Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Тип
Исходный акт (01.03.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԱԳՆՊՏ 2005.12.26/7(15)
Принят
Հայաստանի Հանրապետություն
Дата принятия
30.10.2003
Дата подписания
30.10.2003
Дата вступления в силу
01.03.2005

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԻՋԵՎ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը (այսուհետ՝ Կողմեր),

ցանկանալով պահպանել և ամրապնդել իրենց միջև գոյություն ունեցող համերաշխության և համագործակցության ոգին,

որոշելով միջոցներ ձեռնարկել անօրինական միգրացիայի դեմ,

ցանկանալով դյուրացնել առանց թույլտվության գտնվող անձանց հետընդունումը,

նպատակ ունենալով ապահովել վերադարձի ենթակա անձանց՝ միջազգային համաձայնագրերով և ներքին օրենսդրությամբ նախատեսված հիմնարար իրավունքներն ու ազատությունները և հատկապես դատական և իրավասու մարմիններին դիմելու իրավունքը,

ղեկավարվելով հետընդունման ենթակա անձանց գործերը անհատական կարգով քննելու սկզբունքով,

 

համաձայնեցին հետևյալի շուրջ.

 

Հոդված 1. Համաձայնագրում օգտագործված տերմինները

 

Սույն Համաձայնագրի համատեքստում ներքոհիշյալ տերմիններն ունեն հետևյալ նշանակությունը.

«հայցող Կողմ» - Կողմերից մեկը, որը դիմում է մյուս Կողմին` իր պետության տարածքում առանց թույլտվության գտնվող անձի հետընդունման հայցով,

«հայցվող Կողմ» - Կողմերից մեկը, որը հայցող Կողմից ստանում է հայցող Կողմի պետության տարածքում առանց թույլտվության գտնվող անձի հետընդունման վերաբերյալ հայցը,

«առանց թույլտվության գտնվող անձ» - անձ, որը չի կատարում կամ այլևս չի կատարում Կողմերից մեկի պետության տարածք մուտք գործելու կամ բնակվելու իրավական պահանջները,

«երրորդ երկրի քաղաքացի» - ցանկացած անձ, որը չի հանդիսանում Կողմերի պետության քաղաքացի:

 

Հոդված 2. Սեփական քաղաքացիների հետընդունումը

 

1) Յուրաքանչյուր Կողմ, մյուս Կողմի հայցով և առանց ձևականությունների (ոչ նրանք, որոնք նախատեսված են սույն Համաձայնագրում), հետ կընդունի առանց թույլտվության գտնվող որևէ անձի՝ պայմանով, որ հաստատված է կամ կարող են բավարար հիմքեր լինել՝ ենթադրելու, որ նա հայցվող Կողմի քաղաքացի է:

2) Հայցող Կողմի դիմումը ստանալուն պես հայցվող Կողմը պետք է հետընդունման ենթակա անձանց անհապաղ տրամադրի հայրենադարձման համար անհրաժեշտ ճամփորդական փաստաթղթեր:

3) Հայցող Կողմը պետք է նույն պայմաններով հետ ընդունի նման անձին իր տարածք, եթե հետագա ստուգումները բացահայտեն, որ հայցող Կողմի պետության տարածքից մեկնելու պահին նա, փաստորեն, հայցվող Կողմի քաղաքացին չի եղել:

 

Հոդված 3. Երրորդ երկրի քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հետընդունումը

 

1) Յուրաքանչյուր Կողմ, մյուս Կողմի հայցով, պետք է, առանց ձևականությունների (ոչ նրանք, որոնք նախատեսված են սույն Համաձայնագրում), հետ ընդունի իր պետության տարածք որևէ երրորդ երկրի քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի, որը ունի որևէ իրավական կարգավիճակ, որը նրան թույլ է տալիս գտնվելու հայցվող Կողմի պետության տարածքում (օրինակ` կացության կարգավիճակ, փախստականի կարգավիճակ, ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ):

2) Սակայն հայցող Կողմը հետագայում իր պետության տարածք հետ կընդունի 1-ին կետում հիշատակված որևէ երրորդ երկրի քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի, եթե ապացուցվի, որ հայցող Կողմի պետության տարածքից մեկնելու պահին հայցվող Կողմի կողմից նրան չի տրվել այնտեղ գտնվելու թույլտվություն:

 

Հոդված 4. Կացության թուլտվություն

 

Կացության թույլտվությունը, համաձայն 3-րդ հոդվածի, Հավելվածում նշված այն թույլտվությունն է, որը տրվել է Կողմի իրավասու մարմինների կողմից` իր ազգային օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 5. Ժամկետները

 

1) Հայցվող Կողմը պետք է հետընդունման դիմումին պատասխանի անհապաղ և առավելագույնը երեսուն օրվա ընթացքում:

2) Հայցվող Կողմը առանց ձգձգման և առավելագույնը երեսուն օրվա ընթացքում պետք է ստանձնի այն անձի գործը, որի հետընդունման վերաբերյալ համաձայնություն է կայացվել: Հայցող Կողմի ցանկությամբ այս ժամկետը կարող է, ըստ անհրաժեշտության, երկարաձգվել՝ իրավական պահանջները կատարելու կամ գործնական դժվարությունները հաղթահարելու համար: Յուրաքանչյուր Կողմի իրավասու մարմինները գրավոր և նախապես կհամաձայնեցնեն փոխանցման վերջնական օրը:

3) Եթե ապացուցվի, որ երրորդ երկրի քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, Կողմի իմացությամբ, վեց ամսից ավելի անընդմեջ բնակվել է նրա տարածքում, ապա տվյալ Կողմը այլևս չի կարող դիմել հետընդունման համար: Բացառիկ դեպքերում, ինչպիսիք են լուրջ առողջական խնդիրները, իրավական պահանջները կամ էական գործնական դժվարությունները, այս ժամկետը կարող է երկարաձգվել մինչև տասներկու ամիս:

 

Հոդված 6. Տարանցում

 

1) Յուրաքանչյուր Կողմ, մյուս Կողմի խնդրանքով, պետք է թույլ տա երրորդ երկրի քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց տարանցումը (այսուհետ՝ տարանցում), որը կատարվում է իշխանությունների վերահսկողության ներքո, այն պայմանով, որ ընդունումը այլ տարանցման երկրներ և վերջնական նպատակակետ հանդիսացող երկիր երաշխավորված է: Այդ դեպքերում կարիք չկա, որ հայցվող Կողմը տրամադրի տարանցման վիզա:

2) Երրորդ երկրի քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց տարանցումը կարող է մերժվել, եթե բավարար ապացույցներ լինեն՝ ենթադրելու, որ վերջնական նպատակակետ հանդիսացող երկրում կամ որևէ տարանցման երկրում անձը կարող է ենթարկվել անմարդկային վերաբերմունքի կամ մահապատժի, կամ նրա կյանքը, ֆիզիկական գոյությունը կամ ազատությունը վտանգված են՝ ելնելով նրա ազգությունից, կրոնական, ռասայական պատկանելությունից կամ քաղաքական համոզմունքներից:

3) Տարանցումը կարող է մերժվել նաև, եթե անձը կարող է հայցվող Կողմի պետության տարածքում, տարանցման երկրում կամ վերջնական նպատակակետ հանդիսացող երկրում ենթարկվել քրեական հետապնդման, կամ նրա նկատմամբ դատավճիռը կարող է ի կատար ածվել:

4) Տարանցման մասին դիմումը և նրա պատասխանը գրավոր ուղարկելու գործընթացները կիրականացվեն անմիջականորեն սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածի 1-ին կետում նշված պատասխանատու մարմինների միջև: Դիմումի ձևը և բովանդակությունը ներկայացված են Հավելվածում:

5) Եթե հայցվող Կողմը մերժում է տարանցման դիմումը, որովհետև 1-ից 3-րդ կետերում նշված պայմանները չեն պահպանվել, ապա նա պետք է գրավոր տեղեկացնի հայցող Կողմին իր որոշման հիմքերի մասին: Եթե նույնիսկ հայցող Կողմին տրվել են նախնական երաշխիքներ՝ տարանցման նպատակով ընդունված ցանկացած անձ կարող է հետ վերադարձվել, եթե հետագայում պարզվի, որ 1-ին կետում նշված պայմանները չեն պահպանվել, կամ որ 3-րդ հոդվածը չի կիրառվել: Այդ դեպքում հայցող Կողմը պետք է հետ ընդունի տվյալ անձին:

 

Հոդված 7. Տվյալների պաշտպանումը

 

1) Եթե սույն Համաձայնագրի իրագործման համար հաղորդվում են անձնական տվյալներ, ապա դրանք պետք է հավաքվեն, օգտագործվեն և պաշտպանվեն՝ համաձայն ազգային և միջազգային իրավունքի: Մասնավորապես, պետք է գործեն հետևյալ սկզբունքները.

ա. ստացող Կողմը պետք է այդ տվյալներն օգտագործի միայն սույն Համաձայնագրում նշված նպատակի համար և հաղորդող Կողմի սահմանած պայմաններով,

բ. պահանջի դեպքում ստացող Կողմը պետք է տեղեկացնի հաղորդող Կողմին, թե ինչպես են օգտագործվելու տվյալները,

գ. անձնական տվյալները կարող են հաղորդվել և օգտագործվել միայն իրավասու մարմինների կողմից, որոնք պատասխանատու են սույն Համաձայնագրի իրականացման համար: Այլ մարմիններին տվյալները հետագայում հաղորդվելուց առաջ հաղորդող Կողմը պետք է տա գրավոր համաձայնություն: Հաղորդող Կողմի գրավոր համաձայնության դեպքում միայն այդ տվյալները կարող են հաղորդվել այլ մարմինների,

դ. տվյալներ հաղորդող Կողմը պետք է ապահովի դրանց ճշտությունը, հիմնավորի անհրաժեշտությունը և հավաստիանա, որ չեն տրամադրվում տվյալներ, որոնք պահանջվածից ավելին են: Հաղորդող Կողմը պետք է պահպանի իր օրենքով նախատեսված տվյալների հաղորդմանը վերաբերող որևէ սահմանափակում: Եթե տվյալները ճշգրիտ չեն կամ հաղորդվել են անօրինական ճանապարհով, ստացող Կողմը պետք է անհապաղ տեղեկացվի այդ մասին և պետք է ճշտի կամ ոչնչացնի այդ տվյալները,

ե. անձանց պահանջով՝ նրան պետք է տեղեկացնեն իրենց վերաբերյալ հաղորդվող ցանկացած տվյալի հաղորդման մասին, ինչպես նաև տվյալների հաղորդման նպատակի մասին՝ այն Կողմի ազգային օրենսդրությանը համապատասխան, որից տեղեկություն է պահանջվում,

զ. հաղորդվող անձնական տվյալները պետք է պահպանվեն միայն այնքան ժամանակ, քանի դեռ ծառայում են այն նպատակներին, որոնց համար հաղորդվել են,

է. յուրաքանչյուր Կողմ պետք է պաշտպանի հաղորդած անձնական տվյալները չթույլատրված օգտագործումից, փոփոխումից կամ հրապարակումից:

2) Անձանց հետընդունման հետ կապված հաղորդվող անձնական տվյալները կարող են ներառել միայն հետևյալը.

ա. տվյալներ փոխադրման ենթակա անձի մասին և, անհրաժեշտության դեպքում, անձի ընտանիքի անդամների մասին (անուն, ազգանուն, նախկին որևէ անուն, ծածկանուն կամ կեղծանուն, այլ անուններ, ծննդյան ամսաթիվը և վայրը, սեռը, ներկա և որևէ նախկին քաղաքացիությունը),

բ. անձը հաստատող փաստաթուղթ, անձնագիր, անձը հաստատող այլ փաստաթուղթ, ճամփորդական փաստաթուղթ և Laissez-passer (անցագիր) (համարը, վավերականության ժամկետը, տալու ամսաթիվը, տրամադրող մարմինը, տալու վայրը և այլն),

գ. այլ մանրամասներ, ինչպիսիք են մատնահետքերը և լուսանկարները, որոնք անհրաժեշտ են փոխադրման ենթակա անձի ինքնությունը հաստատելու կամ ստուգելու համար՝ արդյոք պահպանվա՞ծ են սույն Համաձայնագրով նախատեսված հետընդունման պայմանները,

դ. կանգառի վայրերը և երթուղիները:

 

Հոդված 8. Ծախսերը

 

Հայցող Կողմը հոգում է մինչև հայցվող Կողմի կամ նպատակակետ հանդիսացող երկրի սահմանը հետընդունման կամ տարանցման, ինչպես նաև սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի 3-րդ կետում և 3-րդ հոդվածի 2-րդ կետում նշված անձանց վերադարձնելու հետ կապված բոլոր տրանսպորտային ծախսերը:

 

Հոդված 9. Իրականացման հետ կապված դրույթներ

 

1) Սույն Համաձայնագրի 14-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված ծանուցման ժամանակ Կողմերը պետք է հաղորդեն միմյանց սույն Համաձայնագրի իրականացման համար պատասխանատու մարմնի մասին, դրա հասցեն և տրամադրեն մուտքի և ելքի այն կետերի ցանկը, որոնցով իրականացվելու է հետընդունումն ու տարանցումը:

2) Կողմերը անհապաղ միմյանց կծանուցեն մարմնի, նրա հասցեի, ինչպես նաև մուտքի և ելքի կետերի փոփոխության մասին:

3) Սույն Համաձայնագրի իրականացման գործընթացները, որոնք, մասնավորապես, վերաբերում են.

ա. տեղեկատվության փոխանակման և հետընդունման կազմակերպմանը,

բ. հետընդուման կազմակերպման համար պահանջվող փաստաթղթերին և տեղեկություններին,

գ. սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածին համապատասխան՝ ծախսերի վճարման եղանակներին,

նշված են սույն Համաձայնագրի բաղկացուցիչ մաս կազմող Հավելվածում:

4) Հավելվածում կատարված փոփոխությունները պետք է գրավոր համաձայնեցվեն Կողմերի կողմից:

 

Հոդված 10. Արդյունավետ համագործակցության սկզբունքները

 

1) Երկու Կողմերը պետք է աջակցեն միմյանց սույն Համաձայնագիրն իրականացնելու և մեկնաբանելու հարցում: Նրանք պետք է կանոնավոր տեղեկացնեն միմյանց ներգաղթի պահանջների մասին: Սույն Համաձայնագրի մեկնաբանման, կիրառման կամ իրականացման հետ կապված ցանկացած վեճ պետք է լուծվի Կողմերի իրավասու մարմինների միջև՝ համատեղ խորհրդակցությունների, բանավոր կամ գրավոր ձևով կարծիքների փոխանակման միջոցով:

2) Գործընթացները դյուրացնելու նպատակով Կողմերը կօժանդակեն միմյանց վերադարձվող անձանց քաղաքացիությունը պարզելու գործում:

3) Յուրաքանչյուր Կողմ կարող է պահանջել, որ երկու Կողմերի փորձագետները հանդիպեն՝ սույն Համաձայնագրի կիրառման կամ իրականացման հետ կապված որևէ խնդիր կարգավորելու համար:

 

Հոդված 11. Այլ պարտավորություններ

 

Սույն Համաձայնագիրը չի ազդի Կողմերի միջազգային համաձայնագրերից բխող պարտավորությունների վրա. մասնավորապես, այն պարտավորությունների վրա, որոնք բխում են.

ա) մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պայմանագրերից, մասնավորապես, 1966թ. դեկտեմբերի 16-ի՝ «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային համաձայնագրից և 1950թ. նոյեմբերի 4-ի՝ «Մարդու իրավունքների մասին» եվրոպական կոնվենցիայից և դրա Արձանագրություններից, որոնք ուժի մեջ են երկու Կողմերի համար,

բ) 1951թ. հուլիսի 28-ի՝ Փախստականների իրավական կարգավիճակի վերաբերյալ կոնվենցիայից և նրա՝ 1967թ. հունվարի 31-ի արձանագրությունից,

գ) հանձնման մասին միջազգային համաձայնագրերից:

 

Հոդված 12. Կասեցումը

 

Յուրաքանչյուր Կողմ ամբողջությամբ կամ մասամբ կարող է կասեցնել սույն Համաձայնագրի դրույթները՝ հասարակական կարգի և առողջապահության կամ անվտանգության նկատառումներից ելնելով: Կասեցման մասին պետք է անմիջապես գրավոր ծանուցում ուղարկվի մյուս Կողմին:

 

Հոդված 13. Կիրառումը

 

Սույն Համաձայնագիրը կիրառվում է նաև Լիխտենշտեյնի իշխանության տարածքում և վերաբերում է Լիխտենշտեյնի իշխանության քաղաքացիներին:

 

Հոդված 14. Ուժի մեջ մտնելը, տևողությունը և դադարեցումը

 

1) Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով:

2) Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար Կողմերի համապատասխան պահանջների ավարտի մասին միմյանց գրավոր ծանուցելու օրվանից հետո՝ երկրորդ ամսվա առաջին օրը:

3) Յուրաքանչյուր Կողմ կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը ցանկացած պահի` գրավոր ծանուցելով մյուս Կողմին:

Այդ դեպքում Համաձայնագիրը կդադարի գործել այդ ծանուցումը ստանալու օրվանից երեսուն օր հետո:

 

Կատարված է Բեռն քաղաքում 2003 թվականի հոկտեմբերի 30-ին, երկու բնօրինակով, հայերեն, գերմաներեն և անգլերեն, բոլոր տեքստերը հավասարազոր են: Սույն Համաձայնագրի մեկնաբանման ժամանակ տարաձայնության դեպքում կգերակայի անգլերեն տեքստը:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 

1. Համաձայնագրի 2-րդ հոդվածի վերաբերյալ

1.1. Քաղաքացիությունը կարող է ապացուցվել, եթե ներկայացվում է՝

- անձը հաստատող վավերական փաստաթուղթ,

- վավերական անձնագիր կամ անձնագրին փոխարինող փաստաթուղթ (օրինակ՝ անցագիր /laissez-passer/, վերադարձի վկայական):

 

Եթե այդ փաստաթղթերը ներկայացված են, հայցվող Կողմի մարմինները ճանաչում են անձի քաղաքացիությունը, և հետագա քննության կարիք չի առաջանա:

 

1.2. Քաղաքացիության մասին ենթադրության համար, մասնավորապես, հիմք կարող են ծառայել (պատճենները նույնպես ընդունելի են)՝

- վերոհիշյալ 1.1-րդ ենթակետում թվարկված որևէ փաստաթուղթ, որի վավերականության ժամկետն անցել է,

- անձը հաստատող փաստաթղթերը, որոնք ապացուցում են, որ անձը ծառայել է շվեյցարական կամ հայկական բանակում,

- վարորդական իրավունքները,

- ծննդյան վկայականները,

- նավաստիների գրանցամատյանները,

- վկաների ցուցմունքները,

- համապատասխան անձի կողմից ներկայացված՝ իրեն վերաբերող մանրամասները,

- լեզուն, որով խոսում է համապատասխան անձը (օրինակ` լեզվաբանական փորձաքննություն),

- անձի մատնահետքերի համեմատությունը մյուս Կողմի համապատասխան փաստաթղթերում գրանցված մատնահետքերի հետ:

 

Այդ դեպքում քաղաքացիությունը համարվում է հաստատված, եթե հայցվող Կողմը հաստատում է այն:

 

1.3. Եթե հայցող Կողմը համարում է, որ համապատասխան անձն իրականում ունի համապատասխան քաղաքացիություն (տե'ս սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի 3-րդ կետը), նա պետք է հայցվող Կողմին ուղարկի անձի մասին հետևյալ գրավոր տեղեկությունները.

ա) անունը և ազգանունը, կանանց համար՝ օրիորդական ազգանունը, եթե այդպիսին կա,

բ) ծննդյան ամսաթիվը և վայրը,

գ) անձի հայրենիքում նրա վերջին հայտնի հասցեն,

դ) անձի անձնագրի կամ այլ ճամփորդական փաստաղթղթի տեսակը, համարը, վավերականության ժամկետը, ինչպես նաև տրամադրող մարմինների մասին մանրամասները և ճամփորդական փաստաթղթի պատճենը:

 

Պատասխանը պետք է անմիջապես գրավոր ուղարկվի հայցող Կողմին:

 

1.4. Եթե անձն ունի բժշկական օգնության կարիք, հայցող Կողմը պետք է նաև ներկայացնի անձի առողջական վիճակի նկարագիրը (ներառյալ` որևէ բժշկական վկայականի պատճենը, և, եթե կա հատուկ խնամքի կարիք, տեղեկատվություն այդ մասին, ինչպես, օրինակ, բժշկական կամ այլ օգնություն, հսկողություն կամ շտապ օգնությամբ տեղափոխում):

 

2. Համաձայնագրի 3-րդ, 4-րդ և 5-րդ հոդվածների վերաբերյալ

 

2.1. Հետընդունման ցանկացած դիմում, սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածին համապատասխան (երրորդ երկրի քաղաքացիներ և քաղաքացիություն չունեցող անձինք), պետք է պարունակի համապատասխան անձի մասին հետևյալ տեղեկությունները.

ա) անունը և ազգանունը, կանանց համար՝ օրիորդական ազգանունը, եթե այդպիսին կա,

բ) ծննդյան ամսաթիվը և վայրը,

գ) քաղաքացիությունը,

դ) հայցվող Կողմում վերջին հայտնի հասցեն,

ե) անձնագրի կամ այլ ճամփորդական փաստաղթղթի տեսակը, համարը, վավերականության ժամկետը, ինչպես նաև դրանք տրամադրած մարմինների մասին մանրամասները և ճամփորդական փաստաթղթի պատճենը,

զ) Հայցող Կողմի պետության տարածքում առանց թույլտվության գտնվելու փաստի բացահայտման օրը:

 

2.2. Գտնվելու թույլտվությունը կարող է հաստատվել հետևյալ փաստաթղթերի միջոցով.

ա) Հայաստանի Հանրապետության տարածքում՝

- փախստականի վկայական,

- փախստականի ճամփորդական փաստաթուղթ,

- ժամանակավոր ապաստանի վկայական,

- կացության քարտ:

 

բ) Շվեյցարիայի տարածքում՝

- բնակություն արտոնող C թույլտվություն, որը տրվում է կանտոնային իշխանության կողմից,

-  փախստականի անձնագիր՝ 1951թ. հուլիսի 28-ի՝ Փախստականների իրավական կարգավիճակի վերաբերյալ կոնվենցիայի համատեքստի շրջանակում (ճամփորդական փաստաթուղթ՝ ըստ կոնվենցիայի),

- անձնագիր օտարերկրացիների համար:

 

2.3. Սույն Հավելվածի 1.2-րդ ենթակետը նմանապես վերաբերում է օրինական գտնվելու վերաբերյալ ենթադրությանը: Այդ դեպքում անձը կարող է հետ ընդունվել միայն այն դեպքում, եթե հայցվող Կողմը պարզորոշ կերպով տալիս է իր համաձայնությունը: Հայցվող Կողմը պետք է դիմումին պատասխանի 30 օրվա ընթացքում:

2.4. 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նախատեսված ժամկետները առավելագույն ժամկետներն են: Ժամկետը սկսվում է հետընդունման դիմումը հայցվող Կողմին ներկայացնելու պահից:

 

3. Համաձայնագրի 6-րդ հոդվածի վերաբերյալ

 

3.1. Տարանցման մասին դիմումը պետք է պարունակի համապատասխան անձի մասին հետևյալ տեղեկությունները.

ա) անունը, ազգանունը, կանանց համար՝ օրիորդական ազգանունը, եթե այդպիսին կա,

բ) ծննդյան ամսաթիվը և վայրը,

գ) քաղաքացիությունը,

դ) վերջնակետ հանդիսացող երկրում վերջին հայտնի հասցեն,

ե) անձնագրի կամ այլ ճամփորդական փաստաղթղթի տեսակը, համարը, վավերականության ժամկետը, ինչպես նաև դրանք տրամադրած մարմինների մասին մանրամասները և ճամփորդական փաստաթղթի պատճենը:

 

3.2 Տարանցման մասին դիմումը պետք է նշի, թե արդյոք անձը կարիք ունի՞ անվտանգության հատուկ միջոցների, բժշկական կամ այլ օգնության:

 

3.3 Տարանցման մասին դիմումը պետք է ներկայացվի գրավոր: Հայցվող Կողմը պետք է պատասխանի գրավոր՝ դիմումը ստանալուց հետո տասը աշխատանքային օրվա ընթացքում:

 

3.4 Եթե հայցվող Կողմը ընդունում է դիմումը, ապա տարանցումը պետք է իրականացվի պատասխանելու օրվանից հետո 30 օրվա ընթացքում:

 

3.5 Հանձնման-ընդունման կամ տարանցման ճշգրիտ ժամանակը և մեթոդը (չվերթի համարը, մեկնման և ժամանման ժամը, ուղեկցող անձանց մասին տվյալները) պետք է որոշվեն անմիջականորեն Կողմերի իրավասու մարմինների միջև: Տարանցման դեպքում միաժամանակ կարող է փոխադրվել առավելագույնը 20 մարդ:

 

4. Համաձայնագրի 8-րդ հոդվածի վերաբերյալ

 

Սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածին համապատասխան այն ծախսերը, որոնք չեն կարող ծածկվել անմիջապես հայցող Կողմի կողմից, 30 օրվա ընթացքում կփոխանցվեն հայցվող Կողմի իրավասու մարմնի բանկային հաշվին` հաշիվ-ֆակտուրան ստանալուց հետո:

 

5. Համաձայնագրի 10-րդ հոդվածի վերաբերյալ

 

5.1. Եթե ներկայացված ապացույցների և փաստաթղթերի հիման վրա քաղաքացիությունը չի կարող ապացուցվել և քաղաքացիության մասին հնարավոր չէ ենթադրություններ անել, ապա Կողմի դիվանագիտական կամ հյուպատոսական առաքելությունը, մյուս Կողմի դիմումի համաձայն, պետք է տվյալ անձանց հետ կազմակերպի հարցազրույց՝ նրանց քաղաքացիությունը որոշելու նպատակով:

 

5.2. Մյուս Կողմի խնդրանքով՝ հայցվող Կողմը կնշանակի փորձագետներ՝ այդ անձանց քաղաքացիությունը որոշելու նպատակով:

 

5.3. Քաղաքացիության որոշման հետ կապված ծախսերը կհոգա հայցող Կողմը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 01.03.2005թ.