Համարը 
N 1301-Ն
Տեսակը 
Պաշտոնական Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2007.11.28/58(582) Հոդ.1188
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
08.11.2007
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
16.11.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
08.12.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎՏԱՆԳ ԱՌԱՋԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՀԱՑԱԾՆԵՐԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԴԻԱԿԻԶՄԱՆ, ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՎՆԱՍԱԶԵՐԾՄԱՆ ԵՎ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՈՒ ՎՐԱՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 նոյեմբերի 2007 թվականի N 1301-Ն

ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎՏԱՆԳ ԱՌԱՋԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՀԱՑԱԾՆԵՐԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԴԻԱԿԻԶՄԱՆ, ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՎՆԱՍԱԶԵՐԾՄԱՆ ԵՎ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՈՒ ՎՐԱՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության, 3-րդ մասի, 23-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) սանիտարահամաճարակային իրավիճակի վտանգ առաջանալու դեպքում մահացածների մարմինների դիակիզման, գերեզմանատների վնասազերծման և տեղափոխման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) վրահուղարկավորման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. նոյեմբերի 16
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2007 թվականի
նոյեմբերի 8-ի N 1301-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎՏԱՆԳ ԱՌԱՋԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՀԱՑԱԾՆԵՐԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԴԻԱԿԻԶՄԱՆ, ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՎՆԱՍԱԶԵՐԾՄԱՆ ԵՎ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ

1. Սույն կարգով սահմանվում են սանիտարահամաճարակային իրավիճակի վտանգ առաջանալու դեպքում մահացածների մարմինների դիակիզման, գերեզմանատների վնասազերծման և տեղափոխման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի իմաստով սանիտարահամաճարակային իրավիճակի վտանգ առաջանում է`

1) I-II խմբերի միկրոօրգանիզմներով հարուցված հիվանդություններից մահացածների հուղարկավորության դեպքում.

2) արտակարգ իրավիճակների ժամանակ (երկրաշարժեր, ջրհեղեղներ, սողանքներ և այլն), երբ գերեզմանատունը ենթարկվում է խախտման, ինչի արդյունքում կարող է առաջանալ աճյունի ամբողջականության վնասում և վարակի տարածման վտանգ:

3. Սույն կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքում գերեզմանատունն ամբողջությամբ կամ դրա վնասված հատվածը ենթակա է վնասազերծման, փակման և աճյունների տեղափոխման:

4. Գերեզմանատան վնասազերծման, աճյունի տեղափոխման, վերահուղարկավորման (դիակիզման) աշխատանքները կազմակերպվում են տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից` համաձայն «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի` կազմելով հանձնաժողովներ, որոնց կազմերում ընդգրկվում են պետական կառավարման լիազոր մարմնի` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի և համապատասխան համայնքի (Երևանում` Երևանի քաղաքապետարանի) ներկայացուցիչները: Հանձնաժողովն ընդունում է որոշում գերեզմանատան վնասազերծման, աճյունի տեղափոխման, վերահուղարկավորման (դիակիզման) միջոցառումների մասին և տեղեկացնում գերեզմանատանը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման համաձայն հաշվառված գերեզմանատեղերի (գերեզմաններ) հուղարկավորությունն ստանձնած անձանց: Հանձնաժողովի գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը:

(4-րդ կետը փոփ. 29.12.16 N 1374-Ն, լրաց. 30.11.17 N 1514-Ն)

5. Գերեզմանատան փակումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի ներկայացրած առաջարկության հիման վրա:

(5-րդ կետը լրաց. 30.11.17 N 1514-Ն)

6. Տվյալ գերեզմանատանը մարդու համար ախտածնության I-II խմբերի միկրոօրգանիզմներով հարուցված հիվանդություններից մահացածների աճյունների բացակայության դեպքում՝ հողի, ջրի մակերևույթին հայտնված դիակները տեղափոխվում են այլ գերեզմանատուն և թաղվում ինչպես այլ դիակներ (վերջիններիս վրա չի տարածվում ախտածնության I-II խմբերի միկրոօրգանիզմներով հարուցված հիվանդություններից մահացածների դիակների հուղարկավորմանը կամ դիակիզմանը, գերեզմանատների վարակազերծմանը և տեղափոխմանը ներկայացվող պահանջները):

7. Այն դեպքերում, երբ առկա են տվյալներ նախկինում տվյալ գերեզմանատանը մարդու համար ախտածնության I-II խմբերի միկրոօրգանիզմներով հարուցված հիվանդություններից մահացածների աճյունների թաղված լինելու մասին, ապա գերեզմանատան տարածքը վնասազերծվում է որպես մարդու համար ախտածին միկրոօրգանիզմներով վարակված օբյեկտ:

8. Ախտածնության I-II խմբերի միկրոօրգանիզմներով հարուցված հիվանդություններից մահացածի դիակը դիակիզվում է:

9. Դիակների հետ շփման մեջ եղած գործիքները, անձնակազմի պաշտպանիչ հագուստը և բոլոր առարկաները, ինչպես նաև փոխադրամիջոցը, որով տեղափոխվել է դիակը, ենթակա են մանրազնին վարակազերծման` որպես մարդու համար ախտածին միկրոօրգանիզմներով վարակված օբյեկտ:

10. Մարդու համար ախտածնության I-II խմբերի միկրոօրգանիզմներով հարուցված վարակներից մահացած մարդկանց դիակները տուն չեն տեղափոխվում:

11. Դիակի տեղափոխումը դիակիզարան իրականացվում է ամուր փակվող փայտյա դագաղով, որը ներսից պատված է մոմլաթով: Դիակային հեղուկի արտահոսքը կանխելու նպատակով մոմլաթում կարերը պետք է լինեն վերից վար և գտնվեն դագաղի կողմնային մասերում: Դիակը պետք է փաթաթված լինի ախտահանիչ լուծույթով ներծծված գործվածքով: Դիակը տեղափոխվում է դիակիզարան ցանկացած դիատարով: Դիակիզման արարողությունից առաջ արգելվում է դագաղի բացումը:

12. Դիակիզումը կատարվում է ընդհանուր դիակիզարաններում՝ տեղափոխելուց անմիջապես հետո` դագաղի հետ միասին: Դիակիզումից հետո ստացված մոխիրն ամփոփվում է աճյունասափորի մեջ և տեղադրվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշմամբ սահմանված թաղման և դիակիզման կարգի համաձայն:

13. Սույն կարգի համաձայն դիակիզումն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում դիակիզարաններ կառուցելուց և դրանք գործարկելուց հետո:

(հավելվածը փոփ. 29.12.16 N 1374-Ն, լրաց. 30.11.17 N 1514-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2007 թվականի
նոյեմբերի 8-ի N 1301-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՎՐԱՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՄԱՆ

1. Սույն կարգով uահմանվում է վրահուղարկավորման կազմակերպման կարգը:

2. Մահացածի հարազատների ցանկությամբ` իրենց պատկանող գերեզմանում վրահուղարկավորումն իրականացվում է տվյալ գերեզմանում նախկինում մահացածի թաղումից առնվազն տասնհինգ տարի հետո` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշմամբ սահմանված կարգով:

3. Վրահուղարկավորումը թույլատրում է գերեզմանատան տնօրինությունը` մահացածի հուղարկավորության կազմակերպումն ստանձնողի դիմումի, մահվան վկայականի և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի կողմից տրված վրահուղարկավորում իրականացնելու հնարավորության մասին եզրակացության հիման վրա:

(3-րդ կետը փոփ. 30.11.17 N 1514-Ն)

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի կողմից վրահուղարկավորում իրականացնելու հնարավորության մասին եզրակացությունը տրվում է անվճար, մեկ օրվա ընթացքում, մահացածի հուղարկավորության կազմակերպումն ստանձնողի դիմումի, մահացածի մահվան վկայականի, նախկինում մահացածի մահվան վկայականի և գերեզմանի վկայականի (առկայության դեպքում) հիման վրա:

(4-րդ կետը փոփ. 30.11.17 N 1514-Ն)

5. Չի թույլատրվում վրահուղարկավորում կատարել, եթե`

1) նախկինում մահացածի աճյունը հուղարկավորվել է ցինկապատ, հերմետիկ զոդված դագաղով.

2) նախկինում մահացածի կամ վրահուղարկավորման ենթակա մահացածի մահվան պատճառը եղել է մարդու համար ախտածնության I-II խմբերի միկրոօրգանիզմներով (ժանտախտի, խոլերայի, դեղին տենդի) հարուցված վարակներից որևէ մեկը:

6. Վրահուղարկավորումը թույլատրվում է միայն բաց և մասնակի փակ գերեզմանատներում:

7. Աճյունասափորը (մահացածի մարմնի դիակիզումից հետո) ընտանեկան գերեզմանում` վրահուղարկավորման միջոցով տեղադրելու համար հատկացվում է նախկինում մահացածի գերեզմանի տարածքից 1 քառ. մետր տարածք:

8. Գերեզմանատան տնօրինությունը մահվան վկայականի հիման վրա թաղումների և գերեզմանատեղերի գրանցման մատյանում և գերեզմանի վկայականում կատարում է համապատասխան գրանցումներ վրահուղարկավորման մասին:

(հավելվածը փոփ. 30.11.17 N 1514-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան