Համարը 
N 1758-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2002.12.04/53(228) Հոդ.1237
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
31.10.2002
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
18.11.2002
Վավերացնող մարմինը 
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվը 
20.11.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
05.12.2002
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՖՈՆԴ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

20 նոյեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հոկտեմբերի 2002 թվականի N 1758-Ն

 

«ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՖՈՆԴ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպություն։

2. Սահմանել, որ՝

ա) «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան ու նպատակն են՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով՝

Հայաստանի Հանրապետության տարածքում ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների և օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքի տեղամասերի պետական հաշվառման իրականացումը, ինչպես նաև ընդերքօգտագործման փաստաթղթերի և օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվությունների ընդունումը և տնօրինումը.

երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացման համար տրամադրված ընդերքի տեղամասերի հաշվառման մատյանի, օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռի և հանքավայրերի ու օգտակար հանածոների երևակումների պետական կադաստրի վարումը, ինչպես նաև երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների արդյունքում ստացած տեղեկությունների ընդունումը և պահպանումը.

երկրաբանական տեղեկության միասնական համակարգի ստեղծումը, վարումը և տնօրինումը, պահպանությունը և Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով երկրաբանական տեղեկության տրամադրումը.

միասնական կոորդինատային համակարգով տրամադրված ընդերքի տեղամասերի ծայրակետային կոորդինատների համադրումը ֆոնդային նյութերի հետ, ֆոնդային նյութերում փոփոխությունների կատարումը և համապատասխան առաջարկությունների ներկայացումը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն.

օգտակար հանածոների պաշարների, հանքավայրերի, երևակումների և երկրաբանական ուսումնասիրությունների պետական հաշվառման տվյալների հիման վրա ընդերքօգտագործման ֆոնդի ստեղծումը և վարումը.

հանքավայրերն ըստ մարզերի, օգտակար հանածոների տեսակների (այդ թվում՝ ստորերկրյա հանքային ջրերի) դասակարգումը՝ մարզի ներուժի հետագա աճի կամ սահմանափակումների վերաբերյալ առաջարկությունների ներկայացմամբ՝ լիազոր մարմնի ղեկավարին.

ընդերքօգտագործման իրավունքով ծանրաբեռնվածության վերաբերյալ վերլուծության իրականացումը՝ ըստ մարզերի, օգտակար հանածոների տեսակների (այդ թվում՝ ստորերկրյա հանքային ջրերի) և դրանց փոփոխությունն ըստ տարիների՝ լիազոր մարմնի ղեկավարին պաշարների հետագա օգտագործման տրամադրման վերաբերյալ առաջարկությունների ներկայացմամբ.

օգտակար հանածոների պաշարների քանակական շարժի՝ ըստ մարզերի, տարիների, օգտակար հանածոների տեսակների վերլուծումը՝ նոր օգտակար հանածոների պաշարների ուսումնասիրման կամ արդեն իսկ հաստատված պաշարների շահագործման նպատակահարմարության վերաբերյալ լիազոր մարմնի ղեկավարին առաջարկությունների ներկայացմամբ՝ կապված օգտակար հանածոների պաշարների քանակական ծավալների փոփոխության հետ.

բ) երկրաբանական ֆոնդում առկա ընդերքի մասին տեղեկության տրամադրման հետ կապված հետևյալ ծառայությունների մատուցում՝

ա) փաստաթղթերի պատճենահանում և տրամադրում,

բ) համակարգչային սկանավորում,

գ) համակարգչային տպում,

դ) հանքավայրի (տեղամասի), հանքերևակման վերաբերյալ ամփոփ (համաձայն հավելվածի) կամ մասնակի (ըստ պահանջի` հավելվածով սահմանված կետերի) տեղեկատվության տրամադրում,

ե) հանքավայրի (տեղամասի), հանքերևակման (մետաղային, ոչ մետաղային և ստորերկրյա հանքային ջրերի) պաշարների կամ կանխատեսումային ռեսուրսների առկայության և հանքային իրավունքով ծանրաբեռնվածության վերաբերյալ տեղեկատվության տրամադրում:

Մատուցվող ծառայությունների համար գանձվող վճարների առավելագույն չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը:

գ) «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվում է 924320 դրամ հաշվեկշռային արժեքով գույք:

(2-րդ կետը խմբ. 25.10.12 N 1347-Ն, փոփ., լրաց., խմբ. 23.01.20 N 52-Ն)

3. «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի իրավասությունը, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը:

(3-րդ կետը փոփ. 15.05.08 N 653-Ն, 23.01.20 N 52-Ն)

4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝

ա) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը և նրան սեփականության իրավունքով հանձնվող գույքի կազմը.

բ) սահմանված կարգով ապահովել «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. նոյեմբերի 18
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

հունվարի 23-ի N 52-Ն որոշման

 

ԱՄՓՈՓ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Ընդհանուր տեղեկություններ հանքային շրջանի մասին

2. Հանքային շրջանի երկրաբանական կառուցվածքը

3. Հանքային շրջանի հիդրոերկրաբանական պայմանները

4. Աշխատանքների մեթոդիկան և ծավալները

5. Տեղամասի երկրաբանական կառուցվածքը և հիդրոերկրաբանական պայմանները

6. Հետազոտական աշխատանքների հիմնական արդյունքները

7. Հանքավայրի որակական բնութագիրը

8. Շահագործական պաշարների հաշվարկը

9. Աղյուսակային նյութեր

10. Գծագրական նյութեր

 

(հավելվածը լրաց. 23.01.20 N 52-Ն)

(հավելվածը լրացվել է 23.01.20 N 52-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությամբ խմբագրված 31.10.02 N 1758-Ն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետի «դ» պարբերության տեքստային բովանդակությունից ելնելով:)