Համարը 
N 182-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2018.03.07/17(1375) Հոդ.236
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
22.02.2018
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
27.02.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
08.03.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 
30.06.2018

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՆՏԱՌԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 փետրվարի 2018 թվականի N 182-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՆՏԱՌԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Անտառային պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ։

2. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության անտառային պետական կոմիտեի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության անտառային պետական կոմիտեի աշխատակազմի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝ եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության անտառային պետական կոմիտեի պահպանման ծախսերի և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության անտառային պետական կոմիտեի աշխատակազմին հանձնվող գույքի կազմի և չափի վերաբերյալ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2018 թ. փետրվարի 27
Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2018 թվականի

փետրվարի 22-ի N 182-Ն որոշման

 

 Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության անտառային պետական կոմիտեն (այսուհետ` կոմիտե) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին է, որն իրականացնում է անտառների կայուն կառավարման ոլորտում սույն կանոնադրությամբ սահմանված լիազորությունները:

2. Կոմիտեն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Կոմիտեի լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով։

4. Կոմիտեն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան։

5. Կոմիտեի անվանումն է`

1) հայերեն լրիվ՝ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության անտառային պետական կոմիտե.

2) հայերեն կրճատ՝ Անտառային պետական կոմիտե.

3) ռուսերեն լրիվ՝ Государственный лесной комитет министерства охраны природы Республики Армения.

4) ռուսերեն կրճատ` Государственный лесной комитет.

5) անգլերեն լրիվ՝ State Committee of Forest of the Ministry of Nature Protection of the Republic of Armenia.

6) անգլերեն կրճատ` State Committee of Forest:

6. Կոմիտեն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով, իր` հայերեն, ռուսերեն և անգլերեն անվանումներով կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

7. Կոմիտեն կազմված է նախագահից, նախագահի տեղակալներից և կոմիտեի աշխատակազմից: Կոմիտեի համակարգում ընդգրկվում են կոմիտեի ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունները և հիմնարկները: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կոմիտեին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման (կառավարման) իրավասությունը:

8. Կոմիտեի աշխատակազմի գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Արմենակյան 129:

 

II. ԿՈՄԻՏԵԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

9. Կոմիտեի նպատակներն ու խնդիրներն են՝

1) պետական անտառների կայուն կառավարման՝ պահպանության, պաշտպանության, վերականգնման, անտառապատման և արդյունավետ օգտագործման ապահովումը.

2) պետական անտառների արտադրողականության բարձրացման միջոցառումների իրականացման ապահովումը.

3) պետական անտառների կենսաբազմազանության պահպանության ապահովումը.

4) պետական անտառների բնապահպանական, սոցիալական և տնտեսական ներուժի արդյունավետ օգտագործման ապահովումը.

5) անտառային հողերի և անտառների վերաբերյալ հանրությանը հստակ, ամբողջական և հավաստի տեղեկատվության տրամադրումը:

 

III. ԿՈՄԻՏԵԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

10. Կոմիտեն իր նպատակների և խնդիրների իրականացման համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) անտառային պետական ծառայությանը Հայաստանի Հանրապետության օրենքներով վերապահված լիազորությունների իրականացում.

2) պետական անտառների և անտառային հողերի պետական հաշվառման կազմակերպում, անտառային պետական կադաստրի վարում.

3) պետական անտառային պաշարների արդյունավետ օգտագործման ծրագրերի մշակում՝ համագործակցելով նաև միջազգային համապատասխան կառույցների հետ.

4) պետական անտառների անտառաշինության աշխատանքների կազմակերպում և հսկողություն.

5) անտառաշինական նախագծերի բացակայության կամ ժամկետանց ճանաչվելու դեպքում բնափայտի մթերումն իրականացնելու համար փաստացի ուսումնասիրություններ կատարելու և եզրակացություններ տրամադրելու նպատակով մասնագիտական հանձնաժողովների ստեղծում և եզրակացությունների համաձայն տարեկան իրականացվելիք հատումների ծավալների հաստատում.

6) անտառային մոնիթորինգի իրականացում.

7) անտառային բնագավառի ինստիտուցիոնալ բարեփոխումների ու ֆինանսական ռազմավարության մշակմանը մասնակցություն, հատկացված ֆինանսական միջոցների կառավարում, ինչպես նաև դրանից բխող ներդրումային ծրագրերի նախապատրաստում և իրականացում, պայմանագրերի կնքում.

8) պետական անտառային հողերում հրդեհային անվտանգության, ինչպես նաև վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների ծրագրերի մշակում և կազմակերպում.

9) պետական անտառային տնտեսությունների վարման կազմակերպում.

10) պետական անտառների վերականգնման և անտառապատման, ինչպես նաև սելեկցիոն-սերմնային տնտեսության վարման, ագրոանտառաբուծության, տնկարանային տնտեսության ընդլայնման, անտառամելիորատիվ միջոցառումների կազմակերպում.

11) շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության դրական եզրակացության հիման վրա անտառավերականգնման, անտառապատման, անտառային ճանապարհների կառուցման և վերանորոգման նախագծերի, անտառային ոլորտին վերաբերող այլ փաստաթղթերի վերաբերյալ համաձայնության տրամադրում.

12) պետական անտառների տիրապետում և օգտագործում.

13) սահմանված կարգով անտառատնկարկներն անտառների շարքը փոխադրելու հետ կապված գործառույթների իրականացում.

14) անտառային հողերի և անտառների՝ ըստ նպատակային նշանակության դասակարգելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

15) օրենքով սահմանված դեպքերում արտահանվող և ձեռք բերված փայտանյութի կամ դրանից պատրաստված ապրանքների համապատասխանության մասին եզրակացության տրամադրում.

16) պետական անտառների արտադրողականության բարձրացման, անտառավերականգնման, անտառապատման և դրանց խնամքին ուղղված պետական նպատակային ծրագրերի իրականացման կազմակերպում.

17) կոմիտեի ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններին և հիմնարկներին ամրացված գույքի օգտագործման ու պահպանության նկատմամբ վերահսկողության իրականացում.

18) անտառային օրենսդրության խախտումների կանխարգելման և հայտնաբերման աշխատանքների կազմակերպում.

19) անտառներում և անտառային հողերում անտառային տնտեսության վարման և անտառօգտագործման հետ չկապված աշխատանքների իրականացման համար համաձայնության տրամադրում.

20) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական անտառների կամ անտառային հողերի նկատմամբ վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքի ձեռքբերման համաձայնության տրամադրում. հայտերի ընդունում և մրցույթների կազմակերպում.

21) հրդեհավտանգ ժամանակահատվածում, անհրաժեշտության դեպքում, պետական անտառների առանձին հատվածներում քաղաքացիների և տրանսպորտային միջոցների՝ օրենքով նախատեսված դեպքերում մուտքի արգելում կամ սահմանափակում, ինչպես նաև այդ հատվածներում որոշակի աշխատանքների իրականացում.

22) կոմիտեի ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հիմնարկների գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացում.

23) մասնակցություն միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ապահովմանը և անտառային ոլորտում իրականացվելիք նախատեսվող միջազգային ծրագրերի մշակմանը.

24) անտառային օրենսդրության խախտումների հայտնաբերման ու կանխարգելման կազմակերպում և դրա մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բնապահպանական պետական վերահսկողություն իրականացնող մարմնին և իրավապահ մարմիններին տեղեկությունների տրամադրում, ինչպես նաև համատեղ միջոցառումների կազմակերպում և իրականացում.

25) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` իր իրավասության սահմաններում վարչական վարույթի իրականացում, համապատասխան որոշումների ընդունում.

26) ծառայողների և անտառային ոլորտի մասնագետների ուսուցման և վերապատրաստման կազմակերպում.

27) գիտահետազոտական աշխատանքների, անտառային արտադրության մեջ նորագույն տեխնոլոգիաների և առաջավոր փորձի ներդրման կազմակերպում.

28) անտառային ոլորտի կադրերի պատրաստման և վերապատրաստման, այդ թվում՝ էկոլոգիական կրթության աշխատանքների կազմակերպում.

29) իր ենթակայության անտառային հողերում գտնվող՝ բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարում.

30) պետություն-մասնավոր հատված գործընկերության շրջանակներում ներդրումային ծրագրերի մշակում և իրականացում.

31) համայնքային անտառների ստեղծմանն ու զարգացմանն աջակցություն.

32) անտառային արդյունքի արտադրության և վերամշակման հզորությունների ստեղծում.

33) հանգստի, զբոսաշրջության, այդ թվում՝ էկոտուրիզմի զարգացման ծրագրերի մշակում և իրականացում.

34) ագրոանտառաբուծության զարգացմանն աջակցություն.

35) Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ լիազորությունների իրականացում:

 

IV. ԿՈՄԻՏԵԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

11. Կոմիտեն կառավարում է կոմիտեի նախագահը (այսուհետ` նախագահ), որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի հետ:

12. Նախագահն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարը` նախագահի ներկայացմամբ:

13. Նախագահն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով ու կարգադրություններով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով։

14. Նախագահն իրականացնում է կոմիտեին վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է անտառների կայուն կառավարման բնագավառի քաղաքականության իրականացման համար:

15. Նախագահը հաշվետու է Հայաստանի Հանրապետության կառավարությանը, Հայաստանի Հանրապետության վարչապետին և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին:

16. Նախագահը`

1) ղեկավարում է կոմիտեի ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է կոմիտեի առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

2) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառներին, նպատակներին ու խնդիրներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին է ներկայացնում առաջարկություններ.

3) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ կոմիտեի անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ կոմիտեի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով նշանակումներ է կատարում կոմիտեի քաղաքացիական ծառայության պաշտոններում, ինչպես նաև աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

5) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին ու օգնականներին.

6) օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան՝ սահմանում է կոմիտեի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունների սահմանները.

7) սահմանում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.

8) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում կոմիտեի աշխատակազմի ղեկավարի, ինչպես նաև կոմիտեի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հիմնարկների ղեկավարների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները.

9) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում կոմիտեի աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննարկում է դրանց ստուգման արդյունքները, հաստատում կոմիտեի աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.

10) իրականացնում է վերահսկողություն կոմիտեի աշխատակազմին ամրացված՝ պետական սեփականություն հանդիսացող գույքի պահպանության ու օտարման նկատմամբ.

11) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.

12) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում շնորհում է դասային աստիճան (կոչում).

13) ստեղծում է խորհրդակցական մարմիններ.

14) իրականացնում է օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

17. Նախագահի բացակայության դեպքում` նրա հանձնարարությամբ նախագահի պարտականությունները կատարում է նախագահի տեղակալներից մեկը:

18. Նախագահի տեղակալը`

1) իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար իր լիազորությունների սահմաններում իրականացնում է աշխատանքներ` տալով ցուցումներ և հանձնարարականներ, իրականացնում է վերահսկողություն դրանց կատարման նկատմամբ.

2) նախագահի հանձնարարությամբ` իրականացնում է նախագահի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

3) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

4) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է զարգացման համապատասխան ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.

5) պարբերաբար նախագահին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի մասին.

6) նախագահին է ներկայացնում առաջարկություններ իր իրավասությանը վերաբերող հարցերի վերաբերյալ.

7) նախագահի հանձնարարությամբ՝ իրականացնում է այլ գործառույթներ:

 

V. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

 

19. Կոմիտեի աշխատակազմի նպատակը և խնդիրը օրենքներով ու սույն կանոնադրությամբ կոմիտեին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին կոմիտեի մասնակցության ապահովումն է:

20. Կոմիտեի աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, որպես պետական կառավարչական հիմնարկ, ենթակա է հաշվառման՝ իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:

21. Կոմիտեի աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:

22. Կոմիտեի աշխատակազմը, իր իրավասության սահմաններում, Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

23. Կոմիտեի աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

24. Կոմիտեի աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

25. Կոմիտեի աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Կոմիտեի աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով և կարգով:

26. Կոմիտեի աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Կոմիտեի աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև կոմիտեի լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

27. Կոմիտեի աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:

28. Կոմիտեի աշխատակազմի անվանումն է՝ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Անտառային պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ։

 

VI. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ

 

29. Կոմիտեի աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքներով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կոմիտեի աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

30. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու իր կողմից կոմիտեի աշխատակազմին հանձնված գույքը:

31. Կոմիտեի աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով և իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում ու կարգով իր գործունեության նպատակներին և գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տնօրինելու և տիրապետելու իր գույքը:

 

VII. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

32. Կոմիտեի աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ): Կոմիտեի աշխատակազմի կառուցվածքում կարող են ներառվել նաև առանձնացված ստորաբաժանումներ:

33. Կոմիտեի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է նախագահը:

 

 VIII. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

34. Կոմիտեի աշխատակազմը կառավարում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարը և նախագահը՝ օրենքով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում: Կոմիտեի աշխատակազմը ղեկավարում է կոմիտեի աշխատակազմի ղեկավարը:

35. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

1) վերակազմակերպում և դադարեցնում է կոմիտեի աշխատակազմի գործունեությունը.

2) հաստատում է կոմիտեի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.

3) որոշում է կոմիտեի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.

4) հաստատում է կոմիտեի աշխատակազմի կառուցվածքը.

5) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

36. Կոմիտեի աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, նախագահի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է կոմիտեի աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի և նախագահի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

37. Կոմիտեի աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Կոմիտեի աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

38. Կոմիտեի աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի, նախագահի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները:

39. Կոմիտեի աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրա փոխարինումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

40. Կոմիտեի աշխատակազմի ղեկավարը`

1) առանց լիազորագրի` իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորությունների սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր` դատարանում գործը վարելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու համար.

2) օրենքով, այլ իրավական ակտերով, հիմնադրի կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

3) իր իրավասության սահմաններում տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

4) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է կոմիտեի աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.

5) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս է պարտադիր կատարման համար ցուցումներ.

6) նախագահի հաստատմանն է ներկայացնում կոմիտեի աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում՝ ապահովում է կոմիտեի աշխատակազմի հաշվապահական հաշվառումը վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, կոմիտեի աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումների միջոցով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.

7) նախագահին ներկայացնում է առաջարկություններ կոմիտեի աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

8) կազմակերպում է կոմիտեի բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.

9) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.

10) կազմակերպում է կոմիտեում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.

11) վերահսկում է կոմիտեի աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.

12) նախագահի ստորագրությանն է ներկայացնում նախագահի հրամանները, ինչպես նաև կարգադրությունները.

13) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.

14) կազմակերպում է կոմիտեում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.

15) իրականացնում է օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

41. Կոմիտեի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է կոմիտեի աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում է կոմիտեի նախագահի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իր վրա դրված լիազորությունները:

 

IX. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

42. Կոմիտեի աշխատակազմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, վիճակագրական և պարտադիր վճարների մասին հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:

43. Կոմիտեի աշխատակազմի գործունեության վերաբերյալ տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել վերստուգման (աուդիտի)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանած կարգով:

 

X. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

 44. Կոմիտեի աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով։

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

 

 

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2018 թվականի

փետրվարի 22-ի N 182-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

1. Վարչություններ

Անտառների և անտառային հողերի կառավարման վարչություն

Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչություն

Իրավաբանական վարչություն

 

2. Բաժիններ

Անտառների հաշվառման և կադաստրի վարման բաժին

Անձնակազմի կառավարման բաժին

Ներքին աուդիտի բաժին

Գնումների բաժին

Արտաքին կապերի բաժին

Տնտեսական բաժին

Ընդհանուր բաժին

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան