Համարը 
N 1044-Ն
Տեսակը 
Պաշտոնական Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2015.09.23/62(1151) Հոդ.848
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
10.09.2015
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
17.09.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
24.09.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 սեպտեմբերի 2015 թվականի N 1044-Ն

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել միջգերատեսչական սոցիալական համագործակցության կանոնակարգը` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել համայնքների ղեկավարներին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում սահմանել սույն որոշմամբ սահմանված դրույթների կատարումն ապահովող, դրանց ընթացիկ մշտադիտարկման և գնահատման ընթացակարգերը, ինչպես նաև համապատասխան պաշտոնների անձնագրերը (աշխատողների իրավունքների և պարտականությունների նկարագրերը) համապատասխանեցնել սույն որոշմամբ սահմանված դրույթներին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. սեպտեմբերի 17

Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
սեպտեմբերի 10-ի N 1044-Ն որոշման

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Միջգերատեսչական սոցիալական համագործակցության կանոնակարգով (այսուհետ` կանոնակարգ) կարգավորվում են սոցիալական աջակցության տրամադրման գործընթացում համագործակցության կողմերի, համագործակցության շրջանակներում կողմերի իրավունքների ու պարտականությունների, միջգերատեսչական համագործակցության ձևերի ու կարգի, համագործակցող կողմերի միջև փոխանակվող տեղեկությունների ծավալի, ժամկետի և ձևի մասին պահանջների, խնդրահարույց այն դեպքերի, որոնք կարող են նախանշել անձի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված լինելը կամ հայտնվելու հնարավորությունը, մշտադիտարկման և գնահատման ընթացակարգի հետ կապված հարաբերությունները:

2. Կանոնակարգի նպատակը սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց (ընտանիքների) հայտնաբերումն է, անհատական սոցիալական ծրագրերի կազմումն ու դրա իրականացումը և շարունակական հսկողության ապահովումը:

 

II. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՂ ԿՈՂՄԵՐԸ

 

3. Միջգերատեսչական սոցիալական համագործակցության կողմերն են՝

1) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ի դեմս`

ա. սոցիալական ապահովության տարածքային կենտրոնների,

բ. զբաղվածության տարածքային կենտրոնների,

գ. բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների,

դ. խնամք տրամադրող սոցիալական պաշտպանության հաստատությունների,

ե. կացարան տրամադրող կազմակերպությունների.

2) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունն ի դեմս`

ա. հատուկ հանրակրթական դպրոցների,

բ. ավագ դպրոցների,

գ. հիմնական դպրոցների,

դ. մասնագիտացված դպրոցների,

ե. միջնակարգ դպրոցների,

զ. արտադպրոցական հաստատությունների,

է. վարժարանների,

ը. կրթահամալիրների,

թ. նախնական մասնագիտական (արհեստագործական) պետական ուսումնական հաստատությունների,

ժ. միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների,

ժա. համալսարանների,

ժբ. ակադեմիաների,

ժգ. ինստիտուտների,

ժդ. կոնսերվատորիաների.

3) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունն ի դեմս` պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնող կազմակերպությունների`

ա. ամբուլատոր պոլիկլինիկական բժշկական կազմակերպություններ (առողջության առաջնային պահպանման գործառույթ իրականացնող կազմակերպություններ),

բ. մասնագիտացված բժշկական կազմակերպություններ (հիվանդանոցներ և դիսպանսերներ),

գ. մասնագիտացված ստոմատոլոգիական պոլիկլինիկական կազմակերպություններ,

դ. արտահիվանդանոցային շտապ բժշկական օգնության ծառայություն իրականացնող բժշկական կազմակերպություններ (կարող է լինել ինքնուրույն և հիվանդանոցային կազմակերպությունների կազմում),

ե. մարզպետարանի ենթակայության հիվանդանոցների, պոլիկլինիկաների, գյուղական ամբուլատորիաների և առողջության կենտրոնների,

զ. տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության` առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող հաստատությունների (պոլիկլինիկաներ, գյուղական ամբուլատորիաներ, առողջության կենտրոններ, բժշկական կենտրոններ).

4) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությունն ի դեմս`

ա. միգրացիոն պետական ծառայության,

բ. «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության.

4.1) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունն ի դեմս` փրկարար ծառայության ճգնաժամային ազգային կենտրոնի (վարչություններ),

5) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունն ի դեմս`

ա. քրեակատարողական հիմնարկների,

բ. այլընտրանքային պատժի կատարման բաժանմունքների,

գ. «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության.

6) Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունն ի դեմս`

ա. միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների,

բ. մասնագիտացված դպրոցների.

7) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն ի դեմս`

ա. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության,

բ. տարածքային զինվորական կոմիսարիատների.

8) Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության նախարարությունն ի դեմս`

ա. միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների,

բ. արտադպրոցական հաստատությունների (մարզադպրոցների).

9) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն ի դեմս`

ա. համայնքային ոստիկանության ստորաբաժանումների,

բ. անչափահասների գործերով ստորաբաժանումների,

գ. բնակչության տեղական ռեգիստրը վարող տարածքային ստորաբաժանումների,

դ. ոստիկանության ուսումնական հաստատության.

10) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունն ի դեմս` միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների.

11) Հայաստանի Հանրապետության մարզպետարաններն ի դեմս`

ա. աշխատակազմերի կառուցվածքային ստորաբաժանումների,

բ. սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների,

գ. տարրական դպրոցների,

դ. միջնակարգ դպրոցների,

ե. հատուկ հանրակրթական դպրոցների,

զ. հիմնական դպրոցների,

է. վարժարանների,

ը. արտադպրոցական հաստատությունների.

12) տեղական ինքնակառավարման մարմիններն ի դեմս (համաձայնությամբ)`

ա. աշխատակազմի, Երևանում` նաև վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի, կառուցվածքային ստորաբաժանումների,

բ. սոցիալական աջակցության տարածքային բաժինների,

գ. քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժինների,

դ. խնամակալության և հոգաբարձության մարմինների և հանձնաժողովների,

ե. նախադպրոցական հաստատությունների,

զ. արտադպրոցական հաստատությունների,

է. Երևանում` հիմնական, ավագ և հատուկ դպրոցների:

(3-րդ կետը խմբ., լրաց. 13.10.16 N 1062-Ն)

 

III. ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ ԴԵՊՔԵՐԸ, ՈՐՈՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ՆԱԽԱՆՇԵԼ ԱՆՁԻ (ԸՆՏԱՆԻՔԻ)՝ ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ԼԻՆԵԼԸ ԿԱՄ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

 

4. Սույն կանոնակարգի իմաստով խնդրահարույց են համարվում կյանքի դժվարին այն իրավիճակները, որոնց պայմաններում հայտնվելու հնարավորության կամ հայտնված անձի (ընտանիքի) սոցիալական կարիքների գնահատումը, դրանց համարժեք անհատական սոցիալական ծրագրի կազմումը և ծրագրի իրականացումը պահանջում են սույն կանոնակարգի 3-րդ կետով սահմանված մարմինների և կազմակերպությունների ցանկում ընդգրկված մեկից ավելի կողմերի մասնակցություն:

5. Հիմնական խնդրահարույց դեպքերն են՝

1) բնակության որոշակի վայր չունենալը և դրանով պայմանավորված սոցիալական բազմաբնույթ խնդիրների առկայությունը կամ դրանց առաջացման վտանգը.

2) երեխայի հանրակրթությունից դուրս մնացած լինելու հանգամանքը կամ դրա առաջացման վտանգը.

3) երեխայի՝ առանց ծնողական խնամքի մնացած լինելու հանգամանքը կամ դրա առաջացման վտանգը.

4) երեխայի հակասոցիալական վարքի դրսևորումը կամ դրա առաջացման վտանգը.

5) ընտանեկան բռնությունը կամ դրա սպառնալիքը.

6) ընտանիքի աղքատությունը կամ դրա առաջացման վտանգը.

7) անչափահասի աշխատանքային շահագործումը կամ դրա սպառնալիքը.

8) աշխատաշուկայում անմրցունակ լինելը կամ անմրցունակ դառնալու վտանգը.

9) հաշմանդամություն ունեցող անձանց` վերականգնողական ծառայություններ չստանալը.

10) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների վերականգնողական ծառայություններ չստանալը.

11) խտրական վերաբերմունքի արժանացած լինելը.

12) առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող հաստատություններում սահմանված կարգով սպասարկումից դուրս մնացած լինելը.

13) կողմնակի անձի մշտական խնամքի կարիք ունեցող անձի խնամազուրկ լինելու հանգամանքը կամ դրա առաջացման վտանգը.

14) հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի մասնագիտական օգնության կարիք ունենալը.

15) ալկոհոլային խմիչքների օգտագործումը չարաշահելու, թմրամիջոցներ և (կամ) հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր օգտագործելու հանգամանքը կամ դրա առաջացման վտանգը.

16) քրեակատարողական հիմնարկից վերադարձած լինելը (մինչև երեք տարի) կամ այլընտրանքային պատիժ կրելը (ամբողջ ժամանակահատվածը և դրան հաջորդող մեկ տարին).

17) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ սահմանված հասցեների ռեեստրում չներառված վայրում անձի (ընտանիքի) բնակվելու հանգամանքը.

18) անձը հաստատող փաստաթղթի բացակայությունը.

19) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով զինծառայողի կամ կամավորականի հաշմանդամություն ձեռք բերելը.

20) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զինծառայողի կամ կամավորականի զոհվելը (մահանալը) կամ անհայտ կորած համարվելը:

(5-րդ կետը լրաց. 13.10.16 N 1062-Ն)

6. Սույն կանոնակարգի 5-րդ կետում խնդրահարույց դեպքերի թվարկումն սպառիչ չէ:

 

IV. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՁԵՎԵՐԸ

 

7. Սույն կանոնակարգի 3-րդ կետով սահմանված մարմինների և կազմակերպությունների (այսուհետ` համագործակցող կողմեր) պաշտոնատար անձինք սույն կանոնակարգի 5-րդ կետով սահմանված կամ այլ խնդրահարույց դեպքերի հայտնաբերման դեպքում պարտավոր են եռօրյա ժամկետում, իսկ արտակարգ իրավիճակներում, ինչպես նաև անհետաձգելի լուծում պահանջող կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող դեպքերում անհապաղ դրա մասին տեղեկացնել (ծանուցել) խնդրահարույց դեպքի հայտնաբերման տարածքն սպասարկող սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին):

8. Համագործակցող կողմերը կանոնակարգի շրջանակներում իրենց լիազորություններն (իրավունք և պարտականություն) իրականացնում են Հայաստանի Հանրապետության համապատասխան ոլորտը կարգավորող իրավական ակտերի համաձայն:

9. Համագործակցությունն իրականացվում է հետևյալ ձևերով.

1) տեղեկատվական համագործակցություն.

2) վարչական-կազմակերպական համագործակցություն.

3) համակարգող և խորհրդատվական մարմինների ձևավորում.

4) սոցիալական դեպքի վարման շրջանակներում բազմամասնագիտական խմբի աշխատանք:

10. Տեղեկատվական համագործակցությունն իրականացվում է համագործակցող կողմերում առկա այն տվյալների և փաստաթղթերի փոխանակմամբ, որոնք անհրաժեշտ են սոցիալական աջակցության կարիք ունեցող տվյալ անձին (ընտանիքին) տվյալ սոցիալական ծառայության տրամադրման համար:

11. Սոցիալական ծառայությունների տրամադրման, այդ թվում` սոցիալական դեպքի վարման շրջանակներում անհատական սոցիալական ծրագրերի իրականացման ժամանակ տեղեկատվական համագործակցությունը նախատեսում է հետևյալ տեղեկությունների տրամադրումը՝

1) համագործակցող կողմերի գտնվելու վայրը, կոնտակտային հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեները.

2) սոցիալական ծառայություններ մատուցող մասնագետների տվյալները` ազգանունը, անունը, կոնտակտային հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեները.

3) սոցիալական ծառայությունների տրամադրման պայմաններն ու կարգը` տվյալ մարմնում (կազմակերպությունում).

