ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հունիսի 2018 թվականի N 790-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրքը և ընտրական գործընթացները կարգավորող օրենսդրությունը բարեփոխելու՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրում ամրագրված անհրաժեշտությունից, նպատակ ունենալով բարձրացնել հանրային կառավարման ներառականությունն ու թափանցիկությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 152-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով:
2. Հաստատել՝
1) Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի գործունեության կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովին՝
1) մշակել և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել ընտրական օրենսդրության բարեփոխումների հայեցակարգը.
2) ապահովել հայեցակարգի վերաբերյալ հանրային քննարկումը.
3) Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում և, ըստ անհրաժեշտության, ընտրական գործընթացները կարգավորող այլ օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը։
4. Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի ղեկավարումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին և քարտուղար նշանակել «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանին (համաձայնությամբ)։
5. Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի նախագահ, Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին լիազորել ընտրական օրենսդրության բարեփոխումների շուրջ քննարկումներ կազմակերպել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված, ինչպես նաև արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, ներգրավել նրանց հանձնաժողովի աշխատանքներում։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
2018 թ. հունիսի 19 Երևան
|
|
|
Հավելված N 1
ՀՀ վարչապետի 2018 թ.
հունիսի 19-ի N 790 -Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Միրզոյան |
- ՀՀ առաջին փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ) |
|
|
Ա. Զեյնալյան |
- ՀՀ արդարադատության նախարար |
|
|
Ս. Պապիկյան |
- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար |
|
|
Հ. Քոչարյան |
- ՀՀ ոստիկանության պետի տեղակալ |
|
|
Տ. Մուկուչյան |
- ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) |
|
|
Ն. Հովհաննիսյան |
- ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ) |
|
|
Ս. Այվազյան |
- «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն (համաձայնությամբ) |
|
|
Վ. Գրիգորյան |
- Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ժողովրդական ինստիտուտների մոնիթորինգի և զեկուցման համակարգող (համաձայնությամբ) |
|
|
Հ. Դանիելյան |
- ընտրական գործընթացների փորձագետ (համաձայնությամբ) |
|
|
Ա. Եսայան |
- ընտրական գործընթացների փորձագետ (համաձայնությամբ) |
|
|
Վ. Հովակիմյան |
- ընտրական գործընթացների փորձագետ (համաձայնությամբ) |
|
|
Դ. Իոաննիսյան |
- «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող (հանձնաժողովի քարտուղար) (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |
|
Հավելված N 2
ՀՀ վարչապետի 2018 թ.
հունիսի 19-ի N 790 -Ա որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) գործունեությունը:
2. Հանձնաժողովի նախագահը, անդամները և քարտուղարը հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են հասարակական հիմունքներով:
3. Հանձնաժողովը գործում է մինչև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
4. Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում և ընտրական գործընթացը կարգավորող այլ նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը մշակելը և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնելը:
5. Այս խնդիրներն իրականացնելու համար հանձնաժողովը՝
1) հաստատում է հանձնաժողովի նիստերի օրակարգը.
2) ընդունում, քննարկում և ամփոփում է ընտրական օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները.
3) ապահովում է հանձնաժողովի աշխատանքների լուսաբանումը և հրապարակայնությունը.
4) կարող է իրականացնել թեմատիկ քննարկումներ շահագրգիռ մարմինների և կազմակերպությունների հետ, իր աշխատանքներին ներգրավել փորձագետների, ստանալ փորձագիտական եզրակացություններ, ստեղծել աշխատանքային խմբեր.
5) կարող է հարցմամբ դիմել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին և պաշտոնատար անձանց ու օրենքով սահմանված կարգով ստանալ իր գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվություն, նյութեր և փաստաթղթեր.
6) անցկացնում է ընտրական օրենսդրության բարեփոխումների նախագծերի վերաբերյալ հանրային քննարկումներ։
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
6. Հանձնաժողովի գործունեությունը հիմնված է կոլեգիալության, քաղաքական չեզոքության, թափանցիկության և հրապարակայնության սկզբունքների վրա:
7. Հանձնաժողովի գործունեությունն իրականացվում է հանձնաժողովի նիստերի միջոցով:
8. Հանձնաժողովի նիստերը գումարվում են հանձնաժողովի նախագահի կամ հանձնաժողովի անդամների մեկ երրորդի նախաձեռնությամբ` ըստ անհրաժեշտության:
9. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե ներկա է հանձնաժողովի անդամների կեսից ավելին:
10. Հանձնաժողովի նիստերի վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որն ստորագրում է նիստը նախագահողը:
11. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ՝ հանձնաժողովի նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ:
12. Քվեարկության արդյունքների հիման վրա հանձնաժողովն ընդունում է որոշումներ:
13. Եթե հանձնաժողովի որևէ անդամ հանձնաժողովի ընդունած որոշման վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նրա ցանկությամբ այն գրավոր կցվում է հանձնաժողովի որոշմանը:
IV. Հանձնաժողովի նախագահԸ
14. Հանձնաժողովի նախագահը՝
1) ղեկավարում է հանձնաժողովի գործունեությունը.
2) հրավիրում և վարում է հանձնաժողովի նիստերը.
3) կազմակերպում է քննարկումներ փորձագետների, շահագրգիռ մարմինների և կազմակերպությունների մասնակցությամբ.
4) ներկայացնում է հանձնաժողովն այլ մարմինների և կազմակերպությունների հետ հարաբերություններում.
5) Հայաստանի Հանրապետության վարչապետին է ներկայացնում հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքների արդյունքների վերաբերյալ հաղորդումներ.
6) Հայաստանի Հանրապետության վարչապետին է ներկայացնում հանձնաժողովի կողմից մշակված ընտրական օրենսդրության բարեփոխումների նախագծերը:
V. Հանձնաժողովի ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
15. Հանձնաժողովի քարտուղարը`
1) ամփոփում է ընտրական օրենսդրության վերաբերյալ հանձնաժողովի քննարկումների արդյունքները.
2) հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ վարում է հանձնաժողովի նիստերը.
3) հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ կազմակերպում է քննարկումներ՝ շահագրգիռ մարմինների և կազմակերպությունների մասնակցությամբ.
4) հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ վերջինիս փոխարեն ներկայացնում է հանձնաժողովն այլ մարմինների և կազմակերպությունների հետ հարաբերություններում.
5) ապահովում է հանձնաժողովի աշխատանքների հրապարակայնությունն ու թափանցիկությունը.
6) համաձայնեցնելով հանձնաժողովի նախագահի հետ՝ հանձնաժողովի նիստերին է հրավիրում հանձնաժողովի անդամ չհանդիսացող անձանց (այդ թվում՝ դիտորդների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների).
7) համակարգում է աշխատանքային խմբերի և փորձագետների հետ աշխատանքները.
8) ամփոփում է աշխատանքային խմբերի և փորձագետների եզրակացությունները, տեղեկանքները և դրանք ներկայացնում հանձնաժողովին:
VI. Հանձնաժողովի ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ
16. Հանձնաժողովի բնականոն գործունեությունն ապահովում է քարտուղարությունը, որի գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի գրասենյակը:
17. Քարտուղարությունը՝
1) հանձնաժողովի քարտուղարի հետ միասին նախապատրաստում է հանձնաժողովի նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերը և կազմակերպում դրանց տրամադրումը հանձնաժողովի անդամներին.
2) ապահովում է հանձնաժողովի որոշումների նախագծերի կազմումը.
3) կազմակերպում է նիստերի արձանագրումը.
4) վարում է հանձնաժողովի աշխատանքների հետ կապված գործավարությունը.
5) արձանագրում է հանձնաժողովին ներկայացված առաջարկությունները և պահպանում դրանք.
6) գրանցում է հանձնաժողովի անդամների գրավոր ներկայացրած հատուկ կարծիքները.
7) հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ կազմակերպում է հանձնաժողովի որոշումների տրամադրումը շահագրգիռ մարմիններին և կազմակերպություններին.
8) իրականացնում է հանձնաժողովի գործունեության իրականացման հետ կապված տեխնիկական, կազմակերպչական և ընթացիկ աշխատանքները:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |