ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 դեկտեմբերի 2017 թվականի |
թիվ 107 |
քաղ. Մոսկվա |
ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ
Փոփոխող փաստաթղթերի ցանկ
(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 1-ի թիվ 91 որոշման խմբագրությամբ)
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 256-րդ հոդվածի 6-րդ կետին, 260-րդ հոդվածի 11-րդ կետին, 266-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 6-րդ և 8-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Սահմանել, որ՝
ա) արժեքային, քաշային և (կամ) քանակական նորմերը, որոնց սահմաններում անձնական օգտագործման ապրանքները ներմուծվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման, որոշվում են թիվ 1 հավելվածի համաձայն.
բ) անձնական օգտագործման ապրանքների մաքսատուրքերի, հարկերի միասնական դրույքաչափերը, ինչպես նաև դրանց այն կատեգորիաները, որոնց համար ենթակա են վճարման միագումար մաքսային վճարի ձևով գանձվող մաքսատուրքեր, հարկեր, որոշվում են թիվ 2 հավելվածի համաձայն.
գ) անձնական օգտագործման ապրանքները մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու դեպքերը և պայմանները որոշվում են թիվ 3 հավելվածով սահմանված ցանկի համաձայն.
դ) օգտագործման մեջ եղած անձնական օգտագործման այն ապրանքները, որոնք Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում գտնվելու ժամանակահատվածում օտարերկրյա ֆիզիկական անձանց կողմից առանց մաքսատուրքեր, հարկեր վճարելու կարող են ներմուծվել սահմանված քանակությամբ՝ անկախ այդ ապրանքների արժեքից և (կամ) քաշից, որոշվում են թիվ 4 հավելվածով սահմանված ցանկի համաձայն.
ե) հայտարարատուի անունից և նրա հանձնարարությամբ գործող ու մաքսային ներկայացուցիչ չհանդիսացող անձի կողմից անձնական օգտագործման ապրանքների մաքսային հայտարարագրում իրականացնելու դեպքերը սահմանվում են թիվ 5 հավելվածով սահմանված ցանկի համաձայն.
զ) անձնական օգտագործման ապրանքներին չդասվող ապրանքների կատեգորիաները որոշվում են թիվ 6 հավելվածով սահմանված ցանկի համաձայն.
է) սույն որոշման թիվ 1 հավելվածի 1-4-րդ կետերում նշված՝ անձնական օգտագործման ապրանքների կատեգորիաների նկատմամբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություն) օրենսդրությամբ կարող են սահմանվել սույն որոշման թիվ 1 հավելվածով նախատեսված արժեքային, քաշային և (կամ) քանակական նորմերից ավելի խիստ նորմեր, որոնց սահմաններում անձնական օգտագործման այդ ապրանքները ներմուծվում են Միության մաքսային տարածք առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման.
ը) անդամ պետության օրենսդրությամբ սահմանված՝ սույն որոշման թիվ 1 հավելվածով նախատեսված արժեքային, քաշային և (կամ) քանակական նորմերից ավելի խիստ նորմերը, որոնց սահմաններում անձնական օգտագործման ապրանքները ներմուծվում են Միության մաքսային տարածք առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման, կիրառվում են այն անդամ պետությունում անձնական օգտագործման ապրանքներն ազատ շրջանառության մեջ դնելու դեպքում, որի օրենսդրությամբ սահմանված են այդ նորմերը.
թ) անդամ պետության օրենսդրությամբ սահմանված՝ սույն որոշման թիվ 1 հավելվածով նախատեսված արժեքային, քաշային և (կամ) քանակական նորմերից ավելի խիստ այն նորմերի գերազանցման մասով, որոնց սահմաններում անձնական օգտագործման ապրանքները ներմուծվում են Միության մաքսային տարածք առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման, կիրառվում են մաքսատուրքերի, հարկերի միասնական դրույքաչափեր, որոնք նշված են սույն որոշման թիվ 2 հավելվածի 1-4-րդ կետերում.
ժ) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 8704 21 և 8704 31 դիրքերում դասակարգվող և սույն որոշման թիվ 2 հավելվածի 2-րդ աղյուսակի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերում նշված՝ թեթև մարդատար ավտոմեքենաների և շարժիչային այլ տրանսպորտային միջոցների նկատմամբ՝ մինչև Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության կողմից ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 8704 21 և 8704 31 դիրքերում դասակարգվող՝ թեթև մարդատար ավտոմեքենաների և շարժիչային այլ տրանսպորտային միջոցների նկատմամբ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնով սահմանված դրույքաչափերի կիրառումն սկսելը, չեն կիրառվում մաքսատուրքերի, հարկերի միասնական դրույքաչափեր, ինչպես նաև վճարման ենթակա չեն սույն որոշման թիվ 2 հավելվածի 2-րդ աղյուսակի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով սահմանված՝ միագումար մաքսային վճարի ձևով գանձվող մաքսատուրքերը, հարկերը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի
Հանրապետությունից |
Բելառուսի
Հանրապետությունից |
Ղազախստանի
Հանրապետությունից |
Ղրղզստանի
Հանրապետությունից |
Ռուսաստանի
Դաշնությունից |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
Տ. Աբդիգուլով |
Ի. Շուվալով |