Համարը 
N 300-Ն
Տեսակը 
Պաշտոնական Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2015.04.22/23(1112) Հոդ.320
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվը 
18.04.2015
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
18.04.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
23.04.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 
27.06.2019

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹԻ ԵՎ ՌՈՏԱՑԻԱՅԻ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 ապրիլի 2015 թվականի N 300-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹԻ ԵՎ ՌՈՏԱՑԻԱՅԻ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 165-Ն որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետը և 7-րդ կետը՝

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի (այսուհետ՝ խորհուրդ) կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման նպատակով անցկացվող մրցույթի և ռոտացիայի կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման գործընթացի իրականացման նպատակով ստեղծել հանձնաժողով:

(2-րդ կետը խմբ. 27.01.17 N 62-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. ապրիլի 18
 Երևան

 

 

 

 Հավելված
ՀՀ վարչապետի 2015 թ.
ապրիլի 18-ի N 300-Ն
որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹԻ ԵՎ ՌՈՏԱՑԻԱՅԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի (այսուհետ՝ խորհուրդ) կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման նպատակով անցկացվող մրցույթի և ռոտացիայի (այսուհետ՝ ներգրավում) հետ կապված հարաբերությունները:

2. Խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման գործընթացն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմը (այսուհետ` աշխատակազմ):

(2-րդ կետը փոփ. 27.01.17 N 62-Ն)

 

II. ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

3. Աշխատակազմը խորհրդի կազմ հասարակական կազմակերպությունների ներգրավման համար անցկացվող մրցույթն սկսելուց առնվազն 10 օր առաջ հրապարակում է դրա մասին հայտարարություն: Հայտարարությունը հրապարակվում է առնվազն 3000 տպաքանակ օրինակ ունեցող մամուլում և զանգվածային լրատվության այլ միջոցներով, ինչպես նաև աշխատակազմի պաշտոնական www.moj.am կայքում և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պաշտոնական www.gov.am կայքում:

(3-րդ կետը խմբ. 27.01.17 N 62-Ն)

4. Հայտարարության մեջ պետք է ներառվեն առնվազն հետևյալ տվյալները`

1) հայտերը ներկայացնելու վայրը, հասցեն, էլեկտրոնային հասցեն և հայտեր ընդունելու հետ կապված պատասխանատու անձի հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.

2) հայտերի ընդունման օրերը և ժամերը.

3) հայտեր ներկայացնող հասարակական կազմակերպությանը ներկայացվող պահանջները և հայտին կից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.

4) հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը:

 

III. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅՏԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

 

5. Հասարակական կազմակերպությունները հայտերը ներկայացնում են Աշխատակազմ հայտարարությունը հրապարակվելուց հետո 10 օրվա ընթացքում:

 (5-րդ կետը փոփ. 27.01.17 N 62-Ն)

6. Հայտ կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով գրանցված այն հասարակական կազմակերպությունները, որոնք համապատասխանում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 165-Ն որոշման N 2 հավելվածի 7-րդ կետով ամրագրված չափանիշներին:

7. Հասարակական կազմակերպությունը հայտին կից ներկայացնում է այն փաստաթղթերը (բնօրինակ և պատճեն), որոնք փաստում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 165-Ն որոշման N 2 հավելվածի 7-րդ կետով ամրագրված պահանջներին (չափանիշներ) հասարակական կազմակերպության համապատասխանությունը:

8. Հասարակական կազմակերպությունը հայտում նշում է այն լիազոր ներկայացուցչին, ով պետք է ներկայացնի կազմակերպությունը խորհրդում, և ներկայացնում է իր ներկայացուցչի վերաբերյալ տվյալները (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն):

9. Հայտը և կից ներկայացվող փաստաթղթերը (այսուհետ՝ փաստաթղթեր) կարող են հանձնվել առձեռն, ուղարկվել փոստով կամ ներկայացվել հայտարարության մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեին՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և սկանավորված:

10. Փաստաթղթերն ընդունելու նպատակով աշխատակազմում վարվում է համապատասխան գրանցամատյան, որում նշվում են հայտ ներկայացնողի վերաբերյալ հայտով ներկայացված տեղեկությունները և փաստաթղթերի քանակը:

11. Փոստով ուղարկված փաստաթղթերը համարվում են ժամկետում ներկայացված, եթե դրանք ներկայացվել են փոստ՝ մինչև սույն կարգի 5-րդ կետում նշված ժամկետի ավարտը:

12. Փոստով և էլեկտրոնային եղանակով ուղարկված փաստաթղթերի ստացման վերաբերյալ հավակնորդը ծանուցվում է փաստաթղթերն ստանալուն հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ իր կողմից ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեով:

 

IV. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

13. Ներգրավումն անցկացվում է փուլերով: Առաջին փուլում ստուգվում է փաստաթղթերի լրիվությունը և համապատասխանությունը: Հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը որոշում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովը, որը պետք է բաղկացած լինի առնվազն 5 անդամից: Հանձնաժողովը փաստաթղթերի լրիվությունը և համապատասխանությունն ստուգելուց հետո կազմում է համապատասխան արձանագրություն:

(13-րդ կետը փոփ. 27.01.17 N 62-Ն)

14. Փաստաթղթերը թերի լինելու կամ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին չհամապատասխանելու դեպքերում հայտ ներկայացնողը դրա մասին ծանուցվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում (հեռախոսով, էլեկտրոնային փոստով կամ գրավոր), և նրան տրամադրվում է երկու աշխատանքային օր թերությունները շտկելու համար:

15. Սահմանված ժամկետում թերությունները չշտկելու դեպքում հասարակական կազմակերպության ներկայացրած հայտին ընթացք չի տրվում:

16. Մասնավոր հատվածի (այսուհետ՝ գործարար ոլորտի) հասարակական կազմակերպությունների մրցույթն անցկացվում է այլ հասարակական կազմակերպությունների մրցույթից առանձին: Եթե սահմանված չափանիշներին համապատասխանում են առավելագույնը չորս հասարակական կազմակերպություններ (ընդ որում՝ կազմակերպություններից երկուսը պարտադիր պետք է լինեն գործարար ոլորտի հասարակական կազմակերպություններ), ապա այդ կազմակերպությունը (կազմակերպությունները) փաստաթղթային փուլի արդյունքների հիման վրա ընդգրկվում են խորհրդի կազմում: Եթե սահմանված չափանիշներին համապատասխանում են չորսից ավելի հասարակական կազմակերպություններ, ապա հայտ ներկայացրած կազմակերպությունների մասնակցությամբ անցկացվում է երկրորդ փուլը՝ վիճակահանությունը: Գործարար ոլորտի հասարակական կազմակերպությունների վիճակահանությունն իրականացվում է առանձին: Հայտ ներկայացրած կազմակերպությունները վիճակահանության օրվա և ժամի մասին ծանուցվում են (հեռախոսով կամ հայտարարության մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեով) վիճակահանությունից առնվազն մեկ աշխատանքային օր առաջ:

(16-րդ կետը խմբ. 27.01.17 N 62-Ն)

17. Վիճակահանությունն անցկացնում է սույն կարգի 13-րդ կետում նշված հանձնաժողովը:

18. Վիճակահանությունն անցկացվում է դրա համար նախատեսված համապատասխան թափանցիկ տարայի կիրառմամբ, որի մեջ պետք է լինեն մասնակիցների թվին համապատասխան քառակուսի կտրած և նույն չափի ծալված, իրարից ձևով չտարբերվող փոքր թղթեր, որոնցից երկուսի մեջ պետք է գրված լինի «Խորհրդի անդամ» բառերը:

19. Հասարակական կազմակերպության ներկայացուցիչները հանձնաժողովի անդամներից մեկի կողմից թղթերը խառնելուց հետո իրենց ցանկությամբ հերթով մոտենում և դուրս են քաշում մեկական թուղթ, որից հետո, բացելով թուղթը և բարձրաձայն կարդալով գրառումը (եթե գրառում չկա, բարձրաձայն ասվում է, որ չկա գրառում), այն հանձնում են հանձնաժողովին:

20. Վիճակահանության գործընթացն ավարտվում է բոլոր թղթերի դուրսբերմամբ և թղթերը կարդալուց հետո դրանք հանձնաժողովին հանձնելով:

21. Վիճակահանության գործընթացն ավարտելուց անմիջապես հետո հանձնաժողովն արձանագրում է արդյունքները և դրա մասին տեղեկացնում վիճակահանության մասնակիցներին՝ վերջիններիս հանձնելով կազմված արձանագրությունների օրինակները: Դրանք կազմվում են մասնակիցների թվով և ստորագրվում են հանձնաժողովի անդամների ու մասնակիցների կողմից: Եթե մասնակիցը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա դրա վերաբերյալ արձանագրության մեջ կատարվում է գրառում: Արձանագրությունն ստորագրել հրաժարվելու դեպքում մասնակիցը կարող է գրավոր ներկայացնել առարկությունները, որոնք կցվում են արձանագրությանը:

22. Վիճակահանության արդյունքների վերաբերյալ արձանագրությունների ստորագրման պահից այն հասարակական կազմակերպությունները, որոնց ներկայացուցիչները դուրս են բերել «Խորհրդի անդամ» գրառումը, համարվում են խորհրդի անդամ:

23. Հանձնաժողովը, աշխատակազմի միջոցով, մեկ աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է մրցույթի արդյունքների մասին տեղեկատվության տեղադրումը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի պաշտոնական կայքերում:

24. Սահմանված կարգով հայտեր չներկայացնելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 165-Ն որոշման 5-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն խորհուրդը համարվում է ձևավորված՝ առանց հասարակական կազմակերպությունների:

25. Ռոտացիայի սկզբունքը կիրառելու համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմն առաջին չորս կազմակերպությունների ներգրավումից հետո երկու տարի անց հրապարակում է խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման մասին նոր հայտարարություն՝ համաձայն սույն կարգի 2-րդ գլխի դրույթների: Տվյալ պահին խորհրդի անդամ հանդիսացող հասարակական կազմակերպությունները նույնպես կարող են հայտ ներկայացնել: Մինչև ընդգրկման նոր գործընթացի ավարտը նրանք շարունակում են պահպանել խորհրդում անդամությունը:

(25-րդ կետը խմբ. 27.01.17 N 62-Ն)

26. Եթե հերթական ներգրավման գործընթացին խորհրդի անդամ հանդիսացող հասարակական կազմակերպություններից բացի մասնակցում են սահմանված չափանիշներին համապատասխանող չորս հասարակական կազմակերպություններ (ընդ որում՝ կազմակերպություններից երկուսը պարտադիր պետք է լինեն գործարար ոլորտի հասարակական կազմակերպություններ), ապա առաջնահերթության իրավունք են ստանում նախկինում խորհրդի անդամ չհանդիսացող հասարակական կազմակերպությունները: Եթե սահմանված չափանիշներին համապատասխանող հասարակական կազմակերպությունները չորսից ավելի են (այդ թվում՝ գործարար ոլորտի հասարակական կազմակերպություններ), ապա այս դեպքում տեղի է ունենում վիճակահանություն՝ համաձայն սույն կարգով սահմանված ընթացակարգի, ընդ որում, անդամ հանդիսացող հասարակական կազմակերպությունները չեն մասնակցում վիճակահանությանը: Եթե սահմանված չափանիշներին համապատասխանող և տվյալ պահին խորհրդի անդամ չհանդիսացող հասարակական կազմակերպությունների թիվը չորսից պակաս է, ապա վիճակահանությամբ որոշվում է, թե խորհրդի անդամ հանդիսացող հասարակական կազմակերպությունից որն է (որոնք են) շարունակելու անդամությունը: Եթե կարգի 25-րդ կետով նախատեսված հայտարարությունից հետո որևէ հասարակական կազմակերպություն հայտ չի ներկայացնում, ապա խորհրդի գործող անդամ հասարակական կազմակերպությունները շարունակում են անդամությունը խորհրդի կազմում՝ մինչև խորհրդի գործունեության ավարտը:

(26-րդ կետը փոփ. 27.01.17 N 62-Ն)

(հավելվածը փոփ., խմբ. 27.01.17 N 62-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան