ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2002 թվականի նոյեմբերի 20-ին
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Հայաստանի Հանրապետության մշակութային օրենսդրության խնդիրները |
Հայաստանի Հանրապետության մշակութային օրենսդրության խնդիրներն են`
1) ապահովել և պաշտպանել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ խոսքի, ստեղծագործության ազատության, հասարակության մշակութային կյանքին մասնակցելու սահմանադրական իրավունքը.
2) կարգավորել մշակութային գործունեության սուբյեկտների միջև առաջացող հարաբերությունները.
3) սահմանել պետական մշակութային քաղաքականության սկզբունքներ, մշակույթին պետական աջակցություն ցուցաբերելու իրավական հիմքեր և ստեղծագործական գործընթացին պետության կողմից չմիջամտելու երաշխիքներ.
4) ստեղծել Հայաստանի Հանրապետության մշակութային հարստության պահպանման, տարածման և զարգացման համար իրավական երաշխիքներ:
Հոդված 2. |
Պետական մշակութային քաղաքականության կազմակերպումը |
Հայաստանի Հանրապետությունում պետական մշակութային քաղաքականությունը կազմակերպվում է մշակույթի պահպանման, տարածման և զարգացման պետական (տարեկան, եռամյա, հեռանկարային) ծրագրերով, որոնք, որպես օրենք, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացմամբ հաստատում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը:
Հոդված 3. |
Պետական մշակութային քաղաքականության սկզբունքները |
Պետական մշակութային քաղաքականության հիմնական սկզբունքներն են`
1) մշակույթի ոլորտում կառավարման պետական, հասարակական և ժողովրդավարական բնույթը.
2) մշակութային և ստեղծագործական գործունեության ազատությունը.
3) մշակութային արժեքներին հաղորդակցվելու մատչելիությունը.
4) միջազգային նշանակություն ունեցող ազգային մշակութային արժեքների նկատմամբ նախապատվությունը.
5) մշակութային կազմակերպությունների ինքնուրույնությունը։
Հոդված 4. |
Պետական մշակութային քաղաքականության նպատակները |
Պետական մշակութային քաղաքականության նպատակներն են`
1) հասարակության կողմից մշակույթի՝ որպես զարգացման միջոցի գիտակցումը.
2) նոր արժեքների և նոր գաղափարների որոնումը.
3) հասարակության ստեղծագործական ներուժի վերարտադրման և զարգացման համար պայմանների ստեղծումը.
4) քաղաքացիական հասարակության ձևավորումը:
Հոդված 5. |
Հայաստանի Հանրապետության մշակութային օրենսդրությունը |
Հայաստանի Հանրապետության մշակութային օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից, այլ օրենքներից և իրավական ակտերից:
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Հոդված 6. |
Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները և բովանդակությունը.
մշակույթ` հասարակության կյանքի նյութական և հոգևոր ոլորտներում գործողությունների, զգայությունների և մտածողության եղանակների ամբողջությունն ու դրանց արժեքավոր արտահայտությունը.
մշակութային գործունեություն՝ մշակութային արժեքների և առարկաների (օբյեկտների) պահպանում, ստեղծում, տարածում և մեկնաբանում, մշակութային բարիքների մատուցում և իրացում.
մշակութային արժեքներ՝ մշակույթի և արվեստի երկեր, գեղարվեստական ժողովրդական ստեղծագործություններ և արհեստներ, բանահյուսություն, բարոյագիտական և գեղագիտական գաղափարատիպեր (իդեալներ), վարվեցողության կանոններ և ձևեր, լեզուներ, բարբառներ և խոսվածքներ, ազգային ավանդույթներ և սովորույթներ, պատմաաշխարհագրական տեղանուններ, մշակութային գործունեության մասին գիտական հետազոտությունների արդյունքներ և մեթոդներ, մշակութային ժառանգության առարկաներ (օբյեկտներ).
մշակութային բարիքներ՝ իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից բնակչության մշակութային պահանջմունքների բավարարման նպատակով մատուցվող մշակութային ծառայություններ և իրացվող մշակութային արտադրանք (ապրանքներ).
մշակութային ոչ առևտրային կազմակերպություն՝ կազմակերպություն, որի ստեղծման հիմնական նպատակը մշակութային գործունեության իրականացումն է.
ստեղծագործական գործունեություն՝ մշակութային արժեքների ստեղծում և մեկնաբանում.
ստեղծագործական աշխատող՝ մշակութային արժեքներ ստեղծող կամ մեկնաբանող ֆիզիկական անձ.
ստեղծագործական աշխատողների միություն՝ ստեղծագործական աշխատողների կամավոր միավորում, որն ունի հասարակական միավորման կարգավիճակ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծվել է ստեղծագործական աշխատողների շահերի ընդհանրության հիման վրա՝ հոգևոր կամ ոչ նյութական այլ պահանջմունքներ բավարարելու համար.
Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգություն՝ անցյալում ստեղծված մշակութային արժեքների ամբողջություն, որը Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի մշակութային ինքնության պահպանման ու զարգացման, համաշխարհային քաղաքակրթության մեջ ներդրման համար հնագիտական, ճարտարապետական, պատմական, գեղագիտական կամ սոցիալ-մշակութային հայեցակետից ունի կարևոր նշանակություն.
Հայաստանի Հանրապետության մշակութային հարստություն՝ մշակութային արժեքների ամբողջություն (այդ թվում՝ մշակութային ժառանգության օբյեկտներ), որը հայ ժողովրդի համար ունի ազգային նշանակություն.
պետական մշակութային քաղաքականություն՝ պետության գործունեությունը մշակույթի ոլորտում և սկզբունքների ու նորմերի ամբողջությունը, որով ղեկավարվում է պետությունը մշակութային քաղաքականություն իրականացնելիս:
Հոդված 7. |
Սույն օրենքի գործողության ոլորտները |
Սույն օրենքի գործողությունը տարածվում է՝
1) մշակութային ժառանգության օբյեկտների (պատմամշակութային հուշարձանների) պահպանության, ուսումնասիրման, օգտագործման և հանրահռչակման,
2) կինոարվեստի և տեսալսողական այլ արվեստների,
3) գեղարվեստական գրականության, ճարտարապետության, կերպարվեստի, դիզայնի, լուսանկարչության, բեմական, տարածական և երաժշտական արվեստի ու արվեստի այլ տեսակների և ժանրերի,
4) գեղարվեստական ժողովրդական ստեղծագործության և արհեստների, ժողովրդական մշակույթի,
5) ինքնագործ (սիրողական) գեղարվեստական ստեղծագործության,
6) թանգարանային առարկաների, թանգարանային հավաքածուների, հնատիպ գրքերի ու մատենագրերի և մշակութային այլ արժեքների պահպանության, ուսումնասիրման և հանրահռչակման,
7) մշակութային արժեքների հավաքչարարության (կոլեկցիոներության),
8) գրադարանային, արխիվային և հրատարակչական գործի,
9) գեղագիտական դաստիարակության և գեղարվեստական կրթության, մշակույթի ոլորտում մանկավարժական գործունեության,
10) մշակութաբանության և մշակույթի ոլորտում գիտական գործունեության,
11) միջազգային մշակութային համագործակցության,
12) մշակութային արժեքների պահպանման, ստեղծման, տարածման և մեկնաբանման (ընկալման) համար անհրաժեշտ մշակութային նշանակության նյութերի, սարքավորումների և այլ միջոցների արտադրության,
13) մշակութային գործունեության այլ ոլորտներում:
Հոդված 8. |
Ազգային փոքրամասնությունների մշակույթների նկատմամբ վերաբերմունքը |
Հայաստանի Հանրապետությունն աջակցում է իր տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակութային ինքնության պահպանմանն ու զարգացմանը, պետական ծրագրերի իրականացման միջոցով նպաստում է նրանց կրոնի, ավանդույթների, լեզվի, մշակութային ժառանգության, մշակույթի պահպանման, տարածման և զարգացման համար պայմանների ստեղծմանը:
Գ Լ ՈՒ Խ 2.
ՄԱՐԴՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏՈՒՄ
Հոդված 9. |
Մշակութային կյանքին մասնակցելու և մշակութային գործունեություն իրականացնելու իրավունքը |
Հայաստանի Հանրապետության տարածքում հասարակության մշակութային կյանքին մասնակցելը և մշակութային գործունեություն իրականացնելը յուրաքանչյուր մարդու անկապտելի իրավունքն է՝ անկախ նրա ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, համոզմունքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:
Հոդված 10. |
Ստեղծագործական գործունեություն իրականացնելու իրավունքը |
Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի իրականացնելու ստեղծագործական գործունեություն:
Ստեղծագործական գործունեության իրավունքը կարող է իրականանալ և' մասնագիտորեն, և' ոչ մասնագիտորեն (սիրողաբար):
Հոդված 11. |
Մշակութային արժեքներին հաղորդակցվելու իրավունքը |
Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, հաղորդակցվելու մշակութային արժեքներին, մշակութային գործունեության բոլոր ոլորտներում Հայաստանի Հանրապետության գրադարանային, թանգարանային, արխիվային և այլ հավաքածուներից օգտվելու:
Հոդված 12. |
Կրթություն ստանալու իրավունքը |
Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, առանց տարիքային սահմանափակման, հումանիտար և գեղարվեստական կրթություն ստանալու, այդ կրթության ձևերն ու միջոցներն ընտրելու:
Հոդված 13. |
Ստեղծագործական գործունեության արդյունքներն արտահանելու իրավունքը |
Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության տարածքից իր սեփական ստեղծագործական գործունեության արդյունքներն արտահանելու:
Հոդված 14. |
Մշակութային կազմակերպություններ ստեղծելու իրավունքը |
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծելու մշակութային կազմակերպություններ:
Հոդված 15. |
Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքը մշակույթի ոլորտում |
Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ մշակութային գործունեության ոլորտում ունեն հավասար իրավունքներ և ստանձնում են հավասար պարտավորություններ, բացառությամբ օրենքով և միջազգային պայմանագրերով սահմանված դեպքերի:
Գ Լ ՈՒ Խ 3.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 16. |
Հայաստանի Հանրապետության մշակութային հարստությունը |
Հայաստանի Հանրապետության մշակութային հարստության պահպանվածությունը, պահպանությունը և օգտագործումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան:
Մշակութային ժառանգության առարկաները (օբյեկտները) տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու առանձնահատկությունները, դրանց նկատմամբ պետական աջակցություն ցուցաբերելու ձևերը սահմանվում են օրենքով:
Հոդված 17. |
Հայաստանի Հանրապետության գրադարանային, թանգարանային, արխիվային և այլ հավաքածուները |
Հայաստանի Հանրապետության հարստություն համարվող գրադարանային, թանգարանային, արխիվային, կինո, ֆոտո, ֆոնո հավաքածուների պահպանության, գործառության և համալրման կարգը սահմանվում է օրենքով և այլ իրավական ակտերով:
Պետական ու համայնքային սեփականություն համարվող մշակութային արժեքները և հավաքածուները չեն կարող օգտագործվել որպես պարտավորությունների կատարման ապահովման միջոց:
Գ Լ ՈՒ Խ 4.
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 18. |
Պետությունը և ստեղծագործական աշխատողները |
Պետությունը՝
1) խթանում է ստեղծագործական աշխատողների՝ մշակույթի պահպանմանը, տարածմանն ու զարգացմանը նպատակաուղղված գործունեությունը.
2) ապահովում է ստեղծագործական աշխատողների աշխատանքի և զբաղվածության համար պայմաններ.
3) աջակցում է ստեղծագործական աշխատողների միջազգային ստեղծագործական շփումների ընդլայնմանը։
Հոդված 19. |
Պետությունը և ստեղծագործական աշխատողների միությունները |
Պետությունը աջակցում է ստեղծագործական աշխատողների միությունների գործունեությանը, նրանց ընձեռում մշակութային քաղաքականության մշակմանը մասնակցելու հնարավորություն, նկատի առնում նրանց առաջարկությունները ստեղծագործական աշխատողների զբաղվածության, մասնագիտական վերապատրաստման, աշխատանքի ապահովման, սոցիալական պաշտպանվածության ոլորտներում ծրագրեր մշակելիս։
Գ Լ ՈՒ Խ 5.
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏՈՒՄ
Հոդված 20. |
Պետության գործունեությունը մշակույթի ոլորտում |
Պետությունը՝
1) նպաստում է մշակութային գործունեության իրականացմանը, մշակութային արժեքներին և ծառայություններին հաղորդակցվելու մատչելի պայմանների ստեղծմանը.
2) չի միջամտում քաղաքացիների ու մշակութային կազմակերպությունների մշակութային և ստեղծագործական գործունեությանը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.
3) աջակցում է ազգային մշակույթի և արվեստի պահպանմանը, տարածմանն ու զարգացմանը.
4) աջակցում է ստեղծագործող երիտասարդներին, դեբյուտանտներին, շնորհալի պատանիներին և նորաստեղծ ստեղծագործական խմբերին:
Գ Լ ՈՒ Խ 6.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏՈՒՄ
Հոդված 21. |
Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունները մշակույթի ոլորտում |
Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝
1) ապահովում է պետական մշակութային քաղաքականության իրականացումը.
2) մշակույթի պահպանման, տարածման և զարգացման համար լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավելու նպատակով ստեղծում է մշակույթի զարգացման հիմնադրամ և հաստատում դրա կանոնադրությունը.
3) օրենքով սահմանում է բնակչության որոշ խավերի համար (նախադպրոցական տարիքի երեխաներ, դպրոցականներ, ուսանողներ, կենսաթոշակառուներ, հաշմանդամներ, ժամկետային զինծառայողներ) մշակութային կազմակերպությունների վճարովի ծառայություններից օգտվելու արտոնությունների կարգ.
4) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ.
5) մշակութային ոչ առևտրային առանձին կազմակերպությունների շնորհում է կարգավիճակ, սահմանում է կարգավիճակ շնորհելու կարգն ու պայմանները:
(21-րդ հոդվածը լրաց. 23.05.11 ՀՕ-183-Ն)
Հոդված 22. |
Մշակույթի ոլորտում լիազորված պետական մարմնի իրավասությունները |
Մշակույթի ոլորտում պետական կառավարում իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմինը (այսուհետև՝ լիազորված պետական մարմին):
Լիազորված պետական մարմինը՝
1) իրականացնում է պետական մշակութային քաղաքականությունը, մասնակցում է մշակութային օրենսդրության ու մշակույթի պահպանման, տարածման և զարգացման պետական ծրագրերի մշակմանը.
2) մասնակցում է մշակույթի ոլորտում կրթական չափորոշիչների (ստանդարտների), մեթոդական ձեռնարկների և ծրագրերի մշակմանը.
3) իր իրավասությունների սահմաններում մասնակցում է մշակույթի ոլորտում արտաքին քաղաքականության ձևավորմանը.
4) օրենքով սահմանված կարգով իրականացնում է վերահսկողություն մշակութային արժեքների արտահանման և ներմուծման նկատմամբ.
5) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրելու, մշակույթի և արվեստի ոլորտում պատվավոր կոչումներ շնորհելու միջնորդություններ.
6) ստեղծում է պետական միասնական տեղեկատվական համակարգ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում մշակութային գործունեության ապահովման նպատակով.
7) վարում է մշակույթի ոլորտի վարչական վիճակագրությունը, ինչպես նաև՝ մշակութային կազմակերպությունների հաշվառումը.
8) հայտնաբերում, հաշվառում, ուսումնասիրում, վերականգնում և պահպանում է մշակութային ժառանգության առարկաները (օբյեկտները).
9) վարում է մշակութային ժառանգության առարկաների (օբյեկտների) պետական ցուցակները.
10) կազմակերպում է մշակույթի ոլորտում աշխատողների մասնագիտական պատրաստումը, վերապատրաստումը և վերաորակավորումը.
11) ներկայացնում է մշակութային ոչ առևտրային առանձին կազմակերպությունների` թատերական, երաժշտական, պարարվեստի, թանգարանային, գրադարանային և արխիվային, «Ազգային» կարգավիճակ շնորհելու վերաբերյալ միջնորդություն:
(22-րդ հոդվածը լրաց. 23.05.11 ՀՕ-183-Ն)
Հոդված 23. |
Մարզպետի իրավասությունները մշակույթի ոլորտում |
Մարզպետը՝
1) ապահովում է մարզի տարածքում պետական մշակութային քաղաքականության իրականացումը, կազմակերպում է պետական, ազգային ու այլ տոների և հիշատակի օրերի հետ կապված հանրային միջոցառումներ, նպաստում է ազգային ծեսերի վերականգնմանն ու տարածմանը.
2) իրականացնում է օրենքով սահմանված լիազորություններ` մարզի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների պահպանության և օգտագործման նկատմամբ.
3) կազմակերպում է մարզի տարածքում մշակութային օբյեկտների կառուցումը, պահպանումն ու շահագործումը, հանգստի գոտիների ստեղծումը.
4) իրականացնում է մշակույթի ոլորտում օրենքով սահմանված այլ իրավասություններ:
(23-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-100-Ն)
Հոդված 24. |
Համայնքի ղեկավարի իրավասությունները մշակույթի ոլորտում |
Համայնքի ղեկավարը՝
1) ապահովում է համայնքի տարածքում պետական մշակութային քաղաքականության իրականացումը.
2) որպես պարտադիր լիազորություն՝ կազմակերպում է համայնքի կողմից ստեղծված մշակութային կազմակերպությունների գործունեությունը, մշակութային օբյեկտների շահագործման և նորոգման աշխատանքները.
3) որպես պատվիրակված լիազորություն՝ կազմակերպում է Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի հետ կապված զանգվածային միջոցառումներ.
4) որպես կամավոր լիազորություն՝ աջակցում է համայնքի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների պահպանությանը.
5) որպես կամավոր լիազորություն՝ աջակցում է ազգային արհեստների, ժողովրդական ստեղծագործության և գեղարվեստական ինքնագործունեության զարգացմանը.
6) իրականացնում է մշակույթի ոլորտում օրենքով սահմանված այլ լիազորություններ:
Գ Լ ՈՒ Խ 7.
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
(վերնագիրը լրաց. 23.05.11 ՀՕ-183-Ն)
Հոդված 25. |
Մշակույթի և մշակութային գործունեության ֆինանսավորումը |
Հայաստանի Հանրապետության տարածքում մշակույթը պահպանելու, տարածելու և զարգացնելու պետական երաշխիքների հիմքը բյուջետային ֆինանսավորումն է:
Պետության և համայնքի կողմից ստեղծված մշակութային կազմակերպություններին պետական և համայնքային բյուջեից ֆինանսավորում հատկացվում է պայմանագրային հիմունքներով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ձևերով:
Պետության և համայնքի կողմից ստեղծված մշակութային կազմակերպություններին հատկացվող սուբսիդիաների հաշվարկման և տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 26. |
Մշակութային ոչ առևտրային կազմակերպության գործունեության տեսակները |
Մշակութային ոչ առևտրային կազմակերպությունը կարող է իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված և իր ստեղծման նպատակին համապատասխանող մշակութային և ձեռնարկատիրական գործունեություն:
Մշակութային ոչ առևտրային կազմակերպությունը ձեռնարկատիրական գործունեություն կարող է իրականացնել միայն այնքանով, որքանով այդ գործունեությունը համապատասխանում և ծառայում է կազմակերպության ստեղծման նպատակին: Այդպիսի գործունեություն է համարվում մշակութային ոչ առևտրային կազմակերպության ստեղծման նպատակին համապատասխանող ու շահութաբեր ապրանքների արտադրությունը և ծառայությունների մատուցումը, ինչպես նաև գույքային և ոչ գույքային իրավունքների իրացումը:
Մշակութային ոչ առևտրային կազմակերպությունը լիցենզավորման ենթակա գործունեության կամ օրենքով նախատեսված այլ գործունեության առանձին տեսակներով կարող է զբաղվել միայն լիցենզիայի կամ համապատասխան թույլտվության հիման վրա:
Հոդված 26.1. |
Մշակութային ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակը |
1. Մշակութային առանձին կազմակերպությունների՝ թատերական, երաժշտական, պարարվեստի, ֆիլմարվեստի, թանգարանային, գրադարանային և արխիվային, որոնք համապետական և համազգային նշանակության բացառիկ գործունեություն են իրականացնում, կարող է շնորհվել «Ազգային» կարգավիճակ:
2. Գործող և նոր ստեղծվող կազմակերպություններին սահմանված կարգով «Ազգային» կարգավիճակ շնորհում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
«Ազգային» կարգավիճակ շնորհվում է`
1) այն կազմակերպություններին, որոնք առանձնանում են ինքնատիպությամբ, կատարողական բարձր վարպետությամբ, անժամանցելի ձեռքբերումներով հարստացնում և զարգացնում են հայկական մշակութային ժառանգությունը, նպաստում են նրա պահպանմանն ու հանրահռչակմանը, խթանում են ազգային և համամարդկային արժեքների տարածմանը, նպաստում են հասարակության բարոյական և գեղագիտական դաստիարակությանը.
2) նոր ստեղծվող այն պետական կազմակերպություններին, որոնք մշակութային գործունեության տվյալ ոլորտում առանձնանում են իրենց բացառիկ բնույթով, և այդ կազմակերպությունների կանոնադրական գործառույթներում նախատեսված են սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված պահանջները:
3. «Ազգային» կարգավիճակ կարող է շնորհվել մշակութային գործունեության տվյալ ոլորտը և տեսակը ներկայացնող միայն մեկ կազմակերպության։
4. «Ազգային» կարգավիճակ ունեցող մշակութային կազմակերպությունների ֆինանսավորումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում արտահայտվում է առանձին տողով։
(26.1-ին հոդվածը լրաց. 23.05.11 ՀՕ-183-Ն)
Գ Լ ՈՒ Խ 8.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ
Հոդված 27. |
Միջազգային մշակութային փոխանակությունների քաղաքականությունը և առաջնային ուղղությունները |
Հայաստանի Հանրապետությունը աջակցում է միջազգային մշակութային համագործակցության զարգացմանը, խրախուսում քաղաքացիների ու կազմակերպությունների ինքնուրույն և ուղղակի մասնակցությունը միջազգային մշակութային փոխանակություններին:
Հայաստանի Հանրապետության միջազգային մշակութային փոխանակությունների քաղաքականությունը, նրա առաջնային ուղղությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և մշակույթի պահպանման, տարածման ու զարգացման պետական ծրագրերով:
(27-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-233-Ն)
Հոդված 28. |
Ապօրինի արտահանված և ապօրինի ներմուծված մշակութային արժեքների փոխանակության քաղաքականությունը |
Հայաստանի Հանրապետությունն իր տարածքից ապօրինի արտահանված և իր տարածք ապօրինի ներմուծված մշակութային արժեքների վերադարձման համար միջազգային պայմանագրերի հիման վրա իրականացնում է նպատակաուղղված մշակութային քաղաքականություն:
(28-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-233-Ն)
Հոդված 29. |
Մշակութային գործակցությունը օտարերկրյա պետություններում |
Հայաստանի Հանրապետությունը (այլ պետությունների և Սփյուռքի հետ համատեղ) աջակցում է օտարերկրյա պետություններում հայկական մշակութային կենտրոնների ու կազմակերպությունների գործունեությանը, նպաստում ազգային մշակույթի և արվեստի պահպանմանը, տարածմանն ու զարգացմանը:
Գ Լ ՈՒ Խ 9.
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հոդված 30. |
Պատասխանատվությունը մշակութային օրենսդրությունը խախտելու համար |
Մշակութային օրենսդրությունը խախտելու համար պատասխանատվություն սահմանվում է օրենքով սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 10.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 31. |
Պետական ծրագրերը ներկայացնելը |
Սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված` 2005-2008 թվականների եռամյա պետական ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում մինչև 2004 թվականի սեպտեմբերի 1-ը, իսկ 2004 թվականի պետական տարեկան ծրագիրը` մինչև 2003 թվականի հոկտեմբերի 1-ը:
Հոդված 32. |
Օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
2002 թ. դեկտեմբերի 18 Երևան ՀՕ-465-Ն
|
|