4) սոցիալական աջակցության կարիք ունեցող անձի տվյալները` ազգանունը, անունը, հայրանունը, փաստացի բնակության (գտնվելու) վայրի և (կամ) բնակչության պետական ռեգիստրում հաշվառման հասցեները.

5) սոցիալական աջակցության կարիք ունեցող անձի անհատական սոցիալական ծրագիրը.

6) այլ տվյալներ (տվյալ աշխատողի իրավասությունների շրջանակներում), որոնք վերաբերում են սոցիալական աջակցության կարիք ունեցող անձին` համապատասխան սոցիալական ծառայությունը տրամադրելու համար:

12. Եթե քաղաքացին դիմել է սոցիալական ծառայություն ստանալու համար, սակայն իր նախաձեռնությամբ չի ներկայացրել անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը (տվյալները), ապա դիմումն ընդունող կողմը որոշում է ընդունում միջգերատեսչական հարցում կատարելու մասին:

13. Միջգերատեսչական հարցումը կարող է կատարվել էլեկտրոնային փաստաթղթի ձևով կամ թղթային կրիչով` պահպանելով անձնական տվյալների պաշտպանության կանոնները:

14. Միջգերատեսչական հարցման պատասխանը տրվում է սույն կանոնակարգի 13-րդ կետի համաձայն:

15. Միջգերատեսչական հարցումը կատարվում է մինչև` դիմելու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ավարտը:

16. Միջգերատեսչական հարցման պատասխանը տրվում է հինգ աշխատանքային օրվա ընթացքում, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ:

17. Սոցիալական աջակցության բնագավառում միջգերատեսչական սոցիալական համագործակցության շրջանակներում համագործակցող կողմերը սույն կանոնակարգի 5-րդ կետով սահմանված կամ այլ խնդրահարույց դեպքի (դեպքերի) տարածվածության կամ առավել արտահայտված և առանձնահատուկ ձևերի ժամանակ կարող են տարածքային (տեղական) մակարդակում ձևավորել սույն կանոնակարգի 9-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված համակարգող և խորհրդատվական մարմիններ` միջգերատեսչական աշխատանքային խմբեր, հանձնաժողովներ, խորհրդակցական մարմիններ:

18. Համակարգող և խորհրդատվական մարմինների աշխատանքին մասնակցելու համար համապատասխան համագործակցող կողմը ներկայացնում է իր ներկայացուցչին:

19. Սոցիալական դեպքի վարման շրջանակներում անհատական ծրագրի իրականացման ժամանակ բազմամասնագիտական խմբի ձևավորման նպատակով համագործակցող համապատասխան կողմը սոցիալական աջակցության տարածքային գործակալության (բաժնի) հայտի (գրավոր` թղթային կամ էլեկտրոնային կամ հեռախոսակապով) հիման վրա մեկ աշխատանքային օրվա ընթացքում նույն եղականով գործակալությանն է տրամադրում համապատասխան մասնագետի տվյալները` անունը, ազգանունը, կոնտակտային հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն:

20. Բազմամասնագիտական խմբի աշխատանքները կազմակերպվում են սոցիալական աջակցության տարածքային գործակալության (բաժնի) աշխատողի` սոցիալական դեպք վարողի կողմից անհատական սոցիալական ծրագրով նախատեսված` խմբի անդամների հետ փոխհամաձայնեցված, կարգով և ժամկետներում:

 

V. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

21. Տեղեկատվական համագործակցությունը համագործակցող կողմերի միջև կարող է իրականացվել ինչպես էլեկտրոնային ձևով, այնպես էլ՝ փաստաթղթերի և թղթային կրիչների վրա տեղեկատվության փոխանակման ձևով:

21.1. Սույն կանոնակարգի 5-րդ կետի 5-րդ, 14-րդ, 15-րդ, 19-րդ և 20-րդ ենթակետերով սահմանված խնդրահարույց դեպքերում համագործակցող կողմը սույն կանոնակարգի 7-րդ կետում սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն է տրամադրում սույն կանոնակարգի 11-րդ կետի՝

1) 4-րդ ենթակետով սահմանված տվյալները.

2) 6-րդ ենթակետի շրջանակներում ստորև նշված խնդրահարույց դեպքերի համար հետևյալ տվյալները՝

 

NN
ը/կ

Խնդրահարույց դեպքը

Ծածկագիրը (գաղտնի)

Համագործակցող կողմը

Վարքի առանձնա-հատկու-թյունները

1.

Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների հետևանքով, մարտական հերթապահություն և հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականությունները (միայն զինծառայողների մասով) կատարելիս զինծառայողի կամ կամավորականի հաշմանդամություն ձեռք բերելը

 

ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչություն

X

2.

Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների հետևանքով, մարտական հերթապահություն և հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականությունները (միայն զինծառայողների մասով) կատարելիս զինծառայողի կամ կամավորականի զոհվելը (մահանալը) կամ անհայտ կորած համարվելը

 

ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչություն

X

3.

«Ենթադրյալ» ընտանեկան բռնության ենթարկված անձ հայտնաբերելը

 

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

X

4.

Անձի հոգեկան առողջության խնդիրներ ունենալը (հոգեկան և վարքի խանգարումների դասին համապատասխանող հոգեկան անառողջ վիճակներ կամ վարքի խանգարումներ)

 

«Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ (համաձայնությամբ)
«Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն» ՓԲԸ (համաձայնությամբ)
«Նորք» հոգեբուժական կենտրոն» ՓԲԸ (համաձայնությամբ)

 

5.

Ալկոհոլային խմիչքների օգտագործումը չարաշահելը (ալկոհոլի գործածում վնասակար (կործանարար) հետևանքներով)

 

«Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ՓԲԸ (համաձայնությամբ) բժշկական օգնության և սպասարկման տվյալ տեսակի լիցենզիա ունեցող այլ բժշկական հաստատություններ (համաձայնությամբ)

 

5.1.

Ալկոհոլային խմիչքների օգտագործումը չարաշահելու վտանգի առկայությունը

 

«Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ՓԲԸ (համաձայնությամբ) բժշկական օգնության և սպասարկման տվյալ տեսակի լիցենզիա ունեցող այլ բժշկական հաստատություններ (համաձայնությամբ)
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

 

6.

Թմրամիջոցներ և (կամ) հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր օգտագործելը

 

«Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ՓԲԸ (համաձայնությամբ) բժշկական օգնության և սպասարկման տվյալ տեսակի լիցենզիա ունեցող այլ բժշկական հաստատություններ (համաձայնությամբ)

 

6.1.

Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածումը դադարեցրած անձ` գտնվում է դադարի (ռեմիսիայի) շրջանում կամ հաջողությամբ ավարտել է բուժման կուրսը

 

«Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ՓԲԸ (համաձայնությամբ) բժշկական օգնության և սպասարկման տվյալ տեսակի լիցենզիա ունեցող այլ բժշկական հաստատություններ (համաձայնությամբ)

 

6.2.

Թմրամիջոցներ և (կամ) հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր օգտագործելու վտանգի առկայությունը

 

«Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ՓԲԸ (համաձայնությամբ) բժշկական օգնության և սպասարկման տվյալ տեսակի լիցենզիա ունեցող այլ բժշկական հաստատություններ (համաձայնությամբ)
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

 

(21.1-ին կետը լրաց. 23.03.17 N 312-Ն)

 

21.2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սույն կանոնակարգի 21.1-ին կետով սահմանված տվյալներն ստանալուց հետո եռօրյա ժամկետում սոցիալական աջակցության համապատասխան տարածքային գործակալությանը (բաժնին) է փոխանցում 21.1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն ստացված տվյալները և 2-րդ ենթակետով ստացված տվյալներից՝ ծածկագրերը և վարքի առանձնահատկությունները:

(21.2-րդ կետը լրաց. 23.03.17 N 312-Ն)

21.3. Սույն կանոնակարգի 21.1-ին կետով սահմանված տվյալները տրամադրելու համար սոցիալական աջակցության կարիք ունեցող անձից համաձայնություն ստանալու գործընթացը կազմակերպում է համապատասխան համագործակցող կողմը:

(21.3-րդ կետը լրաց. 23.03.17 N 312-Ն)

22. Համագործակցող կողմերի միջև տեղեկությունների փոխանակումն իրականացվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» և «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի համաձայն:

 

VI. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԸ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

23. Սոցիալական ծառայությունները` սոցիալ-տնտեսական, սոցիալ-հոգեբանական, սոցիալ-մանկավարժական, սոցիալ-բժշկական, սոցիալ-աշխատանքային և սոցիալ-իրավական, քաղաքացիներին, այդ թվում՝ անչափահասների ծնողներին, խնամակալներին, հոգաբարձուներին, այլ օրինական ներկայացուցիչներին տրամադրվում է դրա անհրաժեշտության դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

24. Սոցիալական ծառայությունները, որոնք տրամադրվում են սույն կանոնակարգի համագործակցող կողմի (կողմերի) կողմից, արտացոլվում են անձի (ընտանիքի) անհատական սոցիալական ծրագրում:

25. Սոցիալական ծառայությունների տրամադրման ընթացքը, դրա արդյունքը, ընթացիկ մոնիթորինգային ցուցանիշներն արտացոլվում են անհատական սոցիալական ծրագրում, որը հասանելի է տվյալ անհատական սոցիալական ծրագրում ներգրավված համագործակցող կողմին (կողմերին):

 

VII. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼԻՍ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՂ ԿՈՂՄԵՐԻ ՄԻՋԵՎ ԾԱԳԱԾ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

26. Բնակչության սոցիալական ծառայությունների տրամադրման ընթացքում համագործակցելիս համագործակցող կողմերի միջև ծագած տարաձայնությունները լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

VIII. ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

27. Միջգերատեսչական սոցիալական համագործակցության արդյունքների մշտադիտարկումը և գնահատումն իրականացվում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից՝ բնակչության սոցիալական ծառայությունների տրամադրման օրենսդրության կիրարկման գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով:

28. Միջգերատեսչական սոցիալական համագործակցության արդյունքների մշտադիտարկումը և գնահատումն իրականացնում են համագործակցող կողմերի ղեկավարները կամ նրանց լիազորած պաշտոնատար անձինք:

29. Մշտադիտարկման հիմնական ցուցանիշներն են՝

1) խնդրահարույց դեպքի հայտնաբերման դեպքում միջգերատեսչական հարցում կատարելու, ինչպես նաև այն ստանալուց հետո պատասխանի տրամադրման ժամկետները.

2) խնդրահարույց դեպքերի թիվը` ըստ սույն կանոնակարգի 5-րդ կետով թվարկված և այլ դեպքերի.

3) համապատասխան մասնագետի մասնակցությունը բազմամասնագիտական խմբի աշխատանքներին (դեպքերի թիվ).

4) տարածքային (տեղական) մակարդակում ձևավորված`

ա. համակարգող և խորհրդատվական մարմինների,

բ. կնքված տարածքային (տեղական) համագործակցության մասին համաձայնագրերի թիվ:

30. Սույն կանոնակարգում մշտադիտարկվող ցուցանիշների թվարկումը սպառիչ չէ:

31. Միջգերատեսչական սոցիալական համագործակցության արդյունքների մշտադիտարկումն իրականացվում է նաև սոցիալական պաշտպանության ոլորտի տեղեկատվական միասնական համակարգի՝ սոցիալական դեպքի վարման տեղեկատվական ենթահամակարգի միջոցով:

32. Համագործակցող կողմերի ղեկավարներն ամփոփում են մշտադիտարկման արդյունքները և մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 1-ը ներկայացնում սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին:

33. Միջգերատեսչական սոցիալական համագործակցության արդյունքները գնահատվում են սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի կողմից` հաշվի առնելով համագործակցող կողմերի մշտադիտարկման ամփոփված արդյունքները, մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 1-ը: Սույն կետով սահմանված գնահատման արդյունքները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարություն՝ մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 30-ը:

(հավելվածը խմբ., լրաց. 13.10.16 N 1062-Ն, լրաց. 23.03.17 N 312-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան