Համարը 
N 1358-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2015.12.02/80(1169) Հոդ.1069
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
01.10.2015
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
25.11.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
12.12.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հոկտեմբերի 2015 թվականի N 1358-Ն

 

ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել տեսչական մարմինների որակի ապահովման ստորաբաժանումների կազմակերպման և գործունեության կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. նոյեմբերի 25
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
հոկտեմբերի 1-ի N 1358-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են տեսչական մարմինների որակի ապահովման ստորաբաժանումների (այսուհետ՝ որակի ապահովման ստորաբաժանում) կազմակերպման և գործունեության հետ կապված հարաբերությունները:

2. Որակի ապահովման ստորաբաժանումների գործունեությունն ուղղված է տեսչական մարմինների գործունեության շարունակական կատարելագործման ապահովմանը՝ տեսչական մարմինների նպատակների ու խնդիրների իրականացման և տեսչական մարմինների գործունեության սկզբունքների ամբողջական իրագործման նպատակով:

3. Որակի ապահովումն այն իրականացնող ստորաբաժանման ներքին հսկողական գործառույթ է, որն ուղղված է տեսչական մարմնի գործունեության արդյունքի մեծացմանը, արդյունավետության բարձրացմանը և տեսչական մարմնի գործունեության բարելավմանը: Այն տեսչական մարմնին աջակցում է մարմնի ռիսկերի կառավարման, հսկողության ու կառավարչական գործընթացների համակարգված և կանոնակարգված գնահատման ու բարելավման միջոցով հասնել իր նպատակների իրագործմանը:

4. Որակի ապահովման ստորաբաժանման պաշտոնները քաղաքացիական ծառայության գլխավոր խմբի պաշտոններ են:

5. Որակի ապահովման ստորաբաժանման աշխատողները պետք է ունենան «տնտեսագիտություն» և «կառավարում» մասնագիտությունների գծով կամ «իրավագիտություն» մասնագիտությամբ կամ տվյալ մարմնի վերահսկողության ոլորտին անմիջական առնչություն ունեցող մասնագիտական բարձրագույն կրթություն:

6. Որակի ապահովման ստորաբաժանման ղեկավարը հաշվետու է տեսչական մարմնի կառավարման խորհրդին (այսուհետ՝ խորհուրդ): Որակի ապահովման ստորաբաժանման ղեկավարը պարբերաբար խորհուրդ է ներկայացնում հաշվետվություններ, որոնք ներառում են տեսչական մարմնի գործունեության արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկություններ: Հաշվետվությունների ձևը, բովանդակությունը, գնահատման պարբերականությունը և դրանք ներկայացնելու հաճախականությունը սահմանվում են խորհրդի որոշմամբ:

7. Որակի ապահովման ստորաբաժանումը բացահայտում և պարբերաբար գնահատում է տեսչական մարմնի բոլոր ստորաբաժանումների յուրաքանչյուր գործառույթի և (կամ) ենթահամակարգի ռիսկերը, կառավարում բացահայտված ռիսկերը:

8. Որակի ապահովման ստորաբաժանման գործունեությունն իրականացվում է որակի ապահովման տարեկան ծրագրի հիման վրա, որը յուրաքանչյուր տեսչական մարմնի համար կազմում է այդ մարմնի որակի ապահովման ստորաբաժանումը, հաստատում այդ մարմնի կառավարման խորհուրդը և պարբերաբար հետևում դրա իրականացմանը:

9. Տեսչական մարմնի որակի ապահովման տարեկան ծրագիրը ներառում է որակի ապահովման ստորաբաժանման կողմից տեսչական մարմնում առկա ռիսկերի բացահայտման և գնահատման գործողությունների նկարագրությունը:

10. Որակի ապահովման ստորաբաժանումն իր գործառույթներն իրականացնում է «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, սույն կարգին և խորհրդի որոշումներին համապատասխան:

11. Որակի ապահովման ստորաբաժանման գործունեությունն ուղղված է տեսչական մարմնում հետևյալ ուղղություններով ներքին հսկողության իրականացմանը՝

1) կարգապահական կանոնների ապահովման վերլուծություն.

