Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
23 ապրիլի 2014 թվականի N 16
1. 2013 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2013 թվականի ընթացքում բարեգործական ծրագրերի կատարման ընթացքի մասին հաղորդումը` համաձայն N 1 հավելվածի, և տեղեկանքները` համաձայն NN 2, 3, 4 և 5 հավելվածների:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին սահմանել վերահսկողություն համապատասխան կազմակերպություններում և համայնքներում մարդասիրական օգնության ու բարեգործական ծրագրերի շրջանակներում ստացված ապրանքների և մատուցված ծառայությունների ստացման, հաշվառման ու նպատակային օգտագործման նկատմամբ:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. ապրիլի 26 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2014 թ. ապրիլի 23-ի նիստի N 16 արձանագրային որոշման |
Հ Ա Ղ Ո Ր Դ ՈՒ Մ
Բարեգործական ծրագրերի շրջանակներում 2013 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների մասին
Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից որակված ծրագրերի շրջանակներում 2013 թվականի ընթացքում հանրապետությունում բարեգործական և մարդասիրական օգնության ծրագրեր են իրականացրել միջազգային և հանրապետական 129 կազմակերպություն: Դրանցից 55 կազմակերպություն իրականացրել են երկարաժամկետ ծրագրեր՝ կապված ինչպես աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման, այնպես էլ՝ բարեգործական բեռների ներմուծման ու բաշխման հետ, իսկ 74 կազմակերպություն իրականացրել են կարճաժամկետ ծրագրեր՝ կապված միայն բարեգործական բեռների ներմուծման և բաշխման հետ:
Մեծածավալ ծրագրեր են իրականացնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` 5.1 մլրդ դրամ, «Արմենիա Լայթհաուս» բարեգործական հիմնադրամը՝ շուրջ 4.76 մլրդ դրամ, «Տաշիր» բարեգործական հիմնադրամը՝ 2.16 մլրդ դրամ, «Յանգ Լայֆ» կազմակերպության Հայաստանի մասնաճյուղը՝ շուրջ 2 մլրդ դրամ, «Սիմոնյան» կրթական հիմնադրամը՝ 1.98 մլրդ դրամ, «Այբ» կրթական հիմնադրամը՝ 1.95 մլրդ դրամ, «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամը՝ 1.34 մլրդ դրամ, «Արագիլ» հիմնադրամը՝ 1.2 մլրդ դրամ և այլ կազմակերպություններ:
Սույն տեղեկանքում ընդգրկված են ամփոփ տեղեկություններ միայն այն ծրագրերի վերաբերյալ, որոնք համապատասխան որակում են ստացել Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից:
Բարեգործական բեռների ներմուծում և բաշխում
2013 թվականի ընթացքում հանձնաժողովի կողմից որակված բարեգործական ծրագրերի շրջանակներում 48 երկրից հանրապետություն են ներմուծվել 23.61 մլրդ դրամ մաքսային արժեքով բեռներ՝ 118 կազմակերպության հասցեով, այդ թվում՝ երկարաժամկետ ծրագրեր իրականացնող կազմակերպությունների հասցեով՝ 9.25 մլրդ դրամ արժեքով, կարճաժամկետ ծրագրեր իրականացնող կազմակերպությունների հասցեով՝ 14.36 մլրդ դրամ արժեքով (այդ թվում ՀՀ առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի 8.62 մլրդ դրամ մաքսային արժեքով դեղորայք, բժշկական պարագաներ և սարքավորումներ): 2012 թվականի համեմատությամբ 2013 թվականին ներմուծված բեռների մաքսային արժեքը աճել է 251 մլն դրամի չափով:
Հարկ է նշել, որ ներմուծվող դեղորայքը, բժշկական սարքավորումները և պարագաները «Մարդասիրական օգնության, բարեգործության և տեխնիկական օգնության կարգով ստացվող դեղերը, բժշկական նշանակության առարկաներն ու բժշկական սարքավորումները վերագնահատող» աշխատանքային խմբի կողմից հետագայում ենթակա են վերագնահատման, հետևաբար վերոհիշյալ գումարային արտահայտությունները պետք է ընդունել որպես կողմնորոշիչ կամ տեղեկատվական բնույթի:
Ըստ ներմուծող կազմակերպությունների տեղեկություններն ամփոփված են հավելված 2-ում, ըստ առաքման երկրի՝ հավելված 3-ում, ըստ ապրանքային խմբերի՝ հավելված 4‑ում:
Ըստ մաքսային արժեքի՝ ներմուծված բեռների 63.9 %-ը առողջապահության բնագավառի ապրանքներ են, այդ թվում՝ դեղորայք՝ 11.54 մլրդ դրամ մաքսային արժեքով, բժշկական սարքավորումներ և պարագաներ՝ 3.55 մլրդ դրամ մաքսային արժեքով:
Բեռների 44.4 %-ը ներմուծվել է ԱՄՆ-ից, 16.7 %-ը՝ Շվեյցարիայից, 6.8 %-ը՝ Գերմանիայից, 4.9 %-ը՝ Չինաստանից, և 4.4 %-ը՝ Արաբական Միացյալ Էմիրություններից:
Ընդհանուր առմամբ, ըստ մաքսային արժեքի, բեռների 43.57 %-ը ներմուծվել է նախարարությունների, գերատեսչությունների և պետական ու համայնքային այլ կազմակերպությունների հասցեով:
Աշխատանքների կատարում և ծառայությունների մատուցում
2013 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից բարեգործական որակում է տրվել 55 կազմակերպության կողմից իրականացվող՝ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման ծրագրերի, որոնց գումարային արժեքը կազմում է շուրջ 36,579.22 մլն դրամ (հավելված 5):
2012 թվականի համեմատությամբ 2013 թվականին հաստատված երկարաժամկետ ծրագրերի գումարային արժեքն աճել է 15.36 մլրդ դրամով:
Ըստ բնագավառների աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը ունի հետևյալ պատկերը՝
սոցիալական |
13,332.20 |
36.4 % |
առողջապահություն |
6,974.01 |
19.1 % |
հոգևոր |
6,233.81 |
17.0 % |
կրթություն և գիտություն |
2,617.65 |
7.2 % |
գյուղատնտեսություն |
1,364.58 |
3.7 % |
քաղաքաշինություն |
1,220.71 |
3.3 % |
դրամաշնորհ |
1,025.84 |
2.8 % |
համայնքային զարգացում |
889.16 |
2.4 % |
մշակույթ |
737.16 |
2.0 % |
կադաստր |
718.73 |
2.0 % |
ջրամատակարարում |
488.49 |
1.3 % |
բնապահպանություն |
270.88 |
0.7 % |
աղետների կառավարում |
197.93 |
0.5 % |
ճանապարհաշինություն |
195.10 |
0.5 % |
քարոզչական («Հայաստան» համահայկական հիմնադրամ՝ հեռուստամարաթոն) |
124.00 |
0.3 % |
սպորտ |
101.85 |
0.3 % |
բնակարանաշինություն |
87.11 |
0.2 % |
Հարկ է նշել, որ ծրագրերի գումարային արժեքները նշված են ըստ կազմակերպությունների ներկայացրած հայտերի և ամփոփ տեղեկությունների, ուստի դրանք պետք է ընդունել որպես կողմնորոշիչ կամ տեղեկատվական բնույթի արժեքներ: Ընդ որում՝ նշված ծրագրերի մի մասը շարունակական է` մինչև 2018 թվականը:
Ընդհանուր առմամբ, 2013 թվականի ընթացքում հաստատված 243 երկարաժամկետ ծրագրերից 104-ը վերաբերվում են շինարարական աշխատանքների իրականացմանը (կառուցում, վերակառուցում և վերանորոգում): Այդ թվում` վերակառուցվել և վերանորոգվել է 42 ջրագիծ, 12 բնակարան, 18 դպրոց, 9 մանկապարտեզ, 9 բուժհաստատություն և 3 մանկան տուն:
Կազմակերպական հարցեր
Հանձնաժողովը հանդիպումներ է կազմակերպել հանրապետությունում գործող և բարեգործական ծրագրեր իրականացնող տեղական ու միջազգային կազմակերպությունների հետ: Անց են կացվել հանդիպումներ, քննարկվել են մարդասիրական օգնության ծրագրերից աստիճանաբար զարգացման ծրագրերի անցնելու հետ կապված հարցերը: Հարցադրումները հավանության են արժանացել:
Բազմաթիվ այցելություններ են կատարվել իրականացման վայրերում ծրագրերի ընթացքին ծանոթանալու, արդյունավետությունը գնահատելու և սահմանված նպատակներից շեղումներ թույլ չտալու նպատակով:
2013 թվականի ընթացքում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 16 նիստ, ընդունվել է 1,311 որոշում:
Բոլոր հարցերի վերաբերյալ հանձնաժողովի որոշումներն ընդունվել են բացառապես շահագրգիռ նախարարությունների եզրակացությունների հիման վրա: