«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 ապրիլի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 ապրիլի 2003 թվականի N 416-Ն
ՑԱՄԱՔՈՒՐԴԱՅԻՆ ՋՐԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի 5-րդ մասի 30-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ցամաքուրդային ջրերի օգտագործման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
2003 թ. ապրիլի 21 Երևան
|
|
|
Հավելված ՀՀ կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 416-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՑԱՄԱՔՈՒՐԴԱՅԻՆ ՋՐԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում ցամաքուրդային ջրերի օգտագործման հետ կապված՝ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական անձանց և քաղաքացիների միջև հարաբերությունները:
2. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները՝
ցամաքուրդային (դրենաժային) համակարգ՝ գրունտային ջրերի մակարդակն իջեցնող և դրանց հեռացման համար անցկացվող բաց ջրանցքների, փակ ցամաքուրդների (դրենաժներ), չորացման հորերի և համապատասխան կառուցվածքների համակարգ,
ցամաքուրդային ջրեր՝ ցամաքուրդային համակարգով հեռացվող ջրեր,
դիմհար՝ ջրառի իրականացման նպատակով ստեղծված արհեստական պատնեշ:
3. Ցամաքուրդային ջրերի օգտագործումը, բացառությամբ ազատ ջրօգտագործման դեպքերի, իրականացվում է ջրօգտագործման թույլտվության հիման վրա: Ջրառի իրականացման տեխնիկական պայմանները համաձայնեցվում են ցամաքուրդային համակարգը շահագործող իրավաբանական կամ ֆիզիկական անձի հետ:
4. Ցամաքուրդային ջրեր օգտագործողը վճարում է բնօգտագործման վճար՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
5. Արգելվում է ցամաքուրդային համակարգերից ջրօգտագործումը՝ դիմհարներ ստեղծելու միջոցով:
6. Ցամաքուրդային ջրեր օգտագործողը ջրօգտագործման ընթացքում իր կողմից ցամաքուրդային համակարգին պատճառված վնասը հատուցում է սեփական միջոցների հաշվին:
7. Ցամաքուրդային ջրերի օգտագործումն իրականացվում է պայմանագրային հիմունքներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2121-Ն որոշմամբ հաստատված ոռոգման ջրի մատակարարման և օգտագործման կանոններով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |