Համարը 
N 553-Լ
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Լոկալ որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2019.05.22/32(1485) Հոդ.396
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
10.05.2019
Ստորագրող մարմինը 
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
16.05.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.06.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՀԱՍՑԵՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՀԱՍՑԵՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ԻՆՔՆԱՇԽԱՏ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 մայիսի 2019 թվականի N 553-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՀԱՍՑԵՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ԻՆՔՆԱՇԽԱՏ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) Հայաստանի Հանրապետության հասցեների միասնական ռեգիստրի և հասցեների ռեեստրի ինքնաշխատ տեղեկատվական համակարգի ստեղծման հայեցակարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության հասցեների միասնական ռեգիստրի և հասցեների ռեեստրի ինքնաշխատ տեղեկատվական համակարգի ստեղծման միջոցառումների ծրագիրը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան


2019 թ. մայիսի 16
Երևան

 

 

Հավելված N 1

 ՀՀ կառավարության 2019 թվականի

մայիսի 10-ի N 553-Լ որոշման

 

հ ա յ ե ց ա կ ա ր գ

 

Հայաստանի Հանրապետության Հասցեների միասնական ռեգիստրի ԵՎ հասցեների Ռեեստրի ԻՆՔՆԱՇԽԱՏ տեղեկատվական համակարգի ստեղծման

 

1. ՄՇԱԿՈՂ ՄԱՐՄԻՆԸ

 

1. Հայաստանի Հանրապետության հասցեների միասնական ռեգիստրի և հասցեների ռեեստրի ինքնաշխատ տեղեկատվական համակարգի ստեղծման hայեցակարգը (այսուհետ՝ հայեցակարգ) մշակվել է Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից (այսուհետ՝ Կադաստրի կոմիտե):

 

2. նախաբան

 

2. Հայեցակարգում նախանշվում են՝

1) Հայաստանի Հանրապետության հասցեների միասնական ռեգիստրի և հասցեների ռեեստրի ինքնաշխատ (ավտոմատացված) տեղեկատվական համակարգի (այսուհետ` համակարգ) ստեղծման, ձևավորման մեկնարկային ուղղությունները և ռազմավարությունը.

2) ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի հասցեավորման, ինչպես նաև հասցեների պետական գրանցման ոլորտում իրականացվելիք բարեփոխումները.

3) ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման ուղղությունները, քաղաքականության մշակման հիմնավորվածությունը և անհրաժեշտությունը:

3. Հայեցակարգի մշակումը նպատակաուղղված է ոլորտի պետական քաղաքականության հայեցակարգային վերանայմանը և ժամանակակից պահանջներին համահունչ դարձնելուն:

 

3. Ոլորտի ներկա վիճակը, առկա խնդիրները ԵՎ Առաջարկվող լուծումները

 

4. Ներկա օրենսդրական կարգավորումներով ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների հասցեավորման գործընթացը ներառում է մի քանի գործառույթ`

1) ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման և անվանափոխման մասին որոշումների ընդունում և անշարժ գույքի հասցեավորում (համայնքի ղեկավար, ավագանի, մարզպետ).

2) անշարժ գույքի հասցեների գրանցում (լիազոր մարմին՝ Կադաստրի կոմիտե).

3) անշարժ գույքի հասցեների ռեեստրի (հասցեների վերաբերյալ տեքստային, փաստաթղթային և գրաֆիկական տվյալների մեկ միասնական, համակարգված ցանկ) վարում (լիազոր մարմին՝ Կադաստրի կոմիտե).

4) Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների հաշվառում (լիազոր մարմին՝ Կադաստրի կոմիտե)։

5. Ոլորտի գործառույթները բաժանված են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջև, և ոլորտում առաջանում են տեղական ինքնակառավարման մարմինների (համայնքների) և պետական մարմնի միջև տվյալների փոխանակմանն առնչվող մի շարք խնդիրներ, ինչի արդյունքում հասցեների ռեեստրը պարունակում է որոշ դեպքերում սխալ և թերի տեղեկատվություն, որն էլ տրամադրվում է շահագրգիռ պետական մարմիններին, ֆիզիկական և իրավաբանական անձանց: Գործառույթների բաժանված լինելու պարագայում ունենք հետևյալ խնդիրները`

1) հասցեների գրանցում իրականացնող և ռեեստր վարող լիազոր մարմինը՝ Կադաստրի կոմիտեն, ըստ էության, լիարժեք չի իրականացնում նշված գործառույթները, քանի որ բազմաթիվ համայնքներում անշարժ գույքի առաջին հասցեավորմանը հաջորդող ժամանակաշրջանում կատարված փոփոխությունները չեն ընդգրկվել հասցեների ռեեստրում կամ կադաստրային քարտեզներում: Այժմ էլ շատ են դեպքերը, երբ համայնքներում հասցեավորում իրականացնող լիազոր մարմինների կողմից կատարված անվանակոչումները, նոր հասցեավորումներն ու համարակալումները սահմանված կարգով չեն ներկայացվում պետական գրանցման, չեն ներառվում հասցեների ռեեստրում, որը հանգեցնում է անհամապատասխանությունների և բազմաթիվ անճշտությունների՝ դառնալով գրանցումների կասեցման կամ մերժման պատճառ.

2) անվանակոչման լիազոր մարմինների կողմից անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին որոշումները չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներին, որի արդյունքում անշարժ գույքի նկատմամբ հասցեի պետական գրանցումը կասեցվում է.

3) նոր առաջացած անշարժ գույքի կամ անշարժ գույքի բաժանման կամ միավորման պետական գրանցման համար սեփականության սուբյեկտը նախ դիմում է տեղական ինքնակառավարման մարմին՝ նոր փոստային հասցե ստանալու համար (տվյալ գործընթացը քաղաքային համայնքներում, մասնավորապես` Երևանում, տևում է միջինը 3-6 օր (գանձվում է համապատասխան գումար), որից հետո այն ներկայացվում է պետական գրանցման, իսկ հասցեի գրանցման խոչընդոտ լինելու դեպքում սեփականատերը նույն գործողությունը նորից է կատարում, ինչը նրանից խլում է հավելյալ ժամանակ և ֆինանսական միջոցներ:

6. Հաշվի առնելով առկա խնդիրները և ոլորտի ներկա վիճակը` առաջարկվում են հայեցակարգային հետևյալ լուծումները՝

1) նկատի ունենալով, որ Կադաստրի կոմիտեն Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների հաշվառումը, անշարժ գույքի հասցեների գրանցումը և ռեեստրի վարումն իրականացնող լիազոր մարմին է, նպատակահարմար է, որ ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների համարակալումը (հասցեավորումը) նույնպես իրականացվի Կադաստրի կոմիտեի կողմից: Այդ պարագայում անշարժ գույքի սեփականության սուբյեկտները (ֆիզիկական և իրավաբանական անձինք) այլևս ստիպված չեն լինի նոր առաջացած գույքի կամ առկա գույքի բաժանման և միավորման դեպքերում հասցե ստանալու համար դիմել տեղական ինքնակառավարման մարմին: Նոր հասցեի տրամադրումը կկատարվի գույքի գրանցման գործընթացի շրջանակում.

2) կստեղծվի հասցեների ռեեստրի ինքնաշխատ տեղեկատվական համակարգ, որը հասանելի կլինի շահագրգիռ մարմիններին: Ռեեստրում ներառված տեղեկատվությունն առցանց տարբերակով կթարմացվի, իսկ տեղական ինքնակառավարման մարմինները հնարավորություն կստանան մուտք գործելու համակարգ, ներկայացնելու անշարժ գույքի հասցեավորման կամ համարակալման հայտ, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանելու դեպքում ինքնաշխատ ձևով կբավարարվի, հակառակ դեպքում՝ կմերժվի: Հասցեների ռեեստրում անշարժ գույքի հասցեի անվանափոխման, համարակալման ցանկացած փոփոխություն անմիջապես կարտացոլվի համակարգում և հասանելի կլինի օգտվողների համար.

3) հասցեների ռեեստրի տեղեկատվությունն ինքնաշխատ ձևով կարտացոլվի նաև կադաստրային, ինչպես նաև առցանց տիրույթում առկա քարտեզներում, մասնավորապես՝ Google Maps, Yandex.Map և այլն.

4) օրենսդրական համապատասխան կարգավորումներով կհստակեցվի և կդյուրացվի հասցեավորմանը վերաբերող օրենսդրական դաշտը: Տվյալ պահին առկա են ոլորտին վերաբերող մոտ մեկ տասնյակ իրավական ակտեր, որոնք ընդունվել են 2000-2010 թվականներին և փոփոխությունների անհրաժեշտություն ունեն:

 

4. Հասցեների միասնական ռեգիստրի եվ հասցեների Ռեեստրի ինքնաշխատ տեղեկատվական համակարգի ստեղծման ՆՊԱՏԱԿներԸ

 

7. Հասցեների ինքնաշխատ տեղեկատվական համակարգի ստեղծման նպատակներն են՝

1) ստեղծել Հայաստանի Հանրապետության հասցեների միասնական ռեգիստր, որով կլուծվեն վերը շարադրված խնդիրները.

2) հստակեցնել բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական oբյեկտների անվանակոչման և անվանափոխման գրանցման ընթացակարգերը.

3) հստակեցնել աշխարհագրական օբյեկտների անվանակոչման կամ անվանափոխման մասին առաջարկների մերժման հիմքերը և դրանց հետևանքները.

4) հնարավորինս պարզեցնել անշարժ գույքի համարակալման, հաuցեավորման ընթացակարգերը.

5) համընդհանուր ծանոթացման համար հասանելի դարձնել հասցեների քարտեզները (հատակագծերը).

6) ապահովել անշարժ գույքի հասցեների վերաբերյալ տեղեկատվության միատեսակությունը պետական մարմինների կողմից իրենց հանձնարարված գործառույթների իրականացման գործում՝ բացառելով անշարժ գույքի տարբեր օբյեկտների նույնական հասցեների առկայությունը.

7) ապահովել կադաստրային, ինչպես նաև առցանց տիրույթում առկա քարտեզներում անշարժ գույքերի ճշգրիտ հասցեների առկայությունը:

 

5. ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

 

8. Համակարգի ներդրման համար համայնքների հետ անհրաժեշտ կլինի իրականացնել հետևյալ աշխատանքները՝

1) ճշգրտել հասցեների ռեեստրը՝ այն համեմատելով համայնքներում փաստացի հասցեավորման հետ, որի համար անհրաժեշտ է մեկ քաղաքային կամ հնարավորինս մեծ գյուղական համայնքում իրականացնել հասցեների ճշգրտում և պիլոտային ձևով համակարգը գործարկել նշված համայնքում.

2) մշակել հասցեների ուղղման դյուրին և օպտիմալ տարբերակ՝ այն մյուս համայնքներում կիրառելու նպատակով.

3) Կադաստրի կոմիտեի կայքում (e-cadastre.am) տեղադրել հասցեների ռեեստրի ինքնաշխատ տեղեկատվական համակարգը.

4) մարզկենտրոններում, քաղաքային համայնքներում կազմակերպել հանդիպումներ համայնքի ղեկավարների հետ, ներկայացնել հասցեների ռեեստրի ինքնաշխատ տեղեկատվական համակարգից օգտվելու կարգը, անհրաժեշտության դեպքում՝ իրականացնել մասնագետների վերապատրաստում:

 

6. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

 

9. Պահանջվող ֆինանսական միջոցների չափը կճշտվի հասցեների միասնական ռեգիստրի ստեղծման և ներդրման ծրագրի կազմման ընթացքում: Նկատի ունենալով, որ տեղական ինքնակառավարման մարմինները գույքին հասցե տրամադրելու համար գանձում են նաև վճար, ուստի կարող է առաջանալ համայնքների եկամուտների նվազեցում, որը մեղմելու համար համապատասխան միջոցներ կձեռնարկվեն: Կադաստրի կոմիտեն պետք է փորձի համայնքներին տրված այս լիազորության իրականացման շրջանակում գանձել գումար՝ միայն նույն համայնքների կողմից այդ գործառույթի համար ծախսվող գումարների չափով՝ հնարավորինս պահպանելով համայնքային եկամուտները։

 

7. ԱՄՓՈՓ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

10. Հայեցակարգի ընդունումը կնպաստի՝

1) հասցեավորման առկա իրավիճակն օրենսդրությամբ սահմանված կարգի պահանջներին համապատասխանեցնելու գործընթացի արագացմանը.

2) հասցեի տրամադրման և գրանցման գործընթացի պարզեցմանը, յուրաքանչյուր բնակավայրի համար հասցեների քարտեզների ստեղծմանը և դրանց հրապարակայնությանը.

3) հասցեների ռեեստրը ինքնաշխատ տեղեկատվական համակարգի միջոցով հասանելի դարձնելը։

11. Գործընթացների իրավական կարգավորման հայեցակարգի ընդունմանը պետք է հաջորդի դրանում ամրագրված տեսլականի իրականացման օրենսդրական դաշտի կատարելագործումը:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

 

Հավելված N 2

 ՀՀ կառավարության 2019 թվականի

մայիսի 10-ի N 553-Լ որոշման

 

Մ Ի Ջ Ո Ց Ա Ռ ՈՒ Մ Ն Ե Ր Ի  Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՀԱՍՑԵՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ԻՆՔՆԱՇԽԱՏ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ

 

NN
ը/կ

 

Միջոցառման անվանումը

Ակնկալվող արդյունքը

Պատասխանա-տու կատարողը

Համակատարողը

Կատարման ժամկետը

Ֆինանսավորման աղբյուրը

1

2

3

4

5

6

7

8

1.

1-ին փուլ

ՀՀ վարչապետի որոշմամբ աշխատանքային խմբի ստեղծում

Աշխատանքների արագ և արդյունավետ իրականացում

Անշարժ գույքի կադաստրի կոմիտե

 

2019 թ.
մայիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

2.

Հայեցակարգից բխող իրավական կարգավորումներ, մասնավորապես՝ հասցեավորման ոլորտի օրենսդրական դաշտի կատարելագործում, իրավական ակտերի փոփոխություններ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նոր օրենսդրական նախաձեռնություններ

Օրենսդրական դաշտի կատարելագործում, համապատասխանեցում հայեցակարգին

Անշարժ գույքի կադաստրի կոմիտե

 

2019 թ. դեկտեմբերի
2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

3.

2-րդ փուլ

Տեխնիկական առաջադրանքի կազմում

Հասցեների ռեեստրի ինքնաշխատ տեղեկատվական համակարգի ծրագրային ապահովում

Անշարժ գույքի կադաստրի կոմիտե

 

2019 թ. դեկտեմբերի
2-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե
10 մլն դրամ

4.

Հասցեների միասնական ռեգիստրի և տեղեկատվական համակարգի ստեղծում և փորձարկում

Թերությունների վերհանում և դրանց վերացում

Անշարժ գույքի կադաստրի կոմիտե

 

2020 թ.
ապրիլի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

5.

Երկու համայնքներից հասցեավորված օբյեկտների վերաբերյալ տվյալների հավաքագրում, մուտքագրում, համակցում կադաստրային քարտեզներին և համակարգի պիլոտային գործարկում

Նախապատրաստական աշխատանքներ հասցեների միասնական ռեգիստրի և հասցեների ռեեստրի ինքնաշխատ տեղեկատվական համակարգում ճշտված ռեեստրի և կադաստրային քարտեզների ներբեռնման համար

Անշարժ գույքի կադաստրի կոմիտե

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

2020 թ.
հունիսի 3-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե
10 մլն դրամ

6.

3-րդ փուլ

Մարզկենտրոններում, քաղաքային համայնքներում համայնքի ղեկավարների հետ հանդիպումների կազմակերպում, հասցեների ռեեստրի ինքնաշխատ տեղեկատվական համակարգից օգտվելու կարգի ներկայացում, մասնագետների վերապատրաստում: Բոլոր համայնքներից հասցեավորված օբյեկտների վերաբերյալ տվյալների հավաքագրում, մուտքագրում և համակցում կադաստրային քարտեզներին

Համակարգում ներառված հասցեների վերաբերյալ տեղեկատվության առցանց թարմացում, ՏԻՄ մարմիններին համակարգ մուտք գործելու և անշարժ գույքի համարակալման հայտ ներկայացնելու հնարավորություն

Անշարժ գույքի կադաստրի կոմիտե

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

2021 թ. դեկտեմբերի
2-րդ տասնօրյակ (փուլային)

ՀՀ պետական բյուջե Շուրջ 230 մլն դրամ

7.

Հասցեների միասնական ռեգիստրի և հասցեների ռեեստրի ինքնաշխատ (ավտոմատացված) տեղեկատվական համակարգի գործարկում՝ ինտեգրված կադաստրի և փոխգործելիության շրջանակներում

Հասցեների ռեեստրում անշարժ գույքի հասցեի անվանափոխման, համարակալման ցանկացած փոփոխության արտացոլում և հասանելիություն օգտվողների համար, հասցեի հիման վրա գործող պետական և մասնավոր ռեգիստրների և այլ համակարգերի փոխգործելիության ապահովում, ինչպես նաև տեղեկատվության ինքնաշխատ ձևով արտացոլում կադաստրային և առցանց տիրույթում առկա քարտեզներում, մասնավորապես՝ Google Maps, Yandex.Map և այլն

Անշարժ գույքի կադաստրի կոմիտե

«ԷԿԵՆԳ» ՓԲԸ

2021 թ. դեկտեմբերի
2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան