Համարը 
N 1175-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2015.10.21/70(1159).1 Հոդ.916.2
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
15.10.2015
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
16.10.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
31.10.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԵՆՍԱՉԱՓԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԿՐԻՉՆԵՐԻՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԱՅԴ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հոկտեմբերի 2015 թվականի N 1175-Ն

 

ԿԵՆՍԱՉԱՓԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԿՐԻՉՆԵՐԻՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԱՅԴ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել կենսաչափական անձնական տվյալների նյութական կրիչներին և տեղեկատվական համակարգերից դուրս այդ անձնական տվյալների պահպանման տեխնոլոգիաներին ներկայացվող պահանջները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հոկտեմբերի 16

Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
հոկտեմբերի 15-ի N 1175-Ն որոշման

 

Պ Ա Հ Ա Ն Ջ Ն Ե Ր

 

ԿԵՆՍԱՉԱՓԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԿՐԻՉՆԵՐԻՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԱՅԴ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ

 

1. Սույն պահանջները կիրառվում են կենսաչափական անձնական տվյալների նյութական կրիչների, ինչպես նաև տեղեկատվական համակարգերից դուրս այդ անձնական տվյալների պահպանման տեխնոլոգիաների նկատմամբ:

2. Սույն պահանջների իմաստով «նյութական կրիչ» հասկացությունը ներառում է տեղեկատվական ակտիվների ցանկացած կրիչ (այդ թվում՝ մագնիսական և էլեկտրոնային), որի վրա իրականացվում է մարդու ինքնությունը նույնականացնելու հնարավորություն տվող ֆիզիկական, ֆիզիոլոգիական և կենսաբանական առանձնահատկությունների վերաբերյալ տեղեկատվության ձայնագրություն և պահպանում (այսուհետ` նյութական կրիչ):

3. Սույն պահանջները չեն կիրառվում այն հարաբերությունների նկատմամբ, որոնք առաջանում են`

1) անձնական տվյալներ մշակողի կողմից (այսուհետ` մշակող) նյութական կրիչները տեղեկատվական համակարգի գործունեության ապահովման համար օգտագործելու դեպքում.

2) թղթային կրիչների վրա ձայնագրված և պահպանվող կենսաչափական անձնական տվյալների օգտագործման դեպքում:

4. Նյութական կրիչը պետք է ապահովի`

1) պաշտպանություն տեղեկատվության առանց թույլտվության լրացուցիչ և կրկնակի ձայնագրությունից, այն բանից հետո, երբ տեղեկատվությունը հանվել է տեղեկատվական համակարգից.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ լիազորված մարմիններին (այսուհետ` իրավասու անձ), ինչպես նաև տեղեկատվություն մշակողին նյութական կրիչի վրա ձայնագրված կենսաչափական անձնական տվյալների մուտքի հնարավորություն.

3) մշակողի համար անձնական տեղեկատվական համակարգում պահվող տեղեկատվության նույնականացման հնարավորության.

4) նյութական կրիչի վրա պահվող կենսաչափական անձնական տվյալներ պարունակող տեղեկատվությանն առանց թույլտվության հասանելիության բացառում:

5. Մշակողը հաստատում է նյութական կրիչներն իրավասու անձանց փոխանցելու կարգը:

6. Նյութական կրիչը ենթակա է օգտագործման մշակողի կողմից սահմանված ժամանակահատվածում, որը չի կարող գերազանցել արտադրողի կողմից սահմանված պիտանիության ժամկետը:

7. Կենսաչափական անձնական տվյալների մշակման համար օգտագործվող նյութական կրիչի տեսակը որոշում է մշակողը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է հատուկ նյութական կրիչների օգտագործում:

8. Օգտագործվող նյութական կրիչների թվաքանակը ենթակա է հաշվառման մշակողի կողմից:

9. Օգտագործվող նյութական կրիչը պետք է ունենա եզակի նույնականացման համար, որը թույլ կտա անհատականացնել նյութական կրիչի վրա կենսաչափական անձնական տվյալների ձայնագրությունն ու պահպանումն իրականացրած մշակողին:

10. Տեղեկատվական համակարգերից դուրս կենսաչափական անձնական տվյալների պահպանման տեխնոլոգիաները պետք է ապահովեն`

1) նյութական կրիչի վրա առկա տեղեկատվության մուտքի հնարավորություն լիազոր անձանց համար.

2) էլեկտրոնային ստորագրությունների կամ տեղեկատվական այլ միջոցների օգտագործման հնարավորություն, որոնք թույլ կտան ապահովել նյութական կրիչի վրա ձայնագրված և պահպանված կենսաչափական անձնական տվյալների ամբողջականությունը.

3) անձնական տվյալների սուբյեկտի՝ իր կենսաչափական անձնական տվյալները մշակելու գրավոր համաձայնության առկայության ստուգման հնարավորություն:

11. Եթե նյութական կրիչի վրա առկա է լրացուցիչ տեղեկատվական ակտիվ, որն առնչվում է ձայնագրված կենսաչափական անձնական տվյալներին, ապա այն պետք է պաշտպանված լինի համապատասխան տեխնոլոգիաներով՝ նյութական կրիչի վրա պահվող տեղեկատվական ակտիվի ամբողջականությունն ապահովելու համար: Սույն կետով սահմանված պահանջի իմաստով կրիպտոգրաֆիական պաշտպանության միջոցների կիրառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան:

12. Կենսաչափական անձնական տվյալները տեղեկատվական համակարգերից դուրս պահպանելու դեպքում պետք է ապահովված լինեն համապատասխան տեխնիկական հնարավորություններով, որոնք թույլ կտան արձանագրել առանց թույլտվության տեղեկատվական ակտիվի կրկնակի կամ լրացուցիչ ձայնագրություն իրականացնելու ցանկացած դեպք:

13. Սույն պահանջների հետ մեկտեղ մշակողի կողմից կարող են կիրառվել նաև «Տեղեկատվության անվտանգության կառավարման» ՀՍՏ ԻՍՈ/ԻԷԿ 27000 շարքի միջազգային ստանդարտներն այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են կենսաչափական անձնական տվյալների նյութական կրիչների և տեղեկատվական համակարգերից դուրս այդ անձնական տվյալների պահպանման տեխնոլոգիաների նկատմամբ:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան