Համարը 
N 762-Ն
Տեսակը 
Պաշտոնական Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2015.07.22/46(1135) Հոդ.648
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
08.07.2015
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
16.07.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.08.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿ ՈՒՆԵՑՈՂ (ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ` ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻՆ ՀԱՐՈՂ) ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հուլիսի 2015 թվականի N 762-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿ ՈՒՆԵՑՈՂ (ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ` ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻՆ ՀԱՐՈՂ) ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 27-ի N 303-Ն որոշման հավելվածով հաստատված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի 99-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի աղտոտվածության բարձր մակարդակ ունեցող (մասնավորապես` հանքավայրերին հարող) տարածքներում մշտադիտարկման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հուլիսի 16

Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
հուլիսի 8-ի N 762-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿ ՈՒՆԵՑՈՂ (ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ` ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻՆ ՀԱՐՈՂ)

ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի աղտոտվածության բարձր մակարդակ ունեցող (մասնավորապես` հանքավայրերին հարող) տարածքներում մշտադիտարկման արդյունավետ գործող մեխանիզմների հետ կապված հարաբերությունները:

2. Մշտադիտարկումը (մոնիթորինգ) իրականացվում է հողերի, ջրային ռեսուրսների ջրի, մթնոլորտային օդի բաղադրության և որակական ցուցանիշների նկատմամբ՝ պետական, համայնքային և մասնավոր հողատարածքներում: Համայնքային և մասնավոր հողատարածքներում մշտադիտարկումն իրականացվում է համապատասխան տարածքի սեփականատիրոջ համաձայնությամբ:

3. Մշտադիտարկման արդյունավետ գործող մեխանիզմ է հանդիսանում շրջակա միջավայրի աղտոտվածության բարձր մակարդակ ունեցող (մասնավորապես հանքավայրերին հարող) տարածքներում մշտադիտարկման արդյունավետ կազմակերպումը (մշտադիտարկման կետերի և հետազոտման տեսակների նպատակային ընտրությունը), դրա վերաբերյալ պարբերաբար, իսկ անհրաժեշտության դեպքում՝ անմիջապես տեղեկատվության փոխանակումը:

4. Շրջակա միջավայրի աղտոտվածության բարձր մակարդակ ունեցող (մասնավորապես` հանքավայրերին հարող) տարածքներում աղտոտվածության մշտադիտարկումն ընդգրկում է`

1) օգտակար հանածոների արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների մշտադիտարկումները՝ 7-րդ կետում սահմանված հարցերի շրջանակներում.

2) մթնոլորտի աղտոտվածության, օզոնային շերտի վիճակով պայմանավորված ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվության մակարդակների դիտարկումները.

3) հողերի քիմիական և ֆոնային աղտոտվածության (պեստիցիդներով, ագրոքիմիկատներով, ծանր մետաղներով և այլն) մշտադիտարկումները.

4) ջրային ռեսուրսների ջրի քիմիական աղտոտվածության մշտադիտարկումները.

5) շրջակա միջավայրի ճառագայթային մշտադիտարկումը:

5. Շրջակա միջավայրի աղտոտվածության բարձր մակարդակ ունեցող տարածքներ (մասնավորապես` հանքավայրերին հարող) են համարվում այն տարածքները, որոնցում մշտապես կամ ժամանակավոր առկա է`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի N 22-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված` օգտակար հանածոների արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության ու առողջության ապահովման տեսանկյունից վտանգավոր իրավիճակ` կապված պոչամբարների տեխնիկական անբավարար վիճակի, պոչանքային տնտեսության օբյեկտներից արտահոսքերի և հողերի աղտոտվածություն, մակերևութային և ստորգետնյա ջրերի քիմիական կազմի վրա բացասական ազդեցության հետ.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 16-ի N 1186-Ն որոշման հավելվածով հաստատված մթնոլորտի գերնորմատիվային աղտոտվածության, կլիմայի փոփոխության և օզոնային շերտի վիճակի հետ կապված անբարենպաստ, վտանգավոր և արտակարգ իրավիճակ.

3) ըստ հողերի քիմիական աղտոտվածության աստիճանի վտանգավորության կատեգորիաների և հողում պարունակվող օրգանական և անօրգանական միացությունների վտանգավորության դասերի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1277-Ն որոշման հավելվածով սահմանված` հողերի վտանգավոր, խիստ վտանգավոր աղտոտվածություն.

4) տնտեսական գործունեության արդյունքում ջրային ռեսուրսների աղտոտում, որն ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 27-ի N 75-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված` Հայաստանի Հանրապետության մակերևութային ջրերի՝ ջրօգտագործման նպատակային նշանակության կամ որակի կարգերի փոխադարձ կապերի առաջարկվող համակարգի գնահատվում է IV կարգ (անբավարար) կամ V կարգ (վատ).

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 17-ի N 866-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված գործառույթների շրջանակում իրականացված շրջակա միջավայրի ճառագայթային մշտադիտարկումների արդյունքում արձանագրված ճառագայթային անվտանգության նորմերի խախտումներ` բնական ճառագայթման աղբյուրներից ճառագայթման ազդեցության, ինչպես նաև ռադիոակտիվ աղտոտվածության հետևանքով:

6. Շրջակա միջավայրի աղտոտվածության բարձր մակարդակի հետ կապված բնակչության անվտանգության ապահովման և բնակչության առողջության վրա ազդեցության ռիսկերի գնահատման, կանխարգելիչ միջոցառումների ձեռնարկման նպատակով սույն կարգի 4-րդ կետով սահմանված մշտադիտարկումներ իրականացնող լիազոր մարմինները մշտադիտարկումների (հանքերի փակումից հետո նաև՝ օգտակար հանածոների արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի) իրականացման արդյունքները տարեկան կտրվածքով ամփոփում են և եռամսյա ժամկետում, իսկ վտանգի հայտնաբերման (շրջակա միջավայրի աղտոտվածության բարձր մակարդակների արձանագրման) դեպքում՝ 24 ժամվա ընթացքում ներկայացվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն: Մշտադիտարկման արդյունքների մասին տեղեկատվությունը տրամադրվում է նաև համապատասխան մարզպետարանին, իսկ վտանգի հայտնաբերման դեպքում` նաև համայնքի ղեկավարին:

7. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի N 22-Ն որոշմամբ սահմանված օգտակար հանածոների արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության ու առողջության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն հաղորդվող մշտադիտարկումների տեղեկատվությունը պետք է պարտադիր ընդգրկի հետևյալը՝

1) մշտադիտարկումների իրականացման լեռնային աշխատանքների ազդեցության երկու գոտիների (լեռնահատկացման և զգալի ազդեցության գոտիներ) սահմանները.

2) արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տարածքում՝

ա. պոչամբարների տեխնիկական վիճակը,

բ. պոչանքային տնտեսության օբյեկտներից արտահոսքերի և հողերի աղտոտվածություն՝ արտահոսքի վայրից ռելիեֆի ավելի բարձր և ավելի ցածր հիպսոմետրիկ բարձրություններում.

3) մակերևութային և ստորգետնյա ջրերի քիմիական կազմի վրա ազդեցությունը:

(7-րդ կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն)

8. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության կողմից մթնոլորտի գերնորմատիվային աղտոտվածության վիճակի կանխատեսման, ազդարարման և արձագանքման նպատակով կատարված դիտարկումներն ու դրանց մասին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն իրազեկումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 16-ի N 1186-Ն որոշման հավելվածով հաստատված կարգով: Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը տեղեկացնում է նաև աղտոտման անշարժ աղբյուրներից վթարային կամ զարկային արտանետումների հետևանքով առաջացած մթնոլորտային օդի գերնորմատիվային աղտոտվածության մասին:

(8-րդ կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն)

9. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 11-ի N 67-Ն որոշման հավելվածով հաստատված տեխնիկական կանոնակարգի համաձայն` մթնոլորտի աղտոտվածության վիճակի դիտարկումների յուրաքանչյուր անշարժ և երթուղային դիտակետի տեղակայման և վերահսկման ենթակա նյութերի ցանկը (բացառությամբ երթուղային դիտակետերում վերահսկման ենթակա նյութերի ցանկի) պետք է համաձայնեցնի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունն առաջարկներ է ներկայացնում օդի պահպանության բնագավառում լիազոր մարմնին՝ ելնելով բնակչության առողջության վրա հանքավայրերին հարող տարածքներում շրջակա միջավայրի գործոնների հնարավոր և փաստացի բացասական ազդեցության տվյալներից:

(9-րդ կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն)

10. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1673-Ն որոշման համաձայն` տնտեսավարող սուբյեկտի գործունեության արդյունքում մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների ժամանակավոր նորմատիվների ընդունման վերաբերյալ տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը, վերջինիս կողմից ազդեցության գոտում ընդգրկված տարածքի բնակչության առողջության ռիսկերի գնահատում իրականացնելու համար:

(10-րդ կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն)

11. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 28-ի N 1228-Ն որոշման հավելվածի համաձայն ջրօգտագործողի գործունեության արդյունքում ավելի մեղմ ժամանակավոր համաձայնեցված արտահոսքեր (ԺՀԱ) և դրանցից սահմանային թույլատրելի արտահոսքերին (ՍԹԱ) անցնելու ժամանակացույցեր սահմանելու վերաբերյալ տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը, վերջինիս կողմից ազդեցության գոտում ընդգրկված տարածքի բնակչության առողջության ռիսկերի գնահատում իրականացնելու համար:

(11-րդ կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն)

12. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների բացասական սուր ազդեցության մասին արձանագրած փաստերի վերաբերյալ 24 ժամվա ընթացքում իրազեկում է շրջակա միջավայրի աղտոտվածության մշտադիտարկում իրականացնող լիազոր մարմիններին` համատեղ միջոցառումների իրականացման նպատակով:

(հավելվածը փոփ. 10.10.19 N 1442-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան