Համարը 
N 1933-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2005.02.04/10(382) Հոդ.189
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
25.11.2004
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
20.01.2005
Վավերացնող մարմինը 
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվը 
25.01.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
05.02.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՏՄԱՆ ԳԾՈՎ ԲՆԱՓԱՅՏԻ ՄԹԵՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՆՈՐՄԱՅԻ (ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՏԱՏԵՂԻ) ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 հունվարի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 նոյեմբերի 2004 թվականի N 1933-Ն

ՀԱՏՄԱՆ ԳԾՈՎ ԲՆԱՓԱՅՏԻ ՄԹԵՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՆՈՐՄԱՅԻ (ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՏԱՏԵՂԻ) ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 6-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հատման գծով բնափայտի մթերման տարեկան նորմայի (հաշվարկային հատատեղի) հաշվարկման և հաստատման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հունվարի 20
Երևան

     

  

 Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
նոյեմբերի 25-ի N 1933-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՀԱՏՄԱՆ ԳԾՈՎ ԲՆԱՓԱՅՏԻ ՄԹԵՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՆՈՐՄԱՅԻ (ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՏԱՏԵՂԻ) ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ

1. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

հաշվարկային հատատեղ` անտառաշինական նախագծով սահմանված բնափայտի մթերման տարեկան չափաքանակ.

հատման շրջանառություն` ժամանակահատված, որի ընթացքում վերականգնվում են հասուն և գերհասուն բնափայտի հատված պաշարները.

անտառաշինական նախագիծ` անտառաշինության արդյունքում մշակված և անտառային տնտեսության վարման նպատակով հաստատված նորմատիվ տեխնիկական փաստաթուղթ.

անտառավերականգնման հատումներ` հասուն և գերհասուն անտառներում բնական միջավայրի բարելավման և անտառավերականգնման նպատակով իրականացվող հատումներ.

բնափայտի մթերում` արմատից հատված, ինչպես նաև քամուց տապալված, ձյունից ջարդոտված ծառերի` անտառից դուրսբերում.

հատման տարիք` ծառերի հասունության գիտականորեն հիմնավորված ցուցանիշ:

2. Հաշվարկային հատատեղը սահմանում է անտառավերականգնման հատումների և արմատի վրա բնափայտի մթերման հնարավոր տարեկան նորման և հիմք է հանդիսանում հատատեղային ֆոնդի պլանավորման համար:

3. Անտառավերականգնման հատումները պետք է ապահովեն անտառների բանական օգտագործումը, հատման շրջանառության ընթացքում հասուն ու գերհասուն բնափայտի պաշարների ստացումը` պահպանելով հատումների կայուն ծավալները և նպաստելով անտառների արտադրողականության բարձրացման, դրանց վիճակի և բնապահպանական խնդիրների բարելավմանը:

4. Հայաստանի Հանրապետության անտառային ֆոնդում հատման գծով բնափայտի մթերման տարեկան նորման սահմանվում է անտառաշինական նախագծերով հաստատված երկարաժամկետ (10 տարի) հատատեղային ֆոնդի հիման վրա` անտառային տնտեսություն վարող յուրաքանչյուր կազմակերպության համար` առանձին և գործում է տվյալ տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը:

Անտառային տնտեսություն վարող յուրաքանչյուր կազմակերպության համար հատման գծով բնափայտի տարեկան նորման սահմանում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի հետ:

5. Հաշվարկային հատատեղը սահմանվում է անտառավերականգնման հատումների նպատակով` բացառությամբ հատուկ նշանակության (արգելոցներ, արգելավայրեր, ազգային պարկեր) և սոցիալական նշանակության (պատմամշակութային, գիտափորձարարական, քաղաքամերձ) անտառների, ինչպես նաև այն ծառատեսակների, որոնց հատումներն արգելված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

6. Հաշվարկային հատատեղը հաշվարկելիս որոշվում են հատման վայրը (անտառամասը), հատման ենթակա ծառերից ստացվող բնափայտի պաշարը, ծագումը (բարձրաբուն, ցածրաբուն), գլխավոր ծառատեսակի գերակայությունը ծառուտում, հատման տարիքը, հատատեղի մակերեսը և այլ տվյալներ:

7. Բնափայտի մթերման տարեկան նորման (հաշվարկային հատատեղ) սահմանելու համար հիմք են հանդիսանում՝

ա) անտառաշինական նախագծերի հիման վրա կազմված անտառների կառավարման պլանները.

բ) անտառաշինական նախագծերի բացակայության կամ ժամկետանց ճանաչվելու դեպքում՝ մասնագիտական հանձնաժողովների փաստացի ուսումնասիրությունները և եզրակացությունները.

գ) անտառների պետական հաշվառման և գույքագրման տվյալները:

8. Հաշվարկային հատատեղը բաշխվում է անտառտնտեսությունների միջև, որոնք դուրս են գրում յուրաքանչյուր հատատեղի համար առանձին անտառահատման տոմս, որի հիման վրա իրականացվում են բնափայտի մթերման աշխատանքները:

9. Բնափայտի մթերման և անտառահատման իրավունք կարող է մրցութային կարգով ձեռք բերել ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ` կնքելով համապատասխան անտառօգտագործման պայմանագիր:

10. Բնափայտի մթերման և անտառահատման իրավունքի ձեռքբերման համար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից ստեղծվում են մրցութային հանձնաժողովներ:

11. Մրցութային հանձնաժողովի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարը:

12. Մրցութային հանձնաժողովներն իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան