Համարը 
ՀՕ-152-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2020.04.01/30(1585) Հոդ.356
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
06.03.2020
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
26.03.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
11.04.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  

Օ Ր Ե Ն Ք Ը

  

Ընդունված է 2020 թվականի մարտի 6-ին

  

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

  

ԳԼՈՒԽ 1

  

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

                  

Հոդված 1.  Տիեզերական գործունեության մասին օրենքի նպատակը
       

Օրենքի նպատակն է տիեզերական գործունեության ոլորտում Հայաստանի Հանրապետության տնտեսության, գիտության, տեխնոլոգիական զարգացումը, անվտանգության ամրապնդումը, Հայաստանի Հանրապետության միջազգային համագործակցության ընդլայնումը:

 

 Հոդված 2. Օրենքի կարգավորման առարկան

   

1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում տիեզերական գործունեության կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:

   

Հոդված 3. Տիեզերական գործունեության բնագավառում հարաբերությունների իրավական կարգավորումը

    

1. Տիեզերական գործունեության բնագավառում հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և այլ նորմատիվ իրավական ակտերով:

   

Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) տիեզերական գործունեություն՝ տիեզերական օբյեկտների և (կամ) տեխնիկայի արտադրություն, վերանորոգում, արդիականացում, օտարում, տիեզերական տեխնիկայի օգտագործմամբ հետազոտությունների և (կամ) փորձարկումների իրականացում, երկրի հեռակա դիտարկման արբանյակային տվյալների ընդունում և մշակում, տիեզերական օբյեկտների արձակում, վայրէջքի և թռիչքի ընթացքում դրանց կառավարում, տիեզերական ենթակառուցվածքների ստեղծում և շահագործում.

2) տիեզերական օբյեկտ՝ տիեզերական տարածությունում գտնվող կամ տիեզերական տարածություն արձակվող յուրաքանչյուր սարքավորում և դրա բաղկացուցիչ մասերը.

3) տիեզերական տեխնիկա՝ տիեզերական օբյեկտները տիեզերական տարածություն արձակող սարքավորումներ և դրանց բաղկացուցիչ մասերը, տիեզերական տարածությունում տիեզերական օբյեկտների կառավարման համար նախատեսված սարքավորումներ և դրանց բաղկացուցիչ մասերը.

4) շահագործող՝ տիեզերական գործունեություն իրականացնող իրավաբանական անձ.

5) տիեզերական ենթակառուցվածք՝ փոխկապակցված կառույցներ, շինություններ և (կամ) օբյեկտներ, որոնք օգտագործվում են բացառապես տիեզերական գործունեության ապահովման նպատակով.

6) երկրի հեռակա դիտարկման արբանյակային տվյալներ` տիեզերական տարածությունում գտնվող տիեզերական օբյեկտից ստացված օդերևութաբանական, հեռակա զննման, քարտեզագրման, գյուղատնտեսական տվյալներ: Երկրի հեռակա դիտարկման արբանյակային տվյալները չեն ներառում կապի, հեռահաղորդակցային և ռադիոնավիգացիոն տվյալներ.

7) տիեզերական տարածություն՝ ծովի մակարդակից 100 կիլոմետրից բարձր տարածություն:

   

Հոդված 5. Տիեզերական գործունեության սկզբունքները

   

1. Տիեզերական գործունեության իրականացման սկզբունքներն են՝

1) տիեզերական գիտության ձեռքբերումների և տեխնիկայի օգտագործման միջոցով միջազգային անվտանգության և խաղաղության պահպանման աջակցումը.

2) տիեզերական գործունեության անվտանգության և շրջակա միջավայրի պահպանման ապահովումը.

3) տիեզերական գործունեության բնագավառում Հայաստանի Հանրապետության համար հավասար և փոխշահավետ համագործակցության ապահովումը.

4) տիեզերական գործունեության ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային պատասխանատվության ապահովումը.

5) գիտական, սոցիալ-տնտեսական նպատակներով կիրառվող տիեզերական տեխնիկայի ռացիոնալ համադրության և հավասարակշռված զարգացման ապահովումը:

    

ԳԼՈՒԽ 2

   

 ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

   

Հոդված 6. Տիեզերական գործունեության բնագավառում Կառավարության լիազորությունները

     

1. Տիեզերական գործունեության բնագավառում Կառավարության լիազորություններն են՝

1) հաստատում է տիեզերական գործունեության բնագավառի զարգացման և ֆինանսավորման ծրագրերը.

2) հաստատում է տիեզերական տեխնիկայի և օբյեկտների օգտագործման (շահագործման), մշակման, ստեղծման, փորձարկման կարգերը.

3) սահմանում է տիեզերական տեխնիկայի և օբյեկտների գրանցման կարգը.

4) սահմանում է տիեզերական գործունեության լիցենզավորման կարգը և պայմանները.

5) սահմանում է շահագործումից հանված՝ պետական սեփականություն հանդիսացող տիեզերական տեխնիկայի և օբյեկտների օգտագործման կարգը.

6) սահմանում է տիեզերական գործունեության իրականացման ընթացքում արձանագրված պատահարների (ներառյալ՝ վթարների) և աղետների քննության կարգը.

7) սահմանում է տիեզերական օբյեկտները և (կամ) տեխնիկան շահագործողի կողմից այլ շահագործողի օտարման՝ լիազոր մարմնի հետ համաձայնեցման կարգը:

        

Հոդված 7. Տիեզերական գործունեության հարցերով լիազոր մարմինը

     

1. Տիեզերական գործունեության պետական կառավարումն իրականացնում է Կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ՝ լիազոր մարմին): Լիազոր մարմինը՝

1) տիեզերական գործունեության բնագավառում՝

ա. մշակում և իրականացնում է պետական քաղաքականությունը,

բ. իրականացնում է տիեզերական ոլորտի գործունեության լիցենզավորումը,

գ. տիեզերական օբյեկտները և տեխնիկան շահագործողի կողմից այլ շահագործողի օտարման դեպքում տալիս է համաձայնություն,

դ. ապահովում է շահագրգիռ մարմինների և կազմակերպությունների համագործակցությունը,

ե. ապահովում է գիտական և սոցիալ-տնտեսական նշանակության տիեզերական տեխնիկայի ստեղծման աշխատանքները, ինչպես նաև շահագրգիռ մարմինների հետ համատեղ տիեզերական ծրագրերի, տիեզերական գործունեության բնագավառում Հայաստանի Հանրապետությունում գործող այլ մարմինների կողմից տիեզերական տեխնիկայի ստեղծման աշխատանքները,

զ. ապահովում է միջազգային համագործակցության իրականացումը,

է. ապահովում է շրջակա միջավայրի վրա տիեզերական գործունեության վնասակար ներգործության նվազեցման աշխատանքների և միջոցառումների իրականացումը.

2) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

     

Հոդված 8. Տիեզերական գործունեության լիցենզավորումը

      

1. Տիեզերական գործունեությունը իրականացվում է լիցենզիայի հիման վրա:

    

ԳԼՈՒԽ 3

    

 ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

    

Հոդված 9. Տիեզերական գործունեության ֆինանսավորումը

    

1. Հայաստանի Հանրապետությունում տիեզերական գործունեության ֆինանսավորումն իրականցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:

  

ԳԼՈՒԽ 4

   

 ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ԵՎ ՏԵԽՆԻԿԱՆ, ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ

   

Հոդված 10. Տիեզերական օբյեկտները և տեխնիկան

     

1. Տիեզերական օբյեկտները և տեխնիկան ենթակա են պարտադիր գրանցման և պետք է պարունակեն Հայաստանի Հանրապետությանը պատկանելիությունը հաստատող նշումը:

2. Հայաստանի Հանրապետությունում գրանցված տիեզերական օբյեկտների նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվում է վերահսկողություն՝ երկրի վրա այդ օբյեկտների գտնվելու ընթացքում, դեպի տիեզերք թռիչքի ցանկացած փուլում կամ տիեզերքում գտնվելու ընթացքում, երկնային մարմինների վրա դրանց գտնվելու ընթացքում, ինչպես նաև դեպի երկիր վերադառնալու ընթացքում և դրանից հետո:

     

Հոդված 11. Տիեզերական ենթակառուցվածքները

    

1. Հայաստանի Հանրապետության տիեզերական ենթակառուցվածքներն են՝

1) տիեզերանավակայանները.

2) մեկնարկային համալիրները և արձակման կայանները.

3) կառավարման և չափումների համալիրները.

4) տիեզերական օբյեկտների թռիչքների կառավարման կենտրոնները և կետերը.

5) տեղեկատվության ընդունման, պահպանման և մշակման կետերը.

6) տիեզերական տեխնիկայի պահպանման բազաները.

7) տիեզերական օբյեկտների մասնատվող թափոնների անկման վայրերը.

8) տիեզերական օբյեկտների վայրէջքի համար նախատեսված տարածքները (պոլիգոնները) և թռիչքային-վայրէջքային գծերը.

9) տիեզերական տեխնիկայի մշակման համար փորձարարական բազայի օբյեկտները.

10) տիեզերագնացների նախապատրաստման կենտրոնները և սարքավորումները.

11) տիեզերական գործունեության համար օգտագործվող այլ կառուցվածքներ և տեխնիկա:

  

ԳԼՈՒԽ 5

   

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

   

Հոդված 12. Տիեզերական գործունեության անվտանգության ապահովումը

     

1. Տիեզերական գործունեությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված անվտանգության պահանջների պահպանմամբ:

2. Տիեզերական գործունեությունը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության՝ շրջակա միջավայրի պաշտպանությանն առնչվող օրենսդրությանը համապատասխան:

3. Տիեզերական տեխնիկայի և օբյեկտների շահագործողները տիեզերական գործունեության իրականացման ընթացքում ի հայտ եկած վտանգների մասին տեղեկատվությունն անհապաղ պետք է ներկայացնեն լիազոր, ինչպես նաև անվտանգության, պաշտպանության և արտակարգ իրավիճակների բնագավառների լիազոր մարմիններ:

4. Բնակչությանը և շրջակա միջավայրին սպառնացող վտանգի առաջացման դեպքում լիազոր մարմինը, շահագործողներն անհապաղ տեղեկացնում են այդ մասին պետական կառավարման համակարգի համապատասխան մարմիններին:

     

Հոդված 13. Տիեզերական գործունեության իրականացման ընթացքում արձանագրված պատահարների քննությունը

      

1. Տիեզերական գործունեության իրականացման ընթացքում արձանագրված պատահարները (ներառյալ՝ վթարները) և աղետները ենթակա են քննության Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և միջազգային պայմանագրերին համապատասխան:

    

Հոդված 14. Որոնման և փրկարարական աշխատանքները, պատահարների հետևանքների վերացումը

      

1. Հայաստանի Հանրապետության տարածքում տիեզերական գործունեության իրականացման ընթացքում որոնման և փրկարարական աշխատանքները, ինչպես նաև պատահարների հետևանքների վերացումը կատարում է ՀՀ օրենսդրությամբ նման լիազորություն ունեցող շահագրգիռ մարմինների լիազոր մարմինը:

2. Տիեզերական գործունեության իրականացման ընթացքում պատահարների հետևանքների վերացման աշխատանքները ներառում են պատահարներից տուժած արդյունաբերական և այլ օբյեկտների վերականգնումն ու վերակառուցումը, անհրաժեշտ բնապահպանական միջոցառումները, տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց կրած վնասի հատուցումը:

3. Օտարերկրյա պետության տարածքում տիեզերական գործունեության իրականացման ընթացքում որոնման և փրկարարական աշխատանքները, ինչպես նաև պատահարների հետևանքների վերացումը կատարվում են փոխադարձության սկզբունքի հիման վրա:

    

Հոդված 15. Տիեզերական գործունեության ապահովագրությունը

    

1. Շահագործողները, որոնք օգտագործում են (շահագործում են) տիեզերական տեխնիկա, կամ որոնց պատվերով ստեղծվում և օգտագործվում է (շահագործվում է) տիեզերական տեխնիկա, պարտավոր են ապահովագրել տիեզերագնացների, տիեզերական ենթակառուցվածքների, տիեզերական օբյեկտների աշխատակիցների կյանքին, առողջությանը կամ այլ անձանց կյանքին, առողջությանը ու գույքին պատճառած վնասի համար պատասխանատվության ռիսկը:

      

Հոդված 16.

Տիեզերական օբյեկտների և տիեզերական տեխնիկայի օտարումը

     

1. Տիեզերական օբյեկտների և (կամ) տեխնիկայի օտարումը շահագործողի կողմից այլ շահագործողի իրականացվում է լիազոր մարմնի համաձայնությամբ:

   

ԳԼՈՒԽ 6

   

ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ

   

Հոդված 17. Վնասների հատուցումը

 

1. Շահագործողները փոխհատուցում են տիեզերական օբյեկտների կողմից երկրի վրա գտնվող գույքին պատճառած ցանկացած վնաս:

2. Տիեզերական գործունեության արդյունքում հասցված վնասը հատուցվում է օրենքով սահմանված կարգով:

   

ԳԼՈՒԽ 7

  

 ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

        

Հոդված 18. Պետական վերահսկողությունը տիեզերական գործունեության բնագավառում

   

1. Տիեզերական գործունեության բնագավառում պետական վերահսկողությունն իրականացնում է Կառավարության լիազորած՝ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

  

ԳԼՈՒԽ 8

    

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹ

    

Հոդված 19.  Եզրափակիչ մաս և անցումային դրույթ

     

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված կարգերը Կառավարության հաստատմանն են ներկայացվում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:

         

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

  

2020թ. մարտի 26

Երևան

ՀՕ-152-Ն