Համարը 
N 113-Ն
Տեսակը 
Պաշտոնական Ինկորպորացիա
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2010.04.15/10(362) Հոդ.91
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվը 
18.03.2010
Ստորագրող մարմինը 
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվը 
18.03.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
25.04.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ` ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 981-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

8 ապրիլի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 11010153

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

18 մարտի 2010 թ.
ք. Երևան

N 113-Ն 
 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ` ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 981-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 15.06.10 N 579-Ն)

 

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածով.

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության «Պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի ձևավորման կարգը` համաձայն հավելվածի։

(1-ին կետը փոփ. 15.06.10 N 579-Ն)

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանին և օրենսդրության և իրավաբանական վարչության պետ Մ. Գրիգորյանին` փաստաթուղթը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

(2-րդ կետը փոփ. 15.06.10 N 579-Ն)

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 8-ի N 981-Ն հրամանը։

4. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:

 

ՀՀ կրթության և գիտության

նախարար`

Ա. Աշոտյան

 

 

Հավելված

ՀՀ ԿԳ նախարարի

2010 թվականի մարտի 18-ի

N 113-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

Հայաստանի Հանրապետության «պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առԵՎտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի ձեվավորման
(վերնագիրը փոփ. 15.06.10 N 579-Ն)

 

Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության «Պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի ձևավորման հետ կապված հարաբերությունները։

(նախաբանը փոփ. 15.06.10 N 579-Ն)

1. Հայաստանի Հանրապետության «Պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ` Հաստատություն) հիմնվելու դեպքում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը, մարզպետը և Երևանի քաղաքապետը (այսուհետ` լիազորված մարմին) հաստատության հիմնադրման կամ խորհրդի ձևավորման կարգի փոփոխման դեպքերում 30-օրյա ժամկետում, սույն կարգի համաձայն, ըստ ենթակայության` կազմակերպում և ապահովում են Հաստատություն կոլեգիալ կառավարման մարմնի (այսուհետ` Խորհուրդ) անդամների ընտրության գործընթացը:

(1-ին կետը փոփ. 15.06.10 N 579-Ն)

2. Հաստատություններում` Խորհուրդը կազմվում է 8 անդամից:

(2-րդ կետը խմբ. 15.06.10 N 579-Ն)

3. (կետն ուժը կորցրել է 15.06.10 N 579-Ն)

4. Խորհրդի անդամներին, երեք տարի ժամկետով, առաջադրում են.

1) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը,

2) լիազորված մարմինը,

3) մանկավարժական խորհուրդը,

4) ծնողական խորհուրդը՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներին կից հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների:

(4-րդ կետը խմբ. 24.02.15 N 102-Ն, լրաց. 12.11.15 N 956-Ն)

5. Մարզային և Երևանի քաղաքապետարանի ենթակայության Հաստատություններում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարն առաջադրում է Խորհրդի մեկ անդամ:

6. Նախարարության ենթակայության հաստատություններում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը առաջադրում է Խորհրդի 3 անդամ, Հայաստանի Հանրապետության մարզերում` մարզպետը 1 անդամ, Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը 1 անդամ:

(6-րդ կետը խմբ. 15.06.10 N 579-Ն)

7. Հայաստանի Հանրապետության մարզային ենթակայության Հաստատություններում մարզպետն առաջադրում է Խորհրդի 3 անդամ, որից մեկին ներկայացնում է տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը:

8. Երևանի քաղաքապետարանի ենթակայության Հաստատությունների Խորհուրդներում Երևանի քաղաքապետն առաջադրում է 3 անդամ:

9. Հաստատության մանկավարժական խորհուրդը իր կազմից փակ քվեարկությամբ տվյալ Հաստատությունում առնվազն 3 տարվա մանկավարժական գործունեության ստաժ ունեցող անդամներից ընտրում է Խորհրդի 2 անդամ:

10. Սույն կարգի 9-րդ կետով սահմանված ստաժի պայմանը չի գործում 3 տարուց պակաս գործող Հաստատության Խորհրդի անդամ ընտրելիս:

11. Հաստատության ծնողական խորհուրդը իր կազմից փակ քվեարկությամբ ընտրում է Հաստատության Խորհրդի 2 անդամ, իսկ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներին կից հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների խորհրդի կազմում մեկական ներկայացուցիչ են առաջադրում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության ու Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարները:

(11-րդ կետը լրաց. 24.02.15 N 102-Ն)

11.1 Հաստատության խորհրդի կազմում ՀՀ կրթության և գիտության նախարարության, լիազորված մարմնի և ծնողական խորհրդի կողմից չի կարող առաջադրվել տվյալ ուսումնական հաստատությունում սովորողի այն ծնողը, ով միաժամանակ հանդիսանում է տվյալ հաստատության մանկավարժ:

(11.1-ին կետը լրաց. 03.11.14 N 1066-Ն, խմբ. 24.02.15 N 102-Ն)

12. (կետն ուժը կորցրել է 22.06.11 N 742-Ն)

13. Խորհրդի անդամի լիազորությունները, լիազորությունների դադարեցման հիմքերը, պարտավորությունները սահմանվում են ՀՀ օրենքներով և այլ իրավական ակտերով:

14. Հաստատության ենթակայության փոփոխության դեպքում լիազորված մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամների ընդգրկվածության համամասնությունը համապատասխանեցվում է սույն կարգի 5-րդ, 6-րդ, 7-րդ կամ 8-րդ կետերի պահանջներին:

15. Օրենքով սահմանված դեպքերում` Խորհրդի անդամի լիազորությունների դադարեցման դեպքում նրան առաջադրող մարմինը 20-օրյա ժամկետում առաջադրում է նոր թեկնածու` համաձայն սույն կարգի:

16. Հաստատության տնօրենը չի կարող լինել տվյալ Հաստատության Խորհրդի կազմում:

17. Լիազորված մարմինը հիմք ընդունելով Հաստատության մանկավարժական և ծնողական խորհուրդների որոշումները, 10-օրյա ժամկետում, ըստ ենթակայության` հաստատում է Խորհրդի անվանական կազմը կամ սույն կարգի պահանջների խախտման դեպքում` մերժում է Խորհրդի անվանական կազմում առաջարկված անձի կամ անձանց թեկնածությունը:

18. Խորհրդի առաջին նիստը վարում է տարիքով ավագ Խորհրդի անդամը:

19. Խորհուրդը փակ քվեարկությամբ ընտրում է Խորհրդի նախագահ` Խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ.

1) ընտրությունը չկայանալու դեպքում եռօրյա ժամկետում անցկացվում է կրկնակի քվեարկություն,

2) կրկնակի քվեարկությամբ ընտրությունը չկայանալու դեպքում` ընտրված է համարվում առավել ձայն ստացած թեկնածուն:

Այս պայմանի անհնարինության դեպքում վիճակահանությամբ որոշվում է Խորհրդի նախագահը: Վիճակահանությանը մասնակցում են առավել ձայն ստացած թեկնածուները:

20. Խորհրդի նիստերը գումարվում են Հաստատության կանոնադրությամբ նախատեսված ժամկետներում և դեպքերում` ըստ հաստատված ժամանակացույցի, ինչպես նաև խորհրդի նախագահի կողմից` սեփական նախաձեռնությամբ, լիազորված մարմնի, Հաստատության տնօրենի կամ Խորհրդի անդամների 1/3-ի նախաձեռնությամբ:

(հավելվածը փոփ., խմբ. 15.06.10 N 579-Ն, փոփ. 22.06.11 N 742-Ն, լրաց. 03.11.14 N 1066-Ն, լրաց., խմբ. 24.02.15 N 102-Ն, լրաց. 12.11.15 N 956-Ն)