2) բողոքների պատճառների և արդյունքների վերլուծություն.

3) տեսչական մարմնի գործունեության արդյունքների ուսումնասիրում և վերլուծություն:

12. Կարգապահական կանոնների ապահովման վերլուծության գործառույթի նպատակը տեսչական մարմնի աշխատողների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրության, տեսչական մարմնում ներքին կարգապահական կանոնների և էթիկայի կանոնների պահպանման վիճակը պարզելն է ու դրա վերաբերյալ վերլուծություն ներկայացնելը խորհուրդ:

13. Բողոքների պատճառների և արդյունքների վերլուծության գործառույթի նպատակը տեսչական մարմնի գործունեության կատարելագործումն է:

14. Բողոքների պատճառների և արդյունքների վերլուծության գործառույթն իրականացվում է տեսչական մարմնի, նրա ծառայողների գործողությունների կամ անգործության կամ նրա կողմից ընդունված իրավական ակտերի վերաբերյալ ստացված բողոքների ուսումնասիրման, թերությունների վերհանման և դրանց հիման վրա կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ մշակելու և խորհուրդ ներկայացնելու միջոցով:

15. Տեսչական մարմնի գործունեության արդյունքների ուսումնասիրումը և վերլուծությունն իրականացվում են տեսչական մարմնի վերահսկողության ոլորտում անվտանգության բարձրացմանը և ռիսկերի նվազեցմանն ուղղված գործողությունների ուսումնասիրման, թերությունների վերհանման, ինչպես նաև տեսչական մարմնի գործունեության ընդհանուր արդյունավետության բարձրացման նպատակով: Վերլուծության արդյունքները ներկայացվում են խորհուրդ:

16. Որակի ապահովման ստորաբաժանման աշխատողներն իրենց գործառույթներն իրականացնում են տեսչական մարմնի համապատասխան ստորաբաժանումներում ուսումնասիրություններ անցկացնելու միջոցով:

17. Ուսումնասիրության արդյունքում վեր հանված տվյալների մասին կազմվում է արձանագրություն, որի հիման վրա տրվում է եզրակացություն համապատասխան ստորաբաժանման գործունեության և բացահայտված ռիսկերի վերաբերյալ:

18. Որակի ապահովման ստորաբաժանման աշխատողներն իրավունք ունեն՝

1) տեսչական մարմնի ստորաբաժանումներից պահանջելու սույն կարգի 12-16-րդ կետերով նախատեսված գործառույթների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվություն.

2) իրենց անմիջական ղեկավարի միջոցով տեսչական մարմնի ղեկավարին զեկուցելու սույն կարգի 12-16-րդ կետերով նախատեսված իրենց գործառույթների իրականացմանը տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատողների կողմից խոչընդոտելու վերաբերյալ.

3) ներկայացնելու առաջարկություններ տեսչական մարմնի գործունեության կատարելագործման վերաբերյալ:

19. Որակի ապահովման ստորաբաժանման աշխատողները պարտավոր են՝

1) հետևել խորհրդի կողմից հաստատված որակի ապահովման ծրագրի իրականացմանը.

2) չհրապարակել և չտրամադրել գործունեության ընթացքում կամ արդյունքում իրենց հայտնի դարձած տեղեկությունները` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.

3) գիտակցաբար չմասնակցել անօրինական գործողությունների.

4) իրենց գործառույթների իրականացման ընթացքում չխոչընդոտել որակի ապահովման ստորաբաժանումների բնականոն գործունեությունը.

5) մասնակցել որակի ապահովման ծրագրի նախագծի մշակմանը, որակի ապահովման ստորաբաժանման ղեկավարի կողմից ներկայացվող հաշվետվության կազմմանը:

20. Տեսչական մարմնի բոլոր ստորաբաժանումները պարտավոր են համագործակցել որակի ապահովման ստորաբաժանման հետ, իրենց գործունեությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն և չխոչընդոտել որակի ապահովման ստորաբաժանման գործունեությունը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան