ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2016 թվականի դեկտեմբերի 16-ին
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
1. Սույն սահմանադրական օրենքը սահմանում է կուսակցությունների իրավական կարգավիճակը, կարգավորում է կուսակցությունների ստեղծման, պետական գրանցման, կառուցվածքի, իրավունքների և պարտականությունների, գույքի ձևավորման, դրա աղբյուրների, ֆինանսական գործունեության, կուսակցությունների հանրային աջակցության, կուսակցությունների հաշվետվությունների և աուդիտի, միջազգային գործունեության, նրանց գործունեության նկատմամբ ֆինանսական վերահսկողության, գործունեության կասեցման, գործունեության վերսկսման, արգելման, վերակազմակերպման և լուծարման հետ կապված հարաբերությունները:
Հոդված 2. |
«Կուսակցություն» հասկացությունը |
1. Կուսակցությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամավոր միավորում է, որի նպատակը հանրաքվեներին, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու և հասարակության ու պետության քաղաքական կյանքին մասնակցության այլ ձևերով ժողովրդի քաղաքական կամքի ձևավորմանն ու արտահայտմանը նպաստելն է:
2. Կուսակցությունը պետական գրանցման պահից ձեռք է բերում ոչ առևտրային իրավաբանական անձի կարգավիճակ:
Հոդված 3. |
Կուսակցությունների մասին օրենսդրությունը |
1. Կուսակցությունների կազմավորման և գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով, ինչպես նաև սույն օրենքին համապատասխան ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական այլ ակտերով:
Հոդված 4. |
Կուսակցությունների գործունեության սկզբունքները |
1. Կուսակցությունները հավասար են օրենքի առջև` անկախ իրենց ծրագրային փաստաթղթերում արտացոլված գաղափարախոսությունից, նպատակներից, խնդիրներից և այլ հանգամանքներից:
2. Կուսակցության գործունեությունը հիմնվում է անդամության կամավորության, անդամների իրավահավասարության, սեռից, ռասայից, մաշկի գույնից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից կախված խտրականության արգելման, կուսակցության անկախության, ինքնակառավարման, կոլեգիալության, գործունեության թափանցիկության, հրապարակայնության և հաշվետվողականության սկզբունքների վրա:
3. Կուսակցությունները, հաշվի առնելով կուսակցությունների գործունեության սկզբունքները, ինքնուրույն են որոշում իրենց ներքին կառուցվածքը, նպատակները, գործունեության ձևերն ու մեթոդները, կուսակցության մարմինների ձևավորման կարգը, որոնք չեն կարող հակասել ժողովրդավարական սկզբունքներին:
Հոդված 5. |
Կուսակցությունների ստեղծման և գործունեության սահմանափակումները |
1. Արգելվում է այն կուսակցությունների ստեղծումը կամ գործունեությունը, որոնք քարոզում են սահմանադրական կարգի բռնի տապալում կամ բռնություն են կիրառում սահմանադրական կարգը տապալելու նպատակով:
2. Արգելվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, պետական նախադպրոցական, դպրոցական և այլ ուսումնական հաստատություններում, պետական այլ կազմակերպություններում կուսակցությունների ստորաբաժանումների տեղակայումը:
3. Արգելվում է Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա կուսակցությունների կամ դրանց ստորաբաժանումների, ինչպես նաև հիմնարկների ստեղծումը կամ գործունեությունը:
Հոդված 6. |
Պետությունը և կուսակցությունները |
1. Արգելվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց միջամտությունը կուսակցությունների գործունեությանը, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:
2. Կուսակցությունների անդամները, որոնք Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ են զբաղեցնում, իրավունք չունեն իրենց ծառայողական (պաշտոնեական) դիրքն օգտագործելու հօգուտ կուսակցական շահերի: Նշված անձինք իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կաշկանդված չեն կուսակցության որոշումներով:
3. Կուսակցություններին անդամակցելը կամ չանդամակցելը անձի իրավունքներն ու ազատությունները սահմանափակելու կամ պետության կողմից նրան որևէ արտոնություն կամ առավելություն տրամադրելու հիմք չէ:
Գ Լ ՈՒ Խ 2
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ
Հոդված 7. |
Կուսակցությունների ստեղծումը |
1. Կուսակցությունը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նախաձեռնությամբ` հիմնադիր համագումարի որոշմամբ:
2. Հիմնադիր համագումարը իրավազոր է, եթե դրան մասնակցում է առնվազն 100 հիմնադիր:
Հոդված 8. |
Կուսակցության հիմնադիր համագումարի կողմից որոշումների ընդունումը |
1. Կուսակցության հիմնադիր համագումարը որոշումներ է ընդունում կուսակցության ստեղծման, կուսակցության ծրագրի ընդունման և կանոնադրության հաստատման, պետական գրանցման համար լիազորված անձի (անձանց), ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների կազմավորման մասին, ինչպես նաև իր կազմից ընտրում է մշտապես գործող ղեկավար մարմնի ղեկավար (կամ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար):
2. Կուսակցության ստեղծման մասին որոշումն ընդունվում է կուսակցության հիմնադիր համագումարին ներկա առնվազն 100 հիմնադրի միաձայն որոշմամբ:
3. Կուսակցության ծրագրի և կանոնադրության հաստատման, պետական գրանցման համար լիազորված անձի (անձանց), ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների ձևավորման մասին որոշումներն ընդունվում են կուսակցության հիմնադիր համագումարին ներկա հիմնադիրների ձայների մեծամասնությամբ:
4. Հիմնադիր համագումարի կազմակերպիչները հիմնադիր համագումարի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում՝ http://www.azdarar.am, հրապարակում են կուսակցության հիմնադիր համագումարի անցկացման ժամանակի և վայրի մասին ծանուցում, ինչպես նաև կուսակցության կանոնադրության և ծրագրի նախագծերի հիմնական դրույթները:
Հոդված 9. |
Կուսակցության պետական գրանցման կարգը |
1. Կուսակցության` որպես իրավաբանական անձի իրավունակությունը ծագում է պետական գրանցման պահից:
2. Պետական գրանցման պահին կուսակցությունը պետք է ունենա ոչ պակաս, քան 800 անդամ, որոնք ներկայացնում են Երևան քաղաքը կամ Հայաստանի Հանրապետության մարզերի առնվազն 1/3-ը կամ Երևան քաղաքը և Հայաստանի Հանրապետության մարզերի առնվազն 1/4-ը, ինչպես նաև տարածքային ստորաբաժանումներ`
1) Երևան քաղաքում` առնվազն երեք ստորաբաժանում կամ
2) Հայաստանի Հանրապետության մարզերի առնվազն 1/3-ում` յուրաքանչյուրում առնվազն մեկ ստորաբաժանում կամ
3) Երևան քաղաքում և Հայաստանի Հանրապետության մարզերի առնվազն 1/4-ում` յուրաքանչյուրում առնվազն մեկ ստորաբաժանում:
3. Կուսակցության պետական գրանցումը կատարում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը` Արդարադատության նախարարությունը (այսուհետ` պետական լիազոր մարմին):
4. Պետական գրանցման նպատակով կուսակցությունը պետական լիազոր մարմին է ներկայացնում.
1) կուսակցության կանոնադրության առնվազն երկու օրինակ.
2) հանրային կյանքի կազմակերպման հայեցակարգի վերաբերյալ կուսակցության մոտեցումներն արտացոլող ծրագրի առնվազն երկու օրինակ.
3) պետական գրանցման մասին դիմում՝ ստորագրված կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամների կողմից` նրանցից յուրաքանչյուրի անձնագրային տվյալների և հաշվառման հասցեի նշումով.
4) հիմնադիր համագումարի արձանագրությունը, ինչպես նաև կուսակցության ստեղծման, մշտապես գործող ղեկավար մարմնի ղեկավարի (կամ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի) ընտրության, տարածքային ստորաբաժանումների կազմավորման, դրանց գտնվելու վայրի, կանոնադրության հաստատման ու ծրագրային փաստաթղթերի ընդունման, պետական գրանցման համար լիազորված անձի (անձանց), ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների կազմավորման մասին որոշումները.
5) պետական գրանցման պահին կուսակցության հիմնադիրների ցանկը, որը պետք է պարունակի անդամի անունը, ազգանունը, ստորագրությունը, նշում՝ համապատասխան տարածքային ստորաբաժանման վերաբերյալ.
6) հիմնադիր համագումարին մասնակցած հիմնադիրների անունները, ազգանունները, անձնագրերի պատճենները, ստորագրությունները.
7) կուսակցության ղեկավար մարմինների կազմի մասին տեղեկություններ (անուն, ազգանուն, անձնագրային տվյալներ, բնակության վայր).
8) կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի գտնվելու վայրի մասին տեղեկանք.
9) պետական գրանցման համար պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ.
10) տեղեկատվություն կուսակցության տարածքային ստորաբաժանումների վերաբերյալ:
5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված փաստաթղթերը պետական գրանցման համար ներկայացվում են կուսակցության հիմնադիր համագումարի անցկացման օրվանից ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում:
6. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելու դեպքում պետական լիազոր մարմինը մեկամսյա ժամկետում գրանցում է կուսակցությունը կամ սույն օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում վերադարձնում է պետական գրանցման դիմումը կամ մերժում է կուսակցության պետական գրանցումը:
7. Կուսակցության պետական գրանցումից հետո երկշաբաթյա ժամկետում կուսակցության կանոնադրությունը, ծրագիրը համընդհանուր իրազեկման նպատակով ենթակա են հրապարակման պետական լիազոր մարմնի պաշտոնական կայքում:
Հոդված 10. |
Կուսակցության պետական գրանցման դիմումը վերադարձնելը |
1. Պետական գրանցման համար սույն օրենքով սահմանված պահանջների չպահպանման դեպքում պետական լիազոր մարմինը վերադարձնում է պետական գրանցման դիմումը: Կուսակցության պետական գրանցման դիմումը վերադարձնելու մասին պետական լիազոր մարմնի որոշումը պետք է լինի պատճառաբանված՝ նշում պարունակելով սույն օրենքի այն դրույթների վերաբերյալ, որոնց պահանջները չեն պահպանվել:
2. Հայտնաբերված թերությունները շտկելու և պետական գրանցման դիմումը կուսակցության հիմնադիր համագումարի անցկացման օրվանից ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում կրկին պետական լիազոր մարմին ներկայացնելու դեպքում այն համարվում է ընդունված, և պետական տուրք կրկին չի գանձվում:
3. Պետական գրանցման դիմումը վերադարձնելը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:
Հոդված 11. |
Կուսակցության պետական գրանցումը մերժելը |
1. Պետական լիազոր մարմինը մերժում է կուսակցության պետական գրանցումը, եթե՝
1) կուսակցության կանոնադրության կամ ծրագրի դրույթները ուղղված են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի բռնի տապալմանը, կամ
2) կուսակցության հիմնադիրների թիվը չի համապատասխանում սույն օրենքի պահանջներին, կամ կուսակցության հիմնադիր համագումարում որոշում չի ընդունվել կուսակցության ստեղծման կամ կուսակցության ծրագրի ընդունման կամ կանոնադրության հաստատման կամ ղեկավար կամ վերահսկողություն իրականացնող մարմինների կազմավորման մասին, ինչպես նաև ընտրված չէ մշտապես գործող ղեկավար մարմնի ղեկավար (կամ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար), կամ
3) կուսակցության պետական գրանցման դիմումը ներկայացվել է կուսակցության հիմնադիր համագումարի անցկացման օրվանից մեկ տարի անց:
2. Կուսակցության պետական գրանցումը մերժելու մասին պետական լիազոր մարմնի որոշումը պետք է լինի պատճառաբանված՝ հղում պարունակելով սույն օրենքի այն դրույթներին, որոնք մերժման հիմք են հանդիսացել:
3. Կուսակցության պետական գրանցման մերժումը, ինչպես նաև սույն օրենքով սահմանված ժամկետում չգրանցելը կարող են բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 3
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Հոդված 12. |
Կուսակցության անդամները |
1. Կուսակցությանն անդամակցությունը կամավոր է և անհատական:
2. Կուսակցության անդամներ կարող են լինել տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության գործունակ քաղաքացիները:
3. Կուսակցության հիմնադիրները կուսակցության պետական գրանցումից հետո օրենքի ուժով դառնում են կուսակցության անդամներ:
4. Յուրաքանչյուր անձ կարող է միաժամանակ լինել միայն մեկ կուսակցության հիմնադիր:
5. Կուսակցությանն անդամակցությունը կատարվում է քաղաքացու դիմումի հիման վրա` սույն օրենքին համապատասխան՝ կուսակցության կանոնադրությամբ նախատեսված կարգով:
6. Կուսակցության անդամներն իրավունք ունեն ընտրելու և ընտրվելու տվյալ կուսակցության ու նրա տարածքային ստորաբաժանումների ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմիններում, ներկա լինելու կուսակցության համագումարի նիստերին, ծանոթանալու կուսակցության մարմինների արձանագրություններին, ստանալու նրանց ընդունած որոշումների պատճենները, տեղեկատվություն ստանալու կուսակցության ու նրա ղեկավար մարմինների գործունեության վերաբերյալ, ստանալու փաստաթղթերի պատճեններ` կուսակցության կանոնադրության փոփոխությունների, գույքի կառավարումից ստացած դրամական միջոցների վերաբերյալ, ինչպես նաև ստանալու կուսակցության ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացրած անկախ աուդիտորի եզրակացությունը, բողոքարկելու կուսակցության մարմինների որոշումներն ու գործողությունները, կամովին դադարեցնելու իրենց անդամակցությունը:
7. Կուսակցության անդամները, կուսակցության կանոնադրությանը համապատասխան, կարող են ունենալ այլ իրավունքներ և պարտականություններ:
8. Իրենց կանոնադրական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում կուսակցության անդամները կարող են կանոնադրությամբ նախատեսված կարգով ենթարկվել կարգապահական պատասխանատվության, ընդհուպ` կուսակցությունից հեռացման:
Հոդված 13. |
Կուսակցությանն անդամակցելու արգելքները |
1. 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ` Սահմանադրություն) 46-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` կուսակցության հիմնադիր կամ անդամ չեն կարող լինել դատավորները, դատախազները, քննիչները։
2. Օրենքով կարող են սահմանվել զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության և այլ ռազմականացված մարմիններում ծառայողների կողմից կուսակցություն ստեղծելու և որևէ կուսակցության անդամագրվելու իրավունքի սահմանափակումներ:
3. Սահմանադրության համաձայն` իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում կուսակցության անդամ չեն կարող լինել Հանրապետության նախագահը, Մարդու իրավունքների պաշտպանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամները, Հաշվեքննիչ պալատի անդամները, Կենտրոնական բանկի խորհրդի անդամները:
Հոդված 14. |
Կուսակցության անվանումը |
1. Կուսակցության անվանումը ներառում է «կուսակցություն» բառը:
2. Կուսակցության անվանումը կամ հապավումը չպետք է նույնական կամ շփոթելու աստիճան նման լինի գրանցված կուսակցությունների նախկին անվանումներին, գրանցված կուսակցությունների ու այլ հասարակական միավորումների, տվյալ կուսակցության գրանցմանը նախորդող հինգ տարվա ընթացքում «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով գործունեությունը արգելված կուսակցությունների, ինչպես նաև գրանցման գործընթացում գտնվող կուսակցությունների անվանումներին կամ դրանց հապավումներին:
3. Կուսակցության անվանման մեջ հանրահայտ ֆիզիկական անձի լրիվ կամ կրճատ անունը կարող է օգտագործվել միայն այդ անձի, իսկ հանրահայտ ֆիզիկական անձի մահացած լինելու դեպքում` նրա ժառանգի գրավոր համաձայնությամբ: Ժառանգ չունենալու դեպքում մահացած հանրահայտ անձի անունը կարող է օգտագործվել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
4. Կուսակցության անվանման մեջ չի թույլատրվում օգտագործել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումները կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ:
5. Կուսակցության անվանումը չի կարող պարունակել վիրավորական կամ զրպարտչական բնույթի բառեր կամ այլ արտահայտություններ:
6. Կուսակցության անվանումը չպետք է խախտի քաղաքացիների և իրավաբանական անձանց մտավոր սեփականության իրավունքը:
7. Կուսակցություններ չհանդիսացող իրավաբանական անձինք, ինչպես նաև դրանց առանձնացված ստորաբաժանումները և հիմնարկները չեն կարող իրենց անվանման մեջ օգտագործել «կուսակցություն» բառը:
8. Կուսակցության տարածքային ստորաբաժանումները օգտագործում են կուսակցության անվանումը՝ նշելով համապատասխան տարածքը:
Հոդված 15. |
Կուսակցության խորհրդանշանը և այլ խորհրդանիշերը |
1. Կուսակցությունները կարող են ունենալ խորհրդանշան և այլ խորհրդանիշեր, որոնց նկարագրությունը սահմանվում է կուսակցության կանոնադրությամբ:
2. Կուսակցության խորհրդանշանը և այլ խորհրդանիշերը չեն կարող նույնական կամ շփոթելու աստիճան նման լինել Հայաստանի Հանրապետության կամ այլ պետության դրոշին կամ զինանշանին, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև գործող կուսակցությունների ու հասարակական այլ միավորումների, միջազգային կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության տարածքում արգելված կազմակերպությունների կամ կուսակցությունների խորհրդանշաններին և այլ խորհրդանիշերին:
3. Կուսակցության խորհրդանշանը և այլ խորհրդանիշերը չեն կարող պարունակել վիրավորական կամ զրպարտչական բնույթի բառեր կամ այլ արտահայտություններ:
4. Կուսակցության խորհրդանշանը և այլ խորհրդանիշերը չպետք է խախտեն քաղաքացիների և իրավաբանական անձանց մտավոր սեփականության իրավունքը:
Հոդված 16. |
Կուսակցության կանոնադրությունը |
1. Կուսակցությունը, նրա կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումները գործում են կուսակցության կանոնադրության հիման վրա, որի դրույթները չպետք է հակասեն Սահմանադրությանը, միջազգային պայմանագրերին, օրենքներին և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերին:
2. Կանոնադրությունում սահմանվում են կուսակցության`
1) անվանումը, ներառյալ` անվանման հապավումը, ինչպես նաև խորհրդանշանի, այլ խորհրդանիշերի նկարագրությունը (եթե դրանք առկա են).
2) կուսակցությանն անդամակցելու և անդամությունը դադարեցնելու պայմաններն ու կարգը.
3) անդամների իրավունքները և պարտականությունները.
4) կառուցվածքը, ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների ձևավորման և կազմալուծման կարգը, իրավունքները և պարտականությունները և դրանց ժամկետները.
5) կուսակցության համագումարին մասնակցող պատվիրակների ընտրության կարգը.
6) տարածքային ստորաբաժանումների ստեղծման և գործունեության դադարեցման կարգը.
7) տարածքային ստորաբաժանումների ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների ձևավորման և կազմալուծման կարգը, իրավունքները և պարտականությունները և դրանց ժամկետները.
8) կանոնադրությունում փոփոխություններ և լրացումներ կատարելու կարգը.
9) կուսակցության անդամների նկատմամբ կիրառվող կարգապահական պատասխանատվության միջոցները, դրանց կիրառման հիմքերն ու կարգը, դրանք կիրառող իրավասու մարմինները.
10) դրամական միջոցների և գույքի ձեռքբերման աղբյուրները, գույքը կառավարելու` կուսակցության տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների իրավունքները:
3. Կուսակցության կանոնադրությամբ սահմանվում է նաև Ազգային ժողովի ընտրություններին և Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքների ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների ձևավորման կարգը: Ընտրական ցուցակների ձևավորման ժամանակ առնվազն հաշվի են առնվում կուսակցությունների անդամների, ինչպես նաև տարածքային ստորաբաժանումների ներկայացրած առաջարկությունները:
4. Կուսակցության կանոնադրությունը կարող է պարունակել նաև իր գործունեությանը վերաբերող այլ դրույթներ:
Հոդված 17. |
Կուսակցության ղեկավար մարմինները |
1. Կուսակցության բարձրագույն ղեկավար մարմինը կուսակցության համագումարն է (համագումար, ժողով, համաժողով, վեհաժողով և այլն), որը հրավիրում է կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմինը կուսակցության կանոնադրությամբ նախատեսված ժամկետում, բայց ոչ ուշ, քան չորս տարին մեկ անգամ: Կուսակցության համագումարում ընտրվում են կուսակցության կանոնադրությամբ սահմանված մարմինները, որոնք հաշվետու են համագումարին:
2. Կուսակցության համագումարն իրավասու է քննարկելու իր որոշմամբ սահմանված ցանկացած հարց, որի վերաբերյալ որոշում կայացնելու իրավունքը օրենքով կամ կանոնադրությամբ վերապահված չէ այլ մարմնի։
3. Կուսակցության համագումարի բացառիկ իրավասություններն են`
1) կուսակցության կանոնադրության հաստատումը և ծրագրի ընդունումը, դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելը, բացառությամբ սույն օրենքի փոփոխությամբ պայմանավորված փոփոխությունների և լրացումների.
2) ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների կազմավորումը.
3) մշտապես գործող ղեկավար մարմնի ղեկավարի ընտրությունը.
4) կուսակցության վերակազմակերպումը:
4. Կուսակցության անունից այլ մարմինների և անձանց հետ հարաբերություններում հանդես է գալիս կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմինը, իսկ կոլեգիալ ղեկավար մարմնի դեպքում` կոլեգիալ մարմնի ղեկավարը:
5. Կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմինը՝
1) հաստատում է կուսակցության տարեկան բյուջեն, եթե այդ իրավասությունը կուսակցության կանոնադրությամբ վերապահված չէ կուսակցության համագումարին.
2) հաստատված տարեկան բյուջեի հիման վրա հաստատում է կուսակցության ծախսերի նախահաշիվը.
3) կուսակցության անունից կնքում է քաղաքացիաիրավական գործարքներ.
4) իր անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունում է սույն օրենքի փոփոխությամբ պայմանավորված՝ կուսակցության կանոնադրության և ծրագրի փոփոխությունները և լրացումները.
5) որոշում է կայացնում կուսակցության լուծարման մասին, եթե համագումարն իրավազոր չի եղել.
6) իրականացնում է օրենքով և կանոնադրությամբ վերապահված այլ իրավունքներ։
Հոդված 18. |
Կուսակցության համագումարում որոշումների ընդունման կարգը |
1. Կուսակցության համագումարին ձայնի իրավունքով մասնակցում են կուսակցության կանոնադրությամբ սահմանված կարգով ընտրված ներկայացուցիչները՝ պատվիրակները:
2. Կուսակցության համագումարն իրավազոր է, եթե նրան ներկա են համագումարի պատվիրակների ընդհանուր թվի առնվազն կեսը, բայց ոչ պակաս, քան 100 պատվիրակ:
3. Կուսակցության համագումարի որոշումները, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի, ընդունվում են համագումարին ներկա պատվիրակների ձայների մեծամասնությամբ:
4. Կուսակցության կանոնադրության հաստատման և ծրագրի ընդունման, դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու, բացառությամբ սույն օրենքի փոփոխությամբ պայմանավորված փոփոխությունների և լրացումների, ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների կազմավորման, մշտապես գործող ղեկավար մարմնի ղեկավարի ընտրության, կուսակցության վերակազմակերպման, լուծարման մասին որոշումներն ընդունվում են ընտրված պատվիրակների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Հոդված 19. |
Կուսակցության տարածքային ստորաբաժանումները |
1. Կուսակցությունների տարածքային ստորաբաժանումներն ստեղծվում են տարածքային հատկանիշով՝ Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում:
2. Կուսակցության ղեկավար մարմիններն ու նրա տարածքային ստորաբաժանումները կարող են գտնվել միայն Հայաստանի Հանրապետության տարածքում: Այլ պետություններում կուսակցությունը կարող է ունենալ միայն ներկայացուցչություններ:
Գ Լ ՈՒ Խ 4
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ
Հոդված 20. |
Կուսակցության, կուսակցությունների դաշինքի բացառիկ իրավունքները |
1. Կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները բացառիկ իրավունք ունեն օրենքով սահմանված կարգով առաջադրելու Ազգային ժողովի պատգամավորի, ինչպես նաև Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների ավագանու անդամի թեկնածուներ:
Հոդված 21. |
Կուսակցության իրավունքները |
1. Կուսակցությունն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով`
1) մասնակցելու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների, ինչպես նաև հանրաքվեների նախապատրաստմանն ու անցկացմանը.
2) «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրական գործընթացում հավասար և ոչ խտրական պայմաններով օգտվելու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հիմնադրած զանգվածային լրատվության միջոցներից.
3) հիմնադրելու զանգվածային լրատվության միջոցներ և հրատարակչություններ.
4) ազատորեն տեղեկատվություն տարածելու իր գործունեության մասին, քարոզելու իր գաղափարներն ու նպատակները.
5) կազմակերպելու և անցկացնելու խաղաղ, առանց զենքի հավաքներ.
6) առանց իրավաբանական անձ կազմավորելու այլ կուսակցությունների հետ ստեղծելու դաշինքներ (միավորումներ).
7) հաստատելու և պահպանելու միջազգային կապեր այլ պետությունների կուսակցությունների և հասարակական միավորումների, միջազգային կազմակերպությունների հետ, դառնալու միջազգային միությունների անդամ.
8) իրականացնելու օրենքով չարգելված այլ գործունեություն:
2. Կուսակցությունն իրավունք ունի, իր կանոնադրային նպատակներին համապատասխան, տնօրինելու իր գույքը և գործունեության արդյունքները:
3. Կուսակցությունն իրավունք չունի լինելու առևտրային իրավաբանական անձի հիմնադիր կամ մասնակից, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:
4. Ազգային ժողովի ընտրություններում կուսակցությունների դաշինքները կարող են կազմավորվել առնվազն երկու կուսակցության կողմից:
5. Կուսակցությունների համար երաշխավորվում է ընդդիմադիր գործունեություն իրականացնելու ազատություն, այդ թվում`
1) հրապարակայնորեն ներկայացնել իր դիրքորոշումը պետական և հասարակական կյանքի տարբեր հարցերի վերաբերյալ.
2) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, պաշտոնատար անձանց ներկայացնել անհատական և կոլեկտիվ հանրագրեր, որոնք համապատասխան մարմինների և պաշտոնատար անձանց կողմից օրենքով սահմանված կարգով ենթակա են քննարկման:
Հոդված 22. |
Կուսակցության պարտականությունները |
1. Կուսակցությունը պարտավոր է`
1) պահպանել Սահմանադրությունը և օրենքները.
2) յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում՝ հttp://www.azdarar.am, հրապարակել գույքի օգտագործման վերաբերյալ հաշվետվություն` նշելով դրա կազմավորման աղբյուրները:
2. Ընտրություններին մասնակցող կուսակցություններն ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման համար օրենքով սահմանված ժամկետի ավարտից հետո՝ հինգ օրվա ընթացքում, Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում կուսակցության (կուսակցությունների դաշինքները` դրանցում ընդգրկված կուսակցությունների) գույքի և եկամուտների մասին հայտարարագիր:
Հոդված 23. |
Կուսակցության գույքը |
1. Կանոնադրությամբ և ծրագրով սահմանված նպատակների իրականացման համար կուսակցությունը սեփականության կամ այլ գույքային իրավունքով կարող է ունենալ ցանկացած գույք: Կուսակցությունը սեփականության իրավունքով չի կարող ունենալ այնպիսի գույք, որը հանված է շրջանառությունից:
2. Կուսակցության գույքը գոյանում է`
1) կուսակցությանն անդամագրվելու համար միանվագ կատարվող վճարներից (մուտքի վճարներից), սահմանված չափով պարբերաբար կատարվող վճարներից (անդամավճարներից), եթե դրանք սահմանված են կուսակցության կանոնադրությամբ.
2) սույն օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված նվիրատվություններից.
3) սույն օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված կարգով բյուջետային ֆինանսավորումից.
4) սույն օրենքով սահմանված գործունեությունից ստացված եկամուտներից:
3. Մեկ ֆիզիկական անձի կողմից անդամավճարի առավելագույն չափը տարեկան չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի հազարապատիկը:
4. Կուսակցության անդամը սեփականության իրավունք չունի կուսակցությանը պատկանող գույքի նկատմամբ: Կուսակցության գույքի նվիրատվությունն արգելվում է:
5. Կուսակցությունն իր գույքով պատասխանատվություն չի կրում իր անդամների պարտավորությունների համար, իսկ կուսակցության անդամը իր գույքով պատասխանատվություն չի կրում կուսակցության պարտավորությունների համար:
Հոդված 24. |
Կուսակցություններին կատարվող նվիրատվությունները |
1. Կուսակցություններն իրավունք ունեն գույքի, այդ թվում` դրամական միջոցների, ներառյալ` վարկերի, փոխառությունների, երրորդ անձանց կողմից կուսակցության պարտքի մարման տեսքով նվիրատվություններ ստանալու ֆիզիկական և իրավաբանական անձանցից, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի:
2. Կուսակցությանը տրվող նվիրատվության, ինչպես նաև կուսակցության համար կատարված աշխատանքների ու ծառայությունների (այսուհետ` նվիրատվություն) ընդհանուր չափը` դրամական արտահայտությամբ, մեկ տարվա ընթացքում չի կարող գերազանցել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի միլիոնապատիկը, այդ թվում`
1) մեկ առևտրային կազմակերպության կողմից` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը.
2) մեկ ոչ առևտրային կազմակերպության կողմից` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը.
3) մեկ ֆիզիկական անձի կողմից` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում մեկ անձի կողմից կուսակցությանը նվիրված անշարժ գույքի արժեքը չի կարող գերազանցել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհազարապատիկը: Կուսակցությանը նվիրատվության կարգով տրվող անշարժ գույքը չի կարող օտարվել նվիրատվության օրվանից առնվազն հինգ տարվա ընթացքում:
4. Նվիրատվություններ չեն թույլատրվում`
1) բարեգործական կամ կրոնական կազմակերպություններից, ինչպես նաև դրանց մասնակցությամբ կազմակերպություններից.
2) պետական և համայնքային բյուջեներից և (կամ) արտաբյուջետային միջոցներից, բացառությամբ սույն օրենքի 26-րդ հոդվածի համաձայն կատարվող ֆինանսավորման.
3) պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններից և պետական ու համայնքային մասնակցությամբ առևտրային կազմակերպություններից.
4) օտարերկրյա պետություններից, օտարերկրյա քաղաքացիներից ու իրավաբանական անձանցից, ինչպես նաև օտարերկրյա մասնակցությամբ իրավաբանական անձանցից, եթե օտարերկրյա մասնակցի բաժնետոմսերը, փայը, բաժնեմասը տվյալ իրավաբանական անձի կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալում 30 տոկոսից ավելի է.
5) միջազգային կազմակերպություններից.
6) քաղաքացիություն չունեցող անձանցից.
7) անանուն անձանցից:
5. Սույն հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով սահմանված չափը գերազանցող նվիրատվությունների ստացման դեպքում կուսակցությունը պարտավոր է ստանալուց հետո` երկու շաբաթվա ընթացքում, նվիրատվության սահմանված չափը գերազանցող մասը կամ նվիրատվությունն ամբողջությամբ, իսկ սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով չթույլատրված նվիրատվությունները ամբողջությամբ վերադարձնել նվիրատուին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցել պետական բյուջե:
6. Սույն հոդվածի 4-րդ մասի 2-5-րդ և 7-րդ կետերով չթույլատրված նվիրատվությունների ստացման դեպքում կուսակցությունը պարտավոր է ստանալուց հետո` երկու շաբաթվա ընթացքում, դրանք փոխանցել պետական բյուջե:
7. Նվիրատվություն կատարող ֆիզիկական անձինք պարտավոր են նշել իրենց անունը, ազգանունը, իսկ իրավաբանական անձինք` իրավաբանական անձանց միջև անկանխիկ հաշվարկի կանոններով պահանջվող բոլոր տեղեկությունները:
8. Կուսակցությանը օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից ավելի դրամական հատկացումները կատարվում են անկանխիկ:
9. Սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված համապատասխան նվիրատվությունների ստացման և դրանք օրենքով սահմանված ժամկետներում համապատասխանաբար պետական բյուջե կամ նվիրատուին չփոխանցելու դեպքում կուսակցությունը օրենքով սահմանված կարգով ենթակա է պատասխանատվության:
Գ Լ ՈՒ Խ 5
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 25. |
Կուսակցություններին հանրային աջակցության ձևերը |
1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները օրենքով սահմանված կարգով բոլոր կուսակցություններին հավասար և ոչ խտրական պայմաններով ցուցաբերում են հետևյալ աջակցությունը.
1) ապահովում են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցությամբ հիմնադրված զանգվածային լրատվության միջոցներից օգտվելու հնարավորությունը.
2) կուսակցություններին տրամադրում են իրենց պատկանող շինություններ, կապի միջոցներ, որոնցից օգտվելու առաջնահերթ իրավունք ունեն Ազգային ժողովի ընտրություններում մանդատների բաշխմանը մասնակցած կուսակցությունները.
3) նախընտրական քարոզչություն իրականացնելու համար կուսակցություններին ու նրանց տարածքային ստորաբաժանումներին Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով ապահովում են համապատասխան հնարավորություններով:
2. Պետական մարմինները սույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված կարգով ֆինանսավորում են կուսակցությունների գործունեությունը:
Հոդված 26. |
Կուսակցությունների պետական ֆինանսավորումը |
1. Կուսակցությունների պետական ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին: Այդ ծախսերն արտացոլվում են պետական բյուջեում առանձին հոդվածով:
2. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված` կուսակցությունների ֆինանսավորման միջոցների ընդհանուր ծավալը չի կարող պակաս լինել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 0,04-ապատիկի և Ազգային ժողովի վերջին ընտրությունների ժամանակ ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների ընդհանուր թվի արտադրյալից:
3. Պետական բյուջեից միջոցներ հատկացվում են այն կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին), որի ընտրական ցուցակն Ազգային ժողովի վերջին ընտրությունների ժամանակ ստացել է քվեարկությանը մասնակցած բոլոր կուսակցությունների ընտրական ցուցակների օգտին կողմ տրված ձայների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն երեք տոկոսը:
4. Պետական բյուջեից կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) հատկացվող միջոցները կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) միջև բաշխվում են Ազգային ժողովի վերջին ընտրություններում նրանց ստացած ձայներին համամասնորեն:
5. Նշված միջոցները կուսակցությունների ընտրական դաշինքին մասնակցող կուսակցությունների միջև բաշխվում են հավասարապես, եթե այլ բան նախատեսված չէ կուսակցությունների ընտրական դաշինքի որոշմամբ:
6. Կուսակցության վերակազմակերպման, լուծարման մասին որոշում ընդունելու, գործունեության արգելման մասին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից պետական բյուջեի միջոցների հատկացումը դադարեցվում է:
Գ Լ ՈՒ Խ 6
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՈՒԴԻՏԸ
Հոդված 27. |
Կուսակցությունների հաշվետվությունները |
1. Կուսակցությունները պետական մարմիններին ֆինանսական ու հաշվապահական հաշվետվություններ են ներկայացնում իրավաբանական անձանց համար օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:
2. Կուսակցությունը պարտավոր է յուրաքանչյուր տարի` հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ, զանգվածային լրատվության միջոցներով հրապարակել հաշվետու տարվա ընթացքում կուսակցության ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին հաշվետվությունը (այսուհետ` հաշվետվություն) և օրենքով նախատեսված դեպքերում դրա վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը, ինչպես նաև սահմանված կարգով այն տեղադրել Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:
3. Կուսակցությունն իր հաշվետվությունը զանգվածային լրատվության միջոցով հրապարակելուց և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո պարտավոր է հաշվետու տարվան հաջորդող ապրիլի 1-ից ոչ ուշ հաշվետվությունը և դրա հրապարակման փաստը վկայող ապացույցը ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն (այսուհետ` Վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն):
4. Հաշվետու տարվա ընթացքում կուսակցության հաշվետվությունը պետք է տվյալներ պարունակի կուսակցության հաշվում մուտք արված միջոցների աղբյուրների և ծավալի, այդ միջոցների ծախսման, ինչպես նաև ունեցած գույքի մասին` նշելով դրա արժեքը:
5. Կուսակցության ստացած նվիրատվությունների աղբյուրը` անկախ արժեքից, նշվում է կուսակցության հաշվետվությունում:
6. Կուսակցության կողմից նախընտրական քարոզչության նախապատրաստման և իրականացման համար ծախսված միջոցների հաշվառումը կատարվում է առանձին:
7. Հաշվետվության հրապարակման և ներկայացման կարգը (ներառյալ` հաշվետվության ձևը) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 28. |
Կուսակցությունների հաշվետվությունների աուդիտը |
1. Այն կուսակցությունները, որոնց ակտիվների արժեքը գերազանցել է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը, պարտավոր են հաշվետվությունները հրապարակել միայն աուդիտի ենթարկվելուց հետո` աուդիտորական եզրակացության հետ:
2. Այն կուսակցությունները, որոնց ակտիվների արժեքը սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը գերազանցելը պայմանավորված է եղել հաշվետու տարում կուսակցության հաշվեկշռում առկա անշարժ և շարժական գույքի արժեքով, և կուսակցությունն այդ կապակցությամբ արդեն մեկ անգամ Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությանը ներկայացրել է աուդիտորական եզրակացություն, ապա հաջորդող հաշվետու տարիներին ազատվում է աուդիտորական եզրակացություն ներկայացնելու պարտականությունից, եթե նախորդ հաշվետու տարվա համեմատությամբ նրա հաշվեկշռում անշարժ և շարժական գույքի մասով փոփոխություններ տեղի չեն ունեցել: Կուսակցության հաշվեկշռում անշարժ և շարժական գույքի մասով փոփոխությունների դեպքում կուսակցությունը պարտավոր է հաշվետվությունը ներկայացնել սույն օրենքով սահմանված կարգով աուդիտորական եզրակացության հետ, եթե հաշվետու տարում իրականացրած բոլոր գործարքների գինը գերազանցել է սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը:
3. Սույն օրենքով սահմանված կարգով պետական բյուջեից ֆինանսավորում ստացած կուսակցությունները պարտավոր են հաշվետվությունները հրապարակել միայն աուդիտի ենթարկվելուց հետո` աուդիտորական եզրակացության հետ, եթե պետական բյուջեից ֆինանսավորումը հաշվետու տարում գերազանցել է նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկը:
Գ Լ ՈՒ Խ 7
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 29. |
Կուսակցությունների միջազգային գործունեությունը |
1. Կուսակցությունն իրավունք ունի կապեր հաստատելու և պահպանելու օտարերկրյա պետությունների քաղաքական կուսակցությունների, հասարակական միավորումների, միջազգային կազմակերպությունների հետ, կնքելու համագործակցության մասին համաձայնագրեր և իրականացնելու այլ միջոցառումներ, որոնք չեն հակասում Սահմանադրությանը, միջազգային պայմանագրերին և օրենքներին:
2. Կուսակցություններն իրավունք ունեն անդամակցելու միջազգային միությունների:
Գ Լ ՈՒ Խ 8
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 30. |
Կուսակցությունների գործունեության նկատմամբ ֆինանսական վերահսկողություն իրականացնող մարմինը |
1. Կուսակցությունների ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնում է Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը:
2. Կուսակցության հրապարակած և Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությանը ներկայացրած հաշվետվության հավաստիությունը ստուգելու համար վերջինիս պահանջի դեպքում կուսակցությունը պարտավոր է հինգ օրվա ընթացքում տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն կուսակցության դրամարկղային և բանկային մուտքերի և ելքերի վերաբերյալ, ներկայացնել նախնական հաշվապահական հաշվառման և ներկայացրած հաշվետվության հավաստիությունն ստուգելու համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր:
Գ Լ ՈՒ Խ 9
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ, ԱՐԳԵԼՈՒՄԸ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
Հոդված 31. |
Կուսակցության գործունեության կասեցման և արգելման կարգը |
1. Կուսակցության գործունեությունը կարող է կասեցվել կամ արգելվել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշմամբ` օրենքով սահմանված կարգով:
2. Կուսակցության գործունեության կասեցման կամ արգելման հարցով սույն օրենքով նախատեսված հիմքերով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան կարող են դիմել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը և Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 32. |
Կուսակցության գործունեության կասեցումը |
1. Կուսակցության գործունեությունը կարող է կասեցվել, եթե կուսակցությունը՝
1) իր գործունեության ընթացքում թույլ է տվել օրենքի կոպիտ խախտում կամ
2) ինքնուրույն կամ կուսակցությունների դաշինքի կազմում կամ այլ կուսակցության ընտրական ցուցակի կազմում երկու անգամ անընդմեջ չի մասնակցել Ազգային ժողովի կամ Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքների ավագանիների ընտրություններին:
2. Սույն հոդվածի 1-ին մասի իմաստով՝ օրենքի կոպիտ խախտում են համարվում՝
1) կուսակցության կողմից նվիրատվությունների տնօրինման կամ կուսակցության տարեկան հաշվետվությունների հրապարակման կամ օրենքով սահմանված փաստաթղթերը տրամադրելու` օրենքով սահմանված կարգը խախտելը և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված կարգով պատասխանատվության ենթարկվելուց հետո` երեսնօրյա ժամկետում, խախտումը չվերացնելը կամ
2) կուսակցության հիմնադրման կամ պետական գրանցման ժամանակ օրենքի այնպիսի խախտում թույլ տալը, որը, եթե հայտնի լիներ պետական գրանցման պահին, կուսակցությունը չէր գրանցվի:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով կասեցման ժամանակահատվածում կուսակցությանն արգելվում է իրականացնել ցանկացած գործունեություն, բացառությամբ այն գործողությունների, որոնք անհրաժեշտ են կասեցման հիմք հանդիսացող խախտումները վերացնելու համար և կուսակցության` որպես իրավաբանական անձի բնականոն գործունեությունը ապահովելու համար:
4. Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված վարչական իրավախախտումների համար պատասխանատվության ենթարկելիս գրավոր նախազգուշացնում է, որ կուսակցության գործունեությունը կարող է կասեցվել երեսնօրյա ժամկետում խախտումը չվերացնելու դեպքում:
5. Վարչական պատասխանատվության ենթարկելուց հետո՝ երեսնօրյա ժամկետում, խախտումը չվերացնելու դեպքում Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը այդ մասին անհապաղ տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին և Հայաստանի Հանրապետության կառավարությանը:
6. Պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարությանը անհապաղ տեղեկացնում է կուսակցության հիմնադրման կամ պետական գրանցման ժամանակ օրենքի այնպիսի խախտման մասին, որը եթե հայտնի լիներ պետական գրանցման պահին, կուսակցությունը չէր գրանցվի։
7. Կուսակցության գործունեությունը կասեցվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշմամբ:
8. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքերով կուսակցության կողմից կասեցման հիմքերի վերացման վերաբերյալ ապացույցները ներկայացվում են պետական լիազոր մարմին, որը գնահատում է կասեցման հիմք հանդիսացող խախտումները վերացված լինելու հանգամանքը: Պետական լիազոր մարմինը կասեցման հիմք հանդիսացող խախտումները վերացված լինելու կամ դրանց առկայության մասին եզրակացությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան դիմած մարմնին: Կուսակցության գործունեությունը վերսկսվում է կասեցման հիմք հանդիսացող խախտումները վերացնելու դեպքում:
9. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում կուսակցության գործունեությունը կասեցվում է մեկ տարի ժամկետով: Կուսակցության գործունեությունը վերսկսելուց հետո Ազգային ժողովի, Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքների ավագանիների հաջորդող ընտրություններին չմասնակցելու դեպքում կուսակցության գործունեությունը կրկին կասեցվում է: Նշված ժամանակահատվածում կուսակցությունը չի կարող իրականացնել որևէ գործունեություն, այդ թվում՝ ստանալ սույն օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված որևէ նվիրատվություն, բացառությամբ անդամավճարներ հավաքելու, պայմանագրային, այդ թվում՝ աշխատանքային պարտավորությունները կատարելու, ինչպես նաև հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարումներ վճարելու հետ կապված գործողությունների:
Հոդված 33. |
Կուսակցության գործունեության արգելումը |
1. Սահմանադրության 46-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ արգելման ենթակա է այն կուսակցությունների գործունեությունը, որոնք քարոզում են սահմանադրական կարգի բռնի տապալում կամ բռնություն են կիրառում սահմանադրական կարգը տապալելու նպատակով:
2. Կուսակցության գործունեության արգելումը հիմք չէ այդ կուսակցության առաջադրմամբ ընտրված պատգամավորի, Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու համար:
3. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշմամբ կուսակցության գործունեությունը արգելելու դեպքում կուսակցության գործունեությունը համարվում է դադարեցված, և այն ենթակա է լուծարման:
Հոդված 34. |
Կուսակցության վերակազմակերպումը |
1. Կուսակցությունը կարող է կուսակցության համագումարի` սույն օրենքով սահմանված կարգով ընդունված որոշմամբ վերակազմակերպվել (միաձուլվել, միանալ, բաժանվել կամ առանձնանալ) այլ կուսակցության:
2. Կուսակցության վերակազմակերպման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի կանոններին համապատասխան:
Հոդված 35. |
Կուսակցության լուծարումը և լուծարման հետևանքները |
1. Կուսակցությունը լուծարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և օրենքով սահմանված կարգով:
2. Կուսակցության լուծարվելու դեպքում պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքն ուղղվում է կուսակցության կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է պետական բյուջե: Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում կուսակցության լուծարումից հետո մնացած գույքը փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը։
3. Կուսակցությունը կարող է դադարեցնել իր գործունեությունը լուծարման միջոցով` կուսակցության համագումարի որոշմամբ:
4. Եթե կուսակցության լուծարման համար հրավիրված համագումարն իրավազոր չէ, ապա կուսակցության լուծարման մասին որոշումն ընդունում է կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմինը: Իսկ կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի իրավազոր չլինելու դեպքում կուսակցությունը լուծարվում է կուսակցության հիմնադիրներից մեկի որոշմամբ: Այս դեպքում կուսակցության լուծարման մասին որոշումը համարվում է ընդունված, եթե որոշումը կայացնելու օրվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում, կուսակցության համագումարը կամ մշտապես գործող ղեկավար մարմինը այլ որոշում չի կայացրել:
5. Եթե Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշմամբ արգելվել է կուսակցության գործունեությունը, ապա կուսակցության նկատմամբ սկսվում է լուծարման գործընթաց։ Այս դեպքում լուծարային հանձնաժողովի իրավասություններն իրականացնում է Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կողմից ստեղծված հանձնաժողովը։
Գ Լ ՈՒ Խ 10
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 36. |
Եզրափակիչ և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2017 թվականի ապրիլի 1-ից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-410-Ն օրենքը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի:
3. «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-410-Ն օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասը Հանրապետության նախագահի մասով ուժը կորցնում է նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
4. Սույն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները Հանրապետության նախագահի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամների, Հաշվեքննիչ պալատի անդամների և Կենտրոնական բանկի խորհրդի անդամների մասով ուժի մեջ են մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
5. Սույն օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:
6. Կուսակցության պետական գրանցման համար մինչև 2017 թվականի փետրվարի 1-ը ներկայացված դիմումների վրա տարածվում են «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-410-Ն օրենքով սահմանված՝ պետական գրանցման մասին դրույթները: Եթե կուսակցության պետական գրանցման համար 2017 թվականի փետրվարի 1-ից մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ներկայացված դիմումները չեն համապատասխանում սույն օրենքով սահմանված պահանջներին, ապա պետական գրանցում իրականացնող մարմինը դիմումը ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում, որոշում է կայացնում դիմումը վերադարձնելու մասին` նշելով սույն օրենքի այն դրույթները, որոնց չի համապատասխանում պետական գրանցման դիմումը: Սույն օրենքի պահանջներին չհամապատասխանելու հիմքով վերադարձված դիմումները հիմնադիր համագումարի անցկացումից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին ներկայացվելու դեպքում պետական տուրք չի գանձվում:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ս. Սարգսյան |
2016 թ. դեկտեմբերի 30 Երևան
ՀՕ-224-Ն |