Գլխավոր տեղեկություն
Номер
N 15
Տիպ
Քաղվածք
Тип
Исходный акт (17.04.2015-01.01.2022)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
09.04.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.04.2015
Дата вступления в силу
17.04.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

9 ապրիլի 2015 թվականի N 15

 

9. ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ԱՆՎՃԱՐ ՀԱՄԱԿԱՐԳԻՉ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ` «ՄԵԿ ԵՐԵԽԱ-ՄԵԿ ՀԱՄԱԿԱՐԳԻՉ» ՓՈՒԼԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ՓՈՐՁՆԱԿԱՆ ՓՈՒԼԻ ՆԿԱՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

1. Հավանություն տալ առաջին դասարանի աշակերտներին անվճար համակարգիչ տրամադրելու` «Մեկ երեխա-մեկ համակարգիչ» փուլային ծրագրին (այսուհետ` ծրագիր) և փորձնական փուլի նկարագրին՝ համաձայն հավելվածի:

2. Ընդունել ի գիտություն, որ՝

1) ծրագրի փորձնական փուլի ֆինանսավորումն իրականացվելու է Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի միջոցներով.

2) ծրագրի շրջանակներում՝ տեղական արտադրությունը խթանելու նպատակով աշակերտներին անհատույց տրամադրվելու են «Արմթաբ» պլանշետներ, որոնք ձեռք են բերվելու «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ մեկ աղբյուրից գնման եղանակով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. ապրիլի 17

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

ապրիլի 9-ի նիստի N 15
արձանագրային որոշման

 

ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ԱՆՎՃԱՐ ՀԱՄԱԿԱՐԳԻՉ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ` «ՄԵԿ ԵՐԵԽԱ-ՄԵԿ ՀԱՄԱԿԱՐԳԻՉ» ՓՈՒԼԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՓՈՐՁՆԱԿԱՆ ՓՈՒԼԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

 1.Քսաներորդ դարի վերջում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (այսուհետև՝ ՏՀՏ) սրընթաց զարգացումն ամբողջ աշխարհում նոր պահանջներ դրեց կրթական համակարգերի առջև: Արդի համաշխարհային զարգացումները, տնտեսության աճող բազմաձևությունը և ՏՀՏ-ի կտրուկ առաջընթացը պահանջում են մարդկային հմտությունների և գիտելիքների շարունակական նորացում և հանգեցնում կրթական գործընթացի հանդեպ նախկին մոտեցումների և ընկալումների փոփոխության՝ ներառելով ինչպես մասնագիտական կրթական համակարգը, այնպես էլ հանրակրթական դպրոցը:

2. Ներկայումս ՏՀՏ-ը դարձել են արդիական կրթության հրամայական և ուսուցման նոր գործիք: Ժամանակակից կրթական համակարգերում ՏՀՏ-ը անչափ գործունակ միջոց են, որոնք օգնում են աշակերտներին խորացնել ուսուցանվող նյութի իմացությունը, հասնել դպրոցական առարկաների ավելի ընդգրկուն ընկալման, ստանալ ավելի բազմազան և շատ դեպքերում անձնական պահանջմունքներին ավելի համապատասխան տեղեկատվություն, կիրառել ժամանակակից ինքնագնահատման և ինտերակտիվ ուսուցման մեթոդներ: ՏՀՏ-ը հնարավորություն են ընձեռում մուտք գործել մի հրապուրիչ ուսուցողական միջավայր, որտեղ հասանելի են գրեթե անսահմանափակ քանակությամբ նյութեր ու տեղեկություններ, ինչպես նաև գիտելիքի ձեռքբերման նպատակով ընդլայնել ուսումնական ծրագրերի ու դասագրքերի շրջանակները: ՏՀՏ-ի ներդրումը ուսումնական գործընթացում թույլ է տալիս փոփոխել հին մոտեցումները, առաջադրել և իրագործել բոլորովին այլ՝ որակապես նոր խնդիրներ: Դրա վառ օրինակ են բնագիտական առարկաների վիրտուալ լաբորատորիաները, որոնք թույլ են տալիս համակարգչով կատարել հետաքրքիր փորձեր և կառուցել բնական երևույթների այնպիսի մոդելներ, որոնք ուսումնական միջավայրում իրականացնելն անհնար է: Ուստի ՏՀՏ-ի կիրառությունն ուսումնական գործընթացում նպաստում է կրթության որակի, մատչելիության և արդիականության բարձրացմանը:

3. ՏՀՏ ոլորտը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ճանաչված է որպես տնտեսության զարգացման առաջնային ոլորտ և հանդիսանում է Հայաստանի տնտեսության ամենաարագ զարգացող ու խոստումնալից ճյուղերից մեկը: Բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի ավանդական առաջատար դիրքը, բարձրակարգ մասնագետներն ու հայկական ձեռնարկատիրական ոգին ստեղծում են ոլորտի հետագա զարգացման լուրջ հեռանկարներ:

4. ՏՀՏ ոլորտի հիմնական ցուցանիշներն են՝

1) ոլորտում ակտիվ աշխատում են ավելի քան 360 ընկերություններ,

2) ոլորտում ներգրավված է մոտ 9354 մասնագետ,

3) ոլորտի ընդհանուր շրջանառությունը կազմում է շուրջ 320.9 մլն ԱՄՆ դոլար,

4) 2008-2012թթ. ընթացքում ոլորտում գրանցվել է 22.8% միջին տարեկան աճ:

 

II. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

5. Հայաստանի Հանրապետությունը, ՏՀՏ ոլորտը հայտարարելով որպես տնտեսության զարգացման գերակա ճյուղ, կարիք ունի շարունակաբար ապահովել այն անհրաժեշտ մասնագիտական ներուժով: ՏՀՏ մասնագետների պատրաստումը և ընդհանրապես բնակչության ՏՀՏ կրթվածության մակարդակի բարձրացումն անհրաժեշտ է սկսել միջնակարգ կրթությունից: Ուստի անհրաժեշտ է ստեղծել կայուն և շարունակական մեխանիզմներ, որոնք կապահովեն հանրակրթության ոլորտում ՏՀՏ-ի պարբերական ներդրումն ու վերազինումը, ինչպես նաև ՏՀՏ կրթության զարգացումը:

6. Հանրակրթության ոլորտում ՏՀՏ-ի համակարգային ներդրման համակարգված գործընթացը սկսվել է 2004 թվականից:

7. Ինստիտուցիոնալ տեսանկյունից կարևորագույն նշանակություն ունեցավ 2004 թվականին ՀՀ հանրակրթության ոլորտում ՏՀՏ ծրագրերը համակարգող պետական կառույցի` «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի ստեղծումը, ինչը թույլ տվեց հանրակրթության ոլորտում ՏՀՏ-ի ներդրման գործողությունները դարձնել առավել ուղղորդված և արդյունավետ:

8. 2004 թվականին մշակվել է «Հանրակրթության համակարգում ՏՀՏ-ի ներդրման ռազմավարությունը»: Վերջինս ուղղված էր ուսումնական գործընթացում ՏՀՏ-ի կիրառումն համակողմանիորեն զարգացնելուն և ներառում էր հետևյալ հիմնական ուղղությունները՝

1) դպրոցների համալրում համակարգչային սարքավորումներով,

2) դպրոցների փոխկապակցում ինտերնետին,

3) ուսուցիչների վերապատրաստում՝ ՏՀՏ գրագիտության և ուսումնական գործընթացում ՏՀՏ-ի կիրառման ուղղությամբ,

4) էլեկտրոնային բովանդակության՝ ներառյալ կրթական պորտալի, ստեղծում:

9. Նշված բոլոր ուղղություններով իրականացվել են մեծածավալ աշխատանքներ, որոնք ֆինանսավորվել են հիմնականում «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային ծրագրերի և ՀՀ պետական բյուջեի միջոցներով, ինչպես նաև որոշ միջազգային կազմակերպությունների ու հովանավորների աջակցությամբ:

10. Ընդհանուր առմամբ, ամփոփելով մինչ օրս իրականացված աշխատանքները, անհրաժեշտ է առանձնացնել հետևյալ ձեռքբերումները.

1) 2013-2014թթ. ուսումնական տարվա վիճակագրական տվյալներով համակարգիչ/ աշակերտ հարաբերության միջին հանրապետական ցուցանիշը ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների համար կազմել է 1/19.4 (http://stat.armedu.am/?section=specific&year=2013)՝ 2004 թվականի 1/148.6-ի համեմատ: Ընդ որում մեկ դպրոցի հաշվով համակարգիչների միջին թիվը կազմել է 13, իսկ համակարգիչների ընդհանուր թիվը` 18618:

2) Ներկայումս Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ դպրոցներ) 99.2% միացած են ինտերնետին, իսկ 99.6%-ը միացած են Հայաստանի կրթական ցանցին: Ընդ որում Հայաստանի կրթական ցանցում ընդգրկված են բոլոր պետական դպրոցները: Ինտերնետին միացած բոլոր դպրոցներն ապահովված են առնվազն 2մբ/վրկ արագությամբ ինտերնետային կապով:

3) Ստեղծվել և արդյունավետ գործում է www.armedu.am «Հայկական կրթական միջավայր» պորտալը:

4) Մշակվել և դպրոցներին են տրամադրվել բազմազան էլեկտրոնային ռեսուրսներ: Մասնավորապես թվայնացվել են միջին դպրոցի հիմնական առարկաների գրեթե բոլոր դասագրքերը: Մշակվել են մի շարք առարկաների՝ հայոց լեզու, հանրահաշիվ, երկրաչափություն, ռուսերեն, անգլերեն, քիմիա, կենսաբանություն և այլն, ինտերակտիվ էլեկտրոնային ծրագրային համակարգերը:

5) ՏՀՏ-ի ներդրմանը զուգահեռ ընթացել են տարբեր առարկաների ուսուցիչների վերապատրաստումներ՝ ՏՀՏ-ն որպես ուսուցման նոր միջոց ուսումնական գործընթացում կիրառելու ուղղությամբ: Իրականացվել են նաև հատուկ վերապատրաստումներ բոլոր ինֆորմատիակայի ուսուցիչների և դպրոցների ցանցային օպերատորների համար՝ ցանցային ադմինիստրացիայի գծով:

6) 2012-2013թթ. «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության ֆինանսական աջակցությամբ մշակել է «Պաշարների շտեմարան» կայքը (http://lib.armedu.am): Կայքում, ըստ դասակարգված բաժինների, տեղադրված են փաստաթղթեր և կրթական գործընթացում կիրառվող բազմազան էլեկտրոնային ուսումնամեթոդական նյութեր, այդ թվում դասագրքեր, ձեռնարկներ, առարկայական ծրագրեր ու չափորոշիչներ, ուղեցույցներ, շտեմարաններ և այլն։ Կայքում գրանցվելուց հետո մասնագետները կարող են իրենք տեղադրել նյութեր, մեկնաբանել առկա պաշարները, ինչպես նաև գնահատել դրանք: Բացի այդ, ստեղծվել է հեռավար ուսուցման www.learning.armedu.am կայքը, որով իրականացվում են առցանց դասընթացներ:

 7) «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը իրականացնում է հանրակրթության ոլորտի տարեկան վիճակագրական տվյալների հավաքագրում, վերլուծություն և հրապարակում http://stat.armedu.am/ կայքում:

8) Վերջին տարիներին աշխատանքներ են իրականացվել նաև դպրոցների վարչական և կառավարչական գործառույթների ավտոմատացման նպատակով: Այդ նպատակով 1360 հանրակրթական դպրոցների տրամադրվել են համակարգչային սարքավորումներ, մշակվել և դպրոցներին տրամադրվել է նաև հատուկ համակարգչային ծրագիր, որն ապահովում է տեղեկատվական հոսքերի միասնականությունը և զարգացնում դպրոցների վարչական և կառավարչական գործառույթները:

9) ՀՀ-ում գործում է նաև http://www.dasaran.am/ կայքը, որը միջդպրոցական սոցիալական ցանց է: Վերջինիս միջոցով ծնողները կարող են հետևել իրենց երեխաների առաջադիմությանն ու հաճախումներին, տեղեկանալ ծնողական ժողովների մասին, ծանոթանալ երեխայի առաջադիմության և վարքի վերաբերյալ ուսուցիչների մեկնաբանություններին: Դպրոցները կարող են իրականացնել նաև իրենց գործունեության արդյունավետ վերահսկողություն, տեղեկացնել աշակերտներին և ծնողներին ակնկալվող դպրոցական միջոցառումների մասին, իսկ ուսուցիչները կարող են կիսամյակի վերջում ստանալ աշակերտների միջին գնահատականը, կապ պահպանել ծնողների հետ և այլն:

 

III. «ՄԵԿ ՀԱՄԱԿԱՐԳԻՉ - ՄԵԿ ԵՐԵԽԱ» ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

11. Վերոնշյալ բոլոր միջոցառումները շրջադարձային առաջընթաց են ապահովել դպրոցներում ՏՀՏ ներդրման ուղղությամբ և ստեղծել են բարենպաստ հենք հետագա զարգացման համար: Միևնույն ժամանակ նոր սերնդի ավելի մատչելի համակարգչային տեխնոլոգիաների արագընթաց զարգացումը, հսկայական տարատեսակ էլեկտրոնային պաշարները և ինտերնետի աճող հասանելիությունը ողջ աշխարհում ստեղծում են բացառիկ հնարավորություններ դպրոցականների համար՝ ձեռք բերել 21-րդ դարում անհրաժեշտ հմտությունները և կարողությունները:

12. ՏՀՏ-ի կրթության գործընթացում արդյունավետ կիրառման հիմնասյուներն են՝

1) համակարգչային տեխնոլոգիաները՝ մատչելի ժամանակակից համակարգչային սարքավորումները, որոնք նախատեսված են հատուկ կրթական խնդիրների լուծման համար,

2) ինտերնետին փոխկապակցումը՝ հասանելի, արագագործ ինտերնետ կապը, որին կարող են միանալ ոչ միայն քաղաքային, այլ նաև հեռավոր ու գյուղական բնակավայրերի դպրոցները, ինչպես նաև դպրոցական լոկալ ցանցերը,

3) էլեկտրոնային կրթական ռեսուրսները՝ բազմազան և բազմաթիվ մուլտիմեդիա նյութերն ու էլեկտրոնային ուսումնական ծրագրերը, որոնք կարող են ստեղծվել կամ թարգմանվել մայրենի լեզվով և տեղայնացվել տվյալ երկրի մշակույթին համապատասխան,

4) ուսուցիչների մասնագիտական զարգացումը՝ տարատեսակ վերապատրաստման դասընթացները, որոնք հնարավորություն են տալիս նրանց ձեռք բերել ՏՀՏ-ն ուսումնական գործընթացում արդյունավետ օգտագործման համար անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ,

5) դասավանդման մեթոդների կատարելագործումը՝ ուսուցման ինտերակտիվ մեթոդները, որոնք հիմնված են համագործակցային ուսուցման մեթոդների ու յուրաքանչյուր երեխային մեկ համակարգիչ տրամադրելու սկզբունքի վրա և հնարավորություն են ընձեռնում ուսուցիչներին արդյունավետ կիրառել համակարգչային տեխնոլոգիաները դասապրոցեսում, իսկ սովորողներին՝ ստանալ գիտելիքներ ցանկացած ժամանակ ու ցանկացած վայրում:

13. Ակնհայտ է, որ թե՛ համաշխարհային զարգացումների, թե՛ Հայաստանի տնտեսական զարգացման ներկա փուլում, ուսուցման գործընթացում ՏՀՏ-ի կիրառումը երկրում պետք է բարձրացնել որակական նոր մակարդակի՝ ապահովելով բոլոր սովորողների համար համակարգչային տեխնոլոգիաների և ինտերնետ կապի հավասար մատչելիությունը: Դրա ուղիներից է «մեկ երեխա-մեկ համակարգիչ» ծրագրի իրագործումը Հայաստանում, որն արդեն բավականին լայն տարածում ունի աշխարհի տարբեր երկրներում:

14. ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511 - Ա որոշմամբ հաստատված 2014 թվականի «ՀՀ կառավարության ծրագրի» 2.4.3. Կրթություն և գիտություն բաժնում ամրագրված է, որ «մեկնարկելու է առաջին դասարանի աշակերտներին անվճար համակարգիչ տրամադրելու փուլային ծրագիրը»:

15. «Մեկ երեխա-մեկ համակարգիչ» ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում նախատեսվում է յուրաքանչյուր ուսումնական տարի առաջին դասարանի աշակերտներին անվճար տրամադրել պլանշետներ՝ ուսումնական գործընթացում որպես ուսումնաօժանդակ նյութ կիրառելու նպատակով: Նախապատվությունը տրվում է հայկական արտադրության «Արմթաբ» պլանշետներին՝ համակարգչային սարքավորումների հայկական արտադրությունը խթանելու նպատակով:

16. Ծրագիրն իրականացվելու է փուլային սկզբունքով: Նախ այն փորձարկվելու է ՀՀ մեկ մարզում, ապա, ելնելով փորձնական փուլի արդյունքներից, կքննարկվի մյուս մարզերի` Ծրագրում աստիճանաբար ներառվելու հարցը:

17. Ծրագրի նպատակն է` հանրակրթության կրթության որակի, մատչելիության և արդիականության բարձրացումը ՏՀՏ-ի կիրառման միջոցով:

18. Ծրագրի խնդիրներն են`

1) վաղ տարիքից աշակերտներին հաղորդակից դարձնել ժամանակակից տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներին, սովորեցնել աշխատել դրանցով և ապահովել տեղեկատվության լայն հասանելիությունը,

2) արդեն իսկ տարրական կրթության աստիճանում աշակերտների մոտ այնպիսի գիտելիքների, կարողությունների և հմտությունների զարգացումը, որոնք խիստ անհրաժեշտ են արդի դարաշրջանում, մասնավորապես՝ մեդիագրագիտությունը, ստեղծագործ, քննադատական ու համակարգված մտածողությունը, ինքնուրույնությունը և այլն,

3) ուսումնական գործընթացի արդյունավետության բարձրացումը,

4) դասավանդման նոր մեթոդների զարգացումը և ուսուցանվող նյութի՝ աշակերտների կողմից յուրացման դյուրինացումը,

5) աշակերտների համագործակցային հմտությունների զարգացումը՝ համակարգչային տեխնոլոգիաների միջոցով համատեղ ծրագրերի իրականացման, ուսուցիչների, սովորողների, ծնողների ու դպրոցի վարչական աշխատակազմի միջև տեղեկատվական ու համացանցային կապերի ստեղծման միջոցով և այլն,

6) երկրում համակարգչային տեխնոլոգիաների արտադրության խթանումը:

 

IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՓՈՒԼԵՐԸ

 

19. Ծրագիրը կիրականացվի ստորև նկարագրված հաջորդական փուլերով.

1) 1-ին փուլ՝ - Ծրագրի փորձնական իրականացում մեկ մարզում 2015 թվականի սեպտեմբերից 2019 թվականի օգոստոս ամիսը: Այս ժամանակահատվածը ընդգրկում է 4 ուսումնական տարի՝ հնարավորություն ընձեռելով Ծրագրում ընդգրկել տարրական դպրոցի բոլոր՝ 1-ից 4-րդ, դասարանները և ցուցաբերել ամբողջական մոտեցում տարրական դպրոցին,

2) 2-րդ փուլ՝ - Ծրագրի աստիճանական ընդլայնում և 2019թ. սեպտեմբերից յուրաքանչյուր ուսումնական տարի 1-ից 2 նոր մարզերի ներառում,

3) 3-րդ փուլ՝ 2025 թվականի սեպտեմբերից Երևան քաղաքի ներառում Ծրագրում:

19.1. Ծրագրի 2-րդ և 3-րդ փուլերի իրականացման հնարավորությունը կքննարկվի 1-ին փուլի արդյունքների ամփոփումից հետո:

 

V. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ՓՈՒԼ

 

20. Ծրագրի փորձնական փուլն իրականացվելու է ՀՀ Վայոց ձորի մարզում.

1) Ծրագրի փորձնական փուլի արդյունավետ իրականացման նպատակով հարկավոր է մեկ անգամ ևս ուսումնասիրել այն ենթակառուցվածքները, որոնք այսօր առկա են Վայոց ձորի մարզում և մատնանշել խնդիրներն ու զարգացման հնարավորությունները: Որպես ենթակառուցվածք առաջին հերթին հարկավոր է դիտարկել Հայաստանի կրթական ցանցը (այսուհետ՝ ՀԿՑ): ՀԿՑ-ն ներկայումս ընդգրկում է երկրի բոլոր մարզերում տեղաբաշխված 1420 ուսումնական հաստատություններ և հանդիսանում է Հայաստանի խոշոր տեխնոլոգիական համակարգերից մեկը։ Այն կրթական տեղեկատվական միջավայր է, որն ապահովում է հաստատությունների միջև տեղեկատվության հուսալի փոխանակում, պարունակում է կրթական, պաշտոնական և այլ բնույթի հսկայական տեղեկատվական պաշարներ («Հայկական կրթական միջավայր»՝ www.armedu.am), ստեղծում է ուղիղ հաղորդակցման հնարավորություն աշակերտների, ուսուցիչների, ղեկավար աշխատողների միջև («Հայկական կրթական միջավայր-ֆորում»՝ forum.armedu.am), հաստատություններին հաղորդակից դարձնում էլեկտրոնային նյութերի պաշարների շտեմարանի հետ («Պաշարների շտեմարան»՝ lib.armedu.am) և ընձեռում հեռավար ուսուցման կազմակերպման հնարավորություն (learning.armedu.am)։ Ցանցի շնորհիվ դպրոցներին հասանելի են նաև ինտերնետային կրթական և տեղեկատվական պաշարները: 2014 թվականին իրականացվել է Վայոց ձորի դպրոցների կրթական էլեկտրոնային աշխատամիջոցների և ՏՀՏ-ի օգտագործման ուղղությամբ կարիքների նախնական գնահատում՝ Ծրագրի ներդրման տեսանկյունից: Այդ ուսումնասիրության արդյունքների համաձայն մարզում առկա են հետևյալ կրթական ենթակառուցվածքները:

ա. Ինտերնետ կապ: Վայոց ձորի մարզի տարրական դասարաններ ունեցող բոլոր 45 դպրոցներն ընդգրկված են ՀԿՑ-ում և միացված են «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում» տեղակայված կենտրոնական հանգույցին առնվազն 2մբ/վրկ թողունակությամբ կապուղիներով: ՀԿՑ-ում ընդգրկված 45 դպրոցներից 9-ը իրենց աշխարհագրական դիրքի և ներկա տեխնիկական հնարավորությունների պատճառով կենտրոնական հանգույցին կապվում են 544 կբ/վրկ թողունակությամբ կապուղով, իսկ 36-ը՝ մոտ 2- մբ/վրկ: Մարզի դպրոցների կապուղու թողունակությունը 5 մբ/վրկ դարձնելու համար անհրաժեշտ կլինի դպրոցներին կապ տրամադրող ՀԿՑ մարզային անլար կապի թվով 32 հանգույցներում իրականացնել վերազինում՝ յուրաքանչյուր հանգույցում տեղադրելով երկու նոր ռադիոկամուրջ և երկու ալեհավաք: Բացի այդ 9 դպրոցներում կապի արագությունը տասնապատկելու համար, յուրաքանչյուրին պետք է տրամադրել ևս 9 հատ 3G մոդեմ:

բ. Դպրոցների ներքին ցանց: Ծրագրի փորձնական փուլի արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ է նախագծել դպրոցի և դասարանի էլեկտրոնային միջավայրը՝ դասի ընթացքում ուսուցչի ու աշակերտների կողմից սարքավորումները միաժամանակ օգտագործելու և միասնական տեղեկատվական աղբյուրներից ու ռեսուրսներից օգտվելու հնարավորությունների ստեղծման համար: Ուստի անհրաժեշտ քանակով սարքավորումները կապակցելու տեսանկյունից անհրաժեշտ է ապահովել դպրոցական լոկալ ցանցերի բավարար թողունակություն և ներդպրոցական անլար կապ (Wi-Fi)։ Ընդ որում անլար կապի համակարգն ինտերնետին պետք է միացվի դպրոցի սերվեր-համակարգչի միջոցով՝ ՀԿՑ-ի ընձեռած հնարավորություններն ավելի հասանելի դարձնելու համար։ Դպրոցներում անլար ինտերնետ կապի առկայությունը կընձեռի աշակերտների, ուսուցիչների և տնօրինության միջև առցանց հաղորդակցման հնարավորություն, կհեշտացնի ուսուցիչների աշխատանքը ուսուցման գործընթացի կազմակերպման հարցում և խթան կհանդիսանա առցանց միջոցառումների անցկացման համար (առցանց մրցույթներ, օլիմպիադաներ, գիտելիքի ստուգումներ և այլն)։ Սակայն ՀԿՑ–ում ընդգրկված Վայոց ձորի դպրոցների գերակշռող մասում ինտերնետային կապով ապահովված են միայն մեկ կամ երկու համակարգչային դասասենյակներ, որոշ դպրոցներում նաև տնօրենի և գործավարի սենյակները։ Ինտերնետային կապով ապահովված այդ համակարգչային դասասենյակները ի վիճակի չեն սպասարկել այն բոլոր առարկաների դասաժամերը, որոնց ընթացքում անհրաժեշտ է օգտագործել համակարգչային սարքավորումները և ինտերնետային կապը։ Անլար կապի անխափան և կանոնավոր աշխատանքը պահանջում է յուրաքանչյուր դպրոցի համար որոշել լրացուցիչ սարքավորումների (սերվերներ, անլար միացման սարքեր և այլն) հզորությունները և մշակել դրանց տեղադրման պլանը` ըստ դպրոցի կառուցվածքի։ Բոլոր հարկերում և առանձին մեծ սրահներում պետք է տեղադրվեն համապատասխան սարքավորումներ։ Անվտանգության նպատակով պետք է կարգավորվեն ըստ կարևորության մուտքի առանձին թույլտվություները և արագությունները։ Սարքավորումները պետք է համապատասխանեն IEEE 802.11ո ստանդարտացման պահանջներին։ Որպես ենթակառուցվածք կարևոր է նաև դիտարկել համակարգչային և էլեկտրոնային այլ միջոցներով դպրոցների հագեցվածությունը ներկայումս և դրանց կիրառելության մակարդակը։ Նշենք, որ ներկայումս Վայոց ձորի դպրոցներում առկա է շուրջ 400 համակարգիչ.

2) Կրթական-տեղեկատվական միջավայրի վերլուծության արդյունքներից ելնելով Վայոց ձորի մարզի դպրոցների համար ստեղծվելու են անհրաժեշտ ենթակառուցվածքներ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀԿՑ-ի կառավարումն ու դպրոցներին ինտերնետ կապի տրամադրումն իրականացվում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) կողմից, ուստի վերոնշյալ վերլուծությունը և ենթակառուցվածքների տրամադրումը ևս կիրականացնի Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը:

3) Վերանայվելու են տարրական դասարանների առարկայական չափորոշիչներն ու ծրագրերը՝ սահմանելով ՏՀՏ-ի կիրառման պահանջները, ձևերը և ժամաքանակը: Ներկայումս առարկայական չափորոշիչների ու ծրագրերի պահանջներով ՏՀՏ կիրառումը ուսումնական գործընթացում, ինչպես նաև ինֆորմատիկա առարկայի դասավանդումը նախատեսված է միջնակարգ կրթության 6-րդ դասարանից: Ելնելով այն հանգամանքից, որ Ծրագիրը նախատեսում է համակարգիչների տրամադրումը առաջին դասարանցիներին անհրաժեշտ է վերանայել տարրական դպրոցի առանձին առարկաների չափորոշիչները ու ծրագրերը՝ սահմանելով ՏՀՏ-ի կիրառման պահանջները, ձևերը և ժամաքանակը.

4) Կատարվելու է տարրական դասարանների աշակերտների համար առարկայական ուղղվածության էլեկտրոնային ուսուցողական նյութերի մշակում կամ աշխարհում առկա բազմաթիվ և տարատեսակ նյութերից համապատասխան նյութերի ընտրություն, դրանց թարգմանություն ու տեղայնացում, ինչպես նաև դասարանի կառավարման համար անհրաժեշտ ծրագրային ապահովման տեղադրում: Ուսուցիչ-աշակերտ միասնական էլեկտրոնային միջավայրի ստեղծման համար անհրաժեշտ է ապահովել նաև դասարանի համակարգչային ղեկավարում` հնարավորություն տալով ուսուցչին` աշակերտների համակարգիչներին ուղղարկել ֆայլեր, անջատել նրանց ինտերնետ բրաուզերները, ստանալ աշակերտներից հանձնարարականների և տնային աշխատանքների արդյունքները, անցկացնել ստուգողական աշխատանքներ, հետևել աշակերտի առաջընթացին և այլն:

5) Իրականացվելու է Վայոց ձորի մարզի տարրական դասարանների ուսուցիչների ՏՀՏ գիտելիքների, ինչպես նաև ուսումնական գործընթացում ՏՀՏ-ը կիրառելու ուղղությամբ նրանց վերապատրաստման կարիքների գնահատում.

6) Ուսուցիչների վերապատրաստման կարիքների գնահատման արդյունքներից ելնելով մշակվելու են ՏՀՏ ուղղությամբ վերապատրաստման ծրագիր և նյութեր.

7) Իրականացվելու է մարզի դասվարների վերապատրաստում ՏՀՏ գրագիտության և ՏՀՏ-ն ուսումնական գործընթացում կիրառելու ուղղությամբ, որը լինելու է Ծրագրի փորձնական փուլի կարևոր բաղադրիչներից մեկը և հաջողության գրավականը: Ուսուցիչների վերապատրաստման ծրագրերը պետք է ներառեն նաև մշակված էլեկտրոնային նյութերի հետ ծանոթացումը և դասավանդման գործընթացում դրանց կիրառման մեթոդների ուսուցումը: Վերապատրաստումների ընթացքում կարող են կիրառվել ինչպես խմբային, այնպես էլ անհատական մոտեցումներ՝ ելնելով առանձին ուսուցչների պատրաստվածության աստիճանից: Ծրագիրը լայն հնարավորություններ է ստեղծում անցում կատարել համագործակցային ուսուցման մեթոդներին և ուսուցիչ-աշակերտ ավելի սերտ համագործակցությանը և շփմանը: Դասարանի բոլոր աշակերտներին ինտերնետ կապով ապահովելու դեպքում, նրանք կարող են աշխատել միասին, իսկ ուսուցիչը՝ համակարգել և ուղղորդել այդ գործընթացը թե՛ դասասենյակում, թե՛ տանը: Նման պարագայում ուսուցիչը դառնում է ուսուցողական միջավայրի անքակտելի մասը՝ հեռանալով ուսուցման ավանդական մեթոդներից և ստանձնելով ավելի դինամիկ ու համագործակցային ուսուցման ոճ: Ուսուցիչ-աշակերտ միասնական էլեկտրոնային միջավայրը նաև որոշակի հարցերում թեթևացնում և հեշտացնում է ուսուցչի համար ժամանակատար պարտականությունների կատարումը, օրինակ՝ բացակայություններին հետևելը, դասապլաններ մշակելը, աշակերտներին գնահատելը և այլն: Հիմնական վերապատրաստման դասընթացների ավարտից հետո ուսուցիչներին կցուցաբերվի շարունակական աջակցություն` ՏՀՏ-ը կիրառելու մեջ.

8) Կգնվեն «Արմթաբ» պլանշետներ և կտրամադրվեն Վայոց ձորի մարզի դպրոցների առաջին դասարանցիներին: Քանի որ «Արմթաբ» պլանշետները արտադրվում են «ԱրմԹաբ Թեքնոլոջիս» ընկերության կողմից, որին պատկանում է դրանց հեղինակային իրավունքը, գնումը կատարվելու է մեկ աղբյուրից գնման մեթոդով.

9) Ծրագիրը հնարավորություն է ընձեռում խթանել «պետություն-մասնավոր ոլորտ» համագործակցությունը: Պետության կողմից Ծրագրի հիմնական պատասխանատուներն են ՀՀ կրթության և գիտության և ՀՀ ֆինանսների նախարարությունները: Մասնավոր ոլորտի կազմակերպություններից փորձնական փուլի մասնակիցներից է «ԱրմԹաբ Թեքնոլոջիս» ընկերութունը: Համագործակցություն հնարավոր է նաև ոչ պետական ոլորտի այլ կազմակերպությունների հետ` էլեկտրոնային բովանդակության ստեղծման և վերապատրաստումների իրականացման բնագավառներում:

10) Կմշակվի Ծրագրի փորձնական փուլի կառավարման մոդել: Ելնելով Ծրագրի նպատակների կրթական բնույթից և ուղղվածությունից` Ծրագրի կառավարումը հանդիսանում է ՀՀ ԿԳ նախարարության լիազորությունը: ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից կստեղծվի Ծրագրի կառավարման աշխատանքային խումբ` փորձնական փուլի ընթացիկ կառավարումը և մասնակից կողմերի միջև աշխատանքների համակարգումն իրականացնելու նպատակով.

11) Կմշակվի Ծրագրի իրականացման մշտադիտարկման մեխանիզմը, որը թույլ կտա իրականացնել դրա տարբեր ուղղությունների վերահսկողություն, ժամանակին բացահայտել առկա խնդիրները՝ բարձրացնելով Ծրագրի փորձնական փուլի ընթացքի արդյունավետությունը: Մշակված մեխանիզմի կիրառման շնորհիվ կիրականացվի Փորձնական փուլի շարունակական մշտադիտարկում, դրա ավարտին` արդյունքների ամփոփում: Փորձնական փուլի արդյունքների հիման վրա կքննարկվի Ծրագրի հետագա ընդլայնման և 2-րդ և 3-րդ փուլերի իրականացման հնարավորությունը: