ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ
Օ Ր Ե Ն Ս Գ Ի Ր Ք
Ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 24-ին
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՍ
ԲԱԺԻՆ 1
ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսդրությունը |
1. Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսդրությունը բաղկացած է սույն օրենսգրքից և իրավական այլ ակտերից։
2. Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգիրքը հիմնվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի վրա։
Հոդված 2. |
Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի խնդիրները |
1. Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի խնդիրներն են՝ սահմանել քրեական պատիժներ (այսուհետ՝ պատիժներ) կատարելու և պատժի կատարման հետ միացված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու և կրելու կարգն ու պայմանները, ապահովել դատապարտյալի ուղղման համար անհրաժեշտ պայմաններ, պաշտպանել նրա իրավունքները և ազատությունները:
2. Սույն օրենսգրքի խնդիրներն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգիրքն ամրագրում է պատժի կատարման հիմքը, քրեակատարողական օրենսդրության սկզբունքները, դատապարտյալի իրավական վիճակը, նրա իրավունքները և ազատություններն ապահովելու երաշխիքները, պատժի կատարման հետ միացված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու, առանձին պատժատեսակներ կատարելու, պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում փորձաշրջան նշանակելու և փորձաշրջանի ընթացքում վերահսկողություն իրականացնելու, ինչպես նաև պատժից ազատելու կարգը։
Հոդված 3. |
Քրեակատարողական օրենսդրության գործողությունը ժամանակի ընթացքում և տարածության մեջ |
1. Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսդրությունը կիրառվում է Հայաստանի Հանրապետության տարածքում:
2. Պատիժների կատարումը կարգավորվում է կատարելու պահին գործող քրեակատարողական օրենսդրությամբ: Պատիժները կատարելու և պատժի կատարման հետ միացված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցները կիրառելու և կրելու կարգն ու պայմանները խստացնելուն ուղղված կամ դատապարտյալի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենքներն ու իրավական այլ ակտեր հետադարձ ուժ չունեն:
Հոդված 4. |
Պատիժը կատարելու և պատժի կատարման հետ միացված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցները կիրառելու հիմքը |
Պատիժը կատարելու, ինչպես նաև պատժի կատարման հետ միացված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցները կիրառելու հիմքը դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճիռը կամ որոշումն է, ինչպես նաև համաներման կամ ներման ակտը:
Հոդված 5. |
Քրեակատարողական օրենսդրության սկզբունքները |
Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսդրությունը հիմնվում է մարդասիրության, օրինականության, օրենքի առջև դատապարտյալների հավասարության, պատիժների կատարումը տարբերակելու և անհատականացնելու, պատիժների և ուղղման միջոցների զուգակցման սկզբունքների վրա։
Հոդված 6. |
Մարդասիրության սկզբունքը |
1. Պատժի կատարումը, ինչպես նաև պատժի կատարման հետ միացված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառումը չպետք է զուգակցվեն անձի նկատմամբ ֆիզիկական բռնությամբ, ինչպես նաև այնպիսի գործողություններով, որոնք կարող են հանգեցնել անձի սոցիալ-հոգեբանական զարգացման հետընթացի:
2. Դատավճռի հիման վրա ազատությունից զրկված ոչ մի անձ չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի: Ոչ մի հանգամանք չի կարող հիմք ծառայել խոշտանգումները կամ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժն արդարացնելու համար:
Հոդված 7. |
Օրինականության սկզբունքը |
Պատիժները կատարող մարմինների և հիմնարկների պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն օրենքով իրենց վերապահված գործողություններ: Պաշտոնատար անձանց գործողությունների կատարումը կարող է բողոքարկվել դատարան կամ օրենքով նախատեսված այլ մարմին։
Հոդված 8. |
Օրենքի առջև դատապարտյալների հավասարության սկզբունքը |
Պատիժը կատարելու կարգն ու պայմանները տարածվում են բոլոր դատապարտյալների վրա՝ անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, ծննդից, գույքային կամ այլ դրությունից:
Հոդված 9. |
Պատժի կատարումը տարբերակելու և անհատականացնելու սկզբունքը |
Պատիժը կատարելու տարբերակումն ու անհատականացումը հարկադրանքի միջոցների, դատապարտյալի ուղղման և նրա օրինապահ վարքագիծը խթանելու եղանակների նպատակահարմար կիրառումն է, որն իրականացվում է դատապարտյալի անձը տարբերակելու և անհատականացնելու միջոցով:
Հոդված 10. |
Պատժի և ուղղման միջոցների զուգակցման սկզբունքը |
Դատապարտյալի ուղղման և սոցիալական վերականգնման, ինչպես նաև նրանում օրինապահ վարքագիծ ձևավորելու նպատակով պատիժը կարող է զուգակցվել օրենքով նախատեսված ուղղման միջոցների հետ:
Գ Լ ՈՒ Խ 2
ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ
Հոդված 11. |
Դատապարտյալի իրավական վիճակը |
1. Հայաստանի Հանրապետությունը պաշտպանում է դատապարտյալի իրավունքները, ազատություններն ու օրինական շահերը պատիժը կատարելու ընթացքում, ապահովում է դատապարտյալի նկատմամբ կիրառվող հարկադրանքի միջոցների օրինականությունը։
2. Պատիժը կատարելու ընթացքում դատապարտյալի իրավունքներն ու ազատությունները կարող են սահմանափակվել դատարանի դատավճռով, սույն օրենսգրքով և այլ օրենքներով:
3. Դատապարտյալը քաղաքացիական պարտականությունների կատարումից կարող է ազատվել միայն օրենքով նախատեսված դեպքերում։
4. Դատապարտյալի իրավունքները, ազատությունները և պարտականություններն իրականացնելու կարգը սահմանվում է սույն օրենսգրքով, ինչպես նաև ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով։ Դատապարտյալը իր իրավունքները, ազատությունները և պարտականություններն իրականացնելիս չպետք է խախտի պատիժը կրելու կարգն ու պայմանները, ինչպես նաև ոտնահարի այլ անձանց իրավունքները կամ օրինական շահերը։
5. Օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող դատապարտյալի իրավունքները և պարտականությունները սահմանվում են սույն օրենսգրքով, այլ օրենքներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
Հոդված 12. |
Դատապարտյալի հիմնական իրավունքները |
1. Դատապարտյալն իրավունք ունի՝
1) մայրենի կամ իրեն հասկանալի այլ լեզվով տեղեկություններ ստանալու իր իրավունքների, ազատությունների և պարտականությունների, դատարանի նշանակած պատժի կատարման կարգի և պայմանների, դրանց փոփոխությունների, առաջարկությունների, դիմումների և բողոքների, ինչպես նաև միջազգային համապատասխան փաստաթղթերի մասին.
2) իր նկատմամբ բարեկիրթ վերաբերմունքի.
3) իր իրավունքների և ազատությունների խախտման վերաբերյալ դիմումներով, բողոքներով, ինչպես անձամբ, այնպես էլ պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի միջոցով դիմելու պատիժը կատարող մարմնի կամ հիմնարկի վարչակազմ, նրանց վերադաս մարմիններ, դատարան, դատախազություն, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ, հասարակական միավորումներ և կուսակցություններ, զանգվածային լրատվության միջոցներ, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններ կամ կազմակերպություններ.
4) առողջության պահպանման, այդ թվում՝ բավարար սնունդ, բժշկական օգնություն ստանալու.
5) սոցիալական ապահովության.
6) իրավաբանական օգնություն ստանալու.
7) անձնական անվտանգության ապահովման.
8) մտքի, խղճի և դավանանքի, քաղաքական կամ այլ հայացքների ազատության.
9) արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու, այդ թվում՝ վարելու նամակագրություն, ունենալու տեսակցություններ, օգտվելու հեռախոսակապից, գրականությունից և հնարավոր լրատվական միջոցներից.
10) հանգստի, ներառյալ՝ բացօթյա զբոսանքի կամ մարմնամարզության և ութժամյա գիշերային քնի իրավունքը.
11) իր անվամբ կամ ազգանվամբ կոչվելու.
12) անձնական ընդունելության խնդրանքով դիմելու պատիժը կատարող մարմնի կամ հիմնարկի ղեկավարին, այդ մարմնի կամ հիմնարկի գործունեության նկատմամբ հսկողություն և վերահսկողություն իրականացնող մարմիններ.
13) քաղաքացիաիրավական գործարքների մասնակցելու.
14) հնարավոր և օրենքով նախատեսված կրթություն ստանալու, ստեղծագործ աշխատանքով զբաղվելու.
15) պատիժը կատարող հիմնարկի խանութից կամ կրպակից կամ վարչակազմի միջոցով ձեռք բերելու լրացուցիչ սնունդ և առաջին անհրաժեշտության առարկաներ.
16) դրամական փոխանցումներ, հանձնուքներ և ծանրոցներ ստանալու և ուղարկելու:
2. Դատապարտյալին կարող են վերապահվել օրենքով սահմանված այլ իրավունքներ:
3. Օտարերկրյա քաղաքացի դատապարտյալն իրավունք ունի կապեր հաստատելու և պահպանելու Հայաստանի Հանրապետությունում իր պետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հաստատության հետ: Այն դատապարտյալը, ով Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հաստատություն չունեցող երկրի քաղաքացի է, ինչպես նաև փախստականը կամ քաղաքացիություն չունեցող դատապարտյալն իրավունք ունեն կապեր հաստատելու և պահպանելու այն պետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հաստատության հետ, որը ստանձնել է այդ անձանց շահերի պաշտպանությունը կամ նրանց պաշտպանությամբ զբաղվող ցանկացած ազգային կամ միջազգային մարմնի հետ:
4. Ուղղիչ հիմնարկում պահվող օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող դատապարտյալն իրավունք ունի պատիժը կատարող մարմնի կամ հիմնարկի վարչակազմին «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով ներկայացնելու Հայաստանի Հանրապետությունում ապաստանի խնդրանք, որը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով պատիժը կատարող մարմնի կամ հիմնարկի վարչակազմի կողմից ենթակա է փոխանցման միգրացիայի հարցերով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնին:
(12-րդ հոդվածը լրաց. 19.10.16 ՀՕ-177-Ն, փոփ. 16.12.16 ՀՕ-2-Ն)
Հոդված 13. |
Դատապարտյալի պարտականությունները |
1. Դատապարտյալը պարտավոր է՝
1) դրսևորել օրինապահ վարքագիծ, կատարել և պահպանել պատիժը կամ պատժի կատարման հետ միացված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցները կրելու կարգը և պայմանները սահմանող իրավական ակտերի պահանջները.
2) բարեկիրթ վերաբերմունք դրսևորել պատիժները կատարող մարմինների կամ հիմնարկների ծառայողների և աշխատողների, այդ մարմիններ կամ հիմնարկներ այցելող անձանց և մյուս դատապարտյալների նկատմամբ.
3) պահպանել անձնական և ընդհանուր հիգիենայի կանոնները.
4) խնամքով վերաբերվել պատիժները կատարող հիմնարկների գույքին.
5) կատարել պատիժը կատարող մարմնի կամ հիմնարկի վարչակազմի օրինական պահանջները:
2. Դատապարտյալն իր պարտականությունները, ինչպես նաև պատիժները կատարող մարմինների և հիմնարկների վարչակազմի օրինական պահանջները չկատարելու դեպքում ենթարկվում է օրենքով սահմանված պատասխանատվության:
Հոդված 14. |
Դատապարտյալի իրավունքների և պարտականությունների տարբերակումը |
Դատապարտյալի՝ սույն օրենսգրքով սահմանված իրավունքներն ու պարտականությունները տարբերակվում են՝ հիմք ընդունելով դատավճռով նշանակված պատժի, առանձին դեպքերում՝ նաև ուղղիչ հիմնարկի տեսակը և դրանում սահմանված ներքին կանոնակարգը:
Հոդված 15. |
Դատապարտյալի առաջարկությունները, դիմումները և բողոքները քննարկելու կարգը |
1. Դատապարտյալն իր առաջարկությունները, դիմումները և բողոքները կարող է ներկայացնել ամեն օր ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր։ Գրավոր բողոքները ոչ ուշ, քան մեկ օրվա ընթացքում, ուղարկվում են հասցեատերերին:
2. Դատապարտյալի առաջարկությունները, դիմումներն ու բողոքները գրաքննության ենթակա չեն:
3. Պատիժը կատարող հիմնարկի կամ մարմնի վարչակազմի որոշումների ու գործողությունների առթիվ դատապարտյալի ներկայացրած առաջարկությունները, դիմումները և բողոքները չեն կասեցնում այդ որոշումների և գործողությունների կատարումը։
4. Դատապարտյալի առաջարկությունները, դիմումներն ու բողոքները քննարկող մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր են քննարկել դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում և ընդունված որոշումների մասին տեղյակ պահել դատապարտյալին։
5. Արգելվում է որևէ ձևով հետապնդումը դատապարտյալի նկատմամբ իր իրավունքների և օրինական շահերի խախտումների վերաբերյալ առաջարկություններ, դիմումներ, բողոքներ ներկայացնելու դեպքում: Նման հետապնդում իրականացնող անձինք կրում են օրենքով սահմանված պատասխանատվություն:
Գ Լ ՈՒ Խ 3
ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ՈՒՂՂՈՒՄԸ
Հոդված 16. |
Դատապարտյալի ուղղումը |
Դատապարտյալի ուղղումը մարդու, հասարակության, համակեցության կանոնների և ավանդույթների նկատմամբ դատապարտյալի հարգալից վերաբերմունքի ձևավորումն է, ինչպես նաև վերջիններիս օրինապահ վարքագծի խթանումը՝ դատապարտյալի մոտ առողջ կենսակերպի ամրապնդման և զարգացման նպատակով:
Հոդված 17. |
Դատապարտյալի ուղղման հիմնական միջոցները |
1. Դատապարտյալի ուղղման հիմնական միջոցներն են պատիժները կատարելու և կրելու սահմանված կարգն ու պայմանները, դատապարտյալի հետ տարվող սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքները, դատապարտյալի աշխատանքային, կրթական, մշակութային, մարզական և նման այլ զբաղվածությունը, ինչպես նաև հասարակական ներգործությունը: Ուղղման միջոցների առանձին տեսակներ անչափահասների համար կրում են պարտադիր բնույթ:
2. Ուղղման միջոցները կիրառվում են՝ հաշվի առնելով պատժի տեսակը, դատապարտյալի անձը և պատժի կրման ընթացքում նրա դրսևորած վարքագիծը, կատարած հանցագործության բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը, դատապարտյալի վերաբերմունքն իր կատարած հանցագործությանը, պատժի ժամկետը, ուղղիչ հիմնարկի տեսակը, ինչպես նաև պատժի կատարումը տարբերակելու ու անհատականացնելու սկզբունքով պայմանավորված այլ հանգամանքներ:
3. Սոցիալական, հոգեբանական, իրավական և դաստիարակչական աշխատանքներին դատապարտյալի մասնակցությունը հաշվի է առնվում նրա ուղղման աստիճանը որոշելիս, ինչպես նաև նրա նկատմամբ սահմանված կարգով խրախուսանքի և տույժի միջոցներ կիրառելիս:
Գ Լ ՈՒ Խ 4
ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԻԺՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ:
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՃԻՌԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հոդված 18. |
Դատական վերահսկողությունը |
1. Պատիժներ կատարող մարմնի և հիմնարկի վարչակազմը դատարանին հայտնում է պատիժը կատարելու մասին:
2. Օրենքով սահմանված դեպքերում և կարգով դատարանը քննարկում է դատապարտյալի բողոքները՝ պատիժը կատարող մարմնի կամ հիմնարկի վարչակազմի գործողությունների դեմ։
Հոդված 19. |
Գերատեսչական վերահսկողությունը |
Պատիժներ կատարող մարմինների և հիմնարկների գործունեության նկատմամբ վերադաս մարմինները և դրանց պաշտոնատար անձինք Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրականացնում են գերատեսչական վերահսկողություն։
Հոդված 20. |
Պատիժները կատարելու և պատժի կատարման հետ միացված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցները կիրառելու նկատմամբ դատախազական հսկողությունը |
Պատիժները կատարելու և պատժի կատարման հետ միացված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցները կիրառելու նկատմամբ դատախազական հսկողությունն իրականացվում է «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Հոդված 21. |
Հասարակական վերահսկողությունը |
(վերնագիրը փոփ. 08.07.05 ՀՕ-161-Ն)
1. Պատիժները կատարելու նկատմամբ հասարակական վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմնի (այսուհետ` պետական կառավարման լիազորված մարմին) կազմավորած հասարակական դիտորդների խմբի միջոցով:
2. Հասարակական դիտորդների խմբի անդամների թիվը չի կարող գերազանցել քսանմեկը: Հասարակական դիտորդների խմբի անդամի լիազորությունների ժամկետը երեք տարի է:
3. Պատիժները կատարելու նկատմամբ հասարակական վերահսկողության իրականացման կարգը, ինչպես նաև հասարակական դիտորդների խմբի կազմը և իրավասությունը սահմանում է պետական կառավարման լիազորված մարմինը:
(21-րդ հոդվածը փոփ. 08.07.05 ՀՕ-161-Ն)
Հոդված 22. |
Մուտքն ու ելքը պատիժը կատարելու վայր |
(վերնագիրը խմբ. 08.07.05 ՀՕ-161-Ն)
1. Պատիժը կատարող հիմնարկ մուտքի և ելքի կարգը սահմանում է պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարը:
2. Առանց հատուկ թույլտվության պատիժը կատարելու վայր անարգել մուտքի և ելքի իրավունք ունեն՝
1) Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը, Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահը, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորը, պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարը կամ նրա համապատասխան տեղակալը.
2) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը, նրա տեղակալները, ինչպես նաև այն դատախազները, ովքեր օրենքով սահմանված կարգով հսկողություն են իրականացնում պատիժներ և հարկադրանքի այլ միջոցներ կիրառելու նկատմամբ.
3) պատիժը կատարող մարմնի կամ հիմնարկի վերադաս մարմինների պաշտոնատար անձինք.
4) միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա.
5) Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավասու պետական ծառայողները և հայեցողական պաշտոն զբաղեցնող իրավասու անձինք, ինչպես նաև կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները.
6) Հայաստանի Հանրապետության այն դատավորները, ովքեր օրենքով սահմանված կարգով քննում են պատիժը կատարելու հետ կապված հարցերը, դատապարտյալի իրավունքների և ազատությունների խախտման, ինչպես նաև պատիժը կատարող մարմնի կամ հիմնարկի վարչակազմի գործողությունների դեմ ներկայացված բողոքները.
7) պատիժները կատարելու նկատմամբ հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդները:
2.1. Օրենքով նախատեսված դեպքերում առանց հատուկ թույլտվության պատիժը կատարելու վայր անարգել մուտքի և ելքի իրավունք կարող է տրվել նաև այլ անձանց:
2.2. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձանց կողմից դատապարտյալների հետ տեսակցությունները չեն ազդում սույն օրենսգրքով սահմանված` դատապարտյալներին տրամադրվող տեսակցությունների քանակի վրա:
3. Պատիժը կատարող հիմնարկ մուտք և ելք գործող անձը, ինչպես նաև նրա իրերը պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի կողմից կարող են ենթարկվել զննության:
(22-րդ հոդվածը խմբ. 08.07.05 ՀՕ-161-Ն, լրաց. 08.04.08 ՀՕ-15-Ն, խմբ. 16.12.16 ՀՕ-2-Ն)
Հոդված 23. |
Պատասխանատվությունը դատարանի դատավճիռը չկատարելու համար |
Դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճիռը կամ դատական այլ ակտը չկատարող կամ դրա կատարմանը խոչընդոտող իշխանության ներկայացուցիչը, պետական ծառայողը, տեղական ինքնակառավարման մարմնի, պետական, առևտրային կամ այլ կազմակերպության պաշտոնատար անձը, ինչպես նաև դատավճռի պահանջները խախտող դատապարտյալը պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
ՀԱՏՈՒԿ ՄԱՍ
ԲԱԺԻՆ 2
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԵՏ ՉԿԱՊՎԱԾ ՊԱՏԻԺՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ
Գ Լ ՈՒ Խ 5
ՏՈՒԳԱՆՔԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ
Հոդված 24. |
Տուգանքի կատարումը |
1. Տուգանքի կատարումն ապահովում է տուգանքի դատապարտված անձի (սույն գլխում այսուհետ` դատապարտյալ) մշտական բնակության վայրի պրոբացիայի ծառայության տարածքային մարմինը (սույն գլխում այսուհետ՝ տարածքային մարմին), իսկ մշտական բնակության վայր չունեցող կամ օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող դատապարտյալի դեպքում՝ նրա փաստացի բնակության վայրի կամ դատական ակտի մեջ նշված վայրի տարածքային մարմինը:
2. Տուգանք նշանակելու մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտը (սույն գլխում այսուհետ` դատական ակտ) ստանալուց հետո պրոբացիայի ծառայողն անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում պարզում է դատապարտյալի գտնվելու վայրը, նրա հետ կապ է հաստատում, նրան պատշաճ ծանուցում է տարածքային մարմին ներկայանալու վերաբերյալ, կազմում է անձնական գործ, վերահսկողության պլան, լրացնում հաշվառման քարտ: Վերահսկողության պլանը կազմվում է դատական ակտի հիման վրա տուգանքի վճարումը երկարաձգելու կամ մաս առ մաս վճարելու դեպքերում: Վերահսկողության սկիզբը հաշվվում է դատապարտյալին հաշվառման վերցնելու պահից:
3. Դատապարտյալը պարտավոր է դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անհապաղ և ամբողջությամբ վճարել դատական ակտով որպես տուգանք նշանակված գումարը՝ վճարման անդորրագիրը տասն աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնելով տարածքային մարմին:
4. Դատապարտյալի` տարածքային մարմին չներկայանալու դեպքում պրոբացիայի ծառայողը պարտավոր է այցելել նրա բնակության կամ աշխատանքի վայր՝ պարզելու չներկայանալու պատճառները, որի մասին կազմվում է արձանագրություն: Դատապարտյալի կողմից անհարգելի պատճառով չներկայանալն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:
5. Դատական ակտի հիման վրա և դրա շրջանակներում պրոբացիայի ծառայողը պրոբացիայի շահառուին տարածքային մարմին ներկայանալուց հետո անհապաղ ստորագրությամբ պարզաբանում է տուգանքի ձևով նշանակված պատիժը կրելու կարգն ու պայմանները, իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև դրանք չկատարելու դեպքում օրենքով սահմանված պատասխանատվությունը: Տուգանքի վճարումը երկարաձգելու կամ մաս առ մաս վճարելու դեպքում դատապարտյալի վերաբերյալ ռիսկերի և պահանջմունքների գնահատման հիման վրա վերահսկողության պլանում սահմանում է դատապարտյալի վերահսկողության ենթակա գործողությունները և դրանց կատարման ժամկետները, իրավունքներն ու պարտականությունները, դրանք խախտելու համար օրենքով սահմանված պատասխանատվությունը:
6. Պատժի չկրած մասը տուգանքով փոխարինելու դեպքում սկզբնական պատիժը կատարող մարմինը սույն օրենսգրքի 117-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով դատապարտյալից ստորագրություն վերցնելուց հետո ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում տարածքային մարմին է ուղարկում դատական ակտի պատճենը և հնգօրյա ժամկետում տարածքային մարմին ներկայանալու մասին դատապարտյալի ծանուցված լինելը հավաստող փաստաթուղթը:
7. Պրոբացիայի ծառայողը դատապարտյալին հաշվառման վերցնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, հաղորդում է ուղարկում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն (այսուհետ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանություն):
8. Տուգանքի գումարն ամբողջությամբ վճարելուց հետո տարածքային մարմինը դատապարտյալին տալիս է տեղեկանք` պատիժը կրած լինելու մասին, և այդ մասին հայտնում դատական ակտը կայացրած դատարանին, Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, իսկ անձնական գործն արխիվացվում է:
(24-րդ հոդվածը փոփ. 08.07.05 ՀՕ-161-Ն, 01.06.06 ՀՕ-120-Ն, խմբ. 15.11.06 ՀՕ-182-Ն, փոփ., խմբ., լրաց. 17.05.16 ՀՕ-50-Ն)
Հոդված 25. |
Տուգանքը վճարելու անհնարինությունը և դրա հետևանքները |
(վերնագիրը խմբ. 15.11.06 ՀՕ-182-Ն)
1. Դատարանը դատապարտյալի կամ տարածքային մարմնի միջնորդությամբ, հաշվի առնելով դատապարտյալի կողմից տուգանքն անհապաղ կամ ամբողջությամբ վճարելու անհնարինության հանգամանքը, նրա համար վճարման ժամկետ է սահմանում առավելագույնը մեկ տարի ժամկետով կամ թույլատրում է տուգանքը մաս առ մաս վճարել նույն ժամկետում կամ տուգանքը փոխարինում է հանրային աշխատանքներով: Տուգանքի վճարումը հետաձգելու կամ տուգանքը մաս առ մաս վճարելու արտոնությունն ուժը կորցնում է, եթե դատապարտյալը նշանակված գումարի մասը կամ մասերը ժամանակին չի մուծում, և պատժի չկրած մասը փոխարինվում է հանրային աշխատանքներով` սույն օրենսգրքի 26-րդ հոդվածով սահմանված կարգով:
2. Տուգանքի վճարումը հետաձգելու կամ տուգանքը մաս առ մաս վճարելու կամ տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու միջնորդությամբ դատարան դիմելիս դատապարտյալը պետք է հիմնավորի տուգանքը վճարելու անհնարինության հանգամանքը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում իր գույքային դրությունը պարզելու նպատակով տա համապատասխան պարզաբանումներ:
(25-րդ հոդվածը խմբ. 15.11.06 ՀՕ-182-Ն, լրաց., փոփ. 01.03.17 ՀՕ-60-Ն)
Հոդված 26. |
Տուգանքը չվճարելը և դրա հետևանքները |
(վերնագիրը խմբ. 15.11.06 ՀՕ-182-Ն)
1. Տուգանքը չվճարելու դեպքում այն փոխարինվում է հանրային աշխատանքներով՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված ժամկետով և կարգով:
2. Դատապարտյալի նկատմամբ դատավճռով նշանակված տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու նպատակով տարածքային մարմինը միջնորդություն է ներկայացնում դատարան:
3. Եթե տուգանքը վճարված է մասնակիորեն, ապա հանրային աշխատանքների ժամկետը որոշվում է` հաշվի առնելով, թե տուգանքի որ մասն է վճարված:
(26-րդ հոդվածը փոփ. 08.07.05 ՀՕ-161-Ն, 01.06.06 ՀՕ-120-Ն, խմբ. 15.11.06 ՀՕ-182-Ն, փոփ. 17.05.16 ՀՕ-50-Ն)
Գ Լ ՈՒ Խ 6
ՈՐՈՇԱԿԻ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ԿԱՄ ՈՐՈՇԱԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ԶՐԿԵԼԸ ԿԱՏԱՐԵԼԸ
Հոդված 27. |
Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու կատարումը |
1. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու` հիմնական պատժի կատարումն ապահովում է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու դատապարտված անձի մշտական բնակության վայրի պրոբացիայի ծառայության տարածքային մարմինը (սույն գլխում այսուհետ՝ տարածքային մարմին), իսկ մշտական բնակության վայր չունեցող կամ օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող դատապարտյալի դեպքում՝ նրա փաստացի բնակության վայրի կամ դատական ակտի մեջ նշված վայրի տարածքային մարմինը:
2. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու` լրացուցիչ պատժի կատարումն ապահովում է հիմնական պատիժը կատարող մարմինը կամ հիմնարկը, իսկ հիմնական պատիժը կրելուց հետո՝ տարածքային մարմինը:
3. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու դատապարտված անձի (սույն գլխում այսուհետ` դատապարտյալ) կողմից զինվորական ծառայության կամ այլընտրանքային ծառայության անցնելու դեպքում տարածքային մարմինը զինվորական կոմիսարիատ կամ դատապարտյալի ծառայության վայր է ուղարկում դատավճռի պատճենը` ծառայության ընթացքում տվյալ պատժի կրումը շարունակելու նպատակով:
4. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտը (սույն գլխում այսուհետ` դատական ակտ) ստանալուց հետո պրոբացիայի ծառայողն անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում պարզում է դատապարտյալի գտնվելու վայրը, նրա հետ կապ է հաստատում, նրան պատշաճ ծանուցում է տարածքային մարմին ներկայանալու վերաբերյալ, կազմում է անձնական գործ, վերահսկողության պլան, լրացնում հաշվառման քարտ: Վերահսկողության սկիզբը հաշվվում է դատապարտյալին հաշվառման վերցնելու պահից:
5. Դատական ակտի հիման վրա և դրա շրջանակներում, ինչպես նաև դատապարտյալի վերաբերյալ ռիսկերի և պահանջմունքների գնահատման հիման վրա պրոբացիայի ծառայողը վերահսկողության պլանում սահմանում է դատապարտյալի վերահսկողության ենթակա գործողությունները և դրանց կատարման ժամկետները, իրավունքներն ու պարտականությունները, դրանք խախտելու համար օրենքով սահմանված պատասխանատվությունը:
6. Դատապարտյալի` տարածքային մարմին չներկայանալու դեպքում պրոբացիայի ծառայողը պարտավոր է այցելել նրա բնակության կամ աշխատանքի վայր՝ պարզելու չներկայանալու պատճառները, որի մասին կազմվում է արձանագրություն: Դատապարտյալի կողմից անհարգելի պատճառով չներկայանալն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:
7. Դատապարտյալի` պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության զորակոչվելու կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժ կրելու դեպքում որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ձևով պատժի կատարումը զինվորական կամ այլընտրանքային ծառայության կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելու ժամկետով կասեցման մասին որոշումն ընդունում է տարածքային մարմնի ղեկավարը: Զինվորական կամ այլընտրանքային ծառայության ավարտից կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելուց հետո որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու կատարման կասեցումը վերացվում է տարածքային մարմնի ղեկավարի որոշմամբ և շարունակվում ընդհանուր հիմունքներով:
8. Պատժի չկրած մասը որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ձևով պատիժը փոխարինելու դեպքում սկզբնական պատիժը կատարող մարմինը սույն օրենսգրքի 117-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով դատապարտյալից ստորագրություն վերցնելուց հետո ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում տարածքային մարմին է ուղարկում դատական ակտի պատճենը և հնգօրյա ժամկետում տարածքային մարմին ներկայանալու մասին դատապարտյալի ծանուցված լինելը հավաստող փաստաթուղթը:
9. Պրոբացիայի ծառայողը դատապարտյալին հաշվառման վերցնելուց հետո եռօրյա ժամկետում հաղորդում է ուղարկում Հայաստանի Հանրապետության ոստիկանություն:
10. Դատական ակտն ստանալուց հետո տարածքային մարմինն անհապաղ դատապարտյալի աշխատավայրի վարչակազմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին (այսուհետ` Պետական եկամուտների կոմիտե) է ուղարկում դրա պատճենը և ծանուցում պատժի կատարման մասին:
11. Դատական ակտի պահանջները պարտադիր են դատապարտյալի աշխատավայրի վարչակազմի, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև այն մարմինների կամ կազմակերպությունների համար, որոնք իրավասու են նման գործունեությամբ զբաղվելու թույլտվություն տալու:
12. Պետական եկամուտների կոմիտեն, ստանալով տարածքային մարմնի ուղարկած դատական ակտի պատճենը, համապատասխան նշում է կատարում իր կողմից վարվող տվյալների բազայում, դատապարտյալի աշխատանքի վայրի փոփոխության դեպքում հայտնում է տարածքային մարմին, ինչպես նաև տարածքային մարմնի պահանջով տրամադրում է դատապարտյալի աշխատանքի վայրի վերաբերյալ պահանջվող տեղեկությունը:
13. Տարածքային մարմնի պահանջով Պետական եկամուտների կոմիտեն պարտավոր է տրամադրել դատապարտյալի աշխատանքի վերաբերյալ պահանջվող տեղեկությունները:
14. Վերահսկողության պլանի հիման վրա պրոբացիայի ծառայողն այցելում է դատապարտյալի աշխատավայր՝ դատական ակտի պահանջների կատարման մասին վարչակազմից պարզաբանումներ ստանալու նպատակով, որի արդյունքում կազմվում է արձանագրություն:
15. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու կատարումը կարող է իրականացվել էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ կամ առանց դրա:
16. Դատապարտյալի նոր աշխատանքի վայրից տեղեկանք ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, տարածքային մարմինն այդ մասին ծանուցում է դատական ակտը կայացրած դատարան:
17. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ձևով պատիժը կրելուց հետո տարածքային մարմինը դատապարտյալին տալիս է տեղեկանք՝ պատիժը կրած լինելու մասին, և այդ մասին հայտնում դատական ակտը կայացրած դատարանին, Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, իսկ անձնական գործն արխիվացվում է:
(27-րդ հոդվածը փոփ. 08.07.05 ՀՕ-161-Ն, փոփ., լրաց. 17.05.16 ՀՕ-50-Ն)
Հոդված 28. |
Դատապարտյալի աշխատավայրի վարչակազմի պարտականությունները |
1. Դատապարտյալի աշխատավայրի վարչակազմը՝
1) ապահովում է դատական ակտի պահանջների կատարումը՝ դրա պատճենը և տարածքային մարմնի ծանուցումն ստանալու պահից եռօրյա ժամկետում, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում դատական ակտով` դատապարտյալին արգելված պաշտոնները զբաղեցնելու կամ արգելված գործունեությամբ զբաղվելու հետ կապված բոլոր իրավունքներից զրկելու ուղղությամբ՝ այդ մասին գրավոր տեղյակ պահելով տարածքային մարմնին.
2) տարածքային մարմնի պահանջով ներկայացնում է պատժի կատարման հետ կապված անհրաժեշտ փաստաթղթեր.
3) դատապարտյալի հետ աշխատանքային պայմանագիրը փոխելու կամ դադարեցնելու դեպքում եռօրյա ժամկետում այդ մասին հաղորդում է տարածքային մարմնին:
(28-րդ հոդվածը փոփ. 08.07.05 ՀՕ-161-Ն, խմբ. 17.05.16 ՀՕ-50-Ն)
Հոդված 29. |
Որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու իրավասություն ունեցող մարմինների կամ կազմակերպությունների պարտականությունները |
1. Դատապարտյալին որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու մասին դատարանի դատավճռի պահանջները պարտադիր են այն մարմինների կամ կազմակերպությունների համար, որոնք իրավասու են նման գործունեությամբ զբաղվելու թույլտվություն տալու կամ այն վերացնելու:
2. Իրավասու մարմինները կամ կազմակերպությունները դատարանի դատավճռի պատճենը և տարածքային մարմնի ծանուցումը ստանալուց հետո` ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում, պարտավոր են վերացնել դատապարտյալին արգելված գործունեությամբ զբաղվելու իրավունքի թույլտվությունը կամ համապատասխան ժամկետով կասեցնել այդ թույլտվության գործողությունը՝ նրան զրկելով համապատասխան փաստաթղթից, որը նրան իրավունք է վերապահում զբաղվելու տվյալ գործունեությամբ՝ այդ մասին պաշտոնապես տեղյակ պահելով տարածքային մարմնին:
3. Եթե արգելված գործունեությամբ զբաղվելու նախկին թույլտվությունը հավաստված է դատավճռով սահմանվածից տարբեր այնպիսի փաստաթղթով, որը տրված է ավելի երկար ժամկետով կամ պարունակում է այլ գործունեության տեսակով զբաղվելու իրավունք, ապա համապատասխան մարմինը թույլտվությունը հավաստող փաստաթղթում նշում է կատարում համապատասխան գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու մասին՝ հղում կատարելով դատավճռին և նշելով զրկման ժամկետը, իսկ նշում կատարելու անհնարինության դեպքում թույլտվությունը հավաստող փաստաթուղթն անվճար փոխարինում է մեկ այլ ժամանակավոր փաստաթղթով:
(29-րդ հոդվածը փոփ. 08.07.05 ՀՕ-161-Ն, 17.05.16 ՀՕ-50-Ն)
Հոդված 30. |
Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ժամկետի հաշվարկումը |
1. Որպես հիմնական կամ որպես լրացուցիչ պատիժ նշանակված որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ժամկետը հաշվարկվում է դատարանի դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:
2. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը կարգապահական գումարտակում պահելու, կալանքի կամ որոշակի ժամկետով ազատազրկման հետ որպես լրացուցիչ պատիժ նշանակելիս տարածվում է հիմնական պատիժը կրելու ամբողջ ժամանակի վրա, ընդ որում, լրացուցիչ պատժի ժամկետը հաշվարկվում է հիմնական պատիժը կրելուց հետո:
3. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ժամկետի մեջ չի հաշվարկվում այն ժամանակը, որի ընթացքում դատապարտյալը զբաղեցրել է իրեն արգելված պաշտոններ կամ զբաղվել է իրեն արգելված գործունեությամբ:
Հոդված 31. |
Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկված դատապարտյալի պարտականությունները |
1. Դատապարտյալը պարտավոր է՝
1) կատարել դատավճռի պահանջները.
2) կատարել տարածքային մարմնի ծառայողների օրինական պահանջները, ներկայացնել փաստաթղթեր, որոնք կապված են պատիժը կրելու հետ.
3) հաշվառման ներկայանալուց հետո տեղեկանք ներկայացնել աշխատանքի և զբաղեցրած պաշտոնի վերաբերյալ, իսկ նոր աշխատանքի անցնելու դեպքում՝ եռօրյա ժամկետում՝ տեղեկանք նոր աշխատանքի և զբաղեցրած պաշտոնի վերաբերյալ.
4) յուրաքանչյուր ամիս գրավոր հայտարարություն ներկայացնել արգելված գործունեությամբ չզբաղվելու կամ չաշխատելու մասին:
(31-րդ հոդվածը փոփ. 08.07.05 ՀՕ-161-Ն, լրաց., փոփ., խմբ. 17.05.16 ՀՕ-50-Ն)
Գ Լ ՈՒ Խ 7
ՀԱՆՐԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ
Հոդված 32. |
Հանրային աշխատանքներ կատարելը |
1. Հանրային աշխատանքների կատարումն ապահովում է հանրային աշխատանքների դատապարտված անձի մշտական բնակության վայրի պրոբացիայի ծառայության տարածքային մարմինը (սույն գլխում այսուհետ՝ տարածքային մարմին), իսկ մշտական բնակության վայր չունեցող կամ օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող դատապարտյալի դեպքում՝ նրա փաստացի բնակության վայրի կամ դատական ակտի մեջ նշված վայրի տարածքային մարմինը:
2. Հանրային աշխատանքների նշանակելու մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտը (սույն գլխում այսուհետ` դատական ակտ) ստանալուց հետո պրոբացիայի ծառայողն անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում պարզում է դատապարտյալի գտնվելու վայրը, նրա հետ կապ է հաստատում, նրան պատշաճ ծանուցում է տարածքային մարմին ներկայանալու վերաբերյալ, կազմում է անձնական գործ, վերահսկողության պլան, լրացնում հաշվառման քարտ: Վերահսկողության սկիզբը հաշվվում է դատապարտյալին հաշվառման վերցնելու պահից:
3. Հանրային աշխատանքների նշանակելու մասին դատական ակտի հիման վրա և դրա շրջանակներում, ինչպես նաև դատապարտյալի վերաբերյալ ռիսկերի և պահանջմունքների գնահատման հիման վրա պրոբացիայի ծառայողը վերահսկողության պլանում սահմանում է դատապարտյալի վերահսկողության ենթակա գործողությունները և դրանց կատարման ժամկետները, իրավունքներն ու պարտականությունները, դրանք խախտելու համար օրենքով սահմանված պատասխանատվությունը:
4. Դատապարտյալի` տարածքային մարմին չներկայանալու դեպքում պրոբացիայի ծառայողը պարտավոր է այցելել նրա բնակության կամ աշխատանքի վայր՝ պարզելու չներկայանալու պատճառները, որի մասին կազմվում է արձանագրություն: Դատապարտյալի կողմից անհարգելի պատճառով չներկայանալն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:
5. Պատժի չկրած մասը հանրային աշխատանքներով փոխարինելու դեպքում սկզբնական պատիժը կատարող մարմինը սույն օրենսգրքի 117-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով դատապարտյալից ստորագրություն վերցնելուց հետո՝ ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում, տարածքային մարմին է ուղարկում դատական ակտի պատճենը և հնգօրյա ժամկետում տարածքային մարմին ներկայանալու մասին դատապարտյալի ծանուցված լինելը հավաստող փաստաթուղթը:
6. Պրոբացիայի ծառայողը դատապարտյալին հաշվառման վերցնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, հաղորդում է ուղարկում Հայաստանի Հանրապետության ոստիկանություն:
7. Վերահսկողության պլանի հիման վրա պրոբացիայի ծառայողն այցելում է դատապարտյալի աշխատավայր՝ դատական ակտի պահանջների կատարման ընթացքը վերահսկելու և վարչակազմից պարզաբանումներ ստանալու նպատակով, որի արդյունքում կազմվում է արձանագրություն:
8. Դատապարտյալը հանրային աշխատանքներում ներգրավվում է, և նշանակված պատիժը կատարվում է դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` երկու տարվա ընթացքում: Հանրային աշխատանքների կատարման ընթացքում պատժի կատարումը կարող է մինչև մեկ տարի ժամկետով ընդհատվել ոչ ավելի, քան մեկ անգամ:
9. Պատիժը կրելու կարգն ու պայմանները խախտելու դեպքում պրոբացիայի ծառայողը եռօրյա ժամկետում դատապարտյալին ծանուցագրով հրավիրում է տարածքային մարմին, պարզում է կատարված խախտման պատճառը՝ անհրաժեշտության դեպքում պահանջելով համապատասխան փաստաթղթեր, որի արդյունքում կազմվում է արձանագրություն: Հարգելի պատճառների բացակայության դեպքում պրոբացիայի ծառայողը դատապարտյալին գրավոր նախազգուշացնում է օրենքով սահմանված պատասխանատվության մասին:
10. Հանրային աշխատանքների կատարման ժամկետի սկիզբը հաշվարկվում է դատապարտյալի` հանրային աշխատանքներում փաստացի ներգրավվելու պահից:
11. Հանրային աշխատանքների ներգրավման կարգը և ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
12. Հանրային աշխատանքների կատարումը կարող է իրականացվել էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ կամ առանց դրա:
13. Հանրային աշխատանքները կատարելիս դատապարտյալի բուժօգնությունը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 256-րդ հոդվածով սահմանված կարգով:
14. Հանրային աշխատանքների ձևով պատիժը կրելուց հետո տարածքային մարմինը դատապարտյալին տալիս է տեղեկանք` պատիժը կրած լինելու մասին, և այդ մասին հայտնում դատական ակտը կայացրած դատարանին, Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը, պրոբացիայի շահառուի աշխատավայրի վարչակազմին, իսկ անձնական գործն արխիվացվում է:
(32-րդ հոդվածը փոփ. 08.07.05 ՀՕ-161-Ն, փոփ., խմբ. 01.06.06 ՀՕ-120-Ն, լրաց. 15.11.06 ՀՕ-182-Ն, խմբ. 17.05.16 ՀՕ-50-Ն)
Հոդված 33. |
Հանրային աշխատանքներ կատարելու կարգը |
1. Դատապարտյալը պարտավոր է դատավճռով սահմանված ողջ ժամանակահատվածի ընթացքում պահպանել այն մարմինների կամ կազմակերպությունների ներքին աշխատանքային կանոնները, որտեղ նա կատարում է հանրային աշխատանքները, բարեխիղճ վերաբերմունք դրսևորել աշխատանքին, աշխատել իր համար որոշված վայրերում, ինչպես նաև բնակության վայրը փոխելու դեպքում այդ մասին տեղյակ պահել տարածքային մարմնին:
2. Աշխատանքի հիմնական վայրում դատապարտյալին հերթական ամենամյա արձակուրդ տրամադրելը չի կասեցնում հանրային աշխատանքների ձևով պատժի կատարումը:
3. Դատապարտյալի կենսաթոշակային տարիքը լրանալու կամ նրան առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ ճանաչելու, պատիժը կրելուն խոչընդոտող այլ ծանր հիվանդությամբ հիվանդանալու, ինչպես նաև հղիության դեպքում տարածքային մարմինը միջնորդություն է ներկայացնում դատարան` պատժից ազատելու կամ պատժի կրումը հետաձգելու նպատակով:
4. Հանրային աշխատանքները կատարելիս ստացած վնասվածքների դիմաց փոխհատուցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով:
5. Դատապարտյալի` պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության զորակոչվելու դեպքում հանրային աշխատանքների ձևով պատժի կատարումը զինվորական կամ այլընտրանքային ծառայության ժամկետով կասեցվում է:
Դատապարտյալի` ազատությունից զրկելու հետ կապված պատիժ կրելու դեպքում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ մասով նշանակված հանրային աշխատանքների ձևով պատժի կատարումը ազատությունից զրկելու հետ կապված պատժի կրման ժամկետով կասեցվում է:
(33-րդ հոդվածը փոփ. 08.07.05 ՀՕ-161-Ն, լրաց. 01.06.06 ՀՕ-120-Ն, 15.11.06 ՀՕ-182-Ն, փոփ. 17.05.16 ՀՕ-50-Ն)
Հոդված 34. |
Վերահսկողությունը հանրային աշխատանքների կատարման նկատմամբ |
1. Դատապարտյալի համար որոշված աշխատանքների կատարումը վերահսկելու նպատակով տարածքային մարմինը վարում է հանրային աշխատաժամերի հաշվառման քարտ, որը լրացնում, ստորագրում և կնքում է տվյալ աշխատանքները կազմակերպող մարմնի կամ կազմակերպության վարչակազմը:
2. Դատապարտյալը պարտավոր է տարածքային մարմնին տեղեկացնել հանրային աշխատանքները կատարելու մասին: Հանրային աշխատանքները կատարելու, դրանք ոչ պատշաճ կատարելու կամ դատապարտյալի կողմից պատիժը կրելուց խուսափելու մասին տարածքային մարմնին կարող է տեղեկացնել նաև տվյալ աշխատանքները կազմակերպող մարմնի կամ կազմակերպության վարչակազմը:
3. Հանրային աշխատաժամերի հաշվառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(34-րդ հոդվածը փոփ., խմբ. 08.07.05 ՀՕ-161-Ն, փոփ. 17.05.16 ՀՕ-50-Ն)
Հոդված 35. |
Դատապարտյալի պատասխանատվությունը |
1. Պատիժը կրելու կարգն ու պայմանները խախտելու դեպքում տարածքային մարմինը դատապարտյալին նախազգուշացնում է օրենքով սահմանված պատասխանատվության մասին:
2. Հանրային աշխատանքները կատարելուց չարամտորեն խուսափող դատապարտյալի վերաբերյալ տարածքային մարմինը միջնորդություն է ներկայացնում դատարան՝ հանրային աշխատանքների չկրած մասը կալանքով կամ որոշակի ժամկետով ազատազրկմամբ փոխարինելու մասին` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված ժամկետների սահմաններում:
3. Հանրային աշխատանքների ձևով պատիժը կրելուց չարամտորեն խուսափող է համարվում այն դատապարտյալը, ով`
1) մեկ ամսվա ընթացքում կատարել է հանրային աշխատաժամերի հաշվառման քարտով նախատեսված աշխատանքների իննսուն տոկոսից պակաս հանրային աշխատանքներ` առանց հարգելի պատճառի.
2) հանրային աշխատանքների կատարման ժամանակ մեկ ամսվա ընթացքում երկուսից ավելի անգամ կոպտորեն խախտել է աշխատանքային կարգապահության կանոնները.
3) ծանուցվելու դեպքում երկու և ավելի անգամ անընդմեջ կամ օրենքով նախատեսված դեպքում չի ներկայացել տարածքային մարմին.
4) հրաժարվում է հանրային աշխատանքներ կատարելուց:
(35-րդ հոդվածը փոփ. 08.07.05 ՀՕ-161-Ն, խմբ. 01.06.06 ՀՕ-120-Ն, փոփ. 17.05.16 ՀՕ-50-Ն, լրաց. 01.03.17 ՀՕ-60-Ն)
Գ Լ ՈՒ Խ 8
ՀԱՏՈՒԿ ԿԱՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄԻՑ, ԿԱՐԳԻՑ, ԱՍՏԻՃԱՆԻՑ ԿԱՄ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԻՑ ԶՐԿԵԼԸ ԿԱՏԱՐԵԼԸ
Հոդված 36. |
Հատուկ կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից կամ որակավորման դասից զրկելը կատարելը |
1. Հատուկ կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից կամ որակավորման դասից զրկելը կատարելն ապահովում է հիմնական պատիժը կատարող մարմինը կամ հիմնարկը:
2. Հիմնական պատիժը կատարող մարմինը կամ հիմնարկը հատուկ կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից կամ որակավորման դասից զրկելու մասին դատավճռի պատճենը ստանալուց և դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո` տասնհինգօրյա ժամկետում, դատավճռի պատճենն ուղարկում է այդ կոչումը, կարգը, աստիճանը կամ որակավորման դասը շնորհած մարմին կամ պաշտոնատար անձին՝ համապատասխան գործողություններ կատարելու նպատակով։
Հոդված 37. |
Հատուկ կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից կամ որակավորման դասից զրկելը կատարելու կարգը |
Հատուկ կամ զինվորական կոչում, կարգ, աստիճան կամ որակավորման դաս շնորհած մարմինը կամ պաշտոնատար անձը դատավճռի պատճենը ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում, կատարում է համապատասխան գործողություններ՝ հատուկ կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից կամ որակավորման դասից զրկելու դատապարտված անձին (սույն գլխում այսուհետ` դատապարտյալ) հատուկ կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից կամ որակավորման դասից զրկելու նպատակով, ինչպես նաև միջոցներ ձեռնարկում այդ կոչման, կարգի, աստիճանի կամ որակավորման դասի հետ կապված բոլոր իրավունքներից և արտոնություններից նրան զրկելու ուղղությամբ՝ այդ մասին մեկամսյա ժամկետում պաշտոնապես տեղյակ պահելով համապատասխան քրեակատարողական մարմնին կամ հիմնարկին:
Գ Լ ՈՒ Խ 9
ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳՐԱՎՈՒՄԸ ԿԱՏԱՐԵԼԸ
Հոդված 38. |
Գույքի բռնագրավումը կատարելը |
1. Գույքի բռնագրավման կատարումն ապահովում է հիմնական պատիժը կատարող քրեակատարողական հիմնարկը:
2. Քրեակատարողական հիմնարկը գույքի բռնագրավման մասին դատավճիռը ստանալուց հետո պատիժը կատարելը վերապահում է դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը, որը տրամադրում է համապատասխան տեղեկատվություն՝ պատիժը կատարելու կամ այն կատարելու անհնարինության մասին:
Հոդված 39. |
Գույքի բռնագրավումը կատարելու կարգը |
Գույքի բռնագրավումը կատարվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով՝ հաշվի առնելով սույն օրենսգրքի 40-րդ հոդվածի պահանջները:
Հոդված 40. |
Բռնագրավման ենթակա գույքը |
Բռնագրավման ենթակա գույքը ներառում է գույքի բռնագրավման դատապարտված անձին սեփականության իրավունքով պատկանող գույքը, բացառությամբ սույն օրենսգրքին կից հավելվածով նախատեսված գույքի:
Գ Լ ՈՒ Խ 10
(գլուխն ուժը կորցրել է 01.06.06 ՀՕ-120-Ն)
ՈՒՂՂԻՉ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԸ
Հոդված 41. |
Ուղղիչ աշխատանքները կատարելը |
(հոդվածն ուժը կորցրել է 01.06.06 ՀՕ-120-Ն)
Հոդված 42. |
Ուղղիչ աշխատանքների ձևով պատիժը կրելու պայմանները |
(հոդվածն ուժը կորցրել է 01.06.06 ՀՕ-120-Ն)
Հոդված 43. |
Ուղղիչ աշխատանքների ժամկետը հաշվարկելը |
(հոդվածն ուժը կորցրել է 01.06.06 ՀՕ-120-Ն)
Հոդված 44. |
Դատապարտյալի աշխատավայրի վարչակազմի պարտականությունները |
(հոդվածն ուժը կորցրել է 01.06.06 ՀՕ-120-Ն)
Հոդված 45. |
Դատապարտյալի աշխատավարձից պահումներ կատարելու կարգը |
(հոդվածն ուժը կորցրել է 01.06.06 ՀՕ-120-Ն)
Հոդված 46. |
Պատասխանատվությունն ուղղիչ աշխատանքների ձևով պատժի կարգն ու պայմանները խախտելու համար |
(հոդվածն ուժը կորցրել է 01.06.06 ՀՕ-120-Ն)
Բ Ա Ժ Ի Ն 3
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՏԻԺՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԸ
Գ Լ ՈՒ Խ 11
ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՏԱԿՈՒՄ ՊԱՀԵԼԸ ԿԱՏԱՐԵԼԸ
Հոդված 47. |
Կարգապահական գումարտակում պահելը կատարելը |
1. Կարգապահական գումարտակում պահելու կատարումն ապահովում է այդ նպատակով պաշտպանության բնագավառի կառավարման լիազորված մարմնի համակարգում գործող կարգապահական գումարտակը:
2. Կարգապահական գումարտակում պահելու դատապարտված զինծառայողներին (սույն գլխում այսուհետ` դատապարտյալ) ուղեկցորդելը, փոխադրելը և կարգապահական գումարտակ ընդունելը կատարվում են որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց համար սահմանված կարգով:
Հոդված 48. |
Կարգապահական գումարտակում պահելու կարգը և պայմանները |
1. Կարգապահական գումարտակում սահմանվում է պատիժը կատարելու և կրելու որոշակի կարգ, որն ապահովում է դատապարտյալի ուղղումը, պարտականությունների ու զինվորական ծառայության պահանջների կատարումը, իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, դատապարտյալի նկատմամբ հսկողությունը, զինծառայողի և կարգապահական գումարտակի անձնակազմի անձնական անվտանգությունը:
2. Դատապարտյալը պարտավոր է պահպանել կարգապահական գումարտակի՝ պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած ներքին կանոնակարգի պահանջները:
3. Կարգապահական գումարտակի հրամանատարությունը պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած հատուկ ծրագրով դատապարտյալի հետ անցկացնում է ֆիզիկական և մարտական պատրաստականության դասընթացներ:
4. Դատապարտյալի նկատմամբ, ուղղման հիմնական միջոցներից բացի, կարող են կիրառվել նաև զինվորական ծառայությամբ պայմանավորված ուղղման այլ միջոցներ:
Հոդված 49. |
Կարգապահական գումարտակում պահելու կարգի և պայմանների առանձնահատկությունները |
1. Դատապարտյալը, անկախ զինվորական կոչումից և նախկինում զբաղեցրած պաշտոնից, պատիժը կրելու ընթացքում գտնվում է շարքային կազմի զինծառայողի կարգավիճակում, կրում է կարգապահական գումարտակի ներքին կանոնակարգով սահմանված նմուշի՝ առանց տարբերանշանների համազգեստ:
2. Դատապարտյալը կարող է ներգրավվել չվարձատրվող հասարակական աշխատանքների, բայց օրվա ընթացքում երկու ժամից ոչ ավելի ժամանակով:
3. Կարգապահական գումարտակում դատապարտյալին արգելվում է ունենալ կանխիկ դրամ, այդ թվում՝ արտարժույթ, արժեթղթեր, ինչպես նաև կարգապահական գումարտակի ներքին կանոնակարգով արգելված առարկաներ և իրեր: Հայտնաբերված կանխիկ դրամը, այդ թվում՝ արտարժույթը, արժեթղթերը և այլ արժեքավոր իրերը, կարգապահական գումարտակի ներքին կանոնակարգով սահմանված կարգին համապատասխան` առգրավվում և պահվում են մինչև պատժից ազատվելը: Դատապարտյալից առգրավված առարկաները և իրերը կարգապահական գումարտակի հրամանատարի հրամանով հանձնվում են պահպանության կամ ոչնչացվում են՝ կազմելով համապատասխան արձանագրություն:
4. Սննդամթերքի և առաջին անհրաժեշտության առարկաների ցանկն ու քանակը, որոնք դատապարտյալին թույլատրվում է ունենալ, ձեռք բերել անկանխիկ հաշվարկով կամ ստանալ ծանրոցներով, հանձնուքներով և փաթեթներով, սահմանվում են կարգապահական գումարտակի ներքին կանոնակարգով: Սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու նպատակով դատապարտյալն իրավունք ունի իր անձնական հաշվից ծախսելու Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի (այսուհետ` սահմանված նվազագույն աշխատավարձ) մինչև երեսնապատիկի չափով գումար:
Հոդված 50. |
Դատապարտյալի կապն արտաքին աշխարհի հետ |
1. Կարգապահական գումարտակում ստեղծվում են համապատասխան պայմաններ՝ ընտանիքի և արտաքին աշխարհի հետ դատապարտյալի կապն ապահովելու համար: Այդ նպատակով կարգապահական գումարտակում ստեղծվում են կարճատև տեսակցությունների սենյակներ, կապի հնարավոր միջոցների հանգույցներ, լրատվական միջոցներից օգտվելու հնարավոր պայմաններ:
2. Դատապարտյալն իրավունք ունի ամսական առնվազն երկու կարճատև տեսակցության: Տեսակցությունները տրամադրվում են մերձավոր ազգականների հետ, իսկ կարգապահական գումարտակի հրամանատարի թույլտվությամբ, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում` նաև այլ անձանց հետ: Դատապարտյալին տրամադրվում են տեսակցություններ պաշտպանի հետ՝ առանց քանակի և տևողության սահմանափակման: Պաշտպանի հետ դատապարտյալի տեսակցությունները տեղի են ունենում մեկուսի, իսկ վերջիններիս ցանկությամբ տեսակցությանը կարող են ներկա գտնվել կարգապահական գումարտակի ներկայացուցիչը կամ ներկայացուցիչները:
3. Դատապարտյալին թույլատրվում է ստանալ և իր հաշվին ուղարկել ծանրոցներ, հանձնուքներ և փաթեթներ, առանց սահմանափակման կատարել և ստանալ դրամական փոխանցումներ, ինչպես նաև իր հաշվին վարել նամակագրություն՝ առանց նամակների, հեռագրերի թվի սահմանափակման: Ծանրոցները, հանձնուքները, փաթեթներն ու նամակներն ուղարկելու և ընդունելու, ինչպես նաև դրանք դատապարտյալին հանձնելու կարգը սահմանվում է կարգապահական գումարտակի ներքին կանոնակարգով:
4. Կապի միջոցներից, այդ թվում՝ հեռախոսակապից, օգտվելու կարգը և քանակը սահմանվում են կարգապահական գումարտակի ներքին կանոնակարգով:
5. Նամակագրությունն իրականացվում է կարգապահական գումարտակի հրամանատարության միջոցով և, առանց նամակագրության բովանդակությանը ծանոթանալու, այն ենթակա է արտաքին զննման՝ արգելված առարկաների կամ նյութերի փոխանցումը բացառելու նպատակով: Դատապարտյալի անունով՝ տեղափոխման պատճառով նրա բացակայությամբ ստացված նամակներն ուղարկվում են նրա գտնվելու նոր վայր:
6. Սույն օրենսգրքի 80-րդ հոդվածով նախատեսված դեպքերում դատապարտյալին կարող է տրամադրվել կարճաժամկետ մեկնում կարգապահական գումարտակի սահմաններից դուրս՝ մինչև յոթ օր տևողությամբ, չհաշված մեկնելու և վերադարձի համար անհրաժեշտ ժամանակը, որը չի կարող գերազանցել երեք օրը: Կարգապահական գումարտակի սահմաններից դուրս գտնվելու ժամանակը հաշվարկվում է պատժի կրման ժամկետի մեջ: Դատապարտյալին զինծառայողների համար նախատեսված արձակուրդներ չեն տրամադրվում: Կարճաժամկետ մեկնում տրամադրվում է ոչ ավելի, քան տարվա ընթացքում երկու անգամ:
(50-րդ հոդվածը փոփ. 08.04.08 ՀՕ-15-Ն)
Հոդված 51. |
Դատապարտյալի նկատմամբ կիրառվող խրախուսանքի միջոցները |
1. Օրինապահ վարքագիծ դրսևորելու համար դատապարտյալի նկատմամբ սահմանված կարգով կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ միջոցները.
1) լրացուցիչ կարճատև տեսակցության տրամադրում.
2) նախկինում նշանակված տույժի վաղաժամկետ հանում:
2. Դատապարտյալին խրախուսանքի կարգով կարգապահական գումարտակի հրամանատարի որոշմամբ կարող է տրամադրվել տարեկան լրացուցիչ մինչև երկու կարճատև տեսակցություն։
3. Սույն հոդվածով սահմանված խրախուսանքի միջոցներից բացի, կարող են կիրառվել զինվորական կանոնագրքերով սահմանված խրախուսանքի այլ միջոցներ:
(51-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-120-Ն)
Հոդված 52. |
Դատապարտյալների նկատմամբ կիրառվող տույժի միջոցները |
1. Կարգապահական գումարտակի ներքին կանոնակարգով սահմանված պատժի կրման կարգը և պայմանները խախտելու համար դատապարտյալի նկատմամբ սահմանված կարգով կարող են կիրառվել տույժի հետևյալ միջոցները.
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) կարգապահական կալանք՝ մինչև տասնհինգ օր ժամկետով:
2. Կարգապահական կալանքը դատապարտյալը կրում է կարգապահական գումարտակի պատժախցում:
3. Կարգապահական կալանք կրելու ժամանակամիջոցում դատապարտյալին արգելվում են տեսակցությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, հեռախոսակապից օգտվելը, դրամական փոխանցումներ, հանձնուքներ ու ծանրոցներ ստանալը և ուղարկելը, նամակագրություն վարելը, գրականությունից և զանգվածային լրատվությունից օգտվելը, աշխատելը, քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելը։
4. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տույժի միջոցները կիրառվում են ներքին կանոնակարգով նախատեսված դեպքերում և կարգով:
5. Սույն հոդվածում սահմանված տույժի միջոցներից բացի, կարող են կիրառվել զինվորական կանոնագրքերով սահմանված տույժի այլ միջոցներ:
(52-րդ հոդվածը փոփ., լրաց. 01.06.06 ՀՕ-120-Ն, փոփ. 08.04.08 ՀՕ-15-Ն)
Հոդված 53. |
Դատապարտյալի նկատմամբ խրախուսանքի և տույժի միջոցներ կիրառելու կարգը |
Դատապարտյալի նկատմամբ կարգապահական գումարտակի հրամանատարի կողմից տույժի և խրախուսանքի միջոցներ կիրառելու և հաշվառելու կարգը սահմանում է պետական կառավարման լիազորված մարմինը՝ զինվորական կանոնագրքերին համապատասխան:
Հոդված 54. |
Դատապարտյալի նյութակենցաղային և բուժսանիտարական ապահովումը |
1. Դատապարտյալի նյութակենցաղային և բուժսանիտարական ապահովումն իրականացվում է զինվորական կանոնագրքերով սահմանված չափանիշներով։
2. Դատապարտյալն ապահովվում է առողջության պահպանման համար անհրաժեշտ սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային պայմաններով՝ զինծառայողների համար սահմանված չափանիշներով:
3. Հիվանդանոցային պայմաններում բուժման կարիք ունեցող դատապարտյալները պահախմբի հսկողությամբ փոխադրվում են զինծառայողների համար նախատեսված առողջապահական հիմնարկներ և պահվում են հատուկ հիվանդասենյակներում: Դատապարտյալների պահպանությունն իրականացվում է պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով:
(54-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-120-Ն)
Գ Լ ՈՒ Խ 12
ԿԱԼԱՆՔԸ ԿԱՏԱՐԵԼԸ
Հոդված 55. |
Կալանքը կատարելը |
1. Կալանքի կատարումն ապահովում է ուղղիչ հիմնարկը:
2. Զինծառայողի նկատմամբ նշանակված կալանքի կատարումն ապահովում է կայազորային կարգապահական մեկուսարանը:
3. Կալանքի դատապարտված անձը (սույն գլխում այսուհետ` դատապարտյալ) պատժի ողջ ժամկետը, որպես կանոն, կրում է պատիժը կրելու նույն վայրում: Դատապարտյալը պատիժը կրելու մեկ վայրից մյուսը կարող է փոխադրվել իր հիվանդության դեպքում կամ անձնական անվտանգությունն ապահովելու նպատակով, ինչպես նաև այլ բացառիկ հանգամանքներում, որոնք խոչընդոտում են տվյալ վայրում դատապարտյալի պատիժը կրելուն:
(55-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-120-Ն)
Հոդված 56. |
Կալանքը կրելու կարգը և պայմանները |
1. Դատապարտյալները պահվում են խիստ մեկուսացման պայմաններում՝ սույն օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` դատապարտյալներին անջատ պահելու չափանիշներին համապատասխան:
2. Դատապարտյալի վրա տարածվում են փակ տեսակի ուղղիչ հիմնարկում պատիժ կրող ազատազրկման դատապարտված անձի համար սույն օրենսգրքով և իրավական այլ ակտերով սահմանված պատիժը կրելու պայմանները, բացառությամբ կալանք պատժատեսակի համար սույն օրենսգրքով սահմանված առանձնահատկությունների: Դատապարտյալին տեսակցություն չի տրամադրվում, բացառությամբ պաշտպանի հետ տեսակցության և սույն հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերի: Դատապարտյալին չի թույլատրվում վարել նամակագրություն, ստանալ ծանրոց, հանձնուք և փաթեթ, բացառությամբ առաջին անհրաժեշտության առարկաների և սեզոնային հագուստի: Դատապարտյալի նախնական կամ միջին մասնագիտական կրթություն չի իրականացվում:
3. Անչափահաս դատապարտյալին ամսվա ընթացքում մեկ անգամ տրամադրվում է մինչև չորս ժամ տևողությամբ կարճատև տեսակցություն ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների հետ:
4. Դատապարտյալն օգտվում է առնվազն մեկ ժամ, իսկ անչափահաս դատապարտյալը՝ առնվազն երկու ժամ տևողությամբ ամենօրյա զբոսանքի իրավունքից:
5. Սույն օրենսգրքի 80-րդ հոդվածով սահմանված անձնական բացառիկ հանգամանքների դեպքում դատապարտյալին հիմնարկի պետի որոշմամբ կարող է թույլատրվել օգտվել հեռախոսակապից կամ տրամադրվել մինչև չորս ժամ տևողությամբ կարճատև տեսակցություն:
(56-րդ հոդվածը լրաց. 08.04.08 ՀՕ-15-Ն)
Հոդված 57. |
Դատապարտյալին չվարձատրվող աշխատանքների ներգրավելը |
Դատապարտյալը չվարձատրվող աշխատանքների ներգրավվում է սույն օրենսգրքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով:
Հոդված 58. |
Դատապարտյալի նկատմամբ կիրառվող խրախուսանքի միջոցները |
Դատապարտյալի նկատմամբ պատիժը կատարող հիմնարկի պետը սահմանված կարգով կարող է կիրառել խրախուսանքի հետևյալ միջոցները.
1) զբոսանքի ժամանակի մեկ ժամով ավելացում՝ մինչև մեկ ամիս ժամկետով.
2) հեռախոսակապից մեկանգամյա կամ մինչև մեկ ամիս ժամկետով օգտվելու թույլտվություն.
3) ծանրոց, հանձնուք կամ փաթեթ ստանալու թույլտվություն:
Հոդված 59. |
Դատապարտյալի նկատմամբ կիրառվող տույժի միջոցները |
1. Ներքին կանոնակարգով սահմանված պատիժը կրելու կարգի և պայմանների խախտման համար դատապարտյալի նկատմամբ սահմանված կարգով կարող են կիրառվել տույժի հետևյալ միջոցները.
1) նկատողություն.
2) տեղափոխում պատժախուց՝ մինչև տասն օր ժամկետով:
2. Պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում դատապարտյալին արգելվում են դրամական փոխանցումները, գրականությունից և զանգվածային լրատվությունից օգտվելը և աշխատելը։
3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տույժի միջոցները կիրառվում են ներքին կանոնակարգով նախատեսված դեպքերում և կարգով:
Հոդված 60. |
Դատապարտյալի նկատմամբ խրախուսանքի և տույժի միջոցներ կիրառելու կարգը |
Դատապարտյալի նկատմամբ խրախուսանքի և տույժի միջոցները կիրառվում են սույն օրենսգրքի 94-րդ և 97-րդ հոդվածներով սահմանված կարգով:
Հոդված 61. |
Դատապարտյալի նյութակենցաղային ապահովումը և բուժսանիտարական սպասարկումը |
1. Դատապարտյալի նյութակենցաղային ապահովումը և բուժսանիտարական սպասարկումն իրականացվում են ազատազրկման դատապարտված անձի համար սույն օրենսգրքի 74-րդ, 75-րդ, 76-րդ և 83-րդ հոդվածներով սահմանված չափանիշներով:
2. Կալանքի դատապարտված զինծառայողների նյութակենցաղային և բուժսանիտարական ապահովումն իրականացվում է զինվորական կանոնագրքերով սահմանված չափանիշներով:
Կալանքի դատապարտված և հիվանդանոցային պայմաններում բուժման կարիք ունեցող զինծառայողները պահախմբի հսկողությամբ փոխադրվում են զինծառայողների համար նախատեսված առողջապահական հիմնարկներ և պահվում են հատուկ հիվանդասենյակներում: Նշված անձանց պահպանությունն ապահովում է տվյալ հիմնարկի գտնվելու վայրի կայազորի պետը:
3. Հիվանդանոցային պայմաններում բուժման կարիք ունեցող դատապարտյալները պահախմբի հսկողությամբ փոխադրվում են զինծառայողների համար նախատեսված առողջապահական հիմնարկներ և պահվում են հատուկ հիվանդասենյակներում: Դատապարտյալների պահպանությունն իրականացվում է պետական կառավարման մարմնի կողմից սահմանված կարգով:
(61-րդ հոդվածը լրաց. 01.06.06 ՀՕ-120-Ն, 13.06.06. ՀՕ-141-Ն)
Գ Լ ՈՒ Խ 13
ՈՐՈՇԱԿԻ ԺԱՄԿԵՏՈՎ ԿԱՄ ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 62. |
Որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման կատարումը |
Որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման կատարումն ապահովում է ուղղիչ հիմնարկը:
Հոդված 63. |
Որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձին ուղղիչ հիմնարկ ուղարկելը |
1. Որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձը (սույն գլխում այսուհետ` դատապարտյալ) պատիժը կրելու է ուղարկվում ոչ ուշ, քան դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու և այն ի կատար ածելու կարգադրությունը ստանալու օրվանից հետո` քսանօրյա ժամկետում: Այդ ժամկետում դատապարտյալն իրավունք ունի մերձավոր ազգականների կամ այլ անձանց հետ ունենալու կարճատև տեսակցություն:
2. Դատապարտյալը պատիժը կրելու է ուղարկվում պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:
Հոդված 64. |
Դատապարտյալի փոխադրումը |
1. Դատապարտյալը փոխադրվում է պահախմբով, անհրաժեշտության դեպքում՝ բժշկական հսկողությամբ, բավարար լուսավորություն և օդափոխություն ունեցող, նրան ավելորդ ֆիզիկական անհարմարություն պատճառելը բացառող փոխադրամիջոցով: Փոխադրման ընթացքում դատապարտյալը պետք է ապահովված լինի համապատասխան նյութակենցաղային և սանիտարահիգիենիկ պայմաններով, ինչպես նաև հնարավորինս պաշտպանված լինի վիրավորանքից և հասարակական հետաքրքրասիրությունից:
2. Դատապարտյալի փոխադրումը կատարվում է պետության հաշվին:
3. Դատապարտյալը փոխադրվում է անջատ պահելու՝ սույն օրենսգրքի 68-րդ հոդվածով սահմանված պահանջների պահպանմամբ:
Հոդված 65. |
Դատապարտյալին ուղղիչ հիմնարկ ընդունելը |
1. Դատապարտյալին ուղղիչ հիմնարկ ընդունում է տվյալ հիմնարկի վարչակազմը՝ ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով սահմանված կարգով։
2. Ուղղիչ հիմնարկ փոխադրված դատապարտյալը բժշկական զննություն անցնելու և ուղղիչ հիմնարկի պայմաններին հարմարվելու նպատակով մինչև յոթ օր ժամկետով տեղավորվում է կարանտինային բաժանմունքում։ Կարանտինային բաժանմունքում դատապարտյալը գտնվում է պատիժը կրելու առնվազն նույն պայմաններում։ Կարանտինային բաժանմունքում դատապարտյալի գտնվելու առանձնահատկությունները սահմանվում են ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով:
3. Ուղղիչ հիմնարկ փոխադրված դատապարտյալը կարանտինային բաժանմունքում տեղավորվելուց անմիջապես հետո տեղեկացվում է իր հիմնական իրավունքներին և պարտականություններին, ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգին, ինչի մասին տեղեկանքը կցվում է դատապարտյալի անձնական գործին:
Հոդված 66. |
Դատապարտյալի գրանցումը |
1. Դատապարտյալը ուղղիչ հիմնարկ փոխադրվելուց անմիջապես հետո գրանցվում է դրա համար նախատեսված մատյաններում և անհատական քարտերում:
2. Յուրաքանչյուր դատապարտյալի համար վարվում է անձնական գործ: Անձնական գործը պետք է ներառի նրա անձին և պատիժը կատարելուն վերաբերող պարբերաբար թարմացվող տեղեկություններ, այդ թվում՝ դատապարտյալի նկատմամբ նախկինում կիրառված խափանման միջոցի մասին, ուղղիչ հիմնարկ ընդունելու և պատժից ազատելու ամսաթվերը: Անձնական գործին կարող են ծանոթանալ դատապարտյալը և միայն նման լիազորություն ունեցող անձը:
3. Ուղղիչ հիմնարկի վարչակազմը երաշխավորում է դատապարտյալի անձնական տվյալների պաշտպանվածությունը հասարակական հետաքրքրասիրությունից:
Հոդված 67. |
Պատիժը կրելու վայրի մասին հայտնելը |
1. Ուղղիչ հիմնարկի վարչակազմը պարտավոր է դատապարտյալի՝ ուղղիչ հիմնարկ ընդունվելու կամ մեկ հիմնարկից մյուսը փոխադրվելու մասին անհապաղ տեղյակ պահել դատապարտյալի մերձավոր ազգականներին կամ դատապարտյալի նշած անձանց։
2. Ուղղիչ հիմնարկի վարչակազմն իրավունք չունի դատապարտյալի գտնվելու վայրի մասին հայտնելու սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձանց, եթե դատապարտյալը գրավոր դիմում է ներկայացրել այդ մասին, բացառությամբ անչափահասների:
Հոդված 68. |
Ուղղիչ հիմնարկում դատապարտյալներին անջատ պահելը |
1. Ուղղիչ հիմնարկում անջատ են պահվում՝
1) տղամարդիկ՝ կանանցից.
2) անչափահասները՝ չափահասներից, բացառությամբ սույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերի.
3) առաջին անգամ ազատազրկման դատապարտված անձինք, բացի առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտված անձանցից՝ նախկինում ազատազրկման ձևով պատիժ կրած դատապարտյալներից.
4) դատարանների, իրավապահ, մաքսային և հարկային մարմինների աշխատող կամ նախկին աշխատող, պարտադիր կամ պայմանագրային զինվորական ծառայության սպայական կազմի զինծառայող կամ նախկին զինծառայող, ինչպես նաև ոստիկանության զինծառայող կամ նախկին զինծառայող դատապարտյալը՝ մյուս դատապարտյալներից.
5) շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություններով տառապող դատապարտյալը՝ մյուս դատապարտյալներից.
6) դատապարտյալը, որի կյանքին կամ առողջությանը վտանգ է սպառնում, մյուս դատապարտյալներից՝ ուղղիչ հիմնարկի վարչակազմի որոշմամբ.
7) անզգուշությամբ կատարված հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված անձինք՝ դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատապարտված անձանցից.
8) ցմահ ազատազրկման դատապարտված անձինք՝ որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանցից:
2. Բուժական ուղղիչ հիմնարկում, ուղղիչ հիմնարկների բուժական ստորաբաժանումներում, ինչպես նաև այն ուղղիչ հիմնարկում, որին առընթեր կա մանկատուն, դատապարտյալներին անջատ պահելու` սույն հոդվածով սահմանված պահանջները կիրառվում են հնարավորինս:
3. Դատապարտյալներին անջատ պահելու` սույն հոդվածով սահմանված պահանջները կարող են չպահպանվել, եթե նրանք մասնակցում են նույն հիմնարկում իրենց համար կազմակերպած սոցիալական, հոգեբանական, իրավական աշխատանքների, աշխատանքային, կրթական, մշակութային, մարզական և նման այլ միջոցառումների, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում:
(68-րդ հոդվածը լրաց. 01.06.06 ՀՕ-120-Ն, փոփ. 08.04.08 ՀՕ-9-Ն)
Հոդված 69. |
Պատժի ամբողջ ժամկետը մեկ ուղղիչ հիմնարկում կրելը |
1. Դատապարտյալը պատժի ամբողջ ժամկետը, որպես կանոն, կրում է մեկ ուղղիչ հիմնարկում։
2. Պատժի հետագա կրելը շարունակելու համար դատապարտյալին մեկ հիմնարկից նույն տեսակի մեկ այլ հիմնարկ տեղափոխել թույլատրվում է նրա հիվանդության, ուղղիչ հիմնարկի վերակազմակերպման կամ լուծարման, դատապարտյալի անձնական անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև տվյալ ուղղիչ հիմնարկում դատապարտյալի հետագա գտնվելուն խոչընդոտող այլ բացառիկ հանգամանքների դեպքերում:
Գ Լ ՈՒ Խ 14
ԿԱՆՈՆԱԿԱՐԳՆ ՈՒՂՂԻՉ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԵՎ ԱՅՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԸ
Հոդված 70. |
Կանոնակարգն ուղղիչ հիմնարկում և դրա հիմնական պահանջները |
1. Կանոնակարգն ուղղիչ հիմնարկում օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված պատիժը կատարելու ու կրելու կարգի և պայմանների ամբողջությունն է:
2. Ուղղիչ հիմնարկներում սահմանված կանոնակարգի նպատակն է՝
1) ապահովել ուղղիչ հիմնարկում դատապարտյալին պահելու՝ մարդկային արժանապատվությունը չնվաստացնող պայմաններ.
2) հնարավորինս նվազեցնել ազատազրկման և ազատության մեջ գտնվելու միջև եղած հոգեբանական տարբերությունները.
3) ապահովել կապն ընտանիքի և արտաքին աշխարհի հետ.
4) աջակցել դատապարտյալին՝ նրանում ձևավորելու և զարգացնելու այնպիսի հմտություններ և ունակություններ, որոնք կօգնեն նրան պատժից ազատվելուց հետո կազմակերպելու հետագա կյանքը:
3. Ուղղիչ հիմնարկի կանոնակարգի հիմնական պահանջներն են դատապարտյալի պարտադիր տարբերակված մեկուսացումը հասարակությունից և սույն օրենսգրքով սահմանված դեպքերում՝ այլ դատապարտյալներից, ինչպես նաև դատապարտյալի կողմից իր պարտականությունների պատշաճ կատարման ապահովումը, դատապարտյալին պահելու տարբեր պայմանների նախատեսումը՝ ելնելով դատապարտյալի անձից և նրա վարքագծից, կատարված հանցագործության բնույթից ու հասարակական վտանգավորության աստիճանից, ինչպես նաև նրա նկատմամբ մշտական հսկողություն սահմանելը՝ նրա կողմից նոր հանցագործություններ կամ այլ հակաօրինական արարքներ կատարելու հնարավորությունը բացառելու նպատակով:
Հոդված 71. |
Կանոնակարգն ուղղիչ հիմնարկում արտակարգ իրավիճակի դեպքում |
1. Տարերային աղետների, ուղղիչ հիմնարկի տեղակայման շրջանում արտակարգ իրավիճակի, ռազմական դրության, զանգվածային անկարգության, ինչպես նաև դատապարտյալների զանգվածային անհնազանդության, ուղղիչ հիմնարկի վրա հարձակման իրական վտանգի դեպքերում ուղղիչ հիմնարկում կարող է հայտարարվել արտակարգ իրավիճակ։
2. Արտակարգ իրավիճակ հայտարարում և դադարեցնում է պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարը՝ մինչև երեսուն օր ժամկետով: Բացառիկ դեպքերում ժամկետը կարող է երկարաձգվել ևս մինչև երեսուն օրով, իսկ հակահամաճարակային նպատակներով՝ մինչև դրա անհրաժեշտությունը վերանալը։
3. Արտակարգ իրավիճակ հայտարարելու դեպքում կարող է կասեցվել դատապարտյալի՝ սույն օրենսգրքով սահմանված մի շարք իրավունքների իրականացումը` պահպանության և հսկողության ուժեղացված միջոցառումների սահմանման, ծանրոցի և հանձնուքի, փաթեթի, դրամական փոխանցումների ընդունման, տեսակցությունների սահմանափակման, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված այլ միջոցառումների ձեռնարկման ձևով: Ուղղիչ հիմնարկի ներքին կանոնակարգը արտակարգ իրավիճակ հայտարարելու դեպքում սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Դատապարտյալի, ուղղիչ հիմնարկի վարչակազմի և այլ անձանց կյանքին ու առողջությանը սպառնացող անմիջական վտանգ ծագելու դեպքում ուղղիչ հիմնարկի պետը կարող է իրավիճակին համապատասխան միջոցներ կիրառել սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված միջոցառումների սահմաններում՝ այդ մասին անհապաղ տեղեկացնելով քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ղեկավարին և պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարին:
5. Արտակարգ իրավիճակ հայտարարելու դեպքում ուղղիչ հիմնարկի վարչակազմն այդ մասին անհապաղ տեղեկացնում է դատապարտյալներին:
(71-րդ հոդվածը խմբ. 08.07.05 ՀՕ-161-Ն)
Հոդված 72. |
Ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը |
1. Ուղղիչ հիմնարկներում սահմանվում է ներքին կանոնակարգ, որը նախատեսում է դատապարտյալին ուղղիչ հիմնարկ ընդունելու կարգը, դատապարտյալի վարքագծի կանոնները, դատապարտյալին արգելված առարկաների և իրերի ցանկն ու քանակը, արգելված առարկաներն առգրավելու, դատապարտյալի և ուղղիչ հիմնարկում նրա կացարանի խուզարկություն, ինչպես նաև նրա իրերի զննություն կատարելու, տեսակցության, նամակագրության, ծանրոցները, հանձնուքները և փաթեթները դատապարտյալին հանձնելու, հեռախոսակապից օգտվելու կարգը, օրվա կարգացուցակը և սույն օրենսգրքից ու իրավական այլ ակտերից բխող այլ հարցեր։
2. Դատապարտյալին հնարավորություն է տրվում իր ցանկությամբ լրացուցիչ տեղեկություն ստանալու ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի մասին։ Ներքին կանոնակարգն ամբողջությամբ կամ քաղվածքներով փակցվում է ուղղիչ հիմնարկի՝ բոլորի համար տեսանելի վայրերում:
3. Ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը սահմանվում է սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
Գ Լ ՈՒ Խ 15
ՊԱՏԺԻ ԿՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒՂՂԻՉ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ
Հոդված 73. |
Ազատազրկման դատապարտված անձի բնակելի տարածքը |
Ուղղիչ հիմնարկում դատապարտյալին հատկացված բնակելի տարածքը պետք է համապատասխանի ընդհանուր բնակելի տարածքների համար սահմանված շինարարական և սանիտարահիգիենիկ չափանիշներին, ինչպես նաև ապահովի նրա առողջության պահպանումը: Ուղղիչ հիմնարկում մեկ դատապարտյալին հատկացվող բնակելի տարածության չափը չի կարող պակաս լինել չորս քառակուսի մետրից։
Հոդված 74. |
Դատապարտյալի անձնական հիգիենան |
1. Դատապարտյալը պետք է ապահովված լինի իր հիգիենայի պահանջները բավարարելու համար մարդկային արժանապատվությունը չնվաստացնող պայմաններով:
2. Դատապարտյալի անձնական հիգիենայի պահպանման պայմանները և կանոնները սահմանվում են ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով և իրավական այլ ակտերով:
3. Դատապարտյալի անձնական հիգիենայի պահպանման համար անհրաժեշտ հիգիենայի պարագաների չափաբաժինները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 75. |
Դատապարտյալի հանդերձանքն ու անկողնային պարագաները |
1. Դատապարտյալն ապահովվում է իր սեռին, տարվա եղանակին, կլիմայական պայմաններին համապատասխանող միասնական նմուշի հանդերձանքով: Դատապարտյալն իր հագուստի վրա կրում է անվանական կրծքանշան:
2. Դատապարտյալի հանդերձանքը չպետք է որևէ ձևով ճնշող կամ նվաստացնող լինի: Դատապարտյալի հագուստի ձևը սահմանվում է ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով:
3. Դատապարտյալին տրամադրվում են քնելու անհատական տեղ և անկողնային պարագաներ։
4. Դատապարտյալին տրամադրվող հանդերձանքի և անկողնային պարագաների չափաբաժիններն ու դրանց օգտագործման ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 76. |
Դատապարտյալի սնունդը |
1. Դատապարտյալը պատիժը կրելու ընթացքում ապահովվում է օրգանիզմի կանոնավոր կենսագործունեության համար անհրաժեշտ սննդով, որի օրական միջին չափաբաժինները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Սննդի որակը և սննդարարությունը սահմանված չափաբաժիններից որևէ կերպ պակասեցնելը, այդ թվում՝ որպես տույժի միջոց, արգելվում է:
3. Հղի, կերակրող մայր, անչափահաս կամ հիվանդ դատապարտյալն ապահովվում է հավելյալ սննդով, որի չափաբաժինները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Դատապարտյալը պետք է ապահովված լինի խմելու ջրով:
Հոդված 77. |
Դատապարտյալի` սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելը |
1. Դատապարտյալն իր միջոցներով կարող է ամսվա ընթացքում ձեռք բերել սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև երեսնապատիկի չափով սնունդ և առաջին անհրաժեշտության առարկաներ, ինչպես նաև գրենական պիտույքներ, գրքեր, թերթեր, ամսագրեր և այլ գրականություն:
2. Սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու կարգը, ինչպես նաև այն առարկաների ցանկը, որոնք արգելված է վաճառել դատապարտյալին, սահմանվում են ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով։
Հոդված 78. |
Դատապարտյալի զբոսանքը |
1. Դատապարտյալի զբոսանքը կազմակերպվում է ցերեկային ժամերին՝ դրա համար նախատեսված բացօթյա տարածքում:
2. Դատապարտյալի զբոսանքի տևողությունը սահմանվում է սույն օրենսգրքով՝ հաշվի առնելով ուղղիչ հիմնարկի տեսակը:
3. Դատապարտյալի զբոսանքի տևողությունը չի կարող պակաս լինել օրական մեկ ժամից:
Հոդված 79. |
Առանց պահախմբի կամ ուղեկցորդման ուղղիչ հիմնարկի սահմաններից դուրս տեղաշարժվելու կարգը և պայմանները |
1. Ուղղիչ հիմնարկում պատիժ կրող, կալանավորվածներին պահելու վայրում տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներ կատարելու նպատակով թողնված դատապարտյալին, ելնելով կատարվող աշխատանքի բնույթից, կարող է թույլատրվել առանց պահախմբի կամ ուղեկցորդման տեղաշարժվել ուղղիչ հիմնարկի կամ կալանավորվածներին պահելու վայրի սահմաններից դուրս:
2. Դատապարտյալին առանց պահախմբի կամ ուղեկցորդման ուղղիչ հիմնարկի կամ կալանավորվածներին պահելու վայրի սահմաններից դուրս գտնվելու թույլտվություն տրամադրվում կամ այն վերացվում է ուղղիչ հիմնարկի կամ կալանավորվածներին պահելու վայրի պետի որոշմամբ:
3. Առանց պահախմբի կամ ուղեկցորդման ուղղիչ հիմնարկի կամ կալանավորվածներին պահելու վայրի սահմաններից դուրս գտնվելու թույլտվություն կարող է տրամադրվել միայն օրինապահ վարքագիծ դրսևորող դատապարտյալին՝ պատժի ժամկետի առնվազն մեկ քառորդը կրելուց հետո:
4. Առանց պահախմբի կամ ուղեկցորդման ուղղիչ հիմնարկի կամ կալանավորվածներին պահելու վայրի սահմաններից դուրս բերվել չի թույլատրվում առանձնապես վտանգավոր կամ վտանգավոր ռեցիդիվի դեպքում, շրջապատի համար վտանգ ներկայացնող վարակիչ և մակաբուծային հիվանդության դեպքում, այդ թվում՝ բացիլազատ պալարախտով հիվանդ, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների բուժման ամբողջ կուրսը չանցած կամ մարդու իմունային անբավարարության վարակով վարակակիր դատապարտյալին, ինչպես նաև ցմահ ազատազրկման դատապարտված անձին:
5. Առանց պահախմբի կամ ուղեկցորդման ուղղիչ հիմնարկի կամ կալանավորվածներին պահելու վայրի սահմաններից դուրս գտնվելու թույլտվություն ստացած դատապարտյալի վարքագծի կանոնները սահմանվում են ուղղիչ հիմնարկների կամ կալանավորվածներին պահելու վայրերի ներքին կանոնակարգով։
Հոդված 80. |
Դատապարտյալին կարճաժամկետ մեկնում տրամադրելը |
1. Դատապարտյալին, բացառությամբ առանձնապես վտանգավոր ռեցիդիվի կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվելու դեպքի, կարող է տրամադրվել կարճաժամկետ մեկնում անձնական բացառիկ հանգամանքների (մերձավոր ազգականի մահ կամ կյանքին սպառնացող ծանր հիվանդություն, տարերային աղետ, որը զգալի նյութական վնաս է պատճառել դատապարտյալին կամ նրա ընտանիքին) դեպքում, ինչպես նաև սոցիալական վերականգնման նպատակով: Հաշմանդամ կամ ուղղիչ հիմնարկին կից մանկատանը երեխա ունեցող դատապարտյալին կարող է տրամադրվել կարճաժամկետ մեկնում՝ երեխային մանկատանը կամ ազգականի մոտ տեղավորելու նպատակով:
2. Կարճաժամկետ մեկնում տրամադրվում է մինչև յոթ օր տևողությամբ` չհաշված մեկնելու և վերադարձի համար անհրաժեշտ ժամանակը, որը չի կարող գերազանցել երեք օրը: Սոցիալական վերականգնման նպատակով բաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալին կարճաժամկետ մեկնում կարող է տրամադրվել մինչև մեկ ամիս տևողությամբ` չհաշված մեկնելու և վերադարձի համար անհրաժեշտ ժամանակը, որը չի կարող գերազանցել երեք օրը: Կիսաբաց, կիսափակ կամ փակ ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալին կարճաժամկետ մեկնում տրամադրվում է տարվա ընթացքում երկու անգամից ոչ ավելի:
3. Մեղսունակությունը չբացառող հոգեկան հիվանդությամբ տառապող կամ առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամ դատապարտյալին, որը առողջության պատճառով անընդհատ խնամքի կարիք ունի, ինչպես նաև անչափահաս դատապարտյալին կարճաժամկետ մեկնում տրամադրվում է միայն ազգականի կամ այլ անձի ուղեկցությամբ։
4. Բացիլազատ պալարախտով հիվանդ, ալկոհոլամոլությունից, թմրամոլությունից և սեռական ճանապարհով փոխանցվող և շրջապատի համար վտանգ ներկայացնող այլ վարակիչ ու մակաբուծային հիվանդություններից բուժման ամբողջ կուրսը չանցած, մարդու իմունային անբավարարության վարակով վարակակիր դատապարտյալին, ինչպես նաև ուղղիչ հիմնարկում հակահամաճարակային միջոցառում անցկացնելու ընթացքում կարճաժամկետ մեկնում կարող է տրամադրվել, եթե բժշկի, հոգեբույժի կամ համապատասխան մասնագետի եզրակացությամբ նա հասարակության կամ իր համար վտանգ չի ներկայացնում, կամ նման վտանգը վերացվում է նրան ուղեկցելու միջոցով, ինչը պետք է փոխհատուցի դատապարտյալը:
5. Բացասական բնութագրվող դատապարտյալին կարճաժամկետ մեկնում տրամադրվում է միայն ուղղիչ հիմնարկի վարչակազմի ներկայացուցչի կամ ներկայացուցիչների ուղեկցությամբ:
6. Կարճաժամկետ մեկնում տրամադրվելու դեպքում դատապարտյալը կարող է կրել իր առօրյա կամ այլ հագուստ:
Հոդված 81. |
Դատապարտյալին կարճաժամկետ մեկնում տրամադրելու կարգը |
1. Կարճաժամկետ մեկնում տրամադրվում է ուղղիչ հիմնարկի պետի որոշմամբ՝ հաշվի առնելով դատապարտյալի անձը և նրա դրսևորած վարքագիծը, կատարած հանցագործության ծանրության աստիճանը, ինչպես նաև պատիժը կրելու ժամկետը: Դիմումը կարող է մերժվել ուղղիչ հիմնարկի պետի պատճառաբանված որոշմամբ:
2. Անձնական բացառիկ հանգամանքների կապակցությամբ կարճաժամկետ մեկնում տրամադրելու դիմումը քննարկվում է մեկ օրվա ընթացքում, իսկ սոցիալական վերականգնման նպատակով՝ եռօրյա ժամկետում։
3. Կարճաժամկետ մեկնման ժամանակը հաշվվում է պատիժը կրելու ժամկետի մեջ։
4. Կարճաժամկետ մեկնման հետ կապված ծախսերը հոգում է դատապարտյալը, իսկ եթե նա անվճարունակ է, ապա մեկնումների հետ կապված ծախսերը կարող են կատարվել պետության հաշվին:
5. Սահմանված ժամկետում ուղղիչ հիմնարկ վերադառնալուց խուսափող դատապարտյալը ենթակա է քրեական պատասխանատվության։
6. Դատապարտյալին կարճաժամկետ մեկնումներ տրամադրելու կարգը սահմանվում է ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով:
Հոդված 82. |
Հղի, կերակրող մայր և երեխա ունեցող դատապարտյալի պատժի կրման առանձնահատկությունները |
1. Ուղղիչ հիմնարկում անհրաժեշտության դեպքում կարող է ստեղծվել մանկատուն՝ երեխաների բնակության և զարգացման պատշաճ պայմաններով։ Դատապարտյալն ուղղիչ հիմնարկի մանկատանը կարող է տեղավորել իր՝ մինչև երեք տարեկան երեխային և աշխատանքից ազատ ժամերին, առանց սահմանափակման, շփվել նրա հետ։ Դատապարտյալին կարող է թույլատրվել երեխայի հետ համատեղ բնակություն։
2. Դատապարտյալի համաձայնությամբ նրա` մինչև երեք տարեկան երեխան կարող է հանձնվել ազգականի, ինչպես նաև հոգաբարձության և խնամակալության մարմնի որոշմամբ՝ այլ անձանց խնամքին, իսկ երեք տարին լրանալուց հետո՝ դատապարտյալի ընտրությամբ ուղարկվել մանկատուն կամ համապատասխան այլ հաստատություն:
3. Ուղղիչ հիմնարկին կից մանկատանը պահվող երեխայի երեք տարին լրանալուց հետո ուղղիչ հիմնարկի պետը կարող է մանկատանը երեխային պահելու ժամկետը երկարաձգել մինչև ծնողի պատժի ժամկետի ավարտը, եթե պատիժը կրելուն մնացել է երկու տարուց ոչ ավելի ժամանակ։
Հոդված 83. |
Դատապարտյալի բուժսանիտարական օգնությունը |
1. Դատապարտյալի բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտը կարգավորող օրենսդրությանը համապատասխան։ Դատապարտյալի բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից օգտվելու և այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Դատապարտյալին բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնություն արդյունավետ ապահովելու նպատակով կազմակերպվում է բուժական ուղղիչ հիմնարկ:
3. Ուղղիչ հիմնարկի վարչակազմն ապահովում է դատապարտյալի առողջության պահպանմանն ուղղված սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների կատարումը։
4. Ուղղիչ հիմնարկի վարչակազմը պատասխանատվություն է կրում դատապարտյալի առողջության պահպանմանն ուղղված սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
(83-րդ հոդվածը խմբ. 08.07.05 ՀՕ-161-Ն)
Հոդված 84. |
Դատապարտյալի նյութական պատասխանատվությունը |
1. Դատապարտյալը պատիժը կրելու ընթացքում պետությանը, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց պատճառած նյութական վնասի համար պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:
2. Դատապարտյալը հատուցում է ուղղիչ հիմնարկին պատճառած վնասը, ինչպես նաև այլ լրացուցիչ ծախսերը, որոնք կապված են դատապարտյալի փախուստի կամ իր առողջությանն իր կողմից դիտավորությամբ հասցված վնասը վերականգնելու հետ։
3. Պատճառված նյութական վնասի դիմաց սխալ կերպով բռնագանձված գումարը վերադարձվում է դատապարտյալին և հաշվեգրվում նրա անձնական հաշվին։
Գ Լ ՈՒ Խ 16
ՈՐՈՇԱԿԻ ԺԱՄԿԵՏՈՎ ԿԱՄ ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԱՆՁԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ, ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԼՈՒՍԱՎՈՐՉԱԿԱՆ, ԿՐՈՆԱԿԱՆ ԵՎ ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
Հոդված 85. |
Աշխատանքն ուղղիչ հիմնարկում |
1. Դատապարտյալը հնարավորության դեպքում ապահովվում է աշխատանքով կամ նրան իրավունք է վերապահվում ինքնուրույն իրեն ապահովելու աշխատանքով, որի կարգը և պայմանները սահմանվում են ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով: Դատապարտյալին աշխատանքի ներգրավելիս ուղղիչ հիմնարկի վարչակազմը պարտավոր է հաշվի առնել նրա սեռը, տարիքը, աշխատունակությունը, առողջական վիճակը և հնարավորինս՝ մասնագիտությունը։ Դատապարտյալի աշխատանքային գործունեությունը չպետք է խոչընդոտի ուղղիչ հիմնարկի առջև դրված խնդիրներն իրականացնելուն:
2. Աշխատանքով ապահովելիս առաջնությունը տրվում է այն դատապարտյալին, ով ունի գույքային պարտավորություններ կամ գտնվում է նյութական ծանր վիճակում:
3. Դատապարտյալի աշխատանքն ուղղիչ հիմնարկի համար եկամուտ ստանալու նպատակ չի հետապնդում:
Հոդված 86. |
Դատապարտյալի աշխատանքի պայմանները |
1. Դատապարտյալի աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
2. Դատապարտյալին արգելված աշխատանքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
Հոդված 87. |
Դատապարտյալի աշխատանքի վարձատրությունը |
1. Դատապարտյալը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, ունի աշխատանքի վարձատրության իրավունք։
2. Դատապարտյալի աշխատանքի ամսական վարձատրությունը չի կարող պակաս լինել սահմանված նվազագույն աշխատավարձից։
Հոդված 88. |
Դատապարտյալին չվարձատրվող աշխատանքների ներգրավելը |
1. Ուղղիչ հիմնարկի պետի որոշմամբ դատապարտյալն իր համաձայնությամբ առանց վարձատրության կարող է ներգրավվել ուղղիչ հիմնարկի կամ դրան հարող տարածքների բարեկարգման աշխատանքներին։
2. Դատապարտյալը չվարձատրվող աշխատանքների ներգրավվում է հերթականությամբ՝ ոչ հանգստյան ժամերին՝ օրական երկու ժամից ոչ ավելի ժամանակով:
3. Առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամ, հղի, կենսաթոշակային տարիքի հասած դատապարտյալին չվարձատրվող աշխատանքների ներգրավելն արգելվում է։
(88-րդ հոդվածը լրաց. 01.06.06 ՀՕ-120-Ն)
Հոդված 89. |
Դատապարտյալի կրթությունը |
1. Ուղղիչ հիմնարկի վարչակազմը միջոցներ է ձեռնարկում դատապարտյալի հիմնական և հեռակա բարձրագույն, հետբուհական մասնագիտական կրթությունը և մասնագիտական ուսուցումը կազմակերպելու համար: Դատապարտյալի կրթությունը և մասնագիտական ուսուցումը կազմակերպվում է ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով սահմանված կարգով:
2. Ուսանող դատապարտյալը քննություններ հանձնելու կապակցությամբ աշխատանքից ազատվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով։
3. Ազատազրկման ձևով պատիժ կրող այն դատապարտյալներին, որոնց պատժի կրման ավարտին մնացել է վեց ամիս, ուղղիչ հիմնարկի վարչակազմը, իսկ այլընտրանքային պատիժ կրող դատապարտյալների դեպքում՝ Պրոբացիայի պետական ծառայությունը, գրավոր և անհատապես ծանուցում է ամենամյա ծրագրի շրջանակներում կազմակերպվող մասնագիտական ուսուցման ծրագրերում ընդգրկվելու իրենց իրավունքի մասին և ներկայացնում «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված մասնագիտական ուսուցման ծրագրերը: Դատապարտյալի կողմից մասնագիտական ուսուցման ծրագրերում ընդգրկվելու ցանկություն հայտնելու դեպքում ուղղիչ հիմնարկի վարչակազմը, իսկ այլընտրանքային պատիժ կրող դատապարտյալների դեպքում՝ Պրոբացիայի պետական ծառայությունը, դատապարտյալների տվյալները փոխանցում է օրենքով սահմանված լիազորված մարմին՝ զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում կազմակերպվող մասնագիտական ուսուցման ծրագրերում նրանց ընդգրկելու նպատակով:
(89-րդ հոդվածը լրաց. 16.12.16 ՀՕ-229-Ն)
Հոդված 90. |
Դատապարտյալի մասնագիտական կրթությունը |
1. Ուղղիչ հիմնարկում կարող է կազմակերպվել դատապարտյալի նախնական մասնագիտական` արհեստագործական կրթություն: Մասնագիտական կրթությունը հնարավորինս պետք է լինի այնպիսին, որպեսզի աշխատանքի կատարման ընթացքում պահպանվեն կամ բարելավվեն դատապարտյալի` պատժից ազատվելուց հետո ապրուստի միջոց վաստակելու ունակությունները։
2. Նախնական մասնագիտական կրթությունն անչափահաս դատապարտյալի համար իրականացվում է աշխատանքային օրվա տևողության սահմաններում։
Հոդված 91. |
Մշակութային, կրոնական, լուսավորչական և մարզական միջոցառումներն ուղղիչ հիմնարկում |
1. Դատապարտյալները կարող են ստեղծել մշակութային, լուսավորչական և մարզական ինքնագործ միավորումներ, որոնք գործում են ուղղիչ հիմնարկի վարչակազմի հսկողությամբ։ Այդ միավորումները կարող են համագործակցել համապատասխան միությունների և կազմակերպությունների հետ: Դատապարտյալի մասնակցությունն ինքնագործ միավորումների աշխատանքներին խրախուսվում է և հաշվի առնվում նրա ուղղման աստիճանը որոշելիս։ Ինքնագործ միավորումների անդամ դատապարտյալը լրացուցիչ արտոնություններից չի օգտվում։
2. Դատապարտյալների ինքնագործ միավորումների հիմնական խնդիրներն են՝ զարգացնել դատապարտյալի մտավոր, մասնագիտական, ֆիզիկական կարողությունները, դրական ազդեցություն ունենալ դատապարտյալի ուղղման գործում, մասնակցել դատապարտյալի աշխատանքը, կենցաղը և հանգիստը կազմակերպելուն, սոցիալական օգնություն ցուցաբերել դատապարտյալին և նրա ընտանիքին։ Դատապարտյալների ինքնագործ միավորումների առջև կարող են դրվել նաև պատիժը կատարելու նպատակներին, կարգին և պայմաններին չհակասող այլ խնդիրներ։
3. Դատապարտյալների ինքնագործ միավորումների կազմավորման և գործունեության կարգը սահմանվում են ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով։
4. Ուղղիչ հիմնարկներում ստեղծվում են պայմաններ՝ դատապարտյալի ազատ ժամանակը արդյունավետ տնօրինելու համար: Այդ նպատակով ուղղիչ հիմնարկում ստեղծվում են գրադարան, ընթերցարան, մարզասրահ կամ ժամանցի այլ վայրեր:
5. Ուղղիչ հիմնարկ կարող է հրավիրվել հոգևորական։ Թույլատրվում է կազմակերպել կրոնական ծիսակատարություններ, օգտվել պաշտամունքի առարկաներից և կրոնական գրականությունից։ Ուղղիչ հիմնարկի վարչակազմն այդ նպատակով առանձնացնում է համապատասխան տարածք:
6. Ուղղիչ հիմնարկի վարչակազմը հասարակական կամ այլ կազմակերպությունների աջակցությամբ կամ անմիջական մասնակցությամբ կազմակերպում է կրթական, մշակութային, լուսավորչական, կրոնական և մարզական միջոցառումներ:
Հոդված 92. |
Դատապարտյալի կապն ընտանիքի և արտաքին աշխարհի հետ |
1. Ուղղիչ հիմնարկի վարչակազմն ստեղծում է համապատասխան պայմաններ՝ ընտանիքի և արտաքին աշխարհի հետ դատապարտյալի կապն ապահովելու նպատակով: Այդ նպատակով ուղղիչ հիմնարկում ստեղծվում են կարճատև և երկարատև տեսակցությունների սենյակներ, կապի հնարավոր միջոցների հանգույցներ, լրատվական միջոցներից օգտվելու հնարավոր պայմաններ:
2. Մերձավոր ազգականների կամ այլ անձանց հետ կարճատև տեսակցություն տրամադրվում է ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ` մինչև չորս ժամ տևողությամբ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Համատեղ բնակվելու իրավունքով և միայն մերձավոր ազգականների հետ երկարատև տեսակցություն տրամադրվում է երկու ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ` մինչև երեք օր տևողությամբ: Երկարատև տեսակցություն տրամադրվում է նաև դատապարտյալի հետ ամուսնության մեջ չգտնվող այն անձի հետ, որի հետ դատապարտյալն ունի համատեղ երեխա: Դատապարտյալի խնդրանքով երկարատև տեսակցությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի կարող է փոխարինվել կարճատև տեսակցությամբ: Առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց տրամադրվում է տարվա ընթացքում առնվազն երեք կարճատև և մեկ երկարատև տեսակցություն: Նշված սահմանափակումը վերանում է, եթե դատապարտյալը փաստացի կրել է պատժի` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատում կիրառելու համար սահմանված ժամկետը: Կարճատև և երկարատև տեսակցություններ տրամադրելու կարգը սահմանվում է ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով:
3. Դատապարտյալին թույլատրվում է ստանալ և իր հաշվին ուղարկել ծանրոցներ, հանձնուքներ կամ փաթեթներ, առանց սահմանափակման կատարել և ստանալ դրամական փոխանցումներ, ինչպես նաև իր հաշվին վարել նամակագրություն՝ առանց նամակների, հեռագրերի թվի սահմանափակման: Ծանրոցները, հանձնուքները, փաթեթներն ու նամակներն ուղարկելու և ընդունելու, ինչպես նաև դրանք դատապարտյալին հանձնելու կարգը սահմանվում է ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով:
4. Կապի միջոցներից, այդ թվում՝ հեռախոսակապից, օգտվելու կարգը և քանակը սահմանվում են ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով:
5. Նամակագրությունն իրականացվում է ուղղիչ հիմնարկի վարչակազմի միջոցով և, առանց նամակագրության բովանդակությանը ծանոթանալու, ենթակա է արտաքին զննման՝ արգելված առարկաների կամ նյութերի փոխանցումը բացառելու նպատակով: Դատապարտյալի բացակայությամբ ստացված նամակներն ուղարկվում են նրա գտնվելու նոր վայր:
6. Ուղղիչ հիմնարկի վարչակազմն ստեղծում է համապատասխան պայմաններ՝ թերթերից, ամսագրերից և այլ գրականությունից օգտվելու համար:
7. Դատապարտյալի լուսանկարահանումը, ինչպես նաև տեսանկարահանումը և հարցազրույցն իրականացվում են նրա համաձայնությամբ` ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով սահմանված կարգով: Համաձայնությունը կարող է կրել գրավոր բնույթ։
(92-րդ հոդվածը լրաց. 15.11.06 ՀՕ-182-Ն, 08.04.08 ՀՕ-15-Ն)
Գ Լ ՈՒ Խ 17
ՈՐՈՇԱԿԻ ԺԱՄԿԵՏՈՎ ԿԱՄ ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԱՆՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԽՐԱԽՈՒՍԱՆՔԻ ԵՎ ՏՈՒՅԺԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ
Հոդված 93. |
Ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ կիրառվող խրախուսանքի միջոցները |
1. Օրինապահ վարքագծի, աշխատանքի և ուսման նկատմամբ բարեխիղճ վերաբերմունքի, դատապարտյալների ինքնագործ միավորումների աշխատանքներին և միջոցառումներին ակտիվորեն մասնակցելու, ինչպես նաև դրական վարքագծի դրսևորման համար ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ սահմանված կարգով կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ միջոցները.
1) լրացուցիչ կարճատև կամ երկարատև տեսակցության տրամադրում, բայց տարվա ընթացքում երկու կարճատև կամ երկու երկարատև տեսակցությունից ոչ ավելի.
2) փակ տեսակի ուղղիչ հիմնարկում պահվող դատապարտյալի զբոսանքի տևողության ավելացում մինչև երկու ժամ՝ մեկ ամիս ժամկետով.
3) նախկինում նշանակված տույժի վաղաժամկետ հանում:
2. Դատապարտյալը, որպես խրախուսանքի միջոց, կարող է ներկայացվել տեղափոխման մեկուսացվածության առավել ցածր աստիճան ունեցող ուղղիչ հիմնարկ՝ պատժի կրումը շարունակելու նպատակով:
Հոդված 94. |
Ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ խրախուսանքի միջոց կիրառելու կարգը |
Խրախուսանքի բոլոր միջոցները կիրառվում են գրավոր՝ ուղղիչ հիմնարկի պետի կամ նրա պարտականությունները կատարող անձի որոշմամբ։
Հոդված 95. |
Ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ կիրառվող տույժի միջոցները |
1. Պատիժը կրելու սահմանված կարգը խախտելու համար ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ սահմանված կարգով կարող են կիրառվել տույժի հետևյալ միջոցները.
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) պատժախուց տեղափոխելը մինչև տասնհինգ օր, իսկ անչափահաս դատապարտյալին՝ մինչև տասն օր ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տույժի միջոցները կիրառվում են ներքին կանոնակարգով նախատեսված դեպքերում և կարգով:
Հոդված 96. |
Ազատազրկման դատապարտված անձի կողմից պատիժը կրելու սահմանված կարգի չարամիտ խախտումները |
1. Ազատազրկման դատապարտված անձի կողմից պատիժը կրելու սահմանված կարգի չարամիտ խախտումներ են համարվում զանցանքը, ուղղիչ հիմնարկի վարչակազմի ներկայացուցիչներին ուղղված սպառնալիքը, անհնազանդությունը կամ անհարգալից վերաբերմունքը կամ այլ խմբային անհնազանդություններ կազմակերպելը կամ դրանց ակտիվորեն մասնակցելը, նշված խախտումները կատարելու նպատակով խմբեր կազմակերպելը կամ դրանց մասնակցելը, ինչպես նաև մեկ տարվա ընթացքում պատժի կրման սահմանված կարգի երկու կամ ավելի խախտումները, եթե դրանցից յուրաքանչյուրի համար դատապարտյալը ենթարկվել է տույժի։
2. Պատիժը կրելու սահմանված կարգի չարամիտ խախտման դեպքում դատապարտյալը կարող է ներկայացվել տեղափոխման մեկուսացվածության առավել բարձր աստիճան ունեցող ուղղիչ հիմնարկ՝ պատժի կրումը շարունակելու նպատակով:
Հոդված 97. |
Ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ տույժի միջոցներ կիրառելու կարգը |
1. Դատապարտյալի նկատմամբ տույժի միջոցները կիրառելիս հաշվի են առնվում խախտումը կատարելու հանգամանքները, դատապարտյալի անձը և նրա վարքագիծը՝ նախքան խախտումը կատարելը։ Կիրառվող տույժը պետք է համապատասխանի կատարած խախտման ծանրությանը և բնույթին։ Տույժը կիրառվում է բացառապես խախտումը կատարած անձի նկատմամբ այն հայտնաբերելուց հետո ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, և, որպես կանոն, կատարվում է անհապաղ։ Մեկ խախտման համար արգելվում է նշանակել մեկից ավելի տույժ։
2. Տույժի բոլոր միջոցները կիրառվում են գրավոր՝ ուղղիչ հիմնարկի պետի կամ նրա պարտականությունները կատարող անձի որոշմամբ։
3. Դատապարտյալը տեղափոխվում է պատժախուց՝ պարտադիր նշելով այդ վայրում պահելու ժամկետը։
4. Ուղղիչ հիմնարկի մանկատանը երեխա ունեցող, կերակրող մայր, հղի, նախածննդյան կամ հետծննդյան ժամանակահատվածում գտնվող դատապարտյալը պատժախուց չի տեղափոխվում։
5. Պատժախցից բուժական ուղղիչ հիմնարկ փոխադրելու դեպքում բուժական ուղղիչ հիմնարկում դատապարտյալին պահելու ժամանակը հաշվվում է տույժը կրելու ժամանակի մեջ։
6. Դատապարտյալը համարվում է տույժ չունեցող, եթե տույժը կրելուց հետո` վեց ամսվա ընթացքում, չի ենթարկվել նոր տույժի, կամ նախկինում նշանակված տույժը հանվել է։
7. Դատապարտյալի նկատմամբ տույժի միջոցի կիրառումը կարող է բողոքարկվել պատիժները կատարելու նկատմամբ հսկողություն և վերահսկողություն իրականացնող մարմիններին:
Հոդված 98. |
Դատապարտյալին պատժախցում պահելու պայմանները |
1. Պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում դատապարտյալին արգելվում են տեսակցությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, հեռախոսակապից օգտվելը, դրամական փոխանցումներ, հանձնուքներ ու ծանրոցներ ստանալը և ուղարկելը, նամակագրություն վարելը, գրականությունից և զանգվածային լրատվությունից օգտվելը, աշխատելը, քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելը։
2. Որպես տույժ` պատժախուց տեղափոխված դատապարտյալն իրավունք ունի՝
1) սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու համար իր անձնական հաշվից ամսական ծախսելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով գումար.
2) օգտվելու մեկ ժամ տևողությամբ ամենօրյա զբոսանքից։
3. Պատժախցում պահվող դատապարտյալի նյութակենցաղային ապահովման պայմանները սահմանվում են ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով։
4. Պատժախցում պահվող դատապարտյալը գտնվում է բժշկական հսկողության ներքո:
5. Պատժախցում պահվող դատապարտյալի նկատմամբ կիրառվող տույժի միջոցը կարող է վաղաժամկետ դադարեցվել բժշկի եզրակացության հիման վրա:
(98-րդ հոդվածը փոփ. 08.04.08 ՀՕ-15-Ն)
Գ Լ ՈՒ Խ 18
ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ՈՒՂՂԻՉ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ
Հոդված 99. |
Ուղղիչ հիմնարկների տեսակները |
Ուղղիչ հիմնարկների տեսակները, ըստ մեկուսացվածության աստիճանների, հետևյալն են.
1) բաց ուղղիչ հիմնարկ.
2) կիսաբաց ուղղիչ հիմնարկ.
3) կիսափակ ուղղիչ հիմնարկ.
4) փակ ուղղիչ հիմնարկ.
5) բուժական ուղղիչ հիմնարկ:
Հոդված 100. |
Պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը որոշելը |
1. Պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը որոշում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում (այսուհետ` քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմին) գործող տեղաբաշխման հանձնաժողովը՝ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով և հաշվի առնելով սույն օրենսգրքի 68-րդ հոդվածի պահանջները:
2. Պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը որոշվում է հետևյալ առանձնահատկություններով.
1) անզգուշությամբ կատարած հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտվելու դեպքում՝ բաց ուղղիչ հիմնարկ.
2) դիտավորյալ ոչ մեծ, միջին ծանրության կամ ծանր հանցագործության համար առաջին անգամ որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտվելու դեպքում՝ կիսաբաց ուղղիչ հիմնարկ.
3) առանձնապես ծանր հանցագործության համար տասը տարուց պակաս ժամկետով առաջին անգամ դատապարտվելու կամ ռեցիդիվի կամ վտանգավոր ռեցիդիվի դեպքում՝ կիսափակ ուղղիչ հիմնարկ.
4) առանձնապես ծանր հանցագործության համար տասը տարուց ավելի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտվելու, ինչպես նաև առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում՝ փակ ուղղիչ հիմնարկ.
5) որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտվելու և բուժսանիտարական ու բուժկանխարգելիչ համապատասխան օգնություն կազմակերպելու անհրաժեշտության դեպքում՝ բուժական ուղղիչ հիմնարկ:
3. Տեղաբաշխման հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:
(100-րդ հոդվածը փոփ., լրաց. 08.07.05 ՀՕ-161-Ն)
Հոդված 101. |
Պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելը |
Պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը փոխում է սույն օրենսգրքի 100-րդ հոդվածով նախատեսված տեղաբաշխման հանձնաժողովը՝ հաշվի առնելով որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձի դրսևորած վարքագիծը, մեկուսացվածության աստիճանի նպատակահարմարությունը և սույն օրենսգրքի 68-րդ հոդվածի պահանջները:
(101-րդ հոդվածը փոփ. 08.07.05 ՀՕ-161-Ն)
Հոդված 102. |
Պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելու դեպքերը |
1. Պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը կարող է փոխվել մեկուսացվածության առավել ցածր աստիճանի՝ հիմք ընդունելով որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձի դրսևորած դրական վարքագիծը, մասնավորապես՝
1) բաց ուղղիչ հիմնարկ կարող են տեղափոխվել՝
ա) անզգուշությամբ կատարված հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված և կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը,
բ) դիտավորությամբ ոչ մեծ կամ միջին ծանրության կամ ծանր հանցագործության համար առաջին անգամ որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված և կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը՝ նշանակված պատժի առնվազն մեկ երրորդը կրելուց հետո, իսկ անչափահաս դատապարտյալի դեպքում՝ նշանակված պատժի առնվազն մեկ քառորդը կրելուց հետո,
գ) առանձնապես ծանր հանցագործության համար մինչև տասը տարի ժամկետով ազատազրկման առաջին անգամ դատապարտված կամ ռեցիդիվի կամ վտանգավոր ռեցիդիվի դեպքում և կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը՝ նշանակված պատժի առնվազն կեսը կրելուց հետո, իսկ անչափահաս դատապարտյալի դեպքում՝ նշանակված պատժի առնվազն մեկ երրորդը կրելուց հետո,
դ) առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում կամ առանձնապես ծանր հանցագործության համար տասը տարուց ավելի ժամկետով ազատազրկման դատապարտված և կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը՝ նշանակված պատժի առնվազն երկու երրորդը կրելուց հետո, իսկ անչափահաս դատապարտյալի դեպքում՝ նշանակված պատժի առնվազն կեսը կրելուց հետո.
2) կիսաբաց ուղղիչ հիմնարկ կարող են տեղափոխվել՝
ա) ռեցիդիվի դեպքում՝ կիսափակ ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը՝ նշանակված պատժի առնվազն մեկ երրորդը կրելուց հետո, իսկ անչափահաս դատապարտյալի դեպքում՝ նշանակված պատժի առնվազն մեկ քառորդը կրելուց հետո,
բ) վտանգավոր ռեցիդիվի դեպքում կամ առանձնապես ծանր հանցագործության համար մինչև տասը տարի ժամկետով ազատազրկման առաջին անգամ դատապարտված և կիսափակ ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը՝ նշանակված պատժի առնվազն կեսը կրելուց հետո, իսկ անչափահաս դատապարտյալի դեպքում՝ նշանակված պատժի առնվազն մեկ երրորդը կրելուց հետո,
գ) առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում կամ առանձնապես ծանր հանցագործության համար տասը տարուց ավելի ժամկետով ազատազրկման դատապարտված և կիսափակ ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը՝ նշանակված պատժի առնվազն կեսը կրելուց հետո, իսկ անչափահաս դատապարտյալի դեպքում՝ նշանակված պատժի առնվազն մեկ երրորդը կրելուց հետո,
դ) ցմահ ազատազրկման դատապարտված և կիսափակ ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը՝ նշանակված պատժի առնվազն քսանհինգ տարին կրելուց հետո.
3) կիսափակ ուղղիչ հիմնարկ կարող են տեղափոխվել՝
ա) առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում կամ առանձնապես ծանր հանցագործության համար տասը տարուց ավելի ժամկետով ազատազրկման դատապարտված և փակ ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը՝ նշանակված պատժի առնվազն մեկ քառորդը կրելուց հետո,
բ) ցմահ ազատազրկման դատապարտված և փակ ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը՝ նշանակված պատժի առնվազն քսան տարին կրելուց հետո:
2. Պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը կարող է փոխվել դեպի մեկուսացվածության առավել բարձր աստիճանի պատիժը կատարելու ցանկացած ժամանակ՝ հիմք ընդունելով որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձի դրսևորած բացասական վարքագիծը կամ վերջինիս գրավոր դիմումը: Անզգուշությամբ կատարված հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը չի կարող փոխվել կիսափակ կամ փակ ուղղիչ հիմնարկի: Արգելվում է փոխել անզգուշությամբ կատարած հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված անչափահաս անձի նկատմամբ պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը դեպի մեկուսացվածության առավել բարձր աստիճանի:
(102-րդ հոդվածը լրաց., փոփ. 01.06.06 ՀՕ-120-Ն)
Հոդված 103. |
Բաց ուղղիչ հիմնարկը |
1. Բաց ուղղիչ հիմնարկում դատապարտյալը պահվում է մինչև տասը մարդու համար նախատեսված բնակելի կացարանում:
2. Ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգին համապատասխան` բաց ուղղիչ հիմնարկում դատապարտյալը կարող է տեղաշարժվել գիշերային ժամերին՝ ուղղիչ հիմնարկի այդ նպատակով նախատեսված տարածքի սահմաններում, իսկ ցերեկային ժամերին՝ ուղղիչ հիմնարկի տարածքի սահմաններում, և ուղղիչ հիմնարկի պետի թույլտվությամբ՝ դրանից դուրս։
3. Բաց ուղղիչ հիմնարկում դատապարտյալներին անջատ պահելու` սույն օրենսգրքի 68-րդ հոդվածով սահմանված սկզբունքները չեն գործում, և դատապարտյալները պահվում են հասարակական համակեցության կանոններին համապատասխան:
4. Բաց ուղղիչ հիմնարկում դատապարտյալին պահելու պայմանների առանձնահատկությունները սահմանվում են ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով:
Հոդված 104. |
Կիսաբաց ուղղիչ հիմնարկը |
1. Կիսաբաց ուղղիչ հիմնարկում դատապարտյալը պահվում է մինչև վեց մարդու համար նախատեսված բնակելի կացարանում:
2. Կիսաբաց ուղղիչ հիմնարկում դատապարտյալը կարող է տեղաշարժվել ցերեկային ժամերին՝ ուղղիչ հիմնարկի` այդ նպատակով նախատեսված տարածքի սահմաններում։
3. Կիսաբաց ուղղիչ հիմնարկում դատապարտյալին պահելու պայմանների առանձնահատկությունները սահմանվում են ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով:
Հոդված 105. |
Կիսափակ ուղղիչ հիմնարկը |
1. Կիսափակ ուղղիչ հիմնարկում դատապարտյալը պահվում է մինչև վեց մարդու համար նախատեսված մեկուսացված խցում։
2. Կիսափակ ուղղիչ հիմնարկում դատապարտյալը կարող է տեղաշարժվել առնվազն երեք ժամ տևողությամբ ցերեկային որոշակի ժամերին՝ ուղղիչ հիմնարկի` այդ նպատակով նախատեսված տարածքի սահմաններում։
3. Կիսափակ ուղղիչ հիմնարկում դատապարտյալին պահելու պայմանների առանձնահատկությունները սահմանվում են ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով:
Հոդված 106. |
Փակ ուղղիչ հիմնարկը |
1. Փակ ուղղիչ հիմնարկում դատապարտյալը պահվում է մինչև չորս մարդու համար նախատեսված մեկուսացված խցում։ Հիմնարկի պետի պատճառաբանված որոշմամբ դատապարտյալը կարող է խցում պահվել միայնակ։
2. Փակ ուղղիչ հիմնարկում դատապարտյալին պահելու պայմանների առանձնահատկությունները սահմանվում են ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով:
Հոդված 107. |
Բուժական ուղղիչ հիմնարկը |
1. Բուժական ուղղիչ հիմնարկում դատապարտյալը պահվում է սույն օրենսգրքով և իրավական այլ ակտերով կիսաբաց ուղղիչ հիմնարկի համար նախատեսված պայմաններում, բացառությամբ սույն օրենսգրքով և իրավական այլ ակտերով բուժական ուղղիչ հիմնարկի համար նախատեսված առանձնահատկությունների: Բուժական ուղղիչ հիմնարկում կարող է ստեղծվել առանձնացված ստորաբաժանում կամ կացարան կամ խուց՝ դատապարտյալներին տարբեր մեկուսացվածության աստիճաններով պահելու նպատակով:
2. Բուժական ուղղիչ հիմնարկում դատապարտյալը պահվում է դատապարտյալներին անջատ պահելու` սույն օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջներին համապատասխան։
3. Բուժական ուղղիչ հիմնարկում դատապարտյալին պահելու պայմանների առանձնահատկությունները սահմանվում են ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով:
Հոդված 108. |
Ցմահ ազատազրկման դատապարտված անձի` պատիժը կրելու առանձնահատկությունները |
1. Ցմահ ազատազրկման դատապարտված անձինք պահվում են խցերում` որպես կանոն, յուրաքանչյուր խցում չորս դատապարտյալից ոչ ավելի: Դատապարտյալի խնդրանքով կամ նրա անձնական անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում, ուղղիչ հիմնարկի պետի որոշմամբ, դատապարտյալը կարող է պահվել մենախցում: Տվյալ դատապարտյալի աշխատանքը կազմակերպվում է՝ հաշվի առնելով դատապարտյալին խցում պահելու` ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով սահմանված պահանջները:
2. Դատապարտյալն ամենօրյա մեկ ժամ տևողությամբ զբոսանքի իրավունք ունի:
3. Դատապարտյալի զբոսանքի ընթացքում պահպանվում են անջատ պահելու՝ սույն օրենսգրքի 68-րդ հոդվածով սահմանված պահանջները:
Հոդված 109. |
Անչափահաս դատապարտյալի պատիժը կրելու առանձնահատկությունները |
1. Որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված անչափահասը մինչև պատժի ժամկետը լրանալը պատիժը կրում է միևնույն ուղղիչ հիմնարկում, բայց ոչ ավելի, քան նրա քսանմեկ տարեկան դառնալը։
2. Տասնութ տարին լրացած դատապարտյալի` բացասական վարքագիծ դրսևորելու դեպքում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված առանձնահատկությունը չի գործում:
3. Արգելվում է որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված անչափահասի պատիժը կրելու նպատակով փակ ուղղիչ հիմնարկ ուղարկելը:
Հոդված 110. |
Ազատազրկման դատապարտված անձին տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներ կատարելու համար փակ ուղղիչ հիմնարկ ուղարկելը կամ կալանավորվածներին պահելու վայրում թողնելը |
1. Դիտավորությամբ կատարված հանցագործության համար առավելագույնը յոթ տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձը, որը պատիժը պետք է կրի կամ կրում է կիսաբաց կամ կիսափակ ուղղիչ հիմնարկում, կարող է ուղարկվել փակ կամ կիսափակ ուղղիչ հիմնարկ կամ թողնվել կալանավորվածներին պահելու վայրում` տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներ կատարելու նպատակով:
2. Դատապարտյալը տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքների համար փակ կամ կիսափակ ուղղիչ հիմնարկ է ուղարկվում կամ կալանավորվածներին պահելու վայրում է թողնվում սույն օրենսգրքի 100-րդ հոդվածով նախատեսված տեղաբաշխման հանձնաժողովի որոշմամբ, դատապարտյալի գրավոր համաձայնությամբ` հաշվի առնելով օրինապահ վարքագիծը։
3. Տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքների համար փակ կամ կիսափակ ուղղիչ հիմնարկ ուղարկված կամ կալանավորվածներին պահելու վայրում թողնված դատապարտյալը պահվում է կիսաբաց ուղղիչ հիմնարկի համար` սույն օրենսգրքով և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով նախատեսված պայմաններում՝ մյուս դատապարտյալներից մեկուսացված և անջատ:
(110-րդ հոդվածը խմբ., լրաց. 01.06.06 ՀՕ-120-Ն)
Հոդված 111. |
Դատապարտյալին կալանավորվածներին պահելու վայրում ժամանակավորապես պահելը |
1. Դատապարտյալն ուղղիչ հիմնարկից կարող է փոխադրվել կալանավորվածներին պահելու վայր` օրենքով նախատեսված հիմքերով:
2. Դատապարտյալը կալանավորվածներին պահելու վայրում ժամանակավորապես պահվում է կալանավորված անձանց համար օրենքով և կալանավորվածներին պահելու վայրերի ներքին կանոնակարգով սահմանված պայմաններում:
ԲԱԺԻՆ 4
ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼԸ: ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԻԺԸ ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՐԵՆ ՉԿԻՐԱՌԵԼՈՒ ԴԵՊՔԵՐՈՒՄ
Գ Լ ՈՒ Խ 19
ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼԸ
Հոդված 112. |
Պատժից ազատելու հիմքերը |
1. Պատժից ազատելու հիմքերն են՝
1) դատարանի դատավճռով նշանակված պատիժն ամբողջությամբ կրելը.
2) դատարանի դատավճռի բեկանումը՝ գործի վարույթի կարճմամբ.
3) պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը.
4) պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելը.
5) ներումը.
6) համաներումը.
7) պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունը.
8) արտակարգ հանգամանքները:
2. Օրենքով կարող են նախատեսվել պատժից ազատելու այլ հիմքեր։
Հոդված 113. |
Պատժից ազատելու կարգը |
1. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու, կալանքի, կարգապահական գումարտակում պահելու և որոշակի ժամկետով ազատազրկման ձևով պատժատեսակների կրումը դադարեցվում է պատժի ժամկետի վերջին օրը՝ հաշվի առնելով այն փոփոխությունները, որոնք օրենքով սահմանված կարգով կարող են մտցվել պատժի ժամկետի մեջ։
2. Կալանքի, կարգապահական գումարտակում պահելու և որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված անձը պատժից ազատվում է պատժի ժամկետի վերջին օրվա առաջին կեսին։ Եթե պատժի ժամկետն ավարտվում է ոչ աշխատանքային օրը, ապա դատապարտյալը պատժից ազատվում է դրան նախորդող օրը։ Պատժի ժամկետն ամիսներով հաշվելիս այն ավարտվում է վերջին ամսվա համապատասխան օրը, իսկ եթե տվյալ ամիսը համապատասխան ամսաթիվ չունի, ապա այդ ամսվա վերջին օրը։
3. Դատավճիռը բեկանելու հետևանքով քրեական գործի կարճմամբ պատժից ազատված անձին պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը պարզաբանում է պատիժը կրելու ընթացքում կասեցված գույքային, աշխատանքային և այլ իրավունքների վերականգնման վերաբերյալ նրա իրավունքները։ Դատավճիռը բեկանելու հետևանքով քրեական գործի կարճմամբ պատժից ազատվելու վերաբերյալ փաստաթղթերի մեջ պետության անունից պաշտոնապես ներողություն է խնդրվում դատապարտյալից։
4. Դատապարտյալը պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվում է համապատասխան փաստաթղթերը ստանալու օրը, իսկ եթե այդ փաստաթղթերը ստացվում են աշխատանքային օրվա ավարտից հետո՝ հաջորդ օրվա առավոտյան։
5. Դատապարտյալի ներում շնորհելու և պատժից ազատելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։
6. Համաներում կիրառելու կարգը սահմանում է համաներման ակտն ընդունող մարմինը։
7. Հոգեկան կամ այլ ծանր հիվանդության կապակցությամբ պատժի հետագա կրումից ազատելու մասին միջնորդությունը դատարան է ներկայացնում պատիժը կատարող հիմնարկի պետը։ Միջնորդության հետ միաժամանակ ներկայացվում են համապատասխան բժշկական հանձնաժողովի եզրակացությունը և դատապարտյալի անձնական գործը։ Կարգապահական գումարտակում պահելու դատապարտված անձը պատիժը կրելուց ազատվում է այնպիսի հիվանդության դեպքում, որի հետևանքով նա համարվում է զինվորական ծառայության համար ոչ պիտանի:
8. Հրդեհի, տեխնածին կամ տարերային աղետի, ընտանիքի միակ աշխատունակ անձի ծանր հիվանդության կամ մահվան կամ արտակարգ այլ հանգամանքների պատճառով ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործության համար դատապարտված անձի` պատժի հետագա կրումից ազատվելու վերաբերյալ միջնորդության հետ միաժամանակ պատիժը կատարող մարմնի կամ հիմնարկի վարչակազմը դատարան է ներկայացնում տեղեկանքներ համապատասխան հանգամանքների վերաբերյալ և դատապարտյալի անձնական գործը:
9. Պատժից ազատվելիս դատապարտյալին հանձնվում են նրան պատկանող գույքը, անձնական փաստաթղթերը, այդ թվում՝ պատժից ազատելու վերաբերյալ փաստաթղթերը։
Հոդված 114. |
Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու պայմանները |
1. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատում կարող է կիրառվել կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով կարող է փոխարինվել, եթե դատապարտյալը բավարարում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով դրա համար սահմանված պահանջներին:
(պարբերությունը հանվել է 01.03.17 ՀՕ-63-Ն)
2. Պատիժը կատարող հիմնարկի կողմից որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը ներկայացվում է սույն օրենսգրքի 115-րդ և 116-րդ հոդվածներին համապատասխան:
Կարգապահական գումարտակի հրամանատարության կողմից կարգապահական գումարտակում պատիժ կրող դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը ներկայացվում է սույն օրենսգրքի 1151-րդ հոդվածին համապատասխան:
3. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 1.1-ին և 1.2-րդ կետերով նախատեսված հանգամանքների վերաբերյալ եզրակացություն է տալիս պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովը (այսուհետ` անկախ հանձնաժողով), որի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է Հանրապետության Նախագահի հրամանագրով:
Անկախ հանձնաժողովի կազմում ընդգրկվում են հոգեբան, հոգեբույժ՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից, սոցիալական աշխատող՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, քրեաբան, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև առնվազն վերջին հինգ տարվա ընթացքում քրեակատարողական համակարգի բարեփոխման բնագավառում գործունեություն ծավալած հասարակական կազմակերպության` դատապարտյալների հետ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքներ իրականացրած ներկայացուցիչ:
(114-րդ հոդվածը լրաց. 08.07.05 ՀՕ-161-Ն, խմբ., լրաց. 13.06.06 ՀՕ-66-Ն, փոփ., լրաց. 13.11.07 ՀՕ-268-Ն, փոփ., խմբ., լրաց. 01.03.17 ՀՕ-63-Ն)
Հոդված 115. |
Որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման կարգը |
(վերնագիրը խմբ. 13.11.07 ՀՕ-268-Ն)
1. Պատժի ժամկետի՝ օրենքով սահմանված մասը լրանալու դեպքում պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը 15-օրյա ժամկետում պարտավոր է անկախ հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման հարցը` կցելով դատապարտյալի անձնական գործի ամփոփ տեղեկանքը, դատապարտյալի անձի և վարքագծի փաստական նկարագիրը:
Նշյալ փաստաթղթերն ստանալու պահից 45-օրյա ժամկետում անկախ հանձնաժողովը պարտադիր քննում է դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման հարցը և տալիս է դրական կամ բացասական եզրակացություն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերով կամ 77-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանգամանքների վերաբերյալ:
Անկախ հանձնաժողովի կողմից եզրակացություն տալուց հետո դրա պատճենը ոչ ուշ, քան յոթնօրյա ժամկետում ստորագրությամբ հանձնվում է դատապարտյալին և ուղարկվում է պատիժը կատարող հիմնարկի վարչակազմին և պատժի կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Պատիժը կատարող հիմնարկի ղեկավարը անկախ հանձնաժողովի եզրակացությունն ստանալու պահից յոթնօրյա ժամկետում այն ներկայացնում է դատարան, եթե դատապարտյալը գրավոր համաձայնություն է տալիս, որը կցվում է եզրակացությանը:
Եզրակացությանը կցվում է նաև դատապարտյալի անձնական գործի ամփոփ տեղեկանքը, դատապարտյալի անձի և վարքագծի փաստական նկարագիրը և առկայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության պրոբացիայի պետական ծառայության խորհրդատվական զեկույցը:
1.1. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցն անկախ հանձնաժողովում քննարկելիս դատապարտյալն իրավունք ունի.
1) անկախ հանձնաժողովի նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին ստանալու պատշաճ ծանուցում.
2) անձամբ կամ փաստաբանի կամ օրենքով սահմանված կարգով անվճար իրավաբանական օգնություն ցույց տվող փաստաբանի միջոցով մասնակցելու անկախ հանձնաժողովում իր վերաբերյալ հարցերի քննարկմանը.
3) հայերենին չտիրապետելու դեպքում պետության միջոցների հաշվին օգտվելու թարգմանչի ծառայություններից.
4) ծանոթանալու իր վերաբերյալ անկախ հանձնաժողով ներկայացված նյութերին և անվճար ստանալու դրանց պատճենները.
5) ներկայացնելու բացատրություններ և փաստաթղթեր, հանդես գալու հայտարարություններով.
6) հայտնելու իր կարծիքը իրեն վերաբերող հարցերի քննարկման ժամանակ:
2. (մասն ուժը կորցրել է 01.03.17 ՀՕ-63-Ն)
3. Դատապարտյալի կողմից անկախ հանձնաժողովի եզրակացությունը դատարան ներկայացնելու համաձայնություն չտալու դեպքում պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը տվյալ դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը ներկայացնում է անկախ հանձնաժողովի կողմից եզրակացություն տալուց հետո՝ երեք ամիս անց, բացառությամբ սույն օրենսգրքի 116-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
Դատարանի կողմից պատժից պայմանական վաղաժամկետ ազատելը կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելը մերժելու մասին որոշում կայացնելու դեպքում պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը տվյալ դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը անկախ հանձնաժողով է ներկայացնում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 434-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը լրանալուց 45 օր առաջ, բացառությամբ սույն օրենսգրքի 116-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
4. (մասն ուժը կորցրել է 01.03.17 ՀՕ-63-Ն)
(115-րդ հոդվածը խմբ. 13.06.06 ՀՕ-66-Ն, խմբ., փոփ. 13.11.07 ՀՕ-268-Ն, խմբ. 20.05.09 ՀՕ-129-Ն, խմբ., լրաց., փոփ. 01.03.17 ՀՕ-63-Ն)
Հոդված 1151. |
Կարգապահական գումարտակում պահելու դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ներկայացման կարգը |
1. Պատժի ժամկետի` օրենքով սահմանված մասը լրանալու դեպքում կարգապահական գումարտակի հրամանատարը մեկամսյա ժամկետում պարտադիր միջնորդագիր է ներկայացնում դատարան` կարգապահական տույժ չունեցող դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ:
2. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ միջնորդագրի հետ դատարան է ներկայացվում նաև դատապարտյալի անձնական գործը:
3. Դատարանի կողմից միջնորդությունը մերժվելու դեպքում նույն հիմքով միջնորդությունը կրկին կարող է ներկայացվել դատարան՝ մերժման որոշումը կայացվելուց հետո ոչ շուտ, քան վեց ամիս անց:
4. Կարգապահական գումարտակի հրամանատարի կողմից սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջը չկատարելը կարող է բողոքարկվել դատական կարգով:
(1151-րդ հոդվածը լրաց. 13.11.07 ՀՕ-268-Ն)
Հոդված 116. |
Ցմահ ազատազրկման դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու առանձնահատկությունները |
1. Ցմահ ազատազրկման դատապարտված անձը կարող է ներկայացվել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման նախորդ հինգ տարիների ընթացքում պատիժը կրելու սահմանված կարգի չարամիտ խախտումների համար տույժ չունենալու դեպքում՝ ազատազրկման ոչ պակաս, քան քսան տարին կրելուց հետո:
2. Ցմահ ազատազրկման դատապարտված անձի կողմից անկախ հանձնաժողովի եզրակացությունը դատարան ներկայացնելու համաձայնություն չտալու դեպքում պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը տվյալ դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը ներկայացնում է անկախ հանձնաժողովին եզրակացությունը տալուց հետո՝ մեկուկես տարի անց:
Դատարանի կողմից պատժից պայմանական վաղաժամկետ ազատելը կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելը մերժելու մասին որոշում կայացնելու դեպքում պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը տվյալ դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը անկախ հանձնաժողով է ներկայացնում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 434-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված երեք տարվա ժամկետը լրանալուց 45 օր առաջ:
Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը դատարանի կողմից մերժվելու դեպքում նույն հիմքով միջնորդություն կրկին կարող է ներկայացվել դատարան մերժման որոշումը կայացվելուց երեք տարի անց։
(116-րդ հոդվածը խմբ. 13.06.06 ՀՕ-66-Ն, 01.03.17 ՀՕ-63-Ն)
Հոդված 117. |
Պատժի կրումը հետաձգելու և պատժից ազատելու կարգը |
1. Եթե դատապարտյալը հղի կին է կամ ունի մինչև երեք տարեկան երեխա կամ տառապում է պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությամբ, ինչպես նաև եթե պատժի հետագա կրումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել դատապարտյալի կամ նրա ընտանիքի անդամների համար (հրդեհ կամ այլ տարերային աղետներ, ընտանիքի միակ աշխատունակ անձի ծանր հիվանդություն, մահ կամ այլ բացառիկ հանգամանքներ), ապա պատժի կրումը հետաձգելու կամ պատժից ազատելու մասին միջնորդությունը դատարան է ներկայացնում պատիժը կատարող մարմնի կամ հիմնարկի ղեկավարը: Միջնորդությանը կցվում են դատապարտյալի բնութագիրը, նրան և երեխային ընդունելու, նրանց բնակարան տրամադրելու և ապրելու համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու մասին հարազատի համաձայնությունը կամ դատապարտյալի՝ բնակարանով և երեխայի հետ ապրելու համար անհրաժեշտ պայմաններով ապահովված լինելու մասին տեղեկանքը կամ հղիության մասին բժշկական եզրակացությունը կամ երեխայի ծննդյան վկայականի պատճենը կամ այլ հանգամանքների մասին տեղեկանքներ, ինչպես նաև դատապարտյալի անձնական գործը:
2. Ուղղիչ հիմնարկի վարչակազմը դատապարտյալի ազատման օրը պրոբացիայի ծառայության տարածքային մարմին է ուղարկում պատժի կրումը հետաձգելու մասին դատարանի որոշման պատճենը՝ նշելով ազատման օրը: Ուղղիչ հիմնարկի վարչակազմը դատապարտյալից ստորագրություն է վերցնում պատժից ազատվելուց հետո` երեք օրվա ընթացքում, պրոբացիայի ծառայության տարածքային մարմնում հաշվառվելու պարտավորության մասին:
3. (մասն ուժը կորցրել է 17.05.16 ՀՕ-50-Ն)
4. Դատապարտյալն իր բնակության վայր է մեկնում ինքնուրույն և իր հաշվին:
5. (մասն ուժը կորցրել է 17.05.16 ՀՕ-50-Ն)
(117-րդ հոդվածը փոփ. 08.07.05 ՀՕ-161-Ն, փոփ. 17.05.16 ՀՕ-50-Ն)
Հոդված 118. |
Վերահսկողությունը դատապարտյալի կողմից պատժի կրումը հետաձգելու պայմանները կատարելու նկատմամբ |
(հոդվածն ուժը կորցրել է 17.05.16 ՀՕ-50-Ն)
Հոդված 119. |
Պատժից ազատված անձանց իրավական դրությունը |
Պատժից ազատված անձինք օգտվում են այն իրավունքներից և կրում են այն պարտականությունները, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, բացառությամբ դատվածություն ունեցող անձանց, օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց համար օրենքով նախատեսված սահմանափակումների։
Հոդված 120. |
Վերահսկողությունը պատժից ազատված անձանց նկատմամբ |
Օրենքով նախատեսված դեպքերում պատժից ազատված անձանց վարքագծի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է պրոբացիայի ծառայության տարածքային մարմինը` «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
(120-րդ հոդվածը փոփ. 08.07.05 ՀՕ-161-Ն, խմբ. 17.05.16 ՀՕ-50-Ն)
Գ Լ ՈՒ Խ 20
ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏՎՈՂ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻՆ ՑՈՒՑԱԲԵՐՎՈՂ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 121. |
Պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի պարտականությունները պատժից ազատվող դատապարտյալի աշխատանքը և կենցաղը կարգավորելու հարցերում |
1. Պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը դատապարտյալի սոցիալական վերականգնման հարցերով համագործակցում է հասարակական և այլ կազմակերպությունների ու մարմինների հետ: Ազատմանը նախապատրաստվելու նպատակով դատապարտյալի հետ վաղօրոք անցկացվում է համապատասխան աշխատանք։
2. Ազատազրկման ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան վեց ամիս առաջ, պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը դատապարտյալի ընտրած բնակության վայրի` տեղական ինքնակառավարման և զբաղվածության պետական ծառայությանը տեղեկացնում է դատապարտյալի` պատժից առաջիկա ազատման, նրա աշխատունակության, կրթության, մասնագիտության, ինչպես նաև բնակարանի առկայության մասին։
3. Կենսաթոշակային տարիքի հասած կամ առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամ դատապարտյալին, իր խնդրանքով և պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի ներկայացմամբ, սոցիալական ապահովության մարմիններն ուղարկում են հաշմանդամների կամ ծերերի համար նախատեսված հիմնարկներ (ծերանոցներ)։
(121-րդ հոդվածը փոփ. 16.12.16 ՀՕ-229-Ն)
Հոդված 122. |
Օժանդակությունը պատժից ազատվող անձին |
1. Ուղղիչ հիմնարկի վարչակազմը պատժից ազատվող անձին ապահովում է մինչև իր բնակության վայր հասնելու նպատակով անվճար ուղևորությամբ կամ դրա համար անհրաժեշտ գումարով՝ առնվազն Հայաստանի Հանրապետության տարածքում, դրա ընթացքում անհրաժեշտ սննդամթերքով, ինչպես նաև միջոցների բացակայության դեպքում՝ սեզոնային անհրաժեշտ հագուստով։ Նրան կարող է տրամադրվել նաև միանվագ դրամական օգնություն։
2. Պատժից ազատվող և առողջական վիճակի պատճառով խնամքի կարիք ունեցող, հղի, մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձին, ինչպես նաև անչափահասին պատժից ազատելիս պատիժը կատարող հիմնարկի վարչակազմն ազատվելու մասին նախօրոք հայտնում է նրա ազգականներին կամ այլ անձանց, իսկ այդպիսիք չունենալու դեպքում անհրաժեշտ օգնությունը ցուցաբերում է ուղղիչ հիմնարկի վարչակազմը:
3. Սույն հոդվածի 2-րդ մասում թվարկված դատապարտյալը բնակության վայր է ուղարկվում ազգականի կամ այլ անձի կամ ուղղիչ հիմնարկի ծառայողի ուղեկցորդմամբ։
Գ Լ ՈՒ Խ 21
ՊԱՏԺԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԵՏ ՄԻԱՑՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐ
Հոդված 123. |
Պատժի կատարման հետ միացված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու կարգը |
1. Մեղսունակությունը չբացառող հոգեկան խանգարման վիճակում կատարված հանցանքի համար որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված, միաժամանակ ալկոհոլամոլությունից, թմրամոլությունից կամ թունամոլությունից կամ մեղսունակությունը չբացառող հոգեկան խանգարումներից բուժման կարիք ունեցող անձանց նկատմամբ հոգեբույժի նշանակած արտահիվանդանոցային հսկողությունը և հարկադիր բուժումը կիրառվում են ազատազրկումը կրելու վայրի հիմնարկներում, իսկ այլ պատժատեսակների դատապարտվածների նկատմամբ՝ արտահիվանդանոցային հոգեբուժական օգնություն ցուցաբերող առողջապահական հաստատություններում:
2. Պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը ալկոհոլամոլությունից, թմրամոլությունից, թունամոլությունից կամ մեղսունակությունը չբացառող հոգեկան խանգարումից բուժման կարիք ունեցող դատապարտյալ հայտնաբերելու դեպքում համապատասխան բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա միջնորդություն է ներկայացնում դատարան՝ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցը կիրառելու հարցը որոշելու նպատակով:
3. Արգելվում է դատապարտյալին ենթարկել բժշկական կամ գիտական կամ այլ փորձերի՝ անկախ վերջինիս համաձայնությունից:
Հոդված 124. |
Պատժի կատարման հետ միացված բժշկական բնույթի հարկադրանքի այլ միջոցների կիրառումը փոփոխելը և դադարեցնելը |
Դատարանը պատժի կատարման հետ միացված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի կիրառումը փոփոխում կամ դադարեցնում է հարկադրանքի այլ միջոց կիրառող հիմնարկի բժշկական հանձնաժողովի եզրակացությամբ՝ անձի առողջանալու կամ նրա առողջական վիճակի այնպիսի փոփոխության դեպքում, երբ հարկադրանքի այլ միջոցի հետագա կիրառման անհրաժեշտությունը վերանում է:
Հոդված 125. |
Պատժի կատարման հետ միացված բժշկական բնույթի հարկադրանքի այլ միջոցներ կիրառելու կարգը |
1. Տարափոխիկ հիվանդությամբ տառապող կամ վարակակիր, բուժման լրիվ կուրսը չանցած դատապարտյալի նկատմամբ համապատասխան բժշկական հանձնաժողովի եզրակացությամբ պատիժները կատարող հիմնարկները կիրառում են հարկադիր բուժում։
2. Մինչև բուժման լրիվ կուրսի ավարտը պատժից ազատվելու դեպքում առողջապահական հիմնարկի վարչակազմը դիմում է տվյալ հիմնարկի գտնվելու վայրի դատարան՝ պատժից ազատված անձանց հետագա հարկադիր բուժման հարցը լուծելու նպատակով: Դիմումին կցվում է առողջապահական հիմնարկում անձի հետագա գտնվելու անհրաժեշտության մասին բժշկական հանձնաժողովի եզրակացությունը:
Հոդված 126. |
Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու ժամկետը հաշվակցելը |
Դատապարտյալի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու ժամկետը հաշվակցվում է պատժի ժամկետի մեջ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված կարգով:
Հոդված 127. |
Ուղղիչ հիմնարկի վարչակազմի գործողությունները դատապարտյալի ծանր հիվանդության կամ մահվան դեպքում |
1. Դատապարտյալի ծանր հիվանդության կամ մահվան դեպքում ուղղիչ հիմնարկի վարչակազմն այդ մասին անհապաղ տեղեկացնում է նրա մերձավոր ազգականներին և պատժի կատարման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
2. Մահացածի դին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված գործողությունների իրականացումից հետո հանձնվում է նրա մերձավոր ազգականներին կամ համապատասխան դիմում ներկայացնող անձին: Այդպիսիք չլինելու դեպքում դատապարտյալի հուղարկավորումն իրականացվում է պետության հաշվին:
Գ Լ ՈՒ Խ 22
ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԻԺԸ ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՐԵՆ ՉԿԻՐԱՌԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ
Հոդված 128. |
Վերահսկողությունը պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում |
Պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում անձի նկատմամբ իրականացվում է վերահսկողություն` սույն օրենսգրքով, «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
(128-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-120-Ն, խմբ. 17.05.16 ՀՕ-50-Ն)
Հոդված 129. |
Պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում անձի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինները |
Պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում անձի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է պրոբացիայի ծառայության տարածքային մարմինը, իսկ զինծառայողի նկատմամբ՝ նրա զորամասի հրամանատարությունը։
(129-րդ հոդվածը փոփ. 08.07.05 ՀՕ-161-Ն, փոփ. 17.05.16 ՀՕ-50-Ն)
Հոդված 130. |
Պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում անձի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կարգը |
1. Պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում պրոբացիայի ծառայության տարածքային մարմինը, իսկ զինծառայողի նկատմամբ՝ նրա զորամասի հրամանատարությունը փորձաշրջանի ընթացքում իրականացնում է անձի անհատական հաշվառում, համապատասխան ծառայությունների կամ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ վերահսկողություն է իրականացնում այդ անձի կողմից հասարակական կարգը պահպանելու և դատարանի կողմից նրա վրա դրված պարտականությունները կատարելու նկատմամբ։
2. Պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում անձի նկատմամբ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը որպես լրացուցիչ պատիժ նշանակելիս դատապարտյալը պարտավոր է կատարել սույն օրենսգրքի 31-րդ հոդվածի պահանջները։
3. (մասն ուժը կորցրել է 17.05.16 ՀՕ-50-Ն)
4. մասն ուժը կորցրել է 17.05.16 ՀՕ-50-Ն)
(130-րդ հոդվածը փոփ. 08.07.05 ՀՕ-161-Ն, լրաց., խմբ. 01.06.06 ՀՕ-120-Ն, փոփ. 17.05.16 ՀՕ-50-Ն)
Հոդված 131. |
Փորձաշրջանի հաշվարկումը |
1. Փորձաշրջանը հաշվարկվում է դատապարտյալին պրոբացիայի ծառայության տարածքային մարմնում, իսկ զինծառայողին՝ նրա զորամասի հրամանատարության կողմից հաշվառման վերցնելու պահից։
2. Պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում անձի վարքագծի նկատմամբ վերահսկողությունը դադարեցվում է փորձաշրջանի ավարտից հետո, և նա հանվում է հաշվառումից։
(131-րդ հոդվածը փոփ. 08.07.05 ՀՕ-161-Ն, լրաց., փոփ. 01.06.06 ՀՕ-120-Ն, փոփ. 17.05.16 ՀՕ-50-Ն)
Հոդված 132. |
Պատասխանատվությունը պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում սահմանված պարտականությունները չկատարելու համար |
1. Եթե պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում անձը խուսափում է դատարանի դատավճռով իր վրա դրված պարտականությունները կատարելուց կամ թույլ է տալիս իրավախախտում, որի համար նրա նկատմամբ վարչական, իսկ զինծառայողի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվում, ապա նրա վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինը գրավոր նախազգուշացնում է նրան՝ պատժի պայմանականորեն չկիրառելը վերացնելու հնարավորության մասին։
2. Պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում փորձաշրջանի ընթացքում անձի կողմից դատարանի դատավճռով իր վրա դրված պարտականությունները պարբերաբար կամ չարամտորեն չկատարելու կամ վերահսկողությունից խուսափելու դեպքերում նրա վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմնի ղեկավարը միջնորդություն է ներկայացնում դատարան՝ պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու և դատավճռով նշանակված պատիժը կատարելու մասին։
3. Պարտականությունները պարբերաբար չկատարել է համարվում անձի կողմից մեկ տարվա ընթացքում երկու կամ ավելի անգամ արգելված գործողությունների կատարումը կամ պարտականությունների չկատարումը կամ իր վրա դատարանի դրած պարտականությունները երեսուն օրից ավելի չկատարելը:
4. Պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում անձը վերահսկողությունից խուսափող է համարվում, եթե նրա գտնվելու վայրը չի բացահայտվում 30 օրվա ընթացքում։
(132-րդ հոդվածը փոփ. 08.07.05 ՀՕ-161-Ն, լրաց., փոփ. 01.06.06 ՀՕ-120-Ն)
ԲԱԺԻՆ 4.1
(բաժինը լրաց. 19.06.13 ՀՕ-78-Ն)
ԱՐՏԱԳՆԱ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒՄ
ԳԼՈՒԽ 22.1
ԱՐՏԱԳՆԱ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒՄ
Հոդված 132.1. |
Քրեակատարողական հիմնարկում արտագնա դատական նիստ անցկացնելու մասին որոշումը |
1. Քրեակատարողական հիմնարկում արտագնա դատական նիստ անցկացնելու մասին դատարանը կայացնում է առանձին ակտի ձևով որոշում, որով սահմանվում են արտագնա դատական նիստ անցկացնելու ժամանակը, վայրը, արտագնա դատական նիստ անցկացնելու պատճառները, արտագնա դատական նիստը դռնբաց կամ դռնփակ անցկացնելու վերաբերյալ դատարանի դիրքորոշումը:
2. Հասարակական կարգի, քրեակատարողական հիմնարկում անվտանգության ապահովման, դատավարության մասնակիցների անձնական կյանքի և արդարադատության շահերի պաշտպանության նկատառումներով դատարանը կարող է որոշում կայացնել արտագնա դատական նիստը դռնփակ անցկացնելու մասին:
3. Քրեակատարողական հիմնարկում դատական նիստն անցկացվում է այն նշանակելու մասին որոշում կայացնելուց ոչ շուտ, քան 7 օր հետո:
(132.1-ին հոդվածը լրաց.19.06.13 ՀՕ-78-Ն)
Հոդված 132.2. |
Քրեակատարողական հիմնարկում անցկացվող նիստին հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը |
1. Քրեակատարողական հիմնարկում արտագնա դատական նիստին մասնակցել ցանկացող անձինք մինչև նիստի անցկացմանը նախորդող երրորդ օրը սույն օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով դատական նիստին մասնակցելու համար քրեակատարողական հիմնարկ մուտքի իրավունք ստանալու նպատակով դիմում են քրեակատարողական հիմնարկի վարչակազմին՝ դիմումում նշելով իրենց հեռախոսահամարը, ինչպես նաև էլեկտրոնային փոստի հասցեն՝ առկայության դեպքում:
2. Դիմումը ստանալուց հետո` մեկօրյա ժամկետում, քրեակատարողական հիմնարկի վարչակազմը որոշում է կայացնում քրեակատարողական հիմնարկում անցկացվող արտագնա դատական նիստին մասնակցելու համար դիմած անձանց մասնակցությունը թույլատրելու կամ մերժելու մասին` դրա վերաբերյալ կայացնելով գրավոր որոշում, որն ուղարկվում է դիմում ներկայացրած անձանց հասցեով, իսկ դիմումում էլեկտրոնային փոստի հասցե և հեռախոսահամար նշված լինելու դեպքում նաև ուղարկվում է էլեկտրոնային փոստի հասցեով կամ ծանուցվում հեռախոսահամարով:
3. Ներկայացված դիմումը մերժվում է, եթե դատական նիստին այդ անձանց մասնակցությունը հնարավոր չէ քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու պայմանների պատճառով, կամ դա կվտանգի քրեակատարողական հիմնարկի անվտանգությունը:
(132.2-րդ հոդվածը լրաց.19.06.13 ՀՕ-78-Ն)
ԲԱԺԻՆ 5
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ
Գ Լ ՈՒ Խ 23
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 133. |
Օրենսգրքի ուժի մեջ մտնելը |
1. Սույն օրենսգիրքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
2. Սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1971 թվականի հուլիսի 7-ի` Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության Գերագույն սովետի ընդունած` Հայաստանի Հանրապետության ուղղիչ-աշխատանքային օրենսգիրքը և «Հայկական ՍՍՀ ուղղիչ-աշխատանքային օրենսգիրքը հաստատելու մասին» Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության օրենքը, ինչպես նաև Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության Գերագույն սովետի նախագահության 1985 թվականի հունվարի 30-ի հրամանագրով հաստատված` «Դատապարտյալների նկատմամբ ուղղիչ-աշխատանքային ներգործության միջոցների հետ չկապված քրեական պատիժները Հայաստանի Հանրապետությունում կատարելու կարգի և պայմանների կանոնադրությունը»:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
Հավելված
Ց Ա Ն Կ
ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՃՌՈՎ ԲՌՆԱԳՐԱՎՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՅՔԻ
Բռնագրավում չի կարող տարածվել դատապարտյալին պատկանող հետևյալ գույքի վրա.
1) գործածության մեջ գտնվող տնային օգտագործման առարկաների, հագուստեղենի, կոշկեղենի, սպիտակեղենի, անկողնային և մանկական պարագաների, բացառությամբ պերճանքի առարկաների և այն առարկաների, որոնք պատրաստված են թանկարժեք նյութերից կամ ունեն պատմական կամ գեղարվեստական արժեք.
2) դատապարտյալի մասնագիտական պարապմունքների համար անհրաժեշտ առարկաների, ձեռնարկների ու գրքերի, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտյալը դատարանի դատավճռով զրկված է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից, և այն առարկաների, որոնք պատրաստված են թանկարժեք նյութերից կամ ունեն պատմական կամ գեղարվեստական արժեք.
3) այն անձանց ընտանի կենդանիների (2 միավոր), ընտանի թռչունների (10 միավոր), անասնակերի, հերթական ցանքի համար անհրաժեշտ սերմացուի, որոնց հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է.
4) աննշան արժեք ունեցող և մինչև 5.000 դրամ արժողությամբ այլ գույքի, եթե դրանք մեկ միասնական խմբաքանակ չեն կազմում.
5) հաշմանդամների համար նախատեսված հատուկ փոխադրամիջոցների:
(հավելվածը խմբ. 16.12.05 ՀՕ-17-Ն)
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
2005 թ. հունվարի 18 Երևան ՀՕ-60-Ն
|
|