Համարը 
ՀՕ-340
Տեսակը 
Պաշտոնական Ինկորպորացիա
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2002.06.26/22(197) Հոդ.474
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
20.05.2002
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
10.06.2002
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
26.06.2002
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԳԱՖԷՍՃԵԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2002 թվականի մայիսի 20-ին

 

«ԳԱՖԷՍՃԵԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Սույն օրենքը կարգավորում է «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամին հարկային, մաքսային և պարտադիր վճարների գծով արտոնությունների տրամադրման և դրանց կիրառման հետ կապված հարաբերությունները:

 

Հոդված 2. Սույն օրենքով սահմանված հարկային, մաքսային և պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման իմաստով՝

1) «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի կողմից թանգարանային և շարժասանդուղքների կասկադի համալիրի (այսուհետ՝ համալիր) գործունեություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետություն շինանյութի, սարքավորումների, այդ թվում՝ շարժասանդուղքների, ինչպես նաև թանգարանային գործունեությանն օժանդակող մասնագիտական սարքավորումների ներմուծումն ազատվում է մաքսային վճարներից (բացառությամբ մաքսավճարի).

2) համալիրի կառուցման և համալիրի գործունեության իրականացման համար «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամին իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումն ազատվում են ավելացված արժեքի հարկից:

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված համալիրի կառուցման հետ կապված արտոնությունները գործում են սույն օրենքն ուժի մեջ մտնելու տարվան անմիջապես հաջորդող հինգ տարիների ընթացքում:

Սույն հոդվածի համաձայն՝ «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամին ավելացված արժեքի հարկից ազատված ապրանքները մատակարարող կամ ծառայություններ մատուցող անձինք այդ ապրանքների և ծառայությունների համար հարկային հաշիվ դուրս չեն գրում (լրացնում են սահմանված կարգի այլ հաշվարկային և վճարային փաստաթղթեր), իսկ իրենց մատակարարների ներկայացրած հարկային հաշիվներում (ներմուծման դեպքում՝ հայտարարագրերում) առանձնացված ավելացված արժեքի հարկի գումարները միացնում են արտադրության և շրջանառության ծախսերին: (նախադասությունը հանվել է 21.12.17 ՀՕ-272-Ն)

Սույն հոդվածում նշված արտոնությունների կիրառման համար հիմք են ընդունվում իրականացված գործարքների կատարումը հիմնավորող սահմանված կարգի փաստաթղթերը (պայմանագիր, հաշվարկային և վճարային փաստաթղթեր, համապատասխան հայտարարագիր և այլն), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կարգին համապատասխան՝ «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի դուրս գրած տեղեկանքը: Նշված տեղեկանքը լրացվում է երեք բնօրինակից, որի մեկ օրինակը տրվում է ապրանքներ մատակարարող կամ ծառայություններ մատուցող անձանց (ապրանքների ներմուծման դեպքում՝ մաքսային կամ հարկային մարմին), երկրորդ օրինակը պահվում է «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամում, իսկ երրորդը ներկայացվում է հարկային մարմին՝ մինչև տեղեկանքի դուրսգրման ամսվան հաջորդող ամսվա 15-ը ներառյալ:

Ավելացված արժեքի հարկից ազատված և ավելացված արժեքի հարկով հարկվող գործարքների (գործառնությունների) գծով ավելացված արժեքի հարկի հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով:

(2-րդ հոդվածը փոփ., լրաց. 21.12.17 ՀՕ-272-Ն)

 

Հոդված 3. «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամն իր գործունեության հետ կապված մշակութային արժեքները և արվեստի առարկաները կարող է առանց ժամկետային և այլ սահմանափակումների և վճարների (բացառությամբ մաքսավճարի) ժամանակավորապես ներմուծել Հայաստանի Հանրապետություն և վերաարտահանել Հայաստանի Հանրապետությունից:

 

Հոդված 4. «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամը համալիրի կառուցման և շահագործման ընթացքում պարտավոր է գործել Երևան քաղաքի գլխավոր հատակագծի պահանջների համաձայն:

Համալիրը կառուցելու կամ գործունեություն իրականացնելու նպատակով ներմուծված կամ Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքներն օտարելու (այդ թվում՝ իրացնելու) դեպքում հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով պարտավորությունները ենթակա են կատարման ընդհանուր սահմանված կարգով, իսկ այդ պարտավորությունների ծագման պահ է համարվում օտարման փաստացի պահը:

 

Հոդված 5. Սույն օրենքի կիրառման վերաբերյալ պարզաբանումներն օրենքով սահմանված կարգով տրամադրում է հարկային կամ մաքսային մարմինը:

(5-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-272-Ն)

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
10 հունիսի 2002 թ.
ՀՕ-340