Համարը 
թիվ 23459/03
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Վճիռ ընդդեմ Հայաստանի
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունման վայրը 
Ստրասբուրգ
Ընդունող մարմինը 
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ընդունման ամսաթիվը 
27.10.2009
Ստորագրող մարմինը 
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
27.10.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Գործը հանձնվել է Մեծ Պալատի քննությանը 10.05.2010թ.-ին


ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ (ԵՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ) ՊԱԼԱՏԻ ՎՃԻՌԸ ԲԱՅԱԹՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՎ

 

Ներմուծեք նկարագրությունը_915

 

Ե Ր Ր Ո Ր Դ  Բ Ա Ժ Ա Ն Մ ՈՒ Ն Ք

ԲԱՅԱԹՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

(Գանգատ թիվ 23459/03)

ՎՃԻՌ

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

27 հոկտեմբերի 2009թ.

Հանձնվել է Մեծ պալատի քննությանը

10/05/2010

Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում: Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:

Բայաթյանն ընդդեմ Հայաստանի գործով,

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Երրորդ բաժանմունք), հանդես գալով Պալատի հետեւյալ կազմով՝

Ժոզեփ Քասադեւալ [Josep Casadevall]՝ Նախագահ,

Էլիզաբեթ Ֆուրա [Elisabet Fúra],

Կորնելիու Բիրսան [Corneliu Bîrsan],

Բոշտյան Մ.Զուպանչիչ [Boštjan M.Zupančič],

Ալվինա Գյուլումյան [Alvina Gyulumyan],

Էխբերտ Մայեր [Egbert Myjer],

Էն Փաուեր [Ann Power դատավորներ,

և Սթենլի Նեյսմիթ [Stanley Naismith]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,

2009 թվականի հոկտեմբերի 6-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն, կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.

ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

1. Սույն գործը հարուցվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի պրն Վահան Բայաթյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2003 թվականի հուլիսի 22-ին Դատարան ներկայացված գանգատի (թիվ 23459/03) հիման վրա:

2.Դիմումատուին ներկայացրել են համապատասխանաբար Ջորջթաունում (Կանադա), Փաթերսոնում (ԱՄՆ) և Երևանում գործող իրավաբաններ պրն Ջ. Մ. Բըրնսը [M. Burns], պրն Ա. Կարբոնյոն [A.Carbonneau] և պրն Ռ. Խաչատրյանը [R. Khachatryan]: Հայաստանի Հանրապետության կառավարությունը (Կառավարություն) ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը:

3. Դիմումատուն պնդել է, որ բանակում ծառայելուց հրաժարվելու համար նրան դատապարտելու միջոցով անօրինականորեն սահմանափակվել է իր մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքը:

4. 2006 թվականի դեկտեմբերի 12-ի որոշմամբ Պալատը գանգատը հայտարարել է ընդունելի՝ Կոնվենցիայի 9-րդ հոդվածի մասով, իսկ մնացած մասով՝ անընդունելի: Գործում 9-րդ հոդվածի կիրառելիության հարցի քննությունը միացվել է գործի՝ ըստ էության քննությանը:

5. Կողմերի հետ խորհրդակցելուց հետո Պալատը, որոշելով, որ գործի ըստ էության քննության հետ կապված լսումներ իրականացնելու անհրաժեշտություն չկա (59-րդ կանոնի 3-րդ կետ, վերջին մաս), կողմերին առաջարկել է ներկայացնել լրացուցիչ գրավոր դիտարկումներ (59-րդ կանոնի 1-ին կետ):

6. 2007 թվականի փետրվարի 14-ին դիմումատուն և Կառավարությունը ներկայացրել են իրենց լրացուցիչ գրավոր դիտարկումները: 2007 թվականի մարտի 20-ին դիմումատուն գրավոր պատասխանել է Կառավարության դիտարկումներին:

ՓԱՍՏԵՐԸ

I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

7. Դիմումատուն ծնվել է 1983 թվականին և ապրում է Երևանում:

Ա. Գործի նախապատմությունը

8. Դիմումատուն Եհովայի վկա է: 1997 թվականից ի վեր նա մասնակցել է Եհովայի վկաների բազմաթիվ կրոնական ծիսակատարությունների և մկրտվել է 1999 թվականի սեպտեմբերի 18-ին՝ 16 տարեկան հասակում:

9. 2000 թվականի հունվարի 16-ին դիմումատուն հաշվառվել է էրեբունի համայնքի զինվորական կոմիսարիատում որպես զինապարտ։

10. 2001 թվականի հունվարի 16-ին դիմումատուն 17 տարեկան հասակում հրավիրվել է անցնելու բժշկական քննություն, որի արդյունքներով նա ճանաչվել է զինվորական ծառայության համար պիտանի: Դիմումատուն զինվորական ծառայության անցնելու համար պետք է զորակոչվեր 2001 թվականի գարնանային զորակոչի ընթացքում (ապրիլից հունիս):

11. 2001 թվականի ապրիլի 1-ին՝ զորակոչի ժամանակաշրջանի սկզբում, դիմումատուն ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ պաշտպանության նախարարության հանրապետական զինկոմիսարին և ՀՀ ազգային ժողովին առընթեր մարդու իրավունքների հանձնաժողով է ուղարկել հետևյալ նույն բովանդակությամբ նամակներ.

«Ես՝ Վահան Բայաթյանս՝ ծնված 1983 թվականին, հայտնում եմ Ձեզ, որ 1996 թվականից ուսումնասիրել եմ Աստվածաշունչը և Եսայիա 2:4-ում գրված խոսքերին համահունչ Աստվածաշնչով կրթել իմ խիղճը, և համոզմունքների հիմնավորմամբ հրաժարվում եմ զինվորական ծառայություն կատարելուց: Միևնույն ժամանակ հայտնում եմ Ձեզ, որ պատրաստ եմ կատարել այլընտրանքային քաղաքացիական ծառայություն՝ զինվորական ծառայության փոխարեն»:

12. Մայիսի սկզբին դիմումատուի տան հասցեով ուղարկվել է 2001 թվականի մայիսի 15-ին զինվորական ծառայության ներկայանալու մասին ծանուցագիր: 2001 թվականի մայիսի 14-ին Էրեբունի համայնքի զինվորական կոմիսարիատի աշխատակիցը զանգահարել է դիմումատուի տուն և հարցրել նրա մորը, թե արդյոք դիմումատուն տեղյակ է, որ հաջորդ օրը նա պետք է ներկայանա Կոմիսարիատ՝ զինվորական ծառայության զորակոչվելու համար: Նույն օրը երեկոյան դիմումատուն ժամանակավորապես հեռացել է իր տնից՝ վախենալով, որ նրան ստիպողաբար կտանեն ծառայության վայր:

13. 2001 թվականի մայիսի 15-ին և 16-ին Կոմիսարիատի աշխատակիցները զանգահարել են դիմումատուի մորը՝ պահանջելով հայտնել տեղեկություններ դիմումատուի գտնվելու վայրի մասին: Նրանք սպառնացել են նրան ուժով տանել ծառայության վայր, եթե նա կամովին չներկայանա: 2001 թվականի մայիսի 17-ի վաղ առավոտյան Կոմիսարիատի աշխատակիցները եկել են դիմումատուի տուն: Նրա ծնողները քնած են եղել և դուռը չեն բացել: Նույն օրը դիմումատուի մայրը գնացել է Կոմիսարիատ, որտեղ հայտնել է, որ դիմումատուն հեռացել է տնից, և որ ինքը տեղյակ չէ, թե երբ նա կվերադառնա: Դիմումատուն նշում է, որ Կոմիսարիատի կողմից հետագայում քայլեր չեն ձեռնարկվել իր ընտանիքի հետ կապ հաստատելու համար:

14. 2001 թվականի մայիսի 29-ին ՀՀ ազգային ժողովի պետական- իրավական հարցերի հանձնաժողովը պատասխանել է դիմումատուի՝ 2001 թվականի ապրիլի 1-ի նամակին՝ նշելով, որ.

«Ձեր հայտարարության կապակցությամբ ... հայտնում ենք Ձեզ, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է ծառայել հայկական բանակում: Քանի որ Հայաստանում դեռևս չի ընդունվել այլընտրանքային ծառայության մասին որևէ օրենք, Դուք պետք է ենթարկվեք գործող օրենքին և ծառայեք հայկական բանակում»:

15. 2001 թվականի հունիսի սկզբից մինչև հունիսի կեսն ընկած ժամանակահատվածում դիմումատուն վերադարձել է տուն, որտեղ ապրել է մինչև 2002 թվականի սեպտեմբերի իր ձերբակալումը:

16. 2001 թվականի հունիսի 12-ին Ազգային ժողովն ընդհանուր համաներում էր հայտարարել, որը վերաբերում էր միայն այն անձանց, որոնք հանցագործություն էին կատարել մինչև 2001 թվականի հունիսի 11-ը, և որը ենթակա էր կիրառման մինչև 2001 թվականի սեպտեմբերի 13-ը:

Բ. Դիմումատուի դեմ հարուցված քրեական գործը

17. 2001 թվականի հունիսի 26-ին էրեբունի համայնքի զինկոմիսարը էրեբունի համայնքի դատախազին ուղարկել է գրություն այն մասին, որ 2001 թվականի մայիսի 15-ին դիմումատուն չի ներկայացել` զինվորական ծառայության անցնելու համար և միտումնավոր խուսափում է զինվորական ծառայությունից:

18. 2001 թվականի հուլիս ամսվա ընթացքում և օգոստոսի 1-ին դիմումատուն հոր և պաշտպանի հետ մի քանի անգամ ներկայացել է համայնքի դատախազություն՝ համապատասխան քննիչից իր դրությունը պարզաբանելու և առաջիկա դատական քննության հետ կապված հարցերը քննարկելու համար:

19. 2001 թվականի օգոստոսի 1-ին քննիչը ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու փաստի առթիվ քրեական գործով վարույթ է հարուցել դիմումատուի դեմ: Ըստ դիմումատուի՝ վերադաս դատախազը հրաժարվել է նրա դեմ մեղադրանք առաջադրելուց՝ մինչև հետագա քննություն իրականացնելը: 2001 թվականի օգոստոսի 8-ին դիմումատուն, որը, թերևս, ցանկացել է օգտվել վերոնշյալ համաներումից, այս առնչությամբ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն: Նա այս բողոքին ոչ մի պատասխան չի ստացել:

20. 2001 թվականի հոկտեմբերի 1-ին քննիչը դիմումատուի վերաբերյալ կայացրել է հինգ որոշում. 1) ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու համար դիմումատուին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, 2) դիմումատուի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու թույլտվություն ստանալու համար դատարանին դիմելու մասին, 3) դիմումատուին քննությունից թաքնվող անձ ճանաչելու և նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին, 4) դիմումատուի նամակագրությունը վերահսկելու թույլտվություն ստանալու համար դատարանին դիմելու մասին, և 5) մինչև դիմումատուին հայտնաբերելը քրեական գործի վարույթը կասեցնելու մասին: Համաձայն այս վերջին որոշման՝

«...քանի որ, ձեռնարկելով քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, հետախուզվող անձին [դիմումատուին] գտնելու փորձերն անհաջող են եղել երկու ամսվա ընթացքում, և նրա գտնվելու վայրը հայտնի չէ, ... [անհրաժեշտ է] կասեցնել գործի քննությունը ... և ... ակտիվացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ մեղադրյալին գտնելու համար»:

21. Ո՛չ դիմումատուն, ո՛չ էլ նրա ընտանիքի անդամները չեն ծանուցվել այս որոշումների մասին՝ չնայած այն հանգամանքին, որ 2001 թվականի հունիսի կեսից դիմումատուն բնակվել է իր տանը, իսկ 2001 թվականի հուլիս և օգոստոս ամիսներին մի քանի անգամ հանդիպել է քննիչի հետ:

22. 2001 թվականի հոկտեմբերի 2-ին Երևան քաղաքի էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը թույլատրել է վերահսկել դիմումատուի նամակագրությունը և որոշում է կայացրել նրան կալանավորելու մասին: Ո՛չ դիմումատուն, ո՛չ էլ նրա ընտանիքի անդամները չեն ծանուցվել այս որոշումների մասին, իսկ նախաքննության մարմինը որևէ փորձ չի կատարել նրանց հետ կապ հաստատելու համար՝ մինչև 2002 թվականի սեպտեմբերին նրա ձերբակալումը:

23. 2002 թվականի ապրիլի 26-ին Կոնվենցիան Հայաստանի համար ուժի մեջ է մտել:

Գ. Դիմումատուի ձերբակալումը և դատական քննությունը

24. 2002 թվականի սեպտեմբերի 4-ին, մինչ դիմումատուն գտնվում էր աշխատանքի վայրում, ոստիկանության երկու աշխատակիցներ այցելել են նրա տուն և տեղեկացրել ծնողներին, որ նրանց տղան հետախուզվում է, ու հարցրել են վերջինիս գտնվելու վայրի մասին:

25. 2002 թվականի սեպտեմբերի 5-ին ոստիկանության աշխատակիցները վերադարձել են և դիմումատուին ուղեկցել ոստիկանության համապատասխան տարածքային բաժանմունք, որտեղ կազմվել է արձանագրություն դիմումատուի՝ կամովին ներկայանալու մասին, որում նշվում է, որ դիմումատուն, պարզելով, որ գտնվում է հետախուզման մեջ, որոշել է ներկայանալ ոստիկանության բաժին: Նույն օրը դիմումատուին տեղափոխել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավայր:

26. 2002 թվականի սեպտեմբերի 9-ին նախաքննության մարմինը վերսկսել է դիմումատուի դեմ հարուցված քրեական գործով վարույթը:

27. 2002 թվականի սեպտեմբերի 11-ին դիմումատուին առաջին անգամ ներկայացվել է 2001 թվականի հոկտեմբերի 1-ին իրեն առաջադրված մեղադրանքը: Նույն օրը հարցաքննության ժամանակ դիմումատուն նշել է, որ նա իր կրոնական համոզմունքների պատճառով գիտակցաբար հրաժարվել է զինվորական ծառայությունից, բայց դրա փոխարեն պատրաստ է եղել կատարելու այլընտրանքային քաղաքացիական ծառայություն:

28. Նույն օրը դիմումատուին և նրա պաշտպանին տրվել է գործի նյութերին ծանոթանալու հնարավորություն: Մեղադրական եզրակացությունը կազմվել է 2002 թվականի սեպտեմբերի 18-ին և դատախազի կողմից հաստատվել 2002 թվականի սեպտեմբերի 23-ին:

29. 2002 թվականի հոկտեմբերի 22-ին Երևան քաղաքի էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում սկսվել է դիմումատուի գործով դատական քննությունը: Դատական նիստը հետաձգվել է մինչև 2002 թվականի հոկտեմբերի 28-ը, քանի որ դիմումատուին չէր տրամադրվել մեղադրական եզրակացության պատճենը:

30. 2002 թվականի հոկտեմբերի 28-ին կայացած դատական նիստի ընթացքում դիմումատուն կրկնել է այն հայտարարությունը, որը կատարել էր հարցաքննության ժամանակ: Նույն օրը էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը դիմումատուին մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքում և նրան դատապարտել մեկ տարի և վեց ամիս ժամկետով ազատազրկման:

31. 2002 թվականի նոյեմբերի 29-ին դատախազը վերաքննիչ բողոք է ներկայացրել այդ դատավճռի դեմ՝ պահանջելով նշանակել ավելի խիստ պատիժ: Վերաքննիչ բողոքում նշված էր հետևյալը.

«[Դիմումատուն] չի ընդունել իր մեղքն այն բացատրությամբ, որ նա հրաժարվել է [զինվորական] ծառայությունից Աստվածաշունչն ուսումնասիրելու արդյունքում և, լինելով Եհովայի վկա, նրա հավատքը չի թույլատրում իրեն ծառայել Հայաստանի զինված ուժերում:

[Դիմումատուն] ֆիզիկապես առողջ է և չի աշխատում:

Կարծում եմ, որ դատարանն ակնհայտ մեղմ պատիժ է նշանակել և հաշվի չի առել հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանը, [դիմումատուի] անձը բնութագրող հատկանիշները, ինչպես նաև դիմումատուի՝ [զինվորական] ծառայությունից հրաժարվելու՝ ակնհայտ անհիմն և վտանգավոր պատճառաբանությունները»:

32. 2002 թվականի դեկտեմբերի 19-ին դիմումատուի պաշտպանն առարկություն է ներկայացրել ի պատասխան դատախազի վերաքննիչ բողոքի՝ պնդելով, որ կայացված դատավճիռը խախտում է դիմումատուի՝ Սահմանադրության 23-րդ հոդվածով, Կոնվենցիայի 9-րդ հոդվածով և այլ միջազգային փաստաթղթերով երաշխավորված՝ խղճի և կրոնի ազատությունը: Նա նաև պնդել է, որ այլընտրանքային քաղաքացիական ծառայության վերաբերյալ օրենքի բացակայությունը չի կարող համարվել խղճի նկատառումներով զինվորական ծառայությունից հրաժարվելու համար անձին քրեական պատասխանատվության ենթարկելու հիմնավորում:

33. 2002 թվականի դեկտեմբերի 24-ին ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանում գործի քննության ընթացքում դատախազը, inter alia (ի թիվս այլնի), պնդել է, որ ավելի խիստ պատիժ պետք է նշանակվի նաև այն պատճառով, որ դիմումատուն թաքնվել է քննությունից: Դիմումատուն նշում է, որ վերաքննիչ բողոքի քննության ընթացքում նրա նկատմամբ ճնշում է գործադրվել, որպեսզի նա հրաժարվի զինվորական ծառայությանն առնչվող իր կրոնական համոզմունքներից. ինչպես դատախազը, այնպես էլ դատավորներից մեկը նրան առաջարկել են կարճել գործը, եթե նա հրաժարվի իր առարկությունից և կատարի իր զինվորական պարտքը:

34. Նույն օրը Վերաքննիչ դատարանը որոշել է բավարարել դատախազի վերաքննիչ բողոքը և խստացրել է պատիժը՝ դիմումատուին դատապարտելով երկուսուկես տարի ժամկետով ազատազրկման՝ նշելով, որ.

«Առաջին ատյանի դատարանը [դիմումատուի նկատմամբ] պատիժ նշանակելիս հաշվի է առել, որ [դիմումատուն] կատարել է ոչ ծանր հանցագործություն, երիտասարդ է, նախկինում արատավորված չի եղել, խոստովանել է իր մեղքը, ակտիվորեն աջակցել է հանցագործությունը բացահայտելու գործում և անկեղծորեն զղջացել է:

Սակայն, վերաքննիչ վարույթի ժամանակ հաստատվել է, որ [դիմումատուն] ոչ միայն չի ընդունել իր մեղքը, այլև չի զղջացել իր կատարած հանցագործության համար, և ոչ միայն չի աջակցել հանցագործությունը բացահայտելու գործում, այլև թաքնվել է նախաքննությունից, իսկ նրա գտնվելու վայրը հայտնի չի եղել, ինչի հետևանքով նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

Հիմնվելով այս հանգամանքների վրա, ինչպես նաև հաշվի առնելով հանցագործության բնույթը, շարժառիթները և հանրության համար վտանգավորության աստիճանը՝ Վերաքննիչ դատարանը համարում է, որ դատախազի վերաքննիչ բողոքը պետք է բավարարել և [դիմումատուի նկատմամբ] նշանակել ավելի խիստ և համաչափ պատիժ:»:

35. Չպարզված օրը դիմումատուի պաշտպանը վճռաբեկ բողոք է բերել այս դատավճռի դեմ՝ ներկայացնելով 2002 թվականի դեկտեմբերի 19-ի իր առարկության մեջ նշված փաստարկների հետ նույնական փաստարկներ: Նա կրկին նշել է, որ դիմումատուն պատրաստակամ է եղել կատարելու այլընտրանքային քաղաքացիական ծառայություն, և նշել է, որ բանտում երկուսուկես տարի անցկացնելու փոխարեն դիմումատուն կարող էր կատարել հասարակության համար օգտակար աշխատանք: Նրա պնդմամբ՝ նման հնարավորություն նախատեսված էր «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով: Ավելին, նա պնդել է, որ այլընտրանքային ծառայության սկզբունքն ամրագրված էր «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածում, իսկ դիմումատուն չէր կարող մեղադրվել կիրառման համապատասխան մեխանիզմների բացակայության պատճառով:

36. 2003 թվականի հունվարի 24-ին ՀՀ վճռաբեկ դատարանն անփոփոխ է թողել Վերաքննիչ դատարանի դատավճիռը, inter alia, նշելով, որ Սահմանադրության 44-րդ հոդվածի համաձայն, Սահմանադրության 23-րդ հոդվածով երաշխավորված իրավունքները ենթակա են սահմանափակումների՝ պետական և հասարակական անվտանգության, հասարակական կարգի պաշտպանության նկատառումներով: Նման սահմանափակումներ նախատեսվում էին նաև Կոնվենցիայի 9-րդ հոդվածի 2-րդ կետով:

37. 2003 թվականի հուլիսի 22-ին դիմումատուն, իր պատիժը տասն ու կես ամիս կրելուց հետո, պայմանական վաղաժամկետ ազատվել է:

II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈԻԹՅՈԻՆԸ

Ա. 1995 թվականի Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն (մինչև 2005 թվականի փոփոխությունները)

38. Սահմանադրության համապատասխան դրույթներն ունեն հետևյալ բովանդակությունը.

Հոդված 23

«Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունք:»

Հոդված 44

«Սահմանադրության 23-27 հոդվածներում ամրագրված մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական և հասարակական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարքերի, այլոց իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության համար:»

Հոդված 47

«Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը:»:

Բ. 1961 թվականի ՀՀ քրեական օրենսգիրք (ուժը կորցրել է 2003 թվականի օգոստոսի 1-ից)

39. ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան դրույթներն ունեն հետևյալ բովանդակությունը.

Հոդված 75. Իսկական զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելը

«Իսկական զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելը՝ պատժվում է ազատազրկմամբ մեկից մինչև երեք տարի ժամանակով:»:

Գ. 1998 թվականի «Զինապարտության մասին» ՀՀ օրենք

40. «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համապատասխան դրույթներն ունեն հետևյալ բովանդակությունը.

Հոդված 11. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչը

«1. Պարտադիր զինվորական ծառայության են զորակոչվում 18-ից մինչև 27 տարեկան արական սեռի զորակոչիկները և առաջին խմբի պահեստազորի սպաները, ովքեր առողջական վիճակի պատճառով ճանաչվել են զինծառայության համար պիտանի՝ խաղաղ պայմաններում:»

Հոդված 12. Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելը

«1. Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է՝ ա) հանրապետական զորակոչային հանձնաժողովի կողմից առողջական վիճակի պատճառով զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված քաղաքացին՝ հանվելով զինվորական հաշվառումից. բ) այն քաղաքացին, ում հայրը (մայրը) կամ հարազատ եղբայրը (քույրը) զոհվել (մահացել) է Հայաստանի Հանրապետության պաշտպանության կամ զինված ուժերում և այլ զորքերում ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ, և նա այդ ընտանիքի միակ արու զավակն է. գ) քաղաքացին՝ կառավարության որոշմամբ. դ) մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունն ընդունելն օտարերկրյա պետությունների զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն անցած քաղաքացին. ե) գիտական աստիճան (գիտության թեկնածու կամ գիտության դոկտոր) ունեցող քաղաքացին, եթե նա զբաղվում է մասնագիտական, գիտական կամ մանկավարժական գործունեությամբ:»

Հոդված 16. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից այլ հիմքերով տարկետում ստանալը

«2. Առանձին դեպքերում կառավարությունը որոշում է քաղաքացիների կատեգորիաները և առանձին քաղաքացիներին, որոնց տարկետում է տրվում պարտադիր զինվորական ծառայության զորակոչից:»:

Դ. 1991 թվականի «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք

41. «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համապատասխան դրույթներն ունեն հետևյալ բովանդակությունը.

Հոդված 19

«Գործող օրենսդրությամբ նախատեսված բոլոր քաղաքացիական պարտականությունները տարածվում են նաև կրոնական կազմակերպությունների հավատացյալ անդամների վրա՝ այլ քաղաքացիների հետ համահավասար:

Քաղաքացիական պարտականությունների և կրոնական համոզմունքների հակասության առանձին դեպքերում քաղաքացիական պարտականությունների կատարման հարցը կարող է լուծվել այլընտրանքային սկզբունքով՝ օրենքով նախատեսված կարգով համապատասխան պետական մարմնի և տվյալ կրոնական կազմակերպության փոխադարձ համաձայնությամբ:»:

Ե. 2003 թվականի դեկտեմբերի 17-ին ընդունված և 2004 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենք

42. Օրենքի համապատասխան դրույթները՝ 2004 թվականի նոյեմբերի 22-ի փոփոխություններով, ունեն հետևյալ բովանդակությունը.

Հոդված 2. Այլընտրանքային ծառայության հասկացությունը և տեսակները

«1. Սույն օրենքի իմաստով այլընտրանքային է համարվում ժամկետային պարտադիր զինվորական ծառայությանը փոխարինող ծառայությունը, որը կապված չէ զենք կրելու, պահելու, պահպանելու և օգտագործելու հետ ու իրականացվում է ինչպես զինվորական, այնպես էլ քաղաքացիական հիմնարկներում:

2. Այլընտրանքային ծառայության տեսակներն են՝ ա) այլընտրանքային զինվորական՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում իրականացվող մարտական հերթապահության, զենք կրելու, պահելու, պահպանելու և օգտագործելու հետ չկապված զինվորական ծառայություն. բ) այլընտրանքային աշխատանքային՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերից դուրս իրականացվող աշխատանքային ծառայություն:

3. Այլընտրանքային ծառայության նպատակը հայրենիքի և հասարակության առջև քաղաքացիական պարտքի կատարման ապահովումն է և չունի պատժի, անձի պատվի և արժանապատվության նվաստացման բնույթ:»

Հոդված 3. Այլընտրանքային ծառայություն անցնելու հիմքը

«1. Այլընտրանքային ծառայության կարող է անցնել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում են ռազմական ստորաբաժանումներում զինվորական ծառայություն անցնելը, ինչպես նաև զենք կրելը, պահելը, պահպանելը և օգտագործելը:»:

III. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

Ա. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) թիվ 221 եզրակացությունը (2000 թվական). Եվրոպայի խորհրդին անդամակցելու համար Հայաստանի դիմումը

43. Եզրակացության համապատասխան հատվածի համաձայն՝

«13. Խորհրդարանական վեհաժողովը հաշվի է առնում Հայաստանի Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի և Ազգային ժողովում ներկայացված քաղաքական կուսակցությունների նախագահների կողմից ուղարկված նամակները և նշում է, որ Հայաստանը հանձն է առնում կատարել հետևյալ պարտավորությունները. ... iv. մարդու իրավունքներ՝ ... դ) անդամակցությունից հետո երեք տարվա ընթացքում ընդունել եվրոպական չափանիշներին համապատասխան այլընտրանքային ծառայության մասին օրենք և, միևնույն ժամանակ, ներում շնորհել համոզմունքների հիմնավորմամբ զինվորական ծառայությունից հրաժարված բոլոր անձանց, որոնք դատապարտվել են ազատազրկման կամ պահվում են կարգապահական գումարտակներում՝ նրանց հնարավորություն ընձեռելով այլընտրանքային ծառայության վերաբերյալ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ընտրություն կատարելու ոչ զինված զինվորական ծառայության կամ այլընտրանքային քաղաքացիական ծառայության միջև:»:

Բ. ԵԽԽՎ-ի թիվ 1518 հանձնարարականը (2001 թվական). Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում զինվորական ծառայությունից համոզմունքների հիմնավորմամբ հրաժարվելու իրավունքի իրականացումը

44. Հանձնարարականի համապատասխան հատվածի համաձայն՝

«2. Համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարվելու իրավունքը Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում ամրագրված՝ մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքի հիմնարար տարր է:

3. Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների մեծ մասն իրենց սահմանադրություններում կամ օրենքներում ներմուծել է համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարվելու իրավունքը: Այս իրավունքը ճանաչված չէ միայն հինգ անդամ պետությունների կողմից:»:

Գ. Եվրոպական միության հիմնարար իրավունքների խարտիան
(2000 թվական)

45. Խարտիայի համապատասխան դրույթներն ունեն հետևյալ բովանդակությունը.

Հոդված 10. Մտքի, խղճի և կրոնի ազատությունը

«1. Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք: Այս իրավունքը ներառում է իր կրոնը կամ համոզմունքը փոխելու ազատությունը և դրանք ինչպես միանձնյա, այնպես էլ այլոց հետ համատեղ հրապարակավ կամ մասնավոր կարգով պաշտամունքի, քարոզչության, արարողությունների և ծիսակատարությունների միջոցով արտահայտելու ազատություն։

2. Համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարվելու իրավունքը ճանաչվում է՝ այդ իրավունքի իրականացումը կարգավորող ներպետական օրենքներին համապատասխան:»:

ԻՐԱՎՈՒՆՔԸ

I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

46. Դիմումատուն բողոքել է, որ բանակում ծառայելուց հրաժարվելու համար իրեն դատապարտելով՝ խախտվել է Կոնվենցիայի 9-րդ հոդվածը, որն ունի հետևյալ բովանդակությունը.

«1. Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք. այս իրավունքը ներառում է իր կրոնը կամ համոզմունքը փոխելու ազատությունը և դրանք ինչպես միանձնյա, այնպես էլ այլոց հետ համատեղ և հրապարակավ կամ մասնավոր կարգով, քարոզչության, արարողությունների, պաշտամունքի և ծեսերի միջոցով արտահայտելու ազատություն։

2. Սեփական կրոնը կամ համոզմունքները դավանելու ազատությունը ենթակա է միայն այնպիսի սահմանափակումների, որոնք սահմանված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի պաշտպանություն հասարակական անվտանգության, հասարակական կարգի, առողջության կամ բարոյականության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների:»:

Ա. Կողմերի փաստարկները

1. Կառավարությունը

47. Կառավարությունը նշել է, որ Կոնվենցիայով և Հայաստանի Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքները, այդ թվում՝ մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքը, պետք է հավասարապես և առանց խտրականության կիրառվեն բոլորի նկատմամբ: Դիմումատուն Հայաստանի քաղաքացի էր, ինչը նշանակում էր, որ նա, անկախ իր համոզմունքներից, ուներ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված բոլոր իրավունքները, ազատությունները և պարտականությունները: Զինվորական ծառայությունը բոլոր քաղաքացիների սահմանադրական պարտականությունն էր: Թեև «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված էին մի շարք բացառություններ նշված կանոնից, սակայն դրանք չէին ներառում այնպիսի հիմք, ինչպիսին Եհովայի վկա լինելն է: Ուստի, օրենքով չնախատեսված հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատելը կլիներ խտրականության բացառման և հավասարության սկզբունքի խախտում: Սահմանադրությամբ նախատեսված պարտականության կատարումը չէր կարող համարվել դիմումատուի իրավունքների սահմանափակում, քանի որ բոլոր քաղաքացիները, անկախ իրենց կրոնական համոզմունքներից, ունեին այդ պարտականությունները: Վալսամիսն ընդդեմ Հունաստանի [Valsamis v. Greece] գործում Հանձնաժողովը համարել է, որ Կոնվենցիայի 9-րդ հոդվածով չի ընձեռվում կարգապահական այն կանոններին չենթարկվելու իրավունք, որոնք կիրառվել են համընդհանուր և չեզոք կերպով (1996 թվականի դեկտեմբերի 18-ի վճիռ, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ 1996-VI, § 36): Ավելին, նշված հոդվածով համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարվող անձանց չէր վերապահվում զինվորական ծառայությունից կամ զինվորական ծառայության փոխարեն՝ քաղաքացիական ծառայությունից ազատվելու իրավունք, և այն Պայմանավորվող կողմերին չէր զրկում այդպիսի ծառայությունից հրաժարվող անձանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունից (տե՛ս Հոդենսն ընդդեմ Բելգիայի [Heudens v. Belgium], գանգատ թիվ 24630/94, Հանձնաժողովի՝ 1995 թվականի մայիսի 22-ի որոշում, չզեկուցված): Հիմնվելով այդ մոտեցման և Փիթրսն ընդդեմ Նիդեռլանդների [Peters v. the Netherlands]գործով կատարված նմանատիպ եզրահանգումների վրա (գանգատ թիվ 22793/93, Հանձնաժողովի՝ 1994 թվականի նոյեմբերի 30-ի որոշում, չզեկուցված)՝ Կառավարությունը պնդել է, որ դիմումատուի մտքի կամ խղճի ազատությունը չի սահմանափակվել: Ամփոփելով՝ Կոնվենցիայի 9-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել:

48. Կառավարությունը համաձայնվել է, որ Կոնվենցիան «կենդանի փաստաթուղթ» է, որը պետք է մեկնաբանվեր ներկայիս պայմաններին համապատասխան: Սակայն, այն հարցը, թե արդյոք Կոնվենցիայի այս կամ այն հոդվածը կիրառելի է եղել սույն գործով, պետք է դիտարկվեր Կոնվենցիայի այն մեկնաբանության տեսանկյունից, որն առկա է եղել այն ժամանակ, երբ տեղի են ունեցել գործում նկարագրված իրադարձությունները: Դիմումատուն դատապարտվել է 2001-2002 թվականներին, և այդ ժամանակ նրան դատապարտելը համապատասխանել է միջազգային հանրության մոտեցմանը: Ընդ որում, ինչպես արդեն նշվել է, Կոնվենցիայի համաձայն՝ համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարվելու համար դատապարտելը նույնպես համարվել է օրինական և հիմնավորված: Բացի այդ, Կոնվենցիայի 9-րդ հոդվածով երաշխավորված իրավունքները ոչ մի կերպ չեն վերաբերել կրոնական, քաղաքական կամ ցանկացած այլ հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատմանը: Թեև վերը նշված Հոդենսի և Փիթրսի գործերով վճիռները կայացվել են մոտավորապես տասը տարի առաջ, դրանք տվյալ հարցի վերաբերյալ կայացված ամենավերջին որոշումներն են եղել, և այդ ժամանակվանից ի վեր Դատարանը որևէ վճիռ չի կայացրել, որով կհանգեր այլ եզրակացության: Բացի այդ, Դատարանը նույնիսկ ավելի ուշ կայացրած իր վճիռներում չի ընդունել, որ 9-րդ հոդվածը կիրառելի է վիճարկվող հարաբերությունների պարագայում: Թլիմենոսն ընդդեմ Հունաստանի [Thlimmenos v. Greece] գործում Դատարանն անհրաժեշտ չի համարել ուսումնասիրել այն հարցը, թե արդյոք դիմումատուին սկզբում դատապարտելը և հետագայում պետական մարմինների կողմից նրան հավաստագրված հաշվապահի պաշտոնում չնշանակելը հավասարազոր է եղել նրա իրավունքների սահմանափակմանը՝ Կոնվենցիայի 9-րդ հոդվածի իմաստով: Դատարանը չի անդրադարձել այն հարցին, թե արդյոք, անկախ Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետի ձևակերպումից, համոզմունքների հիմնավորմամբ պարտադիր զինվորական ծառայությունից հրաժարվող անձանց նկատմամբ նմանատիպ պատժամիջոցներ նշանակելը կարող էր ինքնին խախտել 9-րդ հոդվածով երաշխավորված իրավունքները ([ՄՊ], թիվ 34369/97, § 43, ՄԻԵԴ 2000-IV): Դատարանը նույն մոտեցումն է ցուցաբերել Ուլկեն ընդդեմ Թուրքիայի [Ulke v. Turkey] գործում (թիվ 39437/98, §§ 53-54, 2006 թվականի հունվարի 24): Հիմնվելով նշված հանգամանքների վրա՝ Կառավարությունը պնդել է, որ մինչ տվյալ պահը և հատկապես այն ժամանակ, երբ տեղի են ունեցել գործում նկարագրված իրադարձությունները, համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարվելու համար դատապարտելը չի համարվել 9-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների խախտում, և հետևաբար Հայաստանի իշխանությունները գործել են Կոնվենցիայի պահանջներին համապատասխան: Հաշվի առնելով այս հարցի վերաբերյալ ձևավորված նախադեպային իրավունքը՝ նրանք չէին կարող կանխատեսել Դատարանի կողմից 9-րդ հոդվածին նոր մեկնաբանություն տալու հնարավորությունը և, հետևաբար, չէին կարող իրենց գործողությունները համապատասխանեցնել այդ հնարավոր «նոր մոտեցմանը»: Վերջապես, այն փաստը, որ Կոնվենցիան «կենդանի փաստաթուղթ» է, չէր ենթադրում, որ այս դեպքում Դատարանը փոխելու էր իր մոտեցումը 9-րդ հոդվածի կիրառելիության վերաբերյալ:

49. Կառավարությունն այնուհետև նշել է, որ այդ պահին Հայաստանում գործել է 58 գրանցված կրոնական կազմակերպություն, այդ թվում՝ «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպությունը, կրոնական կազմակերպությունների ինը մասնաճյուղեր և մեկ գործակալություն: Դրանցից յուրաքանչյուրի համար օրենքով ապահովված են եղել հավասար հնարավորություններ, այդ թվում՝ հավասար իրավունքներ ու պարտականություններ: Հետևաբար, եթե դրանցից յուրաքանչյուրը պնդեր, որ զինվորական ծառայությունը հակասում է իր կրոնական համոզմունքներին, ապա այնպիսի իրավիճակ կստեղծվեր, որ ոչ միայն «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության անդամները, այլև այլ կրոնական կազմակերպությունների անդամներ կկարողանային հրաժարվել հայրենիքը պաշտպանելու իրենց պարտականությունը կատարելուց: Ավելին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսվել է պետության նկատմամբ ունեցած երեք տեսակի պարտականություն՝ հայրենիքի պաշտպանության, հարկերն ու տուրքերը վճարելու և օրենքները, այլոց իրավունքներն ու ազատությունները հարգելու պարտականությունները: Հետևաբար, «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության կամ այլ կրոնական կազմակերպությունների անդամները կարող էին նույն հաջողությամբ պնդել, որ, օրինակ, հարկեր ու տուրքեր վճարելը հակասում է նրանց կրոնական համոզմունքներին, և պետությունը պարտավորված կլիներ չդատապարտել նրանց, քանի որ դա կարող էր համարվել Կոնվենցիայի 9-րդ հոդվածի խախտում: Նման մոտեցումն անընդունելի է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհատը պետության նկատմամբ իր ունեցած պարտականությունները կատարելուց խուսափելու համար կարող է դառնալ այս կամ այն կրոնական կազմակերպության անդամ: Հիմնվելով վերոնշյալի վրա՝ Կառավարությունը պնդել է, որ կրոնական համոզմունքները քաղաքացու համար չեն կարող ծառայել որպես Սահմանադրությամբ նախատեսված պարտականությունների կատարումից խուսափելու միջոց:

50. Ինչ վերաբերում է Եվրոպայի խորհրդին անդամակցելիս Հայաստանի ստանձնած պարտավորություններին, ապա Կառավարությունը պնդել է, որ 2003 թվականի դեկտեմբերի 17-ին ընդունվել է «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքը: Այլընտրանքային ծառայություն նախատեսող այս օրենքի ընդունմամբ իշխանություններն ընդունել են կրոնական հիմքով զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորությունը՝ միաժամանակ համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարվող անձանց համար նախատեսելով նրանց սահմանադրական պարտականությունը կատարելու այլընտրանքային եղանակ: Ուստի, ներկայումս համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարվող անձինք դատապարտվում են միայն այն դեպքում, երբ նրանք այլընտրանքային ծառայություն կատարելուց ևս հրաժարվում են: Ինչ վերաբերում է համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարված բոլոր ազատազրկման դատապարտված անձանց ներում շնորհելու պարտավորությանը, ապա Կառավարությունը պնդել է, որ իշխանությունները կատարել են նշված պարտավորությունը՝ ազատելով դիմումատուին նշանակված պատիժը կրելուց: Մասնավորապես, երկու տարի և վեց ամիս ժամկետով ազատազրկման դատապարտվելուց հետո դիմումատուն ազատվել է՝ Վճռաբեկ դատարանի որոշումը կայացվելուց վեց ամիս հետո:

 

2. Դիմումատուն

 

51. Հիմնվելով ԵԽԽՎ-ի թիվ 1518 հանձնարարականի վրա՝ դիմումատուն պնդել է, որ բանակում ծառայելուց հրաժարվելն իր մտքի և խղճի ազատության արտահայտումն է եղել և իրեն դատապարտելը հավասարազոր է այդ ազատության սահմանափակման: Կառավարությունը, իր դիտարկումներում պնդելով, որ նման սահմանափակում տեղի չի ունեցել, հիմնվում է Հանձնաժողովի՝ տասը տարի առաջ կայացված որոշումների վրա՝ հաշվի չառնելով 9-րդ հոդվածի համաձայն՝ համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարվելու իրավունքի աստիճանաբար ճանաչման փաստը, ինչպես նշված է վերոնշյալ Հանձնարարականում, ինչպես նաև այն փաստը, որ Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում դա դարձել է սովորութային գործելակերպ: Ավելին, սույն իրավունքը հաստատվել է նաև 2004 թվականի՝ «Եվրոպայի համար Սահմանադրության ընդունման մասին» պայմանագրում: Հիմնվելով [Կոնվենցիայի՝] «կենդանի փաստաթուղթ» համարվելու մոտեցման վրա՝ դիմումատուն Դատարանից խնդրել է վերանայել Հանձնաժողովի և դատարանի նախադեպային իրավունքը, ըստ որի՝ 4-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետը կարող է գերակայել 9-րդ հոդվածով նախատեսված երաշխիքների նկատմամբ՝ հաշվի առնելով իրավունքի զարգացումը և տվյալ պահին ընդունված գործելակերպն անդամ պետություններում, որոնց մեծամասնությունը ճանաչել էր համոզմունքների հիմնավորմամբ զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունքը: Այն փաստը, որ համոզմունքների հիմնավորմամբ զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունքի ճանաչումը տվյալ պահին պարտադիր կանոն է եղել, արտացոլվել է Եվրոպայի խորհրդի քաղաքականության մեջ, ըստ որի նոր անդամ պետությունները պարտավորվում են ճանաչել նշված իրավունքը՝ որպես կազմակերպությանը նրանց անդամակցության պայման, ինչը բոլորովին վերջերս տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պարագայում:

52. Դիմումատուն այնուհետև պնդել է, որ «կենդանի փաստաթուղթ» դոկտրինի վերաբերյալ Կառավարության հիմնավորմամբ անտեսվել է Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում այդ պահին առկա իրավիճակը: Ավելին, Կառավարության նման հիմնավորմամբ Կոնվենցիայի մեկնաբանությունը հստակեցվում էր՝ ըստ դատարանի նախկին որոշումների՝ այդպիսով «սառեցնելով» Կոնվենցիայով սահմանված իրավունքները և խոչընդոտելով դրանց զարգացող մեկնաբանությունը: Հայաստանն այդ իրավունքն ընդունել է նախքան Եվրոպայի խորհրդի անդամ դառնալը՝ 1996 թվականի հունվարի 26-ին ԵԽԽՎ-ում Հատուկ հյուրի կարգավիճակ ստանալուց հետո: ԵԽԽՎ-ի թիվ 221 եզրակացությունից (2000 թվական) նույնպես հետևում է, որ Հայաստանի իշխանությունները քաջատեղյակ են եղել անդամ պետությունների կողմից համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարվելու իրավունքի համընդհանուր ճանաչման և համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարվող անձանց իրավունքների առնչությամբ Եվրոպայի խորհրդի կողմից նախկինում ընդունված տարբեր բանաձևերի մասին: Այդ ժամանակ Հայաստանի կառավարությունը վստահեցրել է Նախարարների կոմիտեին, որ ամբողջությամբ պահպանելու է նշված սկզբունքը՝ հանձն առնելով «ներում շնորհել համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարված բոլոր այն անձանց, որոնք դատապարտվել են ազատազրկման»: Դա համապատասխանել է 2000 թվականին Եվրոպայի խորհրդում «այդ պահին» առկա իրավիճակին: Ուստի, Կառավարության այն պնդումը, որ «նրանք չէին կարող կանխատեսել դատարանի կողմից 9-րդ հոդվածի նոր մեկնաբանություն տալու հնարավորությունը», մոլորեցնող էր: Ավելին, հարկեր վճարելուց հրաժարվելու վերաբերյալ Կառավարության փաստարկները չէին կարող կիրառվել սույն գործի դեպքում, քանի որ՝ ի տարբերություն համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարվելու իրավունքի ճանաչման՝ կրոնական համոզմունքների պատճառով հարկեր չվճարելը չէր կարող համարվել տարածաշրջանային մակարդակով ընդունված փորձ, որը պարտադիր կանոն էր դարձել Եվրոպայի խորհրդի նոր անդամ պետությունների համար:

53. Դիմումատուն այնուհետև պնդել է, որ կրոնի և համոզմունքի ազատության իր իրավունքի սահմանափակումն ամրագրված չի եղել օրենքով, քանի որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, միջազգային պարտավորությունների և միջազգային ու ներպետական իրավունքի այլ դրույթների համաձայն՝ նրան դատապարտելն անօրինական է եղել: Այն չի հետապնդել իրավաչափ նպատակ, քանի որ 9-րդ հոդվածի 2-րդ մասով չեն նախատեսվում ազգային անվտանգության շահերից ելնող սահմանափակումներ: Ինչ վերաբերում է հասարակական անվտանգությանը և հասարակական կարգի պաշտպանությանը, ապա ոչ մի դատարան որևէ փորձ չի կատարել՝ բացատրելու, թե ինչքանով է նրա դատվածությունը ելնում նշված նպատակների իրագործումից: Վերջապես, հաշվի առնելով անդամ պետությունների մեծամասնության կողմից այդ պահին ընդունված սովորութային գործելակերպը, համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարվող անձանց քրեական պատասխանատվության ենթարկելը նույնիսկ այն քիչ անդամ պետություններում, որտեղ դեռևս չէր կիրառվել այլընտրանքային քաղաքացիական ծառայությունը, չէր կարող համարվել անհրաժեշտ միջոց ժողովրդավարական հասարակությունում: Հայաստանն ընդունել է դա, երբ պարտավորվել է զերծ մնալ համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարվող անձանց ազատազրկելուց՝ նույնիսկ նախքան համապատասխան օրենք ընդունելը՝ որպես Եվրոպայի խորհրդին անդամակցելու պայման: Ուստի, ազատությունից զրկելը՝ պահելով քրեակատարողական հիմնարկում իրենց պատիժը կրող դատապարտյալների հետ, ամբողջությամբ անհամաչափ միջոց է ժամանակակից ժողովրդավարական պետությունում։

54. Դիմումատուն, վերջապես, պնդել է, որ «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքն ընդունելը ուղղակի ազդեցություն չունի սույն գործի վրա, քանի որ նշված օրենքն ընդունվել է գանգատի հիմք հանդիսացած դեպքերից հետո: Քննվող ժամանակահատվածում դիմումատուն չի ունեցել այլընտրանքային քաղաքացիական ծառայություն իրականացնելու հնարավորություն և դրա փոխարեն ազատազրկվել է: Ավելին, նշված օրենքով նախատեսվել է այլընտրանքային ծառայություն, որն իրականացվել է զինվորական հսկողության և վերահսկողության պայմաններում: Ուստի, եվրոպական չափանիշներին համապատասխան իրական այլընտրանքային քաղաքացիական ծառայության հնարավորություն Հայաստանում դեռևս չկար: Այդ հանգամանքը վերջերս հաստատվել է ԵԽԽՎ-ի մոնիթորինգի հանձնաժողովի թիվ 1532 բանաձևով (2007 թվական) ու Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի կողմից՝ Հայաստանի վերաբերյալ 2006 թվականի հունիսի 30-ի իր երկրորդ զեկույցում: Նման այլընտրանքային ծառայությունն ընդունելի չէր համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարված անձանց համար, որոնք, ինչպես և դիմումատուն, Եհովայի վկաներ էին: Այդ պահին քրեակատարողական հիմնարկներում իրենց պատիժն էին կրում 64 այլ Եհովայի վկաներ, որոնք հրաժարվել էին նման ծառայություն կատարելուց: Ինչ վերաբերում է Կառավարության այն պնդմանը, որ դիմումատուն ազատվել է իր պատիժը կրելուց, ապա հարկ է նշել, որ դիմումատուին ո՛չ ներում է շնորհվել, ո՛չ էլ նա ազատվել է զինվորական ծառայությունից: Ընդհակառակը, նա ազատազրկված է եղել տասն ամիս և տասնյոթ օր՝ նախքան պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելը:

Բ. Դատարանի գնահատականը

 

1. Համապատասխան նախադեպային իրավունքի ամփոփումը

55. Դատարանն անհրաժեշտ է համարում առաջին հերթին ամփոփել վիճարկվող հարցին վերաբերող՝ Կոնվենցիայի համաձայն ձևավորված նախադեպային իրավունքը:

56. Սույն հարցի առնչությամբ Հանձնաժողովի ամենավաղ որոշումներից մեկը կայացվել է Իքսն ընդդեմ Ավստրիայի [X v. Austria] գործով, որում Հանձնաժողովը նշել է, որ Կոնվենցիայի 9-րդ հոդվածը մեկնաբանելիս այն նաև հաշվի է առել 4-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետը, ըստ որի՝ պարտադիր կամ հարկադիր աշխատանքն իր մեջ չի ներառում «զինվորական բնույթի ցանկացած ծառայություն, իսկ այն երկրներում, որտեղ օրինական է ճանաչված համոզմունքների հիմնավորմամբ զինվորական ծառայությունից հրաժարվելը՝ պարտադիր զինվորական ծառայության փոխարեն նշանակված ծառայությունը»: Այս դրույթից ակնհայտ է դառնում, որ 4-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետում «այն երկրներում, որտեղ օրինական է ճանաչված» արտահայտությունն ընդգրկելով՝ ընտրության իրավունքը տրվում է Կոնվենցիայի Բարձր պայմանավորվող կողմերին՝ որոշելու ճանաչել, թե չճանաչել համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարվող անձանց, իսկ ճանաչելու դեպքում՝ նախատեսել այլընտրանքային ծառայության հնարավորություն, թե՝ ոչ: Այդ պատճառով Հանձնաժողովը եզրակացրել է, որ, հաշվի առնելով 4-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետը, 9-րդ հոդվածով պետությունը չի պարտավորվում ճանաչել համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարվող անձանց և, հետևաբար, չի պարտավորվում հատուկ միջոցներ ձեռնարկել նրանց խղճի և կրոնի ազատության իրավունքի իրականացման համար այնքանով, որքանով դա ազդեցություն է ունենում նրանց պարտադիր զինվորական ծառայության վրա: Հետևաբար, նշված հոդվածների համաձայն, համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարվող անձանց չճանաչող պետությունը չի զրկվում այն անձանց պատժելու հնարավորությունից, որոնք հրաժարվում են զինվորական ծառայությունից (թիվ 5591/72, Հանձնաժողովի՝ 1973 թվականի ապրիլի 2-ի որոշում, ժողովածու թիվ 43, էջ 161):

57. Հետագայում այս մոտեցումը հաստատվել է Հանձնաժողովի կողմից Իքսն ընդդեմ Գերմանիայի Դաշնային Հանրապետության [X. v. Federal Republic of Germany] գործում, որը վերաբերում է դիմումատուի կողմից համոզմունքների հիմնավորմամբ զինվորական ծառայության փոխարեն քաղաքացիական ծառայություն կատարելուց հրաժարվելուն (թիվ 7705/76, Հանձնաժողովի՝ 1977 թվականի հուլիսի 5-ի որոշում, Որոշումներ և զեկույցներ (ՈԶ) 9, էջ 196): Համոզմունքների հիմնավորմամբ զինվորական ծառայությունից հրաժարվողներն ընդդեմ Դանիայի [Conscientious objectors v. Denmark] գործով Հանձնաժողովը կրկին նշել է, որ համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարվելու իրավունքը ներառված չէ Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների և ազատությունների շարքում (թիվ 7565/76, Հանձնաժողովի՝ 1977 թվականի մարտի 7-ի որոշում, ՈԶ 9, էջ 117): Ա.-ն ընդդեմ Շվեյցարիայի [A. v. Switzerland] գործում Հանձնաժողովը կրկին հաստատել է իր դիրքորոշումը և ավելացրել է, որ ո՛չ զինվորական ծառայությունից հրաժարվելու համար դիմումատուի նկատմամբ նշանակված պատիժը և ո՛չ էլ պատժից չազատելու հանգամանքը չեն կարող համարվել 9-րդ հոդվածի խախտում (թիվ 10640/83, Հանձնաժողովի՝ 1984 թվականի մայիսի 9-ի որոշում, ՈԶ 38, էջ 219): Այն եզրահանգումը, որ համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարվելու իրավունքը Կոնվենցիայի որևէ հոդվածով չի երաշխավորվում, հետագա մի շարք գործերով հաստատվել է Հանձնաժողովի կողմից (տե՛ս, mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով), Ն-ն ընդդեմ Շվեդիայի [N. v. Sweden},թիվ 10410/83, Հանձնաժողովի՝ 1984 թվականի հոկտեմբերի 11-ի որոշում, ՈԶ 40, էջ 203, Օթիոն ընդդեմ Ֆինլանդիայի[Autio v. Finland], թիվ 17086/90, Հանձնաժողովի՝ 1991 թվականի դեկտեմբերի 6-ի որոշում, ՈԶ 72, էջ 245, Փիթրսի գործը՝ վերևում հիշատակված, և Հոդենսի գործը՝ վերևում հիշատակված):

58. Համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարվելու համար դատապարտելու հարցը մի քանի անգամ ներկայացվել է նաև Դատարան: Թլիմենոսն ընդդեմ Հունաստանի գործում դիմումատուն պնդել է, որ զինվորական համազգեստ կրելուց հրաժարվելու պատճառով չենթարկվելու համար նրան դատապարտելու և հետագայում դրա պատճառով իշխանությունների կողմից նրան հավաստագրված հաշվապահի պաշտոնում աշխատանքի չընդունելու հետևանքով խախտվել են Կոնվենցիայի 9-րդ և 14-րդ հոդվածներով երաշխավորված իր իրավունքները: Դատարանն այդ գործով անհրաժեշտ չի համարել ուսումնասիրել այն հարցը, թե արդյոք սկզբում դիմումատուին դատապարտելը և հետագայում նրան հավաստագրված հաշվապահի պաշտոնում չնշանակելը խախտել է նրա՝ 9-րդ հոդվածով երաշխավորված իրավունքները, թե ոչ: Մասնավորապես, այն նշել է, որ անհրաժեշտություն չի եղել անդրադառնալու այն հարցին, թե արդյոք, անկախ Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետի ձևակերպումից, համոզմունքների հիմնավորմամբ պարտադիր զինվորական ծառայությունից հրաժարվող անձանց նկատմամբ նմանատիպ պատժամիջոցներ նշանակելը կարող էր ինքնին խախտել 9-րդ հոդվածով երաշխավորված՝ մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքը (տե՛ս Թլիմենոսի գործը՝ վերևում հիշատակված, §§ 43 և 53):

59. Ուլկեն ընդդեմ Թուրքիայի գործում, որը վերաբերում է համոզմունքների հիմնավորմամբ զինվորական համազգեստ կրելուց պարբերաբար հրաժարվելու համար դիմումատուին մի քանի անգամ անընդմեջ դատապարտելուն, Դատարանը կրկին անհրաժեշտ չի համարել ուսումնասիրել 9-րդ հոդվածի կիրառելիության հարցը (տե՛ս Ուլկեի գործը՝ վերևում հիշատակված, §§ 53-54): Դրա փոխարեն՝ այդ գործը քննվել է 3-րդ հոդվածի համաձայն, որը համարվել է խախտված, քանի որ անձին մի քանի անգամ դատապարտելը հավասարազոր է արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, քանի որ դիմումատուին պատճառվել է մեծ ցավ և տառապանք, որն ավելին է, քան նվաստացումը, որը սովորաբար հատուկ է քրեական պատժին կամ կալանավորմանը (նույն տեղում, §§ 63-64):

60. Ամփոփելով, ինչպես մեկնաբանվել է նախկին Հանձնաժողովի կողմից, Կոնվենցիայի 9-րդ հոդվածով չի երաշխավորվում համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարվելու իրավունքը:

 

2. Վերոնշյալ սկզբունքների կիրառումը սույն գործի նկատմամբ

61. Դատարանը նշում է, որ դիմումատուն դատապարտվել է պարտադիր զինվորական ծառայությունից հրաժարվելու համար, քանի որ դա հակասել է նրա՝ որպես Եհովայի վկայի կրոնական համոզմունքներին: Հիմնվելով [Կոնվենցիայի՝] «կենդանի փաստաթուղթ» համարվելու մոտեցման վրա՝ դիմումատուն Դատարանից խնդրել է վերանայել համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարվելու և դրա առնչությամբ Կոնվենցիայի 9-րդ հոդվածի կիրառելիության վերաբերյալ նախադեպային իրավունքը:

62. Դատարանը կրկին նշում է, որ Կոնվենցիան «կենդանի փաստաթուղթ» է, որը պետք է մեկնաբանվի ներկայիս հանգամանքների լույսի ներքո (տե՛ս Տիրերն ընդդեմ Միացյալ Թագավորության [Tyrer v. the United Kingdom], 1978 թվականի ապրիլի 25, § 31, շարք Ա թիվ 26): Դրա դրույթներից մեկի համաձայն՝ որոշակի միջոցի ընդունելի լինելու հարցը քննելիս Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում գերիշխող նորմերը հաշվի առնելը համարվում է օրինաչափ (տե՛ս Թ-ն ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ], [T. v. the United Kingdom [GC]], թիվ 24724/94, § 70, 1999 թվականի դեկտեմբերի 16):

63. Դատարանը չի ժխտում, որ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների մեծ մասն իսկապես ընդունել է համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարվող անձանց համար այլընտրանքային ծառայության տարբեր տեսակներ նախատեսող օրենքներ: Միևնույն ժամանակ, Դատարանը չի կարող անտեսել Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետում ներառված դրույթները, որոնք արդեն իսկ ներկայացվել են (տե՛ս վերևում՝ 56-57-րդ պարբերությունները): Քանի որ սույն հոդվածով կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվող անձանց իրավունքի ճանաչման ընտրությունը հստակորեն վերապահվում է յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի, Դատարանը կարծում է, որ այն հանգամանքը, որ Պայմանավորվող կողմերի մեծամասնությունը ճանաչել է նշված իրավունքը, չի կարող հիմք լինել համարելու, որ այդ իրավունքը չճանաչած Պայմանավորվող կողմը խախտել է Կոնվենցիայով սահմանված իր պարտավորությունները: Հետևաբար, տվյալ հարցի դեպքում այս գործոնը չի կարող համարվել օգտակար արդյունք Կոնվենցիայի էվոլյուցիոն մեկնաբանության համար: Այդպիսի հանգամանքներում Դատարանը եզրակացնում է, որ, 4-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան, 9-րդ հոդվածով չի երաշխավորվում համոզմունքների հիմնավորմամբ զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունքը:

64. Դատարանը նշում է, որ տվյալ ժամանակահատվածում համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարվելու իրավունքը ճանաչված չի եղել Հայաստանում: Մյուս կողմից, Հայաստանը միջազգային հանրության առջև պաշտոնապես պարտավորվել է օրենքով ճանաչել այդ իրավունքը, իսկ մինչև այդ իրավունքի ճանաչումը՝ ներում շնորհել համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարված բոլոր այն անձանց, որոնք դատապարտվել են՝ դրա փոխարեն նրանց հնարավորություն ընձեռելով այլընտրանքային ծառայության մասին օրենքն ուժի մեջ մտնելուց հետո այլընտրանքային քաղաքացիական ծառայություն կատարելու (տե՛ս վերևում՝ 43-րդ պարբերությունը): Դատարանը չի կասկածում, որ դիմումատուն հրաժարվել է պարտադիր զինվորական ծառայություն կատարելուց իրական կրոնական համոզմունքների հիմքով, և ընդունում է այն հանգամանքը, որ միջազգային հանրության առջև պաշտոնապես ստանձնելով այդ իրավունքը ճանաչելու պարտավորությունը՝ Հայաստանն իր հայտարարությամբ կարող էր դիմումատուի մոտ ազատազրկման ձևով պատիժ կրելու փոխարեն նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո այլընտրանքային ծառայություն կատարելու հնարավորություն ունենալու օրինաչափ սպասելիքներ առաջացնել: Այդուհանդերձ, հաշվի առնելով 63-րդ պարբերության մեջ նշված իր եզրակացությունը, Դատարանը կարծում է, որ Հայաստանի իշխանությունները չեն կարող համարվել Կոնվենցիայով սահմանված իրենց պարտավորությունները խախտած՝ զինվորական ծառայություն կատարելուց հրաժարվելու համար դիմումատուին դատապարտելով:

65. Բացի այդ, Դատարանը նշում է այն հանգամանքը, որ այլընտրանքային ծառայության վերաբերյալ օրենք արդեն ընդունվել է Հայաստանում և, հետևաբար, համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարվելու իրավունքը ճանաչվում է: Սակայն Դատարանը համարում է, որ այդ օրենքի Էությունը և գործնականում դրա կիրառման եղանակը սույն գանգատի շրջանակներից դուրս են:

66. Այստեղից հետևում է, որ Կոնվենցիայի 9-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել:

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ՝

Ձայների՝ վեց կողմ և մեկ դեմ հարաբերակցությամբ, վճռում է, որ Կոնվենցիայի 9-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել:

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2009 թվականի հոկտեմբերի 27-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի:

Սթենլի Նեյսմիթ
Քարտուղարի տեղակալ

Ժոզեփ Քասադևալ
Նախագահ

Կոնվենցիայի 45-րդ հոդվածի 2-րդ կետին և Դատարանի կանոնակարգի 74-րդ կանոնի 2-րդ կետին համապատասխան՝ այս վճռին կից ներկայացվում են հետևյալ առանձին կարծիքները՝

ա) դատավոր Էլիզաբեթ Ֆուրայի համընկնող կարծիքը,

բ) դատավոր Էն Փաուերի չհամընկնող կարծիքը:

 

Ժ.Ք.Մ.

Ս.Հ.Ն

 

ԴԱՏԱՎՈՐ ՖՈՒՐԱՅԻ ՀԱՄԸՆԿՆՈՂ ԿԱՐԾԻՔԸ

 

1. Թեև ես դատավորների մեծամասնության հետ կողմ քվեարկեցի՝ համարելով, որ Կոնվենցիայի 9-րդ հոդվածի որևէ խախտում տեղի չի ունեցել, ես այդպես վարվեցի՝ ելնելով կարգից և Դատարանի նախադեպային իրավունքի նկատմամբ հարգանքից: Ես կցանկանայի ավելացնել հետևյալը:

2. Փոքր-ինչ զարմանալի է, որ Կոնվենցիայի 9-րդ հոդվածի վերաբերյալ Դատարանի նախադեպային իրավունքն ավելի զարգացած չէ: Գոյություն ունեցող նախադեպային իրավունքը, սակայն, հստակ է այն առումով, որ համոզմունքների հիմնավորմամբ զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունք չի նախատեսվում ընդհանրապես Կոնվենցիայով կամ, մասնավորապես դրա 9-րդ հոդվածով: Ուստի, համոզմունքների հիմնավորմամբ զինվորական ծառայությունից հրաժարվող անձի նկատմամբ ընդհանուր իրավունքը կիրառելու դեպքում Կոնվենցիայի 9-րդ հոդվածի որևէ խախտում տեղի չի ունենում:

3. Պետությունը կարող է, սակայն պարտավոր չէ ճանաչել համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարվելու իրավունքը, և միայն ճանաչելու դեպքում այն պետք է նախատեսի զինվորական ծառայության հետ կապ չունեցող ծառայության որևէ տեսակ՝ որպես այլընտրանք: Եվրոպայում այս հարցերի վերաբերյալ ավելի ներդաշնակեցված մոտեցում սկսել են ցուցաբերել միայն վերջերս: Պետությունների մեծ մասում ճանաչում ստացած՝ համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարվող անձինք իրավունք ունեն իրականացնելու այլընտրանքային ծառայություն: Որոշ պետություններում, այնուամենայնիվ, ընդունվում են միայն կրոնական հիմնավորումները, իսկ այլ պետություններում, թերևս, չկա այնպիսի իրավական համակարգ, որը թույլ կտա ճանաչել համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարվող անձանց: Երբեմն էլ այլընտրանքային ծառայության համար կարող է ավելի երկար ժամկետ սահմանվել, քան զինվորական ծառայության համար:

4. Վերջերս Դատարանը որոշակի պատրաստակամություն է ցուցաբերել անդրադառնալու համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարվելու հարցին՝ այն դիտարկելով Կոնվենցիայի 9-րդ հոդվածից դուրս: Թլիմենոսն ընդդեմ Հունաստանի գործում (2000 թվական) զինվորական համազգեստ կրելուց հրաժարվելու պատճառով դիմումատուի նախկին դատվածությունը չէր կարող արդարացնել նրան հավաստագրված հաշվապահի պաշտոնում չնշանակելը: Այդ գործով որոշվել էր, որ այն փաստը, որ պետությունը չի տարանջատել նրա արարքը նմանատիպ ավելի ծանր հանցանքներից, որոնցից այն զգալիորեն տարբերվում էր (44-րդ պարբերություն), նշանակում է, որ 14-րդ հոդվածը, դիտարկելով 9-րդ հոդվածին զուգահեռ, խախտվել է: Այլ գործերով Դատարանն իր հիմնավորումներում առաջնորդվել է Կոնվենցիայի 3-րդ (արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք) և 5-րդ (անձին անօրինական կալանավորելը) հոդվածներով. տե՛ս, համապատասխանաբար, Ուլկեն ընդդեմ Թուրքիայի (2006 թվական) ու Ցիրլիսը և Կուլումպասն ընդդեմ Հունաստանի [Tsirlis and Kouloumpas v Greece] (1997 թվական) գործերը:

5. Մինչ այժմ Դատարանը չի համարել, որ զինվորական ծառայություն կատարելու պարտականությունը խախտում է Կոնվենցիայի 9-րդ հոդվածը, սակայն այն, թերևս, պատրաստ է եղել քննել համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարվող անձանց նկատմամբ նշանակվող պատիժների համաչափության հարցը և վճռել, որ տեղի է ունեցել 9-րդ հոդվածի խախտում, եթե դրանք չափից ավելի խիստ են եղել, ինչպես տեղի էր ունեցել Թլիմենոսի գործով, երբ համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարված անձն ազատազրկման ձևով պատիժ էր կրել և չէր նշանակվել հավաստագրված հաշվապահի պաշտոնում:

6. Քննվող գործի առնչությամբ իմ նախնական եզրակացությունն այն էր, որ անհրաժեշտ է հետ կանգնել և թույլ տալ Մեծ պալատին կրկին քննել այս հարցը /վերանայել նախադեպային իրավունքը/ և մի գուցե մեկ քայլ առաջ գնալ ու նշել, որ համոզմունքների հիմնավորմամբ զինվորական ծառայությունից հրաժարվող անձին դատապարտելը Կոնվենցիայի 9-րդ հոդվածի խախտում է: Ներկայիս հանգամանքները հնարավոր է, որ փոխված լինեն, և արդյունքում հնարավոր լինի հանգել նման եզրակացության՝ համենայն դեպս այն դեպքում, երբ պատիժը ներառում է ազատազրկում:

7. Որպես այլընտրանք՝ ես կնախընտրեի վերաորակել բողոքը և այն քննել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի մասով, քանի որ դիմումատուն ազատազրկվել էր այն դեպքում, երբ Հայաստանը հստակ (և գուցե նույնիսկ պարտադիր իրավաբանական ուժ ունեցող) պարտավորություն էր ստանձնել (տե՛ս վճռի 43-րդ պարբերությունը), և դա [դիմումատուին ազատազրկման դատապարտելը] կարող էր հավասարազոր լինել արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի՝ ելնելով Ուլկեն ընդդեմ Թուրքիայի գործից և Միջուկային զենքի փորձարկումներ [Nuclear Test] գործից, որի վերաբերյալ որոշում էր կայացրել Արդարադատության միջազգային դատարանը (Միջուկային զենքի փորձարկումներ (Ավստրալիան ընդդեմ Ֆրանսիայի) [Nuclear Tests (Australia v. France)], Վճիռ, ԱՄԴ-ի զեկույցներ 1974 թվական, էջ 253, 42-60-րդ պարբերություններ):

ԴԱՏԱՎՈՐ ՓԱՈՒԵՐԻ ՉՀԱՄԸՆԿՆՈՂ ԿԱՐԾԻՔԸ

1. Քննարկելով Եվրոպայի խորհրդին անդամակցելու համար ներկայացված դիմումը՝ 2000 թվականի մայիսին պատասխանող պետությունը հանդես էր եկել միակողմանի հայտարարությամբ, ըստ որի այն պարտավորվում էր անդամակցությունից հետո երեք տարվա ընթացքում ընդունել այլընտրանքային ծառայության մասին եվրոպական չափանիշներին համապատասխան օրենք և մինչև համապատասխան օրենքի ընդունումը ներում շնորհել համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարված բոլոր այն անձանց, որոնք դատապարտվել էին ազատազրկման՝ հնարավորություն տալով նրանց դրա փոխարեն՝ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կատարել այլընտրանքային քաղաքացիական ծառայություն: Այդ պետության կողմից Կոնվենցիայի վավերացումից հետո, ինչպես նաև համապատասխան հայտարարությունից ավելի քան երկու տարի հետո դիմումատուն մեղավոր է ճանաչվել և դատապարտվել զգալի ժամկետով ազատազրկման, քանի որ հրաժարվել էր պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելուց: Զինվորական ծառայությունից նա հրաժարվել էր իրական կրոնական համոզմունքների պատճառով՝ մի հանգամանք, որը չի վիճարկվում: Նա ամբողջ ընթացքում պատրաստակամ է եղել կատարելու այլընտրանքային քաղաքացիական ծառայություն:

2. Համարելով, որ Կոնվենցիայի 9-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել, մեծամասնությունը, իմ կարծիքով, բավարար ուշադրություն չի դարձրել երկու կարևոր սկզբունքների, ըստ որոնց՝ Կոնվենցիան «կենդանի փաստաթուղթ» է, որի դրույթները պետք է մեկնաբանել ներկայիս իրավական չափանիշներին և նորմերին համապատասխան և, չնայած այն հանգամանքին, որ Կոնվենցիայով սահմանված իրավունքի սահմանափակումն իրավաչափ է, Դատարանը պահպանում է ձեռնարկված ցանկացած միջոցի համաչափությունը գնահատելու հարցում իր վերահսկողական դերը:

(i) Կոնվենցիան «կենդանի փաստաթուղթ» է

3. Պարտադիր զինվորական ծառայությունը, per se (որպես այդպիսին), չի արգելվում Կոնվենցիայով, սակայն Դատարանը բազմիցս շեշտել է, որ այս պայմանագիրը «կենդանի փաստաթուղթ» է, և որ դրա դրույթների նկատմամբ պետք է դինամիկ ու զարգացող մոտեցում ցուցաբերել, որպեսզի հնարավոր լինի իրագործել պայմանագրի խնդիրներն ու նպատակը: Այլ կերպ ասած, դրա նորմերը պետք է մեկնաբանվեն և կիրառվեն՝ հաշվի առնելով ներկայիս հանգամանքները: [1] Իրավամբ, Դատարանն ընդունել է, որ իր որոշումները պետք է վերանայվեն,2 և որ վճիռ կայացնելիս այն չի կարող զերծ մնալ Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում տեղի ունեցող զարգացումների և համընդհանուր ընդունված նորմերի ու քաղաքականության ազդեցությունից:3

4. Քանի որ Դատարանը համարում է, որ պարտավոր է առաջնորդվել նախկին Հանձնաժողովի նախադեպային իրավունքով, մեծամասնության եզրահանգումը, ըստ իս, չի արտացոլում ժողովրդավարական հասարակություններում գրեթե համընդհանուր ճանաչում ստացած հետևյալ մոտեցումը, ըստ որի «համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարվելու իրավունքը Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում ամրագրված՝ մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքի հիմնարար տարր է»:4Այս մոտեցումը շեշտվել է Եվրոպայի խորհրդի (դեռևս 1987 թվականին), Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատարի և Եվրոպական պառլամենտի կողմից:5 Իրավամբ, պատասխանող պետությունը 2000 թվականին արված իր իսկ հայտարարությամբ հաստատել է, որ ընդունում է այս ոլորտում նույնիսկ այն ժամանակ գործող և ընդունված եվրոպական իրավական չափանիշները, այնինչ դիմումատուին դատապարտելու և ազատազրկելու հետ կապված իր հետագա գործողությունները հակասում են այն հանգամանքին, որ այն ճանաչել է նշված նորմերը և պարտավորվել է դրանք գործնականում կիրառել: 6 Ընդունելով Դատարանի ընդհանուր մոտեցումը՝ մեկնաբանել և կիրառել Կոնվենցիան գործող իրավանորմերի և չափանիշների լույսի ներքո՝ ես չեմ կարող չեզրակացնել, որ այս գործում խախտվել է Կոնվենցիայի 9-րդ հոդվածը:

5. Ցանկացած դեպքում պարզ է, որ համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարվելու իրավունքի վերաբերյալ Դատարանի դիրքորոշումը տարբերակելի է նախկին Հանձնաժողովի կողմից ընդունված մոտեցումից: Ակնհայտ է, որ Դատարանն այս հարցը դիտարկում է որպես մի հարց, որն առնչվում է մարդու իրավունքների հետ կապված կարևոր խնդիրների: Թլիմենոսն ընդդեմ Հունաստանի գործում Մեծ պալատը նշել էր, որ ի տարբերություն այլ հանցանքների, կրոնական կամ փիլիսոփայական հիմքերով զինվորական համազգեստ կրելուց հրաժարվելու համար դատապարտելը չի կարող նշանակել, որ անձն անազնիվ և անբարոյական վարքագիծ է դրսևորել, և որ այս առնչությամբ դիմումատուի նախկին դատվածության՝ շարունակական անբարենպաստ հետևանքները (համապատասխան պաշտոնի նշանակվելու արգելք) բավարար էին, որպեսզի համարվեր, որ տեղի էր ունեցել Կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտում՝ 9-րդ հոդվածին զուգահեռ դիտարկելիս: 7Ստեֆանովն ընդդեմ Բուլղարիայի [Štefanov у. Bulgaria] գործում Դատարանը համաձայնել է գործը հանել քննվող գործերի ցուցակից, երբ համոզվել է, որ կողմերի միջև կայացված համաձայնությունը հիմնված էր Կոնվենցիայով սահմանված՝ «մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի սկզբունքի վրա»: 8Դատարանի որոշման մեջ մանրամասն նկարագրված էին այն համաձայնության պայմանները, որով նախատեսվում էին զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով դիմումատուի (և այլ անձանց) դեմ հարուցված քրեական գործով վարույթի կարճում, նշանակված բոլոր պատիժների վերացում, պատասխանող պետության կողմից նմանատիպ գործերով համաներում և որպես զինվորական ծառայությանը այլընտրանք՝ բացառապես քաղաքացիական ծառայություն նախատեսող օրենսդրություն ներդնելու համար միջոցների ձեռնարկում, և, վերջապես, դիմումատուի ծախսերի և ծախքերի փոխհատուցում: Վեց տարի անց Դատարանը Ուլկեն ընդդեմ Թուրքիայի գործով եզրակացրել էր, որ խաղաղության ակտիվիստին մի քանի անգամ ազատազրկելը զինվորական ծառայությունից հրաժարվելու համար Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում էր: Այն [Դատարանը] համարել էր, որ ներպետական օրենսդրությամբ համապատասխան դրույթներ չէին նախատեսվում համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարվող անձանց համար, ինչպես նաև չէին ապահովվում անձի՝ համոզմունքների հիմքով զինվորական ծառայություն կատարելուց հրաժարվելու դեպքերը կարգավորելու համապատասխան միջոցներ9: Հաշվի առնելով վերոնշյալը՝ մեծամասնության եզրահանգումը, թերևս, ոչ միայն համահունչ չէ համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարվելու հարցում ներկայիս եվրոպական չափանիշների հետ, այլև այն չի համընկնում նաև հենց Դատարանի դիրքորոշման հետ՝ դատական պրակտիկայի ընդհանուր ուղղության առումով, որն արտացոլված է նախադեպային իրավունքում:

(ii) Սահմանափակման համաչափությունը

6. Ես ընդունում եմ, որ Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետով ո՛չ ճանաչվում և ո՛չ էլ բացառվում է համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարվելու իրավունքը, սակայն դա չի նշանակում, որ այն պետությունը, որը չի ճանաչում նշված իրավունքը, այդպիսով անսահմանափակ հայեցողություն (carte blanche) է ձեռք բերում համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարվող անձանց հետ առնչվելիս: Կոնվենցիայի 9-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված նյութական իրավունքները շարունակում են գոյություն ունենալ, և կրոնի կամ համոզմունքի արտահայտման ազատության ցանկացած թույլատրված սահմանափակման պարագայում պետք է ապացուցվի, որ այն «անհրաժեշտ» է Կոնվենցիայի 9-րդ հոդվածի 2-րդ կետում նշված հանրային շահերի պաշտպանության համար (դրանցից ոչ մեկը, ի դեպ, չի ներառում ազգային անվտանգությունը):

7. Դատարանը հետևողականորեն վճռել է, որ հայեցողական լիազորությունների այն շրջանակը, որն ընձեռված է պետություններին սահմանափակման անհրաժեշտությունը և աստիճանը որոշելիս, փոխկապակցված է եվրոպական վերահսկողության հետ, որն ընդգրկում է թե՛ օրենսդրությունը և թե՛ այն կիրառության մեջ դնող որոշումները10: Դատարանն այդպիսի վերահսկողություն իրականացնելիս պետք է պարզի, թե արդյոք ազգային մակարդակում ձեռնարկված միջոցները, ըստ էության, հիմնավորված են և համաչափ11 և այն պետք է ուսումնասիրի վիճարկվող դատական որոշումները՝ հաշվի առնելով ընդհանուր առմամբ գործի նախապատմությունը12: Սույն գործով պատասխանող պետությունը ոչ մի հիմնավորում չի ներկայացրել այն մասին, թե ինչ «ճնշող հանրային պահանջ» է գոյություն ունեցել (եթե գոյություն ունեցել է), որն անհրաժեշտ է դարձրել դիմումատուի ազատազրկումն այս գործի կոնկրետ հանգամանքներում13: Անհրաժեշտության առկայության ապացուցման բեռը դրված էր պետության վրա, առավել ևս այն հանգամանքներում, երբ այն արդեն հաստատել էր, որ ճանաչում է և պարտավորվում է պահպանել այս ոլորտում եվրոպական ներկայիս չափանիշները: Այն [պատասխանող պետությունը] չի ապացուցել, որ դիմումատուի ազատազրկումն անհրաժեշտ էր՝ այդպիսով չբավարարելով համաչափության պահանջը, և, հետևաբար, այդ հանգամանքով ես համոզվում եմ իմ այն կարծիքի մեջ, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 9-րդ հոդվածի խախտում: Քանի որ մեծամասնությունը չի իրականացրել այս Դատարանին վերապահված վերահսկողական գործառույթը, դրա մոտեցումն ըստ իս, համահունչ չէ Դատարանի՝ Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքը պետության կողմից սահմանափակելու անհրաժեշտությունը մեկնաբանելու գործելակերպին:

_________________________

1 Տիրերն ընդդեմ Միացյալ Թագավորության [Tyrer v. United Kingdom] (1978) 2 ՄԻԵԶ 1 § 31.

2 Ռեսն ընդդեմ Միացյալ Թագավորության [Rees v. United Kingdom] (1986) 9 ՄԻԵԶ § 56. տե՛ս նաև հետևյալ գործերը՝ Քոսսին ընդդեմ Միացյալ Թագավորության [Cossey v. United Kingdom ] (1990) 13 ՄԻԵԶ § 622. Շեֆիլդն ու Հորշամն ընդդեմ Միացյալ Թագավորության [Sheffield and Horsham v. United Kingdom] (1998) 27 ՄԻԵԶ § 163. և Գուդվինն ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ] [Goodwin v. United Kingdom [GC]], թիվ 28957/95, ՄԻԵԴ 2002-VI:

3 Տիրերի գործը, § 31.

4  ԵԽԽՎ-ի թիվ 1518 հանձնարարական (2001 թվական), § 44.

5 Տե՛ս, inter alia, 1987 թվականի ապրիլի 9-ին Նախարարների կոմիտեի կողմից ընդունված թիվ R (87) 8 հանձնարարականը, ԵԽԽՎ-ի թիվ 1518 հանձնարարականը (2001 թվական), Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների հարցերով բարձրագույն հանձնակատարի՝ 2006 թվականի փետրվարի 27-ի զեկույցը, և Եվրոպական միության հիմնարար իրավունքների խարտիան (2000 թվական):

6 Չնայած Հայաստանի Հանրապետությունն ստանձնել էր եվրոպական չափանիշներին համապատասխան այլընտրանքային ծառայության մասին օրենք ընդունելու պարտավորությունը՝ 2007 թվականին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հիասթափությամբ նշել էր, որ գործող օրենքով համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարվող անձանց համար չի ապահովվում «հստակորեն քաղաքացիական բնույթի այնպիսի իրական այլընտրանքային ծառայության հնարավորություն, որը բնույթով չպետք է լինի զսպման կամ պատժի միջոց»՝ ինչպես սահմանվում է Եվրոպայի խորհրդի չափանիշներով: Վեհաժողովը «խորապես մտահոգված էր այն հանգամանքով, որ իրական քաղաքացիական ծառայության հնարավորության բացակայության պատճառով համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարված տասնյակ անձինք, մեծ մասամբ Եհովայի վկաներ, շարունակում են ազատազրկված մնալ, քանի որ նախընտրում են մնալ անազատության մեջ՝ իրական քաղաքացիական բնույթ չունեցող այլընտրանքային ծառայություն կատարելու փոխարեն»: (ԵԽԽՎ-ի մոնիթորինգի հանձնաժողովի թիվ 1532 բանաձև (2007 թվական)):

7 [ՄՊ], թիվ 34369/97, ՄԻԵԴ 2000-IV:

8 Գանգատ թիվ 32438/96, ընդունելիության վերաբերյալ 2000 թվականի ապրիլի 6-ի որոշում:

9 Ուլկեն ընդդեմ Թուրքիայի, թիվ 39437/98, 2006 թվականի հունվարի 24, § 61 և 62:

1 0 «Գրոպերա Ռադիոն» ԲԸ-ն և այլք ընդդեմ Շվեյցարիայի [Groppera Radio AG and Others v. Switzertand], 1990 թվականի մարտի 28, շարք Ա թիվ 173, «Մարքթ Ինթերն Վերլագ» ՍՊԸ-ն և Քլաուս Բիերմանն ընդդեմ Գերմանիայի [Markt Intern Verlag GmbH and Klaus Beermann v.Germany], 1989 թվականի նոյեմբերի 20, շարք Ա թիվ 165, և Կոկինակիսն ընդդեմ Հունաստանի [Kokkinakis у. Greece] 1993 թվականի մայիսի 25, § 47, շարք Ա թիվ 260-Ա:

1 1 «Գրոպերա Ռադիոն» ԲԸ-ն և այլք ընդդեմ Շվեյցարիայի [Groppera Radio AG and Others v.Switzerland], § 72, տե՛ս նաև Բարֆոդն ընդդեմ Դանիայի [Barfod у. Denmark], 1989 թվականի փետրվարի 22, շարք Ա թիվ 149:

1 2 Կոկինակիսն ընդդեմ Հունաստանի, 1993 թվականի մայիսի 25, § 47, շարք Ա թիվ 260-Ա:

1 3 Տե՛ս Բեսարաբիայի մետրոպոլիտական եկեղեցին և այլք ընդդեմ Մոլդովայի [Metropolitan Church of Bessarabia and Others v. Moldova], թիվ 45701/99, §125, ՄԻԵԴ 2001-XII, որով Դատարանը վճռել է, որ ազգային անվտանգությանն սպառնացող վտանգի վերաբերյալ սոսկ պնդումը պետությանը չի ազատում նման պնդումը հիմնավորելու պարտավորությունից: