Համարը 
N 620-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2003.06.18/33(268) Հոդ.565
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
22.05.2003
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
29.05.2003
Վավերացնող մարմինը 
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվը 
04.06.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
28.06.2003
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՋՐԱՅԻՆ ՕԲՅԵԿՏ-ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ, ԿԱԶՄԻ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

4 հունիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 մայիսի 2003 թվականի N 620-Ն

 

ՋՐԱՅԻՆ ՕԲՅԵԿՏ-ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ, ԿԱԶՄԻ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 105-րդ հոդվածին և 121-րդ հոդվածի 5-րդ մասի 23-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ջրային օբյեկտ-բնության հուշարձանների կարգավիճակի, կազմի և օգտագործման ու պահպանության առանձնահատկությունները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան 

 

2003 թ մայիսի 29

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2003 թվականի

մայիսի 22-ի N 620-Ն որոշման

 

ՋՐԱՅԻՆ ՕԲՅԵԿՏ-ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ, ԿԱԶՄԻ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Սույնով սահմանվում են լճերին, գետերին, լճակներին, հեյզերներին, ջրաճահճային տարածքներին, թերմալ և հանքային ջրաղբյուրներին, սառցադաշտերին (այսուհետ՝ ջրային օբյեկտ) բնության հուշարձանի կարգավիճակ տալու, կազմի, պահպանության և օգտագործման առանձնահատկությունները:

2. Ջրային օբյեկտ-բնության հուշարձաններին տրվում է միջազգային նշանակության կարգավիճակ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կողմից կնքված միջազգային համաձայնագրերի:

Միջազգային նշանակության կարգավիճակ ունեցող ջրային օբյեկտ-բնության հուշարձանների օգտագործման և պահպանության առանձնահատկությունները սահմանվում են համապատասխան միջազգային համաձայնագրերով:

3. Ջրային օբյեկտ-բնության հուշարձաններին տրվում է հանրապետական կամ տեղական նշանակության կարգավիճակ՝ համաձայն «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:

4. Հանրապետական նշանակության կարգավիճակ ստացող ջրային օբյեկտ-բնության հուշարձանը գտնվում է Հայաստանի Հանրապետության կառավարության պետական լիազոր մարմնի պահպանության և ենթակայության ներքո:

5. Տեղական նշանակության կարգավիճակ ստացող ջրային օբյեկտ-բնության հուշարձանը գտնվում է համապատասխան տարածքային պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների պահպանության և ենթակայության ներքո:

6. Այն ջրային օբյեկտ-բնության հուշարձանը, որն ստանում է հանրապետական կամ տեղական նշանակության կարգավիճակ և գտնվում է կազմակերպությունների կամ ֆիզիկական անձի հողատարածքում, մնում է այդ կազմակերպությունների կամ ֆիզիկական անձի տնօրինությանը՝ տվյալ բնության հուշարձանի պահպանման վկայականում նշված պահպանման ռեժիմի պայմանների պարտադիր կատարման պահանջով:

7. Հանրապետական և տեղական նշանակության ջրային օբյեկտ-բնության հուշարձանների ցանկը, կարգավիճակը և կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

8. Ջրային օբյեկտներն ստանում են բնության հուշարձանների կարգավիճակ, եթե՝

ա) օժտված են «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված առանձնահատկություններով.

բ) դրանք հանդիսանում են բնակության միջավայր Հայաստանի կարմիր գրքում գրանցված հազվագյուտ և անհետացող կենդանական ու բուսական աշխարհի օբյեկտների համար.

գ) ջրային օբյեկտների հարակից տարածքում առկա են պատմամշակութային և բնության եզակի համալիրներ.

դ) ջրային օբյեկտն ունի յուրահատուկ կամ եզակի աշխարհագրական դիրք և երկրաբանական ծագում:

9. Ջրային օբյեկտ-բնության հուշարձանն ստանում է պահպանման վկայական, որը ներառում է՝

ա) անվանումը և դրա նշանակությունը (միջազգային, հանրապետական, տեղական նշանակության),

բ) գտնվելու վայրը և ծովի մակերևույթի նկատմամբ բարձրության նիշը,

գ) տարածքի սահմանների նկարագրությունը, որը սահմանված կարգով հաստատվում է բնագավառի պետական լիազորված մարմնի և համապատասխան համայնքի ղեկավարի (համայնքի վարչական սահմաններում) կամ մարզպետի (համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում) կողմից,

դ) զբաղեցված մակերեսը,

ե) անհրաժեշտության դեպքում՝ առավելագույն և նվազագույն խորությունները,

զ) պահպանման ռեժիմը,

է) պահպանական գոտու չափերն ու ռեժիմը,

ը) պահպանությունն ապահովող կազմակերպության անվանումն ու գտնվելու վայրը:

10. Ջրային օբյեկտ-բնության հուշարձանի տարածքում ցանկացած գործունեություն չպետք է հակասի դրա պահպանման ռեժիմին:

11. Ջրային համակարգերում ջրային օբյեկտները չեն կարող ունենալ բնության հուշարձանի կարգավիճակ:

12. Ջրային օբյեկտ-բնության հուշարձանի ցանկացած տեսակի օգտագործումը չպետք է հակասի այդ բնության հուշարձանի պահպանման ռեժիմին:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան