Համարը 
N 361-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2018.04.06/28(1386).1 Հոդ.536.12
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
29.03.2018
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
04.04.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
16.04.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի N 317 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մարտի 2018 թվականի N 361-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի N 317 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 1-ի «Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրում ընդգրկված բնակավայրերի վերականգնման ենթակա տարածքները ոչ հիմնական շինություններից ազատելու և դրանք հեռացնելու միջոցառումների մասին» N 317 որոշումը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2018 թ. ապրիլի 4
Երևան


 

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

մարտի 29-ի N 361-Ն որոշման


«1 ապրիլի 2002 թվականի N 317

 

ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՈՉ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱՍՏԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ գլուխը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել աղետի գոտու քաղաքային բնակավայրերի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող տարածքների ոչ հիմնական շինությունների փաստագրման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշման համաձայն փաստագրման ենթակա են աղետի գոտու քաղաքային բնակավայրերի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում երկրաշարժից հետո տեղադրված կամ կառուցված այն բոլոր ոչ հիմնական շինությունները, անկախ դրանց օգտագործման նշանակությունից (բնակության, առևտրի, կենցաղային և այլ նպատակներով) և պատկանելությունից, որոնք նախատեսված չեն այդ տարածքների կառուցապատման նպատակով հաստատված քաղաքաշինական փաստաթղթերով:

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Շիրակի և Լոռու մարզերի քաղաքային համայնքների ղեկավարներին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում, սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի համաձայն, իրականացնել իրենց համայնքների պետական և համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում տեղակայված ոչ հիմնական շինությունների փաստագրում:

4. Հայաստանի Հանրապետության Շիրակի և Լոռու մարզպետներին՝ վերահսկել սույն որոշման կատարման ընթացքը և սույն որոշման 3-րդ կետով նախատեսված փաստագրման ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե ու Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարություն ներկայացնել սույն որոշմամբ հաստատված կարգի համաձայն կազմված և հաստատված գրաֆիկական և աղյուսակային նյութերը:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 4-րդ կետում նշված տեղեկատվությունն ստանալուց հետո վեցամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի հետ համատեղ, մշակել և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ աղետի գոտու քաղաքային բնակավայրերի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող տարածքները ոչ հիմնական շինություններից ազատելու և փաստագրման արդյունքում ի հայտ եկած՝ քաղաքաշինական փաստաթղթերի պահանջներին համապատասխանող շինություններն օրինականացնելու վերաբերյալ:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի համաձայն, համապատասխան մարզպետների կողմից կատարված հարցման հիման վրա, տրամադրել տեղեկատվություն ոչ հիմնական շինություններում բնակվող քաղաքացիների մշտական բնակության (հաշվառման) ու նրանց անվամբ բնակարանի (բնակելի տան) նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վերաբերյալ:

7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո բացառել քաղաքացիների հաշվառումը՝ ոչ հիմնական շինությունների հասցեներում:

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2002 թվականի

ապրիլի 1-ի N 317 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՈՉ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱՍՏԱԳՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են աղետի գոտու քաղաքային բնակավայրերի վարչական սահմաններում ընդգրկված՝ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող տարածքների ոչ հիմնական շինությունների փաստագրման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի իմաստով ոչ հիմնական շինություն են հանդիսանում և ենթակա են փաստագրման պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում երկրաշարժից հետո տեղադրված կամ կառուցված բոլոր ոչ հիմնական շինությունները և որպես ոչ հիմնական շինություն համարակալված, սակայն քաղաքաշինական փաստաթղթերի պահանջներին համապատասխանող շինությունները՝ անկախ դրանց օգտագործման նշանակությունից (բնակության, առևտրի, սպասարկման, կենցաղային, ծառայությունների մատուցման և այլ նպատակներով) և պատկանելությունից:

3. Փաստագրման աշխատանքներն արդյունավետ իրականացնելու նպատակով տեղական ինքնակառավարման մարմինները, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ և երրորդ պարբերությունների համաձայն, իրականացնում են փաստագրման ենթակա տարածքների քարտեզագրումը, որը պետք է ունենա գրաֆիկական և աղյուսակային մասեր: Ընդ որում՝

1) գրաֆիկական մասի վրա նշվում են տարածքի անվանումը (կամ համարակալումը), սահմանները և տարածքում առկա շինությունների տեղաբաշխումը՝ ըստ օգտագործման նշանակության (գրաֆիկական մասի կազմման համար, որպես հանութային հիմք, կարող են օգտագործվել առկա հատակագծերը).

2) աղյուսակային մասում նշվում են`

ա. ոչ հիմնական շինությունների թիվը՝ ըստ տարածքների,

բ. դրանց բաշխվածությունը՝ ըստ օգտագործման նշանակության (բնակության, առևտրի, սպասարկման, կենցաղային, ծառայությունների մատուցման և այլ),

գ. ոչ հիմնական շինության ֆիզիկական վիճակը՝ ակնադիտական զննման արդյունքում,

դ. ոչ հիմնական շինությունների ֆիզիկական վիճակից ելնելով՝ առաջարկություն դրանց հեռացման (ապամոնտաժում կամ տեղափոխում) կամ օրինականացման վերաբերյալ,

ե. փաստագրման ժամանակ հայտնի դարձած այլ տեղեկություններ:

4. Սույն կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված աղյուսակային մասում`

1) բնակության նպատակով զբաղեցված ոչ հիմնական շինությունների վերաբերյալ լրացվում է նաև հետևյալ տեղեկատվությունը՝

ա. ոչ հիմնական շինությունն զբաղեցնող ընտանիքի կազմը՝ անձերի թվով,

բ. տվյալ ընտանիքի՝ ոչ հիմնական շինությունում բնակվողի կարգավիճակում հայտնվելու հիմքերը (բնական կամ տեխնածին աղետ, ներքին միգրացիա, բնակարանի օտարում կամ կորուստ, ներընտանեկան խնդիրներ և այլն),

գ. սոցիալական որևէ խմբի պատկանելությունը (փախստական, բազմազավակ, սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված, ընտանիքի կազմում 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող, զոհված (մահացած) կամ հաշմանդամ դարձած զինծառայողի (ազատամարտիկի) ընտանիք, երիտասարդ ընտանիք և այլն),

դ. ոչ հիմնական շինություններում բնակվող անձանց մշտական բնակության (հաշվառման) ու նրանց անվամբ բնակարանի (բնակելի տան) նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վերաբերյալ տեղեկատվությունը.

2) բնակության համար չօգտագործվող շինությունների մասով լրացվում են նաև այդ շինությունում ծավալվող գործունեության՝

ա. տեսակը,

բ. իրականացնողի տվյալները,

գ. համապատասխանությունը՝ տվյալ տարածքի նպատակային նշանակությանը և քաղաքաշինական փաստաթղթերին,

դ. գրանցման վերաբերյալ տեղեկությունը:

5. Սույն կարգի 4-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությունում նշված տեղեկատվությունը` համապատասխան մարզպետների կողմից կատարված հարցման հիման վրա, տրամադրում են՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը` քաղաքացիների հաշվառման մասով.

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն՝ բնակարանի (բնակելի տան) նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման մասով՝ նշելով նաև բնակարանի (բնակելի տան) նկատմամբ սեփականության իրավունքի օտարման վերաբերյալ տեղեկատվությունը:

6. Սույն կարգի 5-րդ կետի 1-ին կետում նշված տեղեկատվությունը տրամադրվում է 1988 թվականից մինչև հարցման պահն ընդգրկող ժամանակահատվածի կտրվածքով, իսկ 2-րդ կետում նշված տեղեկատվությունը՝ 1998 թվականից մինչև հարցման պահն ընդգրկող ժամանակահատվածի կտրվածքով:

7. Յուրաքանչյուր համայնքի ոչ հիմնական շինություններից ազատման ենթակա տարածքների համար գրաֆիկական և աղյուսակային նյութերի կազմման աշխատանքների ավարտից հետո դրանք հրապարակվում են համապատասխան համայնքի պաշտոնական ինտերնետային կայքում և յուրաքանչյուր տարածքում՝ բնակիչների համար տեսանելի վայրում տեղադրելու միջոցով:

8. Սույն կարգի 7-րդ կետով նախատեսված գրաֆիկական և աղյուսակային նյութերի հրապարակումից հետո համայնքի ղեկավարը մամուլով ու զանգվածային լրատվության մյուս միջոցներով բնակչությանն իրազեկում է դրա բովանդակությանը ծանոթանալու և հրապարակումից հետո տասնօրյա ժամկետում առաջարկություններ ներկայացնելու հնարավորության մասին:

9. Սույն կարգի 8-րդ կետում նշված ժամկետում հասարակական քննարկումների արդյունքում սույն կարգի 7-րդ կետում նշված գրաֆիկական և աղյուսակային նյութերի մեջ տեղ գտած անճշտությունների վերաբերյալ արված առաջարկությունների և դիտողությունների հիման վրա, անհրաժեշտ հիմնավորումների առկայության դեպքում, 15-օրյա ժամկետում նյութերը լրամշակվում են համապատասխան համայնքի ղեկավարի կողմից:

10. Սույն կարգի 7-րդ կետում նշված գրաֆիկական և աղյուսակային նյութերի՝ սույն կարգի 9-րդ կետի համաձայն լրամշակված տարբերակը, համայնքի ղեկավարի ներկայացմամբ, հաստատում է համապատասխան մարզպետը և ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե ու Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարություն:»:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան