Համարը 
N 885-Ն
Տեսակը 
Պաշտոնական Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2007.08.15/41(565) Հոդ.901
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
28.06.2007
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
07.08.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
25.08.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 հունիսի 2007 թվականի N 885-Ն

ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի և «Կերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել տեխնոլոգիական հրահանգին ներկայացվող պահանջները` համաձայն հավելվածի:

(նախաբանը լրաց. 06.11.09 N 1259-Ն, խմբ. 24.12.15 N 1518-Ն)

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. օգոստոսի 7
Երևան


 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
հունիսի 28-ի N 885-Ն որոշման

ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1.  Սույն պահանջներով կարգավորվում են արտադրվող սննդամթերքի, կերի և կերային հավելումների (այսուհետ` արտադրանք) տեխնոլոգիական հրահանգի և բաղադրագրի (այսուհետ` տեխնոլոգիական հրահանգ) մշակման և հաստատման հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը լրաց. 06.11.09 N 1259-Ն, խմբ. 24.12.15 N 1518-Ն)

 

II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2. Սույն որոշման մեջ կիրառվում է հետևյալ հասկացությունը՝

բաղադրագիր՝ տեխնոլոգիական փաստաթուղթ, որը մշակվում է որոշակի արտադրանքի (համասեռ արտադրանքի խմբի) համար և պարունակում է արտադրանքի բնութագիրը, զգայորոշման և ֆիզիկաքիմիական ցուցանիշները, ինչպես նաև դրա արտադրության համար պահանջվող հումքի և նյութերի ծախսը:

(2-րդ կետը փոփ. 06.11.09 N 1259-Ն)

 

III. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

3. Տեխնոլոգիական հրահանգները և դրանց անբաժանելի մաս կազմող բաղադրագրերը համարվում են համասեռ արտադրանքի խմբին ներկայացվող ընդհանուր պահանջներ սահմանող ստանդարտների և (կամ) տեխնիկական պայմանների լրացուցիչ փաստաթղթեր:

(3-րդ կետը փոփ. 06.11.09 N 1259-Ն)

4. Տեխնոլոգիական հրահանգները և բաղադրագրերը չպետք է կրկնեն սահմանված կարգով ընդունված ստանդարտների կամ տեխնիկական պայմանների պահանջները, այլ պետք է միայն հստակեցնեն դրանք:

5. Տեխնոլոգիական հրահանգներով և բաղադրագրերով սահմանված ցուցանիշները, նորմերը, բնութագրերը, տեխնոլոգիական գործելակարգերը (ռեժիմները) և տեխնոլոգիական գործընթացների կատարման կարգը չպետք է հակասեն տվյալ արտադրանքի և դրա արտադրության գործընթացում օգտագործվող հումքի, նյութերի, տարայի և փաթեթավորման նյութերի նորմատիվ իրավական ակտերով և (կամ) ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջներին:

(5-րդ կետը փոփ. 06.11.09 N 1259-Ն)

6. Որոշակի արտադրանքի ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի առկայության դեպքում տեխնոլոգիական հրահանգում ընդգրկվում է արտադրանքի բաղադրագիրը՝ հումքի և նյութերի ծախսերի նորմերի սահմանմամբ:

(6-րդ կետը փոփ. 06.11.09 N 1259-Ն)

7. Որոշակի արտադրանքի ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի բացակայության դեպքում տեխնոլոգիական հրահանգը մշակվում է ստանդարտների, տեխնիկական պայմանների, բաղադրագրերի մշակման հետ միաժամանակ՝ սահմանելով հումքի և նյութերի ծախսերի նորմերը:

(7-րդ կետը փոփ. 06.11.09 N 1259-Ն)

8. Տեխնոլոգիական հրահանգները մշակվում են արտադրության գործընթացի կամ դրա որոշակի փուլերի համար՝ արտադրությունը կազմակերպելու և արտադրանքի թողարկումն ապահովելու նպատակով, և հաստատվում են արտադրողի կողմից:

(8-րդ կետը փոփ. 06.11.09 N 1259-Ն)

9. Նոր արտադրանքի արտադրություն կազմակերպելու համար արտադրանքի փորձնական խմբաքանակի որակական ցուցանիշները կամ փորձնական տեխնոլոգիական գործընթացները ճշտելու նպատակով մշակվում են ժամանակավոր տեխնոլոգիական հրահանգներ՝ մեկ տարվանից ոչ ավելի գործողության ժամկետով կամ արտադրանքի որոշակի խմբաքանակի համար:

(9-րդ կետը փոփ. 06.11.09 N 1259-Ն)

 

IV. ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ

 

10. Տեխնոլոգիական հրահանգը պետք է պարունակի`

1) արտադրանքի անվանումը,

2) պատրաստի արտադրանքի բնութագիրն ու բաղադրամասերը,

3) օգտագործվող հումքի, տարափաթեթավորման ու պիտակավորման նյութերի ցանկը, դրանց բնութագրերը, ընդունմանը, պահմանը և փոխադրմանը ներկայացվող պահանջները կամ հղումներ դրանց ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերին,

4) արտադրության տեխնոլոգիական գործընթացների կատարման կարգը, տվյալ տեխնոլոգիական գործընթացի կատարման համար օգտագործվող տեխնոլոգիական սարքավորումը (առկայության դեպքում) և այն գործելակարգերը (ռեժիմները), որոնք կարևոր են արտադրանքի անվտանգության ապահովման համար,

5) արտադրանքի ընդունման, փոխադրման ու պահման պայմանները,

6) արտադրանքի, օգտագործվող հումքի, տարափաթեթավորման ու պիտակավորման նյութերի փորձարկումների կատարման համար նմուշառման կարգը և փորձարկման մեթոդները կամ հղումներ դրանք սահմանող նորմատիվ փաստաթղթերին,

7) արտադրանքի բաղադրագիրը, եթե դա առանձին փաստաթղթով չի ներկայացված,

8) տեխնոլոգիական հրահանգի հաստատման տարեթիվը, ամիսը, օրը,

9) տեխնոլոգիական հրահանգը հաստատող անձի անունը, ազգանունը և զբաղեցրած պաշտոնը:

(10-րդ կետը փոփ. 06.11.09 N 1259-Ն)

11. Տեխնոլոգիական հրահանգում, ըստ անհրաժեշտության, կարող են նշվել նաև մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերին, արտադրական թափոններին, կեղտաջրերին և այլնին ներկայացվող պահանջները:

 

V. ԲԱՂԱԴՐԱԳԻՐԸ

 

12. Բաղադրագրերը մշակվում են մեկ տեսակի արտադրանքի կամ համասեռ արտադրանքի խմբի համար:

(12-րդ կետը փոփ. 06.11.09 N 1259-Ն)

13. Բաղադրագրերում, ըստ անհրաժեշտության, նշվում են`

1) արտադրանքի զգայորոշման և ֆիզիկաքիմիական ցուցանիշների և այլ հատկությունների համառոտ բնութագրերը,

2) տեղեկություններ 100 գ արտադրանքի սննդային և էներգետիկ արժեքի մասին (հատուկ նշանակության արտադրանքի համար),

3) արտադրանքի արտադրման համար օգտագործվող հումքի և նյութերի անվանումները,

4) կիրառվող հումքի և նյութերի որակին ներկայացվող պահանջները՝ վկայակոչելով դրանց ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերը (եթե տեխնոլոգիական հրահանգներում կամ ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերում դրանք վկայակոչված չեն),

5) պատրաստի արտադրանքի սահմանված միավորի (խմբաքանակ) արտադրման համար հումքի և նյութերի ծախսի նորմերը (կամ հիմնական հումքի միավորի վրա լրացուցիչ հումքի ծախսը),

6) արտադրության ընթացքում կորուստների, այդ թվում` թափոնների սահմանային նորմերը (եթե չկա առանձին փաստաթուղթ),

7) արտադրանքի բաղադրամասերի համար սահմանային թույլատրելի շեղումները՝ ըստ զանգվածի և հիմնական ֆիզիկաքիմիական ցուցանիշների, եթե դրանք չկան տեխնոլոգիական հրահանգում կամ ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերում:

(13-րդ կետը փոփ. 06.11.09 N 1259-Ն)

14. Բաղադրագրերը կարող են լինել առանձին տեխնոլոգիական փաստաթղթի տեսքով, եթե նույն տեխնոլոգիական հրահանգով արտադրվում են տեխնոլոգիական պարբերաշրջանով համանման մի քանի անվանման համասեռ արտադրատեսակներ:

15. Եթե արտադրանքի տարբեր տեսակներ արտադրվում են տարբերվող տեխնոլոգիական գործընթացներով, ապա բաղադրագրերը, որպես բաղկացուցիչ մաս, կարող են ընդգրկվել համապատասխան տեխնոլոգիական հրահանգներում:

(15-րդ կետը փոփ. 06.11.09 N 1259-Ն)

 

VI. ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԻ ԵՎ ԲԱՂԱԴՐԱԳՐԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՄԱՍԵՐԸ

 

16. Տեխնոլոգիական հրահանգների և բաղադրագրերի բաժինների կառուցվածքը և բովանդակությունը որոշվում են տվյալ արտադրանքի արտադրության առանձնահատկությունների հիման վրա:

(16-րդ կետը փոփ. 06.11.09 N 1259-Ն)

17. Տեխնոլոգիական հրահանգների և բաղադրագրերի կառուցվածքը, շարադրանքը և ձևավորումն իրականացվում են սույն որոշման պահանջներին համապատասխան:

18. Տեխնոլոգիական հրահանգների և բաղադրագրերի ներածական մասում նշվում են այն փաստաթղթերի անվանումները կամ նշագրերը (առկայության դեպքում), որոնց հիման վրա դրանք մշակվել են:

19. Եթե բաղադրագիրը տեխնոլոգիական հրահանգի մաս է կազմում, ապա տեխնոլոգիական հրահանգի տիտղոսաթերթի վրա տեխնոլոգիական հրահանգի անվանումը կազմվում է այդ երկու փաստաթղթերի անվանումից (օրինակ՝ «Տեխնոլոգիական հրահանգ և բաղադրագիր»):

20. Անհրաժեշտության դեպքում տեխնոլոգիական հրահանգների կառուցվածքում կարելի է ընդգրկել աղյուսակներ, նկարներ՝ սխեմաներ, գրաֆիկական պատկերներ, գծագրեր, ուրվագծեր և այլն:

21. Բաղադրագրերն անհրաժեշտ է շարադրել աղյուսակների տեսքով, որոնցից առաջ և հետո տրվում է պարզաբանում:

22. Տեխնոլոգիական հրահանգների և բաղադրագրերի շապիկները կազմվում են համաձայն N 1 ձևի, իսկ տիտղոսաթերթը՝ համաձայն N 2 ձևի:

23. Հաշվի առնելով արտադրանքի առանձնահատկությունները՝ տիտղոսաթերթի ձևը, անհրաժեշտության դեպքում, կարող է փոխվել:

(23-րդ կետը փոփ. 06.11.09 N 1259-Ն)

24. Տեխնոլոգիական հրահանգի և բաղադրագրի վերջին էջում, անհրաժեշտության դեպքում, տեքստից հետո կարող են զետեղվել փաստաթուղթը մշակող, դրա մշակմանը մասնակցող, համակատարող կազմակերպության, ինչպես նաև շահագրգիռ այլ կազմակերպության, որի հետ համաձայնեցված է, ստորաբաժանման ղեկավարի կամ կատարողների ստորագրությունները:

25. Տեխնոլոգիական հրահանգների և բաղադրագրերի գործողության ժամկետը սահմանվում է տվյալ արտադրանքի ստանդարտացման նորմատիվ փաստաթղթի գործողության ժամկետին (առկայության դեպքում) համապատասխան:

(25-րդ կետը փոփ. 06.11.09 N 1259-Ն)

26. Ժամանակավոր տեխնոլոգիական հրահանգների գործողության ժամկետը սահմանվում է տվյալ տեսակի արտադրանքի փորձնական խմբաքանակի ստանդարտացման նորմատիվ փաստաթղթի գործողության ժամկետին համապատասխան:

(26-րդ կետը փոփ. 06.11.09 N 1259-Ն)

27. Տեխնոլոգիական հրահանգները և բաղադրագրերը պետք է ունենան արտադրողի կողմից նախատեսված նշագրեր:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Ձև N 1

Տեխնոլոգիական հրահանգների և բաղադրագրերի շապիկի ձևը

___________________________________________________________________
(փաստաթուղթը հաստատող կազմակերպության անվանումը)

 

___________________________________________________________________
(արտադրանքի անվանումը (տեսակը, տարատեսակը)

 

___________________________________________________________________
(փաստաթղթի անվանումը` մեծատառերով)

 

___________________________________________________________________
(փաստաթղթի նշագիրը կամ համարը)

 

 

___________________________________________________________________
(փաստաթուղթը հաստատող կազմակերպության գտնվելու վայրը)



____ ___________ 200     թ.

(ձևը փոփ. 06.11.09 N 1259-Ն)

Ձև N 2

Տեխնոլոգիական հրահանգների և բաղադրագրերի տիտղոսաթերթի ձևը

___________________________________________________________________
(կազմակերպության անվանումը)


 

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ`

____________________________
(կազմակերպության անվանումը)
____________________________
(ղեկավարի պաշտոնը, ստորագրությունը, անունը և ազգանունը)

 ____ ___________ 200     թ.

Կ.Տ.

___________________________________________________________________
(արտադրանքի անվանումը (տեսակը, տարատեսակը) և փաստաթղթի անվանումը)

___________________________________________________________________
(փաստաթղթի անվանումը)

___________________________________________________________________
(փաստաթղթի նշագիրը կամ համարը)



 

Գործարկման թվականը  ___________________


 

__________________________________
(մշակող ստորաբաժանման (ծառայության) ղեկավարի պաշտոնը,

 


__________________________________
ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

____ ___________ 200     թ.

(ձևը փոփ. 06.11.09 N 1259-Ն)

(հավելվածը լրաց., փոփ. 06.11.09 N 1259-Ն, խմբ. 24.12.15 N 1518-Ն)