքրոջից ծանրոցն ստանալու։ Ծանրոցում եղել է որոշ սնունդ, որը նա և Տ. Օհանջանյանը բաժանել են միմյանց միջև՝ զորամաս վերադառնալու ճանապարհին: Դ.Հ.-ն նաև հայտնել է, որ Տ. Օհանջանյանը չի ունեցել սպորտային կոշիկներ, և որ ինքը տեղյակ չէ, թե նա ինչու էր գնացել թիվ 28233 զորամաս:

22. 2007 թվականի սեպտեմբերի 3-ին Սևանի կայազորի զինվորական դատախազությունը, ի պատասխան 2007 թվականի օգոստոսի 31-ի հարցմանը (տես վերևում՝ 9-րդ պարբերությունը), Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետից ստացել է գրություն: Այդ գրության համապատասխան մասերն ունեն հետևյալ բովանդակությունը.

 

«Ի պատասխան Ձեր՝ … [Տ. Օհանջանյանի] այսպես կոչված էլեկտրահարության վերաբերյալ գրությանը ... տեղեկացնում եմ Ձեզ, որ 2007 թվականի օգոստոսի 31-ին [դեպքի վայրի] զննության արդյունքում պարզվել է հետևյալը.

- նշված շրջանում ալեհավաքի ձգալարերում և փոկերում էլեկտրական հոսանք չէր կարող լինել, քանի որ R-419 ռադիոռելեային կայանն ուղիղ միացված չէ էլեկտրացանցին.

- էլեկտրական հոսանքի անցումն օդային մալուխից փոխանցող ալեհավաքին, առավել ևս միացնող [ալեհավաքի] միջոցով ձգալարերին և փոկերին, անհնար է...

- դեպքի վայրի զննության ժամանակ ստուգվել է ձգալարերի և փոկերի էլեկտրական հոսանքը։

Արդյունքում պարզվել է, որ այնտեղ հոսանք չի եղել»:

 

23. Նույն օրը Սևանի կայազորի զինվորական դատախազը գրություն է ուղարկել Երկրորդ կորպուսի հրամանատարին՝ հրահանգելով համապատասխան ծառայություններին դեպքի վայրում կամ դրա շրջակայքում որևէ բան չփոխել և զերծ մնալ կապի մասնաշենքում ռադիոռելեային կայանների և այլ սարքավորումների տարհանումից կամ տեղափոխումից, քանի որ պետք է իրականացվեին մի շարք քննչական միջոցառումներ: Այդուհանդերձ, չնշված ամսաթվին ռադիոռելեային կայաններն ապամոնտաժվել են։

24. Նույն оրը Գ.Մ.-ն (տե՛ս վերևում՝ 10-րդ պարբերությունը) վերցրել է հեռադիտակային կայմի ձգալարերի նմուշներ՝ դատաբժշկական փորձագետին փոխանցելու համար։

25. Նույն օրը Գ.Մ.-ն նշանակել է դատաէլեկտրատեխնիկական փորձաքննություն՝ պարզելու, ի թիվս այլնի, թե ինչպես է պատահել Տ. Օհանջանյանի էլեկտրահարությունը, և թե արդյոք տեղի է ունեցել տեխնիկական պահանջների խախտում, և եթե այո, ապա ում կողմից:

26. Քննության ընթացքում ինչ-որ պահի հայտնի է դարձել, որ 2007 թվականի օգոստոսի 6-ին Գ.Ա.-ի (տե՛ս վերևում՝ 17-րդ պարբերությունը) և երկու այլ ծառայողների նկատմամբ սահմանվել է կարգապահական պատժամիջոց՝ զինվորական մեկուսարանում պահելու ձևով։ Պատժամիջոցը չի կիրառվել։

27. 2007 թվականի սեպտեմբերի 19-ին հարցաքննվել է Գոհար Սարգսյանը՝ դիմումատուի կինը և Տ. Օհանջանյանի մայրը: Նա մասնավորապես նշել է, որ 2007 թվականի օգոստոսի 7-ին իր որդին քրոջն ասել է, որ մասնակցել է ծեծկռտուքի, և որ նրան պետք է ուղարկեին ռազմական ոստիկանություն՝ կալանավորման, սակայն հետո նրան մի քանի օր արձակուրդ է տրվել։ Ավելին, 2007 թվականի օգոստոսի 22-ին իր մյուս որդին այցելել է Տ. Օհանջանյանին և նկատել է, որ նրա աչքը կարմիր էր և արյունոտ և ըստ երևույթին վնասված էր:

Նույն ամսաթվի որոշմամբ դիմումատուն ճանաչվել է որպես վարույթի շրջանակներում տուժողի իրավահաջորդ:

28. Քննության ընթացքում ինչ-որ պահի հայտնի է դարձել, որ զորամասում պահվող բժշկական քարտերի համաձայն՝ 2007 թվականի օգոստոսի 27-ին զորամասի բժշկական անձնակազմը Տ.Օհանջանյանին օգնություն է ցուցաբերել որպես «աջ ստորին վերջույթի նախաբազկի դիստալ ֆալանսի պատռվածք» (այսինքն՝ աջ ոտքի բութ մատի պատռվածք) նկարագրված խնդրի կապակցությամբ:

29. 2007 թվականի հոկտեմբերի 1-ին հարցաքննվել է ավագ լեյտենանտ Ն.Մ.-ն, որը 2007 թվականի օգոստոսի 30-ին եղել է զորամասի պատասխանատուն: Նա մասնավորապես հայտնել է, որ Տ.Օհանջանյանը ներկա է եղել երեկոյան անվանականչին, քանի որ նա կատարել է իրեն ենթակա զինծառայողների անվանականչը և ստորագրել է ներկաների և բացակաների հաշվառման մատյանում: Այնուհետև նա Տ. Օհանջանյանին տեսել է զինանոցի աստիճանների վրա։ Ի պատասխան այն հարցին, թե ուր է նա գնում, Տ. Օհանջանյանը պատասխանել է, որ գնում է ոտքերը լվանալու։ Այնուհետև Ն.Մ.-ն Տ. Օհանջանյանին կարգադրել է շտապել։ Ն.Մ.-ն ասել է, որ տեղյակ չէ, թե ինչպես է պատահել, որ Տ.Օհանջանյանին գտել են կապի մասնաշենքի մոտ, և հավելել, որ թույլտվություն չի հարցրել վերցնելու իր սպորտային կոշիկները, իսկ եթե հարցներ, ապա նրան թույլ չէր տա նման ուշ ժամին լքել զորամասը:

30. 2007 թվականի հոկտեմբերի 4-ին Գ.Մ.-ն (տե՛ս վերևում՝ 10-րդ պարբերությունը) առգրավել է թիվ 28233 զորամասի կապի մասնաշենքի հեռադիտակային կայմի ձգալարը։ Համապատասխան արձանագրության մեջ մասնավորապես նշվել է, որ 2007 թվականի օգոստոսի 30-ի դեպքից հետո թիվ 28233 զորամասի հրամանատարության հրամանով հեռադիտակային կայմն ապամոնտաժվել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

31. 2007 թվականի հոկտեմբերի 8-ին ստացվել է դիահերձման եզրակացությունը (տե՛ս վերևում՝ 13-րդ պարբերությունը)։ Այդ եզրակացության համապատասխան մասերն ունեն հետևյալ բովանդակությունը.

 

«... [Տ. Օհանջանյանի] մահը վրա է հասել էլեկտրահարման հետևանքով, ինչը հիմնավորվում է պարանոցի, ձախ դաստակի, մատների և աջ ոտքի բութ մատի վրա էլեկտրական հոսանքից առաջացած վերքերով և աջ ոտքի վրա առաջացած էխիմոզով ... [Մարմնի] դատաբժշկական փորձաքննության ընթացքում հայտնաբերվել են հետևյալ վնասվածքները՝ պարանոցի, ձախ դաստակի, մատների և աջ ոտքի բութ մատի վրա էլեկտրական հոսանքից առաջացած վերք և աջ ոտքի էխիմոզ. դրանք կարող են առաջացած լինել էլեկտրական հոսանքից և ուղղակիորեն կապված են մահվան հետ ...

Վերը նշված վնասվածքներն ստանալուց հետո [Տ. Օհանջանյանը] չէր կարող ինքնուրույն կատարել որևէ գործողություն՝ շարժվել, գոռալ և այլն:

Բացի վերը նշված [վնասվածքներից]՝ հայտնաբերվել են աջ նախաբազկի և ձախ արմունկային հոդի քերծվածքներ, որոնք կարող են հասցված լինել բութ առարկաներով, երբ [Տ.Օհանջանյանը] դեռևս ողջ է եղել և հայտնաբերվել է։ Այդ վնասվածքները կապված չեն մահվան հետ և ոչ էլ համարվում են առողջությանը պատճառված թեթև վնասվածքներ ...»:

 

32. Նույն օրը Գ.Մ.-ն հանձնարարել է կատարել 2007 թվականի հոկտեմբերի 4-ին առգրավված հեռադիտակային կայմի ձգալարի դատակենսաբանական փորձաքննություն (տե՛ս վերևում՝ 30-րդ պարբերությունը): Փորձագետներին խնդրել են պարզել, թե արդյոք իրենց տրամադրած ձգալարի վրա առկա են մարդու մաշկի հետքեր կամ արյան մնացորդներ:

33. 2007 թվականի հոկտեմբերի 10-ին զինվորական դատախազի տեղակալը գրություն է ուղարկել Սևանի կայազորի զինվորական դատախազին՝ նշելով, որ Տ. Օհանջանյանի մահվան փաստով հարուցված քննությունը չի իրականացվել անհրաժեշտ օպերատվությամբ, և որ մի շարք անհետաձգելի քննչական միջոցառումներ չեն իրականացվել ժամանակին կամ ընդհանրապես չեն իրականացվել։

34. 2007 թվականի հոկտեմբերի 16-ին Գ.Մ.-ն նշանակել է Տ. Օհանջանյանի հագուստի, մասնավորապես՝ նրա վերնազգեստի և տաբատի դատակենսաբանական փորձաքննություն՝ դրանց վրա փսխման հետքերն ուսումնասիրելու նպատակով:

35. 2007 թվականի հոկտեմբերի 26-ին ավարտվել է հեռադիտակային կայմի ձգալարի դատակենսաբանական փորձաքննությունը (տե՛ս վերևում՝ 32-րդ պարբերությունը): Զննված ձգալարի վրա չեն հայտնաբերվել մարդկային մաշկի հետքեր կամ արյան մնացորդներ։

36. 2007 թվականի նոյեմբերին փոխգնդապետ Ս.Ս.- ն, որը 2002 թվականից եղել է զորամասի հրամանատարը, տեղափոխվել է մեկ այլ զորամաս, որտեղ սկսել է ծառայությունը որպես զորամասի շտաբի պետ:

37. 2007 թվականի նոյեմբերի 9-ին ավարտվել է Տ. Օհանջանյանի հագուստի դատակենսաբանական փորձաքննությունը (տե՛ս վերևում՝ 34-րդ պարբերությունը): Այդ եզրակացության մեջ փորձագետը նշել է, որ հնարավոր չի եղել պարզել շորերի վրա առկա չոր հետքերի բաղադրության ծագումը։

38. 2007 թվականի նոյեմբերի 16-ին ավարտվել է դատաԷլեկտրատեխնիկական փորձաքննությունը (տե՛ս վերևում՝ 25-րդ պարբերությունը): Փորձագետին տրամադրվել է դիահերձման եզրակացությունը և R-419 ռադիոռելեային կայանի էլեկտրական շրջանակի սխեման, և նա 2007 թվականի սեպտեմբերի 7-ին այցելել է դեպքի վայր: Նա եզրակացրել է, որ ալեհավաքի հոսանքի սնուցման մալուխի մեկուսացումը վնասվելու արդյունքում ալեհավաքի կայմը և ճյուղային լարերը միացվել են ցանցի հոսանքին, քանի որ կայմը չի ունեցել անհրաժեշտ հողակցում: Նրա զեկույցում նաև նշվել է, որ R-419 ռադիոռելեային կայանը տեղադրվել և շահագործվել է տեխնիկական պահանջների խախտմամբ, և որ դեպքի համար պատասխանատու են ռադիոռելեային կայանի պատասխանատուները:

39. 2007 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմամբ Պաշտպանության նախարարության քննչական վարչությունը ստանձնել է քննության իրականացումը: Գործը հանձնարարվել է հատկապես կարևոր գործերով քննիչ Հ.Ս.-ին։

40. Քննության ընթացքում ինչ-որ պահի Դ.Հ.-ն (տե՛ս վերևում՝ 21-րդ պարբերությունը) դիմումատուի ներկայությամբ հայտնել է, որ զորամասի նախկին հրամանատար Ս.Ս.-ն (տե՛ս վերևում՝ 36-րդ պարբերությունը) հարվածել է Տ. Օհանջանյանին։

41. 2008 թվականի հունվարի 21-ին քննիչը հարցաքննել է Ս.Ս.-ին դիմումատուի ներկայությամբ, որին թույլ է տրվել հարցեր տալ նրան: Ս.Ս.-ն հերքել է, որ երբևէ հարվածել է Տ. Օհանջանյանին:

42. 2008 թվականի փետրվարի 21-ին Դ.Հ.-ն լրացուցիչ հարցաքննվել է։ Նա պնդել է, որ դեպքի օրը Տ. Օհանջանյանը ներկա է եղել երեկոյան անվանականչին, սակայն չի կարողացել բացատրել, թե ինչպես է պատահել, որ վերջինիս ստորագրությունը բացակայում էր մատյանում, ինչպես նրան այդ մասին ասել է Հ.Ս.- ն (տե՛ս վերևում՝ 39-րդ պարբերությունը): Տ. Օհանջանյանի և զորամասի ավագ սպաների հարաբերությունների մասին հարցին ի պատասխան՝ Դ.Հ.-ն հայտնել է, որ 2007 թվականի մայիսի վերջին կամ հունիսի սկզբին նա ականատես է եղել, թե ինչպես է Ս. Ս.-ն ապտակել Տ. Օհանջանյանի դեմքին:

43. 2008 թվականի փետրվարի 22-ին Ն.Մ.-ն (տե՛ս վերևում՝ 29-րդ պարբերությունը) լրացուցիչ հարցաքննվել է՝ մասնավորապես պարզելու անհամապատասխանությունը Տ.Օհանջանյանի կողմից երեկոյան անվանականչը կատարելու և մատյանում ստորագրելու վերաբերյալ նրա ցուցմունքի և այն փաստի միջև, որ մատյանի զննությունը ցույց է տվել, որ Տ. Օհանջանյանի ստորագրությունը բացակայում է: Ն.Մ.-ն պնդել է, որ ժամը 22։45-ին՝ երեկոյան անվանականչի ժամանակ, Տ. Օհանջանյանը ներկա է եղել զինանոցում, և հայտնել, որ ավելի վաղ վստահաբար հաստատել է, որ Տ. Օհանջանյանը ստորագրել է մատյանը՝ ենթադրելով, որ պետք է որ դա աներ:

44. 2008 թվականի մարտի 18-ին քննիչն անցկացրել է առերեսում Ս.Ս.-ի և Դ.Հ.-ի միջև։ Վերջինս պնդել է իր նախկին ցուցմունքն այն մասին, որ Ս.Ս.-ն ապտակել է Տ. Օհանջանյանին (տե՛ս վերևում՝ 40-րդ և 42-րդ պարբերությունները), մինչդեռ Ս.Ս.-ն շարունակել է ժխտել, որ դա տեղի է ունեցել։

45. 2008 թվականի ապրիլի 28-ի որոշմամբ քննիչը որոշել է Ս.Ս.-ի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել։ Որոշման մեջ մասնավորապես նշվել է հետևյալը.

 

«... [Դ.Հ.-ն] հայտնել է, որ Ս.Ս.-ն, զայրանալով [Տ. Օհանջանյանի] վրա … ապտակել է նրան իր ներկայությամբ …

[Ս.Ս.-ն] ժխտել է [Դ.Հ.-ի] ցուցմունքը …

… առերեսման ժամանակ … [Ս.Ս.-ն] ժխտել է, մինչդեռ [Դ.Հ.-ն] պնդել է իր ցուցմունքը։ Վերջինս նաև նշել է, որ դեպքի օրը ներկա են եղել միայն իրենք՝ երեքը, ... ուրիշ ոչ ոք դա չի տեսել ...

Հետևաբար այն փաստը, որ [Ս.Ս.-ն] ապտակել է [Տ. Օհանջանյանին], քննության ընթացքում չի ապացուցվել ...»:

 

46. Նույն ամսաթվի որոշմամբ Հ.Ս.-ն (տե՛ս վերևում՝ 39-րդ պարբերությունը) մեղադրանք է առաջադրել թիվ 28233 զորամասի կապի մասնաշենքի պետ՝ կապիտան Ռ.Ա.-ի և կապի մասնաշենքի ռադիոհանգույցի պետ՝ կրտսեր սերժանտ Կ.Տ.-ի նկատմամբ՝ անփույթ վերաբերմունքի փաստով՝ Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասի (տե՛ս ստորև՝ 100-րդ պարբերությունը) համաձայն: Մեղադրանքները հիմնված են եղել դատաէլեկտրատեխնիկական հարցերով փորձագետի՝ 2007 թվականի նոյեմբերի 16-ի եզրակացության վրա (տե՛ս վերևում՝ 38-րդ պարբերությունը)։

47. Իրենց հարցաքննության ընթացքում Ռ.Ա.-ն և Կ.Տ.-ն հայտնել են իրենց անհամաձայնությունը հիմնականում էլեկտրատեխնիկական հարցերով փորձագետի այն եզրակացության հետ, որ R-419 ռադիոռելեային կայանին միացված ալեհավաքը պետք է լիներ հողակցված, ինչը չէր արվել:

48. 2008 թվականի մայիսի 5-ին էլեկտրատեխնիկական հարցերով փորձագետը հարցաքննվել է, որը վերահաստատել է, որ հողակցման համակարգը չստուգելու հետևանքով ալեհավաքի կայմը և ձգալարերը միացել են ցանցի հոսանքին, ինչի արդյունքում տեղի է ունեցել դեպքը։

49. 2008 թվականի մայիսի 8-ին Գ.Մ.-ն (տե՛ս վերևում՝ 10-րդ պարբերությունը) հարցաքննվել է քննության նախնական փուլի հետ կապված։ Հարցաքննության համապատասխան մասերն ունեն հետևյալ բովանդակությունը.

 

«Հարց. Գործի նյութերի համաձայն՝ [2007 թվականի հոկտեմբերի 16-ին] դուք որոշում եք կայացրել նշանակելու դատակենսաբանական փորձաքննություն … Ո՞րն էր պատճառը, որ դուք [Տ. Օհանջանյանի] համազգեստը, վերնազգեստը և տաբատը ուղարկել եք փորձագետին դեպքից հիսունվեց օր անց:

Պատասխան. Հաշվի առնելով այն փաստը, որ [Տ.Օհանջանյանը] ենթարկվել է էլեկտրաշոկի պարանոցի հատվածում, և որ համազգեստը դատաբժշկական փորձաքննության հանձնելը որևէ նոր բան չէր բացահայտելու, ես դա անհրաժեշտ չեմ համարել ...

...

Հարց. Ինչո՞ւ չեք լուսանկարել մարմինը, երբ Վարդենիսի կայազորի զինվորական հոսպիտալում կատարել եք մարմնի զննություն ...

Պատասխան. ... Ես մոտս չունեի լուսնկարչական խցիկ…

...

Հարց. [2007 թվականի հոկտեմբերի 8-ին] դուք որոշում եք կայացրել նշանակել [ձգալարերի] դատակենսաբանական փորձաքննություն ... դուք փորձագետներից խնդրել եք պարզել, թե արդյոք ձգալարերի վրա առկա են մարդու մաշկի ... կամ արյան հետքեր ... Ինչո՞ւ եք ձգալարը հանձնել փորձագետներին դեպքից երեսունութ օր անց, երբ թարմ հետքեր այլևս առկա չէին։

Պատասխան. Անհրաժեշտ էր ձեռնարկել առավել անհետաձգելի քննչական գործողություններ ... այսինքն՝ մի շարք վկաների հարցաքննություններ, այլ դատաբժշկական փորձաքննություններ ... Բացի այդ, այդ ժամանակ ես քննում էի մեկ այլ բարդ գործ …»:

 

50. 2008 թվականի մայիսի 13-ին դիմումատուն բողոք է ներկայացրել Զինվորական դատախազին՝ ներկայացնելով մինչ դիահերձումն արված՝ իր որդու մարմնի լուսանկարները (տե՛ս վերևում՝ 13-րդ պարբերությունը՝ վերջում), որոնցում, նրա պնդմամբ, հստակ երևում էր, որ իր որդին ունեցել է մարմնական վնասվածքներ: Մասնավորապես բացակայել են նրա որդու ատամները, ունեցել է ծոծրակի վնասվածք, ոտքի ներբանին եղել են այրվածքների հետքեր և վնասվածքներ գլխին, ականջին, ծնոտին և աչքի տակ, որոնցից ոչ մեկը չի արձանագրվել փորձագետի կողմից:

51. 2008 թվականի մայիսի 16-ին հարցաքննվել է դիահերձումն իրականացրած դատաբժշկական փորձագետը, որը պնդել է, որ փորձաքննության իր եզրակացությունը ճշգրիտ է։

52. 2008 թվականի մայիսի 30-ին Ռ.Ա.-ն և Կ.Տ.-ն (տե՛ս վերևում՝ 46-րդ պարբերությունը) մեղադրվել են տեխնիկական պահանջների խախտմամբ R-419 ռադիոռելեային կայանի տեղադրման և շահագործման համար, ինչի հետևանքով ալեհավաքի սնուցման մալուխը, որը միացված է եղել պատշաճ կերպով չհողակցված կայմին, միացվել է ցանցի հոսանքին, ինչի հետևանքով Տ. Օհանջանյանը հոսանքահարվել է, երբ նա պատահմամբ դիպել է ռադիոռելեային կայանի ալեհավաքի կայմի ձգալարերին:

 

Բ. Դատաքննությունը

 

53. Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (Մարզային դատարան) գործն ընդունել է ըստ էության քննության համար։

54. 2009 թվականի հունիսի 23-ի որոշմամբ Մարզային դատարանը նշանակել է Տ.Օհանջանյանի դիակի արտաշիրմումից հետո դատաէլեկտրատեխնիկական և դատաբժշկական համալիր փորձաքննություն։

Ինչ վերաբերում է դատաէլեկտրատեխնիկական փորձաքննությանը, ապա փորձագետներից պահանջվել է, ի թիվս այլնի, պարզել, թե արդյոք ալեհավաքն ունեցել է մեկուսիչ, և եթե այո, ապա հնարավո՞ր է արդյոք, որ հոսանքն ալեհավաքից անցնի կայմ և պողպատե ձգալարեր: Էլեկտրականության հարցերով փորձագետներից նաև պահանջել են պարզել, թե արդյոք ռադիոռելեային կայանի ենթախցիկը, որից էլեկտրական մալուխը միացված է եղել ալեհավաքին, կարող էր արտադրել 180 վոլտ հոսանք, և արդյոք ալեհավաքի շահագործման տեխնիկական պահանջները ներառում են ալեհավաքի կայմի հողակցումը:

Ինչ վերաբերում է զննության բժշկական մասին, ապա փորձագետներից պահանջվել է, ի թիվս այլնի, պարզել Տ. Օհանջանյանի մահվան պատճառը, և եթե նրա մարմնի վրա առկա են վնասվածքներ, ապա պարզել այդ վնասվածքները հասցնելու ժամանակը և եղանակը և դրանց ծանրությունը։

55. Դիմումատուն պահանջել է փաստաթղթավորված դատաբժշկական փորձաքննություն այն հիմքով, որ մասնագետները չեն կարողացել երաշխավորել դատաբժշկական փորձաքննության արդյունավետությունն արտաշիրմումից հետո, երբ մահվանից անցել է արդեն երկու տարի: Պահանջը բավարարվել է, մինչդեռ հարցադրումները մնացել են նույնը։

56. Դատաէլեկտեխնիկական և դատաբժշկական համալիր փորձաքննության՝ 2009 թվականի հոկտեմբերի 20-ին պատրաստված եզրակացության համապատասխան մասերն ունեն հետևյալ բովանդակությունը.

 

«... R-419 ռադիոռելեային կայանի և կայմի միջև առկա է եղել մեկուսիչ։ Էլեկտրաէներգիայի փոխանցումն ալեհավաքից կայմ հնարավոր է մեկուսիչի մեկուսացման համակարգը շարքից դուրս գալու դեպքում:

...

R-419 ռադիոռելեային կայանի ... ենթախցիկը, որից էլեկտրական մալուխը տանում է դեպի ալեհավաք, աշխատում է 27 վոլտ կայուն հոսանքով, և hետևաբար նշված ենթախցիկը չէր կարող արտադրել 180 վոլտ հոսանք:

... Հիմնվելով [դիահերձման եզրակացության] և առաջին հերթին դատական հիստոպաթոլոգիական փորձաքննության արդյունքների վրա՝ կարելի է եզրակացնել, որ մարմնի վրա հայտնաբերված վնասվածքները (պարանոցի աջ կողմում, ձախ դաստակի վրա) ունեն էլեկտրականության ազդեցության նշաններ: Միևնույն ժամանակ պետք է նշել մի շարք գործոններ, այդ թվում՝ դեպքի հանգամանքների վերաբերյալ սակավ և ոչ հստակ տեղեկությունները, ինչպես նաև արտաշիրմումից հետո մարմնի լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն չանցկացնելը [և] վաղեմության ժամկետի հետևանքով ներկայումս նոր լրացուցիչ տեղեկություններ ձեռք բերելու անհնարինությունը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ դատաբժշկական հանձնաժողովը բավարար հիմքեր չունի էլեկտրահարությունը որպես [Տ. Օհանջանյանի] մահվան պատճառ ո՛չ միանշանակ հաստատելու, ո՛չ էլ ժխտելու համար … Ինչ վերաբերում է մարմնի վրա հայտնաբերված մարմնական վնասվածքները հասցնելու ժամանակի հետ կապված հարցին, ապա հարկ է նշել, որ ըստ գործի նյութերի, աջ ոտքի առաջին մատի վնասվածքը զորամասի բժշկական քարտում արձանագրվել է ավելի վաղ՝ 2007 թվականի օգոստոսի 27-ին, և ախտորոշվել է որպես «պատռվածք » ... աջ ոտքի առաջին մատի վնասվածքի անորոշ կլինիկական գնահատում …, երկու ոտքերի վրա նկարագրված վնասվածքների վերաբերյալ տեղեկությունների փոփոխությունների պատճառը, [դիահերձման եզրակացության մեջ] նշված էլեկտրական հոսանքի հետևանքով առաջացած վերքերի տեղակայությունը ճշգրիտ պարզելու անհնարինությունը թույլ չեն տալիս ճշգրիտ [որոշել էլեկտրական հոսանքի մուտքի և ելքի տեղակայությունը] …»:

 

57. 2010 թվականի հունվարի 13-ին Մարզային դատարանն արդարացրել է Ռ.Ա.-ին և Կ.Տ.-ին։ Մարզային դատարանի դատավճռի համապատասխան մասերն ունեն հետևյալ բովանդակությունը.

 

«... Դեպքի օրը Վարդենիսի ռազմական ոստիկանության [սպաները] կապի մասնաշենքի [զինծառայողների] կողմից տրամադրված էլեկտրական փորձարկման սարքավորումների միջոցով իրականացրել են ռադիոռելեային կայանի հեռադիտակային կայմի ձգալարերում էլեկտրական հոսանքի առկայության ստուգում և պարզել, որ հեռադիտակային կայմի ձգալարում եղել է 180 վոլտ էլեկտրական հոսանք: [Այս կապակցությամբ] կազմվել է արձանագրություն՝ առանց որևէ հաստատող վկայի ներկայության ... Այդ ապացույցը, որը ձեռք է բերվել ... [Քրեական դատավարության օրենսգրքի] պահանջների խախտմամբ, չէր կարող օգտագործվել մեղադրյալի դեմ ... [Ավելին] զինվորները լիազորված չեն եղել իրականացնել այդ գործողությունները։

Հաջորդ օրը … [Գ.Մ.-ն] կատարել է դեպքի վայրի զննություն: Էլեկտրական փորձարկման արդյունքում (ռազմական ոստիկանության կողմից իրականացված փորձարկումից մոտ տասը ժամ անց) ձգալարերում կամ փոկերում չի հայտնաբերվել էլեկտրական հոսանք՝ ռադիոռելեային կայանի ո՛չ միացված, ո՛չ անջատված ժամանակ։

Ըստ [Ա.Գ.-ի] կողմից ներկայացված տեղեկությունների՝ ... նա լսել էր սուլոց, քամի չկար, և կարծել էր, որ ծառից ինչ-որ բան է ընկել, և հենց այդ պահին լսել էր սաստիկ ցավից արձակած մարդկային տարօրինակ հառաչանք ... Ըստ [դիահերձման եզրակացության]՝ [Տ. Օհանջանյանը] ստացած վնասվածքների հետևանքով չի կարողացել տեղաշարժվել ...

Ավելին,... չի պարզաբանվել ... թե ինչո՞ւ նույն էլեկտրական հոսանքը կարող էր մահվան ելքով ծանր վնասվածք հասցնել [Տ. Օհանջանյանին]... և գրեթե անվնաս լինել [Ա.Գ.-ի] դեպքում ...

... նախնական դատաԷլեկտրատեխնիկական փորձաքննության եզրակացությունը ... հիմնված է եղել [տեխնիկական կանոնակարգերի վրա, որոնք համապատասխան ժամանակահատվածում չէին գործում և ամեն դեպքում կիրառելի չէին R-419 ռադիոռելեային կայանների շահագործման նկատմամբ]։

... Համաձայն [դատարանի կողմից նշանակված համալիր դատաբժշկական զննության եզրակացության]՝ R-419 ռադիոռելեային կայանի ենթախցիկը, որից էլեկտրական մալուխը տանում է դեպի ալեհավաք, աշխատում է 27 վոլտ կայուն հոսանքով, և hետևաբար նշված ենթախցիկը չէր կարող արտադրել 180 վոլտ հոսանք, մինչդեռ նախնական դատաբժշկական եզրակացության համաձայն՝ R-419 ռադիոռելեային կայանի անսարքության հետևանքով … ձգալարերը միացել են 180 վոլտ հոսանքին ..., ինչի արդյունքում [Տ. Օհանջանյանը] ստացել է 0,3 Ա էլեկտրական հոսանք ..., որն էլ եղել է նրա մահվան պատճառը:

Այսպիսով, քննության ընթացքում ձեռք բերված դատաբժշկական և Էլեկտրատեխնիկական փորձաքննությունների և [դատարանի կողմից նշանակված դատաբժշկական փորձաքննության] եզրակացությունների միջև առկա են էական հակասություններ:

...»:

 

Մարզային դատարանի դատավճռում նաև նշվել է, որ դիահերձումն իրականացրած դատաբժշկական փորձագետը (տե՛ս վերևում՝ 31-րդ պարբերությունը) Տ. Օհանջանյանի բութ մատի վնասվածքը նկարագրել է որպես էլեկտրական հոսանքի ելքից առաջացած վերք, մինչդեռ հիստոպաթոլոգները չեն հաստատել էլեկտրական այրվածքի առկայությունը վնասվածքի տվյալ հատվածում: Եվ վերջապես, նախաքննության մարմնին չի հաջողվել պարզել դեպքի ճշգրիտ ժամանակը, քանի որ տարբեր վկաների, մասնավորապես՝ զորամասի ֆելդշեր Ն.Մ.-ի (տե՛ս վերևում՝ 29-րդ պարբերությունը) և Ա.Գ.-ի (տե՛ս վերևում՝ 6-րդ պարբերությունը) ցուցմունքներում առկա են եղել էական հակասություններ այդ մասով:

58. Մեղադրանքի կողմը ներկայացրել է վերաքննիչ բողոք։

59. 2010 թվականի մարտի 30-ին Վերաքննիչ քրեական դատարանն ամբողջությամբ անփոփոխ է թողել դատավճիռը։

60. Մեղադրանքի կողմը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2010 թվականի հունիսի 7-ի որոշմամբ ճանաչվել է անընդունելի՝ հիմքերի բացակայության պատճառով:

 

Գ. Լրացուցիչ քննությունը

 

61. 2010 թվականի հուլիսին քննության իրականացումը ստանձնել է Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը, և գործը հանձնարարվել է քննիչ Լ.Պ.-ին:

62. 2010 թվականի օգոստոսի 25-ին Լ.Պ.-ն նշանակել է փորձագետների հանձնաժողովի կողմից կատարվող լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն այն հիմքով, որ 2009 թվականի հոկտեմբերի 20-ի եզրակացության դատաբժշկական մասը (տե՛ս վերևում՝ 56-րդ պարբերությունը) հիմնավորված չէր և չէր պարզել Տ. Օհանջանյանի մահվան պատճառը:

63. Դիմումատուն ներկայացրել է այն հարցերի ցանկը, որոնք պետք է տրվեին փորձագետների հանձնաժողովին՝ դիահերձումից առաջ արված՝ մարմնի լուսանկարների հետ միասին (տես վերևում՝ 13-րդ պարբերությունը՝ վերջում, և 50-րդ պարբերությունը):

64. 2011 թվականի հունվարի 12-ին ստացվել է փորձագետների հանձնաժողովի եզրակացությունը: Եզրակացությամբ, ի թիվս այլնի, նշվել է, որ դիահերձման եզրակացությունը եղել է գիտականորեն հիմնավորված։

65. 2011 թվականի հունվարի 24-ին դիմումատուն խնդրել է Լ.Պ.-ին հաստատել, որ հանձնաժողովի 2011 թվականի հունվարի 12-ի եզրակացությունն անընդունելի էր որպես ապացույց: Նա մասնավորապես պնդել է, որ եզրակացությունն արժանահավատ չէր այն առումով, որ Տ.Օհանջանյանի մահվան պատճառը պարզելու և առաջադրված հարցերին հստակ պատասխաններ տալու փոխարեն հանձնաժողովը փորձել է հաստատել դիահերձման եզրակացության մեջ տեղ գտած եզրահանգումները և վարկաբեկել դատարանի կողմից նշանակված փորձագետների կողմից պատրաստված եզրակացությունը: Եզրակացության մեջ պարունակվող մի շարք եզրահանգումներ հակասել են դիահերձման եզրակացության եզրահանգումներին։ Լ.Պ.-ն մերժել է այդ պահանջը։

66. 2011 թվականի ապրիլի 4-ի որոշմամբ Լ.Պ.-ն նշանակել է փորձագետների հանձնաժողովի կողմից կատարվող լրացուցիչ էլեկտրատեխնիկական փորձաքննություն: Այդ որոշման համապատասխան մասերն ունեն հետևյալ բովանդակությունը.

 

«Հաշվի առնելով այն հանգամանքը..., որ դատարանի կողմից նշանակված՝ էլեկտրատեխնիկական զննության վերաբերյալ համալիր դատաէլեկտրատեխնիկական և դատաբժշկական փորձաքննության եզրակացության բաժինը … հիմնավորված չէ [և] կասկածելի է՝ … որոշել եմ նշանակել հանձնաժողովի կողմից կատարվող լրացուցիչ դատաէլեկտրատեխնիկական զննություն ... փորձագետներին առաջադրելով հետևյալ հարցադրումները.

1. Ներկայացված դատաէլեկտրատեխնիկական փորձաքննության ո՞ր եզրակացությունն է գիտականորեն հիմնավորված՝ նախնականը ... թե՝ դատարանի կողմից նշանակվածը»:

 

67. 2011 թվականի ապրիլի 8-ին դիմումատուն ներկայացրել է գրավոր առարկություն Լ.Պ.-ի՝ լրացուցիչ դատաէլեկտրատեխնիկական փորձաքննություն նշանակելու մասին որոշման վերաբերյալ՝ պնդելով, որ դրա հիմնական նպատակը դատարանի կողմից նշանակված փորձաքննության եզրակացությունը կասկածի տակ դնելն էր: Այդ առարկությունը ևս մերժվել է։

68. 2011 թվականի նոյեմբերի 11-ին փորձագետների հանձնաժողովը ներկայացրել է իր եզրակացությունը, որում նշվել է, որ ե՛ւ նախնական, ե՛ւ դատարանի կողմից նշանակված էլեկտրատեխնիկական փորձաքննության եզրակացություններում առկա էին մի շարք թերություններ։ Այդուհանդերձ, հանձնաժողովը հաստատել է դատարանի կողմից նշանակված փորձագետների եզրահանգումներն այն մասին, որ ռադիոռելեյի բարձր հաճախականության ենթախցիկների անսարքությունը ոչ մի կերպ չէր կարող հանգեցնել ալեհավաքին ցանցի էլեկտրական հոսանքի մատակարարմանը:

69. 2012 թվականի հոկտեմբերի 2-ի որոշմամբ Լ.Պ.-ն հանձնարարել է անցկացնել մինչև դիահերձումը դիմումատուի կողմից արված՝ Տ. Օհանջանյանի մարմնի լուսանկարների դատաբժշկական զննություն (տե՛ս վերևում՝ 13-րդ պարբերության վերջում, 50-րդ և 63-րդ պարբերությունները): 2012 թվականի նոյեմբերի 8-ի եզրակացության համաձայն՝ նշված լուսանկարները չէին խմբագրվել։

70. 2012 թվականի դեկտեմբերին Լ.Պ.-ն լրացուցիչ հարցաքննել է դիահերձումն իրականացնող դատաբժշկական փորձագետին և ցույց տվել դիմումատուի կողմից արված լուսանկարները: Փորձագետը պնդել է, որ ինքն արձանագրել է իր հայտնաբերած բոլոր վնասվածքները՝ հայտարարելով, որ լուսանկարներն անորակ էին։

71. Այնուհետև քննությունը հանձնվել է Քննչական կոմիտեին և հանձնարարվել քննիչ Ա.Մ.-ին:

72. 2015 թվականի փետրվարին դիմումատուն խնդրել է Ա.Մ.-ին տեղեկություններ տրամադրել իր որդու մահվան հանգամանքները պարզելու նպատակով 2014 և 2015 թվականներին կատարված քննչական միջոցառումների վերաբերյալ: Ի պատասխան՝ Ա.Մ.- ն տեղեկացրել է դիմումատուին, որ տուժողի իրավահաջորդն իրավունք ունի քննության ավարտից հետո ծանոթանալու քննչական միջոցառումների արձանագրություններին:

73. 2015 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ Ա.Մ.-ն որոշել է կասեցնել գործի վարույթն այն հիմքով, որ քննության ընթացքում ձեռնարկվել են հնարավոր բոլոր քննչական գործողությունները, սակայն դեպքի օրն օգտագործվող ռադիոռելեային կայանը չի հայտնաբերվել (տես վերևում՝ 23-րդ պարբերությունը՝ վերջում): Ավելին, չի պարզվել, թե ինչպես և ում մեղքով են ռադիոռելեային կայանի ալեհավաքի ձգալարերը միացել ցանցի հոսանքին. նույն կերպ չի պարզվել, թե ինչ հանգամանքներում է Տ.Օհանջանյանը դիպել կայմի ալեհավաքի ձգալարին:

 

Դ. Դիմումատուի բողոքները

 

74. 2015 թվականի դեկտեմբերի 7-ի որոշման դեմ դիմումատուի ներկայացրած բողոքը 2016 թվականի հունվարի 11-ին մերժվել է Զինվորական դատախազության կողմից։

75. 2016 թվականի հունվարի 25-ին դիմումատուն պահանջել է դատական կարգով վերանայել 2015 թվականի դեկտեմբերի 7-ի և 2016 թվականի հունվարի 11-ի որոշումները՝ պնդելով, որ քննչական մարմինները չեն կատարել Տ. Օհանջանյանի մահվան հանգամանքները պարզելու և մեղավորներին պատժելու նպատակով արդյունավետ քննություն իրականացնելու իրենց դրական պարտավորությունը:

76. 2016 թվականի մարտի 18-ի որոշմամբ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանը բավարարել է դիմումատուի բողոքը՝ գտնելով, որ Մարզային դատարանի 2010 թվականի հունվարի 13-ի դատավճռից հետո (տե՛ս վերևում՝ 57-րդ պարբերությունը) վերսկսված վարույթով քննությունն արդյունավետ չի եղել: Քննությունը չի եղել օպերատիվ և չի իրականացվել ջանասիրությամբ, ինչպես նաև չի անդրադարձել դիմումատուի փաստարկներին: Թերությունները ներառել են դիմումատուի կողմից ներկայացված այն լուսանկարների ոչ պատշաճ ուսումնասիրությունը և գնահատումը, որոնք վկայում էին մարմնի մի շարք վնասվածքների, այդ թվում՝ ատամների բացակայության մասին, որոնք դիահերձման ժամանակ չեն արձանագրվել դատաբժշկական փորձագետի կողմից (տե՛ս վերևում՝ 50-րդ պարբերությունը): Քննիչը սահմանափակվել է դատաբժշկական փորձագետի հարցաքննությամբ և պատշաճ կերպով չի հետևել զննվող լուսանկարների իսկությունը հաստատող դատաբժշկական փորձաքննության արդյունքներին (տե՛ս վերևում՝ 69-րդ և 70-րդ պարբերությունները):

77. 2016 թվականի մայիսի 5-ին Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է մեղադրանքի կողմի բողոքը։

 

Ե. Զուգահեռ վարույթները

 

78. Այլ դատական վարույթների շրջանակներում դիմողը վիճարկել է Գ.Մ.-ի դեմ քրեական հետապնդում իրականացնելու քննչական մարմինների մերժումը (տե՛ս վերևում՝ 10-րդ պարբերությունը)՝ իր նախորդ բողոքի հիման վրա այն մասին, որ Գ.Մ.-ն դիտավորյալ խեղաթյուրել է գործի հանգամանքները և հետաքննությունը սխալ ուղղությամբ է տարել:

79. Դիմումատուի բողոքները մերժվել են վերջին ատյանում՝ Վճռաբեկ դատարանի կողմից 2011 թվականի նոյեմբերի 3-ի որոշմամբ:

 

Զ. Լրացուցիչ քննությունը, բողոքները և դիմումատուի մահը

 

80. 2016 թվականի հունիսի 1-ին քննիչ Ա.Մ.-ն (տե՛ս վերևում՝ 71-րդ պարբերությունը) որոշում է կայացրել վերսկսելու գործի վարույթը:

81. 2017 թվականի մայիսին դիմումատուն հետաքրքրվել է քննության ընթացքով, ինչին ի պատասխան՝ Ա.Մ.-ն 2017 թվականի մայիսի 26-ի գրությամբ հայտնել է, որ ձեռնարկվել են մի շարք քննչական գործողություններ, սակայն համապատասխան արձանագրությունները չեն կարող տրամադրվել, քանի որ Քրեական դատավարության օրենսգրքով նման ընթացակարգ նախատեսված չէ:

82. 2017 թվականի օգոստոսի 1-ի որոշմամբ Ա.Մ.-ն կասեցրել է վարույթը նույն հիմքերով, որոնք ամփոփված են վերևում՝ 73-րդ պարբերության մեջ:

83. 2017 թվականի օգոստոսի 16-ին դիմումատուն Զինվորական դատախազին ներկայացրել է բողոք Ա.Մ.-ի որոշման դեմ:

84. 2017 թվականի օգոստոսի 18-ի որոշմամբ Զինվորական դատախազությունը մերժել է դիմումատուի բողոքը:

85. 2017 թվականի օգոստոսի 26-ին դիմումատուն մահացել է։

86. 2017 թվականի սեպտեմբերի 5-ին տկն Գոհար Սարգսյանը (տե՛ս վերևում՝ 27-րդ պարբերությունը) պահանջել է վարույթի շրջանակներում իրեն ճանաչել որպես տուժողի օրինական իրավահաջորդ:

87. 2017 թվականի սեպտեմբերի 6-ի որոշմամբ Ա.Մ.-ն վերսկսել է գործի վարույթը, և նույն ամսաթվի մեկ այլ որոշմամբ տկն Գոհար Սարգսյանը վարույթի շրջանակներում ճանաչվել է որպես տուժողի օրինական իրավահաջորդ:

88. 2017 թվականի սեպտեմբերի 11-ին Ա.Մ.-ն որոշում է կայացրել կասեցնելու գործի վարույթը նույն հիմքերով, որոնք ամփոփված են վերևում՝ 73-րդ պարբերության մեջ: Մասնավորապես, ի թիվս այլնի, հղում կատարելով դիահերձման եզրակացությանը, լրացուցիչ դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը (տե՛ս վերևում՝ 31-րդ և 64-րդ պարբերությունները) և նախնական դատաէլեկտրատեխնիկական փորձաքննության եզրակացությանը (տե՛ս վերևում՝ 38-րդ պարբերությունը)՝ նշվել է, որ հաստատվել է, որ Տ. Օհանջանյանը մահացել է էլեկտրահարության հետևանքով:

 

Է. Դիմումատուի մահից հետո ներկայացված բողոքները

 

89. 2017 թվականի սեպտեմբերի 19-ին տկն Սարգսյանը բողոք է ներկայացրել Զինվորական դատախազություն` 2017 թվականի սեպտեմբերի 11-ի որոշման դեմ, որը մերժվել է 2017 թվականի սեպտեմբերի 22-ին:

90. 2017 թվականի հոկտեմբերի 4-ին տկն Սարգսյանը պահանջել է դատական կարգով վերանայել Ա.Մ.-ի՝ 2017 թվականի սեպտեմբերի 11-ի որոշումը։

91. 2018 թվականի մարտի 26-ի որոշմամբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է բողոքը։

92. Տկն Սարգսյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք։

93. 2018 թվականի հոկտեմբերի 17-ին Վերաքննիչ քրեական դատարանն ամբողջությամբ բավարարել է բողոքը։ Այդ որոշման համապատասխան մասերը շարադրված են հետևյալ բովանդակությամբ.

 

« … վարույթը կասեցնելու մասին վիճարկվող որոշմամբ, ըստ էության, հաստատված է համարվել, որ տուժողի մահվան պատճառը եղել է էլեկտրահարությունը ... մասնավորապես, ըստ [մեղադրանքի կողմի] ... տուժողի մահը վրա է հասել … R-419 ռադիոռելեային կայանի էլեկտրական հոսանքից, [սակայն] նշված ռադիոռելեային կայանը չի ներկայացվել փորձագետներին ... այն չի հայտնաբերվել:

Ռ.Ա.-ին և Կ.Տ.-ին արդարացնող՝ Մարզային դատարանի դատավճիռը կայացվելուց առաջ հավաքված ապացույցները, այդ թվում՝ փորձագիտական եզրակացությունները, որոնց հիման վրա կայացվել է [Մարզային դատարանի] դատավճիռը, ըստ էության կասկածի տակ են դնում տվյալ ռադիոռելեային կայանի ոչ պատշաճ պահպանման արդյունքում Էլեկտրահարության փաստը ... այնուամենայնիվ, կոնկրետ այդ ռադիոռելեային կայանի անսարքության և դրա հնարավոր հետևանքների վերաբերյալ եզրակացությունները կարող են հիմնված լինել միայն տվյալ [ռադիոռելեային] կայանի, և ոչ թե որևէ այլ նմանատիպ [ռադիոռելեային] կայանի զննության վրա:

...

Ավելին, չեն ձեռնարկվել բավարար միջոցներ ... տուժողի մահվան այլ հնարավոր պատճառները գտնելու համար..

... Սույն գործով ... չեն իրականացվել բոլոր անհրաժեշտ քննչական գործողությունները՝ ուղղված համապատասխան հանգամանքները պարզելուն ... նախաքննությունը [որն իրականացվել է], բավարար չէ արդյունավետ համարվելու համար [Կոնվենցիայի] 2-րդ հոդվածի իմաստով։

...»:

 

94. Վերաքննիչ դատարանի որոշման դեմ բողոք չի ներկայացվել։

 

Ը. Լրացուցիչ քննությունը

 

95. 2018 թվականի դեկտեմբերի 27-ի որոշմամբ Ա.Մ.-ն (տե՛ս վերևում՝ 71-րդ պարբերությունը) որոշում է ընդունել վերսկսելու վարույթը։

96. 2019 թվականի հունվարի 24-ին Ա.Մ.-ն պահանջել է թիվ 28233 զորամասի մոտ առգրավված մեկ այլ (համանման) ռադիոռելեային կայանի դատաբժշկական փորձաքննություն: Համապատասխան որոշման համաձայն՝ քննության ընթացքում հնարավոր չի եղել պարզել նշված R-419 ռադիոռելեային կայանի գտնվելու վայրը (190913 սերիական համարով), սակայն չի կարելի բացառել, որ կապի մասնաշենքում դեպքի օրն օգտագործվել է նույն մոդելի, սակայն այլ սերիական համարով ռադիոռելեային կայան (160913): Արդյունքում ընդունված՝ 2019 թվականի հունիսի 7-ի փորձագիտական եզրակացության մեջ, ի թիվս այլնի, նշվել է, որ 160913 սերիական համարով ռադիոռելեային կայանի որոշ էլեկտրական մալուխներ վնասվել են։

97. 2019 թվականի հուլիսի 2-ին Ա.Մ.-ն պահանջել է իրականացնել 160913 սերիական համարով ռադիոռելեային կայանի մասով դատաէլեկտրատեխնիկական փորձաքննություն՝ խնդրելով փորձագետին պարզաբանել 2019 թվականի հունիսի 7-ի եզրակացության մեջ տեղ գտած որոշ կետեր: Արդյունքում ընդունված՝ 2019 թվականի հուլիսի 30-ի փորձագիտական եզրակացության մեջ նշվել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, թե որքան ժամանակ է անցել դեպքից հետո, հնարավոր չի եղել պատասխանել առաջադրված հարցերին:

98. Ուղարկվել են մի շարք հարցումներ 190913 սերիական համարը կրող ռադիոռելեային կայանի տեղակայման վերաբերյալ, սակայն համապատասխան տեղեկություններ չեն ստացվել: Հարցաքննվել է Կ.Տ.-ն (տե՛ս վերևում՝ 46-րդ պարբերությունը), և նա պնդել է, որ դեպքի օրը 190913 սերիական համարը կրող ռադիոռելեային կայանը շահագործվել է, սակայն նա չի կարողացել պարզաբանել, թե ինչու այն չի գտնվել։ Արվել են նաև Ռ.Ա.-ին հարցաքննելու փորձեր (տե՛ս վերևում՝ 46-րդ պարբերությունը), սակայն պարզվել է, որ նա գտնվում է արտասահմանում։

99. Կառավարության կողմից 2022 թվականի հունվարի 10-ի իրենց թղթակցության մեջ ներկայացված տեղեկությունների համաձայն՝ Տ. Օհանջանյանի մահվան փաստով քննությունը դեռ չի ավարտվել: Մասնավորապես 2021 թվականի սեպտեմբերի 9-ի որոշմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է քննչական մարմնի՝ վարույթը ևս մեկ անգամ կասեցնելու մասին 2020 թվականի նոյեմբերի 25-ի որոշման դեմ բերված՝ տկն Սարգսյանի բողոքը: Հետևաբար վարույթը վերսկսվել է 2021 թվականի սեպտեմբերի 25-ին։ Համապատասխան փաստաթղթերի պատճեններ չեն տրամադրվել։

 

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏԸ

 

100. Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը, եթե անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

 

ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

I. ՆԱԽՆԱԿԱՆ նշումներ

 

101. Դատարանն ի սկզբանե նշում է, որ դիմումատուն մահացել է 2017 թվականի օգոստոսի 26-ին (տե՛ս վերևում՝ 85-րդ պարբերությունը), երբ գործը դեռևս քննվում էր Դատարանում:

102. Դիմումատուի այրին և Տ. Օհանջանյանի մայրը՝ տկն Գոհար Սարգսյանը, որը դիմումատուի մահից հետո ներպետական վարույթի շրջանակներում ճանաչվել է որպես տուժողի օրինական իրավահաջորդ (տե՛ս վերևում՝ 86-րդ պարբերությունը), Դատարանին տեղեկացրել է, որ ցանկանում է շարունակել դիմումատուի կողմից ներկայացված գանգատով վարույթը:

103. Կառավարությունը չի առարկել տկն Սարգսյանի՝ վերջին դիմումատուի փոխարեն վարույթը Դատարանում շարունակելու իրավունքի դեմ:

104. Դատարանը բազմիցս ընդունել է, որ այն դեպքերում, երբ գանգատ ներկայացնելուց հետո դիմումատուն մահանում է, մերձավոր ազգականներն իրավունք ունեն զբաղեցնելու նրա տեղը վարույթում, եթե նրանք արտահայտում են այդպիսի ցանկություն և եթե արդարացիորեն շահագրգռված են ունենալ Դատարանի որոշում (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Դալբանն ընդդեմ Ռումինիայի [ՄՊ] [Dalban v. Romania [GC]], թիվ 28114/95, §§ 38-39, ՄԻԵԴ 1999-VI, Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի [Ashot Harutyunyan v. Armenia], թիվ 34334/04, §§ 86-87, 2010 թվականի հունիսի 15, և Էրգեզենն ընդդեմ Թուրքիայի [Ergezen v. Turkey], թիվ 73359/10, §§ 27-30, 2014 թվականի ապրիլի 8)։

105. Համապատասխանաբար Դատարանը որոշում է, որ տկն Գոհար Սարգսյանն ունի դիմումատուի փոխարեն այս վարույթը շարունակելու իրավունք։ Գործնական նկատառումներից ելնելով՝ պարոն Սուրեն Օհանջանյանն այս վճռի իմաստով կշարունակի անվանվել «դիմումատու», թեև այժմ դիմումատու է համարվում տկն Գոհար Սարգսյանը (տե՛ս, օրինակ, վերևում հիշատակված՝ Դալբանի գործը, § 1)։

 

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

106. Հիմնվելով Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութաիրավական և դատավարական հայեցակետերի և 13-րդ հոդվածի վրա՝ դիմումատուն բողոք է ներկայացրել զինվորական ծառայության ընթացքում իր որդու մահվան փաստի առնչությամբ և պնդել է, որ իշխանությունները չեն իրականացրել գործի արդյունավետ քննություն: Քանի որ Դատարանը համարվում է որպես գործի փաստերին իրավական որակավորում տվող մասնագիտացված կառույց (տե՛ս Ռոդամիլյան և այլք ընդդեմ Խորվաթիայի [ՄՊ] [Radomilja and Others v. Croatia [GC]], թիվ 37685/10 և 22768/12, § 114, § 124 և § 126, 2018 թվականի մարտի 20), Դատարանը նպատակահարմար է գտնում դիմումատուի բողոքները քննել միայն Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ներքո, որի համապատասխան մասն ունի հետևյալ բովանդակությունը.

 

«1. Յուրաքանչյուրի կյանքի իրավունքը պաշտպանվում է օրենքով»:

 

Ա. Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն գանգատը հանելու մասին Կառավարության պահանջը

 

107. 2022 թվականի հունվարի 10-ին Դատարանը Կառավարությունից ստացել է միակողմանի հայտարարություն՝ Դատարանին խնդրելով Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն գանգատը հանել գործերի ցուցակից։

108. Դիմումատուն համաձայն չէ միակողմանի հայտարարության պայմանների հետ:

109. Որոշ հանգամանքներում կարող է նպատակահարմար լինել գանգատը կամ դրա մի մասը հանել գործերի ցուցակից՝ Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պատասխանող Կառավարության կողմից միակողմանի հայտարարության հիման վրա, նույնիսկ եթե դիմումատուն ցանկություն է հայտնում, որ գործի քննությունը շարունակվի։ Կոնկրետ այս դեպքում դրա տեղին կամ անտեղի լինելը կախված է նրանից, թե արդյոք միակողմանի հայտարարությունը բավարար հիմք է եզրակացնելու, որ Կոնվենցիայով սահմանված մարդու իրավունքների նկատմամբ հարգանքով չի պահանջվում, որ Դատարանը շարունակի գործի քննությունը (հոդված 37 §վերջում. տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Թահսին Ակարն ընդդեմ Թուրքիայի (նախնական վիճելի հարց) [ՄՊ], [Tahsin Acar v. Turkey (preliminary issue) [GC]], թիվ 26307/95, § 75, ՄԻԵԴ 2003-VI): Այս առումով կարևոր գործոնները ներառում են բերված բողոքների բնույթը, այն, թե արդյոք բարձրացված հարցերը համադրելի են նախկին գործերով Դատարանի կողմից որոշված հարցերի հետ, պատասխանող Կառավարության կողմից՝ նմանատիպ նախկին գործերով Դատարանի կայացրած վճիռների կատարման համատեքստում ձեռնարկված ցանկացած միջոցի բնույթը և շրջանակը և այդ միջոցների ազդեցությունը վեճի առարկա գործի վրա (նույն տեղում՝ § 76):

110. Այլ կարևոր գործոններ ներառում են, թե արդյոք իր կողմից արված միակողմանի հայտարարության մեջ պատասխանող Կառավարությունն ընդունել է Կոնվենցիայի ենթադրյալ խախտումները, և եթե այո, ապա այդ ընդունման շրջանակը և այն եղանակը, որով Կառավարությունը նախատեսում է դիմումատուին տրամադրել փոխհատուցում (նույն տեղում)։

111. Վերոնշյալ գործոնները համապատասխան գործոնների սպառիչ ցուցակ չեն համարվում: Կախված յուրաքանչյուր գործի կոնկրետ փաստերից՝ հնարավոր է, որ Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին կետի նպատակներով միակողմանի հայտարարությունը գնահատելիս կարող են առաջանալ լրացուցիչ նկատառումներ։

112. Այս նպատակով Դատարանը սույն գործով Կառավարության հայտարարությունը քննության է առել իր նախադեպային իրավունքից և մասնավորապես Թահսին Աքարի գործով վճռից բխող սկզբունքների լույսի ներքո (տե՛ս վերևում՝ 109-111 պարբերությունները, տե՛ս նաև Յեռոնովիչն ընդդեմ Լատվիայի [ՄՊ] [Jeronovičs v. Latvia [GC]], թիվ 44898/10, § 64, 2016 թվականի հուլիսի 5)։

113. Դատարանն ի սկզբանե կրկին նշում է, որ միակողմանի հայտարարության ընթացակարգը բացառիկ ընթացակարգ է։ Որպես այդպիսին, երբ հարցը վերաբերում է Կոնվենցիայով նախատեսված ամենահիմնարար իրավունքների խախտումներին, միակողմանի հայտարարությունը նախատեսված չէ թույլ տալու, որ Կառավարությունը խուսափի նման խախտումների համար իր պատասխանատվությունից (տե՛ս վերևում հիշատակված՝ Յեռոնովիչի գործը, § 117, և Տաշդեմիրը և այլք ընդդեմ Թուրքիայի (որոշում)[Taşdemir and Others v. Turkey (dec.)], թիվ 52538/09, § 28, 2020 թվականի ապրիլի 28)։

114. Դատարանը նշում է, որ սույն գանգատի խնդրո առարկան նախ վերաբերում է պատասխանող պետության՝ Կոնվենցիայի 2-րդ հոդվածով սահմանված՝ զինվորական ծառայության ընթացքում կյանքի կորստի համար պատասխանատվություն կրելուն (տե՛ս մասնավորապես Մուրադյանն ընդդեմ Հայաստանի [Muradyan v. Armenia], թիվ 11275/07, § 133, 2016 թվականի նոյեմբերի 24, հաջորդող հղումների հետ միասին)։ Երկրորդ՝ գործը վերաբերում է Կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված՝ արդյունավետ քննություն իրականացնելու պարտավորությանն այն դեպքերում, երբ առկա են հիմքեր՝ ենթադրելու, որ անձը մահացել է կասկածելի հանգամանքներում (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Մուսթաֆա Թունքը և Ֆեջիրե Թունքն ընդդեմ Թուրքիայի [ՄՊ] [Mustafa Tunç and Fecire Tunç v. Turkey [GC]], թիվ 24014/05, § 169, 2015 թվականի ապրիլի 14, և վերևում հիշատակված՝ Մուրադյանի գործը, § 134)։

115. Դատարանը դիտարկում է, որ իր միակողմանի հայտարարության մեջ Կառավարությունն ընդունել է, որ դիմումատուն տուժել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտումից: Թեև Կառավարությունը չի հստակեցրել նշված խախտման (խախտումների) բնույթը, Դատարանը պատրաստ է ընդունել, որ միակողմանի հայտարարությունը պարունակում է դիմումատուի կողմից ներկայացված բողոքների հիման վրա Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ենթադրյալ խախտումների հետ կապված պատասխանատվության ճանաչում (տե՛ս վերևում՝ 106-րդ պարբերությունը)։

116. Ինչ վերաբերում է փոխհատուցման տրամադրման եղանակին, ապա Կառավարությունը հղում է կատարել ընթացող քննությանը և պարտավորվել է «ձեռնարկել բոլոր համապատասխան միջոցները՝ վերացնելու սույն գործով խախտումները»: Նրանք նաև պարտավորվել են տկն Գոհար Սարգսյանին վճարել 21.500 եվրո (EUR)՝ վնասն ամբողջությամբ, ինչպես նաև ծախսերն ու ծախքերը հոգալու համար:

117. Դատարանը, սակայն, նշում է, որ բացի «խախտումները վերացնելու համար պատշաճ միջոցներ ձեռնարկելու ընդհանուր պարտավորությունից», առանց հստակեցնելու, թե գործին առնչվող և գործնականում կիրառելի ինչ միջոցներ կարող են ձեռնարկվել քննարկվող դեպքերից գրեթե տասնհինգ տարի անց, Կառավարության միակողմանի հայտարարության մեջ հղում չի արվում որևէ միջոցի՝ դիմումատուի կողմից բերված կոնկրետ բողոքների նկատմամբ կիրառելու և Տ. Օհանջանյանի մահվան հանգամանքները պարզելու համար, որոնք մնում էին անհասկանալի (տե՛ս, mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով), վերևում հիշատակված՝ Թահսին Աքարի գործը, § 83)։ Հայտարարությունը չի պարունակում նաև պարտավորություն առ այն, որ հայտարարությունը ներկայացնելու պահին կրկին վերսկսված քննությունը (տե՛ս վերևում՝ 99-րդ պարբերությունը) կիրականացվի Կոնվենցիայի պահանջներին լիովին համապատասխան:

118. Բացի այդ, Դատարանը համոզված չէ, որ Կառավարության կողմից առաջարկված փոխհատուցումը համաչափ է համանման գործում արդարացի փոխհատուցման առնչությամբ տրված փոխհատուցմանը (տե՛ս, օրինակ, վերևում հիշատակված՝ Մուրադյանի գործը, § 167)։

119. Այս համատեքստում Դատարանը համարում է, որ Կառավարության կողմից ներկայացված միակողմանի հայտարարությունը բավարար հիմք չի պարունակում եզրակացնելու, որ Կոնվենցիայով սահմանված մարդու իրավունքների նկատմամբ հարգանքով չի պահանջվում, որ Դատարանը շարունակի գործի քննությունը (հոդված 37, կետ 1՝ վերջում)։ Ուստի Դատարանը մերժում է գանգատը գործերի ցուցակից հանելու մասին Կառավարության պահանջը և հետևաբար անցնում է գործի ընդունելիության և ըստ էության քննությանը:

 

Բ. Ընդունելիությունը

 

1. Իրավական պաշտպանության ներպետական միջոցները չսպառելը

 

120. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուի բողոքները վաղաժամ էին այն հիմքով, որ Վերաքննիչ քրեական դատարանի 2018 թվականի հոկտեմբերի 17-ի որոշմամբ վարույթը վերսկսելուց հետո քննությունը դեռ շարունակվում էր (տե՛ս վերևում՝ 93-րդ պարբերությունը): Այս առնչությամբ նրանք հղում են կատարել Հարիսոնը և այլք ընդդեմ Միացյալ Թագավորության (որոշում) [Harrison and Others v. the United Kingdom (dec.)] (թիվ 44301/13, 44379/13 և 44384/13, 2014 թվականի մարտի 25) գործով Դատարանի որոշմանը։ Նրանք նաև առաջ են քաշել այն պնդումը, որ դիմումատուն հնարավորություն է ունեցել այդ որոշման հիման վրա պետությունից պահանջելու ոչ նյութական վնասի փոխհատուցում:

121. Դիմումատուն պնդել է, որ 2007 թվականից շարունակվող քննությունն իրականացվել է ոչ պատշաճ կերպով, և որ քննությունն իրականացնող մարմինների կողմից օպերատվության և ջանասիրության բացակայության հետևանքով այն չի հանգեցրել իր որդու մահվան հանգամանքները պարզելուն: Վերաքննիչ քրեական դատարանի 2018 թվականի հոկտեմբերի 17-ի որոշման միակ ազդեցությունը եղել է քննության հետագա վերսկսումը, որը շարունակվում էր ավելի քան տասնմեկ տարի, և դրանից հետո ձեռնարկված քննչական գործողությունները նույնքան անարդյունավետ են եղել: Դիմումատուն նաև պնդել է, որ քաղաքացիական վարույթի կարգով պետությունից վնասի հատուցում պահանջելու հնարավորությունը չէր կարող արդյունավետ համարվել Կոնվենցիայի 2-րդ հոդվածով բողոքներ ներկայացնելու իմաստով, քանի որ դա չէր կարող հանգեցնել մեղավորներին հայտնաբերելուն և պատժելուն: Ամեն դեպքում հատուցման առավելագույն չափը, որը նա կարող էր ստանալ ներպետական մակարդակով, չէր կարող պատշաճ և բավարար հատուցում համարվել։

122. Կոնվենցիայի 35-րդ հոդվածի իմաստով իրավական պաշտպանության ներպետական միջոցների սպառման վերաբերյալ ընդհանուր սկզբունքներն ամփոփված են Վուչկովիչն ու այլք ընդդեմ Սերբիայի ((նախնական առարկություն) [ՄՊ] [Vučković and Others v. Serbia (preliminary objection) [GC]], թիվ 17153/11 և մյուս 29-ը, §§ 69-77, 2014 թվականի մարտի 25) գործում։

123. Դատարանը նկատում է, որ դիմումատուի որդու մահվան փաստի առթիվ քրեական վարույթը հարուցվել է 2007 թվականի օգոստոսի 31-ին (տե՛ս վերևում՝ 8-րդ պարբերությունը), սակայն Դատարանին հայտնի ամենավերջին տեղեկությունների օրվա դրությամբ (այսինքն՝ 2022 թվականի հունվարի 22-ին. տե՛ս վերևում՝ 99-րդ պարբերությունը) քննությունը դեռևս չէր ավարտվել։

124. Դատարանը համարում է, որ Կառավարության առարկություններով, որոնցով նրանք պնդում են, որ դիմումատուի բողոքները վաղաժամ էին, բարձրացվում են քննության արդյունավետության վերաբերյալ հարցեր, որոնք սերտորեն կապված են դիմումատուի բողոքների էության հետ։ Հետևաբար այն համարում է, որ այդ հարցերը պետք է ստորև քննության առնվեն Կոնվենցիայի 2-րդ հոդվածի դատավարական հայեցակետի ներքո, և որոշում է առարկության այդ մասը միացնել ըստ էության քննությանը (տե՛ս, mutatis mutandis, Նանա Մուրադյանն ընդդեմ Հայաստանի [Nana Muradyan v. Armenia], թիվ 69517/11, § 106, 2022 թվականի ապրիլի 5)։

125. Քանի որ Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն ոչ նյութական վնասի դիմաց հատուցման համար քաղաքացիական հայց չի ներկայացրել, Դատարանը նշում է, որ նա չի ընդունել այդ փաստարկը Նանա Մուրադյանի գործով, որի դեպքում ժամկետային զինծառայողի մահվան փաստի առթիվ քրեական վարույթը դատական որոշումից հետո նույն կերպ վերսկսվել էր այն փաստի հիման վրա, որ քննությունը եղել էր անարդյունավետ (ներպետական իրավունքի համապատասխան դրույթների ամփոփ նկարագրի համար տե՛ս վերևում հիշատակված՝ Նանա Մուրադյանի գործը, §§ 107-111, ինչպես նաև §§ 78-83)։ Մասնավորապես Դատարանը համարել էր, որ Կառավարության կողմից առաջարկված՝ հատուցման ձևով տրվող իրավական պաշտպանության միջոցը չէր կարող ապահովել վնասի բավարար փոխհատուցում (նույն տեղում, § 111)։

126. Դատարանը սույն գործի պարագայում Նանա Մուրադյանի գործով իր եզրահանգումից շեղում կատարելու որևէ պատճառ չի տեսնում: Այսպիսով, Դատարանը մերժում է Կառավարության՝ այս մասով չսպառելու մասին առարկությունը:

 

2. Անընդունելիության այլ հիմքեր

 

127. Դատարանը նշում է, որ սույն բողոքը ո՛չ ակնհայտորեն անհիմն է, ո՛չ էլ անընդունելի է Կոնվենցիայի 35-րդ հոդվածում նշված որևէ այլ հիմքով։ Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի:

 

Գ. Ըստ էության քննությունը

 

1. Կողմերի փաստարկները

 

ա) Դիմումատուն

 

128. Դիմումատուն պնդել է, որ քննության հենց սկզբից առաջ է քաշվել էլեկտրահարության կեղծ սցենար՝ հիմնվելով այն վարկածի վրա, որը հերքվել է քննության ընթացքում հավաքված ապացույցներով։ Միևնույն ժամանակ իր որդու նկատմամբ գործադրված բռնության կամ նրա մահվան, ինչը, ըստ դիմումատուի կարծիքի, եղել է սպանության հետևանք, փաստի առթիվ չի իրականացվել արդյունավետ քննություն։

129. Նա պնդել է, որ քննությունը, որն իր փաստարկները Դատարան ներկայացնելու ժամանակ արդեն տասներկու տարի շարունակվում էր, որևէ շոշափելի արդյունք չի տվել վերջինիս ոչ պատշաճ իրականացման և այն վարող մարմինների կողմից ոչ բավարար ջանասիրության պատճառով: Չի կարելի նաև պնդել, որ քրեական վարույթը վերսկսելուց ի վեր իրականացվել են կամ կարող էին իրականացվել էական քայլեր։ Դիմումատուն կարծում է, որ այսքան տարի անց իր որդու մահվան հանգամանքների մասին ճշմարտությունը պարզելու հնարավորությունները գրեթե սպառվել են։

 

բ) Կառավարությունը

 

130. Կառավարությունը որևէ մեկնաբանություն չի ներկայացրել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութաիրավական հայեցակետի համաձայն դիմումատուի կողմից ներկայացված բողոքների առնչությամբ։

131. Կառավարությունը 2019 թվականի մարտին և օգոստոսին ներկայացված իր փաստարկներում և 2020 թվականի հուլիսին ներկայացված լրացուցիչ փաստարկներում նշել է, որ 2018 թվականի դեկտեմբերին՝ քննությունը վերսկսվելուց հետո (տե՛ս վերևում՝ 95-րդ պարբերությունը), իրավասու պետական մարմիններն իրականացրել են մի շարք քննչական գործողություններ։ Մասնավորապես նախաձեռնվել են լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություններ, հարցաքննվել են վկաներ և նշված R-419 ռադիոռելեային կայանի տեղակայությունը պարզելու նպատակով կատարվել են մի շարք հարցումներ (2018 թվականի դեկտեմբերից ի վեր իրականացված քննչական գործողությունների ամփոփ նկարագրի համար տե՛ս վերևում՝ 96-98-րդ պարբերությունները)։

 

2. Դատարանի գնահատականը

 

ա) Ընդհանուր սկզբունքները

 

132. Դատարանը հղում է կատարում զինվորական ծառայության ընթացքում մահվան դեպքերի առթիվ Կոնվենցիայի 2-րդ հոդվածով հարուցված գործերում նշված ընդհանուր սկզբունքներին (տե՛ս մասնավորապես Բեկերն ընդդեմ Թուրքիայի [Beker v. Turkey], թիվ 27866/03, §§ 41-43, 2009 թվականի մարտի 24, վերևում հիշատակված՝ Մուրադյանի գործը, §§ 132-133՝ հաջորդող հղումների հետ միասին, և Մոսենձն ընդդեմ Ուկրաինայի [Mosendz v. Ukraine], թիվ 52013/08, § 92-93, 2013 թվականի հունվարի 17):

133. Դատարանի նախադեպային իրավունքով հաստատվել է, որ արգելանքի տակ գտնվող անձինք խոցելի իրավիճակում են, և իրավասու պետական մարմինները պարտավոր են պաշտպանել նրանց։ Պետությունը պարտավոր է արժանահավատ բացատրություն ներկայացնել արգելանքի տակ պահելու ընթացքում առաջացած վնասվածքների կամ վրա հասած մահվան վերաբերյալ, ինչը չանելն առաջացնում է հարցեր Կոնվեցիայի 2-րդ կամ 3-րդ հոդվածների առնչությամբ։ Զորակոչիկները նույնպես արգելանքի տակ գտնվող անձանց համանման կարգավիճակում են գտնվում այն առումով, որ նրանք ամբողջությամբ պետության ձեռքերում են, և բացառապես իշխանություններն են լիարժեք կամ մեծ մասամբ տեղյակ բանակում տեղի ունեցող դեպքերից: Այդ պատճառով պետությունը նաև պարտավոր է ներկայացնել բավարար և համոզիչ բացատրություն բանակում առաջացած վնասվածքների կամ վրա հասած մահվան վերաբերյալ (տե՛ս վերևում հիշատակված՝ Մուրադյանի գործը, § 133 և այդ գործում հիշատակված հղումները):

134. Ապացույցները գնահատելիս Դատարանը կիրառում է «ողջամիտ կասկածից վեր» ապացուցման չափանիշը։ Այնուամենայնիվ, այդպիսի ապացույցը կարող է բխել բավականաչափ հիմնավորված, պարզ և համահունչ եզրահանգումների համաժամանակյա առկայությունից կամ նմանատիպ անհերքելի փաստերի կանխավարկածից: Այն դեպքերում, երբ խնդրահարույց իրադարձություններն ամբողջությամբ կամ մեծ մասամբ գտնվում են պետական իշխանության մարմինների իմացության տիրույթում, ինչպես օրինակ՝ իրենց վերահսկողության ներքո արգելանքի տակ կամ բանակում գտնվող անձանց դեպքում, կալանքի կամ ծառայության ընթացքում առաջացած վնասվածքների և մահվան առումով ի հայտ կգան փաստերի մասին լուրջ կանխավարկածներ։ Եվ բնականաբար, բավարար և համոզիչ բացատրություն տրամադրելու ապացուցման բեռը կարող է դիտվել որպես պետական իշխանության մարմինների պարտականություն (տե՛ս, ի թիվս շատ այլ վճիռների, վերևում հիշատակված՝ Նանա Մուրադյանի գործը, § 123, և Հովհաննիսյանը և Նազարյանն ընդդեմ Հայաստանի [Hovhannisyan and Nazaryan v. Armenia] թիվ 2169/12 և 29887/14, § 123, 2022 թվականի նոյեմբերի 8):

135. Ավելին, կյանքի իրավունքը պաշտպանելու, ինչպես նաև դրանից զրկվելու դեպքում պատշաճ բացատրություն ներկայացնելու պարտավորության համար անուղղակիորեն պահանջվում է որոշակի արդյունավետ պաշտոնական քննության իրականացում, եթե հիմք կա կարծելու, որ անձին կասկածելի հանգամանքներում հասցվել են կյանքին սպառնացող վնասվածքներ, նույնիսկ այն դեպքում, երբ մահ առաջացրած ոտնձգությունը կատարելու մեջ կասկածվող անձը պետական պաշտոնյա չէ։ Որպեսզի քննությունն արդյունավետ համարվի, այն նախ պետք է լինի պատշաճ, այսինքն՝ հնարավորություն տա պարզելու փաստական հանգամանքները և անհրաժեշտության դեպքում հայտնաբերելու ու պատժելու մեղավորներին (տե՛ս վերևում հիշատակված՝ Մուրադյանի գործը, § 134՝ հաջորդող հղումների հետ միասին)։

136. Արդյունավետ քննություն իրականացնելու պարտավորությունը ոչ թե արդյունքի, այլ միջոցի պարտավորություն է. իշխանությունները պետք է ձեռնարկեն հնարավոր բոլոր ողջամիտ միջոցները՝ ապահովելու համար տվյալ դեպքի վերաբերյալ ապացույցները, ներառյալ՝ inter alia (ի թիվս այլնի), վկաների ցուցմունքները, փորձաքննությամբ ձեռք բերված ապացույցները և անհրաժեշտության դեպքում՝ դիահերձումը, որի միջոցով հնարավոր է ամբողջական և ճշգրտորեն արձանագրել վնասվածքը և իրականացնել կլինիկական տվյալների, այդ թվում՝ մահվան պատճառի օբյեկտիվ վերլուծություն։ Քննության արդյունավետությունը, սակայն, չի կարող միայն գնահատվել կազմված արձանագրությունների, հարցաքննված վկաների կամ կատարված այլ քննչական գործողությունների թվով։ Քննության արդյունքները պետք է հիմնված լինեն համապատասխան բոլոր տարրերի բազմակողմանի, օբյեկտիվ և անկողմնակալ վերլուծության վրա: Հետաքննության համար ակնհայտորեն անհրաժեշտ միջոցները պատշաճորեն չձեռնարկելը վճռորոշ կերպով խոչընդոտում է գործի փաստական հանգամանքները պարզելու և անհրաժեշտության դեպքում մեղավորներին հայտնաբերելու՝ քննության հնարավորությունը և անխուսափելիորեն հանգեցնում է արդյունավետության պահանջվող չափանիշին չհամապատասխանելուն (տե՛ս վերևում հիշատակված՝ Նանա Մուրադյանի գործը, § 126, և վերևում հիշատակված՝ Մուրադյանի գործը, § 135՝ հաջորդող հղումների հետ միասին)։

137. Այս համատեքստում նկատի է ունեցվում օպերատիվ և ողջամտորեն արագ իրականացնելու պահանջը (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, վերևում հիշատակված՝ Մուսթաֆա Թունքի և Ֆեջիրե Թունքի գործը, § 178)։

138. Ի վերջո, քննության՝ բավականաչափ արդյունավետ լինելու հարցը պետք է գնահատվի համապատասխան բոլոր փաստերի հիման վրա, ինչպես նաև հաշվի առնելով քննություն իրականացնելու հետ կապված աշխատանքի գործնական կողմերը: Քննության արդյունավետության նվազագույն շեմը բավարարող ստուգման բնույթը և աստիճանը կախված են կոնկրետ գործի հանգամանքներից (տե՛ս Մուսթաֆա Թունքի և Ֆեջիրե Թունքի գործը, § 176 և 181, Նանա Մուրադյանի գործը, § 127 և Մուրադյանի գործը, § 136՝ բոլորը վերևում հիշատակված):

 

բ) Ընդհանուր սկզբունքների կիրառումը սույն գործի նկատմամբ

 

139. Վերևում հիշատակված նախադեպային իրավունքին համապատասխան՝ Դատարանը նպատակահարմար է համարում ըստ էության քննությունն սկսել նախ անդրադառնալով Կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն դիմումատուի բողոքի դատավարական հայեցակետին, մասնավորապես, թե արդյոք նրա որդու մահվան հանգամանքների շուրջ ներպետական մակարդակում անցկացված քննությունը եղել է արդյունավետ, այնուհետև անդրադառնալով նյութաիրավական հայեցակետին, մասնավորապես այն հարցին, թե արդյոք պետությունը կարող է կրել պատասխանատվություն մահվան համար (տե՛ս, mutatis mutandis, վերևում հիշատակված՝ Մուրադյանի գործը, §§ 137-156)։

 

i) Դատավարական հայեցակետը

 

140. Դատարանն ի սկզբանե նկատում է, որ իշխանություններն արագ արձագանքել են Տ. Օհանջանյանի մահվան փաստին։ Նրա մահից հետո մի քանի ժամվա ընթացքում զինվորական ոստիկանության ծառայողներն այցելել են դեպքի վայր, և հաջորդ օրն անմիջապես հարուցվել է քրեական վարույթ (տե՛ս վերևում՝ 7-րդ և 8-րդ պարբերությունները)։ Ավելին, նույն օրը և անմիջապես դրան հաջորդող օրերին իրականացվել են մի շարք քննչական միջոցառումներ, այդ թվում՝ դեպքի վայրի և մարմնի զննությունը, դիահերձումը և Ա.Գ.-ի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն նշանակելը և վկաների հարցաքննություններ իրականացնելը (տե՛ս վերևում՝ 11-21-րդ պարբերությունները)։

141. Ընդ որում, Դատարանը նկատում է, որ Տ. Օհանջանյանի մահվան հանգամանքների մասով քննությունը, որը շարունակվում էր 2007 թվականի օգոստոսի 31-ից, մի քանի անգամ կասեցվել էր, և որ ամեն անգամ քննություն և քրեական հետապնդում իրականացնող մարմինների համապատասխան որոշումների դեմ դիմումատուի կամ նրա մահվանից հետո դիմումատուի այրու կողմից բողոք ներկայացվելուց հետո այդ որոշումները բեկանվել էին դատարանների կողմից (տե՛ս վերևում՝ մասնավորապես 73-րդ, 76-րդ, 82-րդ, 88-րդ և 93-րդ պարբերությունները, ինչպես նաև վերևում՝ 99-րդ պարբերությունը, որտեղ ամփոփ ներկայացված են քննության վերաբերյալ ամենավերջին տեղեկությունները): Արդյունքում 2022 թվականի հունվարի 10-ի դրությամբ, այսինքն՝ Տ. Օհանջանյանի մահվանից գրեթե տասնչորս և կես տարի անց, քննությունը դեռևս չէր ավարտվել (տես վերևում՝ 99-րդ պարբերությունը)։

142. Դատարանն այս առնչությամբ վերահաստատում է, որ 2-րդ հոդվածով քննվող այն գործերով երկարատև վարույթները, որոնք հարուցվել են անձի մահվան հանգամանքները պարզելու համար, վկայում են այն մասին, որ վարույթը պատասխանող պետության՝ Կոնվենցիայով սահմանված դրական պարտավորությունների խախտման առումով եղել է թերի՝ բացառությամբ, եթե պետությունը բերել է խիստ համոզիչ և հիմնավոր պատճառներ՝ վարույթի նման ընթացքն արդարացնելու համար (տե՛ս Անահիտ Մկրտչյանն ընդդեմ Հայաստանի [Anahit Mkrtchyan v. Armenia], թիվ 3673/11, § 96, 2020 թվականի մայիսի 7՝ հաջորդող հղումների հետ միասին)։ Դատարանը նկատում է, որ նման պատճառներ չեն ներկայացվել պատասխանող Կառավարության կողմից, որը չի տրամադրել բացատրություն այդ ձգձգումների վերաբերյալ (տե՛ս վերևում՝ 131-րդ պարբերությունը)։

143. Ավելին, քննությամբ, որը, ինչպես արդեն նշվել է, շարունակվել է Տ. Օհանջանյանի մահվանից հետո ավելի քան տասնչորս տարի, Դատարանին տրամադրված վերջին տեղեկությունների համաձայն՝ մինչ օրս չեն հաստատվել նրա մահվան հանգամանքները:

144. Դեպքերի վերաբերյալ պաշտոնական վարկածի համաձայն, որը վիճարկվել է դիմումատուի կողմից (տե՛ս վերևում՝ 128-րդ պարբերությունը), նրա որդին մահացել է էլեկտրահարությունից՝ վզի հատվածով և ձախ դաստակով պատահաբար դիպչելով ռադիոռելեային ալեհավաքի մաշտի ձգալարերին այնպիսի հանգամանքներում, որոնք չեն պարզվել քննության ընթացքում (տե՛ս վերևում՝ 6-րդ, 52-րդ, 73-րդ և 88-րդ պարբերությունները)։

145. Դատարանը նշում է, որ էլեկտրահարության վարկածը, այդ թվում՝ այն եղանակը, որով ենթադրաբար այն տեղի է ունեցել, բազմիցս հերքվել են ներպետական դատարանների կողմից:

146. Մասնավորապես Մարզային դատարանը 2010 թվականի հունվարի 13-ի իր դատավճռում, որով այն արդարացրել է կապի մասնաշենքի պետին և կապի մասնաշենքի ռադիոհանգույցի պետին, որոնք դեպքի հետ կապված մեղադրվել էին անփույթ վերաբերմունքի փաստով (տե՛ս վերևում՝ 46-րդ և 52-րդ պարբերությունները), լրջորեն կասկածի տակ է դրել նախաքննության արդյունքները, որը հիմնականում հիմնվել է դիահերձման եզրակացության և դատաէլեկտրատեխնիկական փորձաքննության եզրակացության վրա (տե՛ս վերևում՝ 31-րդ և 38-րդ պարբերությունները), որոնց հավաստիությունն ակնհայտորեն կասկածի տակ է դրվել դատավճռում (տե՛ս վերևում՝ 57-րդ պարբերությունը)։

147. Ավելին, Վերաքննիչ քրեական դատարանը, ցուցաբերելով նույն մոտեցումը, ինչ Մարզային դատարանը և հղում կատարելով այդ դատարանի 2010 թվականի հունվարի 13-ի դատավճռին, լուրջ կասկածներ է հայտնել 2018 թվականի հոկտեմբերի 17-ի նրա որոշման մեջ էլեկտրահարման վարկածի վերաբերյալ և քննադատության է արժանացրել Տ. Օհանջանյանի մահվան այլ հնարավոր պատճառներն ուսումնասիրելու համար բավարար միջոցներ չձեռնարկելը (տե՛ս մասնավորապես վերևում՝ 93-րդ պարբերությունը):

148. Դատարանին ներկայացված վերջին տեղեկությունների համաձայն՝ 2021 թվականի սեպտեմբերի 9-ի որոշմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է վարույթը կասեցնելու վերաբերյալ ևս մեկ որոշման դեմ բողոքը (տե՛ս վերևում՝ 99-րդ պարբերությունը): Այնուամենայնիվ, քանի որ Դատարանին չի տրամադրվել այդ որոշման օրինակը, պարզ չեն այն հիմքերը, որոնց վրա կայացվել է այդ որոշումը։ Բոլոր դեպքերում Կառավարությունը, որը Դատարանին տեղեկացրել է այդ զարգացումների մասին, երբևէ առաջ չի քաշել այն պնդումը, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որևէ կերպ հաստատել է էլեկտրահարության վարկածը։

149. Այս հանգամանքներում և հաշվի առնելով Վերաքննիչ քրեական դատարանի եզրահանգումներն այն մասին, որ դատարանի այդ որոշմանը նախորդող քննությունը չի իրականացվել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի պահանջներին համապատասխան (տե՛ս վերևում՝ 93-րդ պարբերությունը՝ վերջում), Դատարանը քննության կառնի 2018 թվականի հոկտեմբերի 17-ին ընդունված որոշումից հետո իրականացված քննությունը (տե՛ս Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համատեքստում, Բարանինը և Վուկցեվիկն ընդդեմ Մոնտենեգրոյի [Baranin and Vukčević v. Montenegro], թիվ 24655/18 և 24656/18, § 141, 2021 թվականի մարտի 11)։

150. Քննությունը 2018 թվականի դեկտեմբերի 27-ին վերսկսվելուց հետո իրականացված քննչական միջոցառումների վերաբերյալ տրամադրված նյութերի հիման վրա (տե՛ս վերևում՝ 95-րդ պարբերությունը) Դատարանը նշում է հետևյալը;

151. Ոչինչ չի վկայում այն մասին, որ ձեռնարկվել են քննչական գործողություններ՝ պարզելու համար քննվող դեպքերին առնչվող մի շարք կարևորագույն հանգամանքներ, այդ թվում՝ պատճառները, թե ինչու է Տ. Օհանջանյանը անվանականչից հետո՝ երեկոյան ուշ ժամին, լքել զորամասը, միմյանց հակասող ցուցմունքներն այն մասին, թե արդյոք նա ընդհանրապես ներկա է եղել անվանականչին, թե՝ ոչ (տես վերևում՝ 6-րդ պարբերությունը, ինչպես նաև վերևում՝ 17-րդ, 19-րդ, 21-րդ, 29-րդ, 42-րդ և 43-րդ պարբերություններում ամփոփ ներկայացված վկաների ցուցմունքները), նշված ռադիոռելեային կայանի ապամոնտաժման համար պատասխանատու անձանց ինքնությունը՝ չնայած մեղադրանքի կողմի կողմից հստակ հրահանգին՝ զերծ մնալ դեպքի վայրում որևէ փոփոխություն կատարելուց, և ամենակարևորը՝ դրա պատճառները (տե՛ս վերևում՝ 23-րդ պարբերությունը), ինչպես նաև պատճառները, թե ինչու է Ս.Ս.-ն, որը դեպքից մոտ հինգ տարի առաջ եղել է զորամասի հրամանատարը, տեղափոխվել այլ զորամաս՝ ավելի ցածր պաշտոնում ծառայությունը շարունակելու համար (տե՛ս վերևում՝ 36-րդ պարբերությունը): Վերջին կետի առնչությամբ Դատարանը նշում է, որ, ըստ իրեն ներկայացված նյութերի, Պաշտպանության նախարարությունն իրականացրել է ներքին քննություն Տ. Օհանջանյանի մահվան առնչությամբ (տես վերևում՝ 18-րդ պարբերությունը): Այնուամենայնիվ, չնայած սույն գանգատի մասին Կառավարությանը ծանուցելու ժամանակ Դատարանի կողմից այդ առումով ներկայացված կոնկրետ պահանջին՝ Կառավարությունը չի տրամադրել համապատասխան արձանագրության և նյութերի պատճենը։

152. Բացի այդ, ըստ երևույթին, փորձեր չեն արվել ուսումնասիրելու հետաքննության հնարավոր այլ ուղղություններ, այդ թվում՝ հանցավոր արարքի ուղղությունը (համեմատե՛ք վերևում հիշատակված՝ Մուսթաֆա Թունքը և Ֆեջիրե Թունքն ընդդեմ Թուրքիայի գործը, §§ 206 և 239), չնայած առկա են եղել հնարավոր վատ վերաբերմունքի նշաններ ցույց տվող ապացույցներ, այդ թվում՝ Տ. Օհանջանյանի վնասված հագուստը (տե՛ս վերևում՝ 14-րդ պարբերությունը) և նրա մարմնի մի շարք վնասվածքներ (տե՛ս վերևում՝ 11-րդ, 12-րդ և 31-րդ պարբերությունները։ Վնասվածքների առնչությամբ Դատարանը նշում է, որ քննության ընթացքում դիմումատուն ներկայացրել է մարմնի լուսանկարներ, որտեղ երևում են այլ վնասվածքներ, այդ թվում՝ բացակայում են ատամները, ինչը մարմնի զննության և դիահերձման ժամանակ չի արձանագրվել, և որ, ավելին, այդ լուսանկարների իսկությունը հաստատվել է դատաբժշկական փորձաքննությամբ ձեռք բերված ապացույցներով (տե՛ս վերևում՝ 50-րդ և 69-րդ պարբերությունները, ինչպես նաև Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանի 2016 թվականի մարտի 18-ի որոշումը, որտեղ քննարկվել է հարցը, ինչպես ամփոփ ներկայացված է վերևում՝ 76-րդ պարբերության մեջ)։

153. Ավելին, հիմնական վկաներից ոչ մեկը լրացուցիչ չի հարցաքննվել, նույնիսկ Ա.Գ.-ն, որը, ըստ պաշտոնական վարկածի, հայտնաբերել է դին (տե՛ս վերևում՝ 6-րդ և 15-րդ պարբերությունները), ինչպես նաև ստացել է էլեկտրաշոկ, որը, ըստ երևույթին, նրան չի վնասել (տե՛ս վերևում՝ 16-րդ և 20-րդ պարբերությունները): Նմանատիպ նկատառումները վերաբերում են նաև Տ. Օհանջանյանի ընկերներին, որոնք դեպքի օրը կապի մեջ են եղել նրա հետ, այդ թվում՝ Դ.Հ.-ն, որն ինչ-որ պահի ցուցմունք է տվել Ս.Ս.-ի դեմ՝ Տ. Օհանջանյանի նկատմամբ բռնություն կիրառելու համար (տե՛ս վերևում՝ 17-րդ, 19-րդ, 21-րդ և 42-րդ պարբերությունները), և Ն.Մ.-ն՝ այդ օրը զորամասի պատասխանատու ավագ սպան, որը հակասական պնդումներ է ներկայացրել Տ. Օհանջանյանի մահվանը նախորդող դեպքերի մասին (տե՛ս վերևում՝ 29-րդ և 43-րդ պարբերությունները):

154. Փոխարենը, վերսկսված քննության հիմնական ուղղությունը, ըստ երևույթին, եղել է տարբեր մարմինների հարցումներ ուղարկելու և վկաներին հարցաքննելու (տե՛ս մասնավորապես վերևում՝ 98-րդ պարբերությունը) միջոցով նշված ռադիոռելեային կայանի գտնվելու վայրը պարզելը, որը տարիներ առաջ ապամոնտաժվել էր (տե՛ս վերևում՝ 23-րդ պարբերությունը) անհայտ հանգամանքներում և քննության ընթացքում երբեք չպարզված պատճառներով: Ավելին, չնայած Վերաքննիչ քրեական դատարանը 2018 թվականի հոկտեմբերի 17-ի իր որոշման մեջ նշել է, որ էլեկտրահարության վարկածը ոչ մի կերպ չի կարող հիմնված լինել մեկ այլ (նմանատիպ) ռադիոռելեային կայանի դատաբժշկական փորձաքննության արդյունքների վրա (տե՛ս վերևում՝ 93-րդ պարբերությունը), քննությունն իրականացնող մարմինները շարունակաբար հանձնարարել են նույն մոդելի մեկ այլ ռադիոռելեային կայանի դատաբժշկական փորձաքննության եզրակացություններ տրամադրել (տե՛ս վերևում՝ 96-րդ և 97-րդ պարբերությունները)։

155. Դատարանն ընդունում է սույն գործով քննության իրականացման հետ կապված աշխատանքի գործնական դժվարություններն այն դեպքում, երբ քննվող դեպքերից անցել է այդքան երկար ժամանակ։ Այնուամենայնիվ, այդ ձգձգումները և մի շարք կարևոր քննչական գործողություններ ժամանակին իրականացնելու ոչ բավարար ջանասիրությունը (տե՛ս, օրինակ, վերևում՝ 33-րդ և 49-րդ պարբերությունները) հավասարապես վերագրվում են իշխանություններին, և, ինչպես արդեն նշվել է, Կառավարությունն այդ ձգձումների համար որևէ բացատրություն չի ներկայացրել (տե՛ս վերևում՝ 142-րդ պարբերությունը):

156. Հաշվի առնելով վերոնշյալը՝ Դատարանը համարում է, որ սույն գործով քննությունը չի եղել բավականաչափ մանրամասն և չի իրականացվել ողջամտորեն արագ։ Ինչպես նշվել է վերևում, քննությունն իրականացվել է թերություններով, ինչը խաթարել է Տ. Օհանջանյանի մահվան հետ կապված փաստերը պարզելու հնարավորությունները (տե՛ս, mutatis mutandis, վերևում հիշատակված՝ Բեկերի գործը, § 53), և ներպետական դատարանների համապատասխան որոշումներից հետո բավականաչափ ջանքեր չեն գործադրվել (տե՛ս վերևում՝ մասնավորապես 57-րդ, 76-րդ և 93-րդ պարբերությունները) այդ թերությունները վերացնելու համար (տե՛ս, mutatis mutandis, վերևում հիշատակված՝ Բարանինի և Վուկցևիկի գործը, § 149): Ընդհանրացնելով կարելի է ասել, որ իշխանությունները չեն իրականացնել Տ. Օհանջանյանի մահվան հանգամանքների արդյունավետ քննություն:

157. Հետևաբար Դատարանը եզրակացնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի դատավարական հայեցակետի խախտում: Ուստի այն մերժում է 2-րդ հոդվածի առնչությամբ դիմումատուի բողոքների վաղաժամ լինելու վերաբերյալ Կառավարության առարկությունը (տե՛ս վերևում՝ 120-րդ պարբերությունը):

 

ii) Նյութաիրավական հայեցակետը

 

158. Տ. Օհանջանյանն անցնում էր պարտադիր զինվորական ծառայություն ՀՀ զինված ուժերում, երբ նրան հայտնաբերել են մահացած՝ մի շարք վնասվածքներով, այդ թվում՝ բացակայել են ատամները, ոտքերի վրա եղել են այրվածքների հետքեր և վնասվածքներ գլխին, ականջին, ծնոտին և աչքի տակ, որոնք թեև չեն արձանագրվել դիահերձման եզրակացության մեջ և այլ փաստաթղթերում (տե՛ս վերևում՝ 11-րդ, 12-րդ և 31-րդ պարբերությունները), տեսանելի են եղել դիմումատուի կողմից ազգային իշխանություններին ներկայացված լուսանկարներում (տե՛ս վերևում՝ 50-րդ և 69-րդ պարբերությունները): Այս լուսանկարները դիմումատուի կողմից ներկայացվել են նաև Դատարանում ընթացող վարույթի շրջանակներում: Ինչպես արդեն նշվել է, Տ. Օհանջանյանի մահվան փաստով իրականացվող երկարատև քննությամբ ի վերջո չեն պարզվել նրա մահվան հետ կապված փաստերը (տե՛ս վերևում՝ 143-րդ և 145-րդ պարբերությունները):

159. Հաշվի առնելով այն ակնհայտ անփութությունը, որով իրականացվել է քննությունը, և դրա շրջանակներում արված եզրահանգումներում մի շարք այնքան լուրջ անհամապատասխանությունների համար բավարար բացատրության բացակայությունն այն մասով, որ ներպետական դատարանները հրաժարվել են հաստատել նախաքննության արդյունքում հաստատված դեպքերի վարկածը (տե՛ս մասնավորապես վերևում՝ 57-րդ և 93-րդ կետերը), կարելի է հարգելի համարել այն հանգամանքը, որ Դիմումատուն լրջորեն կասկածի տակ է դնում պաշտոնական վարկածը և համարում, որ հնարավոր է, որ քննությունը թաքցրել է ավելի չարագուշակ բացատրությունը, ինչպես օրինակ՝ սպանությունն է (տե՛ս, mutatis mutandis, Բեկերի գործը, § 52, և Հովհաննիսյանի և Նազարյանի գործը, § 134՝ երկուսն էլ վերևում հիշատակված)։

160. Այսպիսով, հանգելով այն հետևության, որ իշխանությունների կողմից իրականացված քննությունն ունեցել է լուրջ թերություններ (տե՛ս վերևում՝ 156-րդ պարբերությունը), Դատարանը չի կարող այդ քննության եզրակացությունները համարել վստահելի կամ Տ. Օհանջանյանի մահվան փաստի վերաբերյալ բացատրությունը՝ համոզիչ և բավարար: Սա նշանակում է, որ չի կարող համարվել, որ իշխանությունները կատարել են դիմումատուի որդու մահվան վերաբերյալ արժանահավատ բացատրություն տրամադրելու պարտավորությունը, որը վրա է հասել այն ժամանակ, երբ նա եղել է իրենց խնամքի տակ (տե՛ս, mutatis mutandis, Բեկերի գործը, § 53, և Մուրադյանի գործը, § 155՝ երկուսն էլ վերևում հիշատակված):

161. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութաիրավական հայեցակետի խախտում։

 

III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ

 

162. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝

 

«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է անհրաժեշտության դեպքում տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»։

 

Ա. Վնասը

 

163. Դիմումատուն պահանջել է 100 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։

164. Կառավարությունը դիմումատուի պահանջը համարել է չափազանցված:

165. Հաշվի առնելով հայտնաբերված խախտումների բնույթը՝ Դատարանը դիմումատուին շնորհում է 50 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում (տե՛ս, mutatis mutandis, վերևում հիշատակված՝ Մուրադյանի գործը, § 167)` գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ, որը պետք է վճարվի դիմումատուի այրիին։

 

Բ. Ծախսերը և ծախքերը

 

166. Դիմումատուն նաև պահանջել է 44 եվրո՝ որպես հատուցում Դատարանում կրած ծախսերի և ծախքերի համար։

167. Կառավարությունն այդ առնչությամբ փաստարկներ չի ներկայացրել։

168. Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ դիմումատուն ունի ծախսերի ու ծախքերի հատուցման իրավունք միայն այնքանով, որքանով ապացուցվել է, որ դրանք իրականում կատարվել են, անհրաժեշտ են եղել, և որ դրանց չափը եղել է ողջամիտ: Սույն գործով հիմնվելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերի և վերոնշյալ չափորոշիչների վրա՝ Դատարանը դիմումատուին շնորհում է 44 եվրո՝ Դատարանում վարույթի ընթացքում փոստային ծառայությունների համար կրած ծախսերի համար՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ, որը պետք է վճարվի դիմումատուի այրիին։

 

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝

 

1. Վճռում է, որ դիմումատուի այրին՝ տկն Գոհար Սարգսյանը, իրավունք ունի դիմումատուի փոխարեն շարունակելու սույն վարույթը.

2. Մերժում է գանգատը գործերի ցուցակից հանելու մասին Կառավարության պահանջը.

3. Որոշում է Կառավարության՝ դիմումատուի բերած բողոքների վաղաժամ բնույթի վերաբերյալ առարկությունը միացնել վերջինիս՝ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի դատավարական հայեցակետի շրջանակներում ներկայացված բողոքի ըստ էության քննությանը և մերժում է այն.

4. Հայտարարում է գանգատն ընդունելի.

5. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի դատավարական հայեցակետի խախտում.

6. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութաիրավական հայեցակետի խախտում.

7. Վճռում է, որ՝

ա) պատասխանող պետությունը վճիռը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան վերջնական դառնալու օրվանից երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.

i) ոչ նյութական վնասի դիմաց՝ 50 000 եվրո (հիսուն հազար եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ.

ii) ծախսերի և ծախքերի դիմաց՝ 44 եվրո (քառասունչորս եվրո)՝ գումարած դիմումատուի այրիից գանձման ենթակա ցանկացած հարկ.

բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.

8. Մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2023 թվականի ապրիլի 25-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։

 

Անդրեա Տամիետտի

Քարտուղար

Գաբրիել Կուչկո-Ստադլմայեր

Նախագահ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան